Ավետիք Չալաբյան

Հանրային գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ։ Նախկինում աշխատել է ՀՀ Տնտեսական զարգացման նախարարությունում` որպես ԱՀԿ հարցերով վարչության պետ:

«Հայաքվե»-ին միացել են 38500 ՀՀ քաղաքացիներ. Ավետիք Չալաբյան |news.am|

«Հայաքվե»-ին միացել են 38500 ՀՀ քաղաքացիներ. Ավետիք Չալաբյան |news.am|

news.am: Անցած երեկոյի տվյալներով  «Հայաքվե»-ին միացել են 38500 ՀՀ քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: «Նախորդ շաբաթ 25 հազար էր արդյունքը, մեկ շաբաթվա ընթացաքում միացել է 13 500 քաղաքացիներ, որոնցից 19870-ը Երեւանում, 18010 ՀՀմարզերքում եւ 620 քաղաքացի միացել է էլեկտրոնային ստորագրահավաքով»,- ասաց նա՝ նշելով, որ բոլոր ուղղություններով թվերն աճում են: Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը մեկնարկել է արդեն 3 շաբաթ, այն նպատակ ունի օրենսդրական նախաձեռնություն մտցնել ԱԺ, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նրանց համար, ովքեր Արցախը կճանաչեն որևէ այլ պետության կազմում: Առաջին փուլով անհրաժեշտ է 50 հազար ստորագրություն, այն ԱԺ-ում մերժելու դեպքում 300 հազար ստորագրություն: Ստորագրահավաքը կավարտվի օգոստոսի 19-ին։
11:52 - 22 հուլիսի, 2023
5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքել է 14800 ստորագրություն. ՀայաՔվե»-ն ամփոփում է  առաջին շաբաթվա արդյունքները |news.am|

5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքել է 14800 ստորագրություն. ՀայաՔվե»-ն ամփոփում է առաջին շաբաթվա արդյունքները |news.am|

news.am: «ՀայաՔվե»-ն որեւէ կերպ  չի կարող բերել պատերազմի, ընդհակառակը՝ «ՀայաՔվե»-ն  արժանապատիվ պայմաններով խաղաղություն է հաստատելու: Այս մասին այսօր՝ հուլիսի8-ին տեղի ունեցած ասուլիսին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը : «Երբ որ դու գծում ես քո կարմիր գծերը, երբ որ դու ցույց ես տալիս քո ժողովրդի վճականությունը՝ պայքարել սեփական հիմնարար իրավունքների համար, սեփական հայրենիքի, սեփական  Սահմանադրության, սեփական հողի եւ ջրի, դա թշնամուն ցույց է տալիս, որ այս ժողովրդի հետ պետք չի գլուխ դնել, պետք չի գնալ պատերազմի, որովհետեւ արդյունքի չեն հասնի: Մենք այսօր ուղերձ ենք հղում Ալիեւին, նրա տիրոջը, որ Անկարայում է նստած, եւ նրանց կամակատարներին,որ նստած են Երեւանում, մենք այս գործընթացը սկսել ենք նրա համար, որ թույլ չտանք ձեզ պատերազմ հրահրել, դուք չեք կարող մեր վրա պատերազմով գալ, որովհետեւ դուք հասկանալու եք, որ այս պատերազմում հաղթելու շանս չեք ունենալու, ձեր դեմ այլեւս Փաշինյանը չի լինելու, այլ լինելու է հայ ժողովուրդը, որին դուք այլեւս չեք հաղթելու»,-ասաց նա: Անդրադառնալով ստորագրահավաքի առաջին շաբաթվա արդյունքներին՝ Չալաբյանն ասաց, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքել է 14800 ստորագրություն, որից 10 հազարը հավաքվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500 ստորագրություն հավաքվել է մարզերում, եւ 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային ստորագրության միջոցով: «Սա առաջին շաբաթվա տվյալներն է, մենք դեռ 6 շաբաթ ունենք, եթե այս տեմպով շարունակենք, մենք կարող ենք կրկնակին հավաքել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր  քաղաքացիներին եւ նորից ընդգծում ենք, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է եւ ստորագրելով որեւէ կուսակցության չեք ստորագրում, քանի որ սա կուսակցությունների հետ կապ չունի»,- ընդգծեց Չալաբյանը՝ նշելով, որ իրենց խնդիրն է հավաքել 50 հազար ստորագրություն:
12:14 - 08 հուլիսի, 2023
«Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ ՀՀ-ն վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը. Չալաբյան

«Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ ՀՀ-ն վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը. Չալաբյան

Անցած շաբաթ մենք մեկնարկեցինք «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը, և դա անմիջապես հզոր պայթյուն առաջացրեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրլ է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: Նա նաեւ նշել է. «Մեկնաբանությունների և հարցերի հեղեղը աննախադեպ էր՝ քաղաքական, իրավական, կազմակերպչական, տեխնիկական բնույթի, մարդկանց հետաքրքրում էր տառացիորեն ամեն ինչ՝ սկսած ինչպես ենք մենք այս օրենքի նախագիծը պարտադրելու իշխող վարչակարգին, վերջացրած ինչպես հեռվից քվեարկել նույնականացման քարտով։ Որպես այս նախաձեռնության համակարգող, ես իմ պարտքն եմ համարում պարբերաբար անդրադառնալ բարձրացվող հարցերին, կենտրոնանալով առավել կարևորների վրա։ Մի քանիսին կանդրադառնամ ստորև, և այսուհետև էլ պարբերաբար նոր գրառումներ կկատարեմ՝ նախաձեռնության ծավալմանը զուգընթաց։ ա) Ինչպե՞ս է հնարավոր այս նախաձեռնությամբ ազդել իշխող վարչակարգի վրա, եթե նա հետևողական գնում է Արցախը հանձնելու ճանապարհով․ Այս վարչակարգը, որքան էլ որ ձգտում է օր առաջ հանձնել Արցախը, և դրա միջոցով վերակողմորոշել Հայաստանը Ռուսաստանից դեպի Թուրքիա, բախվում է հայ հասարակության տարբեր խավերի դիմադրությանը։ Գործող վարչակարգը ունի քաղաքական վերարտադրության խնդիր, որը պետք է լուծել կամ ընտրությունների միջոցով, կամ բռնի դիկտատուրա հաստատելու։ Երկրորդի լիարժեք ռեսուրսը այս վարչակարգը չունի, ուստի նրա համար բոլոր դեպքերում կարևոր է հասարակության գոնե մի մասի աջակցությունը։ «Հայաքվե»-ի միջոցով մոբիլիզացնելով հայաստանյան հասարակությունը, մենք անհաղթահարելի խորընդոտ ենք ստեղծում այս վարչակարգի համար՝ այն կամ ստիպված է լինելու սրբագրել Արցախի հարցում տարվող իր քաղաքականությունը, կամ բախվել ոչ հեռու ապագայում իշխանությունը կորցնելու անխուսափելի հեռանկարի հետ։ բ) Ինչպ՞ես կարող է «Հայաքվե»-ն ազդել Արցախի իրական պաշտպանության վրա, եթե Ալիևը գնում է բիրտ ուժի կիրառման ճանապարհով։ Ալիևը ամբողջ այս ընթացքում հնարավորություն ուներ պաշարել և խեղդել Արցախը, քանի որ Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվել էին Արցախի պաշտպանությունից, այնտեղ ապրող մեր համաքաղաքացիներից շատերին մղելով հուսահատության գիրկը։ «Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ Հայաստանը վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը, Արցախի մեր համաքաղաքացիները տեսնեն նոր հույս և հեռանկար, Հայաստանի դաշնակիցները վերագնահատեն Արցախի կարևորությունը, և համատեղ ուժերով կարողանան պաշտպանել Արցախը Ալիևի հրեշավոր նկրտումերից։ Իրականությունն այն է, որ Ալիևը այդքան ուժեղ չէ, որքան թվում է, նրա հաջողություններ մեծ մասը ձեռք են բերվել հայության թույլ դիմադրության պատճառով, իրական դիմադրությունը կջարդի նրա ամենազորության առասպելը։ գ) Մինչ այժմ բազմաթիվ ստորագրահավաքներ են եղել, ի՞նչ է փոխելու այս մեկը: «Հայաքվեն« ստորագրահավաք չի, այլ լայնածավալ հանրային նախաձեռնություն։ Ստորագրահավաքը նրա բաղադրիչներից մեկն է (թեև շատ կարևոր), բայց իրականում այն այսբերգի գագաթն է միայն։ «Հայաքվե»-ի շրջանակներում տեղի ունենում իրական ազգային ուժերի համախմբում՝ պարզ և հասկանալի օրակարգի շուրջ, ազգային նպատակների վերարժեվորում և ազգային արժանապատվության վերականգնում։ Մեր համաքաղաքացիները, որոնք հազարներով այս օրերին գալիս են ստորագրահավաքի, գրում են մեզ, մասնակցում քննարկումների, դա անում են ոչ թե որևէ մեկի կամ որևէ խմբի օգտին, այլ ընդհանրական գաղափարի՝ ունենալ հզոր, կենսունակ և ազգային արժեքների վրա խարսխված պետություն, հենց այդ պատճառով է այն «Հայաքվե», քանզի ազատ Արցախը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և հատուցումը այդ պետության առանցքային հենասյուններն են, և քաղաքացիները իրեն քվեով թույլ չեն տալիս գործող վարչակաչգին՝ այդ սյուները հեշտությամբ քանդել։ դ) Արդյ՞ոք սա ընդդիմության հերթական քաղաքական խաղը չի, վերափաթեթավորված նոր տեսքով։ «Հայաքվե»-ն ի սկզբանե նախաձեռնվել է որպես քաղաքացիական նախաձեռնություն, նրա նպատակը շատ ավելի խորքային է, քան պարզ քաղաքական փոխատեղումը։ Գործող ընդդիմադիր դաշտի որոշ թևեր աջակցում են նախաձեռնությանը, որոշ թևեր՝ սպասողական դիրքորոշում են որդեգրել, որոշ ընդդիմադիրն էլ քննադատում այն՝ որպես ոչ բավարար արմատական և կոշտ։ Սակայն բոլորն էլ ստիպված են ընդունել, որ «Հայաքվեն« իր տեսակի մեջ եզակի երևույթ է, երբ քաղաքացիական լայն միավորումը, որը մինչ այդ երբևիցե միասնական քաղաքական օրակարգով հանդես չի եկել, փորձում է ուղիղ ժողովրդավարության ճանապարհով ազդել երկրի ընդհանուր քաղաքական կուրսի վրա։ Այս իմաստով, «Հայաքվե»-ի հաջողությունը հսկայական հեռանկարներ կբացի մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար, կբերի քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, և ի դեմս նրա՝ քաղաքական համակարգի ներսում արդյունավետ նոր հակակշիռների ձևավորմանը։ Այսօր սկսվում է «Հայաքվե»-ի ստորագրահավաքի երկրորդ շաբաթը, և նրա արդյունավետությունը շատ բանով կկանխորոշի այս կարևոր նախաձեռնության հետագա ընթացքը։ Ամփոփելով խոսքս, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր այն հազարավոր համաքաղաքացիներին, որոնք անցած շաբաթվա ընթացքում իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և մասնակցությամբ հզոր մեկնարկ տվեցին «Հայաքվե»-ին, և հույս հայտնել, որ նրանց օրինակը վարակիչ կլինի, ու նրանց կհետևեն տասնյակ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ, որոնք ցանկանում են ապրել հզոր և կենսունակ հայկական պետությունում, և այսօր պատրաստ ենք իրենց քվեով հստակ ուղերձ տալ դրա մասին։ Աստված զորավիգ մեր հայրենիքին, և նրա համար պայքարող տեսակին»։
12:16 - 03 հուլիսի, 2023
«Համախմբում» շարժման հայտարարությունը՝ ի աջակցություն Արցախի ԱԺ հայտարարության

«Համախմբում» շարժման հայտարարությունը՝ ի աջակցություն Արցախի ԱԺ հայտարարության

«Համախմբում» շարժումը հայտարարություն է տարածել ի աջակցություն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի  հայտարարության։ «Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային Ժողովը, բոլոր խմբակցությունների միաձայն որոշմամբ Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակի վերաբերյալ ընդունել է կարևորագույն հայտարարություն, որով, ի թիվս այլոց, պահանջել է ՀՀ իշխանություններից բոլոր միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների շահերը պաշտպանելու դիրքերից և կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը՝ նպաստելով Արցախի միջազգային ճանաչման գործին։  Արձագանքելով այս կոչին՝ «Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարում է․  Արցախի ժողովրդի ինքնորոշումը բխում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերից և որևէ կերպ վիճարկման ենթակա չէ։ Հայ ժողովուրդը մշտապես տեր է կանգնել  արցախաբնակ իր հատվածի արդարացի պայքարին, և շարունակելու է դա անել՝ անկախ հնարավոր դժվարություններից և վտանգներից։ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները նպատակ ունեն Արցախի ժողովրդի հայրենազրկմանն ու ցեղասպանությանը և պետք է համարժեք հակազդեցություն ստանան հայ ժողովրդի բոլոր հատվածների կողմից, այլապես նույն ճակատագիրը կսպառնա նաև Հայաստանի Հանրապետությանը։  Ցանկացած իշխանություն, առաջնորդվելով համազգային շահերով, պարտավոր է հետևողականորեն առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ստեղծված պայմաններում իրականացնել համազգային մոբիլիզացիա՝ պաշտպանելու Արցախի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ուստի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը՝ ցանկացած պատրվակով, հանդիսանում է հավաքական ազգային շահերի դավաճանություն և հանգեցնելու է տվյալ իշխանությունների հեռացմանը։   «Համախմբում» շարժման խորհուրդը կոչ է անում իր բոլոր համախոհներին, մեր երկրի անվտանգությամբ և ապագայով շահագրգիռ բոլոր քաղաքացիներին ոտքի կանգնել և տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ «Համախմբում» շարժման խորհուրդ Ավետիք Չալաբյան Մենուա Սողոմոնյան Կարին Տոնոյան Էդգար Ղազարյան Տիրան Խաչատրյան Աննա Կոստանյան Արսեն Գրիգորյան Գևորգ Գևորգյան Արամ Պետրոսյան Վարդան Սրտաշյան Արմեն Հայրապետյան»։
09:44 - 31 հոկտեմբերի, 2022
Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավով ազատ կարձակվի |hetq.am|

Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավով ազատ կարձակվի |hetq.am|

hetq.am: Շուրջ մեկ ամիս կալանքի տակ գտնվելուց հետո «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը կրկին ազատ կարձակվի: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, որոշեց բեկանել Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը,  որը կայացրել էր դատավոր ՄՆացական Մարտիրոսյանը: Չալաբյանը 15 մլն դրամով ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ Չալաբյանի գործը դատարան, ըստ էության, քննության  է ուղարկվել 2022 թվականի հուլիսի 7-ին: Նախնական դատալսումների փուլում դատարանը քննարկել է Չալաբյանի խափանման միջոցի հարցը, և չնայած այն հանգամանքին, որ հանրային մեղադրողը Չալաբյանի նկատմամբ գրավի կիրառումը համարել է թույլատրելի, դատավորը որոշել է նրան երեք ամիս ժամկետով կալանավորել: Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
19:14 - 31 օգոստոսի, 2022
Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ

Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջնորդների հարցումները շարունակվում են: Այս մասին հաղորդում է Չալաբյանի պաշտպանական խումբը։ «Պաշտպանական խումբը հանդիպումներ է ունեցել միջազային համագործակցությամբ Հայաստանում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ Չալաբյանի կինն ու պաշտպանները հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն, որտեղ ներկայացրել են Չալաբյանի գործով իրավիճակն ու ապօրինությունների ցանկը: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանը և նրա կինը` Անահիտ Ադամյանը ԱՄՆ պետդեպի «Էդմունդ Մասքի» կրթական ծրագրի շրջանավարտներ են, Չալաբյանը կառավարման մագիստրոսի կոչում ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում»,- ասվում է Չալաբյանի պաշտպանական խմբի հայտարարությունում: 
10:58 - 31 օգոստոսի, 2022
Դատախազությունը չի բողոքարկել Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշումը
 |hetq.am|

Դատախազությունը չի բողոքարկել Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշումը |hetq.am|

hetq.am: Դատախազությունը չի բողոքարկելու «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը: Այս մասին հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել օգոստոսի 3-ին: Չալաբյանը մինչ այդ մեկ շաբաթ ազատության մեջ է գտնվել, քանի որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը լրացել է, և դատավոր Մարտիրոսյանը նախնական դատալսումների ընթացքում չի հասցրել քննարկման առարկա դարձնել խափանման միջոցի հարցը: Օգոստոսի 3-ին նշանակված դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը միջնորդել է մեկ շաբաթ ազատության մեջ գտնվող Չալաբյանի նկատմամբ գրավ կիրառել, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է նրան երեք ամիս ժամկետով կալանավորել: «Դատախազության մասին» օրենքով՝ գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել այն դատական ակտը, որն, իր կարծիքով՝ հիմնավոր չէ կամ անօրինական է: Նկատենք՝ խոսքը ցանկացած դատական ակտի մասին է: Տվյալ դեպքում, փաստացի, դատախազը համարել է, որ գրավը բավարար միջոց է՝ ազատության մեջ Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, սակայն դատավորը նրա նկատմամբ առավել խիստ խափանման միջոց է ընտրել, որի հետևանքով անձը կալանավորվել է: Ենթադրվում էր, որ դատախազը պետք է համաձայն չլիներ այդ դատական ակտի հետ և բողոքարկել այն, ինչը, փաստորեն չի արվել: Չալաբյանին կալանավորելու որոշման դեմ բողոք ներկայացրել են միայն վերջինիս պաշտպանները: Այս գործը քննությանը Դատախազությունը պարտավոր է ներկայանալ և դիրքորոշում հայտնել: Չի բացառվում, որ դատախազը Վերաքննիչ դատարանում ևս պնդի, որ Չալաբյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է համարում, բայց փաստ է, որ նախաձեռնողականություն չի ցուցաբերել, որպեսզի կալանավորված անձն, ում նկատմամբ գրավի կիրառումն ինքը թույլատրելի է համարում, հայտնվի ազատության մեջ: Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ: 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին: Չալաբյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Չալաբյանի նկատմամբ հետապնդում է հարուցվել, քանի որ նա քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցում:
13:00 - 23 օգոստոսի, 2022
Սա պայքար է հայ մնալու համար. Ավետիք Չալաբյան

Սա պայքար է հայ մնալու համար. Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպել է Ավետիք Չալաբյանին, ով իր ընկերներին ու համախոհներին հայտարարություն է փոխանցել.  Սա պայքար է հայ մնալու համար «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր հետևողական աջակցության համար։ Մեր պայքարն արդար է։ Ոչ մի զրկանք չի կարող կոտրել մեր ոգին և շեղել մեզ մեր պետականությունը պահպանելու և մեր երկիրն ուժեղ դարձնելու ուղուց ի հեճուկս այս իշխանությունների, որոնց քաղաքական ուղեգիծը հետևողականորեն տանում է մեր պետականության վերացմանը։ Ուստի մեր բոլորի համախմբումը և բոլոր օրինական միջոցներով միասնական պայքարն անհրաժեշտություն է։  Ինձ կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսևորում է։ Գործող իշխանությունների կողմից իմ և շարժման բազմաթիվ այլ համախոհների նկատմամբ հետապնդումներն ապացույցն են այն բանի, որ իշխանությունը հոգևարքի մեջ է։  Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված 6 սկզբունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ գործող իշխանությունը գնում է հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանության ճանապարհով՝ հանուն սեփական նյութական շահի: Մեր հանրությանն անընդհատ խաբում են՝ հավատացնելով, որ մենք թույլ ենք, տկար ենք, չենք կարող դիմակայել մեր առաջ ծառացած անվտանգային մարտահրավերներին և պետք է գնանք զիջումների․․․ Մենք կտրականապես մերժում ենք այս ուղեգիծը․ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ միասնության շնորհիվ ամենադժվար իրավիճակներն անգամ հաղթահարելի են։  Սիրելի՛ ընկերներ, պետք չէ վախենալ հանուն մեր և մեր սերունդների արժանապատիվ ապագայի զրկանքներ կրելուց։ Սա պայքար չէ իշխանության կամ աթոռի համար, սա պայքար է հայ մնալու համար։ Ուստի կոչ եմ անում դուրս գալ փողոց և արտահայտել ձեր կամքն ու ընդվզումը։ Ձեր՝ Ավետիք Չալաբյան Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ,  հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»:
14:11 - 21 մայիսի, 2022
Միասնական ջանքերով մենք կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը․ Չալաբյան

Միասնական ջանքերով մենք կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը․ Չալաբյան

«5165 շարժման» անդամ, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կոչ է հղել կալանավայրից. «Սիրելի´ բարեկամներ, շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից: Այս օրերի ընթացքում իմ կողքին են գտնվել մարդիկ` ընտանիքիս անդամները, փաստաբաններս, իմ համախոհներն ու ընկերները, որոնք ըստ ամենայնի աջակցել են ինձ և դրանով օգնել` տանել ինձ բաժին հասած փորձությունը: Շնորհակալ եմ ձեզ բոլորին, ջերմորեն ողջունում եմ և համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք այս փորձությունը, այլ նաև կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ»: Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ-ի, քաղաքական ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
12:51 - 16 մայիսի, 2022
Ավետիք Չալաբյանը արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներ է արել

Ավետիք Չալաբյանը արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներ է արել

Հուլիսի 10-ին «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հանդես է եկել արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներով։ Չալաբյանը, նշելով, որ նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկարձգելու անհրաժեշտության մասին, հիշեցրել է ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն՝ «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին»։ Չալաբյանը գրել է, թե օրենքի այս մասը ենթադրում է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում․ «Ես վարչապետ Փաշինյանին առաջարկում եմ բոլորիս բացատրել, թե այսօր սահամանդրական կարգին ինչպիսի անմիջական վտանգ է սպառնում։ Եթե խոսքը համավարակի մասին է, ապա այն որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի»։ Գրառման հեղինակը ճիշտ է, Սահմանադրության 120-րդ հոդվածն այդպիսի սահմանում տալիս է, սակայն նա չի նշել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը հստակեցնում է, թե որ դեպքում է հայտարարվում արտակարգ դրություն։ Ըստ նշյալ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի՝ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն ՀՀ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, արտակարգ իրավիճակները»: Իսկ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պահպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում էլ նշված է, որ արտակարգ իրավիճակ է համարվում որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։ Կորոնվիրուսի պատճառով առաջացած իրավիճակն, ըստ էության, արտակարգ է․ աշխարհում հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիա՝ համավարակ, որը վտանգավորության եւ տարածվածության ավելի բարձր աստիճան ունի, քան համաճարակը։ Եւ դեռեւս հունվարի 31-ին, երբ աշխարհում վարակվածների թիվը տասը հազար էր, իսկ մահերը 213-ն էին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ էր հայտարարել։ Ինչ վերաբերում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգին, ապա, ինչպես պնդում են մի շարք իրավաբաններ, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմադիր Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար, իրավաբան Էդմոն Մարուքյանը, համաճարակը եւս կարող է սպառնալ սահմանադրական կարգին, քանի որ սահմանադրական կարգ են համարվում Սահմանադրության առաջին գլխում ամրագրված արժեքները։ ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածով սահմանվում են մարդու իրավունքները, նրա արժանապատվությունն ու ազատությունները, իսկ համավարակը սպառնում է երկրի բնակչությանն ու քաղաքացիներին, նրանց առողջությանն ու անվտանգությանը, սոցիալական կյանքին։ Ըստ Մարուքյանի՝ սա նշանակում է, որ համաճարակը սպառնում է նաեւ երկրի սահմանադրական կարգին։ Անդրադառնալով Չալաբյանի պնդմանը, թե համավարակը որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե՛ նրա տարածման դեմ պայքարի, թե՛ բուժման միջոցները, նշենք, որ համավարակի տարածման դեմ պայքարի միջոց է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, մեկուսակցումը, ինքնամեկուսացումը, տնտեսվարող որոշ սուբյեկտների գործունեության դադարեցումը, որոշակի միջոցառումների, հավաքների արգելումը կամ սահմանափակումը, եւ այլն։ Իսկ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին միտված այս գործողությունները առավել դժվար կլինի իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմի, քանի որ կարիք կլինի պարտադիր դիմակ դնելու, կամ այլ պահանջների համար առանձին օրենսդրական կամ իրավական ակտեր մշակել։  Բացի այս, Հայաստանում վարակակիրների թիվը ամեն օր հասնում է մի քանի հարյուրի, ինչը նշանակում է, որ դեռեւս չի վերացել բնակչությանը սպառնացող վտանգը։  Այսօր էլ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարաձգելու հարցը, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացած չեն: Ավինյանի խոսքով՝ ըստ նախնական հաշվարկների` գնահատվում է, որ, չնայած նվազմանը, այնուամենայնիվ սեպտեմբերի սկզբին վարակման դեպքերի թիվը օրական մոտ 140 կլինի։  Չալաբյանն իր գրառման մեջ նշել է նաեւ, թե արտակարգ դրությունը այս չորս շաբաթների ընթացքում կառավարությունն օգտագործել է մի շարք խիստ վիճահարույց գործողությունների համար՝ ընդունվել է «Գույքահարկի մասին» օրենքի փոփոխությունները, որով մոտ 4 անգամ կաճի գույքահարկը, անձեռնամխելիությունից զրկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ն հապճեպ եւ Սահմանադրության պահանջների խախտմամբ փոփոխություններ է ընդունել Սահմանադրության 213 հոդվածում, կառավարությունը հաստատել է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագիծը, եւ այլն։ Գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագիծն իսկապես խնդրահարույց է եղել, դրա ընդունումից հետո տարաբնույթ քննարկումներ են եղել, հնչել են սուր քննադատություններ, սակայն ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությանը, ապա սա խնդրահարույց է եղել կոնկրետ շրջանակների համար․ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու եւ նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ փաստական ապացույցներ են եղել, որոնք Ազգային ժողովում մանրամասն ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ զեկուցելով համապատասխան միջնորդությունը։ Իսկ ահա ինչ վերաբերում է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, հարկ է նշել, որ շահարկվեց այն կոնտեքստում, թե նախատեսվում է բուժաշխատողների իրավական կարգավիճակը վատթարացնող կարգավորում։ Նշենք, որ որոշ ժամանակ առաջ խորհրդարանն ընդունեց կարգավորում, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ բուժհիմարկների ղեկավարումը կոորդինացնում է լիազոր մարմինը՝ ԱՆ-ն, հիմա այս նույն կարգավորումն առաջարկվում է նաեւ համաճարակի հիմքով արտակարգ իրավիճակների դեպքում։ Խորհրդարանական իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի պնդմամբ՝ նախագիծն իսկապես հրատապ է, քանի որ համավարակային այս իրավիճակը թելադրում է րոպե առաջ ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որը չի լինի ապակենտրոնացված, չի լինի ինքնուրույն որոշումներ կայացնող՝ հատկապես համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ, այլ ունենա ընդհանուր ցուցումներով առաջնորդվող կառավարում։ Այս կարգավորումը, պատգամավորի համոզմամբ, ավելի կհեշտացնի կառավարումը, որովհետեւ առողջապահության ոլորտի համար պատասխանատու լիազոր մարմինը պետք է ունենա գործիքակազմ՝ կենտրոնացնելու եւ համախմբելու բոլոր բուժհաստատությունների, երկրում եղած առողջապահական ներուժը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Քննադատության հիմնական կետն այն է, որ նախագծով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված, բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին, հակառակ դեպքում՝ սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրից հինգ հարյուրապատիկի չափով։  Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ նման կարգավորման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ վերջերս փոփոխություն են արել նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում», եւ այս նորմը արդեն ներմուծված է այդ օրենքում։ Եւ մի քանի ամիս առաջ, երբ առողջապահական համակարգը մոբիլիզացվում էր կորոնավիրուսի դեմ պայքարին, անհրաժեշտություն եղավ համալրել բուժաշխատողների կազմը, այլ մասնագիտացում ունեցող բուժաշխատողների, ինչպես նաեւ ավարտական կուրսերի օրդինատորների համար նախատեսվեց դրույթ, որ նրանք նույնպես ներգրավվեն կորոնավիրուսի դեմ այդ աշխատանքներին, բայց մինչեւ բուժհիմնարկների ներգրավումը՝ նրանք պետք է որոշակի վերապատրաստում անցած լինեն։ Այս փոփոխությունը, պատգամավորի խոսքով, արդեն կա մեր օրենսդրության մեջ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում, բայց սինխրոնիզացված չէր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հետ։  Ըստ այդմ՝ քննարկվելիք նախագծի նպատակն ամենեւեին էլ բուժաշխատողներին պատասխանատվության ենթարկելու համար չէ։ Այսպիսով, Չալաբյանի պնդումները, թե համավարակը որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, եւ նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի, իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ հայտարարությունը, թե կառավարությունն արտակարգ դրության ռեժիմն օգտագործում է՝ վիճահարույց նախագծեր ընդունելու համար, առնվազն խնդրահարույց է։ Հայարփի Բաղդասարյան
21:45 - 13 հուլիսի, 2020