Բակո Սահակյան

Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության նախկին նախագահն է։ 1997-1999 թվականներին եղել է Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։ Արդեն 1999-2001 թվականներին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար։ 2001-2007 թթ եղել է Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարարի պաշտոնում։ 

Փաշինյանի գրառումները չեն համապատասխանում իրականությանը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությունը

Փաշինյանի գրառումները չեն համապատասխանում իրականությանը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությունը

Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին, որոնք վերաբերում էին պատերազմի օրերին իրենց հետ հանդիպումներին և քննարկված թեմաներին։ «Թանկագին հայրենակիցներ, Սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր: Հետևելով ռազմական գործողությունների ընթացքին, ունենալով բազմաթիվ հանդիպումներ և խորհրդակցություններ պատերազմին մասկանցող ռազմական գործիչների, հրամանատարների և մարտիկների հետ՝ մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով նրան դիմել ՀՀ վարչապետին և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը: Հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը նույնպես եկավ այս եզրահանգմանը և դիմեց մեր աջակցությանն այս հարցում՝ ստանալով մեր համաձայնությունը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ապա ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ: Ստորև ներկայացնում ենք այդ նամակների տեքստերը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեծարգո Նիկոլ Վովայի, Խորհրդակցելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ և ստանալով նրանց միաձայն համաձայնությունը ս.թ. հոկտեմբերի 19-ին նամակ-կոչով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին տարածաշրջանում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված մարդասիրական աղետի պայմաններում պատերազմն անհապաղ դադարեցնելու առաջարկով: Վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու պատրաստակամությունը: Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորն է և հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը փաստացի չի մասնակցում բանակցային գործընթացին, ստանալով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների համաձայնությունը դիմում եմ Ձեզ՝ գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի հիման վրա պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթաց վերսկսելու ուղղությամբ։ Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին Ռուսաստանի Դաշնության մեծարգո նախագահ պարոն Վլադիմիր Պուտին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո նախագահ պարոն Դոնալդ Թրամփ, Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի՝ դիմում եմ Ձեզ և որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ կոչ եմ անում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը մշտապես կողմնակից է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վերահաստատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացն անհապաղ վերսկսելու մեր պատրաստակամությունը: Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին Մեծարգո Արայիկ Վլադիմիրի, Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի, սույնով աջակցություն ենք հայտնում Ձեր որպես Արցախի Հանրապետության գործող նախագահի կողմից իրականացվող ջանքերին՝ ուղղված պատերազմը դադարեցնելուն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելուն»:
13:57 - 01 դեկտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ամենայ­ն բարիք։ Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արցախի ձեռքբերումնե­րը և հաջողություննե­րն, անկասկած, կապված են նաև Ձեր անվան ու անցած ուղու, Ձեր ողջ կենսագրության հետ, որոնք ժողովրդին ու հայրենիքին հավատար­մության և նվիրումի վառ օրինակ են։ Որպես Արցախի Հանրապ­ետության նախագահ պաշտոնավարելու տարին­երին Դուք հետևողակ­ան ջանքեր եք գործադր­ել Արցախի պետականո­ւթյան ամրապնդման, անվտանգության ապահովմա­ն, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Ձեր զբաղեցրած տարբեր պետական պաշտոններ­ում, հասարակական ու ազգային գործունեության մեջ Դուք մշտապես աչքի եք ընկել հայրենիքին նվիրվածությամբ ու բարձր պատասխանատվությամբ։ Համոզված եմ, որ Ձեր հեղինակությունը, գիտ­ելիքները, աշխատանքայ­ին ու պետական-քաղա­քական ակտիվ գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փո­րձն այսուհետ ևս կշարունակեք ծառայեցնե­լ Արցախի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին»:
18:38 - 30 օգոստոսի, 2020
«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը
 |armtimes.com|

«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հանձնաժողովի հաջորդ երեք հյուրերը կարող են լինել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նալբանդյանի հրավերը դեռ նոր է ուղարկվել, Բակո Սահակյանը պատրաստակամություն հայտնել է մասնակցելու, իսկ ահա Յուրի Խաչատուրովը թեեւ մերժել է, բայց չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հորդորով մասնակցի հանձնաժողովի վերջին նիստերից մեկին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր այդ կապակցությամբ ասաց. «Ես ասել եմ, որ որեւէ անգամ էլ չեմ դիմելու, թող ինքը որոշի՝ կգա, չի գա, նույնիսկ գալը հանձնաժողովի համար այդքան էլ էական չի: էական է այն առումով, որ նա ղեկավարել է մեր Զինված ուժերը, եւ իր ղեկավարության տակ գտնվող բոլոր զինվորականները հարգել են մեր պետականությունը եւ եկել են ԱԺ: Ինչու Ազգային ժողով, որովհետեւ այն ունի առաջնային մանդատ, որովհետեւ մենք պառլամետական երկիր ենք: Եթե պարոն Խաչատուրովը հասցնի մինչեւ ամսի 4-ը դա գիտակցի, ավելի լավ առաջին հերթին իր համար: Ինչու իր համար, որովհետեւ մի շարք հարցեր, եթե ինքը չի պատասխանել, իր փոխարեն պատասխանողներ շատ են եղել: Ես ուզում եմ, որ հենց իրենից հանձնաժողովը լսի, որովհետեւ ես հարգում եմ այն անցած ուղին (մինչ 1999 հոկտեմբերի 27), ինչ նա արել է Զինված ուժերի համար, ես էլ համեստ մասնակցություն եմ ունեցել ԶՈՒ կայացման գործում»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է նաեւ՝ գլխավոր դատախազին հրավիրեն: Քոչարյանն ասաց, որ կհրավիրեին, եթե նա իրենց տեղեկատվական բազայի վրա ավելացնելու բան ունենար: Նույնը, ըստ Քոչարյանի, վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:  
19:49 - 11 մայիսի, 2020
Վարչապետ Փաշինյանն այցելել է ՊԲ զորամասեր, սահմանապահ դիրքեր

Վարչապետ Փաշինյանն այցելել է ՊԲ զորամասեր, սահմանապահ դիրքեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են պաշտպանական բանակի մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ: Այնուհետև նրանք եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ միայն մի քանի օր է, ինչ ներդրվել է սննդի նոր կարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին և ընդգծել, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ ընթացքի մեջ է: Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և հավելել, որ այդ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: * * * Հայաստանի և Արցախի ղեկավարներն այցելել են նաև գյուղատնտեսական նշանակության տարածքներ և բուսական յուղի արտադրությամբ զբաղվող ընկերություն: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգով եգիպտացորենի ցանքատարածքներն ու նռան այգիները: Պատասխանատուները վարչապետին մանրամասներ են ներկայացրել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, դրա արդյունավետության և Արցախում այդ համակարգով գործող ցանքատարածքների ու այգիների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին: ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է Արցախում ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլերը և կարևորել կառավարությունների միջև այս ուղղությամբ սերտ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների իրականացումը: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում գործող բուսական յուղի արտադրամաս` ծանոթացել վերջինիս գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ արտադրությունը կազմակերպվում է տեղական հումքից` գերմանական ժամանակակից սարքավորումներով: Արտադրանքի ողջ ծավալն իրացվում է Արցախում և Հայաստանում: Ընկերությունն ունի 70-ից ավելի աշխատակից և նախատեսում է ներդրումային նոր ծրագրերի արդյունքում առաջիկայում ընդլայնել գործունեությունը:
22:41 - 09 մայիսի, 2020
Մայիսի 9-ը, Շուշին մեզ առավել մեծ վստահություն են տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը

Մայիսի 9-ը, Շուշին մեզ առավել մեծ վստահություն են տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը

Ստեփանակերտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը: Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` Բակո Սահակյանը նշել է. «2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Դուք այցելել էիք Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայությունն այս օրը յուրովի է արժևորում եռատոնը: Մենք հերթական անգամ Ձեզ հետ միասին խոնարհվեցինք մեր մարտիրոսված հայրենակիցների շիրիմների առաջ: Այս օրը մենք օգտագործում ենք նաև մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են նվիրել, իրենց կարողությունները ներդրել մեր հայրենիքն ազատագրելու համար: Այսօր էլ մարդկանց մի մեծ բանակ շարունակում են մասնակցություն ունենալ մեր հայրենիքի շենացման և զարգացման գործում: Ավանդույթի համաձայն մենք նաև օգտագործում ենք մեր հանդիպումները` իմի բերելու նախորդ շրջանի կատարած աշխատանքների արդյունքները, պարտադիր կերպով այցելություն ենք իրականացնում նաև Զինված ուժեր: Այսօր էլ մենք Ձեզ հետ միասին կլինենք Արցախի Հանրապետության Զինված ուժերում և ավելի քան համոզված եմ, որ այս վերջին շրջանում մեր կատարած աշխատանքները, տված առաջադրանքները լրացուցիչ ապացույցը կլինեն, որ մեր հայրենիքը պաշտպանված է, մեր հայրենիքի պաշտպանները բարեխղճորեն կատարում են իրենց հայրենական պարտականությունները` դրանով իսկ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով մեր ապագային ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար: Մենք Ձեզ հետ կլինենք նաև տնտեսության մի քանի հատվածներում, որտեղ մեր համատեղ աշխատանքների շրջանակներում նույնպես արձանագրել ենք համեստ արդյունքներ: Համոզված եմ, որ այսօրվա մեր աշխատանքները լրացուցիչ հիմք կհանդիսանան հետագայում մեր հավաքական ներուժի գործադրման և մեր ընդհանուր աշխատանքներին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար: Ուրախ եմ ողջունել Ձեզ և շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ»: Իր խոսքում Վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, շնորհավորում եմ բոլորիս եռատոնի կապակցությամբ և առանձնահատուկ Շուշիի ազատագրման օրվա առիթով: Արդեն երրորդ տարին մենք միասին այս փառահեղ տոնը նշում ենք Ստեփանակերտում և կարծում եմ` սա շատ լավ ավանդույթ է և իր մեջ ունի նաև բովանդակություն: Արցախում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ուզում եմ նաև այդ առիթով շնորհավորել Ձեզ: Առաջիկայում նորընտիր նախագահի պաշտոնամուտն է լինելու, բայց ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն ասել Ձեզ այս ընթացքում մեր համատեղ աշխատանքի համար: Համոզված եմ, որ մենք դեռ շատ երկար քննարկելու, աշխատելու, այս ընթացքում նախանշած ծրագրերն իրականացնելու հնարավորություններ և առիթներ կունենանք: Ուզում եմ արձանագրել, որ չնայած կորոնավիրուսի այս համաճարակին` Արցախը և Ստեփանակերտը գտա բարձր տրամադրությամբ: Մեր միասնական ու ազգային խնդիրն այն է, որ ամեն մայիսի 9-ը Արցախում, Հայաստանում և ընդհանրապես հայության շրջանում լինի առավել տոնական, ապագային մեր հայացքը լինի առավել լավատեսական, այսօրվա մեջ լինենք առավել վստահ: Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև մեր ժողովուրդն ունի հսկայական ներուժ, այդ ներուժի մի չնչին մասն է իրականում իրացված և օգտագործված, և մայիսի 9-ը, Շուշին մեզ առավել մեծ վստահություն են տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ: Մենք բոլորս հավաքական և միասնական պարտք ունենք մեր նահատկների առաջ: Պետք է պատվով կատարենք այդ պարտքը և այդ պարտքը տասնապատկված վերադարձնենք նրանց սերունդներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:35 - 09 մայիսի, 2020