Հանրային խորհուրդ

Հանրային խորհուրդը ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին: 2009 թվականի մարտի 11-ին հաստատվել է Հանրային Խորհրդի կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը: Այնուհետև ձևավորվել են 12 ոլորտային հանձնաժողովները /հանձնաժողովներում ընդգրկված անդամների թիվը` 1940/, ընտրվել են հանձնաժողովների նախագահներ: 2009 թվականի մայիսի 29-ին ՀՀ Հանրային խորհուրդը ստացավ իր վերջնական տեսքը, ինչը ամրագրվեց ՀՀ Նախագահի հրամանագրով: Հանրային Խորհրդի շրջանակներում սկսեցին գործել 66 ենթահանձնաժողովներ, որոշակի հարցեր քննարկելու համար` աշխատանքային խմբեր:

Հանրային Խորհուրդն ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ: 

Հանրային խորհրդի հանձնաժողովի հայտարարությունը Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ

Հանրային խորհրդի հանձնաժողովի հայտարարությունը Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ

Ս․թ․ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ՝ Լարիսա Ալավերդյան), քննարկել է LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, լրատվամիջոցների երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին։ Հանձնաժողովը գտնում է, որ հարցն ունի քաղաքական, իրավական և բարոյական կողմ։ Զերծ մնալով հարցի վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականներից (հատկապես, որ դիմումատուն դատական հայց է ներկայացրել դատարան)՝ հանձնաժողովն իր դիրքորոշումն է արտահայտում հարցի բարոյական կողմի վերաբերյալ։ Հանձնաժողովը գտնում է, որ Ստյոպա Սաֆարյանի առանձին արտահայտություններ (օրինակ՝ լրագրողներին «պոռնկախումբ» անվանելը, լրատվամիջոցի ներկայացուցչի հրավերը «սաունա հրավիրելու» հետ համեմատելը) անցնում են էթիկականի սահմանները, ունեն սեքսիստական բնույթ։ Հանձնաժողովը կոչ է անում Ստյոպա Սաֆարյանին զերծ մնալ նման գործելակերպից։ Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում առհասարակ հանրային և քաղաքական դիսկուրսում, սոցիալական ցանցերում առկա ոչ նորմատիվ խոսքի, ատելության և անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ։ Հանձնաժողովը հորդորում է հասարակության բոլոր անդամներին հանրային քննարկումներում ու բանավեճերում տեսակետ և դիրքորոշում արտահայտելիս լինել զուսպ, պահպանել հաղորդակցման էթիկայի նորմերը, զերծ մնալ վիրավորանքից, ատելության խոսքից և ագրեսիվ հռետորաբանությունից, հիշել, որ բանավեճը պետք է նպաստի խնդիրների լուծմանը, ոչ թե դրանց խորացմանն ու նորանոր խնդիրների առաջացմանը: Հանձնաժողովը գտնում է, որ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորումը պետք է լինի մեր երկրի առաջնահերթ խնդիրներից: Այդ առումով լուրջ դերակատարություն ունեն թե՛ քաղաքական ու հանրային գործիչները և թե՛ լրատվամիջոցները: Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով
12:13 - 16 նոյեմբերի, 2019
Ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի Վազգեն Մանուկյանին ժամանակավորապես պետք է փոխարինի խորհրդի տարիքով ավագ անդամը |iravaban.net|

Ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի Վազգեն Մանուկյանին ժամանակավորապես պետք է փոխարինի խորհրդի տարիքով ավագ անդամը |iravaban.net|

iravaban.net։ «Հանրային խորհրդի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ Հանրային խորհրդի նախագահը ղեկավարում է Հանրային խորհրդի գործունեությունը, հրավիրում և վարում է Հանրային խորհրդի նիստերը, Հանրային խորհրդի անունից ստորագրում է պետական մարմիններին, պաշտոնատար կամ այլ անձանց հասցեագրվող գրությունները, ապահովում է Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը: Հոդվածի 4-րդ կետի համաձայն, Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը: Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատուն, մամուլի հարցերի համակարգողը, Հանրային խորհրդի նախագահի օգնականը  չպատասխանեցին հեռախոսազանգերին։ Այս պահին Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը Յուրի Ջավադյանն է, նա ծնվել է 1939 թվականին։ Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք նրան զգուշացրել են ՀԽ նախագահի պաշտոնում որպես փոխարինող նշանակվելու մասին, Յուրի Ջավադյանը հայտնեց․ «Ինձ ոչ ոք ոչինչ չի զգուշացրել, իսկ վաղը գնալու եմ մարզ»։ Նա նաև նշեց, որ երբ Վազգեն Մանուկյանը գտնվել է արձակուրդում, նրա իսկ որոշմամբ ՀԽ նախագահին փոխարինել է Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ դոցենտ է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ։ Անդամակցում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների և հանձնաժողովների։ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն ևս ոչինչ չի զգուշացվել նախագահի պաշտոնում փոխարինող նշանակվելու մասին։ «Հրաժարականն անսպասելի էր, քիչ առաջ եմ իմացել դրա մասին»,-հավելեց նա։ Ամբողջական նյութը՝ iravaban.net-ում
08:59 - 16 նոյեմբերի, 2019
Ինտերնետ ծառայություններ մատուցողները բովանդակության պահպանման որևէ իրավասություն չունեն. ՀԾԿՀ

Ինտերնետ ծառայություններ մատուցողները բովանդակության պահպանման որևէ իրավասություն չունեն. ՀԾԿՀ

Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ: ՀԾԿՀ-ի պարզաբանումը. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներով ակտիվորեն քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին» որոշման նախագիծը, որի առնչությամբ հնչում են իրականությանը չհամապատասխանող մի շարք մտահոգություններ և կարծիքներ, այդ թվում՝ ինտերնետից օգտվելու ազատության սահմանափակման, դրա բովանդակության (կոնտենտի) և բաժանորդների անձնական տվյալների բացահայտման, նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների վերաբերյալ: Այս կապակցությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետևյալը. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր օպերատոր և ծառայություններ մատուցող պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի: Նշված տեղեկությունները կարող են բացահայտվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով (49-րդ հոդված): Հիշյալ կարգավորումը կիրառելի է լինելու նաև նախագծով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ: Խնդրի կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից համապատասխան տեղեկությունների պահպանման և օրենքով նախատեսված հիմքերի պարագայում իրավապահ մարմիններին դրանց հասանելի դարձվելու դեպքերում՝ այդ հարաբերությունների հստակեցմամբ: Նախագիծը մշակվել է օրենքով հանձնաժողովին վերապահված իրավասության շրջանակում, այն է՝ ընդունել կարգավորման ենթակա անձանց համար արխիվների պահպանման ստանդարտներ, սահմանել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ և կարգեր (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)։ Խնդրի կանոնակարգման հիմքում ընկած է միջազգային առաջավոր փորձը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2006 թվականի մարտի 15-ի №2006/24/ԵՀ կանոնակարգը, ԵՄ անդամ մի շարք պետությունների (այդ թվում՝ Չեխիայի, Լատվիայի և Միացյալ Թագավորության) էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավական կարգավորումները։ Տարընկալումներից խուսափելու նպատակով, կարևոր է նկատի ունենալ, որ ինտերնետ ծառայություններ մատուցող անձինք ինտերնետային բովանդակության (կոնտենտի) պահպանման որևէ իրավասություն չունեն, ավելին, օրենքով հանձնաժողովին վերապահված չէ կոնտենտի հետ կապված որևէ կարգավորիչ գործառույթ (այդ թվում՝ վերահսկում, խմբագրում, պահպանում): Հանրային քննարկումների մասով. Հանձնաժողովը, որպես կոլեգիալ ինքնավար մարմին, իր բոլոր որոշումներն ընդունում է դռնբաց նիստերի միջոցով՝ նախապես քննարկելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նորմատիվ կարգավորումների ընդունման դեպքում նշվածին գումարվում են հանրային լայն քննարկումներ, որոնք հաջորդում են ակտի անմիջական հասցեատերերի հետ քննարկումներին: Խնդրո առարկա նախագիծը ներկայացվել է ավելի քան 170 ինտերնետ ծառայություններ մատուցող անձանց (օպերատորների), ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննարկմանը։ Վերջիններիս կարծիքները ստանալուց, ամփոփելուց և նրանց հետ անհրաժեշտ քննարկումներն ավարտելուց հետո լրամշակված նախագիծն անցնելու է առավել լայն հանրային քննարկման փուլ, այդ թվում՝ տեղադրվելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական ինտերնետային կայքում (www.e-draft.am), հանձնաժողովի պաշտոնական www.psrc.am կայքում: Ամփոփելով, հայտնում ենք, որ նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների և հնարավոր ընդունման վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, ավելին, հանձնաժողովը բաց է նախագծի վերաբերյալ ցանկացած կառուցողական առաջարկության ու դիտողության քննարկման համար և նախաձեռնված գործընթացում ակնկալում է Ձեր ակտիվ մասնակցությունը»:
07:53 - 21 հոկտեմբերի, 2019
Հանրային խորհուրդը փակ նիստ է անցկացրել` Ամուլսարի հանքի հիմնախնդրի վերաբերյալ

Հանրային խորհուրդը փակ նիստ է անցկացրել` Ամուլսարի հանքի հիմնախնդրի վերաբերյալ

Հանրային խորհուրդն այսօր փակ նիստ է անցկացրել։ Նիստին ի սկզբանե հրավիրված են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ ՀՀ կառավարություն, «Լիդիան Արմենիա» ընկերություն, ոլորտային մասնագետներ, ինչպես նաև հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներ։ Վերջիններս, սակայն, հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ սկզբունքորեն դեմ են «Լիդիան Արմենիա»-ի հետ մասնակցելու որևէ քննարկման։ Ավելի ուշ նիստին մասնակցելուց հրաժարվել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հայտնելով հետևյալը․ «Այս շաբաթ «Լիդիան»-ի տնօրենները որոշում են կայացրել, որ Ընկերությունը հետայսու չի մասնակցելու որևէ քննարկման, հետազոտության կամ ծրագրի հետ կապված որևէ այլ գործընթացների, քանի դեռ մեկ տարուց ավելի տևած ապօրինությունը չի վերացվել և Ամուլսարի ճանապարհները չեն ապաշրջափակվել»։ Այնուամենայնիվ, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հանրային խորհրդի հետ առանձին հանդիպման շրջանակներում խորհրդի անդամներին ներկայացնել ընկերության տեսակետներն ու դիրքորոշումը։ Այսօրվա նիստին ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, նախարարության համապատասխան այլ պաշտոնյաներ, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, մի խումբ բնապահպաններ, երկրաբաններ, ջրային ռեսուրսների, առողջապահության և հարակից այլ ոլորտների մասնագետներ։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին նիստին մասնակցելու համար, նշել է, որ խորհուրդն այսօր որևէ դիրքորոշում չի հայտնելու, և նիստի նպատակը բոլոր կողմերի տեսակետները լսելն է, որը հիմք կհանդիսանա հետագա քննարկումների և դիրքորոշման համար։ Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող այն բնապահպաններն ու ոլորտի նեղ մասնագետները, որոնք ներկա են գտնվել նիստին, ներկայացրել են իրենց դիրքորոշումը, բերել փաստարկներ հանքի շահագործման ռիսկերի, հնարավոր հետևանքների, հայաստանյան օրենսդրության և միջազգային պարտավորությունների հետ կապված հակասությունների վերաբերյալ։ Հանքի շահագործման կողմնակից մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու հակափաստարկները։ Կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են երկու կողմերի հնչեցրած տեսակետներին, ներկայացրել կառավարության մոտեցումները։ Ամփոփելով նիստի արդյունքները՝ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել առանձին հանդիպելու «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, որպեսզի խորհրդի անդամները հնարավորություն ունենան լսելու նրանց տեսակետը ևս։ Որոշվել է նաև Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ոլորտի մասնագետներ, և խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրելուց, բոլոր կողմերի ներկայացրած փաստերն ու հետազոտությունների արդյունքները վերլուծելուց հետո միայն Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ ձևավորել խորհրդի դիրքորոշումը։      
06:23 - 05 հոկտեմբերի, 2019