Համազասպ Դանիելյան

Ծնվել է 1984 թ. նոյեմբերի 15-ին Երեւանում:

2006թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: Քաղաքական գիտությունների թեկնածու (2009թ.):

Վերապատրաստվել է Բերկլիի (UC Berkeley), Միչիգանի (University of Michigan, Ann Arbor), Կենտրոնական եվրոպական (Central European University) համալսարաններում, Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտում (NUPI): Մեկ տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է:

2005-2006թթ. եղել է Ղ-Տելեկոմ (ՎիվաՍել) ընկերության զանգերի կենտրոնի հաճախորդների սպասարկման բաժնի համակարգող: 2006-2007թթ.՝ «Երիտասարդական նվաճումներ» հկ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի ղեկավար: 2007-2012թթ.՝ «Այ.Էֆ.Ի.Էս» (IFES-International Foundation of Electoral Systems) կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի՝ ընտրողների ցուցակների բարելավման, ընտրողների կրթության եւ երիտասարդների ներգրավման հետ կապված նախաձեռնությունների համակարգող: 2009-2016թթ.՝ դասավանդել ԵՊՀ-ում, 2011-2012թթ. եւ 2014-2015թթ.՝ «Այբ» ավագ դպրոցում: 2012 -2015թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման մասնագետ, ապա խորհրդարանի վերահսկողական կարողությունների բարելավման բաղադրիչի ղեկավար: 2015-2017թթ.՝ «Սմիթսոնյան Ինսթիթյուշն»-ի (Smithsonian Institution) «Իմ Հայաստան» ծրագրի հետազոտական բաղադրիչի ղեկավար, մոնիտորինգի եւ գնահատման մասնագետ: 2016 -2018թթ.՝ «Գալուստ Կուլպէնկեան հիմնարկության» ներկայացուցիչը Հայաստանում: 2017-2018թթ.՝ «Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան»-ի (YES Armenia) ղեկավար:

2011թ.՝ «Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնության» համահիմնադիր: 2014 թվականից Քաղաքագետների միջազգային ասոցիացիայի (International Political Science Association) անդամ է: 2019 թվականից՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Կուսակցություններին առնչվող բուռն քննարկված նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

Կուսակցություններին առնչվող բուռն քննարկված նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու բուռն քննարկման արժանացած օրենսդրական փաթեթը: Փաթեթով  նախատեսվում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը:  «Նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում ու հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Շատ կարևոր ուղղություն է կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության մեխանիզմների ընդունումը, այդ թվում՝ նաև, օրինակ՝ համագումարի լիազորությունների ընդլայնումը, որոշումների կայացման փակ, գաղտնի ռեժիմի ավելացումը, որպես օրենքի պահանջ»,- նախագծի ներկայացման ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը: Նախագծի առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալն է, այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, կլինեն հաշվետու և թափանցիկ: Համազասպ Դանիելյանը նշեց, որ փոփոխությունները կնպաստեն, որպեսզի կուսակցությունները լինեն ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ նշեց, որ իրենք այս փուլում կողմ կքվեարկեն նախագծին, սակայն մինչև երկրորդ ընթերցում այն պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:
10:44 - 10 դեկտեմբերի, 2020
Արգելվել է բիզնեսից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը. ԱԺ-ն քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

Արգելվել է բիզնեսից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը. ԱԺ-ն քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանում ներկայացրեց «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի» փոփոխությունների նախագիծը: Պատգամավորն ընդգծեց, որ հատկապես այսօր շատ կարևոր է ՀՀ-ում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալը, նաև այնպիսի կուսակցություններ ունենալը, որ կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձնակենտրոն, ավելի հաշվետու ու թափանցիկ: «Փաթեթում նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Շատ կարևոր ուղղություն է կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության խրախուսման մի շարք մեխանիզմների ներդրումը, այդ թվում՝ համագումարի լիազորությունների ընդլայնումը, պարտադիր գումարման պարբերականության հաճախականացումը, որոշումների կայացման փակ, գաղտնի ռեժիմի ավելացումը՝ որպես օրենքի պահանջ»,- ասաց Դանիելյանը: Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է՝ նշեց պատգամավորը: «Ավելացվել են մի շարք հստակեցումներ, այդ թվում՝ նաև նվիրատվության, մուտքի վճարների, անդամավճարների հետ կապված՝ միասնական և առավելագույն շեմ սահմանելով ֆիզիկական անձանց համար և արգելելով իրավաբանական անձանց կողմից՝ բիզնեսից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը: Այս նախագծով կուսակցությունների նկատմամբ ընթացիկ ֆինանսական վերահսկողության լիազորությունը ԿԸՀ-ից փոխանցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Միաժամանակ շատ կոնկրետ պատժամիջոցներ են նախատեսված՝ վարչական ու քրեական բնույթի կուսակցությունը ապօրինի ֆինանսավորելու կամ կուսակցության ներկայացուցչի կողմից ապօրինի կերպով ֆինանսավորում ներգրավելու տեսակետից: Այսուհետ կուսակցությունների մուտքերն ու ելքերը պետք է լինեն բացառապես անկանխիկ»,- նշեց Դանիելյանը: Նաև կուսակցությունների ղեկավար կազմի անդամների միջոցները նույնպես հասանելի կլինեն հանրությանը՝ նախատեսելով կուսակցությունների ղեկավարների միջոցների հայտարարագիր նախատեսելով: 2000-ականների սկզբից գործող կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևով ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայներ հավաքած կուսակցությունները ստացել են ֆինանսավորում՝ յուրաքանչյուր քվեի դիմաց տարեկան 40 դրամի շրջանակներում: Առաջարկվող նախագծով փոխվում է մոտեցումը: «Այդ մոտեցումը նշանակում էր, որ հիմնականում իշխող կուսակցությունները ստանում են այդ ֆինանսի մեծ մասը: Մեր առաջարկած բանաձևով նախատեսվում է, որ համեմատաբար ավելի քիչ ձայներ ստացած կուսակցությունը կստանա ավելի մեծ կշռով գումար, որը նպատակ ունի նվազեցնել խոշոր և փոքր կուսակցությունների միջև ֆինանսական անհավասարությունը գոնե հանրային ֆինանսավորման մասով»,- հայտարարեց Դանիելյանը:
16:19 - 08 դեկտեմբերի, 2020
Համազասպ Դանիելյանը թվարկեց այն առանցքային փոփոխությունները, որոնք նախատեսվում են «Կուսակցությունների մասին» օրինագծով |armtimes.com|

Համազասպ Դանիելյանը թվարկեց այն առանցքային փոփոխությունները, որոնք նախատեսվում են «Կուսակցությունների մասին» օրինագծով |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի առաջիկա քառօրյային կքննարկվի կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը շրջանառության մեջ էր դրվել սեպտեմբերին, սակայն պատերազմով պայմանավորված՝ քննարկումները հետաձգվել էին։ «Մեդիա կենտրոնում» հրավիրված առցանց ասուլիսի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք նախատեսվում են օրենքի նախագծով։ «Նախագիծը միտված է մասնավորապես քաղաքականության մեջ փողի դերի ազդեցության սահմանափակման, կուսակցությունները ավելի թափանցիկ և նաև բիզնեսից պակաս կախված մարմիններ դարձնելուն, արդեն կոնկրետ կետերով նշեմ՝ իրավաբանական անձնանց կողմից նվիրատվությունների արգելքին, առավելագույն շեմի ֆիզիկական անձանց համար նվիրատվությունների սահմանափակման, այդ նվիրատվությունների հաշվետվողականության, բացառապես անկանխիկ շրջանառության և կանխիկի բացառման կուսակցությունների համար, կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների եկամուտների հայտարարագրման»,- նշեց նա։ Հաջորդ առանցքային փոփոխությունը, ըստ Դանիելյանի, կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության հետ կապված կարգավորումներն են։ «Նախատեսվում են կառուցակարգեր, որոնք ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծելու կուսակցություններում որոշումների կայացման ընթացքում անդամների դերի ազդեցության ավելացմանը, այդ թվում՝ նաև անձակենտրոն կուսակցությունների պարագայում գոնե օրենսդրորեն այդպիսի պայմաններ ստեղծվեն, որ դրանց ազդեցությունը նվազի։ Այս դեպքերում նաև կախված է կոնկրետ կուսակցությունների քաղաքական մշակույթից, որովհետև օրենքը չէ, որ միայն պարտադրում է, այլ նաև կուսակցություններ կան, որ իրենց ներքին ընթացակարգերով որոշում են»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:43 - 04 դեկտեմբերի, 2020
Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

1lurer.am: Ի՞նչ քայլեր են արվում մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերականգնողական բուժման ոլորտում անելիքները շատ են: «Երեք հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք՝ զինվորներին վերադարձնելու լիարժեք կյանքի. առաջին՝ եղած հզորությունների վերականգնում՝ մասնագետների վերապատրաստումից մինչև շենքային պայմաններ, երկրորդ՝ նոր հզորությունների ստեղծում. մինչև 250 մահճակալանոց վերականգնողական մեծ կենտրոնի կառուցում, երրորդ՝ այդ հզորություններին մշտական աջակցություն՝ պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով: Դա պետբյուջեի վրա կնստի 2-2.5 մլրդ դրամ: Դրանք վերջնական հաշվարկներ չեն և դեռ ներառված չեն բյուջեի նախագծում: Այդ հարցում մեզ պետք է աջակցի նաև սփյուռքը»,- ասաց նախարարը: 
17:36 - 18 նոյեմբերի, 2020
Սլովակիայի խորհրդարանում ընդունվեց բանաձև՝ ԼՂ հակամարտության հետ կապված, որտեղ վերահաստատվում են ՄԽ համանախագահների դիրքորոշումները

Սլովակիայի խորհրդարանում ընդունվեց բանաձև՝ ԼՂ հակամարտության հետ կապված, որտեղ վերահաստատվում են ՄԽ համանախագահների դիրքորոշումները

Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Սլովակիայի հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ և 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվեց բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Բանաձևում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաև վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը և ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Բանաձևի նախապատրաստման ընթացքում թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող հայերի և Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձևում: Որպես Հայաստան -Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ իմ սլովակ գործընկերների կողմից հակամարտության նկատմամբ հետևողականությունը և շարունակաբար ուշադրության արժանացնելը»:
16:41 - 04 նոյեմբերի, 2020
«Կուսակցությունների մասին» օրենքն այս շաբաթ արդեն շրջանառության մեջ կդրվի. Համազասպ Դանիելյան |pastinfo.am|

«Կուսակցությունների մասին» օրենքն այս շաբաթ արդեն շրջանառության մեջ կդրվի. Համազասպ Դանիելյան |pastinfo.am|

pastinfo.am: Մենք այժմ քննարկում ենք ընտրական համակարգի բոլոր այն բաղադրիչները, որոնք ուղղակիորեն կախված չեն սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքի հետ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» հետ կապված փոփոխություններին։  «Եթե շրջանակն ընդհանուր ընդգծեց, խոսքը գնում է քարոզարշավի, ընտրողների ցուցակների, հանձնաժողովների, ԱԺ ընտրակարգի մասին»,-ասաց պատգամավորը։ Հարցին՝ որքանով է ընդունելի ընտրողի տարիքի շեմն իջեցնելու հետ կապված առաջարկությունը, Համազասպ Դանիելյանն ասաց, որ դա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի լիազորությունների շրջանակում է, հետևաբար այդ հարցին չեն անդրադառնում։Ինչ վերաբերում է «Կուսակցությունների մասին» օրենքին, Համազասպ Դանիելյանն ասաց, որ այս շաբաթ արդեն շրջանառության մեջ կդրվի. «Բազմիցս քննարկվել է։ Հայեցակարգային մակարդակով են քննարկումներ արել, այժմ արդեն փաթեթը, որը 6 օրենքներից է բաղկացած, միայն կուսակցությունների մասին օրենքը չէ, կդրվի շրջանառության, անպայման կկազմակերպենք հանրային լսումներ և աշնանային նստաշրջանի ընթացքում այս կարևորագույն փոփոխությունը տեղի կունենա»,-ասաց պատգամավորը։ Հարցին՝ արտախորհրդարանական ուժերը որքանո՞վ ակտիվ մասնակցություն ունեն, պատգամավորն ասաց. «Չի եղել որևէ քաղաքական միավոր, անգամ քաղաքացի, որը ցանկություն է հայտնել այս կամ այն կերպ իր տեսակետը հայտնել և այդ հնարավորությունը չի եղել։ «Ընտրական օրենսգրքի» մասով, ինչպես եղել է «Կուսակցությունների մասին» օրենքի մասով դա վերջին հնարավորությունը չէ տեսակետները արտահայտելու, որովհետև մենք աշնանային նստաշրջանի ընթացքում առնվազն առաջիկա երկու ամիսներին շարունակաբար քննարկելու ենք ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր։ Երբևէ այսպիսի փաստաթղթերը՝ «Կուսակցությունների մասին» օրենք, «Ընտրական օրենսգիրք» այսքան շատ, այսքան մանրամասն և այսքան ներառական ձևով չի քննարկվել։ Եթե կան կուսակցություններ, որոնք այս կամ այն նկատառումներից ելնելով ցանկություն չունեն իրենց դիրքորոշումները հայտնել, չենք կարող դա ապահովել։ Մենք կարող ենք ապահովել պայմաններ, որպեսզի այդ հնարավորությունն ունենան։ Կօգտագործեն այդ հնարավորությունը, թե ոչ, արդեն իրենց որոշելիքն է»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ կան ուժեր, որոնք այդ հնարավորությունից չեն օգտվում՝ հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ շատ ասելիք չունեն։
15:43 - 22 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը»-ի մի քանի պատգամավորներ տարբեր պաշտոնյաների հետ քննարկել են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը

«Իմ քայլը»-ի մի քանի պատգամավորներ տարբեր պաշտոնյաների հետ քննարկել են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամանավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 6-ին և 7-ին պատգամավոր գործընկերներիս` Մարիա Կարապետյանի, Համազասպ Դանիելյանի և Սոս Ավետիսյանի հետ հանդիպումներ ենք ունեցել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի, Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանի, Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ Ամուլսարի հարցի շուրջ: Նմանատիպ հանդիպումներ ունեցել ենք նաև նախկինում։ Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ՝ յուրաքանչյուր մարմնի լիազորությունների շրջանակում քննարկել ենք Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրությունը և այն բարելավելու ուղղությամբ արված և ապագա քայլերը։ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի հետ քննարկել ենք շարունակվող քրեական գործի քննության հրապարակայնության կարևորությունը, որքանով որ թույլ է տալիս գործի քննության գաղտնիությունը։ Ի պատասխան շահագրգիռ քաղաքացիների մեզ ուղղված հարցադրումների Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված, հարկ ենք համարում հայտնել, որ այս փուլում նման հանդիպումներ նախաձեռնելու և գործընթացներին հետևելու միջոցով ենք պատկերացնում մեր անելիքը որպես պատգամավոր։ Համայնքի բնակիչների և շահագրգիռ քաղաքացիների հետ ևս հանդիպումներ եղել են նախկինում և կարող են լինել»։
15:13 - 12 օգոստոսի, 2020
Շրջանառության մեջ է դրվել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին»  մայր օրենքի նախագիծը

Շրջանառության մեջ է դրվել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը

Քիչ առաջ գործընկերներիս՝ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Հովհաննես  Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի և Ծովինար Վարդանյանի հետ միասին շրջանառության մեջ դրեցինք «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին»  մայր օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Հուսով ենք՝ մեր նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը և կդնի դրանց կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը: Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր վաղուց, և ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական և այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը: Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումենթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում ենք կանոնակարգել՝ 1) Էնդաումենթի ձևավորման, համալրման և կառավարման կարգը, 2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը և իրավական վիճակի առանձնահատկություները, 3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը, 4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք և նրանց իրավասությունները, 5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը, 6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
16:17 - 23 հունիսի, 2020
Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել հանրաքվեի մասին օրենքում |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել հանրաքվեի մասին օրենքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով կրճատվում է  քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25 հազարը: Օրենքի նախագիծը հեղինակել են խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Համազասպ Դանիելյանը: «Այս նախաձեռնությամբ մենք կրկնակի նվազեցնում ենք այն մարդկանց թիվը, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը գրանցելու համար, ինչպես նաև երկարացնում ենք ստորագրությունները հավաքելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը»,- ասաց Համազասպ Դանիելյանը: Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ կառավարությունը կողմ է փոփոխությանը:
11:36 - 11 մայիսի, 2020
Այս ընտրությունները յուրահատուկ էին նաև Արցախի համար աննախադեպ մրցակցայնությամբ․ Համազասպ Դանիելյան

Այս ընտրությունները յուրահատուկ էին նաև Արցախի համար աննախադեպ մրցակցայնությամբ․ Համազասպ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտի 31-ին տեղի ունեցած Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այցելել եմ յոթ տեղամաս` հիմնականում Ասկերանի շրջանում։ Իմ տեսած ամենայուրահատուկ ընտրություններից մեկն էր։ Յուրահատկությունը պայմանավորված չէր միայն առողջապահական նկատառումներով նախաձեռնված միջոցներով (բոլոր տեղամասերում առկա էին դիմակներ, ձեռնոցներ, առանձին գրիչներ, ալկոգել և այլն): Այս ընտրությունները յուրահատուկ էին նաև Արցախի համար աննախադեպ մրցակցայնությամբ, ինչը նույնպես նպաստել է մասնակցության մեծ ցուցանիշին։ Քվեարկության ընթացքի տեսանկարահանումը, ինչը Արցախում տեղի է ունենում առաջին անգամ, նույնպես նպաստել է ընտրությունների թափանցիկության ավելացմանը։ Այդուհանդերձ, բարձր մասնակցության վրա կարծում եմ ազդել է նաև այն, որ տարբեր քաղաքական թիմեր զգալի ուշադրություն են դարձրել մարդկանց մոբիլիզացիայի վրա։ Գրեթե բոլոր տեղամասերում նկատել եմ մեծահասակ ընտրողներ, ովքեր ոչ միայն դժվարությամբ (իսկ առանձին դեպքերում դժկամությամբ) էին հասնում տեղամաս, այլ նաև քվեարկում էին այլոց օգնությամբ։ «Օգնողի» ինստիտուտի այսքան լայն տարածումը ինձ հիշեցրեց Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները»։
13:49 - 01 ապրիլի, 2020
Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ներկայացված լինենք ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյում. նման բան վերջին 10-12 տարում չի եղել. Համազասպ Դանիելյան |news.am|

Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ներկայացված լինենք ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյում. նման բան վերջին 10-12 տարում չի եղել. Համազասպ Դանիելյան |news.am|

news.am: Աշխարհաքաղաքական շահերը շատ կարեւոր են. գաղտնիք չէ, որ այսօր Ուկրանայի հարցում շատ մեծ կոալիցիա կա Արեւմուտքի երկրների կողմից, իսկ Ռուսաստանին աջակցող պատվիրակությունների թիվը բավական սահմանափակ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանը: «Աբխազիայի եւ Հարավային օսիայի հակամարտությունների մասով էլ իրավիճակը բավական միանման է, հետեւաբար, բավական հեշտ է Ադրբեջանին փորձել այդ ամբողջ սոուսի տակ դիրքավորել ԼՂ հակամարտությունը: Չնայած դրան, մենք երկու շատ լավ նախանշաններ ունենք: Առաջինը, որ բանավոր զեկույցի ընթացքում շեշտադրում գնաց իմ նշած հակամարտությունների վրա եւ մեծ հաշվով Ղարաբաղը դրական առումով շրջանցվեց: Երկրորդն այն է, որ ունենք Լյուքսեմբուրգի նախադեպը, երբ կարողացանք նույնիսկ այն պայմաններում, որ պատվիրակությունը նոր էր, կապերը շատ ավելի քիչ էին, կարողացանք ԵԱՀԿ ԽՎ տրամադրությունները դեպ մեր դիրքորոշում կամ չեզոք դիրքորոշում»,-ասաց Համազասպ Դանիելյանը: Նա նկատեց, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում բոլոր զեկուցողները բանավոր ներկայացնում են իրենց մոտեցումները, թեզիսների ձեւով, հետո աշխատանք է տեղի ունենում ու հրապարակում են սեւագիրը. «Հիմա այդ սեւագրին ծանոթանալու նախնական փուլում շատ կարեւոր է, որ հայկական պատվիրակությունը Բյուրոյում ներկայացված լինի: Իսկ Բյուրոյում ներկայացված են այն պատվիրակությունների ներկայացուցիչները, որոնք կամ նախագահ են, կամ համանախագահ են, կամ հանձնաժողովներում որեւէ պաշտոն ունեն, կամ զեկուցող են: Հայաստանում գոնե վերջին 10-12 տարիներին, ցավոք, չի եղել պատվիրակություն, որ այս որեւէ մակարդակում ներկայացված լինի: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, գուցե հավակնոտ, որ Բյուրոյում ներկայացված լինենք, որ վվաղ կանխարգելման համակարգն աշխատի, եւ ամռանն ընդառաջ անակնկալներ չունենանք»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
15:53 - 25 փետրվարի, 2020