Հորդանան

Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին: Ավելի վաղ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի: Բացի Բայդենից և Աբասից՝ գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը: Սպիտակ տունը հաստատել է Բայդենի Հորդանան այցի չեղարկումը: Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա նախատեսում է Իսրայելում հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և ցույց տալ Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին «Համաս»-ի հարձակումից հետո:
10:18 - 18 հոկտեմբերի, 2023
Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը մեկնելու է եվրոպական շրջագայության՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար ԵՄ առաջնորդների աջակցությունը ստանալու։ Այդ մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին: Միապետը դեէսկալացիայի մասին բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տարածաշրջանային և արևմտյան առաջնորդների հետ ինտենսիվ շփումներից հետո՝ տարածաշրջանն ավելի լայն պատերազմի մեջ չներքաշելու ակնկալիքով: Աս-Սաֆադին ընդգծել է, որ պաղեստինցիներին նոր տեղահանումներ պարտադրելու իսրայելական ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության անդունդ: «Ռազմական գործողությունները սպանում, նաև՝ ստիպում են պաղեստինցիներին լքել իրենց տները: Դա չի ապահովի անվտանգություն և չի հանգեցնի խաղաղության», - հավելել է Աս-Սաֆադին: Բացի այդ, Հորդանանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ասել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակումը և ռազմական գործողությունների սրման պայմաններում դրա բնակիչներին սեփական տները լքելու պարտադրումն, ըստ էության, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:
18:15 - 14 հոկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ

ԱՊԼ խորհրդի՝ նախարարական  նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և սփյուռքի հարցերով նախարար Այման Ալ-Սաֆադիին։ ԱԳ նախարարները քննարկել են հայ-հորդանանյան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:  Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցերն ու միջազգային հարթակներում ակտիվ փոխգործակցությունը:  Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը հորդանանցի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Երկուստեք ընդգծվել է առկա հակամարտությունները բացառապես բանակցությունների և երկխոսության միջոցով կարգավորելու կարևորությունը: Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը:  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է  դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման և միջանցքը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան վերաբացելու հրամայականը:
22:52 - 08 մարտի, 2023
Միրզոյանը Հորդանանի փոխվարչապետի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը

Միրզոյանը Հորդանանի փոխվարչապետի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Այման Սաֆադին մանրամասն քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ հատկապես կենտրոնանալով տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունների վրա։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում  վերջին զարգացումների, անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից ագրեսորին ուղղված հասցեական արձագանքի, ինչպես նաև ադրբեջանական առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին համապատասխան գնահատական տալու կարևորությունը։
12:09 - 23 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբևեռ գործակցությունը և հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը: Կողմերը փաստել են Հայաստանի և Հորդանանի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Անդրադառնալով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը` Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից: Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջև գործընկերության հեռանկարները: 
14:23 - 21 ապրիլի, 2022
Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը |armenpress.am|

Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդիպել Է Հորդանանի Աբդալա Բ թագավորի հետ եւ նրա հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Ղեկավարները քննարկել են այն մարտահրավերները, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ իրենց երկրներում եւ ամբողջ աշխարհում (…), քննության ենթարկել հնարավորությունները Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության զարգացման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ Բայդենն աջակցոււթյուն Է հայտնել Հորդանանի ղեկավաին Իսրայելի նոր կառավարության հետ հարաբերությունների հաստատման՝ երկրի ջանքերում: Երկու պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ռազմական համագործակցությունը եւ հորդանանյան ռազմաօդային ուժերի արդիականացումը: ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել Է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր Է ուժեղացնել երկկողմ համագործակցությունը մի շակք բնագավառներում, այդ թվում տնտեսության ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:05 - 20 հուլիսի, 2021
Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք․ նախագահը հանդիպել է Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք․ նախագահը հանդիպել է Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հորդանանի հայ համայնքի հոգևոր հովիվ, հոգեշնորհ տեր Ավետիս վրդ. Իփրաճյանը ողջունել է Հայաստանի նախագահի այցը՝ նշելով, որ համայնքը հետևում է հայրենիքում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ է արցախյան պատերազմի մանրամասներին: Նա տեղեկացրել է, որ այդ դժվարին օրերին Հորդանանի համայնքը նույնպես ձգտել է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի հայրենակիցներին: «Հաջողություններ եմ մաղթում մեզ բոլորիս, որ գործենք խոհեմ՝ հաղթահարելու այս ճգնաժամային դժվար օրերը, որպեսզի կարողանանք ամենամոտ ապագայում դիմավորենք փայլուն հաղթանակներ, որոնց նախանձով կնայի ամբողջ աշխարհը, և մենք կհպարտանանք այդ գործերով,-ասել է հոգևոր հովիվը։ -Հիմա պետք է գործենք միասնական, ուս ուսի, ձեռք ձեռքի տված և իրար հանդուրժելով։ Հայրենիքը մեծագույն սրբություն է, որի պաշտպանությունը համայն հայության պարտականությունն է։ Բոլորս պետք է պայքարենք հանուն հայրենիքի ապահովության և բարգավաճման»։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության ու դժվարին պահին հայրենիքին ցուցաբերած աջակցության համար: Նա խոսել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի, երկրում ստեղծված իրավիճակի, Հորդանան կատարած այցի նպատակների մասին, ինչպես նաև պատասխանել համայնքի ներկայացուցիչների հարցերին: Հայաստանի նախագահը նշել է, որ դժվարություններն ու խնդիրները բազմաթիվ են. «Պատերազմի անփառունակ ավարտը, Արցախի այսօրվա կարգավիճակի հետ կապված խնդիրները, այն, որ բազմաթիվ արցախցիներ այսօր իրենց տունն են գտել Հայաստանում, և Աստված գիտի՝ այդ տունը ժամանակավոր է, թե մշտական։ Հազարավոր հայ երիտասարդներ կյանք են կորցրել, հազարավոր երեխաներ ծնող են կորցրել, հազարավոր հայ երիտասարդներ վիրավոր են, հազարավոր զինվորներ վերադառնում են տուն, իսկ տանը մեծ տնտեսական դժվարություններ կան, որոնք խորացել են նաև կորոնավիրուսի հետ կապված։ Սրանք իրականություն են, որոնց առաջ չես կարող աչքերը փակել»։ Արմեն Սարգսյանն ասել է, որ դեպի հաղթանակ լավագույն ճանապարհը սեփական արժեքներն ու սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն է։ Նախագահն ընդգծել է, որ այս դժվարին օրերին մենք նորովի ենք գտնում մեր բարեկամներին։ «Հորդանանը մեր բարեկամ երկիրն է։ Երբ այս դժվարին օրերին Նորին Մեծությունից հրավեր ստացա պաշտոնական այցով այցելել Հորդանան, ուրախությամբ ընդունեցի։ Այս հրավերը վկայում է այն մասին, որ Հայաստանի համար ամենադժվարին պահին Հորդանանը ձեռք է մեկնում մեր երկրին, ցույց է տալիս ողջ աշխարհին, նախ և առաջ, մահմեդական աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ,-ասել է Հայաստանի նախագահը։- Միաժամանակ, նա ցույց է տալիս, որ այս պատերազմը չի եղել և երբեք չի կարող գնահատվել որպես կրոնական պատերազմ։ Հակառակը, իսլամական աշխարհի առաջնորդն առաջիններից է, որ մեզ ձեռք է մեկնում»։ Խոսելով ապագայի անելիքների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Չնայած մենք այսօր պարտվել ենք, բայց մեր բարեկամները, կարծում եմ, հավատում են, որ մենք կկարողանանք ոտքի կանգնել և ցույց տալ, որ մեզ հաղթել հնարավոր չէ, որովհետև ճակատամարտում պարտվելը մի բան է, բայց դրանից հետո ոտքի կանգնելը, ուժ գտնելը, պատրաստվելը կյանքի հաջորդ մարտահրավերներին, ուղղակի անհրաժեշտություն է։ Մենք ճանապարհ ունենք, և այդ ճանապարհը դժվարին է, բայց այդ ճանապարհը կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք, ոչ թե մասնատված՝ սևերի-սպիտակների, իշխանության-ընդդիմության և այլն։ Դադարենք իրար հայհոյել, իրար վրա կեղտ լցնել։ Առավոտից գիշեր պետք է աշխատենք՝ առանց կանգնելու, բոլորս միասին։ Եթե չենք աշխատելու, իրար ենք հայհոյելու, սպասելու ենք, որ ինչ-որ մեկը գա, պաշտպանի…Եթե պատրաստ չես, ամենամոտիկ բարեկամն էլ քեզ չի պաշտպանի, որովհետև ինչո՞ւ պետք է պաշտպանի, եթե ինքդ չես ուզում պաշտպանել։ Իսկ դրա համար շատ էական է ազգային միասնությունը։ Սա այս պահին ուղղակի անհրաժեշտություն է»։ Անդրադառնալով այցի ընթացքում ունեցած հանդիպումներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ հանդիպումների առանցքում համագործակցության խորացման հարցերն են եղել: «Այս երկիրը փորձ ունի այնպիսի մարդկանց հետ աշխատել, որոնք զրկվել են իրենց տնից։ Այս երկիրը նաև ժամանակակից բանակ կառուցելու պատմություն ունի։ Այս երկիրը պատմություն ունի՝ արժևորելու մշակույթը և կրթությունը։ Այցի ընթացքում մենք խոսեցինք կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում գործակցության մասին։ Բոլորիս համար պետք է պարզ լինի, որ հաջորդ պատերազմն արդեն լինելու է այնպիսի դրոններով, որոնց արհեստական բանականությունն է կառավարելու։ Այդ պատերազմին պետք է պատրաստ լինենք, որին հասնելու ճանապարհն անցնում է հետևյալ ուղիով՝ կրթություն, համալսարան, գիտություն, բնական գիտություններ, արհեստական բանականություն,-նշել է նախագահը: -Խոսեցինք նաև շատ էական խնդրի մասին, ինչպիսին սննդի անվտանգությունն է։ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի։ Մեր քննարկումները բավականին լայն էին և արդյունավետ»։ Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ թագավոր Աբդալլահ Երկրորդը կաջակցի Հորդանան գետի ափին՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում վեր խոյացող, հայ-հորդանանյան բարեկամություն խորհրդանշող, Հորդանանում հայոց պատմության շարունակական ներկայությունն ապահովող Սուրբ Կարապետ հայկական առաքելական եկեղեցին ամբողջովին ավարտուն տեսքի բերելուն։ Հորդանանի թագավորի հետ խոսել են նաև հայկական մշակութային և հոգևոր արժեքների պահպանության վերաբերյալ։ Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին՝ կարևորելով ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելը: Խոսելով իր ներկայացրած՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկությունների մասին՝ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանական երկրում ճգնաժամի լուծման ճանապարհը միշտ եղել են արտահերթ ընտրությունները։ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման գաղափարը նույնպես նոր չէ։ «Ցանկացած այսպիսի իրավիճակում, երբ մեծ դժվարություններ կան, դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը, միասին լինելը,-ասել է նախագահ Սարգսյանը։- Իմ առաջարկությունը հենց դա է՝ որ իշխանությունը և ընդդիմությունը երկխոսեն, դրա համար կարող են գալ նախագահի մոտ։ Նախագահի ինստիտուտը հենց դրա համար է, նախագահը պետք է լինի այն մարդը, որը կաջակցի երկրի համար ամենակենսական և ամենակարևոր խնդիրների լուծմանը»։ 
17:03 - 24 նոյեմբերի, 2020
 ՀՀ նախագահը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման հարցը

ՀՀ նախագահը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման հարցը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ Հորդանանի թագավորի այցը պատմական է և հույս է հայտնել, որ շատ այլ առիթներ կլինեն Նորին Արքայական Մեծությանը հյուրընկալելու Հայաստանում: «Մեր երկու ժողովուրդներն էլ հին են: Ձեր ազգը ներկայացնում է իսլամի էությունն ու առանցքը, Դուք, Նորին Մեծություն, ինչպես նաև Ձեր ընտանիքը ներկայացնում եք Մուհամմադ մարգարեի սերունդը: Հայաստանը՝ որպես աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է Հորդանանի հետ, այլև, մենք շատ բաներ կարող ենք անել միասին»,-ընդգծել է Հայաստանի նախագահը: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն ներուժը, որին ապագայում կարող են հասնել երկու երկրները, շատ ավելի մեծ է լինելու, քան կա այժմ: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են լավ բարեկամությունը, պատմությունը: «Մեծ հարգանք ենք տածում ամենահին քրիստոնյա եկեղեցու նկատմամբ, որը ներկայացված է ոչ միայն Երուսաղեմում, այլ նաև մեր երկրում: Այն ներկայացնում է մեր անցյալի մեծ մասը, և ոչ միայն մեր ներկայի, այլև ապագայի գեղեցիկ մասն է»,-ընդգծել է նա: Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել նախագահ Արմեն Սարգսյանի այցը Հորդանան: Հանդիպմանը նախագահ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը: Զրուցակիցները նշել են, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում: Կարևորվել է արդեն իսկ գործող ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության բացումը երկու երկրների մայրաքաղաքների՝ Երևանի և Ամմանի միջև:
19:56 - 11 փետրվարի, 2020
Վարչապետ Փաշինյանը և Աբդալլահ Երկրորդը քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Փաշինյանը և Աբդալլահ Երկրորդը քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին: Ողջունելով Հորդանանի թագավորին՝ վարչապետը նշել է. «Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ մեր երկրում: Սա պատմական այց է, Ձեր առաջին այցն է Հայաստան: Եվ ինչպես մենք հասցրեցինք քննարկել՝ ոչ վերջինը: Մենք հույս ունենք շատ անգամներ տեսնել Ձեզ մեր երկրում: Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են, քանի որ ընդհանուր առմամբ՝ Միջին Արևելքը և Ձեր երկիրը մենք տեսնում ենք որպես ռազմավարական գործընկերության ուղղություն: Ես շատ ուրախ եմ, որ նախորդ մեր երկրների միջև հարաբերություններն ակտիվանում են: Մենք արդեն կոնկրետացրել ենք արդյունքները, ունենք մի քանի առանձնահատուկ ուղղություններ, որոնք երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում: Ես նաև ուրախ եմ, որ Ձեզ հետ գործարարների պատվիրակություն է եկել, և մենք պատրաստվում ենք ստորագրել կոնկրետ փաստաթուղթ մեր հարաբերություններն առավել լավացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար: Ես շատ ուրախ եմ Ձեզ ևս մեկ անգամ տեսնելու հնարավորության համար: Ցանկանում եմ շեշտել, որ մեր ժողովուրդը շատ դրական պատմական հիշողություն ունի Ձեր երկրի հետ կապված, քանի որ Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածների նկատմամբ, և այս փաստն ավելի է ջերմացնում մեր վերաբերմունքը Հորդանանի և նրա ժողովրդի նկատմամբ: Սա շատ հզոր հիմք է մեր հարաբերությունների համար և հույս ունեմ, որ այս հիմքի վրա մենք կկարողանանք կառուցել իրոք տպավորիչ հարաբերություններ: Շատ շնորհակալ եմ»: Աբդալլահ Երկրորդը նշել է. «Ձերդ գերազանցություն, շատ շնորհակալություն: Ինչպես Դուք ասացիք, մենք շատ հպարտ ենք այն պատմությամբ, որ մեր ժողովուրդները կիսել են: Ինձ այնքան ջերմորեն հյուրընկալեցին երեկ Հայաստան ժամանելու հենց առաջին պահից, և ինչպես Դուք ասացիք, ես հույս ունեմ, որ սա իմ բազմաթիվ այցերից մեկն է: Մեր առանձնահատուկ բարեկամությունը երկար տարիներ շարունակվում է և հուսով եմ, որ այն կշարունակվի ավելի պայծառ և ջերմությամբ: Մնք հպարտ ենք, որ միմյանց հետ կիսել ենք պատմությունը: Մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք և ինձ թվում է դա Դուք էլ կհաստատեք: Ես շատ լավատես եմ և ու հիացած Ձեր ընդունելությամբ»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական և հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ներկայումս տնտեսությունն ունի զարգացման լավ միտումներ և երկրում ստեղծված է բարենպաստ տնտեսական միջավայր: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի և կապիտալի ներգրավմամբ ու փոխգործակցության լավ հեռանկարներ են առկա տնտեսության տարբեր ճյուղերում: ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարող է լավ հարթական դառնալ հորդանանցի գործարարների համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու համար: Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ իր երկրի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ ու իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությամբ: Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարևորել են նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: ՀՀ վարչապետը և Հորդանանի թագավորը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և ընդգծել հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով լուծման կարևորությունը: Աբդալլահ Երկրորդը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան:
16:16 - 11 փետրվարի, 2020
Հորդանանի և Հայաստանի զարգացման հիմնական շարժիչ ուժը մարդկային կապիտալն է. Աբդալլահ Երկրորդ |armenpress.am|

Հորդանանի և Հայաստանի զարգացման հիմնական շարժիչ ուժը մարդկային կապիտալն է. Աբդալլահ Երկրորդ |armenpress.am|

armenpress.am: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը. երկու երկրները երկկողմ համագործակցությունից քաղելու շատ բան ունեն: ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: «Երևանը՝ ամենահին քաղաքներից մեկը, ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկրները և ժողովուրդները իրենց ուրույն տեղն ունեն ժամանակակից աշխարհում՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին և հավատքին: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը: Մեր երկրները համագործակցությունից քաղելու շատ բան ունեն, որպեսզի կապիտալիզացնեն այս շատ խոստումնալից ներուժը»,- նշեց նա: Հորդանանի թագավորն ընդգծեց, որ հազարավոր հորդանանցիներ արմատներով Հայաստանից են: «Նրանք մեր երկրներին պատիվ են բերում և կենսական դերակատարություն ունեն արվեստում, կրթության, հանրային ծառայության, բիզնես և շատ այլ ոլորտներում: Նրանք այն հենքն են ձևավորում, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»,- հավելեց Աբդալլահ Երկրորդ թագավորը:
14:36 - 11 փետրվարի, 2020
ՀՀ նախագահն ու Հորդանանի թագավորը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ներուժը |armenpress.am|

ՀՀ նախագահն ու Հորդանանի թագավորը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ներուժը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ներուժի հետ կապված հարցեր: ՀՀ նախագահի նստավայրում Հորդանանի թագավորի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Մենք Նորին մեծության հետ երեկ և այսօր հոյակապ քննարկումներ ենք ունեցել: Քննարկել ենք մեր երկրների համագործակցության ներուժը զբոսաշրջության, կրթության և գիտության, տեխնոլոգիաների, անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում»,- ասաց ՀՀ նախագահը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ Հորդանանի թագավորի այցը Հայաստան պատմական է. «Ես կարծում եմ, որ սա պատմական այց է ոչ միայն այն իմաստով, որ Նորին մեծությունն առաջին անգամ է Հայաստան այցելում, այլ նաև այն իմաստով, որ երկու երկրների, ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների, միգուցե, հազարամյակների պատմություն ունի: Սա ինձ համար լավ հնարավորություն է որպես հայ իմ երախտիքը հայտնել Ձեր ժողովրդին և Ձեր ընտանիքին, որովհետև մենք բոլորս հիշում ենք, որ ձեր ապուպապը 100 տարի առաջ արաբական աշխարհին ուղերձ ուղարկեց՝ խնդրելով  ապաստան տալ այն հայերին, որոնք փրկվել էին Ցեղասպանությունից: Ցանկանում եմ գլուխ խոհարհել Ձեր ընտանիքի և Ձեր նախնիների առջև, նաև ցանկանում եմ մեր ժողովրդի կողմից ձեզ շնորհակալություն հայտնել»,- ասաց Արմեն Սարգսյանը:  
14:05 - 11 փետրվարի, 2020
Նախագահ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը

Նախագահ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, թագավոր Աբդալլահ Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում են նրա եղբայր, Նորին Արքայական Մեծություն արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, թագավորի կրոնական ու մշակութային հարցերով խորհրդական և անձնական պատվիրակ Նորին Արքայական Մեծություն արքայազն Ղազի բին Մոհամմեդը, Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Այման Սաֆադին, թագավորի հաղորդակցության և համակարգման հարցերով խորհրդական Բիշեր Ալ Խասավնեհը, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համմուրին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աբդալլահ Երկրորդ թագավորն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է, Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է: Նախագահ Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ժամանակ, որի ընթացքում էլ Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։
20:18 - 10 փետրվարի, 2020
Գործարար կապերը զարգացնելու համար հուշագիր է ստորագրվել Հորդանանի հետ |shantnews.am|

Գործարար կապերը զարգացնելու համար հուշագիր է ստորագրվել Հորդանանի հետ |shantnews.am|

shantnews.am: Այսօր՝ փետրվարի 10-ին, մեկնարկել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։ Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև ստորագրվել է  համագործակցության հուշագիր։ Համաժողովին ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարիք Համորին։ Երկու կողմերը փաստել են, որ Հայաստանի և Հորդանանի միջև կան տնտեսական կապերի զարգացման բոլոր նախադրյալները, սակայն այդ հնարավորության միայն չնչին մասն է այսօր օգտագործվում: «Մենք, կարելի է ասել, դեռ գործնականում չենք ճանաչում միմյանց: Մեր քննարկումը գործընկերների հետ եղավ դեռ 10 օր առաջ, մենք քննարկեցնինք, թե ինչ տնտեսական հնարավորություններ կան երկու երկրների միջև և եկանք այն ընդհանուր համաձյանության, որ առկա քաղաքական ջերմ բաերեկամական հարաբերությունները թույլ են տալիս անել էապես ավելին, քան այն տնտեսական ցուցանիշները, որ այժմ կան: Տնտեսական ցուցանիշները մեծ չեն թե´ ներմուծման, թե´ արտահանման առումով, իսկ այս բիզնես ֆորումը կազմակերպվեց այն նպատակով, որ բիզնես ներկայացուցիչները ճանաչեն իրար և ճանաչեն այն տնտեսական հնարավորությունները, որ կան Հայաստանում և Հորդանանում, ստեղծեն ավելի սերտ համագործակցություն և արդյունքում արձանագրեն ավելի մեծ ծավալով և´ առևտրատնտեսական, և´ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնություններ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարը ևս փաստեց, որ կա հետաքրքրվածություն Հայաստանի հետ համագործակցության: «Կան բազում ոլորտներ, այդ թվում ՏՏ և IT ոլորտը: Հայաստանը բավական առաջադեմ է այդ ոլորտում, Հորդանանը ևս մեծ առաջընթաց ունի, հետևաբար ես տեսնում եմ համագործակցության մեծ հեռանկարներ: Համագործակցության հեռանկարներ եմ տեսնում նաև տուրիզմի ոլորտում՝ երկու երկրների կողմից, Հորդանանում, օրինակ` կա սրբավայր, որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը և կան նաև բազմաթիվ կրոնական տեսարժան վայրեր, ուր արժե այցելել:  Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտին, ապա այստեղ էլ կան մեծ հեռանկարներ ՀՀ մասնավոր սեկտորի և Հորդանանի մասնավոր սեկտորի միջև»,- նշել է Տարիք Համորին:
13:18 - 10 փետրվարի, 2020