Ավետ Ադոնց

Ավետ Ռոբերտի Ադոնցը (1963, դեկտեմբերի 27, Կիեւ) ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն է 2019-ից: Եղել է Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (2014-2019)։ 

1985 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1991 թ. անցել է բանկային գործի դասընթացներ Ժնեւի UBS բանկում։ 1993թ. դիվանագիտական դասընթացներ է անցել Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում։

2014-2019թթ․ Իսպանիայի թագավորությունում եղել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 2010-2014թթ․՝ Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել), 2009-2014թթ․ Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ (նստավայրը՝ Բրյուսել), 2009-2011թթ․՝ Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել), 2008-2009թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, 2007-2009թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2002-2007թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ, 1998-2001թթ. Բելգիայի Բրյուսել քաղաքի ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունում եղել է խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, 1996-1998թթ. ՀՀ ԱԳՆ–ում եղել է Միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ, 1994-1996թթ. Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունում երկրորդ քարտուղար, 1992-1994թթ. ՀՀ ԱԳՆ–ում երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնում երկրորդ քարտուղար, 1991թ. ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում եղել է գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական, 1985թ. եղել է տնտեսագետ ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում։

ԱԳՆ-ն ԵՄ գործընկերների հետ մշտական կապի մեջ է Արցախի ճանաչման հարցի շուրջ. փոխնախարար |armenpress.am|

ԱԳՆ-ն ԵՄ գործընկերների հետ մշտական կապի մեջ է Արցախի ճանաչման հարցի շուրջ. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Եվրոպական Միության գործընկերների հետ՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և այլ հարցերի շուրջ: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: «Մեր եվրոպական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և աշխատում ենք մի քանի ուղղությամբ` սկսած Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից: Մնացած կետերը վերաբերում են պատժամիջոցներին և հումանիտար օգնությանը, որը լինի շատ հասցեական և վերաբերի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց թիվը բավական մեծ է»,- ասաց Ադոնցը: Փոխնախարարը նշեց, որ այս օրերին կան բազմաթիվ եվրոպական քաղաքներ, որոնք ճանաչում են Արցախի անկախությունը, ինչը շատ կարևոր քայլ է այս համատեքստում հետագա զարգացումներն ապահովելու համար: «Պետություններում տեղական ինքնակառավարման մակարդակով են ճանաչում Արցախի անկախությունը: Մենք համարում ենք սա շատ կարևոր քայլ` ապահովելու հետագա զարգացումները: Կան նախնական պայմանավորվածություններ, բավական լուրջ քննարկումներ որակական ավելի բարձր ակտեր իրականացնելու համար»,- նշեց փոխնախարարը:
14:17 - 05 նոյեմբերի, 2020
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպմանը

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Հոկտեմբերի 13-ին հեռավար կարգով տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի ղեկավարած պատվիրակությունը։   Հանդես գալով ելույթով՝ Ավետ Ադոնցը նախ արձանագրեց, որ Հայաստանը մշտապես շեշտել է Արևելյան գործընկերության կարևորությունը և այն ավելի արժեքահեն ու համագործակցային դարձնելու իր ձգտումը: Այդ նպատակով Հայաստանը ներկայացրել է ԱլԳ հետ-2020 օրակարգի վերաբերյալ իր առաջնահերթություններն ու առաջարկները: Նախարարի տեղակալը շարունակեց՝ նշելով, որ այսօր, սակայն, նա հնարավոր չի համարում Արևելյան գործընկերության ապագան քննարկելը, քանզի այն ապագա չունի, քանի դեռ դրա հիմքում ընկած արժեքներն ու նպատակները կոպտորեն ոտնահարվում են ԱլԳ անդամ երկրներից մեկի՝ Ադրբեջանի կողմից, որը Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ արդեն 16 օր է, ինչ շարունակում է Արցախի և Հայաստանի դեմ բացահայտ ագրեսիան՝ ռմբակոծելով և գնդակոծելով խաղաղ բնակչությունը և կենսական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ կասետային և միջազգայնորեն արգելված այլ զինատեսակների օգտագործմամբ: Ավետ Ադոնցն ընդգծեց, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարբեր երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական միության, և Եվրոպական խորհրդարանի անդամների բազմաթիվ կոչերը: Նա շեշտեց, որ «COVID-19» համավարակի պայմաններում իրականացվող ադրբեջանական ագրեսիան բացահայտորեն հրահրված է Թուրքիայի կողմից, որը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է Ադրբեջանին՝ այդ թվում տրամադրելով իր զինտեխնիկայի զգալի մասը՝ ներառյալ «F-16» ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ և այլն, ինչպես նաև իր զինվորականներին։ Թուրքիան նպատակադրվել է իրականացնել հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն, ինչը նրա ծավալապաշտական նկրտումների և Օսմանյան կայսրության վերակենդանացման ծրագրի մի մասն է։ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ տարածաշրջանին սպառնող հումանիտար ճգնաժամի պայմաններում Արցախի ժողովրդի գոյաբանական սպառնալիքը կարող է կանխվել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ՝ հանուն նրա կենսապահպանման։ Անդրադառնալով Մոսկվայում 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում մարդասիրական զինադադարի մասին ձեռքբերված համաձայնությանը՝ նախարարի տեղակալ Ադոնցը հայտարարեց, որ այն գործնականում չպահպանվեց Ադրբեջանի գործողությունների պատճառով, որը բառացիորեն հինգ րոպե անց խախտեց այն՝ թիրախավորելով Արցախում և Հայաստանում քաղաքացիական բնակչությանը։ Արցախի Պաշտպանության բանակին ոչինչ չէր մնում, քան պատասխան տալ՝ պաշտպանելով իր բնակչությանը վերահաս ոչնչացումից։ Ադրբեջանական կողմից մարդասիրական հրադադարի խախտումները շարունակվում են մինչև հիմա։ Վերադառնալով Արևելյան գործընկերությանը՝ Ավետ Ադոնցը կոչ արեց ԵՄ-ին և իր անդամ երկրներին՝ քննության առնել ԱլԳ-ին Ադրբեջանի մասնակցության դադարեցման հարցը, քանի որ այն անարգում է Արևելյան գործընկերության ողջ փիլիսոփայությունն և արժեզրկում դրա հիմքում ընկած ժողովրդավարական արժեքները։ Նախարարի տեղակալ Ադոնցը շեշտեց, որ Հայաստանը շարունակում է մնալ հանձնառու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն երկրներին և առաջնորդներին, ովքեր անում են իրենց ուժերի ներածի առավելագույնը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
19:31 - 13 հոկտեմբերի, 2020
Թուրքիան շատ գործնական դեր է ունեցել վարձկանների հավաքագրման գործընթացում. Ավետ Ադոնց |armenpress.am|

Թուրքիան շատ գործնական դեր է ունեցել վարձկանների հավաքագրման գործընթացում. Ավետ Ադոնց |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել: Դա ակնհայտ էր և փաստերով ապացուցված: Այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հնդկական «WION»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին: -Բախումների ընթացքում ի՞նչ տեսակի միջազգային աջակցություն եք ստանում: Գիտենք, որ տարածաշրջանը բաժանված է․ կան երկրներ, որ աջակցում են ձեզ, և կան այնպիսիք, որոնք չեն աջակցում, այստեղ խոսքը հատկապես վերաբերում է Թուրքիային։ Ուստի խնդրում ենք մանրամասներ տրամադրել ձեզ ցուցաբերվող աջակցության մասին, և հատկապես՝ ինչպես եք գնահատում Հնդկաստանի աջակցությունը։ -Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել: Դա ակնհայտ էր և փաստերով ապացուցված: Այստեղ որևէ այլ կարծիք չի կարող լինել: Ակնհայտ է, որ անհրաժեշտ դե-եսկալացիա: Միջազգային հանրությունը, առաջնորդները լարվածությունը թուլացնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու կոչեր են անում, սակայն այդ բոլոր կոչերը հասցեագրված են Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողություններում չափազանց մեծ է, և սա քաղաքական քարտեզի այս հատվածում նոր գործոն է: Նրանք գործնականորեն այնտեղ են, նրանք օժանդակում, աջակցում են Ադրբեջանին ոչ միայն քաղաքականապես, այլև շատ գործնականորեն. ես նկատի ունեմ նրանց ռազմական ներկայությունը, նրանց զենքերը, օդանավերը, դրոնները և, իհարկե, ռազմական անձնակազմը: -Մենք լուրեր ենք ստանում Թուրքիայի կողմից այս մարտերին ջիհադիստների տեղափոխման վերաբերյալ: Ինչ կասեք այս առնչությամբ, այդ լուրերն արժանահավա՞տ են: -Դա հարցականի տակ չի դրվում: Եթե տարբեր անձինք, լրատվամիջոցներ, նույնիսկ որոշ երկրներ սկզբում որոշակի կասկածներ ունեին այդ հաղորդումների, սակայն, այժմ այդ կասկածները լիովին փարատվել են: Ես խոսում եմ ոչ միայն ջիհադիստներին, այլև Սիրիայի հյուսիսային հատվածի տարբեր վարձկանների մասին, որոնք հավաքագրվել և տեղափոխվել են Ադրբեջան, և Թուրքիան շատ գործնական դեր է ունեցել այդ հավաքագրման գործընթացում: Թվերը տատանվում են հազարից հինգ հազարի միջակայքում, սակայն փաստերից ակնհայտ և ապացուցված է դառնում, որ նրանք արդեն իսկ այնտեղ են, կռվում են Արցախի ժողովրդի, Արցախի Պաշտպանության բանակի դեմ:
12:13 - 04 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ

Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ: Ավետ Ադոնցն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Ներկայացնելով իրադարձությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը՝ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հնչեցրած աննախադեպ սպառնալիքի՝ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պատրաստակամության մասին հայտարարության վրա, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչությանը: Ավետ Ադոնցը դատապարտեց նաև Թուրքիայի որդեգրած հակահայկական և Ադրբեջանին միակողմանի սատարող քաղաքականությունը, ինչն էլ ավելի է ապակայունացնում տարածաշրջանը: Ալեշ Խմելարժն իր հերթին նշեց, որ նման սպառնալիքներն անընդունելի են և շեշտեց, որ նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով։ Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց լարվածության հետագա աճից զերծ մնալու, կառուցողական բանակցային դաշտ վերադառնալու և խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը: Այդ համատեքստում նա կարևորեց ՀՀ ԱԳ նախարարի՝ ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ ունեցած հեռախոսազրույցը և դրան հետևած հայտարարությունը: Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ զրուցակիցները քննարկեցին ՀԸԳՀ համաձայնագրի վավերացման գործընթացը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ օրակարգային այլ հարցեր: Կողմերը նաև անդրադարձան հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց հեռանկարներին: Զրուցակիցները ներկայացրին համավարակի վերաբերյալ Հայաստանում և Չեխիայում տիրող իրավիճակը, կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
17:09 - 24 հուլիսի, 2020
ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալի հետ

ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի հետ: Ավետ Ադոնցն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը դատապարտեց նաև Թուրքիայի ԱԳՆ կողմից կատարած կողմնակալ և սադրիչ հայտարարությունը: Մանլիո Դի Ստեֆանոն նշեց, որ Իտալիան մնում է այն տեսակետին, որ նման խնդրիները պետք է լուծվեն բացառապես բանակցությությունների միջոցով: Մանլիո Դի Ստեֆանոն ընդգծեց, որ Իտալիայի ԱԳ նախարարության կողմից արդեն իսկ տարածված հաղորդագրությունում իտալական կողմը կոչ է արել կողմերին զերծ մնալ լարվածության հետագա աճից, վերադառնալ կառուցողական բանակցային դաշտ և խնդիրը լուծել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Իտալիայի ԱԳՄՀ նախարարի տեղակալն հավելեց, որ այս հարցում Հայաստանը կարող է ակնկալել Իտալիայի լիակատար աջակցությունը: Կողմերը գոհունակությամբ անդրադարձան երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց հետագա խորացմանը։ Ավետ Ադոնցն ու Մանլիո Դի Ստեֆանոն փոխադարձաբար ներկայացրեցին համավարակի վերաբերյալ Հայաստանում և Իտալիայում տիրող իրավիճակը, կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Այս համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց Իտալիայի իշխանություններին՝ համավարակի շրջանակներում Հայաստանին ցուցաբերած օգնության և Հայաստան գործուղված բուժանձնակազմի համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
22:45 - 16 հուլիսի, 2020
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ

Հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների շուրջ՝ հանգամանալից ներկայացնելով կառավարությունների կողմից համավարակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այդ համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնել շվեյցարական կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։   Ավետ Ադոնցը և Կրիստինա Մարտի Լանգն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգին: Կարևորվել են Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք համահունչ են ՀՀ կառավարության կողմից նախանշված ուղղություններին և գերակայություններին։  Կողմերն ընդգծել են նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Շվեյցարիայի արդյունավետ համագործակցությունը՝ փոխադարձ գոհունակություն հայտնելով երկխոսության մակարդակի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին։   
20:20 - 08 հուլիսի, 2020
Ավետ Ադոնցը մասնակցել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերի ներկայացման արարողությանը

Ավետ Ադոնցը մասնակցել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերի ներկայացման արարողությանը

Հուլիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ձեռք բերված նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման 10,000 թեստերի ներկայացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը: Ներկայացված թեստերը հնարավորություն կընձեռեն երկրի ողջ տարածքում իրականացնել ավելի լայնամասշտաբ անվճար ախտորոշում՝ 75 րոպեի ընթացքում տրամադրելով թեստավորման ճշգրիտ արդյունքներ: Այս աջակցությունը համերաշխության և միասնության ևս մեկ դրսևորում է համավարակի դեմ համատեղ պայքարում։
21:25 - 01 հուլիսի, 2020
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է COVID-19 համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությանը

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է COVID-19 համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությանը

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հարցազրույցը ՀՀ կառավարության հարթակում` COVID-19 համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության վերաբերյալ. Հարց․ Հետաքրքիր է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային ի՞նչ փոխգործակցություն կա, ի՞նչ ուղղություններով է այն ընթանում և ի՞նչ արդյունքներ է տալիս։ Պատասխան․ Այսօրվա միջազգային հարթակում համար առաջին մարտահրավերը նոր տիպի կորոնավիրուսը կամ COVID-19-ը և դրա հաղթահարումն են: Միջազգային համատեքստում, COVID-19-ի մարտահրավերը հաղթահարելու առաջին պարտադիր նախապայմանը համախմբված և համերաշխ լինելն է։ Սրանք պաթոսային խոսքեր չեն, դրանց մեջ կա շատ հարուստ և շատ պրակտիկ բովանդակություն, որի արդյունքները մենք այսօր զգում ենք, շոշափում ենք նաև Հայաստանում։ Եթե մանրամասն ներկայացնեմ, թե ով, որ երկիրը, որ կառավարությունը և որ միջազգային կազմակերպությունը, ապա վստահաբար կարող եմ ասել, որ մեր եթերի ժամանակը չի բավարարի, բայց դրա քարտեզը բավականին լայն է․ Միացյալ Նահանգները, Եվրոպական Միության անդամ և ոչ միայն անդամ երկրները, օրինակ՝ Շվեյցարիան կամ Սերբիան, ինչպես նաև Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան տրամադրել են պաշտպանիչ միջոցներ, պարագաներ, դիմակներ, բժշկական այլ պաշտպանիչ պարագաներ և տեխնիկական միջոցներ, օդափոխիչ սարքեր, դեղորայք և այլն։ Օրինակ, Հնդկաստանն առաջին փուլում մեզ ուղարկեց դեղորայք, որը բավականին դժվար էր ձեռք բերել։ Չինաստանի օգնությունը բավականին բազմապրոֆիլային էր` թե բժշկական պարագաներով և թե այն տեխնիկական, ադմինիստրատիվ օգնությամբ, որ ցուցաբերվեց չինական իշխանությունների կողմից։ Եվրոպական միության կողմից տրամադրված աջակցության պարագայում  կարող եմ նշել 3 մլն արժողությամբ ծրագիրը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով` տեղափոխվեց Հայաստան Չինաստանից։ Եվ, իհարկե, Եվրոպական միության 92 մլն արժողությամբ փաթեթը, որի նպատակն է հաղթահարել ոչ միայն կորոնավիրուսը, այլ նաև դրա սոցիալ-տնտեսական հետևանքները: Այդ փաթեթը ենթադրում է նաև բյուջետային աջակցություն, աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին և քաղաքացիական հասարակությանը։ Հարց. Ձեր նշած 92 մլն եվրոյի աջակցությունն արդեն ամբողջությամբ փոխանցվե՞լ է, թե դեռ ընթացքի մեջ է։Ավետ Ադոնց. Ամբողջությամբ իրականացվել է այդ 3 մլն եվրո արժողությամբ արագ արձագանքման ծրագիրը, 92 մլն եվրոյի ծրագիրը հետևողական գործընթացի արդյունք կլինի, բայց ես չեմ ասում, որ դա մի տարի կամ տարիներ կտևի, այսինքն՝ արագ, բայց այնուամենայնիվ՝ դեռ ոչ։Հարց. Պարոն Ադոնց, այս օրերին եվրոպական մի շարք երկրներից՝ Լիտվայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հայաստան են գալիս բժիշկներ։ Սրանք այս երկրների կառավարությունների նախաձեռնությու՞նն են, թե Եվրամիությունը՝ որպես կառույց, մեծ դեր ունի այս ամենի մեջ։Ավետ Ադոնց. Սա Եվրոպա թիմի աշխատանքի արդյունք է, որը համակարգում է Բրյուսելը՝ ունենալով ԵՄ այս կամ այն անդամ երկրից առաջարկություն։ Մենք հայտնել ենք Բրյուսելին, որ պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն՝ բժիշկների աջակցության: Անմիջապես արձագանքեցին Լիտվան, Իտալիան և այժմ քննարկվում է գերմանացի բժիշկների ժամանման հնարավորությունը: Երկրորդ ձևաչափը, իհարկե, անձնական կամ մասնավոր նախաձեռնություններն են. օրինակ՝ մասնավոր նախաձեռնությունների արդյունքում այսօր Հայաստանում են ֆրանսիացի, ռուս բժիշկների թիմերը։ Հարց․ Պարոն Ադոնց, եվրոպական այսքան մեծ աջակցությունը պայմանավորվա՞ծ է Հայաստան-ԵՄ լավ փոխհարաբերություններով, թե սրա վրա նաև ազդում է Հայաստանում կորոնավիրուսային ծանր իրավիճակը։ Ավետ Ադոնց․ Նախ և առաջ ոչ միայն Եվրոպական Միության, այլ նաև ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, օրինակ՝ Պարենի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի, բոլոր աջակցության ծրագրերը, որոնք առաջարկվել են մեզ և իրականացվել են Հայաստանում, կրում են բարեկամական բնույթ։ Իսկ եթե Ձեր հարցը վերաբերում էր մասնավորապես ԵՄ-ին, ապա ԵՄ-ի հետ մենք վստահելի գործընկերներ ենք և ԵՄ-ն մեր և՛ քաղաքական, և՛ առևտրա-տնտեսական ամենակարևոր գործընկերներից է։ Հարց․ Արևելյան գործընկերության ղեկավարների և արտգործնախարարների հեռավար գագաթաժողովն էր։ Ինչքանո՞վ էր այն արդյունավետ, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել դրա արդյունքում։ Ավետ Ադոնց․ Գիտեք, այն ոչ թե գագաթաժողով էր, այլ բարձր մակարդակի տեսակոնֆերանս։ Իհարկե արդյունավետ էր, իհարկե այդ երկխոսությունն անհրաժեշտ էր։ Օրակարգում, իհարկե, առաջին հերթին COVID-19-ն էր և դրա հաղթահարումը, ինչպես նաև, անշուշտ, Արևելյան գործընկերության առաջնայնությունների քննարկումը։ Քանի որ այս բարձր մակարդակի հանդիպումն անցկացվում էր տեսակապի միջոցով, որոշում կայացվեց, որ դեկլարացիա կամ վերջնական փաստաթուղթ չի ընդունվի այս անգամ և այն կիրականանա մյուս տարվա սկզբում։ 
17:11 - 01 հուլիսի, 2020
Ցանկություն հայտնած մինչև վերջին քաղաքացին կվերադառնա Հայաստան. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Ցանկություն հայտնած մինչև վերջին քաղաքացին կվերադառնա Հայաստան. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին կտեղափոխվի հայրենիք։ Այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով կորոնավիրուսի օրերին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների խնդրին։ «ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար Մոսկվայից իրականացվել է երեք թռիչք, երեկ և նախորդ օրը թռիչքներ են իրականացվել նաև Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից։ Այդ գործընթացները շարունակվելու են մինչև վերջին ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացին չվերադառնա Հայաստան»,- ասաց Ադոնցը։ Փոխնախարարը նշեց, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին ծանոթ են և մոտ օրերս համապատասխան գործողություններ կիրականացնեն նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
13:59 - 21 ապրիլի, 2020
Հայաստան կբերվեն մոտ 2000 նոր թեստեր, որոնք մի քանի ժամ հետո տալիս են թեստավորման արդյունքերը․ Ավետ Ադոնց

Հայաստան կբերվեն մոտ 2000 նոր թեստեր, որոնք մի քանի ժամ հետո տալիս են թեստավորման արդյունքերը․ Ավետ Ադոնց

Մարտի 14-ից մինչ այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի, աշխարհի տարբեր երկրներից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ «Եթե ինչ-ինչ պատճառով թռիչքը հետաձգվում է, մեր դիվանագիտության ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ անել, որ այդ շրջանն ավելի դյուրին անցնի քաղաքացիների համար։ Մենք ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցիներին վերադարձնենք Հայաստան: Որևէ այլ միջամտում, բացի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից, չի կարող լինել արդյունավետ, և չի կարող օգնել կամ արագացնել ՀՀ քաղաքացու վերադարձը Հայաստան», - ասաց Ավետ Ադոնցը։ Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ փոխնախարարը հորդորեց այդ գործընթացներում ղեկավարվել ՀՀ դիվանագիտության ներկայացուցչությունների, հյուպատոսությունների խորհուրդներով։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց, որ այս պահին իրականացվում է 6 միլիոն դոլար բյուջե ունեցող ծրագիր՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից: «Հայաստան կբերվեն նոր տիպի մոտ 2000 թեստեր, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են թեստավորման արդյունքները»,- հավելեց Ավետ Ադոնցը :
12:42 - 21 ապրիլի, 2020
Եթե հնարավոր չէ տարհանումը, լուծվում է կեցության հարցը. Ավետ Ադոնցը՝ արտերկրում գտնվող հայրենակիցների մասին |shantnews.am|

Եթե հնարավոր չէ տարհանումը, լուծվում է կեցության հարցը. Ավետ Ադոնցը՝ արտերկրում գտնվող հայրենակիցների մասին |shantnews.am|

shantnews.am: Արտաքին գործերի նախարարությունը բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել ՀՀ քաղաքացիներին Չինաստանից, Իտալիայից և այս գիշեր նաև Կալկաթայից տարհանելու ուղղությամբ: Վերջինը պարետի և ԱԳՆ-ի համակարգմամբ և Մայր աթոռի ֆինանսավորմամբ է իրականացվել, և Կալկաթայի հայոց բարեգործական դպրոցից վերադարձել են 68 երեխաներ և ուսուցիչներ: Այս մասին մարտի 31-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասաց Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: «Եթե չկան տարհանումներ, ապա դեսպանությունները ուղղորդում են, թե ինչեպս պետք է վերադառնան, ինչ չվերթներ կան, որոնք են ճիշտ ճանապարհները՝ շատ անգամ նույնիսկ տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելով: Վերադառնալու առումով կան օբյեկտիվ դժվարություններ, կնշեմ դրանցից երեքը` այդ երկրում, ուր գտնվում է մեր քաղաքացին, այն կարանտինային ռեժիմները, որ սահմանափակում են ազատության աստիճանը, երկրորդ՝ տեղափոխման հետ առողջապահական ռիսկերը և 3-րդ` օդային հաղորդակցությզն հետ կապված այսօր խիստ և շատ խիստ սահմանափակումները»,- ասաց Ավետ Ադոնցը և կրկին կոչ արեց մեր համաքաղաքացիներին լավ տիրապետել իրավիճակին և կապի մեջ գտնվեն դեսպանությունների հետ: Ավետ Ադոնցը ևս մեկ անգամ շեշտեց, որ օրեցօր ավելի են դժվարանում օդային հաղորդակցության հետ կապված խնդիրները: «Եթե չի հաջողվում վերադառնալ, դիվանագիտական ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որ կարգավորվի մեր քաղաքացիների կացությունը այդ երկրում՝ ապահովելով այն մինիմում անհրաժեշտը, որ պետք է կացությունը ապահովելու համար և դա արվում է՝ օգտագործելով մեր համայնքային ռեսուրսները»,- հայտնեց Ադոնցը: Փոխնախարարը նաև ներկայացրեց այն ֆինանսական օգնությունը, որ Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
13:47 - 31 մարտի, 2020
ՀՀ քաղաքացիների համար կան հայրենիք վերադառնալու օբյեկտիվ դժվարություններ․ Փոխարտգործնախարար |hetq.am|

ՀՀ քաղաքացիների համար կան հայրենիք վերադառնալու օբյեկտիվ դժվարություններ․ Փոխարտգործնախարար |hetq.am|

hetq.am: Արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների համար կան հայրենիք վերադառնալու օբյեկտիվ դժվարություններ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասած արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: «Առաջինը՝ այդ երկրում այն կարանտինային ռեժիմը, որը սահմանափակում է ազատության աստիճանը: Երկրորդը՝ առողջապահական ռիսկերը, և երրորդը, իհարկե, օդային հաղորդացկության հետ կապված սահմանափակումները: Դրա համար կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ որոշումն ընդունելուց հետո լավ տիրապետել իրավիճակին, ուսումնասիրել, թե ինչպես են վերադառնում, կապի մեջ գտնվել դեսպանությունների հետ և համակարգված ձևով փորձել իրականացնել դա»,- նշեց փոխարտգործնախարարը: Նրա խոսքով՝ 46 երկրներում գտնվում է Հայաստանի Հանրապետության մի քանի հարյուր քաղաքացի, որոնց բոլորին անուն-ազգանուններով գիտեն, և նրանք մշտական կապի մեջ են դեսպանությունների հետ, որոնք էլ փորձում են գտնել այն օպտիմալ և հասցեավորված միջոցները, որոնք կամ ՀՀ քաղաքացիներին կվերադարձնեն հայրենիք կամ նրանց համար տեղում կապահովեն անվտանգ պայմաններ:  Ավետ Ադոնցն ասում է, որ այսօրվա դրությամբ օդային հաղորդակցության հետ կապված խնդիրներ կան, և եթե մեկ շաբաթ առաջ ասում էին, որ «Աերոֆլոտ»-ն է միակ կանխատեսելի եղանակը հայրենիք վերադառնալու, ապա այսօր այդ հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են: Արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով՝ ակտիվ աշխատանքներ են տանում պարետատան և առողջապահության նախարարության հետ՝ բժշկական սարքավորումների և նյութերի Հայաստան ներկրելու առնչությամբ:  «Սա շատ համակարգված աշխատանքի արդյունք պետք է լինի: Հիմա քննարկում ենք, և նախապատրաստական աշխատանքներ են տարվում որոշակի քանակի բժշկական սարքավորումներ Հայաստան ներմուծելու առումով: Դրա հետ մեկտեղ մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստան է ներմուծվել փոքրաքանակ, բայց խիստ անհրաժեշտ քլորոկին դեղորայքը, որը շատ պահանջված է աշխարհում»,- ասաց փոխնախարարը: Ավետ Ադոնցը նշում է, որ ակտիվ համագործակցում են նաև միջազգային գործընկերների հետ՝ Եվրամիության, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ: Փոխնախարարը բարձր գնահատեց նրանց կողմից ցուցաբերված աջակցությունը:  «Անում ենք ամենը, որպեսզի դյուրացվի բեռնափոխադրումները դեպի Հայաստանի Հանրապետություն: Եվ այստեղ շատ բարձր եմ ուզում գնահատել մեր փոխգործակցության որակն ու մակարդակը Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որովհետև այսօր շատ կարևոր է ունենալ անվտանգ բեռնափոխադրումներ»,- նշեց Ավետ Ադոնցը:
12:57 - 31 մարտի, 2020