Ասիական զարգացման բանկ

Կառավարությունը հաստատեց. ԱԶԲ-ն COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին հատկացնում է 2 մլն դոլար |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց. ԱԶԲ-ն COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին հատկացնում է 2 մլն դոլար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կստանա 2 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Կառավարությունը հավանություն տվեց դրամաշնորհային համաձայնագրի  հաստատմանը: Ըստ հիմնավորման, դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար,  մասնավորապես պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակի տարածման վիճակագրությունը՝ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը կենսական նշանակություն ունի պանդեմիայի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար»,- ասված է հիմնավորման մեջ։
13:17 - 24 սեպտեմբերի, 2020
Ասիական զարգացման բանկը Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 4% անկում |civilnet.am|

Ասիական զարգացման բանկը Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 4% անկում |civilnet.am|

civilnet.am: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանում 2020-ին կանխատեսում է 4% անկում՝ ապրիլին կանխատեսած 3,5 տոկոս անկման փոխարեն։ Այս մասին նշվում է ԱԶԲ-ի այսօր հրապարակած զեկույցում։ Սպասվում է, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճը կավելանա՝ 2021-ին հասնելով 3,5%-ի։ COVID-19-ի պայմաններում մեկ տարի առաջ գրանցված 7% ՀՀ տնտեսական աճը դադարեց՝ այս տարվա առաջին կեսին կրճատվելով 5,7%-ով։ ՀՀ-ի համար գնաճի կանխատեսումը ապրիլի 2,8%-ից իջեցվել է 1,4%-ի այս տարի՝ պայմանավորված ներքին և արտաքին թույլ պահանջարկով, նավթի ցածր գնով և բավականին կայուն փոխարժեքով։ «ՀՀ տնտեսության վրա COVID-19-ի ունեցած լիարժեք ազդեցությունը դեռևս պետք է ամբողջությամբ գնահատել, սակայն COVID-19-ի արդյունքում գլոբալ ցնցումը սպասվում է մինչև 2020-ի տարեվերջ, որն էլ կհանգեցնի առևտրի, դրամական փոխանցումների և զբոսաշրջության հետագա թուլացման»,- ասել է ԱԶԲ երևանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։  ԱԶԲ-ի այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ վերջին գրեթե վեց տասնամյակների ընթացքում զարգացող Ասիայի տնտեսություններն այս տարի առաջին անգամ կկրճատվեն, սակայն վերականգնումը կվերսկսի հաջորդ տարի, երբ տարածաշրջանը սկսի դուրս գալ թագավարակի համավարակի (COVID-19)  հասցրած տնտեսական ավերածություններից։  Ասիական զարգացման հեռանկարները 2020-ի թարմացման շրջանակներում զարգացող Ասիայի համար այս տարի կանխատեսվում է -0,7% ՀՆԱ աճ, որը 1960-ականների սկզբներից ի վեր առաջին բացասական աճը կլինի։ Աճը կհասնի 6,8%-ի 2021-ին։
22:01 - 15 սեպտեմբերի, 2020
Հետազոտվում են տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները |armenpress.am|

Հետազոտվում են տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները |armenpress.am|

armenpress.am: COVID-19 համավարակի ընթացքում հեռավար ուսուցման անցած աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում հետազոտություններ իրականացնելու համար ընտրվել է 24 ընտանիք, որոնցից 10-ի հետ արդեն իրականացվել են հարցազրույցներ։ Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները։ Մեզ հետ զրույցում՝ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ուսումնասիրել, թե ինչ խնդիրների են բախվել COVID-19 համավարակի ընթացքում, վերոնշյալ խմբերի համար հատկապես ինչն է սթրեսային իրավիճակ ստեղծել։ «Ծրագիրը բոլորովին վերջերս է մեկնարկել և այժմ հստակ մեթոդաբանությամբ իրականացվում է նախնական հետազոտական փուլը։ Մեր հետազոտությունը վերաբերում է տարրական դպրոցին, որտեղ սովորում է 154 հազար 409 աշակերտ։ Այս ընթացքում ընտրվել են ընտանիքներ, որտեղ հոգեբանների կողմից հարցաքննվում են ծնողներն ու աշակերտները, կրթական մասնագետների կողմից էլ տարրական դասարանների ուսուցիչները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մշակել ենք հատուկ գործիքներ, որոնցով էլ իրականացվում են հետազոտությունները»,- նշեց Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ ուսուցիչների հետ կապված հետազոտությունը բաղկացած է երկու մասից՝ փորձագիտական և քանակական։ Փորձագիտական հետազոտությունների ընթացքում մասնագետները խորքային հարցազրույցներ են անցկացնում և հավաքագրում որակական տվյալներ, իսկ քանակականի ժամանակ ուշադրություն կդարձվի տեխնիկական խնդիրներին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 380-400 ուսուցչի։ «Քանակական հետազոտության հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչ տեխնիկական խնդիրներ են ունեցել մեր ուսուցիչները, որովհետև դրա բացակայությունը, սարքավորումներից օգտվել չկարողանալու հանգամանքը նույնպես հանգեցրել է սթրեսային իրավիճակների։ Փորձագիտական հետազոտության միջոցով կկարողանանք պարզել, թե հեռավար ուսուցման ժամանակ ինչպիսի կազմակերպչական խնդիրներ են եղել, ինչ աջակցություն է ցույց տրվել դպրոցի կողմից, ուսուցիչ-ծնող, ուսուցիչ-երեխա ինչպիսի հարաբերություններ են եղել և այլն։ Երեխաների հետ կապված կարող եմ ասել, որ նրանց հետ հատուկ գործիքակազմով աշխատանքներ են տանում մանկական հոգեբանները։ Այս պարագայում մենք մի քանի չափորոշիչ ենք ընտրել՝ խոցելի և ոչ խոցելի ընտանիքներ։ Խոցելի ընտանիքների չափանիշներն այլ են, և հիմնականում ուսումնասիրում ենք դժվարին իրավիճակում հայտնված բազմազավակ ընտանիքները։ Դրանց դեպքում ուշադրություն ենք դարձրել երեք հանգամանքի վրա՝ խոցելի ընտանիքի տնից աշխատող ծնող, խոցելի ընտանիքի դրսից աշխատող ծնող և խոցելի ընտանիքի չաշխատող ծնող»,- ասաց Սիմոնյանը։ Նա շեշտեց, որ բոլոր համայնքներից ընտրվել են ընտանիքներ՝ համայնքային սոցիալական աշխատողների հետ համագործակցելով։ Այս պահին բոլոր մարզերից նախնական ընտրված է 24 ընտանիք։ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրենն ընդգծեց, որ այս ընտանիքների հարցումների ընթացքում նախապես մշակված գործիքները հնարավորություն կտան նախանշել բոլոր որակական խնդիրները։   «10-ից ավելի ընտանիքի հետ արդեն իրականացվել են հարցազրույցներ, ես նույնպես մանկական հոգեբանի հետ ներկա եմ եղել ընտանիքներ այցելությանը։ Սա միակ գործընթացն է եղել, որ իրականացվել է դեմ առ դեմ, մնացածը՝ հեռավար կերպով»,- նշեց Սիմոնյանը։ Սեպտեմբերի 15-ին կավարտվի հետազոտական փուլը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ունենալ և՛ քանակական, և՛ որակական վերլուծությունը։ Այս ամենից հետո անցում կկատարվի երկրորդ փուլին, որի ժամանակ կմշակվեն նոր գործիքներ, համապատասխան նյութեր կունենան, որպեսզի հնարավոր լինի աջակցել ծնողներին, երեխաներին և ուսուցիչներին։ Ծրագրի շրջանակում գործելու է նաև թեժ գիծ, որը շուտով կգործարկվի: Այն սպասարկվելու է սոցիալական աշխատողի կողմից, ով հատուկ մշակված ձևով պետք է հավաքագրի հեռավար ուսուցման հարցերին վերաբերող խնդիրները։ «Սեպտեմբերի 15-ից սկսած կգործարկվի թեժ գիծը և կաշխատի մինչև դեկտեմբեր ամիսը։ Այս գործընթացներից հետո ստացված բոլոր տեղեկությունները հանձնելու ենք ԿԳՄՍ նախարարություն։ Խնդիրների հավաքագրումից բացի, մենք կտեսնենք նաև, թե սոցիալական ինչ խնդիրներ կան։ Դրանք էլ սոցիալական աշխատանքի միջոցով կուղղորդվեն համապատասխան տեղեր։ Կան ռեսուրսներ, ծառայություններ, որոնց միջոցով հնարավոր է լուծել բոլոր խնդիրները։ Թեժ գծի շրջանակում կլինեն խնդիրների հավաքագրման, իրազեկման և ուղղորդման գործընթացներ»,- շեշտեց Սիմոնյանը։ Աշխատանքներ են տարվելու՝ հասկանալու համար, թե ծնողական համայնքում կարողությունների ինչպիսի զարգացում հնարավոր է անել, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում նրանք լինեն ավելի սթրեսակայուն։
12:33 - 10 սեպտեմբերի, 2020
Վարչապետը և Ասիական զարգացման բանկի նախագահը քննարկել են գործընկերության օրակարգը

Վարչապետը և Ասիական զարգացման բանկի նախագահը քննարկել են գործընկերության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասագավայի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մասացուգու Ասագավային ԱԶԲ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հրավիրել այցելել Հայաստան՝ համավարակի ավարտից հետո: Վարչապետը նշել է, որ ԱԶԲ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է, և մեր երկրում տարբեր՝ տրանսպորտի, էներգետիկայի, քաղաքաշինության, առողջապահության և կրթության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերը, ՀՀ մասնավոր հատվածի զարգացմանը ցուցաբերվող աջակցությունը վկայում են գործընկերության արդյունավետության մասին: «Մենք կարևորում ենք ԱԶԲ հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով ԱԶԲ կողմից Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրումը: Մասացուգու Ասագավան ջերմորեն ընդունել է վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործընկերության խորացումը: ԱԶԲ նախագահը ողջունել է կառավարության՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերը և վերահաստատել ինչպես գործընկերության ծրագրով, այնպես էլ համավարակի հարուցած տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղղությամբ Հայաստանին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Պարոն Ասագավան նշել է, որ ԱԶԲ-ի և Հայաստանի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն, որի շրջանակում շարունակաբար իրականացվում են ՓՄՁ օժանդակության նախաձեռնությունները, տրանսպորտային, էներգետիկ, առողջապահական, ֆինանսական, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում նախանշված ծրագրերը: Վարչապետը և ԱԶԲ նախագահը քննարկել են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության օրակարգի հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ընթացիկ իրավիճակի, դրա տնտեսական և սոցիալական հետևանքների հաղթահարման ուղղությամբ տարվող քաղաքականության, այս համատեքստում գործակցության հեռանկարների շուրջ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ նախագահին՝ աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Հայաստանի կառավարությունը համավարակից հետո տնտեսության վերականգնման միջոցառումների փաթեթ է մշակում, որոնց իրականացման գործում մեծապես կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱԶԲ հետ համագործակցությունը:
17:35 - 19 օգոստոսի, 2020
Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2.2% տնտեսական աճի դանդաղում, իսկ 2021-ին` 4.5% |hetq.am|

Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2.2% տնտեսական աճի դանդաղում, իսկ 2021-ին` 4.5% |hetq.am|

hetq.am: «Ասիական զարգացման հեռանկարներ (ԱԶՀ) 2020-ի» (Asian Development Outlook (ADO) 2020), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարեկան առաջատար տնտեսական հրապարակման համաձայն, նոր թագավարակի (COVID-19) պանդեմիայի (համավարակ) ազդեցության ներքո զարգացող Ասիայում տարածաշրջանային տնտեսական աճը կտրուկ կնվազի 2020թ.-ին՝ մինչ 2021թ.-ին վերականգնվելը։ Զեկույցի շրջանակներում կանխատեսվում է, որ 2020թ-ին տարածաշրջանային աճը կկազմի 2.2%՝ 2019թ.-ի սեպտեմբերին ԱԶԲ-ի կանխատեսված 5.5%-ից 3․3 տոկոսային կետով իջեցում։ Ակնկալվում է, որ 2021թ-ին աճը կավելանա՝ հասնելով մինչև 6.2%-ի այն ենթադրությամբ, որ բռնկումը կավարտվի և գործունեությունը կկարգավորվի։ Բացառությամբ Հոնկոնգի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Սինգապուրի, Թայբեյի, Չինաստանի ինդուստրիալ նոր տնտեսությունների՝ կանխատեսվում է, որ զարգացող Ասիայի աճն այս տարի կկազմի  2.4%՝ 2019թ-ի 5.7%-ի համեմատ՝ նախքան հաջորդ տարի 6.7%-ի հասնելը։  «Համաշխարհային համավարակի զարգացումը, ուստի և համաշխարհային և տարածաշրջանային տնտեսության հեռանկարները խիստ անորոշ են։ Աճը կարող է ավելի ցածր լինել, իսկ վերականգնումը՝ ավելի դանդաղ, քան այժմ կանխատեսում ենք։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուժեղ և համակարգված ջանքեր գործադրել՝ COVID-19-ի համավարակը զսպելու և վերջինիս ունեցած տնտեսական ազդեցությունը, հատկապես ամենախոցելիների վրա մինիմիզացնելու համար», - ասաց ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յասույակի Սավադան։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (ՉԺՀ) COVID-19-ի բռնկման պատճառով առաջին եռամսյակում արդյունաբերության, ծառայությունների, մանրածախ վաճառքի և ներդրումների ծավալների կտրուկ կրճատումը այս տարի կհանգեցնի աճի տեմպերի նվազեցման մինչև 2․3%-ի։ Աճը կվերականգնվի՝ հասնելով նորմալից բարձր 7.3%-ի 2021թ-ին՝ նախքան կվերադառնա աճի նորմալ տեմպին։ Հնդկաստանում վիրուսի տարածումը, ինչպես նաև գլոբալ վիճակի թուլացումը զսպելուն ուղղված միջոցառումները առ ոչինչ կդարձնեն հարկերի նվազեցման և ֆինանսական հատվածի բարեփոխումների օգուտները։ Կանխատեսումների համաձայն՝ 2020 ֆիսկալ տարում (ՖՏ) Հնդկաստանում աճը կդանդաղի՝ հասնելով 4.0%-ի՝ նախքան 2021 ՖՏ-ում 6.2%-ի չափով ամրապնդվելը։  Հայաստանում, տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունն արտացոլելով՝ կանխատեսվում է, որ 2020թ.-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում, իսկ հետո՝ 2021թ.-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ-ին և 2020թ-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։ Ակնկալվում է, որ 2020թ-ին գնաճը և ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021թ-ին միջինանալը։ Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճ ապահովելու համար։ Ասիայում թուլության մեծ մասը պայմանավորված է արտաքին միջավայրի վատանալով՝ ԱՄՆ, եվրոգոտու և Ճապոնիայի արդյունաբերական խոշոր տնտեսություններում աճի ստագնացիայով կամ անկումով։ Ապրանքների և նավթի որոշ արտահանողներ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիայի երկրները, կտուժեն հումքի գների անկումից։ Ակնկալվում է, որ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար այս տարի կկազմի միջինում  $35՝ 2019թ.-ին մեկ բարելի համար $64-ի համեմատ։  Ավելին՝ hetq.am-ում
17:12 - 03 ապրիլի, 2020
Շիրակի փողոցը կապվում է Ծովակալ Իսակովի պողոտային. Արգավանդի որոշ հողատարածքներ գերակա հանրային շահ ճանաչվեցին |news.am|

Շիրակի փողոցը կապվում է Ծովակալ Իսակովի պողոտային. Արգավանդի որոշ հողատարածքներ գերակա հանրային շահ ճանաչվեցին |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 12-ի նիստում որոշում կայացրեց հիմք ընդունելով Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները` Արարատի մարզի Արգավանդ համայնքի 168․16 քմ մակերեսով հողատարածքի  նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Որոշման հիմնավորումներում նշվում է. Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող  Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Արգավանդի ճանապարհային հանգույցը (Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույց) Շիրակի փողոցին (այսուհետ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատված) միացնող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները: Ճանապարհաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, եւ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ` ա. Հարակից տարածքներում իրականացվելու են խոշորածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, որոնց կատարումը ներառում է նաեւ բարձրավոլտ էլեկտրական մալուխների տեղափոխում, ինչպես նաեւ համապատասխան հենասյան տեղադրման աշխատանքներ: Վերոնշյալ ճանապարհային հատվածի կառուցումը նախատեսված է Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով, եւ մաս է կազմում Երեւանի արեւմտյան շրջանցիկ ճանապարհի, ինչը անհնար է իրականացնել առանց նշված սեփականության օտարման, բ. Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երեւանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը, գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երեւան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները. Սահմանվել է, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը. Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 (երկու) ամիսը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Կարգի պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվել են հանդիպումներ տեղում. ներկայացվել է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, միաժամանակ, տեղեկատվություն է տրամադրվել նաև հեռախոսով:
12:32 - 12 մարտի, 2020
Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն  այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ: Փոխնախարարը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում և սերտ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում  համագործակցության մի շարք հարցեր: Պաոլո Սպանտիգատին նշել է, որ համագործակցության հարցում Ասիական զարգացման բանկը բավական ակտիվ է եղել մասնավոր հատվածի  հետ և ընդգծել, որ ի դեմ Հայաստանի՝ ունեն տարածաշրջանում համագործակցության լավագույն օրինակներից մեկը: Սպանտիգատին նշել է նաև, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների գործընթացը ևս դիտարկում են մասնավոր հատվածի գործունեության համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորման լույսի ներքո, և այդ նպատակի համար պատրաստ են համագործակցել և´ Արդարադատության նախարարության, և´ Բարձրագույն դատական խորհրդի հետ: Փոխնախարար Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած դատաիրավական ոլորտի բարեփոխումների այն շրջանակը, որը սերտ առնչություն ունի մասնավոր հատվածի գործունեությանը և գործարար միջավայրի խթանմանը: Մասնավորապես՝ անդրադարձել է էլեկտրոնային գործիքակազմի ներդրմամբ դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի ինստիտուտի կայացմանը, ինչպես նաև սնանկության գործերի քննման ժամանակահատվածի կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա համագործակցության հարցերի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
15:44 - 09 մարտի, 2020