Հայկական բարեգործական ընդհանուր միություն - ՀԲԸՄ

ՀԲԸՄ-ն առաջարկություններ է ներկայացրել հանրակրթության չափորոշիչների մասին

ՀԲԸՄ-ն առաջարկություններ է ներկայացրել հանրակրթության չափորոշիչների մասին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ ուշադրությամբ հետևում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնված Հայաստանի հանրակրթության համակարգում որակական փոփոխություններ իրականացնելու գործընթացին։  «Մեր ազգային ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների ու պատմական ժառանգության վերաբերյալ այս ծրագրային փոփոխություններն իրենց լրջագույն հետևանքները կարող են ունենալ ինչպես հայրենի, նույնպես սփյուռքի հայության համար»,- գրված է հայտարարությունում։ «Չափորոշիչների և ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ առաջադրված ծրագրային փոփոխությունների շրջանակում նախատեսվում են առարկաների կրճատում ու վերադասավորումներ, որոնք հանրային քննարկումների առարկա են դարձել, արծարծելով նաև տարբեր մտահոգություններ այդ փոփոխությունների համար հիմք ծառայող տրամաբանության, կրթական մոտեցումների ու համաշխարհայնացման դրսևորումներ շուրջ: Այս երևույթն առավել ևս շեշտում է մեր այն համոզումը, որ անհրաժեշտ է առարկաների ընտրության, համապատասխան տարիքային փուլերի ու դասաժամերի բաշխման և ուսուցման միջոցառումների որդեգրման ու  վերապատրաստման աշխատանքները կատարվեն մասնագետների լայն ներգրավվածությամբ և համագործակցությամբ` ավելի երկար ժամանակ հատկացնելով ուսումնասիրության ու քննարկումների համար»:   ՀԲԸՄ-ի ներկայացրած ամբողջական առաջարկությունները՝ այստեղ։ 
12:49 - 04 օգոստոսի, 2020
Մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Օգոստոսի 3-ին մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի մեկնարկը պաշտոնապես կտրվի ժամը 19:00-ին՝ հեռավար միջոցառման ժամանակ։ Միջոցառմանը ացման խոսքով հանդես կգան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը: Առցանց հադիպմանը որպես հրավիրյալ խոսնակներ կմասնակցեն նաև «Adesto տեխնոլոգիաներ» ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը, NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը և այլք։ Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորությունը՝ Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը: Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ: Բացման ընթացքում անդրադարձ է կատարվելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի համագործակցությանը, ծրագրի նշանակությանը և ընթացքին, ծրագրի մասնակից՝ ոլորտում հայտնի, կայացած մենթորներին և խոսնակներին, ծրագրի վերջնական արդյունքին: ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը ներկայացնելու է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը, որից հետո խոսքը տրվելու է ծագումով հայ՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ խոսնակներին: «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով: Ինկուբացիոն բաղադրիչն իրականացվելու է Դրեյփերի համալսարանի կողմից, որին մինչև տարեվերջ մասնակցելու հնարավորություն կստանան առնվազն 15 հայ հաջողակ ձեռներեցներ: Աքսելերացիոն բաղադրիչը ներառում է Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետների, ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչերի, ընկերությունների հիմնադիրների և տնօրեների հետ հանդիպումներ, որոնք ամբողջ ծրագրի ընթացքում գործնական խորհուրդներ կտրամադրեն մասնակիցներին: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա մուտք գործելու միջազգային շուկաներ կամ աշխատել   ընդլայնման ուղղությամբ: «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում է հիմնադրվելու նաև «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ֊ը», որը տեղակայվելու է Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում և դառնալու է կրթական, հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականցման հարթակ:  
13:04 - 03 օգոստոսի, 2020
ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն

ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչությունը հուլիսի 13-ին հայտարարությամբ է հանդես եկել Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասված է. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին։ Մեր աշխարհասփյուռ անդամներով և գլոբալ ցանցով հանդերձ` ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին և կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի անհիմն ռազմական ագրեսիան, որը սպառնալիք է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»։
12:53 - 14 հուլիսի, 2020
ԿԳՄՍՆ-ն ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ կազմակերպում է կրթական առցանց աշխատաժողովներ

ԿԳՄՍՆ-ն ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ կազմակերպում է կրթական առցանց աշխատաժողովներ

2020 թվականի օգոստոսի 22-24-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ (ՀՎՀ) միասին կազմակերպում է «Հայաստան–սփյուռք համագործակցությունը covid-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Աշխատաժողովների հիմնական նպատակն Է քննարկել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ հեռավար կրթության դերն ու նշանակությունը, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված կրթական ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի համար հեռավար կրթական ծրագրերի դրական ներուժի զարգացման հեռանկարները: Աշխատաժողովներին կարող են մասնակցել սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության հարցերով հետաքրքրված մարմիններ, անձինք (դասագրքերի և ծրագրերի հեղինակներ, դասախոսներ, ուսուցիչներ), հեռավար կրթության կազմակերպիչներ: Աշխատաժողովների թեմատիկ ուղղությունները և օրակարգը. Աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ ուղղություններով. Հեռավար կրթության դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում. Սփյուռքի տարբեր հատվածների հորիզոնական համագործակցության հնարավորությունները և հեռանկարները. Հայաստանի Հանրապետության՝ սփյուռքում կրթության գործին աջակցության ծրագրերը, դրանց նպատակները և բովանդակությունը: Աշխատաժողովների թեմատիկ օրակարգը ձևավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի, Արցախի ու սփյուռքի մասնակիցների առաջարկների հիման վրա: Առավել մեծ նշանակությունը տրվում է թագավարակի պայմաններում սփյուռքում համակարգված, ինստիտուցիոնալ որոշումների հիման վրա աշխատանքի կազմակերպման դրական փորձի ներկայացմանը: Ակնկալվում է բացահայտել այնպիսի հեռավար ուսուցման պրակտիկաներ, ծրագրեր, մեթոդներ, որոնք հնարավոր կլինի տարածել նաև այլ համայնքներում և որոնք կարող են ընդհանուր կրթական դաշտի համար նախապայման հանդիսանալ: Աշխատաժողովներին մասնակցելու ցանկացողները կարող են գրանցվել 2020թ. հուլիսի 15-ից մինչև 2020թ. օգոստոսի 21-ը: Մասնակցելու հայտը տեղադրված է լինելու նշված ժամկետում www.avc-agbu.org կայքում, իսկ դրա հղումը նաև՝ www.escs.am կայքում: Առաջարկների և զեկուցումների (ներկայացումների) համար գրանցումը բաց է լինելու 2020թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը: Հայտաձևը տեղադրված է լինելու նշված ժամկետում www.avc-agbu.org կայքում, իսկ դրա հղումը նաև՝ www.escs.am կայքում: Աշխատաժողովների ձևաչափը. Աշխատաժողովներն անցկացնելու համար նախատեսվում է օգտագործել ՀԲԸՄ ՀՎՀ-ի հարթակը, որտեղ կտեղադրվեն հայտարարություններ, օգտակար հղումներ, օրակարգը, խոսնակների զեկույցների համառոտ նկարագրությունը, կկազմակերպվեն առցանց քննարկումներ: Աշխատաժողովները կանցկացվեն առցանց՝ Zoom հարթակում, իսկ կայացած առցանց աշխատաժողովների տեսագրությունները կտեղադրվեն ՀՎՀ-ի հարթակում:
12:25 - 07 հուլիսի, 2020