Անցումային արդարադատություն

Մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի հետ կապված ժառանգության հաղթահարման դատական և ոչ դատական մեխանիզմներ (միջոցառումներ): Նման միջոցառումները ընդգրկում են քրեական հետապնդում, իսկության պարզման հանձնաժողովներ, փոխհատուցման ծրագրեր և բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Անցումային արդարադատությունը ընդունվում է բռնության և հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում և ուղեկցվում է հասարակական վստահությունը և արդարադատության տապալված համակարգը վերականգնելու, կառավարման ժողովրդավարական համակարգը կառուցելու հասարակության ձգտումով:

[Զրույց անցումային արդարադատության մասին․ մաս 1-ին] Անպատժելիության վերացումն ու համերաշխության հաստատումը․ Կարեն Զադոյան

[Զրույց անցումային արդարադատության մասին․ մաս 1-ին] Անպատժելիության վերացումն ու համերաշխության հաստատումը․ Կարեն Զադոյան

Անցումային արդատադատության չորս հիմնական մեխանիզմների` քրեական արդարադատության, ճշմարտության որոնման, փոխհատուցումների և համակարգային բարեփոխումների մասին զրուցել ենք «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Կարեն Զադոյանի հետ: Մաս 1-ին. -Անցումային արդատադատության չորս հիմնական մեխանիզմ է առանձնացվում՝ քրեական արդարադատություն, ճշմարտության որոնում, փոխհատուցումներ և համակարգային բարեփոխումներ։ Անդրադառնանք սրանցից յուրաքանչյուրին։ Քրեական արդարադատությունն իրենից ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ նպատակներ ունի և ինչպե՞ս է իրականացվելու։ - Քրեական արդարադատության մեխանիզմի հիմնական նպատակն է վերականգնել արդարությունը, որպեսզի քաղաքացիները հասկանան՝ արդեն վերացել է անպատժելիության միջավայրը, և գործում է պատժի անխուսափելիությունը։ Եվ որևէ մեկը, եթե կատարել է հանցագործություն, չի կարող պատասխանատվությունից խուսափել, բայց անպատժելիության միջավայրի վերացումն ու համերաշխության հաստատումը պետք է դիտարկել մեկ օրգանիկ կապի մեջ` վերջնական նպատակ դիտարկելով համերաշխության հաստատումը։ Քրեական արդարադատության մեխանիզմի ներքո գործում են մի քանի ենթամեխանիզմներ։ Երբ ազգային դատական համակարգն ի վիճակի չէ ինքնուրույն իրականացնել պատժի անխուսափելիությունն ապահովող միջոցառումները և վերականգնել արդարադատությունը, կան միջազգային մի քանի մեխանիզմներ։ Առաջինը ունիվերսալ իրավասություններ ունեցող միջազգային քրեական դատարանն է, որը Հայաստանի համար անցումային արդարադատության իրականացման դեպքում կիրառելի չէ։ Այն հիմնականում կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ կա ռազմական բախում, ռազմական հանցագործություններ։ Երկրորդ դեպքում նույնպես, երբ կրկին ազգային դատական համակարգն ամբողջապես տապալված է և ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն, ստեղծվում է իրավիճակային դատարան՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, և այդ նպատակով գործուղում են միջազգային մասնագետներ։ Սա նույնպես Հայաստանի համար կիրառելի չէ, որովհետև այն կարծիքին չեմ, որ մեր դատական համակարգը տապալված է: Երրորդը, երբ տվյալ ազգային դատական համակարգն ի վիճակի չէ ամբողջովին իրականացնել արդարադատություն, կրկին ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծվում է հիբրիդային դատարան, որտեղ մի մասը միջազգային մասնագետներն են, մյուս մասը՝ տեղական։ Սրա հիմնական նպատակն է նաև օգնել ազգային դատական համակարգի կարողությունների զարգացմանը։ Կարծում եմ, որ սա նույնպես Հայաստանի համար կիրառելի չէ, քանի որ այստեղ նույնպես վտանգվում է Հայաստանի դատական իշխանության սուվերենությունը: Եվ չորրորդ ենթամեխանիզմը ներպետական դատական համակարգի միջոցով քրեական արդարադատության իրականացումն է։ Մենք կարծում ենք, և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից պատրաստած «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույցում արտացոլվում է, որ Հայաստանում անցումային արդարադատության շրջանակներում քրեական արդարադատություն պետք է իրականացվի միայն մեր ազգային դատական համակարգի միջոցով՝ սահմանադրական լուծումների շրջանակում։ Մեր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով ստեղծել մասնագիտացված դատարաններ։ Կարծում ենք՝ հենց մասնագիտական դատարանների միջոցով կարող է իրականացվել քրեական արդարադատությունը։ Օրինակ, եթե դիտարկենք կոռուպցիոն հանցագործությունները, ապա կարող են ստեղծվել կոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված դատարաններ, որոնք էլ կքննեն կոռուպցիոն հանցագործությունների բոլոր դեպքերը, ընդ որում՝ նաև անցումային արդարադատության իրականացումից հետո, այսինքն՝ կստեղծվի մշտապես գործող ինսիտուցիոնալ համակարգ։ Ինչպես նշեցի, քրեական արդարադատության հիմնական խնդիրը ոչ թե պատժելն է մարդկանց, այլ հաշտություն, համերաշխություն հաստատելը, և ամենակարևոր գործիքն այստեղ համաներման ինստիտուտն է։ Երբ նախկին իրավախախտները պատմում են իրենց կողմից կատարված իրախախտումներ մասին, իրենց ակնկալիքը մեկը պետք է լինի՝ ճշարտությունը հայտնել, ներում հայցել, հաշտվել և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ոչ թե բոլոր իրավախախտներին պետք է պատժել, այլ հանցավոր բուրգի վերևում գտնվող, այդ մեխանիզմները նախագծած ճարտարապետներին, ընդամենը մի քանիսին։ Մյուսները պետք է վստահ լինեն, որ երբ կպատմեն ճշմարտությունը, համաներման միջոցով կազատվեն քրեական հետապնդումից, քանի որ նրանք նույնպես հանդիսացել են համակարգի զոհերը: -Ավելի հաճախ խոսվում է անցումային արդարադատության երկրորդ մեխանիզմի՝ ճշմարտության որոնման գործընթացի մասին։ Ի՞նչ ճանապարհով պետք է ձևավորվի դա իրականացնող հանձնաժողովը, ի՞նչ գործառույթ է այն կատարելու։ - Ճշմարտության որոնման գործընթացի մեխանիզմն օգնում է անցումային փուլում գտնվող հասարակություններին ուսումնասիրել անցյալում կատարված իրավախախտումներն ու կանխարգելել դրանց կրկնությունն ապագայում։ Դա սովորաբար իրականացվում է ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովների միջոցով։ Աշխարհի շուրջ 30 երկրներում այս փորձը կա։ Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է իմանա պատմության տվյալ փուլի մասին ճշմարտությունը։ Սա կարևոր է ոչ միայն այն մարդկանց համար, որոնց իրավունքները խախտվել են, այլ ընդհանրապես բոլոր քաղաքացիների համար։ Հիմնականում պառլամենտի կողմից են ստեղծվում այս հանձնաժողովները, ներգրավվում են տարբեր մասնագետներ։ Ստեղծման փուլն էլ պետք է լինի թափանցիկ և հաշվետու, իսկ այն անձինք, որոնք ընտրվելու են, պետք է լինեն մասնագիտորեն կոմպետենտ, բարձր հաշվետվողականություն, բարոյական նկարագիր ու հակակոռուպցիոն վարքագիծ ունենան։ Կարևոր է, որ հնարավորինս լայն համախոհություն լինի հիմնական դերակատարների միջև՝ և՛ պառլամենտական քաղաքական ուժերի, և՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղհասարակության մասնագիտացված կառույցների միջև։ Այս հանձնաժողովները չունեն քվազի դատական որևէ ֆունկցիա, իրենց հիմնական գործառույթը լինելու է փաստահավաք առաքելությունը, որի հիման վրա, իրենց գործունեության ավարտին հրապարակելու են զեկույց՝ հիմնված այդ փաստերի վրա։ Եթե դրանք փաստեր կպարունակեն հանցագործությունների մասին, բնականաբար, արդեն քրեական արդարադատության մեխանիզմի շրջանակներում դրանց ընթացք կտրվի։ Սակայն, այդ հանձնաժողովների հիմնական խնդիրն է, որ այդ զեկույցի հրապարկումից հետո քաղաքական գնահատական տրվի անցյալին, նոր էջ բացվի` բացառելու անցյալին վերադարձը։ Այս հանձանաժողովներում կարող են ներգրավվել նաև նախորդ վարչակարգի ներկայացուցիչներ, որովհետև, եթե երկու կողմերի ներկայացուցիչներն էլ կան, բնականաբար, վերջնական զեկույցն ավելի օբյեկտիվ կլինի։ -Ճշմարտության հանձնաժողովները փաստերը հավաքելու են միայն քաղաքացիների պատմած պատմությունների, ինքնախոստովանությունների միջոցո՞վ, թե՞ այլ միջոցներով ևս փնտրելու են այդ տեղեկատվությունը։ -Կոնկրետ օրենքը, որի հիման վրա կստեղծվի այդ հանձնաժողովը, հնարավորություն կտա ապացույցներ հավաքել տարբեր օրինական աղբյուրներից՝ պետական մարմիններից, մամուլի միջոցներից, քաղաքացիներից և այլ աղբյուրներից։ -Հանրության համար հավաքագրված այդ բոլոր փաստերը, պատմությունները լրիվ բա՞ց են լինելու։ -Տեսե՛ք, քաղաքացիները գալու են, պատմեն իրենց իրավունքների խախտումների մասին, նաև այդ փաստերն են ընդգրկվելու զեկույցի մեջ, և հանձնաժողովն է որոշելու՝ որևէ կոնկրետ դեպք նկարագրված կլինի զեկույցի մեջ, թե ոչ և ինչ ծավալով ։ -Փոխհատուցումներն ի՞նչ չափորոշիչների հիման վրա են դասակարգվում, ի՞նչ տեսակի պետք է լինեն դրանք։ -Փոխհատուցումները դասակարգվում են մի քանի չափորոշիչների հիման վրա և կարող են լինել թե՛ դրամական, նյութական, թե՛ ոչ նյութական։ Փոխհատուցման ծրագրերը ներառում են նախնական իրավիճակի վերականգնում։Օրինակ՝ մարդուն անհիմն զրկել են քաղաքացիությունից, պետք է վերականգնվի դա։ Երկրորդը կոմպենսացիան է՝ ֆինանսական փոխհատուցումը, երբ չափելի է վնասը, և պետք է համարժեք լինի։ Օրինակ, եթե անձից վերցրել են իր տունը, պետք է նույն տունը վերադարձվի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է առաջարկվի դրամական փոխհատուցում կամ համարժեք տուն։ Հաջորդը ռեաբիլիտացիոն ծրագրերն են, օրինակ՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական ծառայություններից օգտվելը։ Մարտի մեկի դեպքերով տուժածներին համապատասխան փոխհատուցման ծրագրերի տրամադրման նախագիծը ԱԺ-ում ևս այս շրջանակում կարելի է դիտարկել։ Սատիսֆակցիան միջոցառումների լայն շրջանակ է՝ ներառյալ փաստերը ստուգելը, ճշմարտությունը լիարժեք և հրապարակայնորեն բացահայտելը։ Դրա շրջանակում, օրինակ, հուշակոթողներ, թանգարաններ են կառուցվում, փողոցներ վերանվանվում, հիշատակի օրեր սահմանվում և այլն։ Սա նույնպես միջազգային փորձով տարածված պրակտիկա է։ Օրինակ, Լատվիայում՝ Ռիգայի փոքր կենտրոնում, կա օկուպացիայի թանգարան, որտեղ մարդիկ կարող են այդ ժամանակահատվածի հետ կապված պատմական ճշմարտությունը տեսնել։ Մեր երկրում էլ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը մարտի մեկի զոհերից ներողություն խնդրեց։ Բայց ավելի ճիշտ է դա համակարգված ձևով անելը՝ խորհրդարանի կողմից հռչակագրի ընդունմամբ։ -Ինչպե՞ս պետք է որոշվի՝ ում տալ փոխհատուցում և ում՝ ոչ։ -Մինչև անցումային արդարադատության կիրառումը պետք է հասկանալ` որ դեպքերում է այն կիրառվում, ովքեր են այդ օրենքի իմաստով հանդիսանում շահառուները, ինչ ժամանակահատված է այն ընդգրկում, ինչ մեխանիզմներ, մախանիզմների որ գործիքներն են կիրառվում, հանրային վերահսկողությունն ինչպես է իրականացվելու։ Եթե խոսքը գնում է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին, պետք է օրենքով հստակ սահմանվի տուժած անձանց, ինչպես նաև նրանց աջակցության կոնկրետ շրջանակը: Իսկ այն դեպքերը, որոնք կոլեկտիվ փոխհատուցում են ենթադրում, շատ բարդ են, և պետությունները դրանք իրականացնելու հնարավորություն չեն ունենում։ Դիտարկենք՝ կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով միլիարդների վնաս է պատճառվել ՀՀ-ին ու իր քաղաքացիներին, եթե այդ ակտիվները վերականգնվեն և վերադարձվեն, չի նախատեսվում, որ դրանք բաժանվելու են բոլոր քաղաքացիներին, այլ ստեղծվելու են հիմնադրամներ՝ ավելի խոցելի և անհրաժեշտ ոլորտների ուղղվածության՝ սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, երկրի պաշտպանողականության ամրապնդման և այլն։ -Անդրադառնանք չորրորդ մեխանիզմին՝ համակարգային բարեփոխումներին։ Ձեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ի՞նչ եզրահանգման եք եկել, ի՞նչ է պետք անել համակարգային բարեփոխումների հասնելու համար։ -Անցումային արդարադատության չորրորդ բլոկի՝ ինստիտուցիոնալ կամ համակարգային բարեփոխումների շրջանակում մենք առաջարկում ենք, օրինակ, ստեղծել հայկական հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ։ Այդ համակարգի առաջին տարրը Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մասնագիտացված մարմինն է, որը կունենա երեք գործառույթ՝ հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիութունն ապահովող գործառույթներ, այսինքն՝ օպերատիվ հետախուզական և նախաքննություն իրականացնելու իրավասություն բոլոր կոռուպցիոն գործերով։ Հայկական հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ տարրը մասնագիտացված դատախազական կառույցն է, որը պետք է իրականացնի դատախազական հսկողություն ունիվերսալ մարմնի կողմից քննվող կոռուպցիոն գործերով, և երրորդը կոռուպցիոն գործեր քննող դատարաններն են։ Եվ սա մի համակարգ է, որը հնարավորություն է տալու ոչ միայն քննել նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունները, այլև՝ ապագայում կատարվելիք նմանատիպ հանցագործությունները։ Այսօր Հայաստանում Սահմանադրությունը մեզ թույլ է տալիս ստեղծել երկու տիպի մարմիններ, մեկը` անկախ, ինչպես օրինակ ՄԻՊ ինստիտուտն է, որը սահմանադրական անկախ մարմին է հանդիսանում, մյուսը ինքնավար մարմիններն են, որոնք, սակայն, ունեն սահմանափակ անկախություն։ Իսկ որպեսզի ունենանք սահմանադրական իրական անկախություն, կարևոր է, որ ունիվերսալ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինը ստեղծվի սահմանադրական փոփոխությունների միջոցով՝ որպես անկախ մարմին։ Համակարգային բարեփոխումների հիմնական գործիքակազմը լյուստրացիան է, վեթինգը, հասարակական ակտիվիզմը, ինպես նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ այլ բարեփոխումները։Շարունակելի․ անցումային արդարադատության չորրորդ մեխանիզմի գործիքների` վեթինգի, լյուստրացիայի և հասարակական ակտիվիզմի մասին կարող եք կարդալ հարցազրույցի երկրորդ մասում:Աստղիկ Քեշիշյան
06:07 - 06 հունիսի, 2019
Այդ մարդկանց պետք է ասել շնորհակալություն, բայց ցտեսություն, ՀՀ հասարակությունը ձեր ծառայությունների կարիքը չունի․ Դանիել Իոաննիսյան

Այդ մարդկանց պետք է ասել շնորհակալություն, բայց ցտեսություն, ՀՀ հասարակությունը ձեր ծառայությունների կարիքը չունի․ Դանիել Իոաննիսյան

Ես անցումային արդարադատության բաղադրիչ եմ դիտարկում նաև մարտի մեկի զոհերի կոմպենսացիայի նախագիծը։ Այսինքն՝ տարբեր գործիքակազմներով պետք է հասնել նրան, որ անարդարությունների հետևանքները եթե չվերացվեն, շատ պարագաներում դրանք վերաբացման ենթակա չեն, գոնե նվազագույնի հասցվեն այդ հետևանքները։ Այս մասին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը ԱԺ-ում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։ «Որևիցէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տասնամայկաներ շարունակ գրեթե չի եղել արդարադատության համակարգ։ Այսինքն՝ շատ և շատ հարցերում մարդիկ չէին կարող հասնել արդարության դատական համակարգի միջոցով։ Թերևս պետական գաղտիք չեմ բացահայտում։ Հիմա, երբ ի վերջո կա քաղաքական կամք վերականգնել այդ անարդարությունները, այս հնարավորությունը պետք չէ բաց թողնել, և պետք է վերականգնել այդ անարդարությունների հետևանքները՝ գոնե հնարավարությունների սահմաններում»,- ասաց նա։ Իոաննիսյանը նշեց՝ ինչ վերաբերում է նրան՝ ինչպես կազմակերպել անցումը դեպի նորմալ արդարդատական համակարգի, որպեսզի հետագայում նման խնդիրներ չլինեն, պետք է հասկանալ, որ դրա գործիքների մեջ է մտնում վեթթինգը։ «Այսինքն՝ ինչ-որ առումով պետք է ազատվել այն անձնանցից, ովքեր խնդրահարույց են։ Երկարաժամկետ բարեփոխումներ պետք է լինեն դատական համակարգի, իրավապահ մարմինների, այնպիսի բարեփոխումներ, որոնք հետագայում կգործեն ցանկացած իշխանությունների պարագայում, քանի որ ցանկացած երկիր ունենում է թե՛ լավ, թե՛ վատ իշխանություն։ Անգամ ամենավատ իշխանությունների պարագայում մենք չունենանք այն պատկերը, որն ունեցել ենք նախկինում»,- ասաց նա։ «Ես կարծում եմ, որ մարդիկ ովքեր չհիմնավորված հարստացել են, մարդիկ ովքեր նախկինում պատվերով գործեր են կատարել, մարդիկ, ովքեր նախկինում քաղաքական հետապնդում են իրականացրել, այդ մարդիկ չպետք է կարողանան հրապարակել վճիռներ հանուն ՀՀ, և այդ մարդիկ չպետք է կարողանան ծառայել ՀՀ-ին և ծառայել իշխանության տարբեր ճյուղերում»,- նշեց Դանիել Իոաննիսյանը՝ ավելացնելով՝ այդ բոլոր մարդկանց նվազագույնը պետք է ասել շնորհակալություն, բայց ցտեսություն, ՀՀ հասարակությունը ձեր ծառայությունների կարիքը չունի։
14:22 - 24 մայիսի, 2019
Առանց հասարակության լայն շրջանների աջակցության՝ անցումային արդարադատության իրականացմանն ուղղված ջանքերը դժվար թե հաջողություն ունենան․ Նարեկ Ներսիսյան

Առանց հասարակության լայն շրջանների աջակցության՝ անցումային արդարադատության իրականացմանն ուղղված ջանքերը դժվար թե հաջողություն ունենան․ Նարեկ Ներսիսյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Նարեկ Ներսիսյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում անդրադարձավ վեթթինգի չափորոշիչներին՝ նշելով․ «Կարծում եմ՝ որ, Վեթթինգ իրականացնելիս պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները․● հետաքննվող անձանց տեղեկություն տրամադրելու և մեղադրանքներին պատասխանելու հնարավորությունը,● հետաքննվող անձանց աշխատանքից հեռացնելու արգելքը՝ կապված քաղաքական,կուսակցական դիրքորոշումներ արտահայտելու հետ,●հասարակության իրազեկվածությունը վեթթինգն իրականացնող մարմնի վերաբերյալ՝այն ստեղծելու առաջին իսկ օրերից, պետք է ապահովել՝● վեթթինգ իրականացնող մարմնի գործունեության թափանցիկությունը ևհաշվետվողականությունը,● վեթթինգ իրականացնող մարմնի անկախությունը և աշխատողների աշխատանքիընդունման չափորոշիչները և մրցութային կարգը,● ներքին ընթացակարգերի ընդունումը, որոնք հնարավորություն կտան վեթթինգիրականացնող մարմնին տեղեկություններ հավաքագրել քաղաքացիականհասարակությունից,● որոշումներ ընդունելու չափորոշիչների սահմանումը,● մեդիայի և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը, ● այն կազմակերպությունների և բաժինների նկատմամբ վերահսկողությանիրականացումը, որոնց գործունեության վերաբերյալ առավել մեծ թվով բողոքներ ենստացվել,● հանրային իշխանության ծառայողների ճշգրիտ ցանկերի նախապես հրապարակումը,● արդյունավետ հանրային հաղորդակցության ապահովումը,● հանրությանը և Ազգային Ժողովին կանոնավոր կերպով հաշվետվության ներկայացումը,● վեթթինգ իրականացնող մարմնի աշխատողների բարձր մասնագիտականպատրաստվածությունը, անաչառությունը և բարեխղճությունը»։ Նա նշեց, որ վեթթինգի իրականացման համար անհրաժեշտ ստուգման չափանիշն է բարեվարքությունը, որն իր մեջ ներառում է մասնագիտական, հաշվետվողականության, հակակոռուպցիոն վարքագծի, Էթիկայի բաղադրիչները: «Կարծիք կա, որ վեթթինգի կիրառման համար բավարար է միայն այն հանգամանքը, երբ ՀՀ դատարանի կողմից կայացրած դատական ակտերի դեմ բերված բողոքների ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվել է ՀՀ կողմից Մարդու իրավունքերի և Հիմնարար Ազատությունների խախտումներ: Գտնում եմ, որ այդ հանգամանքը բավարար չէ, և պետք է դիտարկվի միայն հիշատակված բաղադրիչների համատեքստում»,- ասաց Նարեկ Ներսիսյանը:Նա նշեց, որ, ընդհանրապես, արդյունավետ անցումային արդարադատության համակարգ ձևավորվելու համար կարևոր է՝ ակնհայտ և անկեղծ պատրաստակամությունը, որի մասին նախապես ծանուցվում է հասարակությունը, հակառակ դեպքում առանց հասարակության լայն շրջանների աջակցության անցումային արդարադատության իրականացմանն ուղղված ջանքերը դժվար թե հաջողություն ունենան, և այս պարագայում միջազգային աջակցությունն էլ կարող է արդյունավետ կամ բավարար չլինել։ «Վեթթինգի իրականացման նպատակով չպետք է բացառենք նաև քաղաքացիական հասարակության, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործուն մասնակցությունը, որոնք կարող են աջակցել է կառավարությանը վեթթինգի և ընդհանրապես Անցումային արդարադատությանը վերաբերող օրենսդրության մշակմանը և կիրառմանը՝ ցուցաբերելով փորձագիտական օժանդակություն և իրականացնելով հանրային մոնիթորինգ»,- իր ելույթը եզրափակեց Նարեկ Ներսիսյանը։
14:13 - 24 մայիսի, 2019
Երբ խորհրդային հասարակարգից անցնում էինք ժողովրդավարական պետության, քաղաքական և իրավական գնահատականը պետք է տրվեր․ Զարուհի Մեջլումյան

Երբ խորհրդային հասարակարգից անցնում էինք ժողովրդավարական պետության, քաղաքական և իրավական գնահատականը պետք է տրվեր․ Զարուհի Մեջլումյան

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ Զարուհի Մեջլումյանը։ Նա մասնավորապես ասաց․ «Շատ է խոսվում անցումային արդարադատությունից՝ որպես անցումային գործիքի, և խոսվում է՝ երբ պետք է սկսել, ուշացած է, ուշացած չէ, հասունացել է, թե դեռ չի հասունացել։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք 28 տարի ենք ուշացել, որովհետև մեկ ֆորմացիայից անցումը մեկ այլ ֆորմացիայի ևս կարևորվեց, երբ խորհրդային հասարակարգից անցնում էինք ժողովրդավարական իրավական պետության, անշուշտ քաղաքական և իրավական գնահատականը պետք է տրվեր, որովհետև ՊԱԿ֊ի քննիչները, օրինակ, մեկ օրում դարձան դատավորներ»,- ասաց Մեջլումյանը։ Նա կարծում է՝ հնարավոր էր նույնիսկ իրավագիտության ֆակուլտետն ավարտելուն պես երիտասարդներ նշանակել նոր դատավորներ․ «Եվ թերևս միգուցե այս խնդրի առջև մենք կանգնած չլինեինք մոտ երեսուն տարի անց։ Ինքս՝ որպես իրավագետ, իմ մագիստրոսական թեզի աշխատանքը կատարեցի դատական սխալների թեմայով, մի թեմա, որը նույնիսկ գիտական ուսումնասիրության նյութ չէր դարձել երբևէ, այսինքն մենք գիտական տեսական դաշտում ևս հերքում ենք, որ հնարավոր են դատական սխալներ, այն էլ ճակատագրական սխալներ»,- ասաց լրագրողը։Նա հավելեց, որ իր ուսումնասիրության նյութը դարձան Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և փորձագետների հետ միասին 1991-2016 թվականների քրեական գործերը, որոնք պատժի առավելագույն չափի դատապարտվածների գործերն էին։ «Մի բան ասեմ, կթվա, թե ես ձևական ինչ֊որ բան եմ ասում, բայց այնուամենայնիվ ձևը նախանշում է նաև համապատասխան բովանդակություն։ Դատավճիռները կայացված էին, բլանկը փոխված չէր՝ հանուն հայկական սովետական սոցիալիստական հանրապետության։ Եվ պատկերացրեք 95 թվականի գործ, 96 թվականի գործ։ Այնուամենայնիվ, 1961 թվականի քրեական օրենսգրքով էին և քրեական դատավարության օերնսգրքերով։ Չեմ խոսում ինքնախոստովանական ցուցմունքների առատության մասին, Վիշինսկու ասած՝ ինքնախոստովանական ցուցմունքը դեռևս ապացույցների թագուհին էր, մարդը հերիք է ընկներ ոստիկանական բաժանմունք, նա արդեն իսկ պատժողական քաղաքականության մաս էր դառնում, շահառուն էր դառնում և, բնականաբար, դատապարտումը առկա էր»,- նշեց Զարուհի Մեջլումյանը։Նրա խոսքերով՝ այս գործերով դատավորները, թեպետ որոշ դատավորներ արդեն ողջ չեն, այնուամենայնիվ, մարդիկ կան, ովքեր 20-25 տարի և ավելի շարունակում են կրել պատիժներ։ «Մենք ուսումնասիրեցինք միջազգային փորձը։ Տեսեք, տառացիորեն երեկ ես տեսա, որ ԱՄՆ֊ում դարձյալ 3-4 դատական ակտ է բեկանվել, դրանք դատավճիռներ էին, որոնք կայացվել էին 33, անգամ 40 տարի անց։ 200֊ամյա դատարնները ընդունում են սեփական սխալները, մարդիկ մաքրում են իրենց ճակատից մարդասպանի խարանը, օրինակ, ծանրագույն հանցագործի խարանը և դուրս են գալիս հասարակություն։ Հասարակությունը սխալմամբ նրանց համարել էր հանցագործ։ Ուսումնասիրել ենք Անգլիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Իսրայելի փորձը, ներկայացրել ենք նաև ազգային ժողով, պատրաստակամ ենք ևս ներկայացնել այդ փորձը՝ ինչպես են ստեղծվել հանձնաժողովներ այդ երկրներում և ինչպես է արդյունավետ գործել այդ համակարգը»,- ամփոփելով իր ելույթն ասաց Մեջլումյանը։
14:09 - 24 մայիսի, 2019
Պետք է անցյալի, նաև ներկայի իրավաքաղաքական գնահատականը տրվի, նոր որոշվի բուժման մեթոդաբանությունը․ Վարուժան Ավետիսյան

Պետք է անցյալի, նաև ներկայի իրավաքաղաքական գնահատականը տրվի, նոր որոշվի բուժման մեթոդաբանությունը․ Վարուժան Ավետիսյան

Մեր հանրային պետական օրգանիզմը հիվանդ է և բուժման կարիք ունի, և քանի որ բժիշկը, որը ինստիտուցիոնալ առումով նախատեսված է այդ օրգանիզմը առողջ պահելու և բուժելու համար, ինքն է ախտերով և արատներով լցված, այդ պատճառով սուվերենն ինքը պետք է վերցնի իր ձեռքը իրավիճակի կարգաբերությունը և ստանձնի բժշկի դերը։ Հենց սա է անցումային արդարադատությունը։ Այս մասինասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը` ԱԺ-ում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։«Պետք է անցյալի և ինչու չէ նաև ներկայի իրավաքաղաքական գնահատականը տրվի, նոր դրա հիման վրա որոշել բուժման մեթոդաբանությունը, ինչ միջոցներ պետք է կիրառվեն։ Մեր կարծիքով, անցյալի իրավաքաղաքական գնահատականը հետևյալն է, որ դավադիրները, ղեկավարվելով անձնային և կլանային շահերով, համախմբվել են, ստացել են դրա համար օտարի օգնությունը և ուղիղ դիտավորությամբ զավթել են պետությունը՝ ձևավորվելով որպես հանցավոր համագործակցություն, ստանձնել են ամբողջ հանրային պետական օրգանիզմի կառավարությունը և սկսել են պետությունը ծառայեցնել որպես իրենց հանցագործությունների գործիք՝ հետապնդելով անձնական և կլանային շահերը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։ Նրա խոսքերով՝ դրա դիմաց նաև ստացել են օտարի աջակցություն և, փաստորեն , ազգային շահերի հաշվին սպասարկել են օտարի շահերը։ «Սա մի վիճակ է, երբ պետք է կիրառվեն ամենաարմատական, ամենախորքային և ամենահամակարգային փոփոխությունները՝ ընդգրկելով ոչ միայն պետության ներսը, այև նաև իր արտաքին հարաբերությունների համակարգը, որովհետև մենք կիսագաղութացված վիճակում ենք և պետք է նաև ապագագաղութացվենք»,- ասաց նա։ Ավետիսյանը նշեց, որ միայն այսպիսի ծավալի և խորության փոփոխությունները կարող են հանգեցնել ցանկալի արդյունքի, հակառակ պարագայում տեղում կդոփենք։ «Իսկ թե ինչպիսի գործիքարան պետք է կիրառվի, ինչպիսի անցումային արդարադատություն պետք է կիրառվի, մեր պարագայում ակնհայտ է՝ ամբողջ գործիքարանը, բոլոր բաղադրիչները, այդ թվում քրեական արդարադատությունը, լյուստրացիան՝ քաղաքական, տնտեսական»,- ամփոփելով իր ելույթն ասաց Վարուժան Ավետիսյանը։
14:02 - 24 մայիսի, 2019
Երբ Ռ․ Քոչարյանն ազատվեց, ինձ մոտ տպավորություն էր, որ անցումային արդարադատության փոխարեն ունենալու ենք անցողիկ արդարադատություն․ Լևոն Զուրաբյան

Երբ Ռ․ Քոչարյանն ազատվեց, ինձ մոտ տպավորություն էր, որ անցումային արդարադատության փոխարեն ունենալու ենք անցողիկ արդարադատություն․ Լևոն Զուրաբյան

Սիրելի՛ ժողովուրդ, թույլ տվեք իմ ելույթը սկսել մի անմեղ բառախաղով․ երբ Ռոբերտ Քոչարյանը ազատվեց վերջերս ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ մենք Հայաստանում անցումային արդարադատության փոխարեն ունենալու ենք անցողիկ արդարադատություն։ Այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։ «Որ Հայաստանում արդարադատությունը անցողիկ չլինի, որ մենք ունենանք անցումային արդարադատություն՝ լուրջ և արդյունավետ, նախ և առաջ պետք է հասկանանք՝ ինչ ենք մենք դրա տակ հասկանում, և որն է առանցքը այդ արդարադատության՝ հատկապես Հայաստանի իրավիճակի համար։ Նախ և առաջ մենք պետք է հասկանանք, որ խնդիրը հակամարտության մեջ է, որը տեղի է ունենում հասարակության և պետության մեջ, որովհետև մի երկրում, եթե պետական իշխանությունը տարիներ շարունակ սպանում է մարդկանց, ծեծում է մարդկանց, ունեզրկում է մարդկանց, ոտնահարում նրանց իրավունքները ամեն քայլափոխի, դա դառնում է հակամարտություն հասարակության և պետության միջև»,- իր ելույթում ասաց Լևոն Զուրաբյանը։Նա նշեց, որ անցումային արդարադատության ամբողջ նպատակը պետք է լինի այդ հակամարտության հաղթահարումը։ «Երբ մենք ասում ենք հաշտեցում, ես, օրինակ, համաձայն չեմ, որ էդ հաշտեցումը պետք է լինի գիշատիչների հետ, ինչպես էստեղ շատ հաճախ առաջարկվում էր։ Հաշտեցումը պետք է լինի քաղաքացու և պետության միջև։ Այսօր մենք ունենք ընդամենը զինադադար, և այդ զինադադարը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը այսօրվա իշխանությանը դեռ վստահում է և ակնկալիքներ ունի, որ այս իշխանությունը նրան կտանի պետության հետ հաշտեցման ուղով»,-ասաց Զուրաբյանը՝ ավելացնելով, որ զինադադարից կայուն համերաշխության և խաղաղության անցնելու համար պետք է հասկանանք հետևյալը․ «Մարտի մեկի զոհերի ծնողները, այստեղ ներկա են, ի դեպ, և մենք՝ ամբողջ հասարակությունը, երբեք չի հաշտվի այս պետության հետ, եթե Ռոբերտ Քոչարյանը և իր հանցակիցները չկրեն արժանի պատիժը»։Լևոն Զուրաբյանը ելույթը եզրափակեց՝ ասելով․ «Վիրավորված և հաշմանդամ դարձած Արթուր Ավագյանը, Անդրանիկ Հարությունյանը, Խաչիկ Դավթյանը երբեք չեն հաշտվի մեր պետության հետ, եթե պետությունը չզբաղվի իրենց ապաքինմամբ և չփոխհատուցի կրած վնասները։ Այստեղ ներկա քաղբանտարկյալներ Ժորա Սափեյանը, Պետրոս Մակեյանը, ինչպես նաև Աշոտ Մանուկյանը, Գրիգոր Ոսկերչյանը և բազմաթիվ այլ մարդիկ չեն հաշտվի այս պետության հետ, քանի դեռ նրանց ակնհայտ անարդար վճիռները շրջված չեն և բոլոր դատավորները, ովքեր այդ վճիռները կայացրել են, պատժված չեն քրեական կարգով։ Եվ աշխատանքից զրկված, այստեղ Ավետիս Ավետիսյանն է նստած, չի հաշտվի, Գևորգ Գևորգյանը, ումից Հովիկ Աբրահամյանը մարտի մեկից հետո խլել է իր ավազահանքը՝ 60 հազար դրամ փոխհատուցելով ընդամենը, չի հաշտվի այս պետության հետ, քանի դեռ իր իրավունքը վերականգնված չի»։
13:32 - 24 մայիսի, 2019
Որպես քաղաքական համակարգի փոփոխության գործիքներից մեկը տեսնում եմ «Կուսակցությունների մասին» նոր օրենքը․ Սուրեն Սահակյան

Որպես քաղաքական համակարգի փոփոխության գործիքներից մեկը տեսնում եմ «Կուսակցությունների մասին» նոր օրենքը․ Սուրեն Սահակյան

Շուրջ 25 տարի է, ինչ մեր հանրությունը փորձում է իր հարաբերությունները կարգավորել երկրի հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ։ Հետ նայենք և ինքներս մեզ հարց տանք՝ արդյոք հռչակված նպատակները իրականությու՞ն են դարձել։ Արդյոք մենք կարողացա՞նք իրար հետ գալ թեկուզ նվազագույն պայմանավորվածությունների։ Իհարկե, ո՛չ։ Այս մասին ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ԱԺ-ում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։ Նա ավելացրեց․ «Այլապես մեզ մոտ ընտրությունները չէին կեղծվի, Սերժն ի սկզբանե կմերժվեր, և գուցե միայն փորձագիտական շրջանակներն իմանային, թե ինչ է նշանակում անցումային արդարադատությունը»։ Սահակյանը նշեց, որ անցումային արդարադատությունը մարդկանց անցումներում դատելը չէ, ինչպես փորձում են ներկայացնել նախկին քաղաքական համակարգի որոշ ներկայացուցիչներ։ Այն համերաշխության, համակարգային փոփոխությունների մասին է։ «Որպես համակարգային այդպիսի մեծ փոփոխությունների մաս եմ տեսնում քաղաքական համակարգի փոփոխությունը։ Եվ որպես դրա գործիքներից մեկը՝ «կուսակցությունների մասին» նոր օրենքը։ Շատ քիչ բացառություններով՝ կուսակցությունները հանդիսացել են առաջնորդի շահերը սպասարկող կառույցներ, իսկ կուսակցականները՝ առաջնորդի հաջողության դեպքում՝ իրենց նեղ անձնական, տնտեսական հարցերը կարգավորելու խնդրի շուրջ միավորված քաղաքացիների խմբեր։ Այսպիսի խմբերում գաղափարախոսություններն անցել են երկրորդ պլան։ Կուսակցության ընտրության չափորոշիչ է դարձել դրանում ներկայացված անհատների քանակը, տնտեսության վրա ունեցած լծակներն ու դրանց ազդեցության աստիճանը»,- ասաց Սահակյանը։ Նա նշեց, որ այդպիսի կուսակցությունները համալրվում էին որևէ գաղափարաբանության ու կուսակցական ծրագրերի հետ ոչ մի առնչություն չունեցող, անսկզբունք անհատներով։ «Արդյո՞ք այսպիսի արժեքներով առաջնորդվող կուսակցությունները կարող էին առողջ քաղաքական համակարգ ստեղծել։ Ընտրությունների վստահելի մեխանիզմների բացակայությամբ պայմանավորված, քաղաքականությունը դադարել էր լինել քաղաքացիների կյանքն ավելի երջանիկ դարձնելու, տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված գործունեության, այլ վերածվել էր տնտեսական կլանների համար քաղաքական տանիքների ստեղծման և դրանց միջև լոկալ պատերազմների այնպիսի միջավայրի, որտեղ կարելի էր մտնել միայն հատուկ համազգեստով զինված, որպեսզի մինչև հոգու խորքը չաղտոտվես»,- նշեց Սուրեն Սահակյանը։ Նրա խոսքերով՝ ժողովրդավարության բացակայությունը, ֆինանսավորման աղբյուրների գաղտնիության պահպանման հնարավորությունները, որոշումների կայացման գաղտնի բնույթը ստեղծել են պայմաններ, երբ կուսակցությունները կորցրել են իրենց սոցիալական գործառույթը։ «Քաղաքականություն ու քաղաքական գործիչ տերմինները դարձել են ինքնին դատապարտելի երևույթներ։ Գործող բարքերը, քաղաքական մտածողության այս աստիճանը կարող է ցանկացած հանրության բարոյապես քայքայել, նրան գցել հուսահատության գիրկը»,- նշեց ՔՈ ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղարը։ Նա շեշտեց, որ պետք է փոխել իրերի այս դրությունը՝ ավելացնելով, որ դա ոչ միայն քաղաքական և օրենսդրական փոփոխություններ է ենթադրում, այլև հանրային նոր հարաբերություններ, ժողովրդավարական արժեքների ու ավանդույթների սերմանում, քաղաքական մտքի վերափոխում։ «Պետք է ընդունել, որ այո՛, կան այսպիսի երևույթներ, բայց մենք հաստատակամ ենք այլ կերպ ապրել և մենք այս հարցում ևս պետք է համերաշխության հասնենք։ Կուսակցությունները պետք է դառնան ավելի ժողովրդավար, որոշումների կայացման առումով ավելի թափանցիկ, ավելի կանխատեսելի, ավելի գաղափարական, իսկ քաղաքականություն պետք է հնարավոր լինի մտնել սպիտակ ձեռնոցներով՝ առանց դրանք կեղտոտելու համար վախի»,- ասաց Սուրեն Սահակյանը։  
13:16 - 24 մայիսի, 2019
Լենա Նազարյանի կարծիքով՝ դատաիրավական համակարգը դիմադրում է նախաձեռնվող բարեփոխումներին |armenpress.am|

Լենա Նազարյանի կարծիքով՝ դատաիրավական համակարգը դիմադրում է նախաձեռնվող բարեփոխումներին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը կարծում է, որ դատաիրավական համակարգը դիմադրում է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումներին: Այս մասին Նազարյանն ասաց մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում: «Նախկինում բազմիցս մեզնից շատերն ուղղակիորեն առնչվել են դատաիրավական համակարգի կախյալությանը և կողմնակալ վերաբերմունքին: Համակարգը, ցավոք, մեծ փոփոխությունների չի ենթարկվել մինչ օրս: Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետևանքով հանրային ցասումի բռնկումներ, բողոքի արտահայտությունները: Եվ իրավագիտակցության բարձրացման ու արդարադատության հանդեպ վստահության աճի փոխարեն, փաստորեն, ինքնադատաստանի, հակաիրավական կոչերի ալիքներ են բարձրանում այն պարզ պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է բարեփոխմանը: Եթե դատաիրավական համայնքը չի ցանկանում ակտիվ մասնակիցը լինել երկրի ժողովրդավարական փոփոխությունների, ապա կլինի այս գործընթացի զուտ կրողը»,- ասաց Նազարյանը:
12:40 - 24 մայիսի, 2019
Հաշտեցման գործընթացը տեսնում եմ ինչպես «երկու֊երկու», այսինքն՝ երկու քայլ ընդառաջ է գալիս օլիգարխիան, երկու քայլ՝ հանրությունը․ Միքայել Նահապետյան

Հաշտեցման գործընթացը տեսնում եմ ինչպես «երկու֊երկու», այսինքն՝ երկու քայլ ընդառաջ է գալիս օլիգարխիան, երկու քայլ՝ հանրությունը․ Միքայել Նահապետյան

Հաշտեցմանը այլընտրանք չկա, որովհետև հաշտվելու այլընտրանքը օլիգարխների կողմից լինելու է անընդհատ սեփականության համար վախով, ազատության համար վախով ապրելը, իսկ հանրության համար հակահեղափոխության վախով, պետական հեղաշրջման վախով ապրելը։ Այս մասին իր ելույթում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։ «Հայաստանում հանրային համերաշխություն հաստատելու այս օրակարգի քննարկման համատեքստում ուզում եմ անդրադառնալ ապօրինի կուտակված սեփականության թեմայի շուրջ եղած թշնամանքին ու դրա հաղթահարման մեր տեսլականին։ Մեզ բոլորիս հայտնի հանգամանքներում անկախացումից ի վեր տարբեր մարդիկ սկսել են կապիտալ կուտակել և երբեմն դա արել են շատ ծանր պայմաններում՝ համատարած սովի մեջ, արյունալի ապօրինություններով, զենքով, զոռով, և քանի որ ապօրինի կուտակված սեփականությունը այլ կերպ հնարավոր չէր երաշխավորել, քան իշխանական լծակներ ունենալը, նրանք մտել են գործադիր մարմիններ, մտել են Ազգային ժողով, ստեղծել են կուսակցություններ»,- ասաց նա։Նահապետյանի խոսքերով՝ այդ մարդիկ հետևողականորեն վերացրել են ընտրական մեխանիզմները որպեսզի իրենց որևէ մեկը չփոխարինի, նրանք վերացրել են դատական համակարգը, որպեսզի իրենց որևէ մեկը չդատապարտի։ «Եվ սա ամբողջովին տրամաբանական է այն համատեքստում, թե ինչ պայմաններում են նրանք այդ սեփականությունը կուտակել։ Այս առումով չափազանց էական է հաշտեցման գործընթացը, որովհետև էս խավին է, որ հանրությունը ասում է օլիգարխիա և նրանք է, որ հիմա հանրային թշնամության հիմնական օբյեկտն են հանդիսանում»,- նշեց նա։Միքայել Նահապետյանը հաշտեցման գործընթացը տեսնում է ինչպես «երկու֊երկու», այսինքն՝ երկու քայլ ընդառաջ է գալիս օլիգարխիան, երկու քայլ՝ հանրությունը։ «Ի՞նչ է պետք օլիգարխներին։ Պետք է, որ իրենց սեփականությունը ճանաչվի և պետք են ազատության երաշխիքներ, այսինքն որ չդատապարտվեն։ Ի՞նչ է պետք հանրությանը։ Պետք է, որ փոխհատուցում ստանան․ և պետք է այդ մարդիկ այլևս պետական պաշտոններ չզբաղեցնեն։ Ահա այն բանաձևը, թե ով ում ինչ պետք է զիջի՝ փոխհատուցման դիմաց համաներում և քաղաքականությունից դուրս գալու դիմաց սեփականության ճանաչում»,- ասաց Նահապետյնաը։Ըստ ՔՈ ՍԴԿ-ի անդամի՝ կարելի է գնալ սրան հակառակ տարբերակով, կարելի է հայտարարել, որ մեզնից որևէ մեկը որևէ բիզնեսով չի զբաղվում, մեր մոտ ամեն ինչ կարգին է, բայց արդարության զգացումը հնարավոր չէ կեղծել, ցանկացած թուղթ հնարավոր ա կեղծել, արդարության զգացումը՝ ոչ։ «Ու էս տարբերակում մարդիկ այլընտրանք չեն ունենալու, քան ավելի ռադիկալ ուժերին իրենց քվեն տալու։ Կարող ա մեր 300 հազար դրամ ստացող քննիչները չգտնեն 300 հազար դոլար ստացող ֆինանսիստների թաքցրածը, 99 տոկոսը չգտնեն, բայց էն մի տոկոսը որ գտան, դրա համար մարդիկ են դատվելու։ Եվ սա էն դասական քրեական արդարադատության տրամաբանությունն ա, որի մասին աղաղակում են, որ այ էս լավ բանը վերացնում են, գնում են անցումային արդարադատության։ Ժողովու՛րդ ջան, էդ քրեական արդարադատության տրամաբանության մեջ վերջը դատվելն ա, եկեք, նստենք, քննարկենք հաշտեցման հնարավորությունները»,- ելույթը եզրափակեց Միքայել Նահապետյանը։  
12:11 - 24 մայիսի, 2019
Անհրաժեշտ է կիրառել անցումային դրույթներ նաև կրթական համակարգում․ Վահրամ Սողոմոնյան

Անհրաժեշտ է կիրառել անցումային դրույթներ նաև կրթական համակարգում․ Վահրամ Սողոմոնյան

«Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանի ելույթը Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։«Գաղտնիք չէ, որ մինչև 2018 թվականը քրեաօլիգարխիկ փոխհարաբերությունները թափանցել են մեր պետության գրեթե բոլոր օղակները։ Ցավոք դրանց շարքին են պատկանում նաև դպրոցները և բուհերը, որոնք զերծ չեն մնացել ընտրությունների կեղծմամբ և այլ գործընթացներից։ Եթե դատավորները կայացնում են անօրինական որոշումներ, ապա անառողջ կրթական համակարգը ձևավորում է արժեքային հիմքը այդ ապօրինությունների։ Հատկապես կարևոր է դպրոցների տնօրենների դերը։ Առանց կրթական համակարգի առողջացման, բովանդակային և արժեքային վերափոխման , կոռուպցիոն և շահերի բախման խնդիրների հաղթահարման մեր հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները դատապարտված են ձախողման։ Տնօրեններից ոմանք կարողացել են դիմակայել կոռուպցիոն սխեմաների մասը դառնալուն, որոնք սեփական նախաձեռնությամբ կամ սեփական կամքին հակառակ մասնակցել են այդ անօրինական գործարքներին։ ԿՔՆ փորձից մենք գիտենք, որ դպրոցների և սովորողների հիմնական պահանջը  սովորելն է։ Շատ ուսուցիչներ չեն պատկերացնում, թե հատկապես ինչ է փոխվել հեղափոխությունից հետո։ Շատ տնօրեններ իրենք են հրաժարական ներկայացնում, տնօրեններից շատերը այժմ երկրորդ շանս են փնտրում։ Այդ երկրորդ շանսը պետք է տալ նրանց, սակայն հստակ խստացված չափանիշներով։ Միաժամանակ կան մարդիկ, ովքեր անհամատեղելի են մասնակցային ժողովրդավարական և բազմակարծության սկզբունքներով առաջնորդվող դպրոցների տեսլականի հետ։ Անհրաժեշտ է կիրառել անցումային դրույթներ նաև կրթական համակարգում։ Այդ գործընթացը կարող է տեղի ունենալ նաև դպրոցի խորհուրդներում։ Բայց ժողովրդավարությունը առանց ժողովրդավարների հնարավոր չի։ Կոռումպացված ծանոթ-բարեկամական ցանցերին ազատ ընտրության հնարավորություն տալը կարող է շրջել ռֆորմների ամբողջ գործընթացը հակառակ ուղղությամբ։ Անհրաժեշտ է հայտարարել անցումային մեկնարկային իրադրություն և անկախ հանգամանքից, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում են ընտրվել տնօրենները, նրանք պետք է անցնեն վերաատեստավորման անցումային փուլը։ Սա նպատակ չունի պատժել որևէ մեկին։ Նպատակ ունի գնահատական տալ անցյալին և գնալ դեպի ապագա»։
11:48 - 24 մայիսի, 2019
Մեր իրավապահ համակարգում այսօր չկա շինծու քրեական գործերը վերանայելու կամք․Անդրիաս Ղուկասյան

Մեր իրավապահ համակարգում այսօր չկա շինծու քրեական գործերը վերանայելու կամք․Անդրիաս Ղուկասյան

Անդրիաս Ղուկասյանի ելույթը Անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։ «Հարգելի գործընկերներ քիչ առաջ առցանցից հարց լսեցինք՝  Ի՞նչ է լինելու Հայաստանում շինծու քրեական գործերի ճակատագիրը։ Արդարադատության նախարարի տեղակալը զարմացավ և ասեց՝ այդ որո՞նք են շինծու գործերը։ Շինծու քրեական գործերը դա այն քրեական գործերն են, որոնք որ հարուցված են կեղծ ապացույցների և սուտ ցուցմունքների հիման վրա։ Եվ քաղբանտարկյալներին վերաբերող հատվածը դա ընդամենը փոքր հատվածն ա այն մեծ պրակտիկայի Հայաստանում, որը տեղի ունի և փաստաբանները դա կհաստատեն, որը ցավոք սրտի մեր արդարադատության համակարգի լրջագույն հիվանդություններից մեկն է։ Հարցը այստեղ միայն դատական համակարգի մեջ չէ, այլ արդարադատության համակարգի բոլոր էլեմենտների համախմբության մեջ է։ Ես այսօր ամբաստանյալ եմ, ես մեղադրվում եմ երկու ծանր և երկու առանձնապես ծանր հանցագործությունների մեջ առ այսօր։ Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, քրեական հետապնդումը իմ նկատմամբ շարունակվում է և ինչի մասին է սա խոսում։ Սա խոսում է այն մասին, որ մեր իրավապահ համակարգում այսօր չկա կամք շինծու քրեական գործերը վերանայել։ Ու պարզ է, թե ինչու չկա այդ կամքը։ Որովհետև այդ կամքը ենթադրում է, որ պետք է կիրառվեն ապօրինի ազատազրկման մասին նախատեսված նորմերը և տասնյակ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետև դա հենց այնպես բան չի՝ կեղծել ապացույցներ, սուտ ցուցմունքներ տալ, և մեր օրենսդրությունը բաց չունի իրականում։ Մենք օրենսդրությամբ նախատեսել ենք պաշտպանություն մեր բոլոր քաղաքացիներին կեղծ մեղադրանքներից և կեղք քրեական գործերից։ Եվ այսօր կարող եմ փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում այն փոփոխությունները, որոնք որ տեղի ունեցան մեր երկրում այնուամենայնիվ չեն վերաբերվել իրավապահ համակարգում այ էս լրջագույն խնդրին։ Պե՞տք են ճշմարտության հանձնաժողովներ, իհարկե պետք են ճշմարտության հանձնաժողովներ։ Բայց դրանք ե՞րբ են պետք դառնում, երբ որ չկա էդ կամքը ինքնուրույն եղած մեխանիզմների շրջանակում բացահայտել, կասեցնել և վերանայել էն բոլոր հանցագործությունները, որոնք որ կատարվել են անցյալում։ Շատ կարևոր է, որ անցումային արդարադատության հարցը մենք չդիտարկենք զուտ դատավորների վեթինգի շրջանակում կամ ինչ֊որ այնպիսի կոսմետիկ բարեփոխումների շրջանակում, որը կարծես թե հնարավորություն կտար ասել՝ վերջ մեր երկրում ունենք առաջ կատարած բարեփոխումներ և եկեք վստահենք դատական համակարգին։ Դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը կվերականգնվի, երբ որ ամբողջ իրավապահ համակարգը տեսանելի կլինի հանրությանը, որ իսկապես բարեփոխվել է։ Իսկ դա կարող է լինել նախևառաջ քաղաքական գնահատականից հետո։ Պետք է լինի քաղաքական գնահատական, որ երկրում եղել է ռեժիմ և երկրի իրավապահ համակարգը շեղվել է օրինական ճանապարհից։ Մինչև այդ քաղաքական համակարգը չլինի, այդ գնահատականը չլինի, դժվար է խոսել թե՛ վեթինգի մասին, թե՛ լյուստրացիայի մասին, թե՛ ցանկացած անցումային արդարադատության մասին»։
11:41 - 24 մայիսի, 2019
Չի կարելի դատական համակարգի բարեփոխումները հանգեցնել «Նովգորոդի վեչեի» ստեղծմանը եւ գլուխներ կտրելուն. պատգամավոր |news.am|

Չի կարելի դատական համակարգի բարեփոխումները հանգեցնել «Նովգորոդի վեչեի» ստեղծմանը եւ գլուխներ կտրելուն. պատգամավոր |news.am|

news.am: Դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունն ակնհայտ է։ Համակարգը բարեփոխման կարիք ունի, ընդ որում՝ հեղափոխական։ Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում անցումային արդարադատության հարցերի մասին լսումներում։Պատգամավորն ընդգծել է, որ շատ տարիներ դատավորները քաղաքական որոշումներ են կայացրել կամ վճիռներ, որոնք թելադրված են եղել նախագահականից կամ կառավարությունից, ինչի վկայությունն են բազմաթիվ հայցերը ՄԻԵԴ-ում։ «Բայց ի՞նչ մթնոլորտում մենք պետք է բարեփոխենք դատական համակարգը։ Ուրիշի կարծիքի հանդեպ համատարած անհանդուրժողությա՞ն, գլխատելու եւ քաղաքական հաշվեհարդարի կոչերի՞»,- հարցրել է Նաիրա Զոհրաբյանը։Նա հիշեցրել է, որ անգամ Հայաստանի վերաբերյալ համազեկուցողների հայտարարությունն է ֆիլտրվում։ Յուրաքանչյուր կողմ դրանից վերցնում է այն, ինչ ցանկանում է։ «Բայց հայտարարությունում հստակ կա գնահատական՝ թույլ չտալ քաղաքական ճնշում, եւ լիակատար աջակցել իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում՝ համակարգի առողջացման ուղղությամբ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետն այն է, որ համակարգը պետք է առողջացնել, բայց բացառապես օրենքի շրջանակում։ Եթե ամեն բան ընթանա Նովգորոդյան վեչեի օրինակով, երբ իշխանի հրամանով գլուխներ էին թռցնում, արդյունքը վատ կլինի։ Ես ինքս էլ հաճախ ասել եմ, որ չեմ հավատում դատավորների ռեստարտին, որոնք երկար տարիներ աշխատում են թելադրանքի պայմաններում, չեմ հավատում, որ նրանք կարող են իրենց մեջ խեղդել ստրուկին։ Բայց բոլոր գործընթացները պետք է լուծվեն խաղաղ եւ հանդուրժող մթնոլորտում։ Երբ հասարակությունը բաժանվում է սեւերի եւ սպիտակների, հնչում են կախելու կոչեր եւ զտվում են հայտարարությունները, ես խիստ կասկածում եմ, որ հնարավոր է հասնել անգամ ամենալավ նպատակներին»,- ընդգծել է պատգամավորը։
11:33 - 24 մայիսի, 2019
Բարելավելու համար պետք է ալտերնատիվ ունենանք․ Գևորգ Պետրոսյան

Բարելավելու համար պետք է ալտերնատիվ ունենանք․ Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը իր ելույթը ուղղեց Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Կարանսանին։«Ես իմ ելույթը ուզում եմ ձոնել հեռախոսով զբաղված մեր օտարերկրյա հարգարժան գործընկերոջը՝ իր որոշ նկատառումների վերաբերյալ։ Համաձայն չեմ նրա հետ, որ ասում է «ենթադրյալ մեղավոր անձանց նկատմամբ վերաբերմունք»։ Ես ուզում եմ իմանալ, թե արդյոք իրենց երկրում կա անմեղության կանխավարկած։ Ի՞նչ է նշանակում ենթադրյալ մեղավոր անձ։ Հաջորդը՝ «հեղափոխության դիմաց իշխանությունը ժողովրդին պետք է հատուցեր դատական համակարգով»։ Ո՞վ է նման բան ասում։ Ուրեմն, ժողովուրդը, որ հեղափոխություն է արել, պահանջել է իր կյանքի որակի բարելավում, ունեցել է նման ակնկալիք, որովհետև, եթե իր կյանքը բարելավված չի, դատական համակարգը իրեն հետաքրքրում է էնքան, ինչքան թռչնագրիպի վարակը կարող էր հուզել Մովսես Խորենացուն։ Հաջորդը, ի՞նչ է նշանակում ելույթների մեջ մեզ համեմատել բացառապես Պերուի, Գվատեմալայի հետ։ Ինքը հիմա ելույթ է ունենում համաշխարհային մշակույթի օրրանում, համաշխարհային քաղաքակրթության օրրանում։ Հաջորդը՝ ասում է, չունենք մոդել, բայց եկել ենք ձեզ դաս տանք։ Եթե մոդել չեք բերել, ով է ասել , որ այդ դասը մեզ հետաքրքիր է։ Եվ վերջում, ես հարգում եմ մեր իշխանության ցանկությունը՝ բարելավելու արդարադատության համակարգը։ Բայց բարելավելու համար պետք է ալտերնատիվ ունենանք։ Այստեղ անուններ են հնչում «ճշմարտության հանձնաժողով», «արդարադատության կամիսիա»։ Շատ լավ է, բայց էս մարմինները հիմնադրելով արդյոք չենք զրոյացնում այսօր գործող մեր իրավապահ մարմինների նշանակությունը և ծառայաությունը։ Բա մեր դատախազությունը, մեր ԱԱԾ-ն։ Մենք չպետք է առաջընթացը գրանցենք շտապողականությամբ՝ որակի հաշվի։ ԲՀԿ-ն շահագրգիռ է, որ Հայաստանում արդարադատության համակարգը բարելավվի, մենք առաջընթաց գրանցնենք մարդու իրավունքների պաշտպանության գործում, բայց պետք չէ դա իրագործել որակի հաշվին»։
11:24 - 24 մայիսի, 2019
Իրավաբանների հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Նալբանդյանի ելույթը Անցումային արդարադատության վերաբերյալ

Իրավաբանների հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Նալբանդյանի ելույթը Անցումային արդարադատության վերաբերյալ

Իրավաբանների հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Նալբանդյանի ելույթը Անցումային արդարադատության վերաբերյալ․  «Հարգելի ներկաներ, ես ցանկանում եմ անդրադառնալ անցումային արդարադատության կարևորագույն մեխաննիզմներից մեկին՝ ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովներին։ Հատուկ եմ շեշտում հաշտեցման, քանի որ մինչ այժմ անդրադարձ չկատարվեց և առավել ևս սխալ ընկալում եղավ ճշմարտության հանձնաժողովների՝ կապելով նրանց իրավապահ մարմինների հետ։ Եվ այսպես ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովների վերաբերյալ ՄԱԿ֊ն իր զեկույցում տվել է, որ դրանք պաշտոնական արտադատական ժամանակավոր և փաստահավաք մարմիններ են, այսինքն նրանց առաջին ֆունկցիան նախկին իշխանությունների կողմից կատարված անօրինությունների վերաբերյալ փաստահավաք ինֆորմացիա ձեռք բերելն է, որոնողական ֆունկցիան է առաջինը։ Եվ հենց սրա միջոցով է, որ այն մարդիկ, ում իրավունքները խախտվել են, ում մարդասիրական իրավունքի նորմերի տեսանկյունից իրավախախտումներ են տեղի ունեցել, նրանց ձայնը պետք է լսելի լինի, նրանք պետք է գան և ճշմարտության հանձնաժողովներին հայտնեն, բարձրաձայնեն այդ խախտումների վերաբերյալ։ Եվ այս հանձնաժողովները պետք է ստեղծվեն որպեսզի ուսումնասիրեն, հավաքեն ամբողջ ինֆորմացիան և օժանդակեն, այսինքն օգնեն իրավապահ մարմիններին, տրամադրեն այդ ինֆորմացիան պատշաճ հետաքննություն իրականացնելու համար։ Եկեք ճշմարտության հանձնաժողովի դերը ճիշտ ընկալենք և հասկանանք, որ նախ վերականգնողական արդարության բնույթ ունի։ Երկրորդը՝ հաշտեցման ֆունկցիան, այսինքն անցումային արդարադատության մեխը հենց սոցիալական համերաշխության բերելն է և այս հանձնաժողովները հենց այդ նպատակը պետք է ունենան։ Այդ է պատճառը, որ ես կարծում եմ, որ այս հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն և նախկին իշխանության, և գործող վարչակարգից ներկայացուցիչներ։ Քանի որ միայն այս կերպ հնարավոր է հասարակության այդ բևեռացումը մեղմել և սոցիալական համերաշխություն հաստատել։ Այս հանձնաժողովները ստեղծված են հաշտեցնելու համար։ Երրորդ ֆունկցիան, որ ունեն ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովները, փոխհատուցման եղանակներ առաջարկելն է։ Խնդրում եմ կրկին չշփոթել անցումային արդարադատության մյուս կարևորագույն գործիքի փոխհատուցման ինստիտուտի հետ՝ ոչ թե հանձնաժողովը փոխհատուցում է տալիս, այլ ճշմարտության հանձնաժողովը առաջարկում է փոխհատուցման եղանակ։ Ես վստահ եմ, որ Հայաստանում պետք է ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովներ ստեղծվեն բացահայտելու հենց կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Եվ այստեղ խոսքը գնում է ոչ թե կոռուպցիոն սխեմաների բոլոր մասնակիցների, այլ հիմնական դերակատարների, ովքեր որ այդ կոռուպցիոն սխեմաները ստեղծել են և ճշմարտության հանձնաժողովների դերը կարծում եմ, որ Հայաստանում շատ մեծ է, քանի որ սրանք ճշմարտության որոնմանն ուղղված գործընթացներ են սկսելու և պետք է քաղաքացիները տեղյակ լինեն, պետք է ճշմարտությունը բացահայտվի։ Գտնում եմ, որ այս հանձնաժողովում լինեն անկախ փորձագետներ, պետք է լինեն հայ և սփյուռքահայ ներկայացուցիչներ, այլ ոչ թե միջազգային, այսինքն սուվերենությունը պետք է պահպանվի հանձնաժողովի։ Շնորհակալություն»։
11:10 - 24 մայիսի, 2019
Այս խնդիրը ծագել է շատ վաղուց և լուծում պետք է տրվեր շատ ավելի վաղ․ Դավիթ Գյուրջյան

Այս խնդիրը ծագել է շատ վաղուց և լուծում պետք է տրվեր շատ ավելի վաղ․ Դավիթ Գյուրջյան

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» ՀԿ-ի փաստաբան Դավիթ Գյուրջյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։«Նախ, հարկ ենք համարում անդրադառնալ այն հարցին, թե անհրաժե՞շտ է ընդհանրապես նախատեսվող անցումային արդարադատության մեխանիզմները և հատկապես վեթինգը։ Այն կիրառելու համար նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ։ Հնարավոր և անհրաժեշտ է այդ գործընթացքը համապատասխանեցնել գործող Սահմանադրությանը։ Կարծում ենք՝ Սահմանադրությունը այն իրավական ակտը չէ, որի փոփոխությունը կարելի է պայմանավորել բացառապես անցումային ինստիտուտների ներդրման անհրաժեշտությամբ։ Սա առաջին հայացքից ֆորմալիստական մոտեցում է, սակայն թելադրված իրավական պետությունում իրավական կայունության սկզբունքի և որպես հետևանք կանխատեսելի՝ հասարակական հարաբերությունների ապահովման անհրաժեշտությամբ։ Սահմանադրական բարեփոխումների հարցը արդիական է, բայց այն պետք է լուծվի համապարփակ փոփոխությունների միջոցով։ Որոնք չպետք է միտված լինեն որևէ առանձին անցումային խնդրի լուծմանը։ Այս առումով գտնում ենք, որ հատկապես վեթթինգի գործընթացը հնարավոր կլինի իրականացնել դատական օրենսգրքում լրացումներ կատարելու, այդ թվում դատավորների համար պաշտոնի անհամատեղելիության նոր պայմաններ սահմանելով և վեթթինգի վերաբերյալ հարակից օրենսդրություն ընդունելով։ Առաջինը՝ ակնհայտ է, որ գնահատման գործընթացը պետք է իրականացվի օրենքի հիման վրա ստեղծված նոր անկախ մարմին, հանձնաժողով, որը բաղկացած կլինի հանրային լայն վստահություն և մասնագիտական բարձր հեղինակություն վայելող իրավաբան գիտնականներից, փաստաբաններից, իրավապաշտպաններից, որոնք առաջադրման ընթացակարգը պետք է լինի առավելագույնս պարզեցված և ներառի ինքնառաջադրման հնարավորություն։ Միևնույն ժամանակ այդ մարմինը չի կարող կայացնել դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում, քանի որ գործող Սահմանադրությամբ այդ բացառիկ իրավունքը ունի ԲԴԽ-ը։ Այս առումով հանձնաժողովի գործունեությունը պետք է եզրափակվի ստուգման արդյուքնում տրվող եզրակացությամբ և համապատասխան դատավորի լիազորություները դադարեցնելու միջնորդությամբ՝ ԲԴԽ դիմելով և ԲԽԴ հրավիրված նիստին մրցակցային պայմններում այդ միջնորդությունը պաշտպանելով։ Իսկ դատական օրենսգրքի փոփոխությունների միջոցով հանձնաժողովի միջնորդության քննարկումը սահմանել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ դռնբաց նիստի կարգով, որը հնարավոր կլինի ապահովել հանրային լայն վերահսկողությունը նաև այս գործընթացի նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով որևէ չարաշահման ռիսկ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի ձևավորմանը, ապա համոզված ենք այն առավել բարձր լեգիտիմությամբ օժտելու համար այն պետք է անցկացվի ԱԺ կողմից։ Գոյություն ունեցող ցենզերից ավելի բարձր ցենզի հաղթահարմամբ , ընդհուպ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 4/5-ով ինչն արդարացված է նաև ընդդիմության կողմից թեկնածությունների հաստատման անհրաժեշտությամբ։ Ստուգման չափանիշների ընտրությամն մասով կարծում ենք հնարավոր է օգտվել վերջերս շատ քննարկված Ալբանիայի Հանրապետությամբ՝ ստուգում իրականացնելով երեք հիմնական չափանիշներով ՝ ունեցվածքի ծագումնաբանություն , հանցավոր կապեր և մասնագիտական որակներ։ Վերջին չափորոշիչի առումով արդարացված ենք համարում որոշակի դրական խտրականության կիրառում , մասնավորապես՝ ստեղծել դատավորների մասնագիտական գնահատման միասնական հարթակ, որի միջոցով դատավորնմերի գնահատման հնարավորոթյուն տալ փաստաբաններին, ինչի արդյունքում առավել բարձր միավորներով դատավորները կազատվեն վեթթինգի երրորդ չափանիշից։ Վերջում ցանկանում եմ մեր քննադատական խոսքն ուղղել Կառավարությանը, ի դեմս՝ արդարադատության նախարարի, քանի որ այօր տեղին չէ խոսել պահի հասունացման և ավելի հասունացման մասին, որովհետև բոլորս էլ քաջատեղյակ ենք ,որ այս խնդիրը ծագել է շատ վախուց և լուծում պետք է տրվեր շատ ավելի վաղ»,- եզրափակեց փաստաբանը։
10:53 - 24 մայիսի, 2019
Պետության զավթվածության մասին է խոսքը․ Արթուր Սաքունց

Պետության զավթվածության մասին է խոսքը․ Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ելույթ ունեցավ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։Նրա ելույթը ամբողջությամբ․ «Ուզում եմ ողջունել և հայտնել, որ առաջին կարևոր հանգամանքը այս լսումների մասին որոշումը կայացվել էր մինչև հայտնի վերջին դատարանի որոշումը, որպեսզի մեկը մյուսի հետ չկապվի և քաղաքական շահարկման թեմա չհանդիսանա։ Սա մեկ։ Երկրորդը, ես կուզենայի մի քանի կարևոր հանգամանքների վրա ուշադրություն դարձնել։ Ինչու՞ համար ենք մենք խոսում այս թեմայի մասին։ Առաջին հիմնարար դրույթ՝ պետության զավթվածության մասին է խոսքը։ Այստեղ այս դահլիճում կան մարդիկ, որոնք երեք /պայմանական եմ ասում/ նախագահության օրոք էլ ունեցել են խնդիրներ արդարադատության հետ։ Ես գտնում եմ, որ չպետք է ունենանք չորրորդ իշխանությունը, որի օրոք նույնպես ունենանք քաղաքական հետապնդումներ կամ անարդարություն կամ պետության զավթվածության խնդիրները։ Եվ դրա համար կան բոլոր նախադրյալները։ Մարդիկ չպետք է հետապնդվեն իրենց քաղաքական հայացքների համար, մարդիկ չպետք է սեփականազրկվեն կամ սպառնալիք ստանան, որ կարող են սեփականազրկվել իրենց քաղաքական հայացքների համար, մարդիկ չպետք է խոշտանգվեն, մարդիկ չպետք է սպանվեն և երկրում չպետք է լինի անպատժելիությունը։ Անպատժելիությունը եղել է շարունակական, եղել է համակարգային, ըստ քաղաքական պատկանելիության։ Սա պետք է ամրագրել։ Սա ի պատասխան այն բոլոր հարցերի, թե արդյո՞ք պետք է, թե պետք չի։ Սա Հայաստանն է, սա Բուրկինա֊Ֆասոն չի։ Ես նկատի ունեմ, որ էստեղ չի եղել քաղաքացիական կռիվներ, էթնիկ կոնֆլիկտներ, բայց ունեցել ենք մեր խնդիրների շարքը և դրա համր եմ առանձնացնում։ Դրա համար ավտորիտար՝ կոնսոլիդացված ավտորիտար, անպատժելիության համակարգ հանդիսացած կառավարման համակարգից պետության նկատմամբ վստահություն ունեցող կամ վստահելի պետություն ունենալու անցման համար պետք է ձևավորվեն մարմիններ, այսինքն վստահելի մարմիններ։ Առաջինը արդեն ունենք՝ Ազգային ժողովը, ունենք կառավարությունը, մնում է արդարադատությունը։ Բայց արդյո՞ք մենակ արդարադատությունը։ Ես գտնում եմ, որ հիմնարար վստահության խնդրի ակունքը իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովումն է։ Դուք մի մտածեք, որ պետությունը զավթվել է միայն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ իրենց խմբի կողմից, ենթադրենք օրենքները լավն են եղել ու իրանք թույլ չեն տվել այդ օրենքները աշխատեն։ Ձեզ վստահեցնում եմ, որ օրենսդրության և սահմանադրության մակարդակով է պետությունը զավթված եղել։ Օրենսդրական այնպիսի, սահմանադրական այնպիսի մեխանիզմներ են դրված եղել, որ հնարավորություն չէր տալիս, որպեսզի մենք կարողանանք իշխանություն ձևավորենք, արդարադատություն ակնկալենք։ Այսինքն էստեղ վեթինգի կամ զտման կամ գնահատման մեխանիզմը դա կլինի ընդամենը ֆրագմենտալ առանձին բնագավառ, որը չի բերելու այն ենթադրելի արդյունքին, որ մենք ենթադրում ենք։ Ուրեմն այդ պատճառով շատ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը։ Անպատժելիությունը կշարունակվի քանի դեռ մարդու դեմ կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն չեն կրել, սա մեկ, երկրորդը՝ քանի դեռ մարդիկ, ում իրավունքները խախտված են եղել, արժանապատվությունը նվաստացված է եղել, դրանք չեն ճանաչվել պետության կողմից, որ այլևս այդպես չի կարելի, և մարդիկ չեն ստացել փոխհատուցում։ Եվ չի լինելու վստահելի պետություն, քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռք բերված ռեսուրսները դեռևս գտնվում են այն մարդկանց ձեռքերում, ովքեր կարող են ցանկացած ժամանակ որպես քաղաքական կապիտալ օգտագործել ընդդեմ ժողովրդավարական և իրավական պետության ձևավորման ճանապարհին։
10:49 - 24 մայիսի, 2019