Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
ՀՀ ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է Բաքվի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

ՀՀ ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է Բաքվի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջև հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային վերաբերմունքի և պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը բարձրացնելու համար:   «Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Արման Թաթոյանը նշել է, որ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակը» պետական հովանավորչությամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկենները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար: Արման Թաթոյանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում: ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից նաև հայտնում են, որ բարոնուհի Քերոլայն Քոքսը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ուղղությունները:
21:25 - 27 ապրիլի, 2021
Արման Թաթոյանը ներկայացրել է Եվրոպայում առաջատարներից համարվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության փորձը ԵԽ չափանիշների իրագործման հարցում

Արման Թաթոյանը ներկայացրել է Եվրոպայում առաջատարներից համարվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության փորձը ԵԽ չափանիշների իրագործման հարցում

Ապրիլի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույցով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ, բազմակողմանի և անկախ ազգային հաստատությունների զարգացման և ուժեղացման» վերաբերյալ հանձնարարականի քննարկմանն ուղղված բարձրաստիճան հանդիպմանը: Հանդիպմանը, որը կազմակերպվել է Եխ-ում Գերմանիայի նախագահությամբ և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կողմից, մասնակցել են եվրոպական Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Եվրոպայի խորհրդի մարմինների ղեկավարները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտո Սպանոն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն է ուսումնասիրել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ համագործակցության և օժանդակության համատեքստում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ուղիները, ուժեղացնել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) դերը մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության խթանման և պաշտպանության ոլորտներում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է, որ հաստատությունը երրորդ կողմ է ներգրավվել ՄԻԵԴ-ում ներկայացված Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով, որը բացառիկ պրակտիկա է և ներկայացվում է տարբեր երկրներում որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Արման Թաթոյանը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը դիրքորոշումներ (Rule 9 submission) է ներկայացնում Հայաստանին վերաբերող գործերով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե վճիռների կատարման վերաբերյալ՝ համագործակցելով նաև քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են ԵԽ Հանձնարարականի կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ և բազմակողմանի աշխատանքի արդի մարտահրավերները:
11:53 - 27 ապրիլի, 2021
Թաթոյանն ահազանգում է՝ ադրբեջանցիները հրազենի բացահայտ ցուցադրումով սպառնացել են Արավուսի հովիվին

Թաթոյանն ահազանգում է՝ ադրբեջանցիները հրազենի բացահայտ ցուցադրումով սպառնացել են Արավուսի հովիվին

Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը, այսօր հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Պաշտպանը հայտնում է, որ աշխատակազմ ահազանգ է ներկայացրել հովիվը և տեղեկացրել, որ ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ: Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին: Այնուհետև, երբ տեսել են, որ հովիվին օգնության են շտապում Հայաստանի զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովիվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաև ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում և տվել սպառնալիքներ հրազենի բացահայտ ցուցադրումով: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև միջադեպի վերաբերյալ Արավուս գյուղի ղեկավարի ահազանգը լրատվամիջոցներում: Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում: Թաթոյանն արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է Հայաստանի սահմանային բնակչի նկատմամբ: «Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին», - ասում է Թաթոյանն՝ ընդգծելով․ - «Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի»: Պաշտպանը պնդում է՝ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն: Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում:
10:10 - 27 ապրիլի, 2021
ՄԻՊ-ը Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավարին ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

ՄԻՊ-ը Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավարին ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանի ղեկավարությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր, այնպես էլ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: ՄԻՊ-ը նշում է, որ նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում: Արման Թաթոյանը դատապարտելի է համարել Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը՝ այն համարելով պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց: Պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները նվաստացած վիճակում են, իսկ պուրակը բաց է նաև երեխաների համար: Նա ներկայացրել է նաև ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Պատվիրակության անդամները բարձր են գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը՝ շեշտելով, որ Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավարի կողմից պարբերաբար ստանում են Հայաստանին վերաբերող հավաստի ինֆորմացիա, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի աշխատանքը, հատկապես՝ Արցախը քաղաքակիրթ աշխարհի մաս դարձնելուն ուղղված հետևողական աշխատանքը և պայմանավորվածություն է ձեռք բերվել պատվիրակության անդամների հետ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
22:50 - 26 ապրիլի, 2021
Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել . ՀՀ ՄԻՊ

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել . ՀՀ ՄԻՊ

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել: Այս մասին երեկ և այսօր Սյունիքի մարզի համայնքներ այցերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են խաղաղ բնակիչները, ինչպես նաև համայնքային մարմինները: Ըստ բնակիչների՝ կրակոցներն  արձակվում են օրվա ինչպես ցերեկային, այնպես էլ գիշեր ժամանակ, պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին ու կանանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Կրակոցներից բացի, ՀՀ Սյունիքի մարզի Կապանից Ճակատեն ու մյուս գյուղեր, Գորիսից Շուռնուխ ու Որոտան և այլ համայնքներ միավորող ճանապարհներին ադրբեջանական  զինվորականների ներկայությունը լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը սպառնում է գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը: Ֆիզիկական սնձեռնմխելիությունից բացի, դա ոտնահարում է հոգեկան անձեռնմխելիությունը: Այդ ճանապարհին արհեստական հիմքերով տեղադրված են ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ, որն էլ պատրվակ է ծառայում ադրբեջանական զինվորականների տեղակայման համար` դրանց իբր պահպանության համար: Գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Որոտան, Խնածախ, Շիկահող, Ճակատեն և այլն) բնակիչները այս անգամ ևս նշեցին, որ գյուղերի հարևանությամբ նրանց ներկայության պատճառով անհնարին է դարձել խոտհարքներից, արոտավայրերից ու մասնավոր հողատարածքներից օգտվելը (որպես եկամտի աղբյուր), այդ թվում` կադաստրային օրինական փաստաթղթերի առկայության պայմաններում: Օրինակ` Սրաշեն գյուղում բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ կրակոցներ են արձակվել անգամ տեսնելով անզեն աչքով գյուղացուն հողամասում աշխատելիս: Ակնհայտ է, որ Սյունիքի մարզում խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է անվտանգության գոտու հրատապ ստեղծում: Ադրբեջանական զինվորականների տեղակայումները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն այդ վայրերից»,-ասված է գրառման մեջ:
21:52 - 20 ապրիլի, 2021
Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը. ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը հանդիպել են բնակիչներին

Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը. ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը հանդիպել են բնակիչներին

Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ բնակավայր: Այս մասին հայտնում ՄԻՊ գրասենյակից։ «Բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ: Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի հետևանքով մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից: Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ: Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը: ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։
11:29 - 20 ապրիլի, 2021
Մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի. ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքում են

Մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի. ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքում են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համատեղ այցը Սյունիքի մարզ մեկնարկել է ապրիլի 19-ին:  ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ մի շարք հանդիպումներ են ունեցել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում: Նշվում է, որ առաջնային հարց է գյուղի բնակիչների իրավունքների վերականգնումը, որոնք ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի անմիջական հարևանությամբ հայտնվելու պատճառով: Գյուղի բնակիչներն անվտանգության խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից ու այգիներից, չեն կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները: Այս վիճակի պատճառով էլ մարդիկ զրկվում են իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության և կենսական կարևորության սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ: Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից: Խնածախում բնակիչների հետ քննարկվել են նաև նրանց հուզող այլ հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների իրավունքների, սոցիալ-տնտեական հարցերում պետության աջակցության հետ: Դիտարկվել է երեխաների իրավունքների հարցը, մասնավորապես՝ կապված մանկապարտեզ և դպրոց նրանց հաճախելու, նրանց կրթության հետ և այլն: Գորիս քաղաքում Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ տեղի ունեցան համատեղ քննարկումներ Գորիս համայնքի ղեկավարի, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և գյուղական մի շարք այլ բնակավայրերի ղեկավարների, ինչպես նաև Սիսիան համայնքի ղեկավարի հետ: Մանրամասն քննարկվել են համայնքներում մարդկանց իրավունքներին վերաբերող, նրանց հուզող խնդիրները: Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է: Այս եզրահանգումն ունի իրավական կոնկրետ հիմնավորումներ, որոնք նրանց ներկայությունն ընդհանրապես դարձնում են ապալեգիտիմ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է բազմիցս: Կարևոր է ՀՀ նախագահի դիրքորոշումն այն մասին, որ սահմանների հարցում առկա է անորոշություն ու այս վիճակը խախտում է գյուղերի բնակիչների իրավունքները: Հետևաբար, ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի: ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:
10:20 - 20 ապրիլի, 2021
Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. Ա. Թաթոյանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին

Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. Ա. Թաթոյանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին

Այսօր պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների լրացուցիչ  տվյալներ եմ ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրակսն վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների  պաշտպանության հարցերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Նամակում առաջնահերթ ցույց է տված, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք կարգավիճակով գերի են և պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս հարցը արհեստական ձգձգվում է՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպես պատիժ: Մինչդեռ, սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Գերիների ազատ արձակումը և վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների և մարդասիրական գործընթացի շրջանակում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը: Նրանք այս քաղաքականությամբ խախտում են գերիների իրավունքները, հոգեկան տառապանքներ են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, առաջացնում են լարվածություն հայ հասարակությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 2020թ. 44 գերիների վերադարձին: Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում, որը շարունակաբար քարոզվում է պետական մակարդակով։ Ուստի, հաշվի առնելով նշված միջազգային մարմինների մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների (կյանքի իրավունքն առաջնահերթ) պաշտպանության հարցում` նրանց ներկայացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես անկախ հաստատության իրական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը դադարեցնելու հրատապ անհրաժեշտության հարց»,- գրել է ՄԻՊ-ը։
11:56 - 19 ապրիլի, 2021
ՄԻՊ-ն Ալիեւի վերջին ելույթների ռասիստական բնույթի վրա է հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը

ՄԻՊ-ն Ալիեւի վերջին ելույթների ռասիստական բնույթի վրա է հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ելույթներին՝ դրանց ռասիստական բնույթի վրա հրավիրելով միջազգային կառույցների ուշադրությունը։ ՄԻՊ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Հայերն ունեն խեղված  հոգեբանություն, նրանց  լավ բժիշկ է պետք, հայերի թույնը սփյուռքից է. Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլի 13-ի խոսքերն են: Նրա ելույթն արմատավորում է ատելություն և ռասիզմ, ֆաշիստական է: Առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև: Մեջբերումներ ապրիլի 13-ի ելույթից՝ «(...) Նրանք (նկատի ունի հայերին) լավ բժիշկների կարիք ունեն: Ես բազմիցս ասել եմ, որ նրանց թունավորել են: Այս թույնը հիմնականում գալիս է իրենց սփյուռքից, որը Ֆրանսիայի հարավում, Կալիֆոռնիայում, Կրասնոդարի մարզում և այլ մայրաքաղաքներում շատ հանգիստ և գեղեցիկ վայրերում նստած կյանքն են վայելում: Նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերն իրենց պատանդը, գործիքը լինեն, որպեսզի իրենք կարողանան զբաղվել կտրուկ և շովինիստական գաղափարներով: Հայ հասարակությունը (...) ապրում են երկաթե վարագույրի հետևում և այս թունավոր գաղափարների ազդեցության տակ են: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում»: «(...) դա կրկին իրենց հոգեբանության հետ է կապված:  Նրանք կարծում են, որ ամբողջ աշխարհն իրենց պարտական է: Այդ հոգեբանությունը նրանց գցել է ներկայիս նվաստացուցիչ վիճակի մեջ, բայց շարունակում են մտածել, որ իրենց պետք է օգնեն:  (...) Նրանք չեն գիտակցում, որ խնդիրը հենց իրենց մեջ է: Հայաստանի ամենամեծ վտանգը հենց իրենց հոգեբանությունն է: Սա պետք է փոխվի և գուցե դա շրջադարձային կետ կլինի, որպեսզի հասկանան թե մենք իրենց ինչ ծանր դաս ենք տվել»: «Սա նրանց հոգեբանությունն է: Նրանք դաստիարակվել են այնպես, կարծես աշխարհի ամենամեծ ազգն են, արժանի են լիակատար աջակցության, բոլորը պարտական են իրենց, ոչ ոք չգիտի ինչու: Նրանք օգտագործում էին կեղծ պատմություններ ՝ անձնական և կորպորատիվ առավելություններ ստանալու համար: Հիմա բոլորը հասկանում են, որ իրենց բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000, «Անպարտելի բանակ»: Նրանց ողջ ընկալումը փոխվել է: Դուք միանգամայն ճիշտ եք, դա խեղում է, հոգեբանական խեղում»: Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ին «Պուրակի» բացման, ինչպես նաև ապրիլի 13-ի ելույթներով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն: Փոխարենը՝ նա համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը: Ակնհայտ է, որ նրա կողմից իրականացվում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի ու Արցախի բնակչության, hայ ժողովրդի նկատմամբ: Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը: Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը: Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում: Ադրբեջանի նախագահը ապրիլի 13-ի իր ելույթն ունեցել է «Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը՝ ADA համալսարանում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք. Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.):
12:48 - 18 ապրիլի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Եվրամիությանը հորդորել է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար

ՀՀ ՄԻՊ-ը Եվրամիությանը հորդորել է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հորդորում են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր հայ գերիներին ազատելու համար։ Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին կայացել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Տեղեկությունը` կից տեսանյութով, նա հրապարակել է Facebook-ի իր էջում։ Թաթոյանը կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով ապրիլի 9-ին դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: Նա ևս մեկ անգամ հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: «Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում»,–ասել է Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության և թշնամանքի քարոզի համատեքստում: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը: Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Թաթոյանը կարծում է, որ ԵՄ-ն պետք է իր դիրքորոշումն ինստիտուցիոնալ ձևով արտահայտի՝ այս խախտումները վերացնելու, հետագաները կանխելու համար։ Քննարկման ընթացքում պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Տեղեկացվում է, որ քննարկման նախաձեռնությունը եղել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասինը, որը ևս հանդես է եկել զեկույցով: Մասնակցել են նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը: Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։
10:16 - 15 ապրիլի, 2021
Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի ղեկավարը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի ղեկավարը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) բաց նամակը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի նախագահին։ «Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ք. Ստրասբուրգ) ղեկավար Բրյուս Ադամսոնը  բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` նշելով, որ հատկապես մտահոգված է Հայաստանի կառավարության կողմից «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ: Այդ դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Բրյուս Ադամսոնն  ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հատկացվող ֆինանսական միջոցների նվազեցման արգելքի երաշխիքի վերացումը վտանգներ է ստեղծում հաստատության կողմից իր բոլոր լիազորությունների տիրույթում և, հատկապես, երեխաների իրավունքների ոլորտում իրականացվող հսկայածավալ աշխատանքների համար (այդ թվում՝ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկում, երեխաների իրավունքների վերաբերյալ բողոքների քննարկում, երեխաների խնամք իրականացնող կազմակերպություններում բարբերական չսահմանափակված այցերի  կատարում, հատուկ հրապարակային զեկույցների պատրաստում, երեխաների իրավունքների հարցերով իրավասու մարմիններին առաջարկությունների ներկայացում, երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպում եւ միջազգային կազմակերպություններում համապատասխան աշխատանքների մասնակցություն): Հաշվի առնելով  այն, որ  Պաշտպանը ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման ազգային մարմնին է՝ ցանցի ղեկավարն իր առանձնակի մտահոգությունն է հայտնել այն առումով, որ ինչ կանխատեսելի ազդեցություն կունենա այս հնարավոր կրճատումը երեխաների իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի՝ որպես Հայաստանում ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման մարմնի ֆինանսական և գործունեության կարողությունների նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական կարողությունների կրճատումը կամ այդպիսի անկանխատեսելիությունը կարող է լուրջ վտանգներ ստեղծել Պաշտպանի կողմից իր ողջ ներուժը օգտագործելու և հաստատության գործունեության արդյունավետության տեսանկյունից: Բացի դրանից, առաջարկվող փոփոխությունների արդյունքում Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի կանոնադրության համաձայն՝ Պաշտպանի հաստատությունը կարող է զրկվել այդ միջազգային կազմակերպությունում լիիրավ անդամի կարգավիճակից: Հաշվի առնելով  Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի և Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի չափանիշները և Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ նամակում կոչ է արվել վերանայել  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը։ Ծանոթագրություն. Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի գործունեության նպատակն է ապահովել եւ նպաստել երեխայի իրավունքների պաշտպանությանը` ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ցանցի ասոցացված անդամ է եղել 2009 թվականից,  իսկ 2018 թվականից դարձել է լիիրավ անդամ, որը  հնարավորություն է տալիս մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին:Ներկայացնում ենք նամակի  անգլերեն տարբերակը և հայերեն թարգմանությունն ամբողջությամբ, որն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։  Հ.Գ. Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ք. Ստրասբուրգ) ղեկավարը ՀՀ ազգային ժողովի նախագահին   բաց նամակ հղելիս տեղեկացված է եղել որ Կառավարությունը հետ է կանչել Պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքները վերացնող նախագիծը, սակայն նամակը գրվել է կանխարգելիչ նպատակով»:
18:19 - 14 ապրիլի, 2021
Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը. Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը. Արման Թաթոյան

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այս պահին տեղի է ունենում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ առցանց կոնֆերանս: Կոնֆերանսին խոսքով հանդես է եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, հատկապես պարոն Ֆուրլասին և Եվրոպայի Հայ Դատի գրասենյակին այս քննարկումը կազմակերպելու համար:Ադրբեջանը չի հայտնում ռազմագերիների հստակ թիվը, տարածքային պահանջներ է ներկայացնում առանց ռազմագերիների անհապաղ ազատման պայմանը կատարելու: Ադրբեջանի նախագահը 2020 թվականի վերջին հայ ռազմագերիներից շատերին որակել է որպես ահաբեկիչ:Պետք է ընդգծել, որ Ղարաբաղյան կամ Արցախյան հակամարտությունը շարունակվում է, ուստի շատ պայմանական նոյեմբերի 9-ի հայտարարության օրը հիմք ընդունելով և ասելով, որ դրանից հետո Ադրբեջանում գերի վերցված անձինք ահաբեկիչներ են, անընդունելի է:Բոլոր ռազմագերիները, որոնք գտնվում են Ադրբեջանում, այդ թվում այն 64 մարդիկ, որոնք գերևարվել են նոյեմբերի 9-ից հետո, որակվել են որպես ահաբեկիչ: Սա մանիպուլյացիա է: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը:Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-նշել է Թաթոյանը:
22:55 - 12 ապրիլի, 2021
ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակի» ցուցադրությունների առնչությամբ

ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակի» ցուցադրությունների առնչությամբ

Պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը: «Այս պահին միայն արձանագրում ենք, որ տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչ մշտապես հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը. խաղաղասիրությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է` նախատեսված միջազգային հանրության համար»,- հայտնել է նա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:
19:48 - 12 ապրիլի, 2021
Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՀՀ ՄԻՊ

Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՀՀ ՄԻՊ

Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը: Ըստ օմբուդսմենի գրասենյակի՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին, սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր մերժումների արատավոր պրակտիկան՝ ի սկզբանե անապահովության միավորի չբավարարելու համոզմունքի դրսևորմամբ: Արդյունքում, մարդիկ դուրս են մնում անապահովության համակարգից, զրկվում նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքից: Բացի դրանից՝ չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունները գնահատելու պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Այդ պատճառով, չարաշահումներ հայտնաբերելիս պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նպաստառուի վրա։ Թեև սոցիալական աջակցության տարածքային բաժիններին տրամադրվել են պլանշետներ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար, սակայն դա ինքնին չի կարող դառնալ չարաշահումների կանխարգելման և հավանականության կանոնակարգման լծակ: Միայն մեխանիկական մոտեցումներով բավարարվելն անթույլատրելի է: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տարիներ շարունակ արձանագրվող խնդիրներից է սոցիալական կամ ընտանեկան նպաստի իրավունքից զրկվելը՝ սոցիալական ապահովության տրամադրվող միջոցների անհամաչափ փոփոխության պատճառով: Այս հարցը նույնպես արտացոլված է Պաշտպանի  2020 թվականի հաղորդման մեջ: Օրինակ՝ դիմում-բողոքներից մեկով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով: Այս պատճառով, նշված ընտանիքները կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության հաստատված տասներեքերորդ միջոցառման շահառու ևս չեն ճանաչվել: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ առաջարկել է՝ 1. ներդնել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ սոցիալական աջակցության մարմինների նկատմամբ՝ պատշաճ վարչարարություն իրականացնելու, վատ վերաբերմունքի բացառման, խորհրդատվական օգնության համընդգրկուն տրամադրման նպատակով, 2. բարձրացնել համակարգի հասցեականությունը և թափանցիկությունը՝ ներդնելով օրենսդրական և գործնական լիարժեք մեխանիզմներ և այլն:
11:32 - 12 ապրիլի, 2021