ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

Այսօրվա իշխանությունը չի կարող հերքել, որ զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը․ ՍՈՒ-30-ները Հայաստանում են առանց զինամթերքի․ Մովսես Հակոբյան

Այսօրվա իշխանությունը չի կարող հերքել, որ զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը․ ՍՈՒ-30-ները Հայաստանում են առանց զինամթերքի․ Մովսես Հակոբյան

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ 2016-ին կազմվել է սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլան։ Այդ ժամանակ ինքը կարճ ժամկետով նշանակվել է ՊՆ տեղակալ-դեպարտամենտի պետ, եւ այդ պայմանագրերը ինքն է կնքել։ «Ինչ է ձեռք բերվել․ Սմերչ կայաններ, Տոռեր, Իգլաներ․ այս զենքերը այս պատերազմում կռվել են։ Դրանց մեծ մասը ձեռք է բերվել 2017-ին, Տոռերի մի մասը՝ հաջորդ տարի։ Մեծ քանակությամբ նռնականետեր են ձեռք բերվել, եւ այլն։ 2018-22-ի զարգացման պլանով նախատեսված է եղել գնել եւս երկու դիվիզոն Տոռ, ընդ որում 2018-ին դրա գումարի տասը տոկոս կանխավճարն արդեն մուծված է եղել։ Ընդ որում՝ այդ պլանը վերացական չի եղել։ Գումարները կային, ամբողջությանմբ, դա ցանկությունների պլան չի եղել։ Պիտի ձեռք բերվեր եւս մեկ դիվիզիոն Սմերչ, պիտի կատարելագործվեր մեր Իսկանդերի համակարգը, պիտի ձեռք բերվեին Կոռնետներ եւ մեծ քանակությամբ զինամթերք։ 2018-ի գործող պլանը փոխել են, ինչ են ձեռք բերել․ ՍՈՒ-30, ZU 23-22, հետագայում նաեւ ՕՍԱ-ներ»,- ասաց նա։ Հակոբյանի խոսքով՝ դրանցից ոչ մեկը չի կրակել պատերազմի ընթացքում։ Ըստ նրա՝ դրանք  ձեռք են բերել, որովհետեւ չեն պատկերացրել՝ պատերազմն ինչ է։ «Սա էլ չեն կարող հերքել, որովհետեւ ես երկրի ղեկավարին անձամբ իր կաբինետում նստած ասել եմ՝ սրա համար պատասխան եք տալու։ Այդ ժամանակ ՍՈՒ-30-ներն արդեն ձեռք էին բերվել։ Երբ ես եղել եմ դեպարտամենտի պետ, ԳՇ պետ, ՍՈՒ-30 վաճառողները ինձ սպասում էին, որպեսզի դա վաճառեն մեզ։ Զենքի վաճառքն այդպես է, ամեն ձեւ փորձում են քեզ վաճառել։ Ես հետո իմացա՝ իմ երթուղին ով է տալիս, որ նրանք հայտնվեն այնտեղ, որ փորձեն վաճառել, որովհետեւ ես 2016-ից մերժել եմ, հիմնավորել եմ երկրի նախագահին, թե ինչու մեզ պետք չէ ՍՈՒ-30»,- ասաց նա։ Հակոբյանը նշեց, որ այսօրվա իշխանությունը չի կարող հերքել, որ զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, թե որ զինամթերքն իրեն չեն վաճառելու։ «Այն զինամթերքը, որ ձեռք է բերվել, ՌԴ կառավարության որոշմամբ՝ այդ զինամթերքի՝ երկրորդ երկրին վաճառելն արգելվում է, դրա համար այդ ՍՈՒ-30-ները Հայաստանում են առանց զինամթերքի»,- ասաց նա։ Հակոբյանի խոսքով՝ ինքը նաև ասել է, որ ՕՍԱ-ների ձեռքբերումը նպատակահարմար չէ, նոր սերնդի պատերազմ է լինելու։  «Մենք ունենք պայմանագիր, լավ, ՏՈՌ-ի գումարները ծախսել եք, ՍՈՒ եք առել, էս տարվա գումարները դրեք՝ ՏՈՌ առեք․․․ բա՝ ՏՈՌ-ի պայմանագիրը երկար է տեւում, եւ այլն․․․։ Ես պնդել եմ, որ դա սխալ է, եւ պիտի ձեռք բերվի արդիական սպառազինություն։ Օդը փակե՞լ են․ ինչքա՞ն ԱԹՍ է խոցվել եւ ինչից։ Խոցվել են հրաձգային զենքից, Իգլայից, ՏՈՌ-ից»,- ասաց նա։
17:13 - 19 նոյեմբերի, 2020
Մովսես Հակոբյանի պնդմամբ՝ մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ համալրվել, այնինչ պիտի արվեր հակառակը

Մովսես Հակոբյանի պնդմամբ՝ մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ համալրվել, այնինչ պիտի արվեր հակառակը

ԶՈՒ բարեփոխումների պլան ունենք, սպառազինության, ռազմական տեխնիկայի արդիականացման պլան ունենք։ Երկուսը զուգահեռ կազմվել են 2018-23 թվականների համար, իմ՝ ԳՇ պետ եղած ժամանակ, այնուհետեւ նոր ԳՇ պետն ու պաշտպանության նախարարը դրանց մեջ փոփոխություններ են մտցրել: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Զինված ուժերի կատարելագործման պլանին կանդրադառնամ, որի մեջ ներառվում է նաեւ ԶՈՒ օպտիմալացումը, դա կրճատում չէ։ Դրա մի մասը ես կատարել եմ իմ ծառայության ժամանակ, մի մասը դեռեւս պիտի կատարվի, եւ էդ պլանը ենթարկվել է փոփոխության՝ հակառակ ուղղությամբ։ Կա մարտավարական օղակ՝ կռվողները, եւ օպերատիվ օղակ՝ թուղթ գրողները՝ որոշումներ կայացնողները եւ այլն։ Իմ պլանի մեջ գրված է եղել՝ այդ կառույցները կրճատել, ավելացնել մարտավարական օղակում, որտեղ մարդիկ են անհրաժեշտ կռվելու համար։ Փոխվել է ուղիղ հակառակը․ մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացել»,- ասաց նա։ Հակոբյանը նշեց, որ 2018-ի մայիսից հետո ԳՇ-ի եւ նախարարության օպերատիվ օղակի անձնակազմի թվաքանակը համարյա կրկնապատկվել է, ավելացել է 98 տոկոսով։ Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով։ «Կրճատել են հինգ գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով՝ բացի զինվորներից, որովհետեւ մեր զինվորների քանակը քիչ էր, չէր բավարարում։ Մենք օպտիմալացման շրջանակում մեր զինվորներին տարանք այնտեղ, որտեղ ավելի կարեւոր է, կոնկրետ՝ ՊԲ»,- ասաց նա։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ այդ զորամասերը պատերազմի ժամանակ պիտի լրահամալրվեին, ներդաշնակվեին, փոխարինեին այն զորամասերին, որոնց մի մասը կոնկրետ 2-րդ էշելոնում խնդիր ուներ (2-րդ էշելոնը առաջինը կանգնած զորամասերի թիկունքում 4 կմ խորության վրա է), մի մասը մնար որպես ռեզերվ, որպեսզի հակառակորդի՝ այլ տեղերից մխրճումները փակեր ու կանգնեցներ։ «Դրանից զատ՝ Արցախի բոլոր պաշտպանական շրջաններում պիտի ձեւավորվեր եւս մեկ գումարտակ, կրճատվել է։ Սկզբում մեկ վաշտ էլ է կրճատվել, այնուհետեւ իմ պնդմամբ վեր են ածել դասակների, բոլոր վաշտերում կրճատվել է մեկական դասակ, եւ այսպես շարունակ։ Սա բերել է այսօրվա իրավիճակին»,- ասաց նա։
16:25 - 19 նոյեմբերի, 2020
ՊՆ, վերլուծելով Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին օրերի հրապարակային հայտարարությունները, հանգում է եզրակացության, որ այս պաշտոնյան չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնվող ոլորտին

ՊՆ, վերլուծելով Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին օրերի հրապարակային հայտարարությունները, հանգում է եզրակացության, որ այս պաշտոնյան չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնվող ոլորտին

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը․ «Անհասկանալի հետևողականությամբ և վճռականությամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց և ոլորտին առչնվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող, կամ՝ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի գործողությունների և դրանց առնչվող մի շարք թեմաների վրա, որոնց մի մասն, ի դեպ, գաղտնի են։ Մենք մի քանի անգամ, ցավոք սրտի, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու պարոն Քոչարյանի հրապարակային հայտարարություններին, որոնց մեջ օգտագործվում են պետական բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյային բացարձակ անհարիր ու անընդունելի՝ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար», կամ «ձկնորսի համազգեստ»՝ արտահայտություններին։ Բայց անհրաժեշտ հետևություններ անելու, բանակի, զինվորի ու սպայի, ՊՆ բազմաթիվ քաղաքացիական ծառայողների հասցեին հնչած ծայրահեղ վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, պարոնը շարունակում է իր՝ այլևս ակնհայտորեն թիրախավորված արշավը։ Մասնավորապես, պարոն Քոչարյանը, նախօրեին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի՝ «տպավորություն է, որ քավության նոխազ եք ուզում սարքել Դավիթ Տոնոյանին, ինչո՞վ է մեղավոր Տոնոյանը» հարցին, բառացիորեն պատասխանում է հետևյալը. «Բայց ո՞վ է ասում Դավիթ Տոնոյանն է մեղավոր, մեղավորների տարբեր մակարդակներ կան: Դավիթ Տոնոյանը մեղավոր է, որովհետեւ ինքը պաշտպանության նախարարն է, հիմա ոչ մեկը մեղավոր չի՞, Դավիթ Տոնոյանը մեղավոր չի՞, այլ նախարարներ մեղավոր չե՞ն»։ Այսինքն՝ պարոն Քոչարյանը փաստում է, որ չունի որևէ իրական հիմք՝ պաշտպանության նախարարին որևէ մեղադրանք ներկայացնելու համար և որ իր ողջ այս արշավն անում է զուտ «աչքաչափով», այն համոզմունքով՝ որ եթե ինչ-որ բան եղել է, ապա ինչ-որ մեկը պետք է մեղավոր լինի։ Եթե այս արտահայտության հեղինակը լիներ պատահական որևէ մարդ, ապա ամեն ինչ հասկանալի և ընկալելի կլիներ։ Բայց երբ այդ ամենը հնչում է պաշտոնյայի շուրթերից, որը զբաղեցնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ապա այս իրադրությունը բացառապես տարակուսանք է առաջացնում։ Ընդ որում, պարոն Քոչարյանը անում է քայլեր, որոնք իրական վտանգ են պարունակում և շատ լուրջ մտահոգություն առաջացնում։ Օրինակ՝ պատերազմի ընթացքում ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների կիևառության մասին գերզգայուն հարցադրումները պաշտպանության նախարարությունում, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ փակ դռների ետևում քննարկելու փոխարեն, պարոն Քոչարյանն անում է հրապարակային հարցադրումներ, որոնց պատասխանները, այս պարագայում, գաղտնիք են հանդիսանում։ Նույնը՝ կապված իր կողմից նշված ՌԷՊ միջոցների մասին։ Արդյո՞ք սա պաշտոնյայի՝ իր տեղում չգտնվելու, իր ոլորտին չտիրապետելու ամենավառ վկայությունը չէ։ Ի՞նչ է ակնկալում Անդրանիկ Քոչարյանը՝ հնչեցնելով հարցադրումներ, որոնց պատասխանները գաղտնիք են։ Արդյո՞ք սա տարրական ու էժանագին շահարկում, կամ՝ առնվազն բացարձակ անընդունելի սադրանք չէ՝ ստիպելու պաշտպանական գերատեսչությանը բացահայտել փաստեր, որոնք ձեռնտու են բացառապես թշնամուն։ Ի՞նչ խնդիր է հետապնդում Անդրանիկ Քոչարյանը, հետևողականորեն անելով վիրավորական հայտարարություններ ողջ բանակի համար, որն, ի դեպ, ներկա փուլում լուծում է գերկարևոր խնդիրներ՝ կապված ուժերի ու ռեսուրսների վերականգնման, վերախմբավորման, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, մարտունակությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ և այլն։ Պաշտպանության նախարարությունը, սթափ և մանրամասն վերլուծելով Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին օրերի բոլոր հրապարակային հայտարարությունները, հետզհետե հանգում է եզրակացության, որ այս պաշտոնյան բացարձակապես չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնվող ոլորտին, չունի բավարար գիտելիքներ պաշտպանական համակարգից, չի գիտակցում պետական գաղտնիքի սահմաններն ու դրանից բխող սահմանափակումները և անում է գործողություններ, որոնք, մեծ հաշվով, հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը։ Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարությունը դիտարկում է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու խնդրանքով ԱԺ նախագահին, ինչպես նաև ակնհայտ վիրավորանք պարունակող հրապարակային հայտարարությունների հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմելու հնարավորությունը»։
10:47 - 19 նոյեմբերի, 2020
Որպես զինված ուժերի ԳՇ պետ և անմիջական հրամանատար՝ ես պատասխանատվություն եմ կրում ԶՈՒ բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար․ Օնիկ Գասպարյան

Որպես զինված ուժերի ԳՇ պետ և անմիջական հրամանատար՝ ես պատասխանատվություն եմ կրում ԶՈՒ բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար․ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասում է. «Հարգելի´ հայրենակիցներ, զինակից ընկերներ. 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց։ Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի´ համապատասխանում։ Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ. 1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն: 2. Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը: 3. Այդ ժամանակ բարձրացվեց նաև հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը: Ինչևէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ: Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում: Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ: Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը: Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն… Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պե´տք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն: Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար: Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակների հիշատակի և նրանց հարազատների առջև: Մեզ պարտադրվեց շատ դաժան պատերազմ, և անհավասար պայքարում Հայ զինվորն ու սպան ցույց տվեցին մինչև վերջ կռվելու վճռականություն ու բարոյակամային ամենաբարձր որակներ: Սա իսկական Հերոսամարտ և Գոյամարտ էր… Հայոց ազգը կարող է հպարտանալ իր զինվորով, սպայով ու գեներալով: Զինակի´ց ընկերներ, Չպե´տք է հուսահատվենք ու պե´տք է շարունակենք մեր հայրենյաց սահմանների պաշտպանությունը, լրջորեն վերլուծենք և անենք հետևություններ, վերակառուցելով Հայոց բանակը` բարձրացնենք նրա մարտունակությունը: Շնորհակալ եմ անձնվեր ծառայության համար: Բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ անշեղորեն իրականացնենք մեր առջև դրված մարտական խնդիրների կատարումը, մեր միասնականությամբ ու անկոտրուն կամքով արժանի լինենք մեր զինակից ընկերների ու սրբացած նահատակների նվիրումին»:
13:05 - 17 նոյեմբերի, 2020
Իմ տրամադրած տեղեկությունները հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Իմ տրամադրած տեղեկությունները հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել կգնահատի ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ որ չի թերանում: Տեղեկությունները որոնք ես տրամադրել եմ հանրությանը հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա:Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից: Քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում զբաղվել: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ: Պետք է կյանքս ներդնեմ նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ»։
19:47 - 12 նոյեմբերի, 2020
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը․ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը

Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը․ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներՍեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։ Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։ Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։ Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»։  
08:19 - 10 նոյեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների, ինչպես նաև հատուկ հրահանգիչների մասնագիտական հավաքները: Հավաքների ընթացքում անցկացվել են գործնական հատուկ մասնագիտական պարապմունքներ, տարբեր զինատեսակների կիրառմամբ հրաձգային վարժություններ: Հավաքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը, կարևորելով հատուկ նշանակության ստորաբաժանումների դերակատարումը զինված ուժերում, բարձր են գնահատել հավաքների արդյունքները: Հավաքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
19:50 - 19 սեպտեմբերի, 2020
Գլխավոր շտաբի պետը հետևել է 1-ին զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին

Գլխավոր շտաբի պետը հետևել է 1-ին զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է 1-ին զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին: Այս մասին հայտնում են  Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանի ղեկավարությամբ իրականացվել են տեղազննման աշխատանքներ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել հետագա խնդիրների կատարման ուղղությամբ։ Զինված ուժերի 2-րդ և 4-րդ զորամիավորումներում էլ անցկացվել են հավաք-խորհրդակցություններ և հավաքներ: 2-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի շտաբերի պետերի հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ, իսկ 4-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Հավաքների անցկացման նպատակն էր մասնակիցների հրամանատարական կարողությունների ու մեթոդական պատրաստվածության, բոլոր օղակների հրամանատարների փոխգործակցության և մասնագիտական որակների կատարելագործումը։ Հավաքների ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով:  
18:13 - 28 օգոստոսի, 2020