Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն են նվիրաբերել ևս 150 թթվածնի խտացուցիչ սարք

ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն են նվիրաբերել ևս 150 թթվածնի խտացուցիչ սարք

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ.Թրեյսին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն` ընդունելու նախարարությանը նվիրաբերված թթվածնի խտացուցիչ սարքերի նոր խմբաքանակը:   ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել ևս 150 թթվածնի խտացուցիչ սարք։   Դրանք տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակներում, որը հիմնականում կենտրոնացած է երկու ուղղության վրա՝ հիվանդության լաբորատոր ախտորոշում և բուժում։ Ծրագրի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն տրամադրել են թվային 3 շարժական ռենտգեն սարք, 3 ուլտրաձայնային ապարատ, որոնք տրամադրվել են COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցներին՝ օգնելու հարյուրավոր հիվանդների։   Երկրում թեստավորման ծավալներն ընդլայնելու նպատակով ազգային լաբորատորիաներին տրամադրվել են լաբորատոր պարագաներ, նմուշառման հավաքածուներ՝ նախատեսված 40 հազար ՊՇՌ թեստերի համար: Ընդհանուր առմամբ, հատկացվել է 313320 պարագա, որոնք անհրաժեշտ են ՊՇՌ թեստավորման համար, ներառյալ միանգամյա օգտագործման պիտույքներ, փորձանոթներ, միկրոպիպետներ և այլն, որոնք համաշխարհային շուկայում բավականին սակավ էին՝ հաշվի առնելով ստեղծված բարձր պահանջարկի պայմանները։   «Շնորհակալ ենք շարունակաբար տրամադրվող աջակցության համար և բարձր ենք գնահատում COVID-19-ի դեմ պայքարում համագործակցությունը: Շատ կարևոր է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժօգնության կազմակերպման համար յուրաքանչյուր ներդրումը, իսկ այս փուլում առավել քան կարևոր են հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես, պատվաստման գործընթացը»,- ասել է Լենա Նանուշյանը և հույս հայտել, որ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի ցանկալի արդյունքի հասնել:
18:45 - 14 ապրիլի, 2021
Նախարարը հնարավոր է համարում մինչև տարեվերջ բնակչության 20 տոկոսի պատվաստումը կազմակերպելը |armenpress.am|

Նախարարը հնարավոր է համարում մինչև տարեվերջ բնակչության 20 տոկոսի պատվաստումը կազմակերպելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է համարում մինչև տարեվերջ ապահովել բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանի հարցին: Նախարարը նախ հիշեցրեց. «Երեկվանից Հայաստանում սկսվել է լայնածավալ պատվաստումային գործընթացը: Քաղաքացիների կողմից պատվաստումային գործընթացին ակտիվ մասնակցությունն անչափ կարևոր է»: Արկադի Խաչատրյանը նկատեց, որ նախարարը մի առիթով ասել է, որ մինչև տարեվերջ պլանավորվում է 600-700 հազար մարդ պատվաստել: «Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձր մակարդակում ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու: Եվ բացի դրանից, այլ պայմանավորվածությունները ևս հաշվի առնելով ՝ մենք հնարավոր ենք համարում, որ մինչև տարվա վերջ կկարողանանք իմ կողմից մատնանշված նշաձողը ապահովելու և բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստման գործընթացը կազմակերպելու»,-ասաց Ավանեսյանը:  Նա վստահեցրեց, որ միայն մի քանի երկրներ կան, որ կարողացել են 30-40 տոկոսի պատվաստում ապահովել հիմա, երկրների մեծամասնությունը գտնվում է 1-15 տոկոսի շրջակայքում:
17:10 - 14 ապրիլի, 2021
Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Պետք չէ կողմնակի ազդեցությունների հետ կապված գերագնահատել ռիսկերը, այլ պետք է ճիշտ որոշումներ կայացնել՝ գնահատելով ռիսկերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատվաստումների վերաբերյալ հարցին: Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է նպատակահարմար կորոնավիրուսի աճող թվերի պարագայում ընտրություններ անցկացնել, նախարարը պատասխանեց՝ վերջին մեկ տարում այլ երկրներում ևս անցկացվել են և՛ ընտրություններ, և՛ այլ միջոցառումներ: «Որոշակի ուսումնասիրություններ ենք անում, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է  ձեռնարկենք, որպեսզի ամբողջ ընթացքը լինի ապահով, և մեր քաղաքացիները կարողանան մասնակցել»,- ասաց նախարարը: Հարցին՝ նախատեսվո՞ւմ է արդյոք երեխաների շրջանում պատվաստումներ կատարել, նախարարը պատասխանեց. «Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ, և սա կապված է մի շարք հանգամանքների հետ: Նախ՝ պետք է պատվաստանյութերի փորձարկումները և գրանցման գործընթացում ավարտվի նաև երեխաների  մոտ կիրառելիության ընթացքը, և երբ ցուցում կլինի, որ այդ պատվաստանյութերը կիրառելի են, մենք հետագայում կդիտարկենք, բայց այս պահին նման հարց չի քննարկվում: Չեմ կարող բացառել, որ երկրներ կան, որ այս պահին կիրառում են, բայց մեր երկրում այս պահին նման հարց դրված չէ»:
12:51 - 14 ապրիլի, 2021
Առողջապահական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել. նախարար

Առողջապահական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի Գուստավ Ռուսսի ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Ստեֆան Պաղդուին, միջազգային բաժնի ղեկավար Աքսել Լը Սեսնըին, ինչպես նաև պատվիրակության այլ անդամների և ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչների:  «Ուզում եմ ընդգծել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ առողջապահական ոլորտում համագործակցությունը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել: Ես շատ ուրախ եմ, որ համագործակցությունը վերջին մի քանի ամիսներին ավելի ակտիվ ընթացքի մեջ է, հետևաբար կարծում եմ, որ առաջիկայում միասին նորանոր ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել»,- ողջունելով ներկաներին` ասել է Անահիտ Ավանեսյանը:  Հայաստանի և Ֆրանսիայի բազմամյա փոխգործակցության շրջանակներում Գուստավ Ռուսսի հիվանդանոցը, որը քաղցկեղի բուժմամբ զբաղվող Եվրոպայի առաջատար կենտրոններից է, ցանկություն է հայտնել առավել ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատել Հայաստանի առողջապահության նախարարության և հայաստանյան բժշկական հաստատությունների հետ։  Ըստ նախնական ծրագրերի` համագործակցությունը հայկական կողմի հետ ներառելու է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում Ֆրանսիայում և փորձի փոխանակում, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների այցելություններ Հայաստան։  Համագործակցությունը կարող է ընդգրկել նաև հազվադեպ հանդիպող ուռուցքների կամ մանկաբուժության և արյունաբանության հետ կապված բարդ ախտաբանությունների բուժում, որի կազմակերպման գործում հայաստանյան կենտրոնները բախվում են դժվարությունների համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Հնարավոր է կազմակերպել նաև հիվանդների բուժում համատեղ ուժերով այն դեպքերում, երբ բուժման որոշ՝ ավելի բարդ փուլեր կանցկացվեն Ֆրանսիայում։    
20:35 - 12 ապրիլի, 2021
Երևանում Covid19-ի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից |armenpress.am|

Երևանում Covid19-ի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից |armenpress.am|

armenpress.am: Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Վաղվանից՝ ապրիլի 13-ից արդեն մայրաքաղաքում կսկսվեն պատվաստումները և ապրիլի 14-ից կսկսվեն մարզերում: Հիմա բաշխման գործընթացն է իրականացվում»,-ասաց Ավանեսյանը: Ապրիլի 13-ից կսկսվի AstraZeneca-ով պատվաստումը, մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ նաև Sputnik V-ով պատվաստումը: Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:
13:30 - 12 ապրիլի, 2021
Հայաստանում AstraZeneca-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ |armenpress.am|

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում AstraZeneca-ով պատվաստում կթույլատրվի իրականացնել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով որոշակի փոփոխություններ են կատարվել, և լրացուցիչ ապահովության ու անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք ևս մանրակրկիտ ձևով ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվությունները և որոշում կայացրինք, որ AstraZeneca-ով պատվաստման համար մենք ևս կսահմանենք տարիքային շեմ, պատվաստում կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,-ասաց Ավանեսյանը: AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները 55 տարեկանից բարձր: «Քանի որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում մենք այս պահին սահմանել ենք հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ ևս մինչև 55 տարեկան»,-ասաց նախարարը: Ավանեսյանի վստահեցմամբ՝ այս ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն, եթե Sputnik V-ի նոր խմբաքանակ կներմուծվի, և 65-ից բարձր քաղաքացիները ևս կպատվաստվեն Sputnik V-ով: Նախարարը ներկայացրեց, թե ինչու են նման բաժանում արել: «Որպեսզի բուժաշխատողների համար հստակ և հասկանալի լինեն չափորոշիչները, և մարդիկ չունենան տարընկալումներ, թե ում ինչ պատվաստանյութ պետք է անեն: Եվ քանի որ առաջնահերթություն է հնարավորինս շատ անձանց պատվաստել և հիվանդանալուց զերծ մնալու, անգամ հիվանդանալու պարագայում այն թեթև ընթացքով տանելու հնարավորություն տալ, մենք այսպիսի քաղաքականություն ենք որդեգրել»,-ասաց Ավանեսյանը:
12:56 - 12 ապրիլի, 2021
Ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը․ կունենանք մի շարք տարբերակներ․ առողջապահության նախարար |tert.am|

Ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը․ կունենանք մի շարք տարբերակներ․ առողջապահության նախարար |tert.am|

tert.am: Մենք վերրջին 1-2 շաբաթների ընթացքում ունենք կայուն լարված իրավիճակ, թվերի նվազում դեռ չունենք։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների համամասնությունը բավական մեծ է։ «Այս պահին մենք ունենք մոտ 2600 ծավալված մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են, բայց այս ռեսուրսն անսահման չէ, առաջիկայում մի փոքր ավելացնելու հնարավորություն ունենք, բայց պետք է ամեն ինչ անենք, որ դրսում մնացած պացիենտներ չունենանք»,-ասաց նախարարը՝ կարևորելով հակահամաճարակային կանոնների պահպանումը։ «Կորոնավիրուսը բավական լուրջ հիվանդություն է, թողնում է հետևանքներ, և պատվաստումը այն կարևոր միջոցառումն է, որ պետք է կանխարգելի և օգնի, որ այս համաճարակի էջը փակված համարենք որոշ ժամանակ հետո»,-ասաց նա։ Անդրադառնալով պատվաստանյութերին՝ Ավանեսյանն ասաց․ «Այս պահին մենք ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը։ Մենք նաև մեր ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքային կապի մեջ ենք և հույս ունենք, որ առաջիկայում կկնքվեն նոր խմբաքանակների համաձայնագրերը, և կունենանք նոր ներմուծումներ»,-ասաց նա։ Նախարարը հայտնեց նաև, որ Չինաստանի կառավարության հետ կա նախնական համաձայնություն, որ ՀՀ-ին դոնորության շրջանակում կտրամադրվի պատվաստանյութ, որն առաջիկայում ևս կժամանի ՀՀ։ «Այսինքն՝ ունենալու ենք մի շարք տարբերակներ»,-նշեց նա։
12:49 - 12 ապրիլի, 2021
«Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց». Անահիտ Ավանեսյան |hetq.am|

«Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց». Անահիտ Ավանեսյան |hetq.am|

hetq.am:  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում «կայուն լարված է», ներկայումս հիվանդների 20%-ը՝ (3000-ից ավելի մարդ, հեղ.) միջին (մոտ 2400 մարդ), ծանր կամ ծայրահեղ ծանր (600 ավելի մարդ) վիճակում է։ Այս պահին բուժում է ստանում կորոնավիրուս ունեցող ավելի քան 16 000 մարդ։ Օրվա կտրվածքով ազատ մահճակալներ քիչ են լինում. կան հիվանդներ, որոնք հերթագրվել և հոսպիտալացման են սպասում։ Վերջերս Հայաստան է ներկրվել 24 000 դեղաչափ բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և 15 000 դեղաչափ՝ ռուսական «Sputnik V» (երկրորդ խմբաքանակն է, առաջինը՝ մոտ 2000 դեղաչափ)։ Վերջինս ներարկվելու է 2 դեղաչափով՝ 7500 հոգու, իսկ «AstraZeneca»-ն՝ մեկ դեղաչափով՝ 24 000 հոգու, այնուհետև նորից է ներկրվելու՝ երկրորդ դեղաչափը ներարկելու համար։ Թեև պատվաստանյութերը Հայաստանում գրանցված չեն, սակայն օգտագործումը թույլատրված է. դրանք կգրանցվեն հետագայում։ Այժմ պատվաստվել է մոտ 600 հոգի, հիմնականում՝ բուժաշխատողներ, բայց ցանկացնողներ շատ կան։ «Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց»,-հայտնում է նախարարը։ Կողմնակի ազդեցություններից և մահերից հետո (մահերի և պատվաստանյութի միջև կապը հաստատված չէ), վերջերս մոտ 20 երկիր (Ավստրիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ռումինիան, Ֆրանսիան, Ինդոնեզիան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, Թաիլանդը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լյուքսեմբուրգը) ժամանակավորապես դադարեցրել էին «AstraZeneca»-ի կիրառումը, և Հայաստանում որոշ մարդկանց մոտ հակասական կարծիք էր ձևավորվել բրիտանական պատվաստանյութի վերաբերյալ։ Անահիտ Ավանեսյանը հորդորում է՝ «չգերագնահատել ռիսկերը», «չտրվել ապատեղեկատվություններին», քանի որ շատ բաներ «ոչ ճիշտ լույսի տակ» են ներկայացվում։ Ինչ վերաբերում է այն փաստին, որ «AstraZeneca»-ի արդյունավետության վերաբերյալ տվյալները 55-ից բարձր տարիքի շրջանում քիչ են, նախարարը նշում է, որ իրենք քննարկումներ են անցկացնում մասնագետների հետ և այս երկուշաբթի՝ ապրիլի 12-ին, կունենան եզրակացություն և հստակ ցուցումներ, թե որ տարիքային խմբերին են պատվաստելու «AstraZeneca»։ Ա. Ավանեսյանի խոսքով՝ ինքը միանաշանակ պատվաստվելու է, թե որ պատվաստանյութով՝ հայտնի չէ. որն այդ պահին իրեն հասանելի կլինի։ Այժմ բանակցություններ են վարում նաև այլ պատվաստանյութերի ձեռքբերման համար, և կան մի քանի առաջարկներ, որոնք վերջնական փուլում են, օրինակ՝ ամերիկյան Novavax-ի մասով։ Քայլեր են ձեռնարկվում նաև մասնավոր ընկերությունների կողմից պատվաստանյութերի ներկրման ուղղությամբ, որպեսզի այն մարդիկ, որոնք կորոնավիրուսի ռիսկային խմբում չեն, ևս պատվաստվելու հնարավորություն ունենան։  «Պետք է ամեն ինչ անենք, որ պատվաստումները հնարավորինս լայն շրջանակներին հասանելի լինեն»,-ասում է նախարարը։Մանրամասները՝ Hetq.am-ում։
10:29 - 11 ապրիլի, 2021
Ա. Ավանեսյան. ««Sputnik V»-ի 2 դոզայի համար վճարվել է 19 դոլար» |hetq.am|

Ա. Ավանեսյան. ««Sputnik V»-ի 2 դոզայի համար վճարվել է 19 դոլար» |hetq.am|

hetq.am: «Գիշերը Sputnik V-ի 15 000 խմբաքանակ է բերվել Հայաստան, 2 դոզայի համար վճարվել է 19 դոլար»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Sputnik V-ի նախորդ՝ առաջին խմբաքանակով առաջին հերթին պատվաստվել են Covid կենտրոնների բուժաշխատողները, ինչպես նաև՝ խրոնիկ հիվանդները և 65-ն անց քաղաքացիները: «Այս պահին ծավալված է 2500 մահճակալ: Բրիտանական շտամի նոր դեպք դեռևս չկա»,- հայտնեց նախարարը: Անդրադառնալով այն հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ռուսաստանի նախագահին ասել է, թե Sputnik V-ն Հայաստանում գրանցված է՝ նախարարը տեղեկացրեց, որ Covid-19-ի բոլոր պատվաստանյութերի գրանցում, որպես այսպիսին, այս պահին չի իրականացվում, որովհետև դրանք դեռ երրորդ փուլի մեջ են: «Օրենքն ունի մի քանի մեխանիզմ, այդ մեխանիզմներից մեկն էլ հանդիսանում է արտակարգ իրավիճակներում թույլտվություն, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի, և այդ թույլտվությունը տրված է: Բոլոր պատվաստանյութերը, որոնք կավարտեն կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը, ինչ-որ մի փուլում այդպիսի ավարտական գրանցման վկայական կստանան: Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը Sputnik V-ն գրանցելու»,- ասաց նա: Նախարարը չպատասախանեց այն հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվաստվել է, թե ոչ:
14:26 - 08 ապրիլի, 2021
Առաջիկայում Հայաստանը Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ կստանա. Անահիտ Ավանեսյան
 |armenpress.am|

Առաջիկայում Հայաստանը Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ կստանա. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անցած շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է գտնվում: Առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք ուշադրությամբ հետևում ենք և՛ Եվրոպական միության, և՛ Առողջապահական համաշխարհային կազմակերպության վերջնական եզրակացության տրամադրմանը, որն այս երկու օրվա ընթացքում կլինի: Դրանից հետո, ըստ եզրակացության, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես և ինչ տարիքային խմբի համար ենք պատվաստումներն իրականացնելու: Մենք շարունակում ենք Սպուտնիկ-V-ով պատվաստումները, սակայն, քանի որ չափաքանակը դեռ քիչ է, պատվաստումներն էլ քիչ են իրականացվում: Առաջիկայում կստանանք Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ և, իհարկե, պատվաստվողների շրջանակը կմեծացնենք»,- նշեց Ավանեսյանը: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստում է իրականացվել Ռուսաստանի նվիրած Սպուտնիկ-V պատվաստանյութերով: Տվյալ պատվաստանյութով ընդհանուր առմամբ պատվաստվել է 600 հոգի: Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմ աշխատանքների արդյունքում նախատեսում է առաջիկայում գնել Սպուտնիկ-V պատվաստանյութը: Միևնույն ժամանակ մարտի 28-ին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար: Ամերիկյան FDA-ն, Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել: Առաջիկայում պատվաստանյութը հասանելի կլինի թե Երևանում, թե ՀՀ մարզերում:
13:17 - 07 ապրիլի, 2021
AstraZeneca պատվաստանյութերը հաջորդ շաբաթ հասանելի կլինեն Երևանում և մարզերում |armenpress.am|

AstraZeneca պատվաստանյութերը հաջորդ շաբաթ հասանելի կլինեն Երևանում և մարզերում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շուտով կսկսի AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ամերիկյան FDA-ը, Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Պատճառահետևանքային կապ գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև չի հայտնաբերվել»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությանը կից գործող մասնագետների խորհուրդը ուշադրությամբ հետևում է զարգացումներին: «Ուրբաթ օրը ժողով է պլանավորվում, որի ընթացքում կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը՝ պատվաստանյութի ցուցումների մեջ, ըստ որի՝ պատվաստանյութի տարիքային շեմը բարձրացվել է: Ըստ այդմ մեր գործողությունները կկառուցենք», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ բոլորին խորհուրդ է տալիս պատվաստվել, քանի որ դա կօգնի հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքին: Նախարարի խոսքով, պատվաստանյութերը դեռ պետք է մաքսազերծվեն ու մի շարք այլ գործընթացներ անցնեն: Ակնկալվում է, որ ապրիլի 5-ին դրանք արդեն հասանելի կլինեն թե Երևանում, թե մարզերում: Իսկ մինչ այդ կազմակերպվում են հանդիպումներ պոլիկլինիկաների տնօրենների հետ, ստուգվում են պոլիկլինիկաներում առկա առաջին օգնության բժշկական պայուսակների տարողունակությունը, դրանք համալրվում են, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվում:
12:44 - 01 ապրիլի, 2021
Հայաստանը Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ իրականացնում է մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն․ նախարար |azatutyun.am|

Հայաստանը Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ իրականացնում է մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն․ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մեկ օրինակ բերեմ, որ մի նմուշը 7-րդ անգամից, որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո, հնարավոր եղավ նույնականացնել։ Գործընթացը շարունակվում է», - ասաց նախարարը։ Թե քանի ընտանիք է սպասում ԴՆԹ հետազոտության արդյունքների, նախարարն ասաց, որ թիվ չի հրապարակի։ Նշենք, որ պատերազմից վեց ամիս անց դեռ կան զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ԴՆԹ փորձաքննությամբ հնարավոր չի եղել նույնականացնել։ Առողջապահության նախարարը պարզաբանել էր, որ որոշ մասունքներ այնքան են վնասված, որ դրանց փորձաքննությունը Հայաստանում անհնարին է իրականացնել։
12:33 - 01 ապրիլի, 2021
Ավանեսյանը հուսով է, որ մինչև Covid-ի հաջորդ ալիքը ՀՀ-ն կազմակերպած կլինի պատվաստումների գործընթացը

 |armenpress.am|

Ավանեսյանը հուսով է, որ մինչև Covid-ի հաջորդ ալիքը ՀՀ-ն կազմակերպած կլինի պատվաստումների գործընթացը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուսով է, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը վերջինն է, և մինչև հաջորդ ալիքը երկիրը կազմակերպած կլինի պատվաստման գործընթացը և ավելի լավ պատրաստված: Նախարարն այս մասին ասաց  «Առերեսվելով համաշխարհային վախին. մեկ տարի անց» խորագրով առցանց քննարկմանը: Ավանեսյանը խոսեց Հայաստանում համաճարակային իրավիճակից: «Մենք այսօր Հայաստանում խոսում ենք համավարակի երրորդ ալիքի մասին, ունենք ավելացող թվեր: Հուսով եմ, որ սա վերջին ալիքն է, և մինչև հաջորդ ալիքը մենք կկարողանանք կազմակերպել պատվաստման գործընթացը և ըստ էության ավելի լավ պատրաստված կլինենք գալիք շրջանին: Կուզենայի պարզապես շեշտել սահուն և արագ պատվաստման գործընթացի կարևորությունը՝ հատկապես զարգացող երկրներում, ինչպես Հայաստանն է: Այդ երկրներն անում են հնարավոր ամեն ինչ, աշխատում են բոլոր մակարդակներում, որպեսզի կարողանան բնակչության համար ապահովել պատվաստումը»,-ասաց նախարարը: Նա հիշեցրեց, որ ընդամենը օրեր առաջ Covax հարթակի միջոցով Հայաստան է ժամանել պատվաստանյութերի առաջին խմբաքանակը: «Գալիք 2-3 օրերի ընթացքում մենք պատրաստ կլինենք շատ ավելի  մասշտաբային պատվաստումների: Մինչև դա ունեցել ենք ռուսական Սպուտնիկ V-ի խմբաքանակ: Ունենք նաև այլ ակնկալիքներ ևս»,-նշեց նա: Ավանեսյանը վստահեցրեց, որ պետությունը պատվաստումը համարում է որպես այս մարտահրավերը հաղթահարելու հիմնական միջոց: Նախարարը նկատեց, որ վախը և այս իրավիճակից հոգնածությունն ակնհայտ է դառնում, մարդիկ հոգնել են մեկուսացումից, դիմակներից և բոլոր պահանջներից: «Եվ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ կարողանանք ներկրել հնարավորինս մեծ քանակով պատվաստանյութ և ապահովել բնակչության հնարավորինս մեծ ծածկույթ՝ որակյալ պատվաստանյութով»,-ասաց նա: Ավանեսյանը խոսեց նաև հակավակցինացիոն շարժման մասին, որը վերաբերելու է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ աշխարհին: Նա սա լուրջ մարտահրավեր համարեց առողջապահության ոլորտի մասնագետների համար: «Մենք փորձում ենք ուժեղացնել մեր քարոզարշավները, իրականացնել իրազեկման աշխատանքներ, ներկայացնել ստուգված փաստեր, որպեսզի չունենանք իրավիճակ, որ ունենանք պատվաստանյութ, բայց չունենանք բնակչություն, որը չի ցանկանում պատվաստվել»,-նշեց նախարարը:
19:47 - 31 մարտի, 2021