ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը

Հոկտեմբերի 22-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրեց հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։Իր ելույթում դեսպան Պապիկյանն անդրադարձավ հետևյալ հարցերին։- Ադրբեջանը, ոտնահարելով մարդասիրական հրադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, երկու անգամն էլ գործել է Թուրքիայի ուղակի ազդեցության ներքո։ Ինչը վկայում է, որ Անկարան ուղղակիորեն ներգրավված է, եթե չասենք կառավարում է Ադրբեջանում որոշումների կայացման գործընթացը։ -Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հետ համագործակցության մերժում. Նման որոշման հավանաբար պատճառներն են Ադրբեջանի զինված ուժերի շրջանում ահռելի մեծ կորուստները, որն Ադրբեջանի հասարակության դժգոհության և ընդվզում կարող է առաջացնել։Հայկական կողմի հաշվարկներով Ադրբեջանի կորուստները կազմում են մոտ 7 հազար, որոնցից 937-ի տվյալներն արդեն նույնականացվել են հայ մասնագետների կողմից։ Ադրբեջանը չի հրապարակում ռազմական զոհերի վերաբերյալ տվյալները և մերժում է ԿԽՄԿ ծառայությունները, ինչը բնորոշ վարքագիծ է պատերազմող որևէ ավտորիտար բռնապետության համար։ Երկրորդ հնարավոր պատճառը ԿԽՄԿ ծառայությունները մերժելու համար օտար ահաբեկիչ գրոհայինների առկայությունն է։ Կարմիր Խաչի կամ այլ միջազգային ներկայության պարագայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավման փաստերը էլ ավելի բացահայտ կդառնան։-Ադրբեջանի ապատեղեկատվական և քարոզչական բնույթի քայլեր. Այդ երկրում, որտեղ խոսքի ազատությունն ի սկզբանե ոտնահարված էր, ագրեսիայի մեկնարկից ի վեր մամուլի և խոսքի ազատության էլ ավելի խստ սահմանափակումներ են մտցվել։ Այս պայմաններում ականատես ենք դառնում Ադրբեջանից կողմից ապատեղեկատվության և կեղծ լուրերի մեծ հոսքերի։Դեսպան Պապիկյանը կոչ արեց միջազգային հանրությանը վերապահումներով վերաբերել Ադրբեջանի քարոզչական նարատիվներին՝ խուսափելու համար Արցախի և Հայաստանի դեմ տարվող տեղեկատվական պատերազմի ծուղակում հայտնվելուց։ Դեսպան Պապիկյանը նաև կոչ արեց զերծ մնալ հայտարարություններից, որոնք հիմնված կլինեն ադրբեջանական կողմի հայտարարությունների վրա՝ առանց անկողմնակալ աղբյուրների հաստատումների։- Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի համատեքստում Թուրքիայի դերը, ներառյալ օտար ահաբեկիչ զինյալներ վարձելու և Ադրբեջան տեղափոխելու առումով. Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնչող հերքումների, այս հանգամանքն այլևս կասկածից վեր է։ Այս առումով դեսպան Պապիկյանը մեջբերեց Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը հոկտեմբերի 20-ին կայացած Նախագահական կաբինետի հանդիպումից հետո, որտեղ վերջինս հայտարարել էր, որ ընդլայնվում են Թուրքիայի հետաքրքրության ուղղությունները, որտեղ «Թուրքիան ներգրավված է ուղիղ կամ անուղակի կերպով՝ կշարունակի կանգնել իր քույրերի և եղբայրների կողքին բոլոր տարածաշրջաններում՝ Բալկաններից մինչ Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա։ Իսկ այն երկրների համար, որոնք երազում են Թուրքիային հանեն այս աշխարհագրական տարածքից, որն իրենք պաշտպանել են որպես իրենց հայրենիք, Թուրքիան մղձավանջի կվերածի»։Այս ամենը անկասկած վկայում է այն մասին, որ ներկայիս պատերազմում Ադրբեջանը չէ հիմնական դերակատարը. այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով։- Ադրբեջանին Թուրքիայի կողմից սպառազինությունների մատակարարում.Թուրքական արտադրության սպառազինությունների կիրառումը առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների տեսանկյունից։ Դեսպանը բարձր գնահատեց ԵԱՀԿ մասնակից որոշ երկրների որոշումը դադարեցնել տեխնոլոգիաների և մասերի արտահանումը Թուրքիա և կոչ արեց ԵԱՀԿ մյուս մասնակից երկրներին հետևել այդ օրինակին՝ որպես քաղաքական և սոցիալական պատասխանատվության դրսևորում։-Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք. Ադրբեջանը, Արցախի և նրա ժողովրդի դեմ մղվող լայնածավալ պատերազմով, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը երբեք և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախ պետականության միջազգային ճանաչումը կարող է ձևավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը և ապահովությունը երաշխավորելու համար անհրաժեշտ քաղաքական և իրավական ձևաչափը։ Դեսպանը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին անդրադառնալ այս խնդրին՝ Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և օտար ահաբեկիչ գրոհայինների մասնակցությամբ սանձազերծած պատերազմի համատեքստում։- Հայաստանը մշտապես հանդես է եկել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում։- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման առաջին օրվանից հայտարարել էր, որ որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մոտեցումը մերժվել է Ադբեջանի կողմից։-Ադրբեջանը մտադիր էլ չի հակամարտության որևէ կարգավորում փնտրել որն ընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար և դիտարկումը ռազմական ճանապարհով խնդրի լուծումը որպես միակ տարբերակ։- Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի հաստատման վերաբերյալ երկու պայմանավորվածություներն էլ ոտնահարելու պայմաններում Հայաստանի վարչապետը միայն փաստել է ակնհայտ իրականությունը, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ կարգավորման և հետևաբար այս փուլում հակամարտության դիվանագիտական խաղաղ կարգավորման նախադրյալներ չկան։- Թուրքիան և Ադրբեջանը մշտապես փորձում են Հայաստանի Հանրապետությանը վերագրել ահաբեկչության առնչվող մտածածին դեպքեր, դեպքեր, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անկախության վերականգնումից տարիներ եթե ոչ տասնամյակներ առաջ։ Դրանք անհաջող փորձեր են, և նպատակ ունեն, ինչ որ կերպ, արդարացնել Թուրքիայի կողմից պետական մակարդակով հովանավորվող ահաբեկչությունը։- Թուրքիան համագործակցում է ահաբեկիչների հետ և օգտագործում վերջիններիս որպես գործիք Օսմանյան կայսրության վերակենդանացման իր դատապարտելի քաղաքականությունն իրագործելու համար։ Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920թ․ սեպտեմբերին, թուրքական բանակը հարձակվեց Հայաստանի առաջին Հանրապետության վրա՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել Հայոց Ցեղասպանության թուրքական ծրագիրը և ոչնչացնել Հայաստանը։ Հարյուր տարի հետո, 2020թ-ի սեպտեմբերին Թուրքիայի կողից մշակված ադրբեջանական լայնածավալ ագրեսիան գալիս է ապացուցելու, որ ոչինչ չի փոխվել։ 100 տարի անց Հայաստանը և հայ ժողովուրդը, այսօր պայքարում է ադրբեջանա - թուրքական - ահաբեկչական - ջիհադիստական համախմբված ուժերի դեմ։Ելույթն ամբողջությամբ (անգլերեն լեզվով) հասանելի է այստեղ:  
18:57 - 23 հոկտեմբերի, 2020
Արցախի հիմնահարցը վերաբերում է մեր հայրենակիցների գոյությանը․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին

Արցախի հիմնահարցը վերաբերում է մեր հայրենակիցների գոյությանը․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին․ Դոյչե Վելլե. Ներկայումս մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, որը ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից, բայց, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Արդեն հարյուրավոր զոհեր են արձանագրվել: Դուք մասնակցել ենք հրադադարների հաստատման շուրջ երկու միջնորդավորված բանակցություններում: Բայց մարտերն, այնուամենայնիվ, դեռ շարունակվում են: Ի՞նչ պատասխանատվություն են կրում Հայաստանը և այդ շրջանում ձեր կողմից սատարվող ուժերը շարունակվող մարտերի համար:    Զոհրաբ Մնացականյան. Մենք լիովին հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված համատեղ հայտարարությանը և հոկտեմբերի 17-ի հայտարարությանը, լիովին հանձնառու ենք հարգել հրադադարը և վերադառնալ բանակցություններին՝ հասնելու այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք լիովին հավատարիմ ենք եղել: Սակայն ադրբեջանական կողմն ընտրել է պատերազմի տարբերակը: Երկու հրադադարները խախտվել են համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո, և ոչ շփման գծում, ոչ էլ այն ամբողջ տարածքում, որտեղ ընթանում է հակամարտությունը, անդորր չի հաստատվել: Մենք այսօր հանդես ենք եկել հայտարարությամբ, որում վերահաստատել ենք մեր լիակատար հանձնառությունը մեր կողմից ձեռք բերված և այդ երկու հայտարարություններում արտահայտված պայմանավորվածություններին: Դոյչե Վելլե. Պարոն նախարար, Դուք պնդում եք, որ հավատարիմ եք: Սակայն ցանկանում եմ ուղիղ հարցնել. շաբաթ օրն  ադրբեջանական կողմը հայտնել է, որ Հայաստանի կողմից հրթիռակոծման արդյունքում մեկ գիշերվա ընթացքում 14 մարդ է զոհվել, 14 մարդ Գյանջայում՝ մեծությամբ երկրի երկրորդ քաղաքում: Դուք պնդում եք, որ հավատարիմ եք. ո՞րն է Ձեր պատասխանատվությունը:   Զոհրաբ Մնացականյան. Թույլ տվեք դրան անդրադառնալ համապատասխան համատեքստում. հոկտեմբերի 10-ին` ժամը 12-ին, պետք է կրակի դադար հաստատվեր: Արցախի ուժերը լիովին հանձնառու էին այս համաձայնությանը, մենք զսպվածություն ենք դրսևորել, բայց ռմբակոծությունները շարունակվել են, զանգվածային հարձակումը շարունակվում էր, Արցախի մեր բնակավայրերը շարունակաբար ենթարկվում էին հրետակոծության, օդային ռմբակոծության և հրթիռակոծման, ԱԹՍ-ները ծանր հարվածներ էին հասցնում քաղաքներին և գյուղերին: Այս պահի դրությամբ մենք ունենք 38 զոհ խաղաղ բնակիչների շրջանում, 116 ծանր վիրավոր և ավելի քան 8000 ոչնչացված ենթակառուցվածք ու անշարժ գույք: Դոյչե Վելլե. Դուք ունեք զոհեր, մյուս կողմն ասում է, որ իրենք էլ ունեն զոհեր:  Ադրբեջանցիներն ասում են, որ մարտերից ի վեր 60 մարդ զոհվել, իսկ 270-ը վիրավորվել են: Ուստի, ես պարզապես ցանկանում եմ Ձեզ հարցնել, քանի որ այս պահին Ձեզ հետ եմ հարցազրույց անցկացնում. երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում, նրանք պնդում են, որ դուք եք սկսել, դուք պնդում եք, որ նրանք են սկսել: Ինչ-որ մեկը կամ ձեզանից որևէ մեկը ստում է: Եվ դա այդքան էլ լավ նշան չէ երկու երկրների համար, որոնք պետք է միասին նստեն և գտնեն հակամարտության խաղաղ լուծումը, այնպես չէ՞: Զոհրաբ Մնացականյան. Գերազանց դիտարկում էր փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու վերաբերյալ: Սա հենց այդ զարտուղի ճանապարհն է, որն ընտրվել է՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու մեջ ներգրավելու և  խաղաղ բնակչության,  Արցախի վրա հարձակումները շարունակելու համար: Մենք շարունակաբար առաջարկել ենք ներդնել հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմներ: Եթե հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, որևէ կերպ մեղադրվում են, ապա եկեք անենք այդ քայլը և հաստատենք վերիֆիկացիոն մեխանիզմներ և այդպիսով վերջ դնենք այս ամենին: Սակայն Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից` շարունակաբար մերժելով այդ առաջարկները, քանի որ սա խաբեության և մեզ այդ խաղի մեջ ներգրավելու շատ հարմար միջոց է` վստահեցնելով միջազգային հանրությանը, որ առաջ գնալու ճանապարհ չկա: Դոյչե Վելլե. Շատ լավ: Այդ մեղադրանքները, ինչպես նշեցինք, հնչեցվում են երկու կողմերից էլ, պարոն արտգործնախարար: Այսպիսով, կցանկանայի իմանալ, թե որն է ձեր ուղերձը: Առաջին հրադադարի համաձայնեցումից հետո օրեր անց ՀՀ վարչապետն իր ուղերձում ասաց հետևյալը, մեջբերում եմ. «այս վճռական պահին մենք չենք կարող հանձնվել, քանի որ սա մեր ժողովրդի անձնվեր պատերազմն է»՝ հավելելով, որ «մենք պայքարելու ենք մինչև վերջ, այն է` մինչև ազատ և երջանիկ Ա րցախ»: Ես ուզում եմ Ձեզանից իմանալ, քանի որ, սա առաջին հրադադարի համաձայնեցումից օրեր անց տեղի ունեցավ, և նա խոսում է մինչև վերջ պայքարելու մասին: Արդյո՞ք այսպիսի հռետորաբանությունը նպաստում է հրադադարի և  խաղաղության հաստատմանը: Զոհրաբ Մնացականյան. Երբ արդեն երեքուկես շաբաթ է, ինչ քո հայրենակիցները այդպիսի զանգվածային հարձակման են ենթարկվում, երբ քո ժողովուրդը գոյութենական սպառնալիքի, երկրագնդի վրա գոյություն ունենալու վտանգի է առերեսվում, երբ պայքարում ես քո կյանքի համար, երբ հրադադարը մշտապես խախտվում է, երբ ակնհայտորեն պայքարում ես քո կյանքի համար... Ես ևս մեկ անգամ լիարժեք պատասխանատվությամբ շեշտում եմ, որ հայկական կողմերը ընդգծում են հրադադարի և վերիֆիկացիոն մեխանիզմի կարևորությունը: Ես վճռականորեն վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը հրադադարին, հանձնառությունը հարգելու հոկտեմբերի 10-ին և 17-ին ստանձնած պարտավորությունները: Արցախը նույնպես վերահաստատել է իր աջակցությունը դրան: Բայց նստել և սպասել, թե երբ են քեզ և ընտանիքդ սպանելու, ունեցվածքդ ոչնչացնելու. պետք է հասկանալ, որ սա էքզիստենցիալ գոյության պայքար է: Սա է հենց այս հակամարտության էությունը: Ես ուզում եմ վերադառնալ այն շատ կարևոր հարցին, որը Դուք նույնպես բարձրացրիք, և դա խաղաղ կարգավորման հարցն է: Դոյչե Վելլե. Իհարկե, և մենք, անշուշտ, խոսելու ենք այդ մասին: Բայց նախքան դրան անցնելը, ես կցանկանայի մեկ անգամ ևս դիմել Ձեզ.  Ռուսաստանը ձեր գործընկերն է, որի հետ դուք պաշտպանության մասին պայմանագիր ունեք, որը քրտնաջան աշխատում է հրադադարի համաձայնագրեր միջնորդելու ուղղությամբ. իրենց արտգործնախարար Սերգեյ Լավրովը ձեզ ասել է «դադարեցնել սադրիչ ռազմատենչ հռետորաբանությունը»: Ուստի, ես կցանկանայի մեկ անգամ ևս անդրադառնալ դրան: Այնպիսի տպավորություն է, որ նմանօրինակ հռետորաբանությամբ ազդակներ չեք ուղարկում, որ լուրջ եք վերաբերվում խաղաղությանը և բանակցություններին այսօրինակ հռետորաբանության պայմաններում: Արդյո՞ք դուք կստանձնեք պատասխանատվություն դրա համար: Զոհրաբ Մնացականյան. Ինչ վերաբերում է այդ հռետորաբանությանը, մենք գործ ունենք այնպիսի հռետորաբանության հետ, որը հիմնված է հայատյացության և հայերի սպանությունների խրախուսման վրա: Այսօր մենք ականատեսն ենք լինում Արցախում մեր հայրենակիցների գլխատման, դիակների խեղման դեպքերի, և դա այդ հռետորաբանության բորբոքման հետևանքն է: Եվ այդ իրողությունը նոր չէ: Սա տեղի է ունենում բավականին երկար ժամանակ: Մենք ականատես ենք եղել նաև Արցախի մեր հայրենակիցներին սպանած մարդասպանների հերոսացման դեպքերի: Ինչը կցանկանային ընդգծել, որ ես ավելի քան համաձայն եմ, որ հռետորաբանությունը չի նպաստում ոչնչին: Հռետորաբանությունը նույնիսկ թունավորում է այդ գործընթացը: Իսկ խաղաղ կարգավորումը բացարձակապես այլընտրանք չունի: Սա այն է, ինչի շուրջ մենք այդքան հետևողական ենք եղել: Երբ խոսքը վերաբերում է խաղաղ կարգավորմանը, մենք հետևողականորեն աշխատել ենք, և մենք մշտապես հանդես ենք եկել խաղաղ կարգավորման օգտին` հիմք ընդունելով այն պայմանավորվածությությունները, որոնցում հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը: Դոյչե Վելլե. Այսպիսով, Դուք ընդունում եք, որ հռետորաբանությունը չի օգնում, և որ ցանկանում եք հետամուտ լինել խաղաղ լուծմանը: Հետևաբար, ես կցանկանայի Ձեզ խնդրել, այդ համատեքստում, խոսել այն մասին, թե ինչպես ստեղծվեց այս իրավիճակը: Եվ ես ուզում եմ մեկ տարի հետ գնալ: Մի քանի ամիս շարունակ իրադրությունը շարունակում էր մնալ լարված, և վերադառնանք Ձեր վարչապետի ասածին: Դա ավելի քան մեկ տարի առաջ էր: Նա մեկնել էր Արցախ, որը, նշենք, վիճելի շրջան է, և հանդես եկել Հայաստանը և Արցախը վերամիավորելու կոչով: Նա ասաց հետևյալը. «Արցախը Հայաստան է, և վերջ», որով ամբոխին մղեց բացականչելու «միացում» ազգայնական կարգախոսը, որը ժողովրդականություն էր ձեռք բերել 1980 և 1990-ական թթ., երբ հայերը պայքարում էին Ադրբեջանից Արցախի անջատման համար: Դուք ընդունու՞մ եք, որ ավելի քան մեկ տարի առաջ սա հակառակ կողմի նկատմամբ բացահայտ սադրանք էր: Եթե դուք խաղաղություն եք ուզում, ինչո՞ւ պետք է վարչապետը մեկներ Արցախ և նմանատիպ հայտարարություն աներ:  Զոհրաբ Մնացականյան. Այժմ թույլ տվեք կրկին վերադառնալ հենց այն դիտարկմանը, որ Արցախի հիմնահարցը վերաբերում է մեր հայրենակիցների գոյությանը, այն ֆիզիկական սպառնալիքին, որին նրանք բախվում են շատ երկար տարիներ: Երբ ՀՀ վարչապետն այդպիսի հայտարարություն էր անում, նա մասնավորապես նկատի ուներ Հայաստանի` որպես մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորի, մեր հայրենակիցների անվտանգության մասին հոգ տանող միակ երաշխավորի պատասխանատվությունը: Նրանք ունակ են ինքնապաշտպանվելու, բայց բացի Հայաստանից այլ երաշխիք չունեն: Վարչապետը, իրականում, շատ հետևողական է եղել հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կոնկրետ մոտեցումներում: Վարչապետը հենց այդ նույն ելույթում հղում է արել բանակցային գործընթացին՝ կրկնելով հիմնական մոտեցումներն առ այն, որ Հայաստանն առաջ է մղում փոխզիջման վրա հիմնված լուծումը, ինչը նշանակում է, որ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Այնուամենայնիվ, այն, ինչի հետ մենք գործ ունենք, վարչապետի հայտարարության համատեքստից  միտումնավոր դուրս վերցրված հատվածն է՝ առանց հաշվի առնելու այն մնացած ամենը, ինչը նա ասել է այդ ելույթում և մշտապես:   Դոյչե Վելլե. Այս մեկնաբանությունը, մասնավորապես, արվել է ձեր վարչապետի կողմից: Մենք շատ ենք խոսում բառապաշարի և հռետորաբանության մասին, և ես կցանկանայի դիտարկել նաև այն գործողությունները, որոնք դուք ձեռնարկել եք: Ներկայումս կա երրորդ ճանապարհը, որը նախատեսվում է կառուցել վիճելի տարածքում` Հայաստանից դեպի Արցախ: ԵՄ մի շարք խորհրդարանական հանձնաժողովներ դատապարտել են այդ քայլը: Ահա թե ինչ են նրանք ասում. «այս մայրուղու կառուցման որոշումը կայացվել է միջազգային իրավունքի խախտմամբ, առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության»: Ուստի, սրանք այստեղ պարզապես խոսքեր չեն, դրանք իրական հստակ գործողություններ են Հայաստանի և այդ շրջանում Հայաստանի կողմից աջակցվող կառավարության կողմից: Այս սադրանքները լոկ խոսքեր չեն, դրանք գործողություններ են, այնպես չէ՞: Զոհրաբ Մնացականյան. Հիմա եկեք նորից անդրադառնանք դրան: Եկեք նայենք դրան այլ դիտանկյունից: Արդեն 30 տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը այս աշխարհից մեկուսացնելու, Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ ցանկացած կապից մեկուսացնելու համար՝ արգելափակելով այն ամենը, ինչը կարող է նպաստել Արցախում բնականոն կենսապահովմանը, արգելելով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված Արցախում  մարդկանց  բնականոն կյանքի ապահովմանը: Արցախում մարդիկ են ապրում: Տեսեք, հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ 90,000 մարդ տեղահանված է, ոչնչացված է 8,000 միավոր անշարժ գույք և ենթակառուցվածք: Արցախում մարդասիրական իրավիճակ է, և ի՞նչ ունենք մենք. արդյո՞ք պետք է նրանց միայնակ թողնենք: Արդյո՞ք մենք պետք է անտեսենք մեր ժողովրդի, մեր հայրենակիցների կյանքերը: Միթե՞ այդ կյանքերը նվազ կարևոր են: Դոյչե Վելլե. Բայց դա ամենևին էլ իմ հարցը չէր, պարոն արտգործնախարար: Հարցս հետևյալն էր. դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր ձեռնարկած գործողությունները այդ շրջանում սադրիչ են, և դրանք որպես այդպիսին մեկնաբանում է մյուս կողմը: Զոհրաբ Մնացականյան. Ներողություն, ես պետք է կրկին ասեմ: Ի՞նչը սադրիչ չէ. թողնել, որ մեր ժողովուրդը ճնշվի Արցախում: Թողնե՞նք մեր ժողովրդին մեկուսացման մեջ Արցախում: Նրանք պակա՞ս կարևոր են, քան աշխարհի որևէ այլ ժողովուրդ: Կներեք, ես չեմ կարող սրա հետ համաձայնվել, երբեք էլ չեմ համաձայնվի: Մեր ժողովուրդը չպետք է ճնշվի: Նրանք էլ մյուսների պես մարդիկ են: Եվ հենց սա է Արցախի նկատմամբ նրանց քաղաքականությունը` նվաստացնել, մերժել արժանապատության, ապահովության և անվտանգության մեջ ազատ ապրելու նրանց իրավունքը: Եվ հիմա Դուք ինձ ասում եք, որ այն, ինչ մենք անում ենք՝ ապահովելու մեր հայրենակիցների բնականոն կյանքով ապրելու հնարավորությունը, սադրիչ գործողություն է: Ես չեմ կարող համաձայնվել դրա հետ: Դոյչե Վելլե. Բացարձակապես ոչ: Ես պարզապես հարցնում եմ Ձեզ այն ճանապարհի մասին, որը դուք պատրաստվում եք կառուցել Արցախում, որը մյուս կողմը համարում է սադրանք, պարոն արտգործնախարար: Հաջորդ գործողությունը, որի մասին նույնպես կցանկանայի Ձեզ հարցնել, և որը նույնպես դիտվել է որպես սադրանք մյուս կողմից, հետևյալն է. այն փաստը, որ վերջերս տեղի ունեցան ընտրությունների հետ է կապված. երդմնակալության արարողությունը Շուշիում, որը մինչև 1992-1994թթ. պատերազմը բազմաբնակեցված  է եղել ադրբեջանցիներով և առանցքային խորհրդանիշ էր Ադրբեջանի կողմից այդ տարածքի նկատմամբ ունեցած հավակնությունների, ըստ երևույթին, զգալիորեն զայրույթ առաջացրեց Ադրբեջանում, որին այնուհետև ավելացավ նաև ձեր վարչապետի` երդմնակալության արարողությանը ներկա լինելու փաստը: Եվրամիությունն այս ընտրությունները ճանաչեց անվավեր`  ըստ միջազգային իրավական չափանիշերի: Դուք ընդունու՞մ եք, որ սա նույնպես սադրիչ էր: Զոհրաբ Մնացականյան. Կրկին, Եվրամիությունը հենց այդպես չի ասել: Եվրամիությունն ընդունեց, որ Արցախը մարդկանց համայնք է, ովքեր իրենց կյանքը կազմակերպում են ժողովրդավարական ճանապարհով ... Դոյչե Վելլե. Նրանք ասացին. նկատի ունենալով այսպես կոչված Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները՝ նրանք կրկին վերահաստատեցին, որ չեն ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակներ: Զոհրաբ Մնացականյան. Այո, հենց սահմանադրական և իրավական դաշտը, սակայն իրենք չեն ժխտում Արցախի բնակչության ժողովրդավարական ճանապարհով կյանքի կազմակերպման իրավունքը` ընտրելու իր ներկայացուցիչներին, ընտրելու իր ներկայացուցիչներին ժողովրդավարական ճանապարհով: Եվ Ադրբեջանից հնչող մեղադրանքները, մեղմ ասած, անհեթեթ են. Դրանք գալիս են մի հասարակությունից, որը 1990-ականներից ի վեր մեկ ընտանիքի իշխանությունից բացի ոչինչ չի տեսել: Եվ խոսել ժողովրդավարական գործընթացի մասին ու հերքել մեր ժողովրդի՝ ժողովրդավարական գործընթացի իրավունքը և Արցախի ժողովրդին պարտադրելու իրենց մեթոդները. դա չի աշխատելու: Դոյչե Վելլե. Ես կցանկանայի Ձեզ  նաև հարցնել, քանի որ մենք այնքան շատ խոսեցինք խաղաղության մասին: Ես կցանկանայի Ձեզ հարցնել, թե որ փուլում է այդ գործընթացը, և որն է Ձեր դերն այդ ամենում: Քանի որ միջազգային հանրությունն իսկապես կոչ է անում ձեզ ստանձնել այս հարցում փոխզիջման  գնալու առաջնորդությունը: Դուք ասում եք, որ աշխատում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը ստանձնել է հակամարտության կլարգավորմանն աջակցելու պատասխանատվությունը: Բայց Ձեզ նույնիսկ կարող էր հաջողվել քայլեր ձեռնարկել այն հիմնարար սկզբունքներից որոշների շուրջ, որոնք առաջ են քաշվել Մինսկի խմբի կողմից ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ ներառյալ Ադրբեջանին տարածքների` յոթ շրջանների վերադարձը, խոսքը Արցախի հարակից շրջանների մասին է: Ուստի, ցանկանում եմ Ձեզ հարցնել. արդյո՞ք տարածքը ձեզ համար ավելի կարևոր է, քան խաղաղությունը: Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար ամենակարևորն Արցախում մեր հայրենակիցների ազատ կյանքն է արժանապատվության և անվտանգության մեջ, նրանց անվտանգությունը: Հետևաբար, մեզ համար ամենակարևորը Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են: Դա է եղել  Հայաստանի հետևողական դիրքորոշումը, և մենք շարունակում ենք աշխատել այդ հիմքի վրա: Մենք ունենք անհրաժեշտ չափորոշիչները մշակելու համար այն փոխզիջումը, որում մեր շահերը կհասցեագրվեն, միևնույն ժամանակ դա պետք է տեղի ունենա չափելի հաշվեկշռում, այնպես, որ հասցեագրվեն նաև մյուս կողմի շահերը: Մեզ համար ավելի կարևոր չեն տարածքները, այլ ավերածությունները, այս շարունակական հարվածները, օդային ռմբակոծություններն ու հրետակոծությունները, որոնք արդեն երեքուկես շաբաթ է, ինչ սպառնում են այդ մարդկանց, նրանք ապրում են ապաստարաններում, և այս ամենը տեղի է ունենում կորոնավիրոսային համավարակի պայմաններում: Սայց դա Ադրբեջանին ամենաքիչն է հետաքրքրում: Նրանք, ըստ երևույթին, չեն անհանգստանում սեփական ժողովրդի կյանքի համար, նրանք համակված են պատերազմի իրենց ընտրությամբ: Դոյչե Վելլե. Վերադառնալով դրան՝ ես կցանկանայի Ձեզ հարցնել, քանի որ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, նկատի ունեմ, Դուք ասում եք, որ աջակցում եք տարածաշրջանում խաղաղությանը, նա 2018թ. երկրից մեկնելիս իրավիճակը գնահատեց հենց այսպես. նա ասաց, որ մտահոգիչ է, թե որքան քիչ հայեր էին ցանկանում զիջումներ կատարել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով, նա մեջբերել է. «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած բնակավայրի համար հարկավոր է լինելու գրավյալ տարածքների մի որոշ մասի վերադարձը»: Թվում է, թե նա չի հավատում, որ դուք լուրջ եք վերաբերվում դրան: Զոհրաբ Մնացականյան. Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, ես համաձայն չեմ Ռիչարդ Միլսի գնահատականի հետ: Ես նորից կկրկնեի՝ ասելով, որ ես չեմ տեսել փոխզիջման ինչ-որ նշաններ Ադրբեջանից: Այն, ինչ մենք հետևողականորեն ականատես ենք եղել առավելապաշտությունն էր և ատելություն սերմանող այս հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից փոխզիջումներ անելու անպատրաստակամությունը: Սակայն թույլ տվեք դա մի կողմ դնել և նորից վերադառնալ փոխզիջման հարցին: Վերջին երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը լիովին հավատարիմ է եղել խաղաղ գործընթացով առաջ շարժվելուն: Դոյչե Վելլե. Շատ լավ: Թույլ տվեք հարցնել Ձեզ: Քանի որ, երբ ձեր կառավարությունը եկավ իշխանության դեռ 2018թ. այսպես կոչված «թավշյա հեղափոխության» արդյունքում, այդքան մեծ հույսեր կային հակամարտության մեղմացման հետ: Եվ ահա թե ինչպես էր գնահատում իրավիճակը Միջազգային ճգնաժամային խումբը. նրանց պնդմամբ, որ առաջընթացը շոշափելի էր, և որ նոր կառավարությունը պատրաստ էր փոխզիջումային լուծման, և թվում էր, թե Ադրբեջանի կառավարությունը համանման կերպով պատասխանեց: Բայց հետո, նրանք վկայակոչեցին այս հռետորաբանությունը, այս փոխադարձ սպառնալիքների հռետորաբանությունը, որի մասին մենք ավելի վաղ խոսել ենք մեր զրույցի ընթացքում: Այս կապակցությամբ ևս կուզեի հարցնել: Արյունահեղությունը, երկու կողմերի թունավոր հռետորաբանությունը արդյո՞ք չեն սահմանափակել համաձայնության հասնելու ձեր կարողությունը, և արդյո՞ք դուք բաց չեք թողել այդ սկզբնական հույսից օգտվելու հնարավորությունը, և արդյո՞ք չեք գերագնահատել ձեր հնարավորությունները: Զոհրաբ Մնացականյան. Ես կարծում եմ` շատ կարևոր հարց եք բարձրացնում: Նայեք, վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում մեր աշխատանքի մի մասն է կազմում խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը: Եվ մենք բավականին մեծ ջանք ենք ներդրել այդ ամենի մեջ, ի դեպ՝ միասին: Արցախի և Ադրբեջանի հետ միասին մենք աշխատել ենք այնպիսի քայլերի ուղղությամբ, որոնք կարող էին ինչ-որ կերպ թոթափել, նվազեցնել լարվածությունը և փոխադարձ անվստահությունը: Մենք շատ հետաքրքիր ծրագիր իրականացրեցինք 2019թ. աշնանը, երբ լրագրողների փոխայցելություններ տեղի ունեցան Երևան, Բաքու և Ստեփանակերտ: Սա շատ համեստ, բայց կարևոր քայլ էր, այն չձախողվեց: Եվ մենք լիովին վստահ էինք, և հայկական կողմը շատ լավ հասկանում էր, որ մենք պետք է ջանքեր գործադրենք խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման ուղղությամբ:  Ինչ մենք տեսնում ենք հիմա, այն է, որ դա ապարդյուն ջանք էր, ինչը շատ վատ է: Ինչ վերաբերում է հնարավորություններին, մեր աշխատանքը և մեր պարտականությունն է երբեք չհանձնվել, օգտագործել ամեն հնարավորություն և ցանկացած պատուհան, որքան որ այն փոքր լինի, մենք համաձայն ենք քայլելու ցանկացած միջանցքով, քանի որ սա պատասխանատվություն է և վերաբերում է մեր ժողովրդի կյանքին: Մենք հոգ ենք տանում մեր ժողովրդի կյանքի մասին. ցանկացած կյանք մեզ համար  կարևոր է: Եվ հիմա մենք ունենք այսքան շատ զոհեր: Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը նույնպես ունի պատասխանատվության այդպիսի զգացում: Մենք կցանկանայինք գործնականում տեսնել դա: Եվ դա պետք է  արտահատված լինի ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի, վերիֆիկացիոն մեխանիզմների ներրման և խաղաղ գործընթացով առաջ գնալու տեսքով: Դոյչե Վելլե. Եվ, պարոն արտգործնախարար, քանի որ յուրաքանչյուր կողմ ունի նմանատիպ ուղերձ, և քանի որ յուրաքանչյուր կողմ սպասում էր երկու կողմերից քայլերին, ես կցանկանայի ավելի մեծ տարածաշրջանային պատկերի մեջ դնել դա, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան, իհարկե, բավականին համառ կերպով աջակցում է Ադրբեջանին, և պետք է նշել, որ առաջ է մղում ռազմական լուծման տարբերակը: Դուք Ռուսաստանի հետ պաշտպանական գործարք ունեք, ինչպես գիտենք, բայց մինչ այժմ նրանք համեմատաբար չեզոք են եղել: Դուք հիմա բարեկամների պակաս ունե՞ք:  Զոհրաբ Մնացականյան. Մենք երբեք ընկերների պակաս չենք ունեցել: Բայց շատ կարևոր հարց բարձրացրիք գլխավոր սադրիչի մասին՝ Թուրքիայի. Թուրքիան շարունակում է հանդիսանալ այս իրավիճակի ապակայունացնող ուժը: Մենք հետևողականորեն զգուշացնում ենք այս մասին, մենք ականատես ենք լինում այս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականությանը Թուրքիայի հարևանության յուրաքանչյուր ուղղությամբ՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, և մենք լիովին գիտակցում ենք մեր տարածաշրջան նման ապակայունացնող քաղաքականություն արտահանելու վտանգները: Մենք տեսնում ենք դրա նշանները, երբ ռազմական սպառազինություն էր տեղափոխվում Ադրբեջան, երբ Լիբիայում և Սիրիայի՝ Թուրքիայի կողմից կառավարվող հատվածներում հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ էին տեղափոխվում Ադրբեջան: Եվ այն, ինչ արել է Ադրբեջանը լիովին անհեթեթություն է. Ադրբեջանն այժմ դարձել է ահաբեկչական օջախ:  Դոյչե Վելլե. Բայց պարոն նախարար իմ հարցը Ձեզ այն մասին էր, թե արդյո՞ք Դուք տեսնում եք տարածաշրջանում մեկուսացվելու վտանգը, որովհետև Եվրոպական խորհուրդը և արտաքին կապերը տվել են հետևյալ գնահատականը. նրանք ասում են, որ Ռուսաստանի բավականին չեզոք ռեակցիան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների վերաբերյալ, արտացոլում է հոգնածությունը դաշնակցի՝ բանակցություններում ոչ ճկուն լինելու պատճառով: Ընկալում կա Մոսկվայում, որ  վերջին երկու տասնամյակների ընթացքում իշխանության բալանսը թեքվել է՝ ի օգուտ Ադրբեջանի և քիչ թե շատ ընդունելի գործարք ընդունելու փոխարեն Հայաստանը հանդես է գալիս անխոհեմ և անզիջող դիրքերից: Ռուսաստանը չի ցանկանում վերցնել դրա աշխարհաքաղաքական պատասխանատվությունը: Դուք վախենու՞մ եք մեկուսացած լինելուց:  Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ համաձայնվի այս գնահատականի հետ: Տեսեք, մենք ունենք ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահություն, որի պատասխանատու անդամ է Ռուսաստանը: Մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, և մենք ունենք շատ այլ գործընկերներ աշխարհում: Հիմա, հարցի էությունն այն է, որ մենք հետևողական ենք եղել կրակի դադարեցման և հոկտեմբերի 10-ի անձամբ նախագահ Պուտինի և հոկտեմբերի 17-ի անձամբ նախագահ Մակրոնի իրականացրած աշխատանքի վերաբերյալ: Սա պետք է կյանքի կոչվի: Ուստի, Հայաստանի անզիջում լինելու փաստարկին ես չեմ կարող համաձայնել: Արցախի ուժերի կողմից Հայաստանի աջակցությամբ Արցախի հայ բնակչության պաշտպանությունը պարզապես վերաբերում է Արցախում մարդկային կյանքի պաշտպանությանը: Բայց կրկին, քանի անգամ պետք է ասեմ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:  Դոյչե Վելլե. Շատ լավ, ստիպված ենք կանգ առնել այստեղ։ Շատ շնորհակալություն, պարոն արտգործնախարար, Զոհրաբ Մնացականյան՝ «Conflict Zone» ծրագրին հյուրընկալելու համար։  Զոհրաբ Մնացականյան. Ձեզ շնորհակալություն։  Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.dw.com/en/zohrab-mnatsakanyan-on-conflict-zone/av-55350195  
17:24 - 23 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ԱԳՆ-ն մանիպուլյատիվ հայտարարությամբ փորձում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող իրենց դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում

Ադրբեջանի ԱԳՆ-ն մանիպուլյատիվ հայտարարությամբ փորձում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող իրենց դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․ Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:  ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը:  Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:  Կոչ ենք անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:
00:16 - 22 հոկտեմբերի, 2020
ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերը հանձնեց Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին

ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերը հանձնեց Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերը հանձնեց Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։ Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մոնակոյի Իշխան Ալբեր Երկրորդը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-մոնեգասկյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ նոր պարտականությունները ստանձնում է երկկողմ միջպետական երկխոսությունն առավել խորացնելու ու հետագա ընդլայնման ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամությամբ։ Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։ Նշելով, որ մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ Իշխանը հույս հայտնեց, որ խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի: Ալբեր Երկրորդը ջերմությամբ հիշեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան կատարած իր այցը և իր ջերմ ողջույնները խնդրեց փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին:
09:31 - 21 հոկտեմբերի, 2020
ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպման մասնակիցներին համապարփակ զեկույց ներկայացրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր  թիրախավորման հետևանքով Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։ Արտակ Բեգլարյանը նշեց, որ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծումն իրականացվում է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով՝ նպատակ հետապնդելով ահաբեկման և ֆիզիկական բնաջնջման ենթարկել խաղաղ բնակչությանը՝ այդ կերպ անտեսելով խաղաղ բնակչության պաշտպանությանը միտված միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը։ Արտակ Բեգլարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետության տարածքում ստեղծված համաճարակային իրավիճակի վրա և ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների անընդմեջ խախտումները և ռազմական գործողությունների շարունակականությունը կարող են հանգեցնել Արցախի տարածքում համաճարակային աղետի: Պաշտպանը ներկաներին իրազեկեց նաև Ադրբեջանի կողմից իր իսկ հսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ծայրահեղ դաժանությամբ աչքի ընկնող վերաբերմունքի, սպանությունների և դիակապտության դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված այդ անմարդկային գործողությունների դրվագներ պարունակող տեսանյութերը սոցիալական մեդիայի հարթակներում համատարած դրական արձագանք են ստանում ադրբեջանական հասարակության շրջանում։ Իր զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնց թիրախն են քաղաքացիական բնակչությունը և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքները, ինչի հետևանքով ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ, ինչպես նաև լուրջ նյութական վնաս է հասցվել բնակելի ֆոնդին և սոցիալական նշանակության հաստատություններին:      Արման Թաթոյանն անդրադարձավ նաև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների թիրախավորմանը, որը կրում է միտումնավոր և հետևողական բնույթ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ռազմական գործողությունների կետերում կատարում են իրավապաշտպան՝ իրականությունը ներկայացնելու ֆունկցիա, և այդ գործառույթներին խոչընդոտելու և Արցախում պատերազմի արդար լուաբանումը լռեցնելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացահայտ սպառնալիքներից և իրավական մտացածին արգելքներ հարուցելուց զատ անցել է լրագրողներին ուղղակի թիրախավորելուն և կյանքին ու անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու գործելակերպին: Արման Թաթոյանն այս գործելաոճը որակեց որպես  հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:              Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր խոսքում ներկայացրեց Արցախի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված քաղաքացիական բնակչության վրա ռազմական ագրեսիայի հետևանքները մեղմելուն, մասնավորապես խաղաղ բնակչության պաշտպանության, ժամանակավոր տեղահանվածներին ապաստան տրամադրելու և առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու հետ կապված: Նա ընդգծեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության և մասնավորապես՝ մարդասիրական մասնագիտացված կառույցների ուղղակի ներգրավվումը: Մասիս Մայիլյանը շեշտեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գերժամանակակից զինատեսակների օգտագործմամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիան, որը զուգակցվում է միջազգային իրավունքի և մարտական գործողություններ վարելու ընդունված նորմերի կոպտագույն խախտումներով, Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք է, ինչին հակազդելու համար միակ գործուն միջոց կարող է լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման՝ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից:     Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նախապես ծրագրավորված այս ագրեսիան տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող՝ Արցախի ժողովրդին մեկուսացնելու և իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության շարունակական դրսևորումն է: Նա հավելեց, որ ադրբեջանական ագրեսիան այսպիսի ծավալներ չէր ընդունի, եթե հակամարտությանն անմիջականորեն չներգրավվեր Թուրքիան իր քաղաքական և ռազմատեխնիկական  ներուժով՝ այդ թվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայման տեսքով, ինչը ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչության կյանքին և կենսագործունեությանը սպառնացող լրջագույն վտանգ է:
22:35 - 19 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Politico կայքը: Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը: Կայքը հավելում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նույն օրը Վաշինգտոն այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է ԼՂ հակամարտության գոտում  լարվածությունը թուլացնելու  ջանքերը:
21:30 - 19 հոկտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ․ Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Նախարար Մնացականյանն իր էստոնացի գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող  պատերազմի հանցագործությունների մասին, որոնք արտահայտվում են խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, սեփական հսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով և դաժան սպանություններով, մշակութային, կրոնական և պատմական կոթողների շարունակական և դիտավորյալ հրթիռակոծմամբ։ Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքները կրակի դադարեցման ուղղությամբ՝ Զոհրաբ Մնացականյանն անթույլատրելի համարեց Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ՌԴ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռքբերված համապատասխանաբար հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների բացահայտ չկատարումը։   Այս համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին Թուրքիայի բացասական ներգրավվածության առնչությամբ` ընդգծելով, որ վերջինիս ապակայունացնող գործելաոճը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։ Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը կայուն և կրակի դադարեցման վերիֆիկացվող ռեժիմի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։
15:27 - 19 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը․ ԱԳՆ

Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը․ ԱԳՆ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ:  Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին: Այս ամենը ուղեկցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները մինչև պատերազմի «հաղթական ավարտը»։ Հատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Թուրքիայում։ Մարդասիրական զինադադարի հայտարարումից րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են մարտական գործողությունները, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան լայնամասշտաբ հարձակման են անցել հարավային ճակատում։  Փաստորեն, սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:  Այդ առումով կրկին վերահաստատում ենք այդ  հայտարարությունները, որոնք կիրառական արտահայտություն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի, ինչպես նաև համանախագահ երկրների ԱԳ նախարարների հոկտեմբերի 5-ի հայտարարություներին: Հավատարիմ ենք կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով:  Պահպանելով հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ  քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը։
10:10 - 19 հոկտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը Ժոզեպ Բորելի հետ զրույցում մտահոգություն է հայտնել միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ

Զոհրաբ Մնացականյանը Ժոզեպ Բորելի հետ զրույցում մտահոգություն է հայտնել միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարար Մնացականյանն իր զրուցակցին հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, այդ վայրագությունների հետևանքով մեծաթիվ տեղահանվածների մասին: Նախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանի կողմից իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների վրա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի հաստատման շուրջ պայմանավորվածությանը և դրան հաջորդած իրավիճակին՝ ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին հայտնեց, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը և խախտելով ձեռքբերված պայմանավորվածությունը, չի հրաժարվում Արցախի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու և հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտավարությունից: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար: Զոհրաբ Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ուղեկցվող ադրբեջանական ագրեսիայի շարունակման համար թողտվություն: Զրուցակիցներն ընդգծեցին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
18:58 - 18 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն ԱԳԵԾ խոսնակի՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն ԱԳԵԾ խոսնակի՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն ԱԳԵԾ խոսնակի՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը․ «Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։ Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել և կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությաունը սնում է ատելությամբ և հայատյացությամբ, ինչի դաժան դրսևորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։ Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները և կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որևէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։ Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և անտեսել է Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները և Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը։ Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները»։
14:23 - 18 հոկտեմբերի, 2020
Բաքուն մերժել է գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ԿԽՄԿ միջնորդության փորձը. ՀՀ ԱԳՆ

Բաքուն մերժել է գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ԿԽՄԿ միջնորդության փորձը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու վերաբերյալ․ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։ Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։
12:15 - 18 հոկտեմբերի, 2020
Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 17-ին համաձայնված հումանիտար զինադադարի խախտման վերաբերյալ․ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ: Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ:
11:01 - 18 հոկտեմբերի, 2020
Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |civilnet.am|

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |civilnet.am|

civilnet.am: Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ս. թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ս.թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում: Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը:
21:48 - 17 հոկտեմբերի, 2020