Հայաստան

Շառլ Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի». ԵՄ խորհրդի նախագահի խոսնակի հայտարարությունը |azatutyun.am|

Շառլ Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի». ԵՄ խորհրդի նախագահի խոսնակի հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, և երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի առնչությամբ: Հակառակի վերաբերյալ շահարկումը ափսոսանք է հարուցում: Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցը այս գիշեր հրապարակած հայտարարությունում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում Միշելը, ըստ հայտարարության, վերահաստատել է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների: ԵՄ խորհրդի նախագահը ողջունել է սահմանային հանձնաժողովների մայիսի 24-ի հանդիպումը՝ այն անվանելով պատմական, և շեշտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման հսկայական կարևորությունը սահմանազատումից առաջ: «Ավելի լայն առումով՝ նախագահ Միշելը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին՝ այդ թվում առաջ մղելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով հակամարտության արմատներին: Նախագահ Միշելի կարծիքով բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է կարգավորեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ պայմաններ ստեղծելու տևական և արդարացի խաղաղության համար»,- ասված է հայտարարությունում: Նշելով, որ «տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում», խոսնակն ընդգծում է, որ մայիսի 22-ի հանդիպման արդյունքներով Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի», և որ ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համընդգրկուն հասցեագրումը. «Սա ներառում է բոլոր ժողովուրդների իրավունքները և անվտանգությունը»: Եվ վերջապես, Շառլ Միշելը, ըստ խոսնակի հայտարարության, շեշտել է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը և «այդ առնչությամբ հրապարակային հռետորաբանության կարևորագույն դերը»: Նա ողջունել է պաշտոնական Երևանի և Բաքվի արտահայտած՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը և ընդգծել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումներին: Խոսնակը հայտնում է նաև, որ առաջիկա օրերին տարածաշրջան կայցելի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին»: Հիշեցնենք, որ Բրյուսելում մայիսի 22-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը իր հայտարարությունում նշել էր, որ «շեշտել է երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:  Հայտարարությունն ընդդիմադիրներն ընդունել էին որպես Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում: Արցախի նախագահի խոսնակը հայտարարել էր. «ԱՀ իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում հնչեցվող հայտարարություններին միանշանակ է. արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակ անընդունելի է»։  Արցախի ԱԺ խմբակցությունները ևս արձագանքել էին՝ նշելով, որ «փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունից․ շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը»: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասել էր, որ «Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում»: Ավելի ուշ հայտարարությունը մեկնաբանել էր նաև ՀՀ վարչապետը. «Քանի որ այս հարցով համաձայնություն չի ձևակերպվել, Շառլ Միշելը իր կողմից որոշել է անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից։ Թե ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, այլ հարց է: Այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և այդ դիրքորոշումների մեջ, բնականաբար, որևէ փոփոխություն չկա»:
09:57 - 01 հունիսի, 2022
Վահագն Խաչատուրյանը այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն

Վահագն Խաչատուրյանը այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։ Նախագահը մշակութային և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ շրջել է պանթեոնի տարածքով և ծաղիկներ դրել հայ անվանի գործիչների շիրմաքարերին։ Նախագահը նշել, է որ մեծապես տպավորված է պանթեոնի բարեկարգ վիճակով։ Նա շնորհակալություն է հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ արվում է ի հիշատակ հայ մտավորականների ու ականավոր հայ գործիչների։ Վրաստան այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։ Թանգարանի տնօրեն Դավիթ Լորթկիպանիձեի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։   Video Player    
22:42 - 31 մայիսի, 2022
ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետն ընդգծել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետն ընդգծել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։ «Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ ի բարօրություն երկու երկների ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: 
21:28 - 31 մայիսի, 2022
Միայն 2021-ին Արցախին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել․ այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար․ Արմեն Գրիգորյան
 |tert.am|

Միայն 2021-ին Արցախին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել․ այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար․ Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի հետ 4 ուղղությամբ թեմաներ են քննարկվում: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով, մեկը հումանիտար հարցերն են՝ գերիներ, անհետ կորածներ, երկրորդը սահմանազատման ու սահմանագծման հարցերն են, երրորդը ապաշրջափակումն է, որը պետք է տեղի ունենա երկու երկրների ինքնիշխանության շրջանակներում եւ փոխադարձության սկզբունքով, իսկ չորրորդը ԼՂ խնդրի շուրջ քննարկումներն են: Հարցին, թե արդյոք հայկական կողմը Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը նախապես ծանոթ է եղել, որտեղ վերջին օգտագործեց «էթնիկ հայեր» արտահայտությունը, ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք միշտ բարձրացրել ենք այն հարցը, որ այն, ինչ քննարկում ենք Բրյուսելում, դրանց մասին նաեւ պետք է հանրությանը տեղեկացվի: Իհարկե, մենք ակնկլում ենք, որ ավելի հասցեական եւ հստակ հայտարարություններ կլինեն այս առումով: Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի բոլոր այն քննարկումները, որոնք տեղի են ունենում Բրյուսելում եւ դրա հետ կոմունիկացիան, համապատասխանի նրան, ինչ տեղի է ունենում: Պետք է աշխատենք, որպեսզի ստանանք այնպիսի տեքստ, որը նաեւ համապատասխանում է հայկական շահերին ամբողջությամբ»: «Գիտեք, որ միայն 2021-ին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել: Սա ինչ-որ առումով նաեւ անվտանգային դերակատարություն ունի: Ոչ միայն սոցիալական խնդիրներ են լուծվում, այլեւ անվտանգության բաղադրիչ ունի: Այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար»:
20:31 - 31 մայիսի, 2022
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, Փաշինյան-Ալիև բրուսելյան հանդիպումը |tert.am|

Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, Փաշինյան-Ալիև բրուսելյան հանդիպումը |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը: Այս մասին, ինչպես գրում է «РИА Новости»-ն, երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։«Դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, Ալիևը Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին, հավելել են Կրեմլից։
13:30 - 31 մայիսի, 2022
Արցախի 2021 թվականի բյուջեի 73 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը. Փաշինյան |armenpress.am|

Արցախի 2021 թվականի բյուջեի 73 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Արցախին Հայաստանի աջակցությունը 2021 թվականին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ունեցած իր ելույթում: Փաշինյանը ներկայացրեց նաև 2021 թվականի ընթացքում Արցախում իրականացրած ծրագրերը: «2020 թվականի նոյեմբերից հետո Արցախում իրականացրել ենք 136 մլրդ դրամի ծրագիր: 120 մլրդ դրամ է հատկացվել է 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով»,-ասաց Փաշինյանը: Այդ գումարն ուղղվել է տարբեր ուղղություններով, օրինակ՝ Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարմանը: 2021-ին Արցախի բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից: «Մի կենսական նշաձող է դրվել, որից վերև չի վճարվել, ենթադրենք ինչ-որ մեկն ավելի շատ է էլեկտրաէներգիա ծախսել, քան միջին հաշվարկային է: Բայց մենք Արցախի ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, նաև կապի ծառայությունների դիմաց վճարել ենք: Պետական հատվածի ամբողջ աշխատավարձը ևս վճարել է ՀՀ կառավարությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա հատկացվել է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին: Ապա Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախի բնակչությանն աջակցություն է տրամադրվել ամենատարբեր ծրագրերով, օրինակ՝ անշարժ գույքի վնասի դեպքում, Արցախում հաշվառված քաղաքացիներին նաև միանվագ աջակցություն է տրվել, 108 հազար մարդու՝ 68 հազար դրամ և ևս 15 հազար դրամ: Այս ծրագիրը շարունակվել է մի քանի ամիս: «2019-ին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որից 57.8 մլրդ դրամը վճարվել է Հայաստանից: 2021-ին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց՝ Արցախը երբեք ավելի մեծ բյուջեի չի ունեցել: «Եվ ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով աջակցություն չի ցուցաբերել Արցախին: Այսինքն՝ ՀՀ աջակցությունը 2021թվականին Արցախին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց, որ այդ ծրագրերն Արցախում շարունակվում են: 2022 թվականին նախատեսված է 144 մլրդ դրամ ՀՀ-ից վճարել Արցախին: «Դա նշանակում է, որ շարունակում ենք ամբողջ պետական հատվածի աշխատավարձը վճարել՝ գումարած 20 մլրդ դրամ: Մենք խոստացանք, որ 50 մլրդ դրամ կհատկացնենք բնակարանաշինությանը, որից 20 միլիարդը հատկացնում ենք 2022 թվականին: Բացի այս ծախսերից, մեր հատկացրած աջակցության շնորհիվ Արցախում 2022 թվականին 20 տոկոսով աճել են կենսաթոշակներն ու նպաստները»,- եզրափակեց նա:
13:23 - 31 մայիսի, 2022
Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն անելու իրավունք չունեմ․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն անելու իրավունք չունեմ․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին՝ համաձայն է արդյո՞ք, որ Արցախը երբեք չի լիելու Ադրբեջանի կազմում, ինչին Սիմոնյանը պատասխանեց․ «Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է»,–ասաց Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով ընդդիմության կողմից նախարարություններին ուղղված այդ հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմությունը նման հարցադրումներ անելու բազմաթիվ հնարավորություներ ունի․«Նման հնարավորություն ունի առանց շոուներ կազմակերպելու, այս դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, հնարավորություն ունի գրավոր դիմելու, որը մտնում է պատգամավորների լիազորությունների մեջ և այլն։ Նմանատիպ գործողություններով նրանք փորձում են գործընթացի իմիտացիա ստեղծել»։
12:34 - 31 մայիսի, 2022
Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո տիկին Զուրաբիշվիլիին՝ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար: Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնել հյուրընկալ հարևան երկիր: Տարին առանձնահատուկ է հայ-վրացական հարաբերությունների համար. լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Թեև միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, բայց մեր երկրների միջև բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ ամուր նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար: Բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հաստատուն հանձնառության մասին: Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են արձանագրել, և իզուր չէ, որ ՀՀ կառավարության ծրագրում այդ հարաբերությունները որակվել են առանձնահատուկ բարիդրացիական: Հարաբերությունների նման որակումը պայմանավորված է ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպումների պարբերական բնույթով, միջգերատեսչական ակտիվ շփումներով, ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության տեմպի աճով, և որ շատ կարևոր է, վերոնշյալ գործընթացները հիմնված են լիակատար փոխվստահության ու հարգանքի վրա: Այսօր ես և տիկին նախագահ Զուրաբիշվիլին ունեցել ենք բավական հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար հարցեր և այլն: Մասնավորապես քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը, ինչպիսիք են՝ Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքները: Վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ պահպանելու առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակը և առավել հարստացնելու համագործակցության օրակարգը: Անշուշտ, տիկին Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը պայմանավորված է հայ-վրացական անխախտ բարեկամության գիտակցմամբ: Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաջողություն մաղթել երկկողմ բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում: Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-վրացական հարաբերություններին»: 
22:34 - 30 մայիսի, 2022
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյան

Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում, այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և  Վրաստանի պետական օրհներգերը: Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:  Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։ «Ուրախ եմ փաստել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնում եմ եղբայրական Վրաստան։ Համոզված եմ՝ որպես բարիդրացիական պետությունների նախագահներ՝ մեր նշանակալի ներդրումը կունենանք երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում»,- գրել է Հայաստանի նախագահը: Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, շատ գնահատելի է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 30-ամյակին, որոնք երկու երկրների համար սերտ բարեկամական հարաբերությունների 30 տարիներ են եղել, և այսպես էլ կշարունակվի։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր ոլորտներում առկա է փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, այդ թվում առանձնացվել են տրանսպորտի, կապի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Անդրադարձ է եղել անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, նշվել, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարևոր գործոններից է։     
20:41 - 30 մայիսի, 2022
Բաքուն դեռ շարունակում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ, խախտում է հրադադարը, հրաժարվում է ազատ արձակել ռազմագերիներին․ ԱԳ նախարարի հարցազրույցը՝ հնդկական «ՎԻՈՆ»–ին

Բաքուն դեռ շարունակում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ, խախտում է հրադադարը, հրաժարվում է ազատ արձակել ռազմագերիներին․ ԱԳ նախարարի հարցազրույցը՝ հնդկական «ՎԻՈՆ»–ին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին, որը ներկայացված է ստորև. –Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները: –Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ պատմություն, որը վերածվել է փոխադարձ համակրանքի և բարեկամական հարաբերությունների։ 16-րդ դարից ի վեր հայերը զգալի ներկայություն են ունեցել Ագրայում, Սուրատում, Չեննայում, Կալկաթայում և այլ առևտրային կենտրոններում։ Նրանք այստեղ բարգավաճել են գլոբալիզացիայի սկզբնական փուլից ի վեր, և այժմ մեր ժառանգությունը Հնդկաստանում, որը գալիս է այդ ժամանակահատվածից, խնամքով պահպանվում է, ինչը մենք բարձր ենք գնահատում: Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ունենք հնդիկ ուսանողների և գործարարների հզոր համայնք։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և Հնդկական մշակութային կենտրոնը մեծ աշխատանք են կատարում մեր երկրների, ժողովուրդների և գործարար շրջանակների մերձեցման ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի մեծ օգուտ քաղել մեր կապերի զարգացումից Մեր երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում Եվ ի վերջո, մեր երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային կայունության կարևոր հենարան է և մեծ տերություն, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դեր ունենալ միջազգային հարաբերություններում և շատերի կողմից ընկալվում է որպես բարորություն կերտող Հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ Հայաստանի կառավարությունն իր ռազմավարական առաջնահերթություններից է համարում աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի՝ Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը։ – Ապրիլի վերջին այցելել եք Հնդկաստան։ Ո՞րն էր Ձեր այցի հիմնական նպատակը: Անցյալ տարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարն էր այցելել Ձեր երկիր: –Նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին։ Այնուհետև նախարար Ջայշանկարն անցյալ տարվա աշնանը նշանակալից այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց ավելի լայն ներգրավվածության ճանապարհային քարտեզ՝ սկսած քաղաքական երկխոսությունից մինչև ծանրակշիռ բազմահաոլորտ համագործակցություն: Հետագայում արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։ Մասնակցությունը «Raisina Dialogue» համաժողովին, որն, ի դեպ, այս տարի արժանացել է հատուկ համաշխարհային ուշադրության, լավ հնարավորություն ընձեռեց՝շարունակելու մեր երկխոսությունը և նախարար Ջայշանկարի հետ միասին գնահատելու արդեն կատարված աշխատանքն ու նախանշելու նոր հավակնոտ նշաձողեր:  Ի լրումն, այս այցի ընթացքում հատուկ շեշտադրվել է մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պատվիրակությանն ուղեկցում էին հայկական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Մենք մասնակցել ենք հայ-հնդկական բիզնես ֆորումներին Նյու Դելիում և Մումբայում։ Նման միջոցառումները և շարունակական բիզնեսը բիզնեսի հետ շփումները մեր գործարար շրջանակներին կմոտեցնեն միմյանց: Այժմ հաջորդ քայլը կլինի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք պատրաստվում ենք հյուրընկալել Հայաստանում այս ամռանը։ Ինչպես տեսնում եք, սա բավականին տպավորիչ դինամիկա է։ – Ի՞նչ կարելի է ակնկալել պաշտպանության ոլորտում հարաբերություններից: Սա և՞ս քննարկվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  խորհրդակցությունների ժամանակ։ –Մեր պաշտպանության նախարարությունները լավ կապեր են հաստատել, և նրանց միջև աստիճանաբար զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հայաստանը Հնդկաստանում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Անկասկած է, որ վերջին տարիներին Հնդկաստանը սրընթաց առաջընթաց է գրանցել պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, ինչը, իհարկե, շատ հետաքրքիր է Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Կարծում եմ՝ մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն հետագա համագործակցության հնարավորությունները։  – Կոմունիկացիաների մասով ինչպե՞ս եք գնահատում այնպիսի նախագծերը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, և արդյո՞ք կմիանաք Չաբահար նավահանգստի նախագծին: Պատասխան․ Մենք ակտիվորեն քննարկում ենք կոմունիկացիոն մի շարք նախագծեր։ Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել մեր երկխոսությունն ու համագործակցությունը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, և այս հարցում նույնպես շփվում ենք այլ գործընկերների հետ։ Հայաստանն այս միջանցքում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերը համարում է բավականին նշանակալի։ Այս առումով մենք նաև ողջունում ենք հնդկական ընկերությունների ակտիվ ներգրավածությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում։ –Ինչպե՞ս է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ինչպե՞ս է այժմ ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Մոտ ապագայում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ակնկալիք ունե՞ք։ – Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված: 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո, սակայն շատ հարցեր դեռևս լուծված չեն։ Բացահայտ կերպով խախտելով Եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը, և անտեսելով միջազգային հանրության հստակ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Մեկ այլ խնդիր է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման իրական վտանգը։ Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության գործուղումը հակամարտությունից տուժած տարածքներ, ինչը կօգնի լիակատար ոչնչացումից պաշտպանել հայկական ժառանգությունը։ Պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ։ Դեռևս հոգեբանական տեռոր է իրականացվում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչպես, օրինակ, բարձրախոսներով հնչեցվող կոչերը՝ լքելու իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ստիպել, որ լքեն, կամ գազամատակարարման դադարեցումը եղանակային ծանր պայմաններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում: Վերջին դեպքը մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ։ Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը։ Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման, ավարտել բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ և աշխատանքներ տանել համապարփակ խաղաղ բանակցությունների նախապատրաստման շուրջ։ Եթե Ադրբեջանը դրսևորի կառուցողական մոտեցում և զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, ես կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել: – Ինչ վերաբերում է 2020 թվականի պատերազմին, ապա տեղեկություններ կային, որ պակիստանցի վարձկանները աջակցում են Ադրբեջանին։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին: –Այո, եղել է նման տեղեկատվություն Վարձկանների մեծ մասը տեղափոխվել էին Մերձավոր Արևելքից, ինչը հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական ծառայությունները։ Վարձկանների ցանկացած ներգրավում ավելի է սրում իրավիճակը, քանի որ այն ավելի լայն տարածաշրջանային ասպեկտ է հաղորդում լոկալ հակամարտությանը և իր բնույթով արկածախնդիր է ու անօրինական: Նման գործողությունները միշտ երկարատև և բացասական ազդեցություն են թողնում տարածաշրջանային իրավիճակի վրա՝ նույնիսկ երբ այն կայունացնել է։ –Պակիստանը աջակցում է անդրսահմանային ահաբեկչությանը hնդկական Ջամմու և Քաշմիր միութենական տարածքում և շարունակում է գրավված պահել դրա որոշակի մասը, որը Պակիստանի օկուպացրած Քաշմիրն է: Ինչպե՞ս եք տեսնում Իսլամաբադի դերը տարածաշրջանում: –Ահաբեկչությունը տեղ չունի ժամանակակից աշխարհում և դատապարտելի է՝ իր բոլոր դրսևորումներով։ Մենք աջակցել ենք Հնդկաստանին Ջամուի և Քաշմիրի հարցում ու կշարունակենք աջակցել: –Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները: Ի՞նչ կարող եք ասել մեզ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:  –Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։ Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։ Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։
13:35 - 30 մայիսի, 2022
Երեկվա համերգն ու հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել․ Արտակ Բեգլարյան

Երեկվա համերգն ու հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկվա՝ մայիսի 28-ի համերգն ու նույն օրը տեղի ունեցած հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել։ Գրառումը նույնությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկվա ստեփանակերտյան համերգը կայացել է հաջողությամբ, և բազմահազար արցախցիներ իրոք վայելել են Ներսիկ, Արաբո ու Աղասի Իսպիրյանների ու արցախյան որոշ կատարողների ռազմահայրենասիրական երգերը: Շնորհակալ ենք «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի թիմին՝ Աբրահամ Գասպարյանի և Սամվել Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության թիմին՝ Անահիտ Հակոբյանի ու Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ այս համերգն իրականություն դարձնելու համար: Ինձ համար տարակուսելի է համերգի վերաբերյալ իմ նախորդ գրառման ճղճիմ քաղաքականացումը և, մի կողմից, մանիպուլյացիաների փորձերն ու, մյուս կողմից, դավադրությունների մեղադրանքները: Հավանաբար, ամեն մեկն իմ անտողատակ գրառումը չափում է իր արշինով, իսկ մի մասն էլ պարզապես տրվում է մանիպուլյացիաներին:  Նախ՝ ես մոտ 21:30-ին հրապարակել եմ համերգից տեսանյութ և նշել՝ «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հենց հիմա ընթանում է ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ» (ուշադրություն՝ հատուկ շեշտել եմ «հենց հիմա»): Դա ամենևին չէր նշանակում նախընթաց (մոտ ժամը 20:00-ին ավարտված) հանրահավաքի ժխտում կամ ստվերում, պարզապես նշանակում էր համերգի փաստի ներկայացում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՀ կառավարությունը համերգի համակազմակերպիչներից մեկն էր և անձամբ ես իմ համակարգման տակ էի վերցրել կազմակերպչական աշխատանքները: Գրառմանս հղումն՝ այստեղ։ Երկրորդ՝ իրականությունն այն է, որ, այո, համերգից առաջ նույն վայրում տեղի է ունեցել հանրահավաք, որը, սակայն, որևէ առնչություն չի ունեցել համերգի հետ, ինչի մասին հայտարարել են նաև հանրահավաքի կազմակերպիչները հարթակից: Պարզապես հաշվի առնելով, որ երկու միջոցառումները նույն վայրում էին պլանավորված (հանրահավաքը՝ 19:00, համերգը՝ 20:00)՝ համերգի ու հանրահավաքի կազմակերպիչները համաձայնության էին եկել բեմահարթակի հաջորդական օգտագործման շուրջ՝ խուսափելու համար միմյանց խանգարելու դեպքերից: Ակնհայտորեն, հազարավոր մարդիկ մասնակցել են և՛ հանրահավաքին, և՛ համերգին, սակայն եղել են նաև դրանցից միայն մեկին բազմաթիվ մասնակցողներ: Երրորդ՝ եթե և՛ հանրահավաքը, և՛ համերգը լուսաբանվել են բազմաթիվ լրատվամիջոցներով ու սոցցանցային էջերով (այդ թվում՝ ուղիղ եթերով), ապա ինչու՞ են ոմանք մի կողմից փորձում համերգի վերաբերյալ հենց իմ գրառումը ներկայացնել որպես հանրահավաքի կայացման փաստի ժխտման հիմք, իսկ մյուս կողմը՝ որպես հանրահավաքի կայացման փաստի միտումնավոր անտեսում: Այդ դեպքում ինչու՞ համերգի վերաբերյալ բոլոր գրառումների հեղինակներին նույն հարցում չեք մեղադրում, կամ ինչու՞ չեք պահանջում հանրահավաքի մասին գրառում կատարած անձանցից գրել նաև համերգի մասին: Չորրորդ՝ հուշեմ, որ պետական բոլոր մարմինները իրենց լիազորությունները պատշաճորեն կատարել են քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների իրացման, այն է՝ հանրահավաքի բնականոն ընթացքի ապահովման համար՝ չնայած առկա դժվարություններին: Ավելին, շատ բնական  ու ողջունելի եմ համարում, որ Արցախի հազարավոր քաղաքացիներ ձգտում են իրենց կարծիքները  ներկայացնել  Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ և ժողովրդավարական ու իրավական ճանապարհով մասնակցել բոլորիս ճակատագրին առնչվող որոշումների կայացմանը: Մնացած մասով ակնկալում եմ հանրահավաքի կազմակերպիչների պարզաբանումները, որպեսզի մոլորյալների համար պարզ լինի իրականությունը: Հինգերորդ՝ հետաքրքիր է, թե ինչու ոմանք չեն կենտրոնանում համերգի ու հանրահավաքի հաջող կայացման փաստերի վրա, ինչու՞ չեն մտածում, թե որքան ջանքեր են դրված դրանց կայացման հիմքում, սակայն փոխարենը փորձում են չեղած բիծ գտնել դրանցում: Դիտավորյա՞լ եք անում, թե՞ պարզապես միամտաբար տրվում եք մանիպուլյացիաներին... Վեցերորդ՝ վիրավորական ու տարօրինակ է, երբ ոմանք (հատկապես՝ Արցախը միայն ֆեյսբուքում սիրողները) փորձում են ինձ հայրենասիրության դաս տալ և մեղադրել չեղած հանցանքների մեջ: Կներեք, բայց ստիպված եմ անհամեստորեն հիշեցնել, որ այս կյանքում շատ քիչ մարդ կարելի է գտնել, ովքեր բարոյական իրավունք կունենան ինձ հայրենասիրության դաս տալու: Ինքնակոչ դատավորի դեր ստանձնելուց առաջ պետք է սկզբում գոնե սեփական բաժին առաքելությունը կատարել բարեխղճությամբ և պատրաստ լինել օբյեկտիվ փաստերը տարանջատել կեղծիքներից ու սուբյեկտիվ մեկնաբանություններից»։
16:22 - 29 մայիսի, 2022
Ադրբեջանի սադրանքները հիմնավորում են զորքերի հայելային հետքաշման և դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը․ ԱԳՆ

Ադրբեջանի սադրանքները հիմնավորում են զորքերի հայելային հետքաշման և դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․ Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք:Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։Միաժամանակ, հիշեցնում ենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, մինչ այժմ վերացված չեն։Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները։
14:12 - 29 մայիսի, 2022