Հայաստան

Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել նոր իրողությունները |azatutyun.am|

Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել նոր իրողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն «հերթական անհիմն հայտարարություն» է որակում Հայաստանի արտգործնախարարության արձագանքը Ադրբեջանի նախագահի կոշտ հայտարարություններին։ Պատասխան հայտարարությամբ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ հետպատերազմական Հայաստանում իրավիճակը սրող «ռևանշիստական ուժեր կան», և որ «Հայաստանի ներկայիս անմխիթարական վիճակն այդ ուժերի՝ շուրջ 30 տարի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքն է»։ Բաքուն հայկական կողմին հորդորում է ընդունել , որ «տասնամյակների վարքագիծն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիա»։ «Միայն տարածաշրջանում նոր իրողությունների և հնարավորությունների ճիշտ գնահատումը կարող է հանգեցնել ճիշտ արդյունքների», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։
19:53 - 28 մայիսի, 2022
Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |armenpress.am|

Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին այցելել է Բաքու՝ մասնակցելու ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական TEKNOFEST փառատոնին, ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Էրդողանը հայտարարել է, որ ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա իրենք շարունակում են լինել Ադրբեջանի կողքին: «Արդեն ժամանակն է, որ այս հողերում գրվի հաջողության, խաղաղության ու զարգացման պատմությունը: Անցյալում գործած մեր սխալներից դասեր քաղելով՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներ պետք է միշտ միասին կառուցենք մեր ապագան: Ինչպես պատերազմում, այնպես էլ հիմա Ադրբեջանի կողքին ենք: Հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության՝ Թուրքիան վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, որն իմ սիրելի եղբայրը՝ Ալիևը, ցանկանում է հաստատել Հայաստանի հետ»,- «Անադոլու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանը: Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական կողմի դեմ թուրքական զենքերի կիրառմանը՝ հայտարարելով, թե ողջ աշխարհը ականատես եղավ թուրքական սպառազինությունների հաջողությանը:
17:10 - 28 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Փարիզի գործընկերոջը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Փարիզի գործընկերոջը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների ու ռեգիոնների հետ և այս համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի: «Տիկին Իդալգո, տեղյակ եմ, որ բազմիցս եղել եք Երևանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ձեր առանձնահատուկ վերաբերմունքը մեր մայրաքաղաքի ու երկուստեք հարաբերությունների հարցում: Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) հետ գործակցության շրջանակում ունենք առաջընթաց և առաջիկայում նախանշում ենք նոր ծրագրերի իրագործում: Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել 2020թ. պատերազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած աջակցությա համար: Մենք մեծապես կարևորում ենք ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը, և հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի հունիսին Լիոնում, մասնակցություն կունենամ նաև ես»,- ընդգծել է Երևանի քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցը նոր թափ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցության ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր հերթին նկատել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, ինչը հնարավորություն կտա է՛լ ավելի ընդլայնել համատեղ ծրագրերը: «Երևանի և Փարիզի հարաբերությունները չափազանց սերտ են, և սա իմ երրորդ այցն է Երևան: Մենք արդեն իսկ ունենք շատ կարևոր ծրագրեր, որոնք դարձել են իրականություն. Երևանի ներշնչմամբ կարողացել ենք «Թումո» կենտրոն բացել նաև Փարիզում: Այսօր մենք նախանշում ենք նաև ավելի ընդլայնված գործակցություն, մասնավորապես՝ ժառանգության պաշտպանության հարցերով, և այս ուղղությամբ աշխատանքներին Երևանի մասնակցությունը ևս կլինի համապարփակ: Ես շատ եմ սիրում այս քաղաքը և երջանիկ եմ, որ այսօր մենք Երևանի հետ նոր ծրագրերի հիմքեր ենք դնում»,- ընդգծել է Փարիզի քաղաքապետը: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրերի և նախանշված աշխատանքների իրականացման շուրջ:
16:57 - 28 մայիսի, 2022
Մեր քննարկումները ապաշրջափակման մասին են, և ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով․ Արարատ Միրզոյան

Մեր քննարկումները ապաշրջափակման մասին են, և ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին. -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: Ի՞նչ կասեք այս մասին: - Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, և հետևաբար, Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունն ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի և, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է: Հայաստանն, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, և կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով: -Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, թե Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու: -Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա։
15:51 - 28 մայիսի, 2022
ԱԳՆ արձագանքը Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ

ԱԳՆ արձագանքը Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարություններին։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։ Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։ Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ: Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում։
12:01 - 28 մայիսի, 2022
Ալիևը հայտարարել է, թե աշխարհում այժմ «առաջնայինն ուժի գործոնն է», միջազգային իրավունքի համակարգը չի գործում |factor.am|

Ալիևը հայտարարել է, թե աշխարհում այժմ «առաջնայինն ուժի գործոնն է», միջազգային իրավունքի համակարգը չի գործում |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այսօր առաջնային պլանում ուժի գործոնն է։ Ես այդ մասին դեռ 10 տարի առաջ եմ ասել։ Ես ասել եմ, որ միջազգային իրավունքը չի գործում։ Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, հզորանանք։ Անհրաժեշտության դեպքում` մենք պետք է թշնամուն ուժով վռնդենք մեր տարածքից։ Ես խոսել եմ այդ մասին և արել դա»,- ասել է Ալիևը Կովսական այցի ժամանակ։ Նա նշել է, որ Ադրբեջանը դեմ է իր ներքին գործերին արտաքին միջամտությանը։ «Ուժի գործոնն աշխարհում կշարունակի գերիշխել։ Նորագույն պատմությունը դա է ցույց տալիս։ Դրա համար էլ մենք ուժեղ ենք և պետք է շարունակենք ուժեղ լինել։ Մենք նաև ռազմական հզորությունն ենք ուժեղացնում։ Հայաստանի հետ պատերազմից հետո ստեղծվել են նոր զինվորական ստորաժանումներ, գնվել է նոր զինտեխնիկա, և շարունակում ենք շարժվել այդ ուղղությամբ։ Եթե մենք ուժեղ չլինենք, ապա չենք կարող ապրել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ցանկանում ենք ապրել ազատ, որպեսզի ոչ ոք մեր գործերին չխառնվի»,- հայտարարել է Ալիևը։  
17:53 - 27 մայիսի, 2022
Տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների ճանաչված սահմանները. Իրանի դեսպան  |azatutyun.am|

Տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների ճանաչված սահմանները. Իրանի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանազատման և հաղորդակցական ուղիների վերագործարկման շուրջ հայ-ադրբեջանական ակտիվացած բանակցությունների ֆոնին՝ Իրանը վերստին ընդգծում է, որ տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նաև հայտնեց, որ Թեհրանը աջակցում է տարածաշրջանային ապաշրջափակմանը։ «Բարեբախտաբար, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ մասնագիտական խմբերի հանդիպումները լավ արդյունքներ են տալիս։ Որքանով տեղեկացված ենք լրատվամիջոցներից, որոշ թյուրիմացություններ լուծվում են։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքներն ու կանոնները, և բանակցությունները լինեն կառուցողական։ Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, և դա կարող է լինել այս երկրների արդյունավետ բանակցությունների արդյունքում։ Բնական է, որ հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է այս ճանապրհները բացել և կապ ստեղծել։ Այդ ամենը պետք է տեղի ունենա՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Իրանը կաջակցի բոլոր այն հարցերին, որոնք համապատասխանում են միջազգայնորեն ճանաչված կանոններին և օրենքներին», - ասաց դեսպանը։
16:21 - 27 մայիսի, 2022
Չեռնոգորիան աջակցում է ՀՀ-ի ղեկավարության` տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին. Միլո  Ջուկանովիչ |armenpress.am|

Չեռնոգորիան աջակցում է ՀՀ-ի ղեկավարության` տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին. Միլո Ջուկանովիչ |armenpress.am|

armenpress.am: Չեռնոգորիան մեծապես հարգում է Հայաստանի ղեկավարության ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելուն:  Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Չեռնոգորիայի նախագահ Միլո  Ջուկանովիչը: «Իմ ամբողջ պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Սա, ինչպես գիտեք, նախագահի մակարդակով առաջին այցն է Հայաստան՝ սկսած այն պահից, ինչ մեր երկրները անկախություն են հաստատել: Եվ ինչպես նախագահ Վահագն Խաչատուրյանն ասաց, չնայած մեր հարուստ և  երկար ավանդական միջպետական հարաբերություններին, սա առաջին այցն է, հետևաբար այսպիսի այցերը շատ կարևոր են, որպեսզի օգտագործենք բարեկամության կառուցումը և դա մի քայլ առաջ անենք, բարելավենք միջպետական հարաբերությունները: Ես հանդիպում ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ներկայումս ես հանդիպում եմ ձեզ հետ: Սա հնարավորություն է տալիս խոսել կոնկրետ, թե ինչպես բարելավենք միջպետական հարաբերությունները: Այս հարցերի մասին մանրամասն խոսեցինք և իրապես խոսեցինք անհրաժեշտ առաջնահերթությունների մասին: Վստահ եմ, որ կլինի պատասխանատու մոտեցում այս հարցերին, և մենք կօգտվենք դրանից և մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեսնել ավելի համապարփակ համագործակցություն երկու երկրների միջև: Մենք ունենք համագործակցություն տնտեսության ոլորտում, կարողացանք հանդիպել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ: Հուսով եմ, որ ապագայում նույնպես կկարողանանք ունենալ բարձր մակարդակի ներկայացուցիչներ Չեռնոգորիայում՝ ավելի զարգացնելու մեր միջպետական հարաբերությունները»,- ընդգծեց Ջուկանովիչը: Անդրադառնալով Հայաստանի իշխանության կողմից որդեգրած խաղաղ զարգացման դարաշրջանի քաղաքականությանը՝ Չեռնոգորիայի նախագահը նշեց, որ իրենք իրապես ցանկանում են, որ հասնեն լուծումների, որոնք կհանգեցնեն երկարատև խաղաղության և կայունության տարածաշրջանում: «Խաղաղությունն ու կայունությունն իրենց հերթին կհանգեցնեն արագացված տնտեսական զարգացմանը: Հաջողություն ենք մաղթում: Մաղթում եմ, որպեսզի դուք հասնեք ձեր նպատակներին: Վստահ եմ, որ դուք ընտրում եք ճիշտ լուծումներ, և մենք արդեն իսկ անհամբերությամբ սպասում ենք մեր ապագա համագործակցությանը»,- եզրափակեց Ջուկանովիչը:
16:06 - 27 մայիսի, 2022
Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին |tert.am|

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը։Նրա խոսքով՝ հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, և հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների  2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի 11 հունվարի եռակողմ հայտարարությունների շրջանակում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր։«Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա։
14:09 - 27 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում: Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին գնահատականի համար՝ դեսպան Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններինն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին վերաբերող հարցեր:
14:05 - 27 մայիսի, 2022
Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. դեսպան |armenpress.am|

Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը: «Տեխնիկական և մասնագիտական հարցեր կան, որոնք համապատասխան մասնագետները ուսումնասիրում և քննարկում են: Ճիշտ չի լինի դրանց ավարտից առաջ մենք ցանկանանք ինչ-որ բան ասել: Սպասենք տեխնիկական, մասնագիտական արդյունքներին, բայց արդյունքը, ինչ էլ լինի, երկու երկրների օգտին է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը: Նա հավելեց, որ Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու երկրների միջև, էներգետիկ ոլորտի համաձայնություններն են, որի մի մասը գազի սվոփին է վերաբերվում:
13:18 - 27 մայիսի, 2022
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ և հավելել, որ դրանում մեծ է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներդրումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների գործընկերների միջև առկա են սերտ շփումներ, ինչը կարևոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու գործում: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում վերը նշված ֆորմատի կարևորությունը: Սերգեյ Կորպիրկինը շնորհակալություն է հայտնել վարչապետին դեսպանության գործունեությանը բարձր գնահատելու համար և շեշտել, որ իրենց նպատակն է անել ամեն ինչ՝ երկկողմ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
11:32 - 27 մայիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 22-25 Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական ու հասարակական գործիչների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի զարգացման ծրագրերը, համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վահագն Խաչատուրյանի և Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել երկկողմ օրակարգին, առանձնահատուկ ընդգծվել տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը: Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ալ Հաջրաֆի, Քարֆուր հիպերմարկետների ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Ալեն Բեյջանիի, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայիի հետ: Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle մեդիաընկերությանը, որի ընթացքում խոսել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, տնտեսական զարգացումների, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին:
09:57 - 27 մայիսի, 2022
Պուտինն անդրադարձել է ՌԴ-ից ՏՏ ոլորտի մի շարք մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելուն
 |shantnews.am|

Պուտինն անդրադարձել է ՌԴ-ից ՏՏ ոլորտի մի շարք մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելուն |shantnews.am|

shantnews.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում նրանում, որ ՏՏ ոլորտի որոշ ռուսաստանցի մասնագետներ տեղափոխվել են Հայաստան, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Ելույթ ունենալով Եվրասիական առաջին տնտեսական ֆորումում՝ ՌԴ ղեկավարն ասել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը քննարկել է Ղազախստանի և Հայաստանի իր գործընկերների հետ, բայց ոչ այն պատճառով, որ «ՏՏ ոլորտի որոշ մասնագետներ (Ռուսաստանից – խմբ.) տեղափոխվել են Հայաստան»։ «Դե, տեղափոխվել են, փառք Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։ Միաժամանակ նա կարծում է, որ նման իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի Դաշնության համար։«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի՝ աշխատելու Բելառուսի հետ համագործակցության հետ կապված մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուշադրություն է հրավիրել երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա։ «Մեր երկրում զարգանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտները, զարգանում են հաջողությամբ, և մենք կցանկանայինք, որ դա անեինք Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ միասին», – ասել է նա։
22:53 - 26 մայիսի, 2022
ԱԽ քարտուղարը Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ԱԽ քարտուղարը Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Իրենա Դիմիտրովան ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերն` որպես մերօրյա լուրջ մարտահրավեր, ինչի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկկողմ հետագա համագործակցությանը:
19:32 - 26 մայիսի, 2022
Չեռնոգորիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեռնոգորիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ:  Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Միլո Ջուկանովիչը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Չեռնոգորիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Այցի ավարտին Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:
17:06 - 26 մայիսի, 2022