Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Արման Թաթոյանն Արա Աբրահամյանի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը

Արման Թաթոյանն Արա Աբրահամյանի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն  ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները: Դրանց թվում են եղել նաև այն հարցրերը, որոնց ՀՀ քաղաքացիները բախվում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի ընթացքում: Հանդիպման ժամանակ ամփոփվել են այն հարցերը, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի հայերի միության համագործակցությամբ լուծվել են, այդ թվում՝ կապված նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում ընտանիքների միավորման, երեխաների մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու, բժշկական օգնության հետ և այլն: Համատեղ աշխատանքի այս կարևոր փորձը դարձել է արդյունավետ և գործում է արդեն տևական ժամանակ: Արման Թաթոյանն ընդգծել է տարբեր ձևաչափերով երկու կառույցների համատեղ աշխատանքի փորձը: Մասնավորապես, միջազգային լավագույն պրակտիկայի օրինակ է ՌԴ մարդու իրավունքների  հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՌԴ-ում բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների համատեղ ընդունելությանը Մոսկվա քաղաքում, որին ակտիվ մասնակցություն են ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Արա Աբրահամյանը նաև ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության այն ծրագրերը, որոնք ուղղված են ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանությանը, որոնց իրականացմանը Պաշտպանը հայտնել է աջակցության պատրաստակամություն: Կողմերը հանդիպման ավարտին պայմանավորվել են հետագայում ևս նույն սկզբունքով առաջնային ուշադրության ներքո պահել մեր հայրենակիցների բարձրացրած կամ նրանց հուզող խնդիրները, քննարկել են նաև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։
15:16 - 10 ապրիլի, 2021
Հաշմանդամության կարգավիճակի սահմանման վարչարարության թերացումները  խախտում են մարդկանց իրավունքները. ՄԻՊ

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման վարչարարության թերացումները խախտում են մարդկանց իրավունքները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները և ոչ պատշաճ հաղորդակցումը  խախտում են մարդու իրավունքները: Այս մասին են վկայում ինչպես ՄԻՊ աշխատակազմի ստացած բողոքները, մշտադիտարկումը, այնպես էլ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների գնահատականները: Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացվել են համակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել 2020 թվականի ընթացքում, այլև ավելի են խորացել հատկապես նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում և Ռազմական դրության ընթացքում: Ըստ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում լիարժեք հաշվի չեն առնվում փորձաքննվողների կենսագործունեության իրական հնարավորությունները և կյանքի որակի փաստացի փոփոխությունները, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման գործող կարգն արդյունավետ չէ և որոշումները սովորաբար մնում են անփոփոխ: Խնդիրն էլ ավելի է խորանում բողոքը քննող իրավասու մարմնի նկատմամբ հանրային անվստահության պատճառով, փորձաքննվողի ընտրած բժիշկ-ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը թեև նախատեսված է օրենսդրությամբ, սակայն դրա արդյունավետությունը գործնականումխնդրահարույց է, ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով մարդիկ նոր հետազոտություններ չեն անում՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը, շարունակվում է չլուծված մնալ զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հսկողական կարգով վերափորձաքննության ենթարկելու և մի խումբ անձանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման հարցը: Մասնավորապես, նշանակված փորձաքննություններն ամիսներ շարունակ չեն իրականացվել և մարդիկ զրկվել են հաշմանդամության թոշակից և արտոնություններից՝ հայտնվելով էլի ավելի դժվարին իրավիճակում: Այս խնդիրների կապակցությամբ Պաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ գործող չափորոշիչները չեն համապատասխանում հաշմանդամության սոցիալական մոդելին: Արդյունքում,  հաշմանդամության փաստացի կարգավիճակը ոչ միշտ է  համապատասխանում անձի իրական կարիքներին և կարողություններին: Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ է գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող մանրամասն վերլուծություն համապատասխան առաջարկներով: Մասնավորապես, Պաշտպանն առաջարկում է՝ վերանայել բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման գործող ընթացակարգերն այնպես, որ երաշխավորվի անկախ և օբյեկտիվ բողոքների քննարկումը, փորձաքննվող անձի ընտրած բուժող բժշկի համար սահմանել անկախ փորձագետի կարգավիճակ՝ հստակեցնելով վերջինիս գործառույթներն ու լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց և հանրային պաշտոն զբաղեցնողների համար իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ՝ իրավունքների մասին գիտելիքների բարձրացման նպատակով, իրականացնել նշանակված փորձաքննությունները և ապահովել զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության թոշակի վճարումը մինչև հակառակ հիմքերի հաստատումը։
11:03 - 09 ապրիլի, 2021
Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքում մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հիմնավորում է անվտանգության գոտու անհրաժեշտությունը․ ՄԻՊ

Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքում մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հիմնավորում է անվտանգության գոտու անհրաժեշտությունը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան հայտարարություն է տարածել այսօր Սյունիքում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ։ Հայտարարությունում ասվում է․«Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան - Երեւան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ: Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջև ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ: Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել է Կապան համայնքի ղեկավարը և նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական` ուղևորներով, հայաստանյան համարանիշով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների:Այս միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի: Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն: Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում»։
21:55 - 06 ապրիլի, 2021
Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Իրո՞ք: Բա եթե այդպես է` ինչպե՞ս կբացատրեն, որ իրենց զինված ուժերն Արցախում այս պատերազմից հետո ու դրանից առաջ բացահայտ ոչնչացնում ու պղծում այն հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են Ֆաշիզմի ու Նացիզմի դեմ և հաղթել են: Մարշալ Հովհաննես Բաղրամյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ: Մարշալ Համազասպ Բաբաջանյան` ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ: Նելսոն Ստեփանյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս,  Լենինգրադի պաշտպաններից, օդաչու, ծնված` Շուշի: Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով)` ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնված` Մեծ Թաղեր, Հադրութ: Սերգեյ Սարդարով` ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ, ծնված` Ազոխ, Շուշի: Հովհաննես Իսակով` ԽՍՀՄ նավատորմի ծովակալ (ադմիրալ), ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ, ծնված` գյուղ Հաջիքենդ, Կարս: Հովհաննես (Իվան) Թևոսյան` պատերազմի տարիներին ԽՍՀՄ մետալուրգիայի ժողկոմ, իսկ հետո նախարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ծնված` Շուշի: Իվան Թևոսյանն էր ապահովում մետաղի մատակարարումը ԽՍՀՄ պաշտպանական բոլոր ձեռնարկություններին: Ֆաշիզմը մարդու իրավունքների խախտումների, բռնաճնշումների ու վայրագությունների հիմքում է: Ու ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը` բացահայտ ոչնչացնելով ու պղծելով դրա դեմ հերոսական պայքար տված և հաղթած գեներալների ու մարշալների արձանները»,- գրել է Թաթոյանը:
22:54 - 03 ապրիլի, 2021
Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ. ՀՀ ՄԻՊ

 Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Իրական պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու կոչել Track II Peacebuilding: Բայց այդ փորձագետները լցված են եղել նույնքան ատելությամբ ու թշնամանքով:  Օրինակ` 2016թ. «Բաքու» կամ 2017 թ. «Բաքու-Թբիլիսի» պլատֆորմները: Ադրբեջանական այդ «խաղաղասիրական» ծրագրերը իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել, դրանց միշտ նախորդել կամ հաջորդել են  դաժանություններով ուղեկցվող պատերազմական գործողություններ: Մեզ համար  խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տալ թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»,-նշել է ՄԻՊ-ը:
15:51 - 03 ապրիլի, 2021
Անպատժելիությունը ծնում է ավելի դաժան հանցագործություններ. Արման Թաթոյանի հայտարարությունը՝ Ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ

Անպատժելիությունը ծնում է ավելի դաժան հանցագործություններ. Արման Թաթոյանի հայտարարությունը՝ Ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ապրիլյան  պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ:  «5 տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 2-ին, ադրբեջանական հարձակումները սկսվեցին վայրագություններով. 2016թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան թիրախային հարձակումների պատճառով սպանվեց Արցախի Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտ Վաղարշակ Գրիգորյանը: 11, 12 և 13-ամյա ևս 4 երեխա ստացան վիրավորումներ: Նույն օրը ադրբեջանական զինվորները Թալիշ գյուղում ատելության շարժառիթով իրենց իսկ տան մեջ խոշտանգել, ականջները կտրել ու հետո սպանել էին տարեց ամուսիններ Վալերիկ Խալափյանին և Ռամզելա Վարդանյանին: Դաժանաբար սպանվել էր նաև Վալերիկ Խալափյանի 92-ամյա մայրը՝ Մարուսյա Խալափյանը, իսկ նրանց տունն ամբողջությամբ ավերվել էր: Ադրբեջանի զինված ուժերի ծառայողները գլխատել էին Քյարամ Սլոյանին, վերցրել նրա գլուխը, նկարվել և ցուցադրել սոցիալական ցանցերում՝ հպարտանալով իրենց կատարածի համար: Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը: Նկարագրված դեպքերը ադրբեջանական բազմաթիվ խոշտանգումների ու դաժանությունների թվում ընդամենը մի քանիսն են: Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն: Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ, որոնց ականատեսը եղանք 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում»:
17:43 - 02 ապրիլի, 2021
Հարցումների արդյունքներով Արման Թաթոյանը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է |armenpress.am|

Հարցումների արդյունքներով Արման Թաթոյանը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով ամենաբարձր գնահատականն է ստացել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` 3.7 բալ: Այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Նավասարդյանը նշեց, որ քաղաքացիներին խնդրել են գնահատել հետևյալ գործիչների հանդեպ իրենց վերաբերմունքը, որտեղ 1 բալը նվազագույն գնահատականն է, 5-ը՝ ամենաբարձր գնահատականը, ներկայացված է միջին գնահատականը: «Ամենաբարձր գնահատականը ստացել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ 3.7 բալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.7 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.4 բալ , ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2.1 բալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2.1 բալ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը 1.9 բալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 1.6 բալ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը 1.5 բալ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը 1.5 բալ: 1.4 բալ ստացել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը»,- ասաց Նավասարդյանը:
14:32 - 31 մարտի, 2021
Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել. ՀՀ ՄԻՊ

Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել. ՀՀ ՄԻՊ

Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ՀՀ քաղաքացիների, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման հիմնական գործոններից են՝ 1) Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի: Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել: 2) Խորհրդային միությունում տեղի ունեցածը եղել է ոչ թե երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների որոշում, այլ մեկ ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջև սահմանների վարչական բնույթի բաժանում: Խորհրդային քարտեզները միայն այդ մասին են: Ի դեպ, ինչու՞ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում: 3) ՀՀ պետական սահմանների որոշմանը գործընթացը վարչատարածքային բաժանման հետ կապել չի կարելի: Այդ երևույթները միանգամայն տարբեր են: 4) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող: Սա պահանջում ՀՀ քաղաքացիների, ՀՀ բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը: 5)Ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո և ադրբեջանական բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում: 6) Պետական սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը կամ առաջացնել պետության քաղաքացու իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ կյանքի ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու և այլ իրավունքներ»,- գրել է Պաշտպանը:
11:23 - 30 մարտի, 2021
Ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչին միայն այն բանի համար, որ նա հայ է․Թաթոյան

Ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչին միայն այն բանի համար, որ նա հայ է․Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դեռ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի օրերին, ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախի խաղաղ բնակչի նկատմամբ իրականացրած խոշտանգումներին և այդ մասին  տեսանյութ է  հրապարակել․   «Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ նա հայ է:   Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու հանրային գործիչները:   Այս տեսանյութն օբյեկտիվ բնույթի այն բազմաթիվ ապացույցներից է, որ վկայում է արմատացած թե´ էթնիկ, թե´ կրոնական խորքային ատելության ու ատելության շարժառիթներով պատերազմական հանցագործությունների, դաժանությունների մասին:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս տեսանյութը, որը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին է , դեռ այդ ժամանակ էր հետազոտել, ուղարկել միջազգային մարմիններին ու հրապարակել»,-գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:  
12:01 - 28 մարտի, 2021
Պատերազմից հետո եկեղեցու ավերումն ապացուցում է Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ

Պատերազմից հետո եկեղեցու ավերումն ապացուցում է Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանցիների կողմից պատերազմից հետո Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն։ Այս մասին հայտարարությամբ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՀՀ ՄԻՊ-ը նախ հիշեցրել է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, ապա ընդգծել, որ եկեղեցու ավերելու փաստը հաստատվում է BBC World News լրատվամիջոցի հրապարակումով (Nagorno-Karabakh: The mystery of the missing church): «Դեռ պատերազմի ժամանակ էին ադրբեջանական զինվորականները հրապարակել տեսանյութ, թե ինչպես են նրանք ցինիզմով անարգանքի, վանդալիզմի ենթարկում հայկական եկեղեցին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել ու վերլուծել է տեսանյութը, որը բացահայտ վկայում է կրոնական ատելության և հայկական եկեղեցին քանդելու մտադրության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Արման Թաթոյանն ակնհայտ է համարել այն փաստը, որ եկեղեցին ավերվել է ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանց դադարից հետո: «Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում: Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն»,- շեշտել է ՀՀ մարդու իրավուքնների պաշտպանը:
18:39 - 25 մարտի, 2021
Պետք է թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ. ՄԻՊ

Պետք է թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ. ՄԻՊ

1920-ական թվականներին սահմանային հարցրերում իրենց ոչ ձեռնտու իրավիճակներում ադրբեջանական իշխանությունները տեղերում անընդհատ հրահրել են լարվածություն, առաջացրել Խորհրդային Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ ու այդ կերպ առաջացրել խոչընդոտներ սահմանային հանձնաժողովների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով խորհրդային տարիներից մի դրվագ. «Օրինակ՝ Անդրդաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի 1929թ. փետրվարի 18-ի որոշմամբ հունիսի 27-ին դարձյալ նախաձեռվել էին Ադրբեջանի ՍԽՀ նախկին Ջաբրայիլի և Հայաստանի ՍԽՀ Զանգեզուրի և Մեղրու գավառների վարչատնտեսական սահմաններ անցկացնող հանձնաժողովի աշխատանքները: Սկսվելուց անմիջապես հետո այդ աշխատանքներն անընդհատ խոչընդոտում էին Ղուբաթլուի անտառտնտեսության, Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչները՝ չնայած սահմանված անգամ քրեական պատասխանատվությանը: Նրանց հրահրմամբ սահմանային նշաններ տեղադրող հողաչափի նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, կազմակերպվեց դիմադրություն, որի հետևանքով այդ աշխատանքները օգոստոսի 12-ին արգելակվեցին: Ընդ որում, Ղուբաթլուի անտառտնտեսության ներկայացուցիչ Ազիզ Կուլիևը տեղի մահմեդական բնակչությանը հորդորում էր դիմում-բողոքներ ուղարկել Թիֆլիս, իսկ Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչ Բասիմ Խալիլովը սպառնալիքներ էր տեղում սահմանագծման աշխատանքներին օժանդակող ոչ քրիստոնյա գյուղացիներին՝ նրանց մեղադրելով «հայերից կաշառք վերցնելու» մեջ: Ադրբեջանական մարմիններն այն ժամանակ էին դեռ անընդհատ ատելություն, թշնամանք հրահրում քաղաքացիական բնակիչների միջև՝ լայնորեն օգտագործելով էթնիկ սկզբունքը: Պետք է դասեր քաղել ներկայի համար և թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ»,-գրել է ՄԻՊ-ը:
09:52 - 25 մարտի, 2021
«Գիտուժ» նախաձեռնությունը ՄԻՊ-ին է ներկայացրել իր մտահոգությունները

«Գիտուժ» նախաձեռնությունը ՄԻՊ-ին է ներկայացրել իր մտահոգությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը, Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը և The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր Գևորգ Պողոսյանը ներկայացրել են իրենց մտահոգություններն այն նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է վերացնել գիտության պետական բյուջեից ֆինանսական հատկացումների նվազագույն շեմին վերաբերող երաշխիքը: Դա իր հերթին կարող է հանգեցնել գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվող միջոցների կրճատման։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կառավարության մարտի 11-ի նիստում որպես չզեկուզվող հարց ընդունված և ԱԺ ուղարկված նախագծերի փաթեթին: Նրանց կարծիքով՝ գիտական գործունեության բնույթը անպիսին է, որ պահանջում է պետական երկարաժամկետ հանձնառություն: Ուստի, իրական արդյունք ապահովելու համար ոչ թե պետք է օրենքով առկա երաշխիքները վերացնել, այլ հատկացվող միջոցների աճն օրենքում ամրագրել։ Արման Թաթոյանը հանդիպմանը նշել է, որ կարևոր սահմանադրական իրավունքներ են ստեղծագործական ազատությունն ու կրթության իրավունքը: Պաշտպանը նշել է, որ նախագծային լուծումները, այդ թվում՝ գիտության վերաբերելիության մասով, պետք է դառնան տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկման առարկա, և պետք է բացառվի մեխանիկական որևէ մոտեցում՝ առանց հաշվի առնելու բովանդակային հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել բարձրացրած խնդիրների լուծմանը։
22:00 - 24 մարտի, 2021
Պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում. ՄԻՊ

Պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում. ՄԻՊ

ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Դա հիմնականում նշանակում է՝ 1) Սյունիքի մարզի համայնքների հարևանությամբ կամ այդ համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի ծառայողներ չպետք է լինեն 2) Սյունիքի մարզի համայնքերի միջև ճանապարհներին ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն 3) նրանք 10 կմ-ով պետք է հեռացվեն այն վայրերից, որտեղ այսօր գտնվում են 4) ՀՀ զինված ուժերի կամ ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները, որոնք ՀՀ բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական մյուս իրավունքների երաշխավորն են, պետք է տեղակայվեն ադրբեջանական ծառայողների տեղակայումների անմիջապես դիմաց 5) անվտանգության գոտին պետք է լինի լիարժեք հասանելի լինի ՀՀ բնակիչների համար՝ սահմանային բնակավայրերում նրանց խաթարված բնականոն կյանքը վերականգնելու նպատակով:Սա ներառում է նաև անվտանգության գոտու տարածքում ջրային ու այլ բնական ռեսուրսներից, անտառներից, հողատարածքներից, այդ թվում՝ արոտավայրերից, խոտհարքներից օգտվելու անարգել հնարավորություն. 6) ենթադրությունները կամ պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում: Նախ, պատերազմի սպառնալիքի ներքո Սյունիքում հայտնված ադրբեջանական այսօրվա տեղակայումների պատճառով կոպտորեն խախտված են ՀՀ բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության և այլ իրավունքներ, ինչպես նաև լրջորեն վտանգված են կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության, արժանապատվության և կենսական այլ իրավունքներ: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: Բացի այդ էլ պարզապես հարց՝ ո՞վ ասեց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են: Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի չի ունեցել ո՛չ դեմարկացիա, ո՛չ դելիմիտացիա, իսկ եղածն էլ ամբողջությամբ ընթացել է միջազգային, այդ թվում` մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտումներով: Անվտանգության գոտու այս հայեցակարգի հիմքում մարդու իրավունքներն են: Հիմնավորումները մանրամասն ներկայացրել եմ 2021թ. 5-ի իմ ասուլիսին, իսկ առաջիկայում ավարտին կհասցվի հայեցակարգի վերջնական ամփոփված տարբերակը` զեկույցի տեսքով, և զեկույցը կուղարկվի միջազգային մարմիններին: Զեկույցը վերաբերվելու է Սյունիքի մարզին, իսկ որոշ առանձնահատկություններով` նաև Գեղարքունիքի մարզին: Հայեցակարգի մանրամասները 2021թ. մարտի 17-ին ներկայացրել եմ ՀՀ նախագահին և կարևոր եմ համարում Նախագահի արձանագրումը. «Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը»: Նման կարևոր պաշտոնական դիրքորոշում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որը մենք հրապարակել էինք 2020թ. դեկտեմբերի 30-ին»,- գրել է Թաթոյանը:
10:37 - 21 մարտի, 2021
Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտումներ․ ՄԻՊ-ը հրապարակել է փաստեր, որոնց մասին արձանագրումներն ուղարկելու է միջազգային մարմիններին

Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտումներ․ ՄԻՊ-ը հրապարակել է փաստեր, որոնց մասին արձանագրումներն ուղարկելու է միջազգային մարմիններին

Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը՝ անդրադառնալով Հադրութի շրջանում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին: «Հրապարակում ենք միայն փաստեր ու այդ փաստերից բխող հարցեր. սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն բարձրագույն իշխանության մակարդակով էթնիկ և կրոնական հիմքով, սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք: Ադրբեջանի նախագահի խոսքերը բառացի թարգմանությամբ Արցախի Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի XII-րդ դարի «Սուրբ Աստվածածին» հայկական եկեղեցի այցի ընթացքում. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են: Դրանք հետո ավելացված գրություններ են: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել: Մինչդեռ, դա նրանց չի հաջողվել (…) թուրքական մզկիթ է: Ամբողջը կեղծել են, դարձրել են աղբանոց: Տե՛ս, այս վայրն ինչ օրն են գցել, հետո էլ ասում են հայկական է»: Ծակուռիի XII-րդ դարի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին գյուղի նախկին վանքային համալիր «Ծաղկավանքն» է, որից պահպանվել է «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Ըստ խաչքարերի՝ այն 1198 թվականից է և տարբերվում է իր կլոր դռնով։ Եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխգործոցն է: Մի քանի օր առաջ նաև հաստատվեց, որ ավերվել է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ հայտնի է «Կանաչ ժամ» ժողովրդական անվանումով։ Ընդ որում, եկեղեցին ավերվել է ոչ թե պատերազմի, ոչ թե զինված հարձակումների ժամանակ, այլ դրանց ավարտից հետո։ Այս փաստերը 2021թ. մարտի 18-ի  կարևոր հայտարարությամբ հաստատել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս փաստերի մասին արձանագրումները ևս կուղարկի միջազգային համապատասխան մարմիններին: Բայց հատուկ արձանագրում ենք, որ տարիներ ի վեր Ադրբեջանում հայաատյացությունն ու թշնամանքը պետական բարձրագույն մակարդակով սերմանվել է հենց այս կերպ ու դա ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով է: Սույն հայտարարությամբ հրապարակված փաստերն ակնհայտ վկայում են, որ Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում: Ադրբեջանի նախագահի այս նույն ելույթներից ու բառերից ոգեշնչված էին ադրբեջանական զինվորները խոշտանգում, գլխատում, զվարճանքի համար կտրում մարմինների մասեր ու կատարում այլ վայրագություններ հայկական կողմից զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
11:09 - 19 մարտի, 2021
Թաթոյանը դիմել է ՍԴ՝ հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքների վերականգնման հարցով

Թաթոյանը դիմել է ՍԴ՝ հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքների վերականգնման հարցով

Հ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ հաշմանդամություն ունեցող օդաչուների խախտված իրավունքների վերականգնման հարցով: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մասնավորապես, դիմումով վիճարկվում են Քաղաքացիական օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, Կառավարության երկու որոշումների այն դրույթները, որոնք չեն սահմանում գործուն մեխանիզմներ ու դա հանգեցրել է նրան, որ հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները Կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկների պատճառով խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված: Այս գործը դասական օրինակ է, թե ինչպես կառավարության տարբեր մարմինների կողմից հարցն իրար վրա գցելու, դատական քաշքշուկների ներքո պատսպարվելու ու հարցի լուծման օրենսդրական հիմքեր այդպես էլ չապահովելու արդյունքում մարդիկ տարիներ շարունակ զրկված են աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից: Հաշմանդամություն ստացած օդաչուները տարիների ընթացքում ամեն կառավարության հետ նորովի են ստիպված լինում բարձրացնել իրենց իրավունքների պաշտպանության հարցերը, սակայն վերջում միևնույնն է՝ ամեն անգամ ստանում են միայն խուսափողական, խնդրի լուծում չապահովող, չհիմնավորված վախերով պատճառաբանվող ու մարդկանց միայն հույսեր ներշնչող նույնաբովանդակ պատասխաններ: Այս գործն օրինակ է, թե ինչպես է գործադիր իշխանության համակարգի բյուրոկրատիան խաթարում իրավունքի գերակայության գաղափարը և ինչպես է կոպտորեն ոտնահարվում մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական սկզբունքը: Այս գործը ցույց է տալիս, որ գործնականում չի ապահովվում պետության պատասխանատվությունը մարդու ու նրա կոնկրետ խնդիրների նկատմամբ, հարգանքը նրա կոնկրետ իրավունքների հանդեպ, որքան էլ ռազմավարական տարբեր փաստաթղթերում Կառավարությունները տարիներ շարունակ ամրագրել են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներ: Բյուրոկրատական նման քաշքշուկները մարդկանց աչքերում արժեզրկում, զրոյացնում են այդ բոլոր գաղափարները, դրանք դարձնում են հռչակագրային անիրական «մտքեր»: Օդաչուների գործը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առաջին անգամ մուտքագրվել է 2006 թվականին, այսինքն՝ 15 տարի առաջ: Այս տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանները տասնյակներով գրություններ են հասցեագրել պետական համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ օրենսդրական ուսումնասիրություններով և հարցի լուծման առաջարկներով, կազմակերպել կամ նախաձեռնել են քննարկումներ: Տեղի են ունեցել մի քանի տասնյակ հանդիպումներ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արդարադատության նախարարության, «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և հարցի կարգավորման գործում ներգրավված այլ կողմերի միջև: Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում և հաղորդումներում: 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Բանն այն է, որ ներպետական օրենսդրությամբ բացակայում են իրավական կառուցակարգեր՝ ուղղված կազմակերպության լուծարման կամ բացակայության դեպքում աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալուն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից: 2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները: Ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը: Մինչդեռ, տարիներ շարունակ նախագծի ընդունման չհիմնավորված ձգձգումներն ապացուցում են, որ կառավարությունները չեն գործադրել և շարունակում են չգործադրել հետևողական ջանքեր մարդկանց իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ: 2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենադրական նախաձեռնությունը: Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ: Դրանից հետո, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու հաշմանդամություն ունեցող օդաչուների մասնակցությամբ քննարկումները ակնհայտ դարձրեցին, որ խնդրի լուծման կոնկրետ քայլեր մինչ օրս չեն ներկայացվել: Արդյունքում, ստեղծվել է իրավիճակ, որով անտեսվում են նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: Փաստորեն, ստացվել է այնպես, որ թեև պատկան մարմիններից որևէ մեկը չի ժխտում, որ առկա է խնդիր, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ մարդու իրավունքը՝ չվերականգնված: Հաշվի չի առնվում նաև հաշմանդամություն ստացած օդաչուների տարիքային ու առողջական վիճակը, կյանքի տևողությունը, որը միայն պետք է նպաստեր այդ հարցի հրատապ ու նրանց համար հարցի հնարավորինս նպաստավոր լուծմանը, այլ ոչ թե քաշքշուկներով մատնվեր տարիների անթույլատրելի մոռացության: ՀՀ կառավարությունն [իր մարմիններով] պարտավոր է առավելագույն սեղմ ժամկետներում այս հարցին տալ այնպիսի լուծում, որը կապահովի հաշմանդամություն ստացած օդաչուների իրավունքների լիարժեք իրացումը: Այսպիսով, Սահմանադրական դատարան ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի, ինչպես նաև կյանքի կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանն առնչվող ՀՀ կառավարության երկու որոշումների՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 75-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանցով ամրագրված չեն գործուն իրավական կառուցակարգեր՝ ուղղված կազմակերպության լուծարման կամ բացակայության դեպքում աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալուն: Մենք շարունակելու ենք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում գործադրել առկա բոլոր հնարավորությունները՝ օդաչուների խախտված իրավունքների վերականգնման նպատակով»,- գրել է նա:
21:14 - 16 մարտի, 2021
Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է. ՄԻՊ

Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին հայ գերիների վերաբերյալ: Ստորև՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը. «2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»: Հայտարարությամբ նաև նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ չեն»: Ադրբեջանի իշխանությունների այս հայտարարությունները պարբերական բնույթ ունեն: Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը և այն, որ չպետք է թույլ տալ փաստերի աղավաղված ներկայացում միջազգային կառույցներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում մանրամասն անդրադառնալ նշված հայտարարություններին:  Թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու ներկայում էլ առկա է ընթացող (շարունակվող) զինված հակամարտություն (ongoing armed conflict): Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքից և նշանակում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պաշտպանված են միջազգային իրավունքով և պետք է անհապաղ ազատ արձակվեն ու անվտանգ վերադարձվեն: Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»: Այս պահանջը միջազգային իրավունքում գործում է՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց ու պետք է կատարվի առանց նախապայմանների:   Ադրբեջանի իշխանությունների վարքագիծն ու հայտարարությունները վկայում են առնվազն հետևյալի մասին. 1) նրանք արհեստական են ձգձգում հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը, 2) չարաշահում են իրավական ընթացակարգերը և նենգափոխում միջազգային իրավունքի պահանջները՝ գերիների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդումներ ու ազատությունից զրկելն օգտագործում՝ որպես պատիժ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում կոնկրետ օրինակներով ապացուցված է, որ այս պրակտիկան կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, 3) օգտագործում են  հարցը քաղաքական նպատակների համար: Խոսքն, օրինակ, վերաբերում է անկախ լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները գերիների վերադարձի հարցն օգտագործում են Արցախում տարածքների փոխանակման, սակարկությունների ու քաղաքական այլ նպատակների համար, 4) շահարկում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ գերիների վերադարձին առնչվող 8-րդ կետը և այն կապում հայտարարության այլ կետերի հետ՝ ակնհայտորեն օգտվելով առիթից, որ դրանում նշված չէ այդ պարտավորության կատարման ժամկետ: 5) դիտավորությամբ շարունակաբար հոգեկան տառապանք են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև խաղում են հայաստանյան ու արցախյան հասարակության զգացմունքների հետ, 6) իրենց պահվածքով հանրային լարվածություն են ստեղծում Հայաստանում ու Արցախում, 7) մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ չեն հրապարակում Ադրբեջանում առանց որևէ օրինական հիմքի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը: Հետևաբար, ադրբեջանական զինված ուժերի գերեվարած հայ զինծառայողներից ու քաղաքացիական անձանցից որևէ մեկին «ահաբեկիչ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է: Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:  Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հայտարարությունները գերիների վերաբերյալ ուղղակիորեն հակասում են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության կիրառության պրակտիկային: Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի: Ավելին, տեղի է ունեցել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց վերադարձ նույնպես:  Հետևաբար, նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն: Սկզբունքային առումով է անթույլատրելի է գերիների հարցը սոսկ եռակողմ հայտարարության ամսաթվով պայմանավորելը:  Եվս մեկ անգամ հստակ շեշտում ենք, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:  Նման մեխանիկական մոտեցումն անթույլատրելի է:   Վերը շարադրվածից բացի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև թվով 44 գերիների մեկ խմբով վերադարձին և ներառում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առաջ՝ պատերազմական գործողությունների փուլում գերեվարված անձանց: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը: Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական աջակցությամբ հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով:  Այս փաստը հաստատված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով:   Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հրավիրում է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի իշխանությունների, տվյալ դեպքում՝ Արտաքին գործերի նախարարի հայտարարության վրա: Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային պահանջների բացարձակ գործողությունն ու հայկական կողմի գերիների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը առանց որևէ նախապայմանի»:
10:19 - 16 մարտի, 2021