Հայաստան

Ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության՝ Ղարաբաղի հայերը դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում․ «Դիմադրություն» շարժումը հայտարարությունը

Ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության՝ Ղարաբաղի հայերը դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում․ «Դիմադրություն» շարժումը հայտարարությունը

«Դիմադրություն» շարժումը հայտարարություն է տարածել Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով:Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի: Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլև Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում։ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խոսվում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը։ Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից: Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը, և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը: Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն: Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝վերահաստատում ենք. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը և առոչինչ են։ Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին և ձևավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն»։
20:08 - 23 մայիսի, 2022
Հայաստանում և Ադրբեջանում ստեղծվում են երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ

Հայաստանում և Ադրբեջանում ստեղծվում են երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:   «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: 2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:   Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ստորագրել է պետական սահմանի սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին որոշում, որի նախագահ է նշանակվել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Ինչպես հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից՝ «հանձնաժողովի կազմում են Նախիջևանի փոխվարչապետը, արտաքին գործերի փոխնախարարը, ներքին գործերի փոխնախարարը, բնապահպանության և բնական պաշարների փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, պաշտպանության փոխնախարարը, պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, արտաքին հետախուզության պետի տեղակալը, ինչպես նաև Ղազախի, Աղստաֆի, Թովուզի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգիլանի շրջանների ղեկավարները» ։
19:30 - 23 մայիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ: Քննարկվել են նաև հայ-ռուսական համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ:
17:39 - 23 մայիսի, 2022
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը |armenpress.am|

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային ովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»,- ասված է Միշելի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ Շառլ Միշելը ներկայացրել է արդյունքները, որոնց հասել են քննարկումների ընթացքում։   «Սահմանային հարցեր Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերվում են սահմանազատմանը և կայուն իրավաճակի լավագույնս ապահովմանը։   Հաղորդակցություններ Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում: Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։   Խաղաղության պայմանագիր Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:   Սոցիալ-տնտեսական զարգացում ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը` ի շահ երկու երկրների եւ նրանց բնակչության»:
09:56 - 23 մայիսի, 2022
Երևանում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը |hetq.am|

Երևանում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը |hetq.am|

hetq.am: Այսօր՝ մայիսի 22-ին, Երևանում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երեկոյան կկայանա մրցաշարի պաշտոնական բացման արարողությունը, իսկ բուն մրցումները կմեկնարկեն վաղվանից՝ մայիսի 23-ից։ Պատմության մեջ առաջին անգամ է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվում Հայաստանում։ Եվրոպական ստուգատեսին այս տարի կմասնակցի 39 երկիր ներկայացնող մոտ 280 բռնցքամարտիկ, որոնք մեդալների համար կպայքարեն 13 քաշային կարգերում։ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել է չմասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա 13 բռնցքամարտիկով, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի մեկական քաշային կարգ։ Այսպիսով, բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ունի հետևյալ կազմը․ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ) Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան(71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:
12:45 - 22 մայիսի, 2022
Դեսպան Մկրտչյանը կիպրական Financial Mirror-ին է ներկայացրել Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները

Դեսպան Մկրտչյանը կիպրական Financial Mirror-ին է ներկայացրել Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույցի հիման վրա կիպրական հեղինակավոր Financial Mirror լրատվականը պատրաստել է «Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները» վերնագրով հոդվածը։ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հոդվածի թարգմանությունը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Ներկայացնում ենք թարգմանությունն ամբողջությամբ։ «Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած երեք տասնամյակների անկախությունից հետո փոքրիկ Հայաստանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և ոչ առանց իր հարևանների թշնամական մտադրությունների պատճառով: Երկրի հեղինակությունը բարձրացնելու և պատերազմների պատճառով տուժած տնտեսությունը վերականգնելու համար ունենալով սահմանափակ ռեսուրսներ, հարաբերություններն ամրապնդելու և նոր գործընկերություններ կառուցելու համար Երևանն ընտրում է դիվանագիտության ուղին, հատկապես ավանդական դաշնակիցներ Հունաստանի և Կիպրոսի հետ: «Կան հինգ մարտահրավերներ, և դրանք շատ ակնհայտ են»,- նշում է Աթենքում ՀՀ նոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և ազնիվ լուծումն է։ [2020թ.] Պատերազմում պարտությունից հետո հակառակ կողմում գտնվող ադրբեջանցիները փորձում են շահարկել իրավիճակը, ինչպես նաև՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, բանակցություններում հնարավորինս շատ բան կորզելու համար։ Սա երկու հարթություն ունի` հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քննարկումների և, ամենակարևորը, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Երբ խոսում ենք բանակցություններին վերադառնալու մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում (որը ներառում է Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան), ուկրաինական հակամարտության հետ կապված այժմ հասկանալիորեն տարաձայնություններ կան, մի կողմում Ֆրանսիան և ԱՄՆ-ն են, մյուս կողմում՝ Ռուսաստանը։ «Մենք մեծ հույս ունենք, որ միջազգայնորեն լիազորված այս ձևաչափը կվերսկսի իր աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ։ Այնպես որ, այս շրջանակում հակամարտությանն արդար լուծում գտնելու համար բանակցություններին վերադառնալը ամենամեծ մարտահրավերն է», - Financial Mirror-ին տված հարցազրույցում ասաց դեսպանը։ «Երկրորդ, իհարկե, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անկախ գործընթաց է, և դրա մասին հստակ ասվել է Անկարային։ Թուրքական կողմը ներգրավվել է այս բանակցություններում այն ենթադրությամբ, որ մենք առանց որևէ նախապայմանի գնում ենք սահմանների երկայնքով հարաբերությունների կարգավորմանը»։ Մկրտչյանն ասաց, որ երրորդ ամենամեծ մարտահրավերը «շարունակել հարաբերություններ կառուցել մեր մտերիմ գործընկերների՝ ԵՄ-ի և Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ, դաշնակիցների հետ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը»: Եվ խորացնել այդ հարաբերությունները։ «Մյուս մարտահրավերը, որը մեզանից կախված չէ, Ուկրաինայում ծավալվող պատերազմն է և դրա բացասական ազդեցությունը տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա։ Մենք ցանկանում ենք հնարավորինս քիչ կորստով դուրս գալ այս ամենից, հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինայում ունենք շուրջ 500,000 հայ՝ հակամարտության երկու կողմերում»:   Վերածնունդ Դեսպանը, ում նախորդ նշանակումը Բալթյան երկրներում էր, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության հինգերորդ հիմնական մարտահրավերը Հայաստանը տնտեսապես վերականգնելն է։ «Այս ամենն ունի որոշակի ներքաղաքական հարթություններ. մենք Հայաստանում բողոքի ցույցեր ենք տեսնում սահմանազատման բանակցությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ջանքերի կամ տնտեսության իրավիճակի դեմ։ Որոշներին, ընդդիմությանը դուր չի գալիս, թե ինչպես է իշխանությունը վարում այդ գործընթացները։ Երբ վարչակազմը որոշակի հաջողությունների հասնի այս բոլոր հարթություններում, ներքին իրավիճակը կհանդարտվի»։ Նա ասաց, որ այս հաջողության գրավականը հայկական սփյուռքի կարևոր դերն է։ Ներկայացնելով 3 միլիոնանոց փոքր պետություն` Հայաստանը և նրա դիվանագիտական անձնակազմը մշտապես պետք է հավասարակշռեն իրենց հարաբերությունները։ Դեսպան Մկրտչյանն ասաց, որ իր աշխատանքին օգնում է երեք գործոն. «Նախ՝ մեր իմիջի հիանալի աջակցությունը. Հայաստանը ժողովրդավարության կղզի է, որը հիմնականում, ոչ ամբողջությամբ, շրջապատված է ոչ այդքան ժողովրդավարական պետություններով։ Հայաստանի ընտրած ճանապարհը՝ շարունակական ժողովրդավարացումն ու բարեփոխումները, մեր արևմտյան գործընկերների կողմից բարձր է գնահատվում։ «Այնուհետև, մենք ունենք մարդկային ռեսուրսներ և գիտական նոու-հաու, տասնամյակների զարգացում, նույնիսկ խորհրդային ժամանակներից, երբ Հայաստանը համարվում էր ԽՍՀՄ Սիլիկոնային հովիտը: Այս նոու-հաուն դեռ կա, և այն ավելի է զարգացել: Մենք բազմաթիվ հաջողություններ ենք գրանցում տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ ՏՏ ոլորտում։ Եվ երրորդն այն է, որ հայերը «համաշխարհային ազգ» են, որոնց սփյուռքն ավելի մեծ է, քան Հանրապետությունում է»։ «Անկախության այս երեք տասնամյակների ընթացքում մենք ուղիներ ենք փնտրել մեր սփյուռքի հետ օրինակելի համագործակցության բանալին գտնելու համար: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ակնհայտ է, որ ես չեմ ուզում համեմատել մեզ ամուր և բարձր ինստիտուցիոնալ կապերի հետ, որոնք Իսրայելն ու Հունաստանն ունեն իրենց համապատասխան սփյուռքների հետ, բայց ռեսուրսն առկա է: Ելնելով այս երեք գործոններից՝ կարծում եմ, որ Հայաստանը հաջողության, վերածնվելու հնարավորություն ունի այն աղետալի պատերազմից, որին ականատես եղանք 2020 թվականին»։   Դեպի ծով ելք չունեցած Շրջապատված լինելով թշնամական Թուրքիայով և Ադրբեջանով, իսկ հարավում՝ Իրանով, դեպի ծով ելք չունեցող Հայաստանը դարավոր կապեր է ունեցել Կովկասի իր հյուսիսային հարևանի հետ, որոնք հաճախ համարվում են եղբայրական, երբեմն նաև մրցակցային: «Բացի ընդհանուր պատմությունից, Վրաստանն ու Հայաստանը ունեն ընդհանուր արժեքներ և համոզմունքներ։ Մենք նաև ընդհանուր մոտեցումներ ունենք մեր ժողովրդավարական ապագայի վերաբերյալ: Եվ սա ահռելի ռեսուրս է, որի վրա հենվում են երկու կառավարությունները, ինչը վկայում է վերնախավերի միջև վստահության մասին»: «Միանշանակ, Վրաստանի հայ համայնքը մեծ դեր է խաղում երկու ուղղափառ քրիստոնյա ժողովուրդների ցանկացած մերձեցման գործում։ Մենք միասին ենք նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում. շատ ընդհանուր բաներ կան, որ մենք կիսում ենք: Տնտեսական առումով հարավից հյուսիս, հարավից Եվրոպա երթուղիները հաշվի են առնում, որ Հայաստանը կարող է լինել այլընտրանքային առևտրային ճանապարհ, և այդ երթուղին անցնում է Վրաստանով։ Ուստի Վրաստանը վճռորոշ դեր ունի նաև Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Մենք պետք է հասկանանք այս աշխարհատնտեսական դերը»։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանի հետ հարաբերությունները խորացել են. հուսով եմ, որ մեր եղբայրության առաջխաղացման համար խոչընդոտներ չեն լինի, քանի որ մենք նախընտրում ենք մեր հարաբերությունները «եղբայրական» կոչել»: Դեսպան Մկրտչյանն ասաց, որ Թբիլիսին 20-րդ դարի սկզբի Կովկասի ինտելեկտուալ կենտրոնն էր։ Այնտեղ էր, որ 1918 թվականին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Հայաստանի առաջին կառավարությունը ստեղծվեց և որոշ ժամանակ գործում էր Թբիլիսիից։ «Թբիլիսին մեզ համար Երևանից հետո երկրորդ կարևոր քաղաքն է».   Բաց վերք Բայց Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը բաց վերք է թողել ողջ հայության մեջ, հատկապես կապված մեծ թվով կարուստների և գերիների հետ, որոնք Ադրբեջանը գերեվարել է և հրաժարվում հանձնել նրանց մի մասին: «Ըստ Ադրբեջանի՝ նրանք ռազմագերի չեն։ Արևմուտքի կողմից այս մեկնաբանությունը չի ընդունվում։ Դա ոչ մեկի կողմից չի ընդունվում, և նրանք պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն»,- ասաց Մկրտչյանը։ «Մինչ մենք խոսում ենք, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն արեց, որտեղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հիշեցրեց ձերբակալվածներին վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Հայտարարությունը վերաբերում է «վերջին դրական զարգացումներին և ապագա կոնկրետ քայլերին Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին, ներառյալ սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացումը և մնացած հայ կալանավորների ազատումը: Սա մեր օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է։ «Հավանաբար, Հայաստանի իշխանությունն ամեն օր բացեիբաց չի խոսում այս մասին, քանի որ երբեմն մեր մտադրությունների հրապարակայնացումը կարող է անպայման նույն արդյունքն ու ազդեցությունը չունենալ։ Դիվանագիտությունն անպայմանորեն չի նշանակում գաղտնիություն. Քանի որ հանրային հաղորդակցության միջոցները երբեմն օգտագործվում են որոշակի արդյունքի հասնելու համար, ուստի դիվանագիտությունը նույնպես ունի աշխատանքի այս տարրերը, նաև գաղտնիության, և երբեմն նաև հրապարակայնորեն աշխատելու կողմը»: Մկրտչյանն ասաց, որ Հայաստանի դեսպան լինելը մարտահրավեր է, և դա պահանջում է եռակի կամ քառակի ջանքեր, քան սովորական այլ դեսպանական աշխատանքը։ «Աշխատանքը պետք է կազմակերպվի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքներով: Եվ հաշվի առնելով հայկական սփյուռքի ռեսուրսներն ու ներուժը»։   Սփյուռքի հետ առողջ հարաբերություններ «Ես բախտավոր եմ եղել իմ նախկին պաշտոնում Բալթյան երկրներում, իսկ այժմ Հունաստանում և Կիպրոսում, որտեղ մենք առողջ հարաբերություններ ունենք սփյուռքի խմբերի հետ: Ես դա ի վերուստ տրված չեմ համարում և կշարունակեմ մեծ ջանքեր գործադրել՝ սփյուռքի մեր ներկայացուցիչների հետ առողջ և արդյունավետ համագործակցություն պահպանելու համար»։ Աջակցության համար դեսպանն ասաց, որ Հայաստանը դիմել է պատվավոր հյուպատոսությունների հիմնադրմանը՝ Սալոնիկում և Լիմասոլում։ «Մենք դա արել ենք նաև իմ նախորդ պաշտոնավարման ընթացքում: Մենք պատվավոր հյուպատոսություն բացեցինք Լիտվայի Կաունաս քաղաքում, և ես սկսեցի պատվավոր հյուպատոս նշանակելու գործընթացը նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Դա չափազանց օգտակար է, քանի որ դա նման է խոշոր քաղաքում գրասենյակ ունենալուն: Բայց հիմնական նպատակը տնտեսական դիվանագիտությունը խթանելու գործում դեսպանությանն աջակցելն է։ Մենք դեռ այդքան տնտեսական կցորդներ չունենք, միայն մի քանի մայրաքաղաքներում: Մեզ բոլոր մայրաքաղաքներում անհրաժեշտ է ավելի մեծ տնտեսական ներկայություն»։ Անդրադառնալով Աթենքի հետ ջերմ հարաբերություններին՝ Մկրտչյանն ասաց, որ Ադրբեջանից բնական գազի Տրանսադրիատիկ գազատարի (TAP) բացումը չի վնասել Երևանի հետ Հունաստանի կապերին։ «TAP-ը չի կարող փոխարինել Ռուսաստանի կողմից Եվրոպային տրամադրվող գազի ծավալը։ Այն չունի այդ ֆիզիկական կարողությունը. դա այլընտրանքներից մեկն է: Առաջինը, կա չափազանցվածություն TAP-ի կարողությունների և ադրբեջանական գազի պաշարների կարողությունների վերաբերյալ: Երկրորդ, դա բազմազգ նախագիծ է. այն պատկանում է մի քանի ընկերությունների և պատրաստվում է անցնել մի քանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքով: Հունաստանը չի դառնում կախված և չի կարող կախվածություն ունենալ ադրբեջանական բնական գազից։ Եվ երրորդ, այն փաստը, որ դուք գնում եք որոշակի քանակությամբ և ոչ մեծ քանակությամբ էներգառեսուրսներ որևէ երկրից, չի խանգարում ձեզ խոսել այդ երկրում մարդու իրավունքների չարաշահման, ժողովրդավարության պայմանների մասին կամ շարունակել աջակցել ձեր պատմական ամենամոտ բարեկամներից մեկին՝ Հայաստանին: Մենք պետք է հասկանանք այս բաները»։ «Երբ մենք տեսնում ենք ադրբեջանական քարոզչական խաղը, թե «մենք ձեզ ենք տալիս TAP, հետևաբար մենք ձեր ընկերներն ենք, և դուք մեզ չպետք է քննադատեք», այս տրամաբանությունը չափազանց պարզունակ է, և այն չի աշխատի։ Չեմ կարծում, որ TAP-ի առումով նման համագործակցությունը կլինի Հունաստան-Հայաստան համագործակցության և բարեկամության գնով։ Ավելին, մենք բարձրացնում ենք Հունաստանի և Հայաստանի հարաբերությունների մակարդակը, և հուսով ենք, որ մոտ ապագայում կունենանք արդյունքներ»»։
11:32 - 22 մայիսի, 2022
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. պետդեպ

 |armenpress.am|

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. պետդեպ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործում՝ այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարգավիճակում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը: «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Դրա շրջանակում՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճ ապագան: Մենք հաստատակամորեն հորդորում ենք, որ այս երկխոսությունը շարունակվի և կողմերն ինտենսիվացնեն իրենց դիվանագիտական ներգրավվածությունը՝ օգտվելու գոյություն ունեցող ուղղակի փոխգործակցության մեխանիզմներից, ձգտելու գտնել համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած բոլոր կարևոր հարցերի առնչությամբ, ինչպես նաև կարգավորելու իրենց հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով: Մենք պատրաստ ենք աջակցելու այս գործընթացին: Մենք շարունակում ենք պատրաստ լինել՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այս ջանքերում՝ այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր կարգավիճակում»,- հայտարարել է Փրայսը:
12:31 - 21 մայիսի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա․ Ադրբեջանի վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա․ Ադրբեջանի վարչապետ

«Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում շարունակվող հանդիպումներին (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով-խմբ․) Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»։ Այս մասին, ինչպես հայտնում է Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետը, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ասադովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը հստակեցրել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի կազմերը։ Սակայն նա կազմերի մասին այլ մանրամասներ չի հայտնել։  Ադրբեջանի վարչապետը մտահոգություն է հայտնել, թե «Հայաստանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հռչակագրի 4-րդ կետը, համաձայն որի՝ հայկական զինված ուժերը պետք է  դուրս բերվեն Ադրբեջանի (նկատի ունի՝ Արցախի գրավյալ տարածքները-խմբ․) տարածքից»։ Ալի Ասադովը հավելել է, որ «պաշտոնական Բաքուն մոտ ապագայում երկու հարցերում էլ լուրջ առաջընթաց է ակնկալում եւ կարեւոր է համարում այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը»։    
21:00 - 20 մայիսի, 2022
Նոր հնարավորություն առևտրատնտեսական կապերը խորացնելու համար. անցկացվեց Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով

 |armenpress.am|

Նոր հնարավորություն առևտրատնտեսական կապերը խորացնելու համար. անցկացվեց Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անցկացվեց Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողովը, որի  շրջանակում ստորագրվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության միջև Համագործակցության հուշագիր: Գործարար համաժողովին մասնակցել են Իրաքյան Քուրդիստանից ժամանած գործարարներ, որոնք հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ՝ գյուղատնտեսության, շինարարության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության և առևտրի (առևտրային ցանցեր) ոլորտում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ համաժողովին մասնակցում են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի ավելի քան 100 ընկերությունների ներկայացուցիչներ: «Շատ կարևոր է, որ այստեղ ներկա են ամենատարբեր բնագավառներ ներկայացնող գործարարներ, այսօրինակ հանդիպումները ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու հարթակ են, այլև կարևոր միջոց երկու երկրների տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով: Վստահ եմ, որ մեր այսօրվա աշխատանքը կնպաստի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև նոր և անմիջական հարաբերությունների հաստատմանը և նոր հեռանկարային փոխշահավետ նախագծերի և համատեղ քննարկմանը»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ իրենց հիմնական նպատակներից մեկն արտահանելի տնտեսության ձևավորումն է, իսկ առևտրատնտեսական համագործակցությունը երկու երկրների հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իրաքի քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության նախագահ Մուստաֆա Աբդուլրահման Աբդուլլահը հույս հայտնեց, որ այս և հետագա հանդիպումների արդյունքում կկարողանան համագործակցություններ ձեռք բերել մի շարք ոլորտներում: «Մենք ամբողջ աշխարհում ներդրումային մի շարք տարբեր պայմանագրեր ենք ստորագրել և այսօր շատ կուզենք հայ գործարարների և բիզնես շրջանակի հետ նույնպես մի շարք ոլորտներում ձեռք բերել համագործակցություններ: Ես հուսով եմ, որ Իրաքյան Քուրդիստանից ժամանած մեր գործարարներն ու ներդրողները կկարողանան այստեղ արդյունավետ հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի  ագրարային, տնտեսական և բիզնես  ոլորտում նոր առաջընթաց արձանագրենք և կարողանանք այս համագործակցությունները ավելի երկարատև և խորը դարձնել»,-ասաց նա:  
20:43 - 20 մայիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

Ռուբեն Ռուբինյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ երկու երկրները բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են թե' ավանդույթի եւ թե' ներկա իրողությունների վրա: «ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնակի կարեւորություն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որին որակական նոր մակարդակ են հաղորդում փոխայցերը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, կարեւորելով հայ-իրանական հարաբերությունների բազմադարյա պատմությունը, նշել է, որ դրանք պետք է զարգացնել, այդ թվում` միջխորհրդարանական հարթակներում: Դեսպանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԺ փոխնախագահը դեսպանի խնդրանքով մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ` ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները: Խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաեւ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման կարեւորությանը:
19:31 - 20 մայիսի, 2022
Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը

Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը

Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում Թուրինում հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձ են կատարել բարեկամական և ընդհանուր արժեքների վրա հիմված հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում փոխայցելությունների ակտիվացմանը։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի ինչպես քաղաքական, այնպես էլ բիզնես մակարդակներում փոխգործակցությանը: Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ և արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը։
18:16 - 20 մայիսի, 2022
Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին

Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ,Ողջունում եմ ձեզ Հայաստանում և ձեր այցը մեր երկիր։ Ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Լիտվա, որով մենք սկսեցինք շատ կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի։ Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք այս այցը ծառայեցնել մեր երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Ձեզ մեր երկրում պաշտոնական այցով հյուրընկալելը շատ լավ նշան է, և կարող ենք ասել, որ մեր երկկողմ այցերն ու հարաբերությունները որոշակի դինամիկա են ստացել, որը մենք պետք է պահպանենք։ Շնորհակալ եմ մեզ այցելելու, աջակցելու և հարաբերությունների հետագա զարգացումը խթանելու պատրաստակամության համար: Կարծում եմ՝ մենք կքննարկենք մեր երկկողմ հարաբերություններին և միջազգային, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ և օրակարգ: Ուրախ կլինեմ լսել Ձեր գնահատականները և տեսակետները ընթացիկ իրավիճակի, մեր երկկողմ հարաբերությունների, միջազգային զարգացումների և, իհարկե, նաև մեր տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալություն և բարի գալուստ»: Լիտվայի նախագահն իր հերթին նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ ընդունելության համար, որը ես զգացի բոլոր կառույցներում՝ սկսած նախագահական նստավայրից և հիմա Ձեզ մոտ՝ կառավարությունում։ Թեմաները, կարծում եմ, երկուսն են, որոնք շատ կարևոր են։ Մեկը, ինչպես Դուք նշեցիք, մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններն են: Դուք հիշատակեցիք Ձեր այցը, որը շատ լավ եմ հիշում՝ նախորդ աշնանը Վիլնյուսում, և հիմա իմ խնդիրը, նպատակն է՝ նոր շունչ հաղորդել մեր հարաբերություններին տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում։ Սա է պատճառը, որ ես միայնակ չեմ եկել։ Ինձ հետ են ոչ միայն իմ խորհրդատուները, այլև իմ պատվիրակության մեջ նաև ներառված են տրանսպորտի և գյուղատնտեսության փոխնախարարները: Շատ կարևոր է գտնել շուկայում այն կետերը, որտեղ իսկապես կկարողանանք աշխատել, և կարծում եմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լիտվան անցում է կատարում ավելի բարձր ավելացված արժեք ունեցող տնտեսության, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ կլինեն, օրինակ՝ կենսատեխնոլոգիաներ, ֆինանսական, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, որոնք մեր երկրում շատ արագ են զարգանում ու գնալով մեծ տոկոս են կազմում ՀՆԱ-ում»: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների օրակարգն ու զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիտվայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինչին ի պատասխան Գիտանաս Նաուսեդան վերահաստատել է Լիտվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ՀՀ ժողովրդավարական ուղուն և կառավարության բարեփոխումների օրակարգին: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը տնտեսական, տեխնոլոգիական, կրթամշակութային ոլորտներում խորացնելու պատրաստակամությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի ու զարգացումների շուրջ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել՝ Հայաստանն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, բայց այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել: Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը և հասցեական արձագանքը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին: Գիտանաս Նաուսեդան նշել է, որ խաղաղությունը, կայունությունը և տնտեսական աճը համատեղ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանի երկրների, Լիտվայի և Եվրոպական միության համար, և Լիտվան կշարունակի իր նպաստը բերել տարածաշրջանային երկխոսության կայացմանը, կայունությանն ու բարգավաճմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ պատրաստակամության համար և նաև բարձր գնահատել ԵՄ-ի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են երկխոսության մթնոլորտի ձևավորմանը: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը և այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է ժողովրդավարության դերը անվտանգային մարտահրավերների սպասարկման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ոլորտային բարեփոխումների հաջողման, տնտեսական աճի ապահովման գործում: Լիտվայի նախագահը նշել է, որ իր երկիրն ունի կուտակած որոշակի փորձ և պատրաստ է կիսվել Հայաստանի հետ, փոխանակվել տեղեկատվությամբ: Վարչապետ Փաշինյանը ողջունել է այդ առաջարկը և նշել, որ ՀՀ-ն կարևորում է զարգացման հաջող ընթացք ունեցող երկրների փորձի ուսումնասիրությունը:
17:57 - 20 մայիսի, 2022
Ինձ հիմա անհանգստացնում է ատելության խոսքն է այս երկրում․ ցնցվում եմ  օգտագործվող լեզվի պատճառով․ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Ինձ հիմա անհանգստացնում է ատելության խոսքն է այս երկրում․ ցնցվում եմ օգտագործվող լեզվի պատճառով․ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Այն, ինչն ինձ հիմա անհանգստացնում է, ատելության խոսքն է այս երկրում։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի իր ելույթում նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը․  «Երբ որոշ հրապարակումներ եմ տեսնում, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ, Ազգային ժողովը»։ ԵՄ դեսպանը նշել է՝ ինքը կողմ է բարեվարքության կանոններ ներդնելուն։ «Կարող եք գտնել մի մարդ, որին կթիրախավորեք․ դա կարող է լինել վարչապետը, միջազգային հանությունը,։ Այնուհետեւ դա մի մակարդակի է հասնում, որ ես ասում եմ՝ լավ, արդյոք ես ընդունում եմ այս քննադատությունը։ Ոչ, որովհետեւ, դա անցնում է կարմիր գիծը», - ասաց Վիկտորինը։
17:47 - 20 մայիսի, 2022
Չեխիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Չեխիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Մայիսի 20-ին ԵԽ նախարարների 132-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը: Հայկական կողմը բարձր է գնահատել Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը: Արտգործնախարարները քննարկել են նաև հայ-չեխական բազմակողմ օրակարգին առնչող հարցեր: Այս համատեքստում կարևորելով առաջիկայում Չեխիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական ընդլայնման ու ամրապնդման հարցում։ Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հարցում: Անդրադառնալով 44֊օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:  
15:24 - 20 մայիսի, 2022