Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են |artsakhpress.am|

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են |artsakhpress.am|

artsakhpress.am: Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը  տեղեկացրին Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից: Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։
13:19 - 01 մարտի, 2023
Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները |1lurer.am|

Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության նախաձեռնությունները, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը մշակել են Ռուսաստանի հետ»,- ասել է Զախարովան: Նա կոպտություն է անվանել Հարավային Կովկասի իրավիճակի մեջ ներթափանցելու՝ Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։ «Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արևմուտքն էլ ավելի է ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։
11:47 - 01 մարտի, 2023
ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում լեգիտիմության լուրջ կասկածներ առաջացնող առաքելությունը առաջ մղելով․ Լավրով |tert.am|

ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում լեգիտիմության լուրջ կասկածներ առաջացնող առաքելությունը առաջ մղելով․ Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասում ԵՄ-ի միջնորդական ջանքերին՝ հայտարարելով, որ Եվրամիությունը բացահայտ չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:«Ինչ վերաբերում է Բրյուսելից հնչող հայտարարություններին, ապա մենք չենք կարող դրանք մանրամասն մեկնաբանել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունն բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որն առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության ավելացված արժեքի տեսանկյունից: Այնուամենայնիվ, դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ», - ասել է Լավրովը:Նա հավելել է, որ Ռուսաստանը իր գործողություններում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ չվնասել և աջակցել այնպիսի լուծմանը, որը նախևառաջ հիմնված կլիներ երեք ղեկավարների պայմանավորվածությունների վրա և երկրորդ, որը կապահովեր այստեղ փոխշահավետ, փոխհարգալից համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջև:Շարունակությունը՝ tert.am-ում
15:13 - 28 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով
 |armenpress.am|

Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը: «Դրա (խմբ.՝ Լաչինի միջանցքի) գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թ. նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժն ապահովելու անհրաժեշտությունը։ Մենք հենց դրան ենք ձգտում՝ առաջին հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով: Այնտեղ չի նախատեսվում որևիցե անցակետերի ստեղծում», - ասել է Լավրովը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի արևելյան տարածքներում էներգառեսուրսների օգտագործման հետ կապված Երևանի և Բաքվի միջև դատավարությանը՝ կապված վնասի փոխհատուցման հետ, ապա, ըստ Լավրովի, դա Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարցն է:  
14:55 - 28 փետրվարի, 2023
Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին
 |tert.am|

Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ բանակցություններում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերը, հայ-ադրբեջանական կարգավորումը, որի հիմքում, Լավրովի խոսքով, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմն պայմանավորվածություններն են: Խոսելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ մնալ խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցում: Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է, Երևանն ասել է, որ ևս դեմ չէ, սակայն վերջնական համաձայնություն չի տալիս: «Կարծում եմ՝ մենք, այսպես ասած, չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները, բայց դրանք երկու կողմին էլ շատ լավ հայտնի են»,- եզրափակել է Լավրովը: Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը հայտնել էր հանդիպմանը չմասնակցելու որոշման մասին՝ նշելով, որ պատճառը Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումն է:    
14:39 - 28 փետրվարի, 2023
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարևոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների և էլեկտրականության ու գազի բացակայության պատճառով հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում օրեցօր վատթարանում է: Բացի դրանից՝ ժողովուրդը կենսական իրերի կարիք ունի` դեղորայք և բժշկական օգնություն, սնունդ և վառելիք»,- նշել է խորհրդարանական խումբը համատեղ հայտարարարության մեջ: Հայտարարությամբ խմբի անդամները կոչ են արել շահագրգիռ կողմերին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` տարածաշրջանում կայունության և զարգացման ապահովմանն աջակցելու նպատակով: «Արգելափակումը շարունակում է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա: Մենք խորապես հավատում ենք, որ հումանիտար հարցերի կարգավորումը, տեղաշարժման ազատությունը և միջանցքի անվտանգությունն ունեն չափազանց կարևոր նշանակություն` առաջընթացի ապահովման համար»,- հայտարարել են խմբի անդամները: Հայտարարությունը ստորագրել են խորհրդարանական խմբի նախագահ Ռայվո Տամը և անդամներ Մատի Ռայդման, Միհայիլ Լոտմանը, Տարմո Կրուուսիմեն և Լեո Կունասը:
13:23 - 28 փետրվարի, 2023
Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Մենք խաղաղության պայմանագիր կնքելուն վաղուց ենք պատրաստ և դրա մասին բազմիցս ասել ենք, բայց անընդհատ Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր առաջարկները և նոր իրավիճակները, որ տեղի են ունենում սահմանին, հենց իրենց կողմից խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը: Բայց մենք ամեն ինչ անելու ենք և շարժվելու ենք հնարավորինս արագ՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, թե որ երկիրը կամ կառույցն է լինելու այն միջազգային երաշխավորը, որի մասին խոսում է հայկական կողմը, և որն ապահովելու է Ստեփանակերտի և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, Սիմոնյանը պատասխանեց. «Ով կկարողանա դա իրականացնել հողի վրա»: «Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները ինչ-որ երաշխիք ունենան, որովհետև հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրագործումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություններ հայտնում: Մենք կարծում ենք՝ մեխանիզմ միանշանակ անհրաժեշտ է»,- ասաց ԱԺ նախագահը: Լրագրողներից մեկի հարցին, թե ընդդիմությունը դարձյալ փողոցային պայքարի մասին է հայտարարում, և արդյոք իշխանությունը մտավախություն չունի՞, որ նրանք կարող են հասնել իրենց նպատակին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց: «Ընդդիմության գործողությունները հիմնականում վերջին ժամանակահատվածում հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումներին, այսօր այդ բառապաշարը սպառված է, և նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում»,- ասաց ԱԺ նախագահը: Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հիմա ունենք մի իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենից մոտ ենք հարաբերությունների կարգավորմանը:  «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենամոտն ենք հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորման: Կարծում եմ՝ այդ հնարավորությունները պետք է օգտագործենք, եթե հակառակ կողմի մղումները իրոք անկեղծ են, որովհետև մենք փորձ ենք ունեցել հարաբերությունների կարգավորման, երբ թուրքական կողմը ինչ-որ պահի հետ է կանգնել: Բնական է, իրենք ունեն իրենց շահերը, և մենք պետք է հաշվի առնենք, որ այդ շահերը ոչ հաճախ են համընկնում մեր շահերի հետ»,- պատասխանեց ԱԺ նախագահը:
13:19 - 28 փետրվարի, 2023
Լյուքսեմբուրգը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մենք հայերի կողքին ենք․ Ջունա Բերնարդ |armenpress.am|

Լյուքսեմբուրգը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մենք հայերի կողքին ենք․ Ջունա Բերնարդ |armenpress.am|

armenpress.am: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։ Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Ջունա Բերնարդը նշեց, որ խստորեն դատապարտում են Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը։ «Մենք խստորեն դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում։ Տեղի ունեցող հումանիտար ճգնաժամը շատ մտահոգիչ է, և մենք Լյուքսեմբուրգում շատ ուշադիր հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին, և այդ իսկ պատճառով էլ մեզ համար այս խորհրդարանական այցը շատ կարևոր է, որպեսզի համերաշխության և աջակցության տեսանկյունից ուժեղ ազդակ ուղարկենք հայ ժողովրդին»,-ասաց Բերնարդը։ Պատգամավորների պալատի փոխխոսնակը կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ լուծումներ գտնել՝ հարգելով  Հայաստանի ինքնիշխանությունը և ողջ հայ ժողովրդին։ «Կարծում եմ, որ այժմ գալիս են շատ դժվար ժամանակներ, ճգնաժամեր են Հայաստանում և տարածաշրջանում, և մենք ձգտում ենք հնարավորինս աջակցել Հայաստանում տեղակայված ԵՄ մեր քաղաքացիական առաքելությանը, որին մենք ևս մասնակցում ենք, ինչպես նաև Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների զարգացմանը, որոնք ավելի ամուր են դարձել, քան երբևէ։ Անցած շաբաթ նախարար Ասելբորնի (Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորն-խմբ․) այցի շնորհիվ տեղի ունեցավ մեր խորհրդարանական այցը, և ես կարող եմ միայն ընդգծել, որ Լյուքսեմբուրգը պատրաստվում է շարունակել աջակցել հայերին»,- ընդգծեց Բերնարդը։ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձևերի համահեղինակ Կլոդ Վիզլերը միշտ ցանկացել է Հայաստան գալ և այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Պետք է ասեմ, որ առաջին անգամ եմ Հայաստանում, ուստի այստեղ գտնվելը շատ տպավորիչ է։ Այս հուշահամալիրում գտնվելը շատ հուզիչ է ինձ համար։ Մենք Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենք ութ տարի առաջ Լյուքսեմբուրգի խորհրդարանում։ Ես միշտ ցանկացել եմ գալ այստեղ՝ այս հուշահամալիրը տեսնելու համար, և պետք է ասեմ, որ շատ ազդված եմ»,- ընդգծեց Վիզլերը։ Պատգամավորը ընդգծեց, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայաստանի կողմից է և աջակցում է հայ ժողովրդին։ «Ամբողջ խորհրդարանը շատ հստակ ասել, թե մենք ում կողմն ենք։ Մենք աջակցում ենք հայ ժողովրդին, մենք աջակցում ենք ձեր գործին։ Եվ մենք դա կանենք առաջիկա տարիներին։ Մինչ դուք հասնում եք ձեր նպատակներին, մենք ձեր կողքին ենք»,- ասաց Վիզլերը։ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատվիրակությանը ուղեկցում էին Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը և Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը: Վերջինս շատ բարձր գնահատեց թե բարեկամական խմբի աշխատանքը, թե առհասարակ միջխորհրդարանական հարաբերությունները։ «Նախորդ տարի՝ որպես բարեկամական խմբի ղեկավար, իմ պատվիրակությամբ այցելել եմ Լյուքսեմբուրգ, և այսօր մենք հյուրընկալում ենք Լյուքսեմբուրգի պատգամավորական պատվիրակությանը։ Տեղյակ եք, որ տեղի է ունեցել նաև արտգործնախարարի այց, դրանից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր այցելել Լյուքսեմբուրգ։ Այսինքն, վերջին տարիներին տեսնում ենք այս հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակն էլ իր խոսքում նշեց, որ սա պարզապես այց չէ, այն թե միջազգային մակարդակով ուղերձ է, թե աջակցություն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի»,- եզրափակեց Ղազարյանը։ 
13:06 - 28 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս է պատճառել Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով, Ադրբեջանը քաղաքական առումով հայտնվել է փակուղու մեջ: Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն անդրադառնալով՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն այս որոշումը մաքսիմալ միջազգային բոլոր ատյաններում օգտագործելու է, լինելու են նաև այլ որոշումներ: «Միջազգային առումով բավականին մեծ հաջողություններ ենք գրանցում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով: Այո, մենք տուժեցինք, այո, մենք ծանր ենք տանում, այո, մեր հայրենակիցները փակված են, մենք խնդիրներ ունենք: Սակայն, իմ գնահատմամբ, քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ սա պետք է օգտագործվի: Անդրադառնալով հարցին, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ Հաագայի դատարանի որոշման կատարումը կարո՞ղ է բանակցություններում նախապայման լինել՝ ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքի վերաբերյալ, որովհետև Լաչինի միջանցքի վերաբերյալ կա բանակցված և ստորագրված փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
12:47 - 28 փետրվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ:  Քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու հարցեր: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում իրավիճակը գնահատելու և ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:    Երկուստեք նշվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը վերաբերող հարցերի:
11:21 - 28 փետրվարի, 2023
Տարածաշրջան, խաղաղության պայմանագիր, «մեգանախագծեր»․ ինչ են քննարկել Լավրովն ու Ալիևը
 |civilnet.am|

Տարածաշրջան, խաղաղության պայմանագիր, «մեգանախագծեր»․ ինչ են քննարկել Լավրովն ու Ալիևը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։ Լավրովը նաև խոսել է ռուս-ադրբեջանական մեգանախագծերի մասին։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջևապրանքաշրջանառությունը «հասնում է ռեկորդային մակարդակի»․ «Ինչպես դուք քննարկել եք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, մշակման փուլում են մի քանի մեգանախագծեր, որոնք կունենան ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային, ինչ-որ տեղ նույնիսկ գլոբալ բնույթ։ Այս նախագծերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մեր և ձեր գործընկերներից շատերը»,- ասել է նա։ Լավրովը անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Շատ միջազգային գործընկերներ, այդ թվում ՝ այս տարածաշրջանից հեռու գտնվողները, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի առաջխաղացմանը նպաստելու հարցում։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը, և պայմաններ են կստեղծեն, որ այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել ի շահ իրենց պետությունների»: Ադրբեջանի ղեկավարը հանդիպմանը հույս է հայտնել, որ 2023-ը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ «Համենայնդեպս, այդպիսի հույս ունենք»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
10:06 - 28 փետրվարի, 2023
Վարձկանությունը և դրանից բխող վտանգներն ունեն տարածաշրջանային բնույթ. ԱԳ նախարարի տեղակալը՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Վարձկանությունը և դրանից բխող վտանգներն ունեն տարածաշրջանային բնույթ. ԱԳ նախարարի տեղակալը՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Փետրվարի 20-27-ը ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով՝ որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը Ռավինդրան Դանիելի գլխավորությամբ աշխատանքային այց է կատարել Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Աշխատանքային խմբի այցի նպատակն էր ուսումնասիրել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան» վավերացնելուց հետո Հայաստանում գործող իրավական դաշտը և կոնվենցիայի իրականացման համար ձեռնարկվող միջոցները։ Փետրվարի 20-ից 22-ը աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ: Այնուհետև խմբի ներկայացուցիչները աշխատանքային այցով մեկնելե են Սյունիքի մարզի Կապան քաղաք, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետի և Մարդու իրավունքների պաշտպանի Կապանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Վարձկանների հարցերով աշխատանքային խումբը հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Փետրվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ամփոփիչ հանդիպում, որի ընթացքում աշխատանքային խումբը ներկայացրել է այցի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև նախնական գնահատականներն ու առաջարկությունները: Ամփոփիչ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ վարձկանությունը և դրանից բխող վտագներն ունեն տարածաշրջանային բնույթ, ինչի վկայությունն է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկանների լայն օգտագործումը: Նշվել է, որ տարածաշրջանային վտանգներին դիմակայելու համար անհրաժեշտ է միջազգային դերակատարների, այդ թվում ՄԱԿ-ի համապատասխան կառույցների ներգրավվածությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու և խորացնելու համագործակցությունը Վարձկանների հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի մանդատի շրջանակներում: 
18:45 - 27 փետրվարի, 2023
ՄԱԿ-ը 44-օրյա պատերազմում վարձկաններ ներգրավելու համար մեղադրական նամակներ է ուղարկել Ադրբեջանին և Թուրքիային
 |armenpress.am|

ՄԱԿ-ը 44-օրյա պատերազմում վարձկաններ ներգրավելու համար մեղադրական նամակներ է ուղարկել Ադրբեջանին և Թուրքիային |armenpress.am|

armenpress.am: Արցախի դեմ 2020 թվականին սանձազերծված պատերազմում վարձկաններ ներգրավելու համար ՄԱԿ-ից մեղադրանքներ են ուղարկվել Ադրբեջանին ու Թուրքիային: Այս մասին ասուլիսում ասացին վարձկանների կիրառման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի Հայաստան ժամանած անդամները՝ անդրադառնալով լրագրողների հարցերին: Խմբի մանդատը ձևավորվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախաձեռնությամբ: Աշխատանքային խմբի մանդատը լայն է, այն ընդգրկում է վարձկանների ներգրավումը և մասնավոր ռազմական և պահնորդական ընկերությունների օգտագործումը՝ մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից: Այդ մանդատի շրջանակում աշխատանքային խումբն իրականացնում է այցելություն երկրներ, և Հայաստան այցելությունը դրանցից մեկն է: Խումբը տարբեր աղբյուրներից ստանում է հաղորդումներ՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ: «Մեր խումբը 2020 թվականին արդեն ստացել է հաղորդում՝ վարձկանների օգտագործման վերաբերյալ: Եվ այդ ժամանակ մենք արդեն արձագանքել ենք, գործել ենք, համապատասխան հաղորդագրություն ենք ներկայացրել»,-ասաց խմբի անդամ Ելենա Ապարաքը, ով Խորվաթիայից է: Խմբի այցելությունը Հայաստան բավականին երկար ժամանակ նախապատրաստվել է Հայաստանի իշխանությունների հետ: «Այս պահին մեզ հասած տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է երկու վարձկաններին, որոնց գերի են վերցրել, որոնց մեղադրանք է ներկայացվել, դատական գործընթաց է սկսվել, լսումներ են տեղի ունեցել: Մենք այդ ամենի վերաբերյալ դեռ հավաքագրում ենք տեղեկատվությունը»,-ասաց նա: Խումբը գործում է իրեն տրամադրված տեղեկատվության հիման վրա, որը կարող է տրամադրվել ՀԿ-ներից կամ ցանկացած այլ աղբյուրից: Փաստ արձանագրելը տեղի է ունենում պաշտոնական գործընթացով, այսինքն՝ տեղեկատվությունը ստանում են պաշտոնական աղբյուրից, և այդ տեղեկատվության հիման վրա կարող են որոշել, թե ով է իրադարձությունների համար պատասխանատու կողմը: Աշխատանքային խմբի անդամ Ռավինդրան Դանիելը շեշտեց, որ չեն կարող գործել այն տեղեկատվության հիման վրա, որը պաշտոնական աղբյուրներից տրամադրված չէ: «Մենք ունենք այսպիսի գործիք՝ «մեղադրական նամակ», ինչն արել ենք 2020 թվականին: Մենք դա ներկայացնում են պետություններին և ոչ պետական կառույցներին»,-նշեց Ելենա Ապարաքը: Անդրադառնալով ճշտող հարցին, թե արդյոք Ադրբեջանին և Թուրքիային մեղադրական նամակներ ուղարկվել են՝ նա դրական պատասխան տվեց: Աշխատանքային խումբը 2020 թվականի իր թեմատիկ զեկույցների մեջ նկատել է, որ գլոբալ մակարդակով շատանում է վարձկանների և մասնավոր պահնորդական ընկերությունների օգտագործումը: Ինչ վերաբերում է մեղադրական նամակների հետևանքներին, ապա, ցավոք, աշխատանքային խմբի մանդատն այդ հարցով բավականին սահմանափակ է: «Մենք կարող ենք պատասխաններ ստանալ: Այդ պատասխանները հրապարակային են: Եվ հետո արդեն մյուս շահագրգիռ կողմերը պետք է օգտագործեն մեր այդ մեղադրական նամակները, արձագանքները և դրանց հիման վրա գործողությունների դիմեն՝ կլինեն ՀԿ-ներ, միջազգային կազմակերպությունները, այլ պետություններ»,-ասաց Ելենա Ապարաքը: Ռավինդրան Դանիելը նկատեց, որ իրենց աշխատանքի արդյունքում խնդիրներն ավելի տեսանելի են դառնում, ինչը տեղի ունեցավ 2020 թվականին: Աշխատանքային խմբի անդամները դրական են գնահատում, որ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի՝ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան: Աշխատանքային խումբը հայտ ուղարկել է Ադրբեջան այցի համար, բայց դեռևս պատասխան չի ստացել:
17:56 - 27 փետրվարի, 2023
Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները

Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արդեն 78 օր շարունակ արգելափակված լինելու պայմաններում, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանական հանցավոր գործողություններից բխող անորոշությունների ու սպառնալիքների հարուցած շարունակական սթրեսով պայմանավորված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Դրանց թվում են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 58%, գլխուղեղի կաթվածը՝ 36%, ծննդաբերական բարդությունները՝ 11.6% և մի շարք այլ հիվանդություններ: Չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը դրսևորվել է նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերի 46%, իսկ չափահասների դեպքում՝ 47% աճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25%-ով աճել են աղիքային անանցանելիության պատճառով վիրահատական միջամտությունների դեպքերը, որը կարող է պայմանավորված լինել սննդում բջջանքի սղությամբ: Իսկ գազամատակարարման պարբերական լրիվ ընդհատումներով ու թերի վերականգնմամբ պայմանավորված՝ արձանագրվել է շմոլ գազից թունավորման 30 դեպք:
17:49 - 27 փետրվարի, 2023
Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար
 |azatutyun.am|

Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար |azatutyun.am|

azatutyun.am:  Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հարցազրույց է տվել «Ազատության»-ը, որը ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն». - Իլհամ Ալիևն ասում է, որ կա միջազգային գործընկերների ըմբռնումն այն հարցում, որ պետք է ադրբեջանական անցակետ տեղադրել Լաչինում, ինչպես որ Հայաստանը ցանկանում է անցակետ տեղադրել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Կա՞ նման ըմբռնում։ Կլաար. - Ես չգիտեմ, թե արդյոք այլ գործընկերների հետ քննարկումներ կան։ Կարող եմ ասել, որ մեր տեսանկյունից, առաջին հերթին կան պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի համատեքստում։ Եվ հետո, իհարկե կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը, որին մենք ակտիվ աջակցում ենք։ Ուստի կարծում եմ, որ սա այն հարցն է, որ պետք է քննարկվի այդ փաստաթղթի և այդ գործընթացի համատեքստում։ «Ազատություն». - Եվ չկա հիշատակում Լաչինում ադրբեջանական անցակետի մասին։ Կլաար. - Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման հիշատակում չկա։ Միևնույն ժամանակ, իհարկե կրկին չեմ ուզում ասել, թե ինչ է լինելու բանակցությունների ընթացքում, բայց կարծում եմ, կարևորը դարձյալ այն է, որ ցանկացած քննարկում, ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում։ «Ազատություն». - Ռուբեն Վարդանյանը հեռացվեց պաշտոնից։ Սա ազդա՞կ է սկսելու Ստեփանակերտ - Բաքու երկխոսությունը։ Կլաար. - Կարող եմ ասել, որ անկախ պարոն Վարդանյանի անձից՝ մենք հետևողականորեն հանդես ենք եկել այդ երկխոսության կայացման օգտին։ Եվ ես նաև Բաքվում իմ զրուցակիցներին էի ասում, որ մենք շատ կարևոր ենք համարում, որ նման երկխոսությունը տեղի ունենա հրապարակային։ Այնպես, որ ապահովվի դրա թափանցիկությունը միջազգային հանրության, բայց առաջին հերթին՝ Ղարաբաղի բնակչության համար։ Այսպիսով կրկնեմ՝ անկախ պարոն Վարդանյանի պաշտոնանկության փաստից, կարևոր է, որ նման երկխոսություն լինի։ Եվ գուցե հիմա, ներկա պայմաններում դա կարող է ավելի հեշտ լինել։ «Ազատություն». - Խաղաղության պայմանագրի գործընթացում առաջընթաց տեսնո՞ւմ եք։ Կլաար. - Ես տեսնում եմ, որ որոշ զարգացումներ են եղել, տեքստերի փոխանակումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ կարծում եմ, որ Մյունխենում տեղի ունեցած վերջին մտքերի փոխանակությունները նույնպես բավական դրական էին։ Չափավոր ասեմ՝ եթե ոչ լավատես եմ, ապա գոնե դրական եմ տրամադրված և հավատում եմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Բայց իհարկե դեռ շատ հարցեր կան սեղանին, շատ հարցեր, որոնց դեռ պետք է պատասխաններ տրվեն։ «Ազատություն». - Եթե այդ փաստաթուղթը ենթադրում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ի՞նչ երաշխիք է ստեղծվելու հայերի անվտանգության համար։ Կլաար. - Չեմ ուզում կանխատեսել, թե ինչպիսին կլինի վերջնական փաստաթուղթը։ Կարծում եմ, որ, անկախ նրանից, թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դիտարկվում են մեկ համատեքստում, իսկ Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը՝ մեկ այլ համատեսքտում, կարևորն այն է, որ լինի հակամարտության համապարփակ լուծում։ Հակամարտություն, որն ավելի քան երեսուն տարի մեծ խնդիր է ստեղծել այս տարածաշրջանի համար։ Այն հետ է պահում Հայաստանը, հետ է պահում Ադրբեջանն ու ամբողջ տարածաշրջանը։ Այնպես որ, հակամարտության համապարփակ լուծումը բխում է բոլորի շահերից։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ կարող ենք օգնել այս գործընթացն առաջ տանելու գործում։ «Ազատություն». - Ռուսաստանն արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով է դժգոհում, որ Արևմուտքի նպատակը Մոսկվային Հարավային Կովկասից դուրս թողնելն է, Ղարաբաղի հարցի միջնորդությունը խլելը: Կլաար. - Այո, ցավոք սրտի, մենք նման շատ հաղորդագրություն ենք տեսել։ Եվ ես բազմիցս ասել եմ իմ ռուս զրուցակիցներին, որ մենք որևէ հիմք չենք տեսնում նման կեղծ մեղադրանքների համար։ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավված չէ որեւէ աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այս գործընթացում մեկ և պարզ նպատակով, այն է՝ օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը։ Դրա արդյունքը, երբ իրական խաղաղություն հաստատվի, Հարավային Կովկասում բոլորի համար կբերի ավելի լավ կենսամակարդակ: Դա բխում է այստեղի ապրող մարդկանց շահերից, դա ձեռնտու է Եվրամիությանը՝ որպես Հարավային Կովկասի հարևանի։ Դա նաև Ռուսաստանին է ձեռնտու՝ նույնպես որպես Հարավային Կովկասի հարևանի։ Այնպես որ, կարճ ասած, մենք սա տեսնում ենք որպես զուտ դրական ներգրավվածություն մեր կողմից: Ու ես շատ հիասթափված եմ, որ Մոսկվայում ոմանք շարունակում են դրան անդրադառնալ ուղղակի անտեղի արտահայտություններով։ Հարցազրույցն ամբողջությամբ azatutyun.am-ում
17:34 - 27 փետրվարի, 2023