Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է.   «Հարգելի Նիկոլ Վովայի,   Ձեզ և Ձեր երկրի ժողովրդին եմ հղում սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանի առթիվ։    Անկախության տարիների ընթացքում Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև իր քաղաքացիների բարեկեցության ապահովման ուղղությամբ։   Մենք անկեղծորեն ուրախ ենք Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների համար և կարևոր նշանակություն ենք տալիս մեր երկրների միջև համակողմանի համագործակցության հետագա ամրապնդմանը։ Համոզված եմ, որ մեր բարեկամ երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը ամուր հիմք կծառայի հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացման և սերտացման համար։   Օգտվելով այս ուրախալի առիթից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում»:
18:01 - 21 սեպտեմբերի, 2021
Անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը. Չինաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը. Չինաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն,Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի և Հայաստանի միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը: Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր բովանդակություն կերտելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք: Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»:
16:34 - 21 սեպտեմբերի, 2021
Վարչապետին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վարչապետին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հարգելի Նիկոլ Վովայի Բոլոր ղազախստանցիների և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 30 -ամյակի կապակցությամբ: Ինքնիշխանության ձեռքբերման օրվանից անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը հասել է մեծ հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, վայելում է արժանի հեղինակություն միջազգային ասպարեզում: Այսօր Ձեր ղեկավարությամբ երկիրն իրականացնում է կարևոր բարեփոխումներ, որոնք ուղղված են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտների արդիականացմանը, պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի միասնության ամրապնդմանը: Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման գործում: Համոզված եմ, որ մեր կառուցողական երկխոսությունը կշարունակի նպաստել ղազախահայկական փոխգործակցության զարգացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Այս նշանակալից օրը, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն»,-ասված է ուղերձում:
16:31 - 21 սեպտեմբերի, 2021
Բելառուսի նախագահն Անկախության 30-ամյակի առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Բելառուսի նախագահն Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ: Մինսկի և Երևանի միջև բազմամյա արգասաբեր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու փոխադարձ ձգտումով: Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը` այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համարժեք հաջող փոխգործակցության նոր օրինակներով: Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն, բարեկեցություն և նպատակների իրագործում»:
16:31 - 21 սեպտեմբերի, 2021
Ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով. Միշուստինը շնորհավորել է վարչապետին

Ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով. Միշուստինը շնորհավորել է վարչապետին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջողությամբ իրականացվում են էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ ծրագրերը: Համոզված եմ, որ կառավարությունների ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա հզորացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։
15:23 - 21 սեպտեմբերի, 2021
Համատեղ ջանքերով կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Համատեղ ջանքերով կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30 -ամյակի կապակցությամբ: Ռուս-հայկական հարաբերությունները կրում են բարեկամական, դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում: Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,-ասվածէ  ուղերձում:
15:04 - 21 սեպտեմբերի, 2021
Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել երկկողմ հարաբերությունները․ Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին |factor.am|

Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել երկկողմ հարաբերությունները․ Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին |factor.am|

factor.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինքնիշխանության տարիներին Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլ նաև ամրապնդել բազմակողմանի ու փոխշահավետ երկկողմ հարաբերությունները։ «Համոզված եմ, որ բարեկամական պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված սերտ ներանձնային շփումներն ու արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն տարբեր ձևաչափերում շարունակելու են ամուր հիմք հանդիսանալ՝ կառուցողական քաղաքական երկխոսության, խոստումնալից տնտեսական և հումանիտար նախագծերի իրականացման համար՝ ի շահ երկու երկրների»,- ասված է նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում: Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ Մինսկի ու Երևանի երկարաժամկետ բեղմնավոր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդաբար բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու ձգտմամբ։ «Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսն ու Հայաստանը կկարողանան լիովին իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը՝ այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համապատասխանող հաջող փոխգործակցության նոր օրինակներով»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
13:28 - 21 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում ենք վարչապետի աշխատակազմից։ Բայդենի ուղերձը՝ ստորև․ «Մեծարգո՛ վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում։ Այս տարի մենք կտոնենք մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների 30 տարին։ Մենք պատրաստ ենք եկող տարիներին  շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ ժողովրդավարական իր ուղին անցնելիս` աջակցելով մասնավորաբար ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջ մղման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության ապահովման Ձեր ջանքերին։ Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք-ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները  Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2  միլիոն ԱՄՆ դոլար։ Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք  միասին աշխատել նաև տնտեսության գլոբալ և ներառական առողջացման  հարցում։  Ընդունեք Անկախության 30-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղղված իմ լավագույն բարեմաղթանքները»։
11:25 - 21 սեպտեմբերի, 2021
Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.  «Մեծ ցավով ստացա ՀՀ վաստակավոր արտիստ, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի մահվան լուրը: Նշանակալի է նրա ավանդը մեր թատերական կյանքը հարստացնելու գործում: Տիկին Թոփչյանը թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում ունեցել է բեղմնավոր կարիերա՝ իր կերտած դերերով հարստացնելով հայ թատրոնն ու կինոն: Տաղանդավոր արտիստը հիմնադրել է նաև հեղինակային թատրոն, որը հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում՝ սփյուռքահությանը և միջազգային հանդիսատեսին ներկայացնելով հայ թատրոնի լավագույն ներկայացումները:Մեծ է Անահիտ Թոփչյանի ներդրումը նաև հայ արձակի զարգացման ասպարեզում, ում ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, ում գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին:Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Թոփչյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։
21:57 - 20 սեպտեմբերի, 2021
Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունների մասին |armenpress.am|

Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի հայությունը և հայկական բիզնեսը ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության կողքին, Հայաստանի Հանրապետության կողքին: Այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական այն կարևոր հանգրվանում, որում մենք գտնվում ենք:  Իսկապես, շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում:  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո  շատ անհրաժեշտ էր գտնել մի քանի կարևոր հարցերի պատասխաններ: Եվ այդ հարցերի պատասխանը գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները պետք է ցույց տային կամ դառնային երրորդ հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը և, ի վերջո, պետք է պատասխան տային մեկ այլ շատ կարևոր հարցի՝ իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը և դեպի ո՞ւր շարժվել: Կարծում եմ, որ սա կարևոր հարց է, և ընտրությունների արդյունքներով  արձանագրվեց, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը՝ շարժվել հետևյալ ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ, և հատկապես այսպիսի մանդատ է ստացել Հայաստանի կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից»,- ընդգծեց Փաշինյանը: Իսկ հնարավոր է արդյոք այս տեսական թեզի գործնական իրագործումը՝ Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ բոլոր հոռետեսներին, որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց վրա հենվելով կարելի է նաև եզրակացնել, և ըստ ամենայնի, կան ուժեր, որոնք ուզում են ի ցույց դնել, որ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ: «Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հստակ գիտակցելով, թե ինչքան բարդ մարտահրավերի առաջ է կանգնած, հետևողական է լինելու, և Հայաստանի Հանրապետությունը առաջնորդելու է այս ճանապարհով: Պետք է արձանագրեմ, որ այս ճանապարհին մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, սառնասրտություն, շրջահայացություն»,-հավելեց վարչապետը: Նա ներկայացրեց այն գործիքները, որոնց միջոցով, ըստ իրեն, պետք է հաստատվի և բացվի խաղաղ զարգացման դարաշրջանը: «Չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության: Կարծում եմ, որ այս խնդրի լուծումը շատ կարևոր է նաև մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն, ի վերջո, պետք է հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է էականորեն փոխել ներդրումային միջավայրը Հայաստանում, և Հայաստանի տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ երկիրը և պետությունը դառնան ավելի դիմակայուն և մրցունակ»,- եզրափակեց Փաշինյանը:
18:05 - 20 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը: Ուղերձում նշված է.  «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի քաղաքացիների աջակցության մասին: Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, ռուս ժողովրդի բարգավաճմանը և բարեկեցությանն ուղղված բոլոր գաղափարների և հետագա նախագծերի իրականացում: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի և նոր գումարման Պետական դումայի սերտ համագործակցությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խթանման գործում»:
15:52 - 20 սեպտեմբերի, 2021
Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. վարչապետն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին

Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. վարչապետն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկին: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,ողջունում եմ Ձեզ Երևանում և շատ ուրախ եմ, որ Դուք մասնակցում եք հայ-ռուսական գործարար համաժողովին: Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար և հուսով ենք, որ այն կնպաստի ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը Հայաստանում: Իհարկե, մենք մեծապես շահագրգռված ենք, որ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարները լինեն ակտիվ՝ հատկապես հիմա, երբ հետպատերազմական վերականգնման փուլում ենք: Այս իմաստով սա նաև կարևոր առիթ է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի հետ կապված ընթացիկ անելիքները քննարկելու համար։ Եվ, ինչպես ես մի քանի անգամ նշել եմ, մենք մեծապես շահագրգռված ենք կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա գնահատում ենք որպես Հայաստանի շրջափակումը հաղթահարելու հնարավորություն, որում, ցավոք, արդեն գտնվում ենք ավելի քան 25 տարի: Հուսով ենք, որ աշխատանքների արդյունքում կոնկրետ որոշումների կհանգենք: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ՝ եռակողմ խմբի աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպման համար և շատ ուրախ եմ, որ Դուք այդպիսի մեծ հետաքրքրվածություն եք դրսևորում այդ հարցում: Մեզ համար շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ, որն ընդհանրապես նոր հնարավորություններ կբացի մեր տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությունում մեր ինտեգրացիայի համար։ Սա նաև մեր անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը էլ ավելի արդյունավետ կդարձնի»։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր խոսքում ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք հանդիպման համար: Ինչպես և պայմանավորվել էինք Երևանում մեր վերջին հանդիպման շրջանակում՝ Երևանում կազմակերպվում է ռուսաստանյան բիզնես համաժողով, ու սա ռուսաստանյան գործարար առաքելության դեպի Հայաստան առաջին այցն է հետպատերազմական շրջանում: Առավոտվանից արդեն մենք կլոր սեղանների շարք ենք անցկացրել, որտեղ հավաքվել են հայաստանյան և ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչները: Մհեր Հերբերտիի հետ այսօր շրջել ենք բոլոր կլոր սեղաններով, իսկ դրանք կլոր սեղաններ են ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության, նորարարությունների զարգացման հարցերով: Ամենակարևորը շփումներն են, որ տեղի են ունենում՝ կան պատկերացումներ ինչ-որ նախագծերի շուրջ, դրանց հաջորդում են քննարկումները և կապերի հաստատման մտադրությունները: Այսինքն՝ սա ապագային միտված աշխատանք է, և դա ողջունելի է. հենց այդ նպատակով էլ մենք եկել ենք՝ կապերը վերականգնելու և առավել սերտացնելու, բարելավելու համար: Հնարավորություններ իսկապես կան, և այստեղ են գտնվում ռուսաստանյան զարգացման ինստիտուտների ներկայացուցիչներ՝ ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) ներկայացուցիչները, որն իր հերթին նույնպես ունի արտահանման գործարքները, դրանց ապահովագրությունը ֆինանսավորելու հնարավորություններ: Այս ողջ գործիքակազմն իրապես կարող է աշխատել, որպեսզի մենք ավելի արդյունավետ իրացնենք տնտեսական կապերը, զարգացնենք դրանք և Ռուսաստանի ու Հայաստանի միջև տնտեսական մեր հարաբերությունները բարձրացնենք այն մակարդակին, որում դրանք պիտի լինեն: Իհարկե, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, դա շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միությունում կապերի զարգացման համար»: Զրուցակիցների միջև մտքերի փոխանակություն է ծավալվել երկուստեք նշված հարցերի շրջանակի շուրջ: Նշենք, որ այսօր առավոտյան ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, մասնակցել է Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության գործարար առաքելության այցի շրջանակում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը: 
14:22 - 20 սեպտեմբերի, 2021
Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան |armenpress.am|

Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Մանե Գևորգյանը նշում է, որ Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ, եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Թեմայի վերաբերյալ հարցերին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի պատասխանները. Հարց – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել, ի՞նչ կասեք այս մասին: Պատասխան – Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը եւ արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում, ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների: Հարց – Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու խնդրի մասին, ասելով, որ դա քաղաքական հարց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան - Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ: Հայաստանը կարեւորում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար եւ Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է եւ ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է եւ հակասում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները եւ ժողովուրդներին, այլեւ այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է եւ հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Հարց – Ստեղծված պայմաններով որքանո՞վ եք իրատեսական եւ համարժեք համարում տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը: Պատասխան - Ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն առաջ է տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք եւ արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն:
12:35 - 20 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթողներին

Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժայում և ավարտվել Սևանա լճի թերակղզում: Հեծանվավազքն անցկացվել է մեկ փուլով՝ 40 կմ երկարությամբ, և երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ: Մրցաշարին մասնակցել են շուրջ 330 ՀՀ քաղաքացիներ։ Հաղթողներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է մրցաշարի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նրանց այս նախաձեռնությանն արձագանքելու համար: «Ուզում եմ շնորհավորել բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին: Համաձայն եմ, որ իրադարձությունը, որ տեղի է ունենում, շատ կարևոր է, իհարկե, առաջին հերթին մարզական իմաստով, առողջ ապրելակերպը հանրահռչակելու իմաստով, մարդկանց՝ իրար հետ հանդիպելու, շփվելու, սեփական հնարավորությունները փորձելու և ի ցույց դնելու հնարավորության իմաստով: Բայց ես ավելի լայն կարևորություն եմ տալիս այսօրվա իրադարձությանը և նախաձեռնությանը, որովհետև այս օրերին նաև շատ են քննարկվում, թե արդյոք այսպիսի միջոցառումները պատեհ են այն իրադրության, այն ծանր իրադարձությունների հետ, որ մենք ապրել ենք վերջին մեկ տարվա ընթացքում, և ինչքանո՞վ է պատեհ մեր նահատակների հիշատակի տեսակետից նման միջոցառումներ անցկացնելը: Ուզում եմ արձանագրել, որ այս և այս կարգի միջոցառումները կարևոր եմ համարում նաև հենց այդ տեսակետից, որովհետև ինչպե՞ս պարտությունները վերափոխել հաղթանակների: Առաջին հերթին՝ ապրելով, զարգանալով, ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգելով, քայլ առ քայլ մեզնից յուրաքանչյուրին սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելով, իրար տեսնելով, իրար հավատալով: Սա հարգանքի տուրք է մեր բոլոր նահատակներին, որովհետև մենք ասում ենք նրանց, որ այսօր ապրում ենք իրենց շնորհիվ: Նրանց հիշատակի նկատմամբ մեր հարգանքի ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող խաղաղություն ապահոված, խաղաղ զարգացման դարաշրջան ստեղծած Հայաստանի Հանրապետությունը: Այս ուղերձն ունի նախաձեռնությունը և միջոցառումը: Այս համատեքստում, շատ շնորհակալ եմ մրցույթի մասնակիցներին»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մրցանակային հիմնադրամը և այդ կարգի նրբությունները կարևոր են, բայց ոչ ամենակարևորը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջին մրցույթի արդյունքները պետք է ամփոփել և տեսնել, թե ինչ լրացումներ կարող են կատարվել կանոններում: «Այս մրցաշարը պարտադիր կերպով պետք է ամեն տարի տեղի ունենա: Իհարկե, առաջին տարում այն կազմակերպեցինք շատ կարճ ժամանակահատվածում և սկզբունքային էր, որ հատկապես Անկախության 30-ամյակի նախօրյակին կարողացանք դա անել: Տարբեր կարծիքներ կային՝ կապված տարածության, կանոնների վերաբերյալ և կարծում եմ, որ հաջորդ տարի, այդ թվում՝ մասնակիցների հետ խորհրդակցելով, կարող ենք քննարկել տարածությունն ավելացնելու հարցը: Իհարկե, մեր երկարաժամկետ նպատակն է՝ հեծանվավազքի մրցաշարը կազմակերպել Սևանա լճի շուրջ և եթե պարզվի, որ սիրողական մակարդակում դա հնարավոր չէ անել, կմտածենք Սևանա լճի շուրջ պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ: Իհարկե, չի բացառվում, որ երկուսն էլ կազմակերպենք տարբեր ժամկետներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Վարչապետի գավաթն ունենալու է 4 մրցաձև՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող: Կառավարության ղեկավարի խոսքով՝ եղել է գաղափար, որպեսզի լողի մրցաշարը կրկին զանգվածային մեկնարկով իրականացվի Սևանա լճում, բայց այդտեղ կան անվտանգային և այլ բազմաթիվ հարցեր, որոնք քննարկելիս որոշում կկայացվի, թե որտեղ և ինչպես է կազմակերպվելու այն: Վարչապետը նկատել է, որ այսօրվա մրցման մասնակիցներից ամենաավագը 72 տարեկան է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած նման մրցանակ չի նախատեսվել, սակայն մասնակիցներից ամենաավագն անպայման պետք է պարգևատրվի: «Այո, առաջին մրցաշարի արդյունքներով կարող ենք ասել, որ գաղափարը կայանում է: Իհարկե, այն անընդհատ կլավարկվի և հույս ունեմ՝ ամեն տարվա հետ այս մրցաշարը կկազմակերպենք լավ տրամադրությամբ՝ մասնակիցների ավելի մեծ շրջանակով»,- նշել է վարչապետը: Մրցաշարրում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։ Երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով»,- նշված է կառավարության ղեկավար աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
10:03 - 20 սեպտեմբերի, 2021