Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների կալանավորված անդամների իրավունքների հետ․ ՄԻՊ

Անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների կալանավորված անդամների իրավունքների հետ․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար սկզբունքորեն անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների այն անդամների իրավունքների հետ, որոնք պետք է մասնակցեն ավագանիների առաջին նիստերին, բայց կալանավորված են և գտնվում են ՔԿՀ-ում։ Խոսքը վերաբերում է նրանց ընտրելու և ընտրվելու իրավունքին: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրության հիման վրա Արդարադատության նախարարություն էր ներկայացվել Պաշտպանի վերլուծված դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունը՝ անկախ քրեական հետապնդման մարմնի կամ կալանքի միջնորդությունը բավարարած դատարանի վերաբերմունքից, պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների այն անդամների սահմանադրական ընտրական իրավունքը, որոնք գտնվում են ազատությունից զրկված (խափանման միջոց կալանք) վիճակում, այն է՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում: Արդարադատության նախարարի պատասխան գրությամբ, սակայն, ցուցաբերվել է խիստ ֆորմալ, մարդու սահմանադրական իրավունքները ոտնահարող մոտեցում՝ առանց հաշվի առնելու Սահմանադրության առանձնահատկությունները և իրավունքի գերակայության ապահովման հիմնարար պահանջը: Արդարադատության նախարարությունը մի կողմից անվիճելի է համարում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած փաստը, որ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելն անձին չի կարող զրկել ընտրական իրավունքից, մյուս կողմից, սակայն, ձևական մեկնաբանությունների վրա դիմելով՝ հարցը հատուկ տանում է այնպիսի ճանապարհով, որ ինքն իր համար ապահովի մարդու սահմանադրական իրավունքի իրացումը մերժելու հիմքեր: Մասնավորապես, անցնում է կալանավորվածի մեկնումների, տեսակցությունների ոլորտ՝ նշելով, թե «սահմանադրական նշված նորմի [48-րդ հոդված] կիրառման կառուցակարգը հասկանալու և դրա համատեքստում քրեակատարողական հիմնարկի պետի իրավասության առկայությունը հաստատելու համար» վկայակոչում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի դրույթներ՝ ցույց տալու համար, թե կալանավորված անձին արտաքին աշխարհի հետ փոխադարձ հաղորդակցությունն ապահովելու և հիմնարկից այլ վայր փոխադրելու հիմքեր չկան: Արդարադատության նախարարությունը նշել է, թե կարճաժամկետ մեկնումները «կարող են տրամադրվել միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և միայն կալանավորված անձանց մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում»: Իսկ տեսակցությունների կապակցությամբ էլ Նախարարը նշել է, թե տվյալ դեպքում դրանք արգելվել են վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հետևաբար նման արգելքի պայմաններում այս տարբերակը ևս խնդրո առարկայի շրջանակներում չի կարող քննարկվել: Ակնհայտ է, որ կոնկրետ իրավիճակում մարդու սահմանադրական ընտրական իրավունքների ապահովման հետ այս պահանջներն առնչութուն չունեն: Ուստի, բացարձակ անընդունելի է Արդարադատության նախարարության նման դիրքորոշումը և հարցին լուծում տալու փոխարեն պարտավորության կատարումից հրաժարվելը՝ փորձելով ստեղծել մարդու ընտրական իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքեր, որոնք Սահմանադրությամբ գոյություն չունեն: Մարդու իրավունքների պաշտպանը հստակ տիրապետում է թե՛ օրենքի կարգավորումներին, և թե՛ միջազգային ու սահմանադրական այն պահանջներին, որոնց հիման վրա երկրի Կառավարությունը, իսկ տվյալ դեպքում՝ Արդարադատության նախարարությունը, որի համակարգում գործում են ՔԿՀ-ները, կրում է պարտականություն ապահովելու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների իրացումը: Ինչպե՞ս կարելի է նման ֆորմալիստական մոտեցում ցուցաբերել անձի սահմանադրական ընտրական իրավունքի նկատմամբ, որը երկրի ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքում է: Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս կարելի է անձի ընտրելու և ընտրվելու իրավունքի երաշխավորման հարցը պայմանավորել վարույթն իրականացնող անձի կամքով, երբ Սահմանադրությունը իրավունքի սահմանափակման նման որևէ հիմք չի նախատեսում: Մարդու իրավունքների պաշտպանը մեկ անգամ ևս հատուկ ընդգծում է, որ չի կարելի այս հարցի լուծումը կախվածության մեջ դնել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի քննվող քրեական գործի առարկայի հետ և, բացի այդ էլ՝ խոսքը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին է, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում չկան առհասարակ: Վերջում Արդարադատության նախարարությունը, կրկին դիմելով ֆորմալ մեկնաբանության, մարդու սահմանադրական իրավունքի իրացումը փորձում է դարձնել անիրատեսական: Մասնավորապես, եզրահանգում է, թե քրեակատարողական հիմնարկի պետը լիազորված չէ ինքնուրույն կալանավորված անձին նիստի անցկացման վայր տեղափոխել կամ տեսակցություն տրամադրել՝ մեջբերելով Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրական այս հոդվածի վկայակոչումը կոնկրետ դեպքում սկզբունքրեն անընդունելի է, որի ներքո, ըստ կարիքի, հաճախ են «թաքնվում» պետական մարմինները: Չի՛ կարելի անտեսել հենց նույն Սահմանադրության մեկ այլ՝ փոփոխման ոչ ենթակա հոդված, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է (…) Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» (3-րդ հոդված): Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում պետական նման մարմնի այսպիսի մոտեցումը, որը ստեղծում է վտանգավոր նախադեպ: Արդարադատության նախարարությունը պարտավոր է ապահովել կալանավորված ավագանու անդամի ընտրական իրավունքը երաշխավորելու համար Սահմանադրության պահանջները՝ հատկապես, որ հնարավոր է ապահովել ավագանու կալանավորված անդամի մասնակցությունը ավագանու առաջին նիստին՝ հնարավորություն ընձեռելով նրան այլ եղանակով, օրինակ՝ տեսակապի միջոցով կամ որևէ այլ կերպ, արտահայտել իր դիրքորոշումը կամ այլ կերպ իրացնել իր սահմանադրական ընտրական իրավունքը: Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած Մամիկոն Ասլանյանի մասնակցությանը ավագանու նիստին, քանի որ Վանաձորում ավագանու առաջին նիստ դեռ չի գումարվել, որի ընթացքում պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը: Ավագանու յուրաքանչյուր անդամի կողմնակից քաղաքացին (անկախ նրանից՝ ավագանու տվյալ անդամը կալանավորված է, թե ոչ) համայնքի ղեկավարի թեկնածուին ընտրել է այն ակնկալիքով, որ հենց այդ անձն է լինելու իր համայնքի ղեկավարը: Այլ կերպ ասած, քաղաքացու ընտրական իրավունքի վերջնական և սպառիչ իրացումը ենթադրում է ավագանիների այդ անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող ավագանու առաջին նիստին մասնակցելու և քվեարկելու իրավունքի իրացում: Սա է ներկայացուցչական ժողովրդավարության էությունը: Այս կերպ է, որ ընտրական իրավունքի շնորհիվ ձևավորվում է երկրում ժողովրդավարության համակարգը: Նույն սկզբունքը վերաբերում է նաև խորհրդարանական ընտրություններին և Կառավարության ձևավորմանը»:
22:48 - 17 հունվարի, 2022
Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կգործի 2 առանձին պալատ |armenpress.am|

Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կգործի 2 առանձին պալատ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատների փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում  ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: «Առաջարկվում է երկու հիմնական բարեփոխում, առաջինը՝ Վճռաբեկ դատարանում ստեղծվող նոր պալատն  է, որի արդյունքում քաղաքացիական և վարչական միասնական պալատի փոխարեն կգործեն երկու առանձին պալատներ, և դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման նոր ճկուն մեխանիզմների ներդրումը»,-ասաց Թումանյանցը: Սահմանադրությամբ ամրագրված է, որ Վարչական դատարանը հանդիսանում է մասնագիտական դատարան:  Անդրադառնալով միջազգային փորձին՝ նա տեղեկացրեց, որ օրինակ, ՌԴ-ում, Վրաստանում, Լատվիայում Վճռաբեկ դատարանների կազմերում գործում են առանձին վարչական պալատներ:  օրինակ Շվեդիայում, Ավստրիայում, Գերմանիայում և մի շարք եվրոպական երկրներում առանձին դատարաններ են գործում: «Այսպիսով հաշվի առնելով այդ իրավիճակը, նաև նկատի ունենալով, որ վարչական պալատի առանձնացումը կապահովի վարչական գործերի առավել մասնագիտացված քննություն, որպես հետևանք նաև վարչական արդարադատության իրականացման համար առավել բարձր արդյունավետություն կունենանք, առաջարկել ենք իրականացնել այս առանձնացումը և ստեղծել երկու պալատ՝ քաղաքացիական և վարչական պալատներ առանձին»,-ասաց փոխնախարարը: Այսպիսով, ըստ նրա, քաղաքացիական և վարչական պալատի միասնական բեռի թոթափում կլինի գործերի ծանրաբեռնվածության տեսակետից: Ըստ նախագծի՝ քաղաքացիական պալատը կգործի 7 դատավորի թվակազմով, վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով:
17:48 - 17 հունվարի, 2022
Ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը. օրակարգում է դատավորների միության նախագահի ընտրության հարցը |armenpress.am|

Ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը. օրակարգում է դատավորների միության նախագահի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունվարի 14-ին ընթանում է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը: Ժողովի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ): Թափուր տեղերում առաջադրվելու են դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունները: Դատավորների ընդհանուր ժողովից հետո նախատեսված է միության ժողով, որի օրակարգում երկու հարց է՝ միության նախագահի եւ երկու տեղակալների ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
14:59 - 14 հունվարի, 2022
Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները

ՀՀ վարչապետի որոշման համաձայն Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։ Հայտնում են Արդարադատության նախարարությունից, մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ և թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ: Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով Որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ. Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից Որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան): «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան): Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան). «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան): Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին։
16:34 - 12 հունվարի, 2022
ԲԴԽ որոշումը կանխատեսելի չէր, ուրախ եմ, որ այսպիսի որոշում կայացվեց, ցանկությունս է, որ ԱՆ-ն, վարույթներ հարուցելիս, այսուհետ շեշտը հիմնավորվածության վրա դնի. դատավոր Նախշքարյան |tert.am|

ԲԴԽ որոշումը կանխատեսելի չէր, ուրախ եմ, որ այսպիսի որոշում կայացվեց, ցանկությունս է, որ ԱՆ-ն, վարույթներ հարուցելիս, այսուհետ շեշտը հիմնավորվածության վրա դնի. դատավոր Նախշքարյան |tert.am|

tert.am: ԲԴԽ որոշումը ինձ համար կանխատեսելի չէր, բոլոր դեպքերում ես պատրաստ էի ամեն արդյունքի, կարող էր բավարարվել, կարող էր մերժվել, շատ լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց և կայացվեց միաձայն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲԴԽ որոշմանը, ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը։ «Իմ ցանկությունն է, որ այսուհետ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ հարուցելիս մեծ ջանքեր գործադրի հիմնավորվածության տեսանկյունից։ Շեշտը դնի ոչ թե քանակության, այլ հիմնավորվածության վրա։ Չի կարող ինքնանպատակ լինել իրեն դուր չեկող անձնաց համակարգից հեռացնելը»։ Նախշքարյանը հույս հայտնեց, որ դատական իշխանության ներկայացուցիչները և իր գործընկերները, տեսնելով այս վարույթը, կլցվեն համոզմունքով, չեն հիասթափվի և կշարունակեն անկախ գործել։ Անդրադառնալով առաջիկայում կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովին, դատավորը ընդգծեց. Դատավորների ընդհանուր ժողովը կայանալու է Ակադեմիայի խորհրդի երկու անդամների ընտրության օրակարգով, որից հետո տեղի կունենա միության ժողով, որում կքննարկվի միության նախագահի և երկու տեղակալների հարցերը։ Արդեն հայտարարել եմ, որ աջակցելու եմ Ալեքսանդր Ազարյանի թեկնածությունը»։ Գլխավոր նկարը՝ tert.am-ի
17:16 - 10 հունվարի, 2022
Արդարադատության նախարարի գործելաոճը վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել ճնշում գործադրելու միջոց. մի շարք դատավորներ հայտարարություն են տարածել

Արդարադատության նախարարի գործելաոճը վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել ճնշում գործադրելու միջոց. մի շարք դատավորներ հայտարարություն են տարածել

Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում: Այս մասին ասված է մի շարք դատավորների տարածած հայտարարության մեջ: «2019-2021 թվականներին միջազգային հեղինակավոր կառույցները հրապարակել են Հայաստանի դատական իշխանության անկախության վերաբերյալ իրենց կարծիքները, առաջարկությունները և նկատառումները, որոնցում հատկապես խնդրահարույց են գնահատել ՀՀ Արդարադատության նախարարի օրենսդրորեն ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը՝ ընթացիկ, դեռևս վերջնական դատական ակտով չավարտված գործերով։ Մասնավորապես․ - Վենետիկի հանձնաժողովի կարծիք No. 963 / 2019 CDL-AD(2019)024․ Երրորդ անձը ով կարող է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ Արդարադատության նախարարն է։ Վենետիկի հանձնաժողովը քննադատական դիտարկումներ է արել Չեռնոգորիայի համադրելի դրույթի մասով՝ «99-րդ հոդվածով արդարադատության նախարարին իրավունք է տրվում կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ։ Կարելի է հարց տալ, թե արդյոք դա համահունչ է դատական իշխանության անկախությանը և իշխանությունների տարանջատման սկզբունքին»։ Այնուամենայնիվ, 2017 թվականի հոկտեմբեր ամսվա N18 Կարծիքում (տե՛ս § 136), Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը կարող է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ Կարգապահական Հանձնաժողովի հետ հավասար հիմունքներով, և որևէ դերակատարում չունի որոշումների կայացման մեջ, Արդարադատության նախարարի ներգրավումը կարգապահական վարույթի հարուցման փուլում անընդունելի չէ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ԴԸԺ-ի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն ունի ավելի բազմազան կազմ, քան իր նախորդը, ապա կարելի է ենթադրել, որ նախարարի լիազորությունները կարող են աստիճանաբար դադարեցվել նոր համակարգի գործարկումից հետո: - 12 դեկտեմբեր 2019 GrecoRC4 (2019)21 - Գնահատման 4-րդ փուլ Կոռուպցիայի կանխարգելում պատգամավորների, դատավորների և դատախազների նկատմամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ զեկույց. Առաջարկ viii. 43. GRECO-ն առաջարկել է (i) վերանայել Արդարադատության նախարարության դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում, (ii) կարգապահական վարույթների՝ որպես դատավորի նկատմամբ ազդեցության կամ հաշվեհարդարի գործիք չօգտագործվելու պատշաճ երաշխիքներ գործադրել, ներառյալ՝ դատավորների կողմից կարգապահական որոշումները դատարանում վիճարկելու հնարավորությունը։ 44. Հիշատակվում է, որ այս առաջարկը մասամբ իրականացվել է Համապատասխանության մասին զեկույցում (Compliance Report): Ինչ վերաբերում է առաջին մասին, նշվել է, որ արդարադատության նախարարը դեռևս լիազորված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։ GRECO-ն ընդգծել է, որ արդարադատության նախարարի, որը գործադիր իշխանության մաս է կազմում, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում ներգրավված լինելը կարող է դիտարկվել ոչ լիովին համատեղելի դատական անկախության հետ: Խորհրդարանում առկա Դատական օրենսգրքի նախագիծը նախատեսում էր նախարարի այդ լիազորության պահպանումը՝ որոշակի սահմանափակումներով։ Սակայն դա այն ժամանակ միայն նախագիծ էր: Ինչ վերաբերում է առաջարկի երկրորդ մասին, GRECO-ն ողջունել է Բարձրագույն դատական խորհրդի նոր իրավասությունը՝ որոշում կայացնելու դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ: GRECO-ն նաև բարձր է գնահատել լրացուցիչ երաշխիքները անհարկի ճնշումներից, ինչպիսիք են դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և այլն: Այնուամենայնիվ, GRECO-ն շարունակում էր անհանգստանալ, որ հնարավոր չէր կարգապահական որոշումը վիճարկել դատարանում, ու ոչ միայն դրա սահմանադրականության կապակցությամբ: Հետևաբար, առաջարկի այս մասը մասամբ է իրականացվել: 45. Առաջարկի առաջին մասի վերաբերյալ իշխանությունները այժմ հայտնում են, որ դատավորների կարգապահական պատասխանատվության կարգը փոփոխվել է, սակայն արդարադատության նախարարը դեռևս լիազորված է կարգապահական վարույթ հարուցել (Դատական օրենսգրքի 19-րդ գլուխ՝ դատավորի կարգապահական պատասխանատվության մասին): Բացի այդ, իշխանությունները հաստատում են, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմինը, այդ թվում՝ արդարադատության նախարարը, իրավասու է դատարանում ծանոթանալ ցանկացած քրեական, քաղաքացիական կամ որևէ այլ գործի նյութերին, որոնց դեպքում վավեր դատական որոշում դեռևս չի կայացվել՝ «չմիջամտելով արդարադատության իրականացման գործընթացին» (Օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ): Սակայն իշխանությունները բացատրում են, որ այդ դեպքերում կարգապահական վարույթը կարող է հարուցվել միայն դատավարության ավարտից և դատական որոշումից վեց ամիս հետո։ Իշխանությունները հավատարիմ են մնում արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերացնելուն, հենց որ Դատական օրենսգրքում նոր փոփոխություններով նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նոր հանձնաժողովն ապացուցի իր արդյունավետությունը, ինչպես առաջարկել է Վենետիկի հանձնաժողովը։ 46. Առաջարկի երկրորդ մասի վերաբերյալ իշխանությունները հայտնում են, որ ներկայումս, Սահմանադրության համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինն է, որն իրավասու է որոշում կայացնել դատավորների նկատմամբ կարգապահական տույժի վերաբերյալ։ Խորհուրդը գործում է իբրև դատարան և իր որոշումները սկզբունքորեն կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարանում: Սակայն վերջինս իրավասության սահմանափակ շրջանակ ունի։ Իշխանություններն ընդգծում են, որ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ, որոնք նախատեսում են դատավորների նկատմամբ կարգապահական որոշումների բողոքարկման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը։ Մինչ այդ, Դատական օրենսգրքի փոփոխությունները բողոքարկման ժամանակավոր մեխանիզմ են ապահովում էական հարցերի վերաբերյալ։ 47. GRECO-ն ի գիտություն է ընդունում տրամադրված տեղեկությունը: GRECO-ն նշում է, որ արդարադատության նախարարը, ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայումս դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություններ ունեն: GRECO-ն ափսոսանք է հայտնում, որ արդարադատության նախարարը դեռևս ունի այս գործառույթը և իրավունք ունի ծանոթանալու ընթացքի մեջ գտնվող դատական գործերի նյութերին, որոնցում առկա չէ որևէ վերջնական դատական որոշում։ GRECO-ի դիրքորոշումը մնում է այն, որ կարգապահական վարույթում արդարադատության նախարարի դերը պետք է դադարեցվի։ Հետևաբար, առաջարկի առաջին մասին դեռ պետք է անդրադառնալ: Առաջարկի երկրորդ մասի կապակցությամբ GRECO-ն ափսոսանք է հայտնում, որ կարգապահական որոշումների բողոքարկման պատշաճ մեխանիզմ չի գործադրվել: Դատական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսված մեխանիզմը ոչ ավելին է, քան ԲԴԽ-ի կողմից գործը սահմանափակ հիմքերով վերսկսելու հնարավորություն։ Հետևաբար, առաջարկի երկրորդ մասը մնում է մասամբ իրականացված։ 48. GRECO-ն եզրակացնում է, որ առաջարկ viii մնում է մասամբ իրականացված: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 11.11.2021 թվականին հրապարակել է եզրահանգումներ Հայաստանի վերաբերյալ, որում մասնավորապես նշվել է. «Դատական իշխանության անկախության վերաբերյալ հանձնաժողովն արտահայտել է իր մտահոգությունը գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից գործադրվող ազդեցության, ինչպես նաև դատավորների և դատախազների ընտրության, նշանակման և նրանց գործունեության դադարեցման գործող ընթացակարգերի վերաբերյալ։ Հանձնաժողովը մասնակից պետությանն առաջարկել է ապահովել դատավորների և դատախազների պաշտպանվածությունը ցանկացած տեսակի անհարկի ճնշումներից և միջամտություններից, ինչպես նաև երաշխավորել դատավորների և դատախազների պաշտոնավարման անվտանգությունը։ Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված Արդարադատության նախարարին վերապահված կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահման կապակցությամբ, որի մասին խոսում է հետևյալ վիճակագրությունը․ - 2021 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 23 կարգապահական վարույթ, - 2020 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 13 կարգապահական վարույթ, - 2019 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 5 կարգապահական վարույթ։Հիշյալ վիճակագրությունը չի ներառում այն դեպքերը, երբ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ հարուցել է, սակայն ընթացք չի տվել։ Վիճակագրական տվյալներից ակնհայտ է, որ 2021 թվականին հարուցված և Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված կարգապահական վարույթների թիվը 2020 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել, իսկ 2019 թվականի համեմատ՝ հնգապատկվել է։Գործող Արդարադատության նախարարն իր հրապարակային ելույթներում բազմիցս հայտնել է կարգապահական վարույթների քանակն ավելացնելու պատրաստակամություն և այդ միջոցով իր կողմից որպես «վատ» որակված դատավորների լիազորությունները դադարեցնելու ծրագրի մասին։ Ընդ որում, հրապարակայնորեն խոստացել է մեկ տարվա ընթացքում ներկայացնել դատավորների լիազորությունների դադարեցման առումով կոնկրետ արդյունքներ, մինչդեռ հիշյալ լիազորությունը վերապահված է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին։ Ավելին, «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածը չի նախատեսում դեռևս վերջնական դատական ակտերով չավարտված` ընթացիկ գործերով կարգապահական վարույթներ հարուցելու արգելք: Նման դեպքեր արդեն իսկ արձանագրվել են։ Այդ գործընթացը ոչ միայն ինքնին խոցելի է դարձնում տվյալ գործով արդարադատության իրականացումը, այլև կարգապահական վարույթի հարուցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով խաթարում է գործող յուրաքանչյուր դատավորի անկախության երաշխիքները։ Սույնով հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում։ Ուստի անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների սույն հայտարարությամբ արձանագրված դատական իշխանության անկախության վտանգները չեզոքացնելու նպատակով։ Հ․Գ․ Սույն հայտարարությունը չի ներկայացվել այլ դատավորների ուսումնասիրությանը և հավանությանը՝ նրանց չթիրախավորելու նկատառումից ելնելով»,-նշված է հայտարարությունոմ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ` Դավիթ Բալայան Դավիթ Հարությունյան Արման Հովհաննիսյան Զարուհի Նախշքարյան ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Ալեքսանդր Ազարյան Արշակ Վարդանյան Մխիթար Պապոյան Վազգեն Ռշտունի
16:02 - 06 հունվարի, 2022
Դատական օրենսգրքի ու ՍԴ օրենքի փոփոխությունների նախագծերը խնդրահարույց են․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Դատական օրենսգրքի ու ՍԴ օրենքի փոփոխությունների նախագծերը խնդրահարույց են․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի լուծումները։   «Նախագծերով, մասնավորապես, նախատեսվում է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատավորի և Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող անհամատեղելիության պահանջների խախտում համարել նաև այդ սուբյեկտների կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը (...):   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ՝ օրենսդրական նման կարգավորումները խնդրահարույց են. ի թիվս այլ հիմնավորումների, նախագծային առաջարկվող լուծումները շեղվում են դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջների էությունից: Այդ պահանջները սահմանված են Դատական օրենսգրքով, որի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Այսինքն՝ դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջներն իրենց բնույթով դատավորի մասնագիտական գործունեությունից դուրս այլ գործունեությամբ զբաղվելու արգելքներ են: Այս առումով, հարկ է նկատել, որ անհամատեղելիության պահանջների այնպիսի շրջանակ նախատեսելը, որը վերաբերում է դատավորի՝ միայն իր մասնագիտական գործունեությունից դուրս այլ գործունեությամբ զբաղվելու արգելքներին, համահունչ է նաև միջազգային-իրավական մոտեցումներին:   Նախագծային լուծումներով առաջարկվող կարգավորման վերաբերյալ հաջորդ մտահոգությունը վերաբերում է ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված խախտման «միտումնավոր» բնույթին:   Դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի և Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը լուծում է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը և Սահմանադրական դատարանը: Նշվածից անմիջականորեն հետևում է, որ խախտումը «միտումնավոր» պետք է որակեն հենց այդ մարմինները, ինչն առաջ է բերում մի շարք չփարատված հարցեր (օրինակ՝ ԲԴԽ-ն և ՍԴ-ն ի՞նչ ընթացակարգով և ի՞նչ չափանիշների հիման վրա են թույլ տրված խախտումները որակելու որպես միտումնավոր, մարդու հիմնարար իրավունքի խախտում արձանագրվելու դեպքում ՀՀ եռաստիճան դատական բոլոր ատյաններով անցած գործը քննած դատավորներից կոնկրետ ու՞մ լիազորություններն են ենթակա լինելու դադարեցման անհամապատասխանության պահանջները խախտելու հիմքով, ինչպե՞ս է որոշվելու արձանագրված խախտման մեջ կոնկրետ դատավորի (այդ թվում՝ կոլեգիալ կազմով գործած դատական կազմի) «մեղքի բաժինը» և այլն):   Մյուս կողմից, նախագծային լուծումներով ԲԴԽ-ին և ՍԴ-ին վերապահվում են քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ գնահատական տալու և իրավական հետևանքներ առաջացնող որոշումներ կայացնելու իրավասություն, քանի որ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով միտումնավոր խախտում կատարած լինելու փաստի արձանագրումն ինքնին կվկայի ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված հանցանքի՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացված լինելու մասին, ինչը, սակայն, քրեական վարույթի շրջանակներում հաստատման ենթակա հանգամանք է:   Բացի վերոնշյալից, նախագծերով առաջարկվող կարգավորումն անուղղակի հակասության մեջ է գտնվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման հետ, որի համաձայն՝ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Ստացվում է, որ օրենսդրական նոր լուծումներով շրջանցվում է Դատական օրենսգրքով արդեն ամրագրված արգելքները, ինչն անթույլատրելի է։   Այս ամենից բացի,Նախագծերի ընդունման հիմնավորումներում պետք է մանրակրկիտ ներկայացվեին ինչպես միջազգային չափանիշներն ու փորձը, այդ տեսանկյունից ներկայացվեին առաջարկվող նոր կարգավորումների ռիսկերը գործնականում, հնարավոր բացասական հետևանքները և այն, թե դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերն ինչ լուծումներ են ստացել արտասահմանյան երկրներում, որոնք են դրանց քաղած դասերը կամ դրական կողմերը:   Մինչդեռ, առկա հիմնավորումներն ընդհանրական բնույթի են ու մակերեսային: Ուստի, բարձրացված մտահոգությունները փարատող հիմնավորումների բացակայությունը կասկածի տակ է դնում առհասարակ նախագծային լուծումների անհրաժեշտությունը և դրանց հետապնդած նպատակի իրավաչափությունը:   Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ հիմնավորումների բացակայության և նշված վերոնշյալ մտահոգությունները չփարատելու պայմաններում նախագծային առաջարկվող լուծումները չեն կարող ընդունելի լինել»:
12:40 - 03 հունվարի, 2022
Առաջարկվում է հանրային աշխատանքը դարձնել վարչական տույժի տեսակ |hetq.am|

Առաջարկվում է հանրային աշխատանքը դարձնել վարչական տույժի տեսակ |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունը մշակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի հանրային աշխատանքը նախատեսել որպես վարչական տույժի տեսակ։ Նախարարությունը նշում է, որ փոփոխության արդյունքում վարչական տույժերի կիրառման մեխանիզմը կդառնա ավելի ճկուն և կնպաստի վարչական տույժի կիրառման նպատակների իրագործմանը: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հանրային աշխատանքները չի նախատեսել որպես վարչական տույժի տեսակ: Հանրային աշխատանքները Հայաստանում նախատեսված են միայն Քրեական օրենսգրքով, որի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։ «Կարծում ենք, որ հանրային աշխատանքները հաջողությամբ կարող են գործել նաև վարչական իրավունքում՝ որպես վարչական տույժի տեսակ՝ իրագործելով վարչական տույժի հիմնական նպատակները»,- նշվում է հիմնավորման մեջ: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:28 - 16 դեկտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը Իռլանդիայի, Հունաստանի և Խորվաթիայի գործընկերների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Կարեն Անդրեասյանը Իռլանդիայի, Հունաստանի և Խորվաթիայի գործընկերների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վենետիկում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարար Իվան Մալենիկայի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով Խորվաթիայի ունեցած առաջատար փորձառությունն այս ոլորտում, ինչպես նաև ներկայացրել քրեակատարողական բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես նոր մոդելի քրեակատարողական հիմնարկ հիմնելու Նախարարության ծրագրերը: Խորվաթիայի արդարադատության նախարարը նշել է, որ փոխադարձ այցելությունները հնարավորություն կտան առկա խնդիրներին առավել թիրախային լուծումներ տալ: Համաժողովի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ անդամ երկրների իր գործընկերների հետ: Իռլանդիայի արդարադատության վարչության պետական նախարար Ջեյմս Բրաունի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական քաղաքականության մշակման ոլորտում Իռլանդիայի առաջատար փորձառությունը և ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումների շրջանակներում հետագա համագործակցության խորացման հնարավորությունները: Հաջորդիվ նախարարը հանդիպել է նաև Հունաստանի Արդարադատության նախարար Կոստաս Տիարասին։ Նախարար Կարեն Անդրեասյանը գործընկերոջն է ներկայացրել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասներն ու սպասվելիք բարեփոխումները։ Նախարարը կարևորել է Հունաստանի առաջատար փորձը՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում։ Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց և պատրաստակումություն հայտնել շարունակելու և առավել խորացնելու առկա համագործակցությունը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:
20:13 - 15 դեկտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է դատավորների կարգապահական պատասխանատվության հարցեր

Կարեն Անդրեասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է դատավորների կարգապահական պատասխանատվության հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայում հանդիպել է ԵԽ իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող Սահմանադրության շրջանակներում դատական համակարգի վեթթինգի, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լրացուցիչ հնարավորությունները: «Նախարարը Վենետիկի Հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նշելով, որ Նախարարության կողմից մշակվել է Սահմանադրական բարեփոխումների նոր հանձնաժողովի ստեղծմանն ու գործունեության ապահովմանն ուղղված օրենսդրական փաթեթը, որը կներկայացվի նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանը Վենետիկի Հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերած ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար խնդիրները, հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի կոպտագույն խախտումները, վերջիններիս նկատմամբ խոշտանգումների, դաժան ու անմարդկային վերաբերմունքի մասին վկայող ապացույցները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:19 - 14 դեկտեմբերի, 2021
Արդարադատության նախարարը Վենետիկում ներկայացրել է քրեական արդարադատության ոլորտում ՀՀ բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարը Վենետիկում ներկայացրել է քրեական արդարադատության ոլորտում ՀՀ բարեփոխումների ընթացքը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդաժողովին նախարարը հանդես է եկել ելույթով, որում շնորհակալություն է հայտնել Իտալիային և ԵԽ քարտուղարությանը միջոցառումը կազմակերպելու համար և նշել, որ ԵԽ-ի այս հարթակը լավ հնարավորություն է քննարկելու արդարադատության ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև անհրաժեշտ մեխանիզմներ և գործիքակազմեր ներդնելու հարցերը։ Հաշվի առնելով խորհրդաժողովի խորագրի ուղղվածությունը՝ ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմամբ նախատեսվող առաջատար կարգավորումներին: Նախարարն ընդգծել է, որ ոլորտի բարեփոխումներն ենթադրում են ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, որի էությունը ազատազրկմանն այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է, այդ թվում նաև` պրոբացիայի ծառայությունների գործունեության արդյունքում:
17:48 - 14 դեկտեմբերի, 2021
Դատապարտյալների հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 42 անձ

Դատապարտյալների հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 42 անձ

Կորոնավիրուսով պայմանավորված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում մինչ այսօր հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ, փաստացի բուժում է ստանում 42 անձ: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:49 - 10 դեկտեմբերի, 2021
Ռուսաստան մեկնող քաղաքացիների համար պարտադիր են դարձել մի շարք կետեր. ԱՆ-ն իրազեկում է

Ռուսաստան մեկնող քաղաքացիների համար պարտադիր են դարձել մի շարք կետեր. ԱՆ-ն իրազեկում է

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնության 2021 թվականի հուլիսի 1-ի ««Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքում և «Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության քաղաքացիները, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, 2021 թվականի դեկտեմբերի 29-ից պարտավոր են. Մեկ անգամ անցնել պետական մատնադրոշմային գրանցում և լուսանկարում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում: Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում բժշկական քննություն անցնել իրենց կողմից առանց բժշկի նշանակման թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութերի օգտագործման փաստերի, Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից լիազորված գործադիր իշխանության դաշնային մարմնի կողմից հաստատվող ցանկով նախատեսված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների եւ մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ) առաջացած հիվանդության առկայության կամ բացակայության վերաբերյալ: Կանոնավոր կերպով՝ տվյալ բժշկական փաստաթղթերի գործողության ժամկետը լրանալուց հետո երեսուն օրացուցային օրվա ընթացքում, ներքին գործերի բնագավառում գործադիր իշխանության դաշնային մարմնի տարածքային մարմին ներկայացնել արդիական բժշկական փաստաթղթեր՝ անմիջականորեն կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ օգտագործելով պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալը, կամ ենթակա հիմնարկության կամ լիազորված կազմակերպության միջոցով։ Այս պահանջներն օտարերկրյա քաղաքացիների կողմից չկատարվելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունում նրանց ժամանակավոր գտնվելու ժամկետը կրճատվում է։ Բացի դրանից, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում այդ քաղաքացիների մասով կայացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց գտնվելու (բնակվելու) անցանկալիության մասին որոշում կամ Ռուսաստանի Դաշնություն մուտքը չթույլատրելու մասին որոշում, եթե բժշկական քննության արդյունքների հիման վրա պարզվել են իրենց կողմից առանց բժշկի նշանակման թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութերի օգտագործման փաստեր, կամ հաստատվել է ՄԻԱՎ-վարակով հիվանդությունը։
12:45 - 10 դեկտեմբերի, 2021