Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ ու ախտահանիչ շուրջ մեկ տոննա ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան

Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ ու ախտահանիչ շուրջ մեկ տոննա ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ կասկածից վեր է, որ այս կորոնավիրուսն ունենալու է ավելի ընդգրկուն բնույթ, եւ բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս համաճարակի հետեւանքներից։ Այս մասին նա ասաց կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ հայտնելով, որ իրենց գրասենյակն ամենօրյա կապի մեջ է համայնքների հետ, առանձին անձնաց, կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ, որպեսզի համապարփակ տեղեկություն ունենանք իրավիճակի մասին։ Խոսելով տարբեր երկրներում հայ համայնքների մասին՝ Սինանյանը նկատեց՝ կորոնավիրուսի էպիկենտրոն Իտալիայում եւ Չինաստում մեր համայնքը շատ մեծ չէ, Իրանում մեր հայրենակիցները, ինչպես Իրանի ողջ բնակչությունը, ապրում են արտակարգ իրավիճակում։ Այնտեղ մինչ այս պահը գրանցվել է տարեց տիկնոջ մահ, որն ուներ առողջական խնդիրներ, եւ, ցավոք, ընկրկեց հիվանդությանը։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություն չունեն, բացի հայտնի փաստը, որ կիրակի օրը Իտլիայից չարթերային թռիչքով ՀՀ քաղաքացիներն ու այստեղ կեցության իրավունք ունեցող անձինք տեղափոխվեցին Հայաստան։ Եվրոպայի մյուս երկրներում էլ հայ վարակվածների մասին տեղեկություն չունեն, սակայն մշտական կապը պահում են։ Ի դեպ՝ հանձնակատարը հայտնեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում առողջապահության նախարարի խնդրանքով Սփյուռքից կազմակերպել են մեկ տոննա ապրանքատեսակների՝ կանխարգելիչ, պահպանիչ ու ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը Հայաստան, որոնք շաբաթվա սկզբին արդեն ստացել են։ Նա նշեց, որ այս գործընթացը շարունակական է լինելու։ Սփյուռքի գործերի գրասենյակը չի տվել մի քանի ծրագրերի մեկնարկ։ Մասնավորապես, «Քայլ՝ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 1-ից, շատ զգայուն հարցի հետ է կապված՝ 800 երեխաների Հայաստանում գտնվելու հետ, դրա համար այս պահին չեն սկսել ծրագիրը, քանի որ ուզում են ավելի հստակ հասկանալ՝ ինչ է կատարվելու աշխարհում․ «Հայտերը դեռ ընդունում ենք, բայց շարժվելու ենք ըստ իրավիճակի։ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը եւս չենք մեկնարկել, հայտարարություն էլ չենք արել, որովհետեւ դարձյալ անկանխատեսելի իրավիճակը դժվարացնում է որոշում կայացնելը։ Այս պահին կասեցրել ենք նաեւ սեպտեմբերին նախատեսվելիք Համահայկական համաշխարհային վեհաժողովը»։
16:47 - 19 մարտի, 2020
Հաշվի առնելով զարգացումները՝ կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին․ Արսեն Թորոսյան

Հաշվի առնելով զարգացումները՝ կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակվելու նոր 7 դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նկատեց, որ սա, իհարկե, վիճակը լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ սպասում են, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ․ «Որեւէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չունենք։ Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 տոկոսը, 37-38-ի միջակայքում է ջերմում, մի քանիսը՝ 38-39-ի միջակայքում, 39-ից բարձր ջերմություն չունենք։ Ռիսկի տարիքային գոտում գտնվող մեր մի քանի պացիենտներին վտանգ չի սպառնում։ Իսկ Իտալիայում, դժբախտաբար, մահվան մեծ թվեր ունի, սպասում ենք, որ նույնիսկ այդ թվերը կանցնեն Չինաստանի թվերին։ Նայելով բաշխվածքին՝ տեսնում ենք, որ հիմնականում մահերի կտրուկ աճը սկսում է 75 տարեկանից, եւ մահերի միջին տարիքը 79,4 տարեկան է, որոնց մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Դրա պատճառը տղամարդկանց կենսաձեւն է, եւ կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը։ Ուզում եմ հատուկ շեշտել վնասակար սովորությունների եւ կողքից եղած հիվանդությունների դերը․ եթե Իտալիայում ունենային այնպիսի հանրություն, որտեղ սրտի իշեմիկ, թոքերի հիվանդությունները քիչ լինեին, ավելի քիչ թվով մահացություններ կլինեին։ Մահերի թիվը կապված է լինելու բնակչության առողջական վիճակի հետ»։ Նախարարը հայտնեց, որ Իտալիայից ժամանաց մեր քաղաքացիներից գրեթե բոլորը իրենց շատ լավ են զգում։ Միայն երեկ մի պացիենտի մոտ ունեցել են ջերմության բարձրացում, տեղափոխել են հիվանդանոց, կթեստավորեն։ Մնացած բոլորին թեստավորելու են միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետեւ նրանք փաստացի առողջ մարդիկ են․ «Նույնիսկ եթե նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրվա վերջում այն օրգանիզմից դուրս գալով մեզ հնարավորություն կտա միանգամից բացասական պատասխան ստանալ, հիմա թեստավորելու իմաստ չկա։ Մենք դրանում համոզվեցինք, երբ մյուս օջախի հետ կապված անձանց թեստավորեցինք, առանց որեւէ նախանշանի հայտանբերվեց մոտ 18 դեպք, որոնք գումարվեցին մեր թվերին։ Մեկուսացված անձնաց թեստավեորելու իմաստ չկա, քանի դեռ գանգատ չունեն, եւ կարանտինի ժամկետը չի լրացել»։ Թորոսյանն ընդգծեց, որ կրկնակի վարակվելու հավանականությունը ոչ ոք չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը գիտական եւ բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է դեռ նույնիսկ ոչ ամբողջական 3 ամիս, գուցե դրա մասին 2 երեք տարի հետո հնարավոր լինի խոսել․ «Եթե նույնիսկ այդպես է, մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես այլ վիրուսների դեպքում։ Մենք կորոնավիրուսի այս նոր տեսակի հետ անխուսափելիորեն գնում ենք համակեցության։ Մենք դրան էլ պետք է նայենք որպես հնարավոր տարբերակ, դրա համար պաշտպանման միջոցները մնում են ուժի մեջ։ Կարող ենք ենթադրել, որ ձեւավերվում է իմունիտետ, որովհետեւ եթե այդպես չլիներ,մարդիկ վերուսից չէին ազատվի։ Իմունիտետն է վիրուսին մաքրում օրգանիզմից, բայց թե այդ իմունիտետն ինչքան է տեւում, դեռ չենք կարող ասել։ Հետեւաբար պաշտպանվելու միջոցները պետք է լինեն նույնը՝ ցանկացած դեպքում։ Գալու է մի պահ, որ մենք թվերի հետեւից էլ չենք ընկելու։ Ոչ մեկը չգիտ, թե հիմա H3N2 շտամով քանիսն են վարակվել Հայաստանում»։ Նախարարի պնդմամբ՝ եթե թեստավորում են 14-րդ օրը ու ստանում են բացասական պատասխան, գրեթե 100 տոկոսով կարող են վստահ լինել, որ վիրուսը օրգանիզմում չկա։ Դրա համար նաեւ կրկնակի թեստավորում է արվում պացիենտներին, որոնց մոտ հաստատված եղել վիրուսը՝ 24 ժամ ինտերվալով․ «Այսինքն՝ արվեց, բացասական պատասխան ստացանք, սպասում ենք 24 ժամ, մի հատ էլ արեցինք, մի հատ էլ ստացանք բացասական պատասխան, ասում ենք՝ դուք չունեք էլ վիրուս, բայց չենք ասում՝ վաղը չես կարող վարակվել։ Բայց հավանականությունը, որ ինքն այլոց կվարակի, մոտ է զրոյի»։ Այս պահին էլ որեւէ հիմնավոր կասկած չկա, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ինքնամեկուսացված աշխատակիցները վարակված են, նրանք հետազոտվել են, եւ արդյունքը բացասական է եղել։ Բայց, ըստ Թորոսյանի, եթե նույնիսկ լինի էլ, այստեղ ուրիշ տակտիկա են որդեգրելու՝ կապված հիվանդության արտահայտման աստիճանից․ «Եթե կլինի թեթեւ ձեւ, հնարավոր է ամենը տեղում կազմակերպվի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, եթե լինի ծանր ձեւ, նրանք կհոսպիտալացվեն։ Վիրուսի տարածմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից, եւ ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա։ Երկներ կան, որտեղ այդ պայմանը խախտելու դեպքում նույնիսկ պատասխանատվություն է նախատեսվում։ Դա կարվի նաեւ Հայաստանում, մենք կարծում ենք, որ եթե համաճարակաբանական ցուցումներով անձին նշանակված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետեւանքներ։ Մենք հիմա աշխատում ենք օրենքների նախագծի վրա։ Որովհետեւ վարակի տարածմանը զուգընթաց՝ մենք պետք է հասկանանք, որ սա մեկ-երկու ամսվա խնդիր չէ, եւ շփումները սահմանափակելու եւ պաշտպանիչ միջոցառումները պետք է տարածենք ժամանակի մեջ՝ նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո»։ Նախարարն ասաց, որ, հաշվի առնելով զարգացումները, ամենայն հավանականությամբ կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին՝ մի պարզ պատճառով, որպեսզի հիվանդանոցների ներսում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակ՝ ինչպես շատ տեղերում։ Թորոսյանն օրինակ բերեց Իտալիայն, որտեղ հազարավոր բժիշկներ են վարակվել եւ իրենք են դարձել վարակի աղբյուր․ «Դժբախատաբար մենք էլ արդեն ունենք բուժքրոջ վարակման դեպք, բայց նրան մեկուսացրել ենք։ Հիմա չեմ ուզւոմ նշել հիվանդանոցների անուններ, բայց մարզային բկ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու, նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով՝ հատուկ դրանց համար նախատեսված հիվանդանոցներում, որոնց ցանկը կհրապարակենք վերջնականացնելուց հետո»։
14:57 - 19 մարտի, 2020
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետներից մեկը |tert.am|

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետներից մեկը |tert.am|

tert.am: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին. նա 92 տարեկան էր:Ինչպես նշում է theguardian.com-ը, Գրեգոտին հոսպիտալացվել էր Միլանում:Գրեգոտիի նախագծած հայտնի շինությունների ցանկում են Բարսելոնայի Ամառային օլիմպիական խաղերի մարզադաշտը, Գենոայի «Մարասի» մարզադաշտը, Միլանի «Արչիմբոլդի» օպերային թատրոնի շենքը:Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին հայտնել է, որ վերջին օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ: Այսպիսով, կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է՝ հասնելով 1809-ի:Երկրում այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 20 603 է։ Վարակման դեպքերի աճը նույնպես ռեկորդային է և մեկ օրում հասնում է 2853-ի։«Մենք գրանցել ենք ապաքինման 369 դեպք, ընդհանուր թիվը կազմում է 2335»,- նշել Բորելին։
17:38 - 16 մարտի, 2020
Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահամանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար: Ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»:
11:49 - 16 մարտի, 2020
Հռոմից ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը բարեհաջող ժամանել է Երևան

Հռոմից ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը բարեհաջող ժամանել է Երևան

«Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բարեհաջող ժամանել են Երևան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»,- գրել է Ավինյանը: Ինքնաթիռի ժամանման վերաբերյալ գրառում է կատարել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․  «Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանեց Զվարթնոց օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի»,- գրել է նախարարը։
09:25 - 16 մարտի, 2020
Հռոմից հատուկ չվերթով ինքնաթիռը ճանապարհվել է Հայաստան. Տիգրան Ավինյան

Հռոմից հատուկ չվերթով ինքնաթիռը ճանապարհվել է Հայաստան. Տիգրան Ավինյան

Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այս ողջ ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց ժամանակին իրազեկելով Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման աճին զուգահեռ ՀՀ կառավարության և դեսպանության կողմից ձեռնարկվող համապատասխան քայլերի մասին, կազմակերպել մեր քաղաքացիների վերադարձին առնչվող հարցերը։ Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում: Մեր հայրենակիցներին մաղթում ենք ապահով թռիչք և բարի վերադարձ հայրենիք»,- գրել է նա։
09:14 - 16 մարտի, 2020
Վարչապետը կարևոր հայտարարությամբ հանդես կգա․ Տիգրան Ավինյան |civilnet.am|

Վարչապետը կարևոր հայտարարությամբ հանդես կգա․ Տիգրան Ավինյան |civilnet.am|

civilnet.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսի համաճարակի դեմ իրականացվող միջոցառումների մասին։ Նա ասաց, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում մշտական կապի մեջ է եղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ։ «Հիմնական մարդաշատ միջոցառումները, որ նախատեսված են եղել Էջմիածնում, չեղարկվել են»,- ասաց Ավինյանը։ Նա նշեց, որ վարչապետն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա։ Ըստ Ավինյանի՝ առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ռապիդ թեստեր, որոնք 15 րոպեի ընթացքում հնարավորություն են տալու նախնական հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ։ Ստուգումներն իրականացվելու են անցակետերում, Զվարթնոց օդանավակայանում։ Ավինյանը խոսեց կառավարության աշխատակիցների աշխատանքը հեռակա կազմակերպելու մասին, հատկապես 60-ն անց մարդկանց և հղիների։ Նա հիշեցրեց, որ այսօր տեղի է ունենալու թռիչք Հռոմից, 21:30-Ին, Հայաստան կբերվեն մեր հայրենակիցները։ Նրանք Հայաստան հասնելուն պես կգտնվեն 14-օրյա կարանտինում։ «Տեղյակ եմ, որ մեր որոշ հայրենակիցներ, իմանալով այս կարանտինի մասին, փորձել են այլ ճանապարհով վերադառնալ։ Ուզում եմ ասել, որ բոլորը, ովքեր եղել են Իտալիայում, պետք է կարանտինի ենթարկվեն»,- ասաց Ավինյանը՝ հայցելով այդ քաղաքացիների ներողամտությունը և նշելով, որ հանրային առողջությունը ամեն ինչից վեր է։
20:45 - 15 մարտի, 2020
Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիները վաղ առավոտից շարժվել են Հռոմի օդանավակայան

Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիները վաղ առավոտից շարժվել են Հռոմի օդանավակայան

Հայտնում ենք, որ Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀդեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»,- ասված է հայտարարության մեջ։
13:44 - 15 մարտի, 2020
Քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց, կրկին կգրկախառնվենք. Հռոմի պապի ուղերձն իտալացիներին |armtimes.com|

Քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց, կրկին կգրկախառնվենք. Հռոմի պապի ուղերձն իտալացիներին |armtimes.com|

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձով դիմել է իտալացիներին: Լինդա Դավթյանի հայերեն թարգմանությամբ այդ տեքստն ակտիվորեն տարածվում է համացանցում. «Այսօր՝ քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Այն մասին, թե երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա:Կմտածենք այն օրվա մասին, թե ինչպես մեր կյանք կվերադառնան սուրճը՝ սրճարաններում, գրկախառնությունները, միմյանց հպված մարդկանց լուսանկարները: Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ: Մենք կսիրենք այն ամենը, ինչ մինչ օրս թվում էր բնականոն մի բան, կգնահատենք ամեն վայրկյանը. ծովափում լողալը, արևածագը, արևամուտը, կենացներն ու ժպիտները: Մենք կրկին միասին կծիծաղենք:Ուժ և քաջություն ձեզ:Շուտով կհանդիպենք»:
10:54 - 14 մարտի, 2020
Հռոմից Երևան հատուկ չվերթով վերադարձող քաղաքացիներին կտրամադրվեն դիմակներ, նրանք կգտնվեն 14-օրյա կարանտինում. մանրամասներ չվերթի մասին

Հռոմից Երևան հատուկ չվերթով վերադարձող քաղաքացիներին կտրամադրվեն դիմակներ, նրանք կգտնվեն 14-օրյա կարանտինում. մանրամասներ չվերթի մասին

Կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ «Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:Հայտնում ենք, որ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներԹռիչքի հնարավորությունից օգտվելու ցանկություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կապ չեն հաստատել սույն դեսպանության հետ, խնդրում ենք անհապաղ տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)։Ֆիումիչինո օդանավակայան ժամանման և ուղևորների ցուցակագրման նպատակով դեսպանությունը կապ կհաստատի նախապես գրանցված ՀՀ քաղաքացիների հետ անհատապես։ Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433։ Էլ. հասցե՝ [email protected]», - ասված է դեսպանության հայտարարության մեջ։ Նշենք, որ հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից դեպի Երևան կազմակերպված չվերթի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ սերտորեն աշխատում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության հետ, որպեսզի կազմակերպեն կիրակի օրվա չվերթն այնպես, որ նվազեցնեն հավանականությունը իրար վարակելու։
19:05 - 13 մարտի, 2020
Իտալիայում փակվել են սրճարանները, ռեստորանները և հանրային այլ օբյեկտներ

Իտալիայում փակվել են սրճարանները, ռեստորանները և հանրային այլ օբյեկտներ

Երեկ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին անցկացրել է ճեպազրույց։ Հաշվի առնելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է մոտ 200 մարդ՝ նա հայտարարել է, որ Իտալիան էլ ավելի է խստացնում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումները, մասնավորապես արգելվում է ցանկացած տեսակի առևտրային գործունեություն՝ բացառությամբ մթերային խանութներ ու դեղատներ այցելելու դեպքերի, փակվում են սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները և այլ առաջնային կարևորություն ունեցող հանրային օբյեկտներ, բանկերն ու հանրային տրանսպորտը շարունակում են աշխատանքը։ Նա հավելել է, որ ձեռնարկված նոր քայլերի ազդեցությունը պարզ կդառնա մի քանի շաբաթ հետո, և շնորհակալություն հայտնել բնակչությանն իրենց ջանքերի համար՝ ասելով, որ իտալացիները շուտով նորից կկարողանան գրկել իրար։ Աղբյուրը՝ theguardian.com: Լիլիթ Հարությունյան
10:10 - 12 մարտի, 2020
Ryanair-ը մարտի 13-ից կդադարեցնի դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը |panarmenian.net|

Ryanair-ը մարտի 13-ից կդադարեցնի դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը |panarmenian.net|

panarmenian.net:  Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ryanair բյուջետային ավիաընկերությունը կասեցրել է դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը, հայտնել են ավիաընկերությունից, փոխանցում է The Journal-ը։ Մարտի 11-ից մինչև ապրիլի 8-ը կդադարեցվեն բոլոր ներքին չվերթներն Իտալիայում: Մարտի 13-ից մինչև ապրիլի 8-ը կդադարեցվեն դեպի Իտալիա բոլոր միջազգային չվերթերը: Նշվում է, որ բոլոր ուղևորներն էլեկտրոնային նամակով ծանուցումներ են ստացել՝ իրենց թռիչքների դադարեցման մասին: Ուղևորները, որոնք իրենց երկրներ են ցանկանում վերադառնալ, մինչև մարտի 13-ը կարող են թռչել համապատասխան չվերթերով: Տուժած ուղևորները կկարողանան ամբողջական փոխհատուցում ստանալ կամ «ճանապարհորդական կրդեիտ»՝ Ryanair-ի թռիչքներից առաջիկա 12 ամսում օգտվելու համար: Մարտի 9-ի երեկոյան ավիաընկերությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման պատճառով կրճատել է դեպի Իտալիա պլանավորված թռիչքների ժամանակացույցը: Իտալիան դարձել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման օջախը. մարտի 10-ի դրությամբ երկրում մոտ 9172 վարկված կա, մահվան մոտ 463 դեպք: Ամբողջ Իտալիայում վիրուսի պատճառով կարանտին է հայտարարված:
18:18 - 10 մարտի, 2020
Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել:  «Զվարթնոց» օդանավակայանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ ախտահանման, զննման՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնների։ Իտալիայից ու համաճարակային առումով ռիսկային մի շարք երկրներից ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այս անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար: Իտալիայից ժամանող անձինք օդանավակայանից դուրս են բերվել առանձին, նրանց ուղեբեռը եւս հանձնվել է առանձին՝ բացառելու այլ ուղեւորների հետ շփումները։ Հաջորդիվ ձեռնարկվել են ախտահանման միջոցառումներ՝ սահմանված կարգով։ Առողջապահության նախարարությունն իր հերթին այսօր տեղեկատվություն է տարածել՝ հորդորելով խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հայտարարության մեջ։
17:41 - 10 մարտի, 2020