Հայաստան

ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին. Վահրամ Դումանյանը՝ ՌԴ սպորտի նախարարին

ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին. Վահրամ Դումանյանը՝ ՌԴ սպորտի նախարարին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը, նախագահի օգնական Մաքսիմ Կոզինը, ՌԴ սպորտի նախարարի օգնական Անտոն Բարանովը, ՌԴ սպորտի նախարարության կրթության, գիտության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Ալեքսեյ Գորբունովը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղար Մարիա Կորոտինան: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակները շատ լայն են` սկսած կրթությունից և գիտությունից մինչև մշակույթ և սպորտ. «Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես շատ խորը հիմքերի վրա են դրված նաև մարզական ասպարեզում: Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր երկրում և պատրաստ ենք շարունակել ձևավորված ավանդույթները՝ խորացնելով բարիդրացիական հարաբերությունները: Վստահ ենք՝ մեր թիմերի համատեղ մարզումներն ու ուսումնամարզական հավաքները կնպաստեն երկուստեք մասնագիտական որակների բարելավմանը: Ինչ վերաբերում է ՌԴ-ում անցկացվող մրցաշարերին, ապա Հայաստանը մշտապես կլինի դրանց ակտիվ մասնակիցը՝ ձգտելով գրանցել լավագույն արդյունքներ»: ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը բարձր է գնահատել հայկական կողմի՝ ռուս մարզիկներին ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն ընձեռելու հարցում: ՌԴ սպորտի նախարարի խոսքով՝ Հայաստանն իր մարզական կարիերայում կարևոր դերակատարություն է ունեցել, քանի որ ինքը ժամանակին զբաղվել է սեղանի թենիսով և հենց մեր երկրում է լրացրել ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման: Նշենք, որ ռուսական պատվիրակությունն այսօր այցելել է «Դինամո» մարզադահլիճ, ինչպես նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: ««Դինամո» մարզադահլիճում բազմաթիվ մրցաշարերի եմ մասնակցել, հիանալի հիշողություններ ունեմ: Ինչ վերաբերում է Մարզահամերգային համալիրին, ապա այն իսկապես հրաշալի կառույց է: Վստահ եմ, բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը հիանալի կընթանա»,- ասել է Օլեգ Մատիցինն ու հաջողություն մաղթել հայկական կողմին: Վահրամ Դումանյանն առանձնակի ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և անում է հնարավոր ամեն բան՝ դրա զարգացմանն ու մասսայականացմանը նպաստելու համար: Նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ մեկ շաբաթից Երևանում մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ մեկ տարի անց ընդունելու ենք նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. «ՀՀ վարչապետի անմիջական հանձնարարականով մեծ տեղ է հատկացվում նաև մասսայական սպորտին: Վաղը Պարզ լճի տարածքում դպրոցականները մրցելու են թիմային խճուղավազք մարզաձևում, իսկ մայիսի 28-ին մեծահասակները Սևանա լճի տարածքում անցկացնելու են սիրողական հեծանվավազքի մրցաշարը: Այս մրցաշարերը կրում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռուս գործընկերոջը նաև պատմել է Գյումրիում կառուցվող նոր մարզաբազայի մասին, որն անվանակոչվելու է օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պատվին: Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են սպորտի ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի միջոցով, սպորտային բժշկությանն ուղղված համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև համատեղ մարզումային միջոցառումներ կազմակերպելու հեռանկարները:
18:10 - 13 մայիսի, 2022
Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն, այդ թվում՝ խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Դուշանբեում ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստին ելույթ ունենալիս, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախարարը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է կարգավորել հարաբերություննեը Հայաստանի հետ, այդ թվում՝ խաղաղության համաձայնագիր ստորագրել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս առնչությամբ նա հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար, մասնավորապես, որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։  
15:14 - 13 մայիսի, 2022
Արցախում տեղահանված անձանց բնակվարձերի փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը հուլիսի 1-ից կփոխվեն․ Արայիկ Հարությունյան

Արցախում տեղահանված անձանց բնակվարձերի փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը հուլիսի 1-ից կփոխվեն․ Արայիկ Հարությունյան

Այսօր ցանկանում եմ անդրադառնալ շուրջ 40 հազար տեղահանված մեր հայրենակիցներին հուզող ամենացավոտ խնդիրներից մեկին՝ բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականությանը: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարութունյանը։ Գրառումը՝ ստորև․  «Պատերազմից անմիջապես հետո, ինչպես գիտեք, ԱՀ և ՀՀ Կառավարությունների համատեղ ջանքերով այս ուղղությամբ իրականացվել և այսօր էլ շարունակվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես օգնում են դժվարին կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին՝ մինչև բնակարաններով ապահովելը դիմագրավել առկա խնդիրներին: Սակայն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր հայրենակիցների կողմից չեն դադարել խնդրո առարկայի շուրջ մտահոգությունների արտահայտման դեպքերը, ինչը փաստում էր, որ, այնուամենայնիվ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտ է արմատական կերպով վերանայել վարվող քաղաքականությունը: Թեմայի շուրջ վերջին օրերին անց եմ կացրել շահագրգիռ քննարկումներ, այդ թվում՝ հարցը ներառել էի երեկ՝ մայիսի 12-ին, անցկացված Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում: Լսելով բոլոր կողմերի կարծիքները և հաշվի առնելով նաև մեր պետության հնարավորությունները՝ հանձնարարել եմ պատկան մարմիններին այս տարվա հուլիսի 1-ից փոխել փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը: Մասնավորապես, նոր ծրագիր կմշակվի շահառու հանդիսացող (բնակարանային կարիք ունեցող) յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել թե՛ բնակվարձի, թե՛ սոցիալական այլ նպատակներով: Հավաստիացնում եմ նաև, որ այս ընթացքում ամբողջ ծավալով շարունակվում են տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքները: Համոզված եմ՝ նախանշված ժամկետներում (մինչև 2024թ.-ի վերջ) կավարտենք մեզ համար կենսական նշանակության այդ ծրագիրը և օր առաջ մեր հայրենակիցները կկարողանան արժանապատիվ պայմաններում շարունակել իրենց կենսագործունեությունը»:
13:34 - 13 մայիսի, 2022
ԵԱՀԿ քարտուղարությունը «Մինսկի խումբը դիտարկում է որպես պատշաճ մարմին»՝ կայուն խաղաղության հաստատման համար |azatutyun.am|

ԵԱՀԿ քարտուղարությունը «Մինսկի խումբը դիտարկում է որպես պատշաճ մարմին»՝ կայուն խաղաղության հաստատման համար |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք Մինսկի խումբը դիտարկում ենք որպես պատշաճ մարմին և տեսնում ենք անհրաժեշտություն ակտիվացնելու ջանքերը՝ կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանի բարգավաճ զարգացման համար»,- այսպես են արձագանքել ԵԱՀԿ քարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին։ Տարիներ շարունակ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող կառույցից հետաքրքրվել էինք՝ երբ Ադրբեջանը դե ֆակտո չի ճանաչում եռանախագահության մանդատը, իսկ միջնորդների միջև վիթխարի հակասություններ կան, տեսնո՞ւմ են արդյոք Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկար։ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին են այցելում Հայաստան։ ԵԱՀԿ-ից, սակայն, չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում արված Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են Ռուսաստանի հետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում։ «ԵԱՀԿ նախագահությունը մտադիր չէ մեկնաբանել Մինսկի խմբի առնչությամբ Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին վերաբերող հայտարարությունները»,- ասված է պատասխանում։ ԵԱՀԿ-ից նաև չեն հստակեցրել՝ ինչ պատասխան են տվել Երևանի դիմումին։ Մոտ երկու ամիս առաջ Երևանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ «Համանախագահող երկրները, ինչևս և ԵՄ-ը, վերջին շաբաթներին ակտիվորեն համագործակցում են Բաքվի և Երևանի հետ: Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես ԵԱՀԿ-ի անդամ երկրներ, գիտակցում են, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել՝ թե՛ իր մանդատի շրջանակներում, թե՛ այլ համատեքստերում իր փորձի հիման վրա»,- նշել են ԵԱՀԿ քարտուղարությունից։ Իգոր Խովաևը ապրիլի կեսին նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ։ Ինչպես ԵԱՀԿ քարտուղարկությունից են նշել՝ Ռուսաստանը նոր համանախագահի առաջադրման մասին չի տեղեկացրել.- «Ուստի մեր ըմբռնումն այն է, որ դեսպան Խովաևն է շարունակում մնալ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը»։
10:10 - 13 մայիսի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ հանդիպումը

Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։
20:02 - 12 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր

Մայիսի 12-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախատեսվող եռակողմ հանդիպման վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր։
18:46 - 12 մայիսի, 2022
Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով

Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում մայիսի 12-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի և Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական և գործարար փոխգործակցության ակտիվացումը։ «Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում 2021թ․ գրանցվել է իրանական կապիտալի մասնակցությամբ 6363 ձեռնարկություն։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար–մարտ ժամանակահատվածի համար կազմել է 140․24 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,4%–ով», – նշել է Արմեն Արզումանյանը։ Արմեն Արզումանյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։ Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, բազմաթիվ պետությունների հետ համագործակցության տարաբնույթ ձևաչափերով: Նախարարի տեղակալը նշել է, որ այսօր Հայաստանը հանդիսանում է գրավիչ երկիր գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից և ՀՀ կառավարությունը վարում է բաց դռների քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության ոլորտում, ինչը երաշխավորված է օրենքով: ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանն իր խոսքում ընդգծել է պետական կառույցների կարևոր դերը գործարար շրջանակների համար համագործակցության լայն հնարավորություններ ընձեռելու, առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, որպեսզի իրենք՝ գործարարները կարողանան անմիջական կապ հաստատել միմյանց հետ։ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն իր ելույթում նշել է, որ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանում ստեղծված են լայն հնարավորություններ հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու համար՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ շուկաներ արտահանելու նպատակով, որտեղ առկա է ապրանքների մեծ պահանջարկ։ Նա նաև ընդգծել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորություններն ու Հայաստանում և Իրանում համատեղ ներդրումների իրականացման կարևորությունը։ Արսեն Ավագյանը նաև տեղեկացրել է, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում գործում է առևտրական կցորդի գրասենյակը, որը գործարարներին կարող է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ կատարելու կամ ձեռնարկություններ հիմնադրելու վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել գործարար կապերի հաստատման հարցում։ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, և ստեղծված են նպաստավոր պայաններ տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը նույնպես բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար։ Այդ նպատակով դեսպանը հատկապես շեշտադրել է երկու երկրների գործարար ոլորտում առկա ներուժը ուսումնասիրելու և այդ ուղղությամբ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը։ Համաժողովի ընթացքում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը իրանցի գործարարներին տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի ներդրումային միջավայրի և ներդրումների համար առավել գրավիչ ոլորտների վերաբերյալ: Համաժողովի ընթացքում «Մեղրի» և «Արաս» տնտեսական գոտիների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է «Արաս» ԱՏԳ-ում աշխատող իրանցի ներդրողներին հնարավորություն ընձեռել հեշտ մուտք գործել «Մեղրի» ԱՏԳ, իսկ հայ գործարարներին՝ «Արաս» ԱՏԳ-ի միջոցով հեշտ մուտք գործել իրանական շուկա։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել են նաև G2B և B2B ձևաչափով հանդիպումներ։
17:45 - 12 մայիսի, 2022
Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան |azatutyun.am|

Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի, նախնական տվյալներով, կայցելի Հայաստան: Այդ մասին այսօր Դուշանբեում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: «Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումն է: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից դեկտեմբեր, ժամկետները, բնականաբար, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը: Դուշանբեում հավաքվել են ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Ակնկալվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
16:55 - 12 մայիսի, 2022
Էնթոնի Բլինկենը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը, ռազմագերի ազատ արձակման հարցը |armenpress.am|

Էնթոնի Բլինկենը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը, ռազմագերի ազատ արձակման հարցը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- գրել է նա: Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել պետդեպը՝ նշելով, որ կողմերը քննարկել են նաև «առաջիկա հստակ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ ռազմագերիների ազատ արձակմանը»: «Պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին գտնել տևական համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:  
22:40 - 11 մայիսի, 2022
Հայաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.«Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի նախագահ, մեծարգո՛ պարոն Մեհրաբիան,Հարգելի՛ գործընկերներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք,Նախևառաջ, ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանում։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված որոշակի դադարից հետո այսօր Երևանում գումարվում է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը։ Հատկանշական է, որ նիստը ընթանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում։Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր մեզ համար։ Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք երկու երկրների հարաբերություններում առկա մեծ ներուժը ամբողջապես իրացնելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ երկկողմ համագործակցության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների համար։Վստահաբար կարող եմ նշել, որ մեր երկու երկրների կառավարությունները դրսևորում են քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն՝ զարգացնելու մեր միջպետական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։Հաշվի առնելով Իրանի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ ինտեգրման հարցում՝ Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում խթանելու այդ գործընթացը, ինչպես նաև բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ապահովելու և ծավալելու Իրանի հետ այս ուղղությամբ ակտիվ փոխգործակցություն։Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը՝ կցանկանայի նշել, որ մեծապես կարևորում ենք էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը, մասնավորապես՝ գազ- էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի երկարաձգման, Հյուսիս-հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ: Պետք է նշեմ նաև, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը գտնվում է մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում։Կշեշտեմ նաև, որ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման, սահմանային և մաքսային վարչարարության լավարկման ուղղությամբ համագործակցությունը իր հերթին կնպաստի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը։ Հարգելի՛ ներկաներ,Ցանկանում եմ կարևորել այն փաստը, որ մեր փորձագիտական խմբերի աշխատանքի արդյունքում մշակվել են մի շարք ոլորտներում մեր երկու երկրների փոխգործակցության հետագա ուղենիշները: Արձանագրվել է առևտրի, արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների փորձագիտական պատվիրակություններին կատարված նախապատրաստական արդյունավետ աշխատանքի համար:Ուրախ եմ արձանագրել, որ առցանց և դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում երկու կողմերի պատվիրակությունների միջև կայացել են աշխատանքային կառուցողական քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորվել է այսօր ստորագրվելիք համապարփակ փաստաթուղթը:Պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը իրենց հարաբերություններում մշտապես առանձնահատուկ կարևորություն են տալիս գործարարների միջև համագործակցության խթանմանը, և այս ուղղությամբ հատկանշական է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նաև տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Վստահ եմ, որ տնտեսական այս կարևոր միջոցառումը ևս հարթակ կդառնա հայ-իրանական գործարար կապերի ընդլայնման և ամրապնդման համար։Խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները արդյունավետ կերպով կշարունակեն համագործակցությունը՝ այսօր ստորագրվելիք փաստաթղթում արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:Ամփոփելով թույլ տվեք վստահություն հայտնել, որ ստորագրվող փոխըմբռնման հուշագիրը կբացի նոր հնարավորություններ երկու երկրների համապարփակ և բարձր մակարդակի հարաբերություններում՝ ի բարօրություն հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների։Շնորհակալություն»:Նիստից առաջ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ Մհեր Գրիգորյանը և Ալի Աքբար Մեհրաբիանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:
20:35 - 11 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում և պատասխանել միջոցառման մասնակիցների հարցերին

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում և պատասխանել միջոցառման մասնակիցների հարցերին

Հաագայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: Վարչապետին դիմավորել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնը՝ ողջունելով նրա այցն ինստիտուտ: Վարչապետը ինստիտուտում հանդես է եկել ելույթուվ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումներին, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: «Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի Նիդերլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, այլև` Հայաստանի ժողովրդավարության համատեքստում: Պետք է ընդգծեմ, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք զգացել ենք Հոլանդիայի՝ Նիդերլանդների Թագավորության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործում: Ընդհանրապես Հայաստանում ես հիմա ավելի հաճախ ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության հիմնական բրենդն է, որով այս օրերին մեր երկրին ճանաչում է միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Եվրոպայում, Եվրամիությունում: Պետք է ընդգծեմ, որ սա ընդամենն իմ գնահատականը չէ, որովհետև միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունը: Պետք է արձանագրեմ, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություններ ունեցող երկրների շարքը, և սա համարում եմ կարևոր ձեռքբերում: Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիայի ընկալման համաթվերում վերջին տարիներին, վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել: Եվ այո՛, պետք է նաև բարձր հայտարարություն անեմ՝ ասելով, որ Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Չնայած կան նաև կոռուպցիոն երևույթներ, որոնց դեմ մենք հետևողական պայքարում ենք, և դա տեսանելի է: 2021 թվականի արդյունքներով մենք նաև, չնայած հետպատերազմական ճգնաժամային տարուն, հսկայական առաջընթաց ենք արձանագրել խոսքի և մամուլի ազատության ոլորտում: Վերջին հրապարակված ինդեքսներով Հայաստանն աշխարհում 51-րդն է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը վճռական է երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում փակվել են այնպիսի էջեր, ինչպիսին, օրինակ, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային կասկածն է, կամ ընտրություններ կեղծելու պրակտիկան. «Ես կարող եմ վստահաբար ասել, որ հետճանապարհ Հայաստանը չունի, որովհետև այդ բարեփոխումների պրոցեսի աղբյուրը ոչ թե կառավարությունն է, այլ այդ բարեփոխումների աղբյուրը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր հստակ, հաստատակամ, իրենց պատասխանատվությունն են համարում ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը և օրենքի գերակայությունը: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ կայացման առումով շատ երկար ճանապարհ դեռ ունենք անցնելու. անկախ դատական համակարգ ունենալու ոլորտում, ցավոք, չեմ կարող շատ մեծ արդյունքներ ներկայացնել: Կարող եմ ասել ընդամենը, որ դա ամենակարևոր խնդիրներից է, որին այսօր առերեսվում է Հայաստանը: Եվ ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք նաև առաջատար փորձն այդ ոլորտի ուսումնասիրելով տեսնում ենք, որ այդտեղ փորձարկված բանաձևեր չկան: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ շատ եվրոպական երկրներում նույն պրոցեսներն են տեղի ունենում, երբ կա պայքար և դժվար է տարբերակել՝ ով է ճիշտ, ով է սխալ անկախ դատական համակարգի համար մղվող պայքարում: Դրա համար մենք այս առումով ավելի շատ նախընտրում ենք առաջ գնալ չվնասելու ճանապարհով, որովհետև խոսքն այստեղ մարդկանց ազատությունների և իրավունքների երաշխավորման մեջ է»: Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումներին: «Պետք է մի ցուցանիշ նույնպես ընդգծեմ, որը կապ ունի և՛ ժողովրդավարության, և՛ օրենքի գերակայության, և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ անկախ դատական համակարգի հետ: Հեղափոխությունից առաջ, տարիներ առաջ, մեր քրեակատարողական հիմնարկները բոլորը գերբեռնված էին: Այսինքն՝ այնտեղ մենք նույնիսկ ունեինք իրավիճակ, երբ կալանավորված և դատապարտված անձինք քնելու տեղ չունեին և ստիպված հերթով են քնել: Իհարկե, իմ բախտը բերել է, երբ ես քաղբանտարկյալ եմ եղել, այդպիսի պրոբլեմի հետ չեմ առերեսվել, բայց դա հանրային պրոբլեմ էր Հայաստանի Հանրապետությունում: Այսօր բանտային բնակչության ծանրաբեռնվածության առումով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի մասշտաբներով գրավում է երկրորդ տեղը: Այսինքն՝ ամենաթերի բեռնված երկրների շարքում է և պետք է ասեմ, որ այդ ցուցանիշով մենք զիջում ենք միայն Մոնակոյին: Մնացած բոլոր երկրների նկատմամբ բանտային բնակչության բեռնվածության առումով մենք շատ լավ դիրքերում ենք: Սա նույնպես կարևոր ցուցանիշ է: Վերջերս մեր ընդդիմադիրների քննադատությանն արձագանքելով, բնականաբար, ժողովրդավարական երկրում կա ընդդիմություն, կա ուժեղ քննադատություն, երբեմն արմատական քննադատություն, ես խորհրդարանում ելույթ ունենալիս հենց այդ ցուցանիշը բերեցի, որովհետև ոմանք փորձում են ցույց տալ, թե մենք շեղվում ենք ժողովրդավարական չափանիշներից, հետապնդումների ենք ենթարկում մեր քաղաքական ընդդիմախոսներին: Ես ասացի, որ այն երկրները, որոնք շեղվում են ժողովրդավարական ճանապարհներից և բռնաճնշումների ճանապարհով են գնում, այդ երկրներում սովորաբար բանտերը բացվում են և ոչ թե փակվում, իսկ մեր երկրում այս ընթացքում մեր կառավարման շրջանում երկու, ըստ էության, ամենախոշոր բանտերը փակվել են»,- ասել է վարչապետ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը կրկին անդրադարձել է երկրում կոռուպցիայի դեմ տարվող պայքարին և ընգծել. «Պիտի արձանագրեմ, իհարկե, մեծ տխրությամբ և մի քիչ էլ տհաճությամբ, որ կոռուպցիայի դեմ պայքարում այսօր մեղադրյալի կարգավիճակում են ոչ միայն նախկին պաշտոնյաներ, այլ պաշտոնյաներ, ովքեր նախարար են նշանակվել իմ կողմից, իմ կառավարության անդամներ են եղել և բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել»: Անդրադառնալով 44 օրյա պատերազմին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կա կարծիք, որ Հայաստանում ժողովրդավարությունն է, որ բերեց երկրում 2020 թվականի 44-օրյա պատերազմին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին: Գլխավոր հարցը, որ այսօր կախված է Հայաստանի մթնոլորտում, հետևյալն է՝ ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը: Սա իսկապես չափազանց կարևոր հարց է և դրա վերաբերյալ ուզում եմ իմ մեկնաբանությունները ներկայացնել: 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է, և ես պիտի ձեզ մի այսպիսի զուգահեռ ներկայացնեմ. ընդհանրապես ընդունված է կարծել կամ այդպիսի կարծիք գոնե 90-ականների սկզբին կար նաև Եվրոպայում, որ 1988 թվականին մեկնարկած, սկսած Ղարաբաղյան շարժումն է, որ հետագայում հանգեցրեց Խորհրդային միության կամ փլուզման կամ աշխարհակարգի փոփոխության: Իմ խորը հավատը և համոզմունքն է նաև այն, որ իրականում 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմն, ըստ էության, մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու: Իրականում պատերազմի պատճառները երկուսն էին, առաջինը՝ գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի են ունեցել և այս ֆոնի վրա Ադրբեջանի վարած հետևյալ բանակցային քաղաքականությունը, որ տվեք մեզ այն ինչ մենք ուզում ենք ստանալ, այլապես մենք այն կստանանք պատերազմով: Այս իմաստով ակնհայտ է և միանշանակ, որ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր: Իհարկե, այն դաժան փորձություն էր Լեռնային Ղարաբաղի հայության համար, Արցախի համար, Հայաստանի Հանրապետության համար և Հայաստանի ժողովրդավարության համար: Պիտի արձանագրեմ, որ, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված և ըստ էության պատճառները, որոնց մասին խոսում եմ՝ չեն փոխվել: Հետպատերազմական իրավիճակին, որը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և որի արդյունքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր մուտք գործեցին Լեռնային Ղարաբաղ, ես ուզում եմ ուղիղ և հասկանալի պատկեր տալ, որպեսզի բոլորի, նաև ոչ փորձագետների համար պարզ լինի, թե ինչումն է և որտեղ է պրոբլեմը: Պատերազմից հետո կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս լուծված է, բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև, ըստ էության, գագաթն է և կուլմինացիան պատկերացումների, որ Ղարաբաղյան հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Եվ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Հիմա ես կոնկրետ օրինակներով ցույց կտամ, որ հենց այդպիսին է քաղաքականությունը: Օրինակ, այս գարնանը մենք ունեցանք հետևյալ երևույթը, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի մոտակայքում բարձրախոսներով հայտարարություններ էին տարածում՝ նրանց զգուշացնելով հեռանալ իրենց տներից, այլապես ուժի կիրառմամբ նրանք կհեռացվեն: Մեկ ուրիշ կարևոր հանգամանք. գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Ղարաբաղի հայկական գյուղերի տները և բարձրախոսներով ազան էին միացնում, դա մուսուլմանական աղոթքի հրավեր է: Մենք, իհարկե, հայ ժողովուրդը մեծ հարգանք և պատկառանք ունի մուսուլմանական մշակույթի և կրոնի նկատմամբ, բայց պիտի արձանագրեմ, որ սա, ըստ էության, կրոնական ահաբեկչության մի պարզ օրինակ է: Նաև Ադրբեջանը երկար տարիներ փորձում է Ղարաբաղի հիմնախնդրին տալ կրոնական ենթատեքստ, ինչը նրան չի հաջողվում, որովհետև մենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ ունենք ջերմ, բարեկամական, եղբայրական հարաբերություններ, բայց ահա հերթական անգամ փորձ է արվում այս գործոնը նորից ներմուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Հաջորդ հանգամանքը, որ կուզենայի նշել, հետևյալն է. Լեռնային Ղարաբաղն ընդհանարապես տաք տարածաշրջան է, այս տարվա մարտին, սակայն, այնտեղ աննախադեպ քանակի ձյուն տեղաց՝ մարտի 7-11 ընկած ժամանակահատվածում և աննախադեպ ցրտեր սկսվեցին: Եվ հենց այդ օրերին մենք տեսանք Ղարաբաղին ապահովող գազամուղի պայթեցում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Դրա նորոգումը շատ երկար տևեց և նորոգումից հետո էլ Ադրբեջանը խողովակի վրա փական է տեղադրել՝ փորձ անելով դա օգտագործել որպես քաղաքական, բարոյական, սոցիալական ճնշման միջոց: Նկատի ունեմ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին: Եվ սա ասելով է նկատի առնվում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, սա ասելով նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղում հայ չի լինելու, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ մի իրավունք չի ունենալու, Լեռնային Ղարաբաղի հայության ինքնությունը ոչնչացվելու է և արմատախիլ է արվելու: Ասածիս մեջ ամենևին չափազանցություն չկա: Տեսեք, բոլորովին վերջերս տեղի ունեցավ մի այսպիսի տարօրինակ հայտարարություն Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից. նրանք հայտարարեցին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, իրենց ասելով՝ «հայկական համարվող եկեղեցիների վրայից կեղծ գրառումները, արձանագրումները վերացնելու և ջնջելու համար»: Իսկ դրանից մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահը, այցելելով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող մի տարածք, որտեղ կա հինավուրց հայկական եկեղեցի, բառացիորեն հայտարարել էր հետևյալը՝ «արձանագրությունները կեղծ են և այդ կեղծիքը պետք է վերացվի»: Սա բայց ամենևին էլ մշակութային ակցիա չէ պատմական հուշարձանների նկատմամբ: Չնայած, նույնիսկ եթե այդպես լիներ միայն, արդեն իսկ աղաղակող և անթույլատրելի փաստ է: Այս քաղաքական նպատակը, երբ դնում ենք Ադրբեջանից հնչող այլ հայտարարությունների շարքում, հետևյալ է՝ արձանագրել, որ Ղարաբաղի հայությունը բոլորովին վերջերս և այլ հանգամանքներում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում, հետևաբար նրանք այնտեղ ապրելու լեգիտիմ իրավունք չունեն: Եվ սա է այսօր Ադրբեջանի կողմից որդեգրվող քաղաքականությունը: Մինչդեռ, մեր ընկալումը բոլորովին այլ է, մեր ընկալումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է, և մենք, մեր քաղաքականությունը և մեր ուղերձը միջազգային հանրությանը հենց դա է, որ մենք պիտի աշխատենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված: Եվ նաև այս համատեքստում է, որ մենք, չնայած այս ամբողջ նեգատիվին, որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Սա հեշտ չէր մի իրավիճակում, երբ տեղի է ունեցել պատերազմ, երբ ունեցել ենք զոհեր: Մենք ասել ենք, որ անկախ ամեն ինչից մեր կառավարության հանձնառությունն ու մանդատն է՝ անել ամեն ինչ մեր տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում հասնել խաղաղության, ամեն ինչ անել խաղաղության համար, և ոչ թե ուղղակի ամեն ինչ անել, այլ հասնել խաղաղությանը, առաջադրել խնդիրը և լուծել: Դուք երևի նկատեցիք այստեղ գալուց առաջ երկու ցույց ունեինք՝ մեկն ի պաշտպանություն մեր կառավարության, մեկն՝ ընդդեմ մեր կառավարության կամ անձամբ ինձ: Այստեղից էր բխում այդ ամենը, որովհետև շատ մարդիկ, շատ հայրենակիցներ մտածում են, որ խաղաղության օրակարգի մասին խոսելով մենք դավաճանում ենք մեր ազգային ինքնությունը, մենք դավաճանում ենք մեր երկրի շահերը, մենք դավաճանում ենք Լեռնային Ղարաբաղի հայությանը, Լեռնային Ղարաբաղին, մենք նրանց անպաշտպան ենք թողնում: Բայց մեր համոզմունքը հակառակն է: Մենք լսում ենք այդ քննադատությունը, մենք վերլուծում ենք այդ քննադատությունը, մենք փորձում ենք հասկանալ այդ քննադատությունը: Նույնիսկ տեղ-տեղ և ընդհանուր առմամբ հասկանում ենք, բայց հենց քաղաքական գործչի և քաղաքական թիմի և ժողովրդի կողմից ընտրված կառավարության ամենամեծ խնդիրն է գնալ դժվարին ճանապարհով, որովհետև հեշտ ճանապարհները չեն տանում դեպի լավ արդյունքների: Իսկ արդյունքը, որ մենք ակնկալում ենք, հետևյալն է՝ խաղաղ զարգացման դարաշրջան մեր երկրի և մեր տարածաշրջանի համար: Դրա համար մեզ պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն, բաց լինեն»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ և համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ և հասկանալի է, որ մի իրավիճակում, երբ կա շատ մեծ նեգատիվ պատմական ժառանգություն, սա հեշտ չի անել: Եվ ես ինչու եմ այստեղ այս մասին խոսում, որովհետև իմ համոզմունքն է, որ առանց միջազգային հանրության ակտիվ և անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, ովքեր այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ովքեր ամեն օր, ի հեճուկս բազմաթիվ գործոնների, ամեն օր պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար, բայց մյուս կողմից նաև ունեն տարօրինակ մի փաստ, որ ըստ էության, այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ լիարժեք հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, նույնիսկ ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանն արգելափակում է այդ հնարավորությունը, բայց այս գործելակերպն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, որովհետև եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, այդ մուտքը սահմանափակելու քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»: Վարչապետը մեկ անգամ ևս անդրադարձել է խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և նշել. «Մենք հստակ ասել ենք, որ այո՛, խաղաղության օրակարգը որդեգրում ենք, մենք պիտի գնանք Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով, պայմանականորեն ասած՝ խաղաղության բանակցությունների մեկնարկ պետք է տեղի ունենա: Ես ուզում եմ այս կապակցությամբ շատ կարևոր մի պարզաբանում անել. Ադրբեջանը փետրվարին, մարտին մեզ ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, կոմունիկացիաների բացմանը, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Եվ մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը: Երբ ապրիլի 6-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցն Ադրբեջանի նախագահի հետ, և ես ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա և եթե ադրբեջանական կողմը համաձայն է, որ մեր երկու պատկերացումները միացնենք իրար և այդ հենքի վրա սկսենք բանակցություններ, մենք պատրաստ ենք դրան: Բրյուսելից վերադառնալով ես ասացի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ըստ էության, ադրբեջանական կողմն էլ հայտարարեց դրա մասին: Բայց այս վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների: Չնայած, ըստ էության, այն պրոցեսը, որը պլանավորվել է, այն պրոցեսի մեջ որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ Արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան: Եվ պետք է մի բան ասեմ նաև որպես ամփոփում. գիտեք, մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել վերջին երկու տարիներին, բայց ես այսօր կարող եմ ասել, որ ունեմ խորը համոզմունք, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում: Դա խաղաղության օրակարգի առաջ մղման ճանապարհն է, մենք գիտենք, որ շատ դժվար է լինելու, բայց պատրաստ ենք մեր վրա վերցնել այդ քաղաքական պատասխանատվությունը, որովհետև մենք զգում ենք, տեսնում ենք, կրում ենք պատասխանատվությունը մեր երկրի, մեր տարածաշրջանի և ընդհանրապես, գլոբալ խաղաղություն հաստատելու գործում վճռական ներդրում ունենալու համար, և ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը, մեր գործընկերները, Նիդերլանդների Թագավորությունը, բոլոր գործընկերները մեզ կաջակցեն այս ջանքերում»: Վարչապետը պատասխանել է նաև ներկանների՝ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, հասարակական և քաղաքական կյանքում կանանց դերի մեծացմանը և այլն:
20:18 - 11 մայիսի, 2022
Կարգավիճակը նպատակ է թե միջոց՝ դրանից ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում. Արցախի ՄԻՊ

Կարգավիճակը նպատակ է թե միջոց՝ դրանից ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում. Արցախի ՄԻՊ

Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար։ Միջազգային հանրության մոտ նման մոլորությունները պետք է իսպառ փարատել՝ ներկայացնելով ոչ միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, հայատյացության սահմաններ չճանաչող դրսևորումները, այլ նաև պատմության կոնկրետ ժամանակահատվածում՝ Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելու 70 տարիների ընթացքում, իրականացված խտրական քաղաքականությունն ու Արցախի հայության համար ստեղծված կործանարար իրավիճակը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:   «Ոչ վաղ անցյալի փաստերը, որոնք արձանագրված են խորհրդային ժամանակների վիճակագրական տեղեկագրերում, հստակ ու աներկբա ցույց են տալիս խտրականության բացահայտ դրսևորումները։ Ընդ որում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ադրբեջանական ղեկավարության կողմից նման խտրական քաղաքականություն իրականացվում էր խորհրդային ինտերնացիոնալիզմի և եղբայրության հայտարարված սկբունքների ժամանակահատվածում, ինչը և ցույց է տալիս, որ որևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու ու Արցախի տարածքը ուղղակիորեն յուրացնելու իր մշտական նպատակից։     • Խորհրդային տարիներին տպագրված պաշտոնական քարտեզները վկայում են, որ անգամ պատմական Արցախի մի փոքր հատվածում կազմավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններն ու տարածքները Խորհրդային Ադրբեջանի կազմում լինելու 70 տարիների ընթացքում անընդհատ ենթարկվել են փոփոխությունների, որի հետևանքով ԼՂԻՄ հայությունը կորցրել է ցամաքային կապը Հայաստանի հետ։ Դրանից բացի՝ Մարզի հայկական բնակավայրերի մերձակայքում արհեստականորեն ձևավորվում էին ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրեր, որոնք կարճ ժամանակ անց հանվում էին Մարզի ենթակայությունից և դրվում հարևան ադրբեջանական շրջանների ենթակայության տակ։ Ընդ որում՝ այդ ադրբեջանաբնակ համայնքները, որպես կանոն, ստեղծվում էին ռազմավարական իմաստով կարևոր տեղանքում՝ ճանապարհների հարևանությամբ, բերրի և ոռոգովի վարելահողերի վրա կամ մերձակայքում, հայկական բնակավայրերը մի քանի կողմից շրջապատելու դիրքերով։   • Մշտապես և հատկապես 1960-ական թվականներից սկսած իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության դեմոգրաֆիկ կազմը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականություն։ Այս փաստն արձանագրված է նաև Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որում նա պնդում է, որ վարում էր այնպիսի քաղաքականություն, որը միտված էր հեռացնելու հայերին Լեռնային Ղարաբաղից և Մարզը վերաբնակեցնելու ադրբեջանցիներով։ Արդյունքում Մարզի հայկական բնակչությունը, որ ուներ բնական աճի բարձր տեմպեր, այնուամենայնիվ չէր աճում, փոխարենն աճում էր ադրբեջանցիների թիվը։ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բացումով ԼՂԻՄ հարակից շրջաններից Ստեփանակերտ էին բերվում հազարավոր ադրբեջանցիներ, որոնք ունեին մեկ խնդիր՝ ուսումն ավարտելուց հետո մնալ Ստեփանակերտում։   • Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ իրականացվում էր տնտեսական խտրական քաղաքականություն։ Մարզի կոլտնտեսությունների համար սահմանվում էին այնպիսի բարձր պլաններ, որոնք չէին համապատասխանում առկա պոտենցիալին։ Փաստորեն, ԼՂԻՄ-ը արտադրում էր շատ, իսկ Բաքվի իշխանություններից ստանում էր իր արտադրածից անհամեմատ չնչին ֆինանսավորում։ Սա այն պարագայում, երբ հարևան ադրբեջանական շրջանները, որ նման արտադրողականություն չունեին, ունեին ավելի բարձր կենսամակարդակ։ Մարզը վեր էր ածվել ադրբեջանական ԽՍՀ-ի հումքային կցորդի։ Մարզի մի շարք հիմնարկներ ու սակավաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ արհեստականորեն և չհիմնավորված դրված էին 40-100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ԼՂԻՄ-ի մաս չկազմող շրջանների ենթակայության տակ (օրինակ՝ որոշակի ժամանակահատվածում Ստեփանակերտի հացի գործարանը գտնվում էր Ակնայի (Աղդամի) ենթակայության տակ, Մարզի շինարարական վարչությունը ենթարկվում էր 120 կմ հեռավորության վրա գտնվող Մինգեչավուրին, Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկվում էր 60 կմ հեռավորության վրա գտնվող Բարդայի շրջանին և այլն):     Ամեն անգամ, երբ ԼՂԻՄ և Հայաստանի ԽՍՀ մտավորականությունը բարձրաձայնում էր պատմական արդարությունը վերականգնելու և Մարզը Հայաստանի ԽՍՀ վերադարձնելու մասին, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Մարզում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրեր էր կազմում, որոնք գործնականում չէին իրականացվում, այլ իրականում նպատակ ունեին թոզ փչելու Մոսկվայի աչքերին և ապակողմնորոշելու բարձրացված դժգոհություններից։   • Չնայած այն հանգամանքին, որ հայ առաքելական եկեղեցին 1950-ական թվականներից ակտիվացրել էր իր գործունեությունը հայության շրջանում հոգևոր ավանդույթների պահպանության բնագավառում, Արցախի թեմը վերաբացվել է միայն 1989 թվականին։ Արցախի հայկական եկեղեցիները վեր էին ածվել գոմերի և պահեստների։ Այն դեպքում, երբ ադրբեջանական տարբեր համայնքներում մուսուլմանական ավանդույթները պահպանվում և ազատորեն իրացվում էին, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ավանդույթները ճնշվում և վերացվում էին։   • 70 տարի շարունակ ԼՂԻՄ-ի հայկական բնակչությունը զրկված էր հեռուստատեսությամբ մայրենի լեզու լսելու և հարազատ մշակույթին հաղորդակից լինելու հնարավորությունից։ Մարզն առանձին հեռուստատեսություն չուներ, հայկական հեռուստաալիքը չէր հեռարձակվում ԼՂԻՄ տարածքում, հեռարձակվում էր միայն ադրբեջանական հեռուստատեսություն, որով շաբաթը երկու անգամ կես ժամ ժամանակով հայերեն լուրեր էին թողարկվում, այն էլ՝ Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին։   Սրանք փաստեր են, որոնք արձանագրված են այդ ժամանակահատվածի վիճակագրական տեղեկագրերում և մամուլում։ 1960-ական թվականներին Մոսկվայի կենտրոնական իշխանություններին ուղղված նամակում Արցախի մտավորականները հետևյալ միտքն են արտահայտում․ «Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918-1920 թթ․ թուրք-մուսավաթական և անգլիական նվաճման շրջանում։ Ամեն ինչ կատարվում է բարեկամության և եղբայրության քողի տակ»։   Կան նաև խտրականության դրսևորման և ԼՂԻՄ հայությանը մայր հայրենիքում ապրող հայությունից կտրելու այլ դրսևորումներ, որոնց վերաբերյալ ականատեսներն ու այդ ժամանակներում ապրած մարդիկ են փաստում՝   • Ստեփանակերտում շատ դժվարությամբ կարող եք գտնել հայկական վարդագույն տուֆով կառուցված տներ ու շենքեր, որովհետև այն արգելված էր միայն այն պատճառով, որ ԼՂԻՄ հայերին հիշեցնում էր Հայաստանը։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը (Տատիկ-պապիկ) տուֆով կառուցելու համար երկար վիճաբանություններ են եղել, որովհետև Բաքուն դեմ էր հուշարձանի կանգնեցմանը, մանավանդ՝ այն տուֆից պատրաստելուն։   • Ստեփանակերտի փողոցները անվանակոչվում էին հայերի համար անհասկանալի, անծանոթ ու ոչինչ չասող ադրբեջանական անուններով։ Հայ ականավոր գործիչների անուններով սակավաթիվ փողոցներ կային՝ հիմնականում խորհրդային ժամանակների հայտնի հայերի անուններով։   • Միտումնավոր կերպով խոչընդոտներ էին հարուցում Երևանում բարձրագույն կրթություն ստացած մասնագետների համար, որպեսզի վերջիններս, աշխատանք չունենալով, լքեն ԼՂԻՄ-ը։   • Ստեփանակերտում բազմաթիվ մթերքների դեֆիցիտ էր, այն դեպքում, երբ Ստեփանակերտից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ակնայի (Աղդամի) շուկաներում ամեն ինչ կարելի էր գտնել։ Սովորաբար տարբեր միջոցառումների ժամանակ ստեփանակերտցիները հենց մեկնում էին Ակնա (Աղդամ) առևտուր անելու համար։   Կարգավիճակը նպատակ է թե միջոց՝ դրանից մարդու իրավունքների տեսանկյունից իրողությունները և ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում»,- նշված է գրառման մեջ։    
17:55 - 11 մայիսի, 2022
Ադրբեջանի ղեկավարը ԵԽ նախագահի ներկայությամբ խոստացավ գերիների խումբ ազատ արձակել, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել. Փաշինյան

 |armenpress.am|

Ադրբեջանի ղեկավարը ԵԽ նախագահի ներկայությամբ խոստացավ գերիների խումբ ազատ արձակել, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում «Հայաստանը և Նիդերլանդները. Դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերությունը» թեմայով դասախոսությունից հետո՝ պատասխանելով ներկաների հարցերին: «Ցավոք, ի հեճուկս 2020 թվականի  նոյեմբերի 9-ի հայտարարության և բազմաթիվ միջազգային կառույցների կոչերի, 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված մեր քաղաքացիները չեն վերադարձվել, ինչն անհասկանալի է: Դա մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելու և առևտրի առարկա դարձնելու գործելակերպ է, որը դատապարտելի է»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ երբ գերիների թեման արծարծվեց, Ադրբեջանը փորձեց դա դարձնել առևտրի առարկա՝ հայկական կողմի ունեցած ականապատ դաշտերի քարտեզներ հետ փոխանակելու համար: «Եվ մենք, երբ տեսանք, որ փորձ է արվում մարդկանց փոխանակել քարտեզների հետ, քաղաքական որոշում կայացրինք, որ մեր արժեքների տրամաբանությունից դուրս է առևտուր անելը: Ադրբեջանը պնդում էր, որ պատերազմի ժամանակ մնացած ականապատ դաշտերի վրա ամեն օր մարդիկ են զոհվում, թիվ էր հրապարկում, և ես անձամբ քաղաքական որոշում կայացրեցի, որ այդ առևտուրը պետք է տեղի չունենա, և մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայտարարել, թե այդ քարտեզները այնքան էլ ճիշտ չեն: Մենք ասացինք՝ այնպես չէ, որ լավ քարտեզները մեզ ենք պահել, վատը ձեզ տվել, ինչ ունենք, դա է: Եվ նրանք դա նույնպես փորձեցին դարձնել շահարկման առարկա, բայց չնկատեցին մի բան, որ քարտեզների փոխանակումից հետո նրանց լրահոսից վերացել է ականների պայթյունի հետևանքով քաղաքացիների զոհվելու մասին տվյալը»,-ասաց վարչապետը: Փաշինյանը շեշտեց՝ հայկական կողմը դա արել է՝ ցույց տալու խաղաղության  օրակարգի մեջ իր անկեղծությունը, իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին: «Մինչև այսօր մեր առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում: Փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը:  Ի միջիայլոց, վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խաղաղության մասին խոսել՝ արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել»,-ասաց Փաշինյանը: Հայաստանի վարչապետը կարևորեց, որ միջազգային հանրությունը այս իրավիճակի մասին իմանա: Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց շարունակել հորդորները Ադրբեջանին, որ մարդկանց քաղաքական առևտրի առարկա պետք չէ դարձնել: «Պատերազմը շատերին է ողբերգություն բերել, բայց այդ բաց վերքի վրա անընդհատ աղ լցնելու մոտեցումը չեմ կարծում, թե տեղավորվում է այն արժեհամակարգի մեջ, որը հատուկ է 21-րդ դարին»,-նշեց վարչապետը:
16:57 - 11 մայիսի, 2022