Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

ԱԱԾ-ն հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին հայտնաբերելուն

ԱԱԾ-ն հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին հայտնաբերելուն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։ Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է, ստահոդ լուրեր տարածելով, խուճապ առաջացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության շրջանում։ Համացանցում առկա են նաև հայալեզու ադրբեջանական կայքեր (.az տիրույթում), որոնք պատրաստված են հայկական լսարանի համար և տարածում են ակնհայտ սուտ տեղեկություններ՝ դարձյալ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով: Սիրելի՛ հայրենակիցներ, Անհրաժեշտ է  չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, ցուցաբերել զգոնություն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը բացառապես միտված է մեր համազգային միասնությունը խաթարելուն և պետությունը թուլացնելուն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օրենսդրությամբ իրեն տրված ողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և  խուճապ սերմանող սադրիչներին (провокатор) հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ  պատասխանատվության ենթարկելուն: Միաժամանակ, հորդորում ենք խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման պահանջները:
20:03 - 03 հոկտեմբերի, 2020
Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ Սիրիայի ԱԳՆ |tass.ru|

Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ Սիրիայի ԱԳՆ |tass.ru|

Սիրիան զգուշացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին: Այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հեռարձակել է SANA գործակալությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական հակասությունների սրման։ Սիրիան կոչ է անում Երևանին և Բաքվին միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիան նվազեցնելու և տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոն լինի, որ չընկնի թուրքական ծուղակը, և պատասխանի հակամարտության զսպման ու երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնություններին»,- ասվում է Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։  
20:00 - 03 հոկտեմբերի, 2020
Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում․ Արցախի ԱԳ նախարար

Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում․ Արցախի ԱԳ նախարար

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ, մեխանիզմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Նա նշեց, որ Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում, այսինքն՝ Թուրքիայի ձեռքին է։ Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք հայկական դիվանագիտությունը շարունակել բանակցությունները այս ստատուս-քվոյի պայմաններում, Մայիլյանն ասաց, որ առնվազն պետք է վերականգնել առաջնագիծը, և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։ «Պետք է վերականգնվի 1994-ի այն գիծը, որ հաստատվել էր և համաձայնեցվել էր կողմերի միջև։ Եվ 2016-ին այդ գծի խախտման պատճառով է, երբ Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, որ 4 տարի հետո էլի պատերազմ սկսեն։ Որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմի շրջանում,- նշեց Արցախի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ունենք նոր գործոն․ Թուրքիա։ Եթե ՌԴ-ն այն ժամանակ ավելի հեշտ կարող էր, այսպես ասած, համոզել Ադրբեջանին, որ համաձայնեն գնալ խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար խնդիր է դրված․ համոզել Էրդողանին, հիմա ավելի խոշոր խաղացող է հայտնվել Հարավային Կովկասում։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է խաղաղություն պարտադրվի, Մասիս Մայիլյանը ընդգծեց, որ խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում։ «Երկրորդ ձևը, եթե խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, միջազգային տարբեր գործիքակազմերը, ինչպես ասում ենք, համոզելը, սանկցիաները»,- ասաց նախարարը։
19:34 - 03 հոկտեմբերի, 2020
Թուրքիան պատասխանատու է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղաշարժի համար.ՌԴ-ում Սիրիայի դեսպան

 |armenpress.am|

Թուրքիան պատասխանատու է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղաշարժի համար.ՌԴ-ում Սիրիայի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Թուրքական ռեժիմը ամբողջությամբ պատասխանատու է  ահաբեկիչների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անարգել տեղաշարժի համար: «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը՝ անդրադառնալով Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու Թուրքիայի քաղաքականությանը: «Այս տեղեկատվությունն անկասկած հաստատում է, որ Սիրիան ճիշտ էր իր բազում նախազգուշացումներով, որ տարածաշրջանը ապակայունացնելու համար ուղարկված ահաբեկչական խմբավորումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ասել է Հադդադը: Հադդադը նշել է,  որ Սիրիան նրանց վերջին կանգառը չէր լինելու, որ այս փաստերը պահանջում են այդ գործելաոճի նկատմամբ միջազգային զսպող դիրքորոշում: «Սիրիան ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, որոնց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են»,-ընդգծել է դեսպանը:
19:27 - 03 հոկտեմբերի, 2020
Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ․ «Հովազ-1»

Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ․ «Հովազ-1»

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ: Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները: Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք: Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում»:
18:47 - 03 հոկտեմբերի, 2020
Մարտերի օրերին սփյուռքից Հայաստան վերադառնալ ցանկացողները The Guradian-ի ուշադրության կենտրոնում են |armenpress.am|

Մարտերի օրերին սփյուռքից Հայաստան վերադառնալ ցանկացողները The Guradian-ի ուշադրության կենտրոնում են |armenpress.am|

armenpress.am: Հեղինակավոր The Guradian-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, այս անգամ պարբերականն անդրադարձել է հայկական սփյուռքին, որի ներկայացուցիչներից  շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողությունների ընթացքում մոբիլիզացվել և վերադառնում են հայրենիք: Ծավալուն հոդվածում The Guradian-ը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին մի խումբ աշխարհահռչակ մարդիկ՝ Քիմ Քարդաշյանը, իր ամուսին Քանյե Ուեսթը, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը, Հենրիխ Մխիթարյանը և այլք սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմայի վերաբերյալ ակտիվ հրապարակումներ են արել: Լրատվամիջոցը նկատել է, որ այդ հայտնիներից շատերը հայկական սփյուռքից են: «Հայաստանում բնակվում է շուրջ 3 միլիոն մարդ: Բայց նրա սփյուռքը կենտրոնացած է ԱՄՆ – ում, Լիբանանում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում»,-գրել է The Guradian-ը: Լրատվամիջոցը նկատել է, որ սեպտեմբերի 27-ի մարտերի բռնկումից ի վեր, ինչը, ըստ շատ վերլուծաբանների, կարծես թե սանձազերծել է Ադրբեջանը, հայկական լոբբիստական խմբերը բողոքի ցույցեր են անցկացնում ՝ ամերիկահայերին խնդրելով լոբբինգ անել: «Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ակտիվացրել է ջանքերը `համոզելու սփյուռքին գալ ու վերաբնակվել հայրենիքում: Birthright Armenia-ն 2003 թվականից ի վեր օգնում է վճարել սփյուռքահայ երիտասարդների համար, որպեսզի նրանք ապրեն ու աշխատեն հայրենիքում»,-նկատել է The Guradian-ը: Լրատվամիջոցը նկատել է, որ տարբեր ժամանակներում սփյուռքից հայրենադարձություններ եղել են: Ըստ Repat Armenia-ի, որն աջակցում է վերաբնակեցմանը, 1991 թվականից ի վեր շուրջ 50 000 սփյուռքահայեր տեղափոխվել են Հայաստան: Ըստ գնահատումներից մեկի՝ այդ թվերը աճել են 15 000-ով 2018-ի թավշյա հեղափոխությունից ի վեր: Սիրիական պատերազմով պայմանավորված՝ շուրջ 22 000 սիրիահայեր ևս վերադարձել է հայրենիք, նրանցից շատերը հաստատվել են Լեռնային Ղարաբաղում: Լրատվամիջոցը նշել է՝ այս շաբաթվա մարտերը սփյուռքահայ շատ երիտասարդների վերադարձի վերջին խթանն են: « Մենք այս պահին սպասում էինք մեր ամբողջ կյանքում», - ասել է Բեյրութում ծնված և մեծացած  ուսանող Գևորգ Արբաջյանը, որը հաջորդ շաբաթ գալու է Հայաստան: Նա նշել է՝ հայրենիքի համար կռվելու գաղափարը շատ ռոմանտիկ է, այդ գաղափարով է մեծացել: «Եթե ցեղասպանությունը կատարողները վերադարձել են, մենք պետք է վերադառնանք ռազմի դաշտ, այլընտրանք չունենք»,-ասել է նա:
18:36 - 03 հոկտեմբերի, 2020
Հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում․ Նիկոլ Փաշինյան

Հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչով դիմել է հայ ժողովրդին․ «Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդն Արցախում եւ Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը։ Հարձակման մասշտաբներն աննախադեպ են։ Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների՝ 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում։  Հարյուրավոր տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր եւ հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ եւ տասնյակ հազարավոր հետեւակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով։  Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտ 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ։ Մեր զինվորականների վկայությամբ՝ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից՝ գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ։ Մեր տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի տարբեր օղակների հրամանատարական կետերում եւ ղեկավարում են ռազմական գործողությունները։ Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում։  Արդեն մեկ շաբաթ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց ու մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա։ Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական եւ քաղաքացիական։ Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր։ Աներեւակայելի է այն տոկոնությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման։ Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս։ Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ, մարդուժի կորուստներն անցնում են մի քանի հազարը։ Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում։ Որոշ տեղերում ՊԲ զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին։ Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության, թերեւս, ամենավճռորոշ փուլում։ Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են, նրանք միայն Ղարաբաղի եւ Ղարաբաղի հետեւից չէ, որ եկել են, նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով, նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը հայոց ցեղասպանության՝ իրենց քաղաքականության շարունակությունն է։ Եվ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր։  Ուզում եմ ասել, որ հիմա այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ։ Այսօր ավելի քան երբևէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ։ Հայ ազգը, որ նահատակ և կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլևս համաձայն չէ որևէ ուրիշ ճակատագրի։ Հաղթանակը միայն ու միայն հաղթանակն է, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում։  Այսօր արդեն Արցախի ՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների՝ ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու և հաղթելու հայկական կամքի հետ։ Ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին։ Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է հաղթանակ։ Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում։ Ու մենք կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայմանորեն կհաղթենք։ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։ Փա՛ռք ընկած հերոսներին, փա՛ռք հայոց հաղթական բանակին, փա՛ռք հաղթական հայ ժողովրդին»։ 
17:58 - 03 հոկտեմբերի, 2020
Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները |armenpress.am|

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները |armenpress.am|

armenpress.am:  Իրանը մեծ զգայունությամբ և լրջությամբ հետևում է իր սահմանակից շրջաններում զարգացումներին: Ինչպես տեղեկացնում է  Իրանի արտաքին գործերի նախարարության կայքը, այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով  Ադրբեջանի և Արցախի միջև շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Իրանի տարածքի խախտումների մասին հաղորդագրությունները: «Անընդունելի համարելով հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի հարձակում ՝ լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին»,- ասել է Խաթիբզադեն: Նա նաև ընդգծել է լուրջ բանակցությունների սկսման անհրաժեշտությունը: Կարևոր է պահպանել քաղաքացիական անձանց վրա չհարձակվելու սկզբունքը: Պետք է դադարեցվեն բախումները, և այդ նպատակներին հասնելու հարցում Իրանը պատրաստ է սատարել:
17:29 - 03 հոկտեմբերի, 2020