Հայաստան

Ուրուգվայի արտգործնախարարը դատապարտել է Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը |armenpress.am|

Ուրուգվայի արտգործնախարարը դատապարտել է Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը |armenpress.am|

armenpress.am: Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն դատապարտել է Մոնտեվիդեոյում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը: Այս մասին հայտնում է El Pais-ը: Ֆրանսիսկո Բուստիլյոն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Ուրուգվայը հիշողությունը հարգող երկիր է, նաև խաղաղության ձգտող և ապագայի երկիր է:  «Մեր երկիրն առճակատումների դեպքում հաշտեցումը նախընտրող երկիր է: Մենք քարոզում ենք փոխըմբռնում, հանդուրժողականություն և հույս ունենք, որ նրանք, ովքեր այցելում ենք այս երկիր, որտեղ քարոզվում է խաղաղություն և հանդուրժողականություն, վարվեն նույն կերպ: Մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»,- ընդգծել է Բուստիլյոն՝ անդրադառնալով Չավուշօղլուի ազգայնական ժեստին: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը աշխատանքային այցով Ուրուգվայում էր, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։ Նա ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը։
12:14 - 25 ապրիլի, 2022
Մոսկվան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուն․ Դենիս Գոնչար |factor.am|

Մոսկվան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուն․ Դենիս Գոնչար |factor.am|

factor.am: Մոսկվան նպաստում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, վճռական է կողմերի միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու հարցում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Նպաստում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուն: Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել ամեն կերպ օգնել Բաքվին և Երևանին ընդհանուր լեզու գտնելու, վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար: Միաժամանակ, մենք ողջունում ենք երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր եռակողմ ջանքերը, և հիմնված չեն աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա»,- ասել է Գոնչարը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
12:03 - 25 ապրիլի, 2022
Փաշինյանը պաշտոնապես շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Փաշինյանը պաշտոնապես շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի և Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի վստահության քվեն նախագահի պաշտոնում նախորդ տարիների Ձեր կատարած ծավալուն աշխատանքի ամենաբարձր գնահատականն է, ինչը վերահաստատում է Ձեր ընտրած քաղաքական ուղեգծի հաջողությունը։ Գալիք հնգամյակի ընթացքում մաղթում եմ Ձեզ ուժ և տոկունություն՝ Ֆրանսիայի Հանրապետության բարձր պաշտոնում Ձեր իմաստուն քաղաքականության շարունակության և ֆրանսիացի ժողովրդին դեպի նոր ձեռքբերումներ առաջնորդելու համար։ Հավատացած եղեք՝ Հայաստանը Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին կլինի համատեղ բոլոր մարտահրավերների հաղթահարման գործում։ Համոզված եմ՝ Ձեր վերընտրությունը գալիք հնգամյակի ընթացքում նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերություններին և հնարավորություն կտա հաջողությամբ շարունակել միասին համաձայնեցված մեր համատեղ ծրագրերը, այդ թվում՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի դերակատարումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում և հույս հայտնում, որ այն շարունակական կլինի նաև Ձեր նախագահության երկրորդ հնգամյակի ընթացքում։ Մոտ ապագայում Ձեզ Երևանում հյուրընկալելու սպասումով՝ կրկին շնորհավորում եմ վստահ հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն։ Խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։ 
11:00 - 25 ապրիլի, 2022
«Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն». Թրյուդոյի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ |armtimes.com|

«Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն». Թրյուդոյի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ |armtimes.com|

armtimes.com: Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայ համայնքին՝ հարգելու մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հայտարարության մեջ: Թրյուդոն նշել է, որ հիշատակում է նաև կանադահայերին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ունենալ ուժեղ երկիր, որն այսօր վայելում են նրանց նախնիները:  «1915-1923թթ. տեղի ունեցած վայրագությունները և զոհերի սարսափազդու թիվը երբեք չպետք է մոռացվեն: 1915 թ.՝ ողբերգության մեկնարկից 100 տարի անց, Կանադայի խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու առաջարկը: Սա ամսաթիվ է, որն այդ օրվանից հիշեցնում է կորուստների, վերքերի, ցավի մասին և երաշխավորում, որ այդ վայրագությունները երբեք չկրկնվեն: Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա՝ ապահովելու, որ նման դաժանություն այլևս երբեք չկրկնվի»,- ասվում է նրա ուղերձում:
20:48 - 24 ապրիլի, 2022
Թուրքիան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Բայդենի ուղերձն «անհաջող» է որակել |1lurer.am|

Թուրքիան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Բայդենի ուղերձն «անհաջող» է որակել |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ին մի շարք երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունների վերաբերյալ: Անկարան «անհաջող» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը՝ այն համարելով «2021 թ. արված սխալի կրկնություն»: «Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներից ելնելով՝ խեղաթյուրում են պատմական իրողությունները, և դատապարտում ենք նրանց, ովքեր թույլ են տալիս այս սխալը»,- նշված է հայտարարության մեջ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը «միակողմանի և ընտրողական մոտեցում է» և հետապնդում է քաղաքական նպատակներ: «Մարդկային կեցվածքը և խիղճը պահանջում են, որ այդ ժամանակ տեղի ունեցած բոլոր տառապանքները հիշատակվեն առանց էթնիկ և կրոնական տարանջատման: Թուրքիան oսմանյան բնակչության, այդ թվում և՝ հայերի ապրած տառապանքները հարգանքով է հիշում»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Գերատեսչության պնդմամբ՝ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ տարածաշրջանում և աշխարհում տիրապետող լինեն խաղաղությունն ու կայունությունը, և առաջ մղվի համագործակցության ոգին:
18:48 - 24 ապրիլի, 2022
Անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար․ Ռուբեն Ռուբինյան

Անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար․ Ռուբեն Ռուբինյան

Այսօր Ստրասբուրգում հայկական խաչքարի մոտ Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներով հարգեցինք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին գրել է ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ «Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան։ Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար։ Այլևս երբեք չպիտի դառնանք անմեղ զոհ, քավության նոխազ կամ մանրադրամ։ Մենք պիտի որոշենք մեր տեղը, մեր դերը, մեր ճակատագիրը՝ մեր ազատ երկրով ու մեր անկախությամբ, մեր պաշտպանունակությամբ ու դիվանագիտությամբ, մեր ճկունությամբ ու համառությամբ։ Ու այս նպատակին հասնելու համար անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար»,- նշել է նա։
18:03 - 24 ապրիլի, 2022
Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից. ՀՀ ԱԳ նախկին նախարարի արձագանքը Չավուշօղլուի ազգայնական քայլին |armenpress.am|

Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից. ՀՀ ԱԳ նախկին նախարարի արձագանքը Չավուշօղլուի ազգայնական քայլին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» ավանդական ողջույնը զզվելի էր, անհարգալից ու ռասիստական։ «Թվիթեր»-ում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ գրելով. «Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից»։ Մնացականյանն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է երկու հարևանների միջև հարաբերություններում։ «Անկասկած, այն ենթադրում է բարեխղճություն ու կարեկցանք։ Թուրքիայի ժխտողականությունը չի որակվում որպես բարեխղճության դրսևորում։ Դադարեցրեք Հայոց ցեղասպանության ժխտումը։ Եվ Աստծու սիրուն, դադարեցրեք Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին հանձնարարելը։ Նրանք այս 107 տարիների ընթացքում իրենց աշխատանքը բազմիցս հիանալի կատարել են։ Հիմա ձեր հերթն է ցույց տալ քաղաքական քաջություն ու հարգանք ինքներդ ձեր նկատմամբ»,- նշել է Մնացականյանը։ Նա հեգնական է որակել այն, որ Իսրայելն ու Ռուանդան, որոնք պատմության ընթացքում ևս տեսել են ցեղասպանություն, մինչ օրս չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ «Սա մրցում չէ «լավագույն ցեղասպանության» համար։ Քանի դեռ դուք ժխտում եք այլ ժողովուրդների ողբերգությունը, արդարության ու ճշմարտության մասին ձեր զգացմունքները դատարկ են»,- «Թվիթեր»-ում գրել է Մնացականյանը։  
17:36 - 24 ապրիլի, 2022
Էրդողանն անկնալում է, որ Թուրքիայի հայ համայնքը կսատարի կարգավորման գործընթացը

Էրդողանն անկնալում է, որ Թուրքիայի հայ համայնքը կսատարի կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն, ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և Թուրքիայի հայ համայնքին։ «Եվս մեկ անգամ հարգանքի տուրք եմ մատուցում մահացած օսմայնան հայերին և անկեղծ ցավակցությունս հայտնում նրանց՝ կենդանի մնացած հարազատներին։ Աստծո ողորմածությունը թող լինի օսմանյան բոլոր քաղաքացիներին, որոնք ընդմիշտ հեռացել են Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում», - նրա խոսքերն է մեջբերում Daily Sabah-ը։ Էրդողանը նշել է նաև, որ մարդկության պարտքն է՝ հասկանալ և կիսել այս ընդհանուր ցավն՝ առանց կրոնական, էթնիկ կամ մշակութային խտրականության։ Նա ընդգծել է, որ «ապագան պետք է միասին կերտել»։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ «Ես գիտեմ, որ կարգավորման գործընթացն անկեղծորեն սատարում են հայկական ծագում ունեցող մեր քաղաքացիները, որոնք կողմ են երկու հարևան երկրների սերտ համագործակցությանը, և ես սրան մեծ նշանակություն եմ տալիս, - ասել է Էրդողանը։ - Ակնկալում եմ, որ ձեր մեծ ներդրումը կունենաք այս պատմական հնարավորության արժևորման հարցում, որն այսքան տարի անց ստեղծվել է՝ ի նպաստ մեր տարածաշրջանի հարատև խաղաղության և կայունության»։ «Ուզում եմ՝ վստահ լինեք, որ մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը, որ մեր հայ քաղաքացիները․․․ պաշտպանված լինեն, ապրեն խաղաղության և  անվտանգության մեջ»։   Նորա Վանյան
16:51 - 24 ապրիլի, 2022