Էրդողանն անկնալում է, որ Թուրքիայի հայ համայնքը կսատարի կարգավորման գործընթացը
16:51 - 24 ապրիլի, 2022

Էրդողանն անկնալում է, որ Թուրքիայի հայ համայնքը կսատարի կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն, ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և Թուրքիայի հայ համայնքին։

«Եվս մեկ անգամ հարգանքի տուրք եմ մատուցում մահացած օսմայնան հայերին և անկեղծ ցավակցությունս հայտնում նրանց՝ կենդանի մնացած հարազատներին։ Աստծո ողորմածությունը թող լինի օսմանյան բոլոր քաղաքացիներին, որոնք ընդմիշտ հեռացել են Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում», - նրա խոսքերն է մեջբերում Daily Sabah-ը։

Էրդողանը նշել է նաև, որ մարդկության պարտքն է՝ հասկանալ և կիսել այս ընդհանուր ցավն՝ առանց կրոնական, էթնիկ կամ մշակութային խտրականության։ Նա ընդգծել է, որ «ապագան պետք է միասին կերտել»։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

«Ես գիտեմ, որ կարգավորման գործընթացն անկեղծորեն սատարում են հայկական ծագում ունեցող մեր քաղաքացիները, որոնք կողմ են երկու հարևան երկրների սերտ համագործակցությանը, և ես սրան մեծ նշանակություն եմ տալիս, - ասել է Էրդողանը։ - Ակնկալում եմ, որ ձեր մեծ ներդրումը կունենաք այս պատմական հնարավորության արժևորման հարցում, որն այսքան տարի անց ստեղծվել է՝ ի նպաստ մեր տարածաշրջանի հարատև խաղաղության և կայունության»։

«Ուզում եմ՝ վստահ լինեք, որ մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը, որ մեր հայ քաղաքացիները․․․ պաշտպանված լինեն, ապրեն խաղաղության և  անվտանգության մեջ»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել