Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում.Ռուստամ Բադասյան

Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում.Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին: Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ: Նախարար Բադասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և ընդգծել, որ Կառավարության այս հավակնոտ ծրագիրը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե բոլորը չմասնակցեն այդ գործընթացին՝ ուղղված բարեփոխումների շուրջ միասնական կարծիք ձևավորելուն:Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ԵՄ դեսպանին և Իրավաբանների հայկական ասոցիացիային միջոցառումը իրականություն դարձնելու համար:Նախարարը, դատաիրավական բարեփոխումների համատեքստում, մասնավորապես, անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը՝ ուղղված արդարադատության մատչելիությանը: «Հայաստանում որպես փաստաբան աշխատելով՝ շատ հաճախ նկատել եմ, որ գործարար շրջանակները խուսափում են դատարանում գործ ունենալուց, որովհետև գիտեն, որ ընթացքը բավական երկար է և հաճախ ոչ արդյունավետ՝ նույնիսկ դրական արդյունքի հասնելու դեպքում: Այս խնդիրը լուծելու համար մեր ձեռնամուխ ենք եղել էլեկտրոնային գործիքների ներդրմանը, որի արդյունքում էապես կկրճատվեն դատարանների ծանրաբեռնվածությունը և դատական գործերի քննության ժամանակահատվածը»,- ասել է Ռուստամ Բադասյանը:Արդարադատության նախարարը հայտարարել է նաև, որ դատական իշխանության նկատմամբ Կառավարությունը որդեգրել է հավասարակշռված մոտեցում: «Այն դատավորները, որոնք բարեխիղճ կկատարեն իրենց պարտականությունները, կիրականացնեն արդարադատություն, կունենան նաև նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, ընդլայնված աշխատակազմ: Իսկ արդարադատության իրականացմանը չնպաստող դատավորների համար նախատեսվում է կարգապահական վարույթների գործիքակազմի ընդլայնում՝ այդ թվում նաև գույքային հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորության ավելացում»,- նշել է նախարար Բադասյանը՝ շեշտելով, որ որևէ տրամադրվածություն դատական իշխանության նկատմամբ չկա, և կարգապահական վարույթները հարուցվելու են միայն այն դեպքում ու համապատասխան միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվելու է այն դեպքում, երբ համոզվածություն լինի, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասով բարձր շեմը հաղթահարված է:Ռուստամ Բադասյանի խոսքով՝ բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն դատական իշխանությամբ. բարեփոխումներ կիրականացվեն նաև դատախազության համակարգում, քննչական մարմիններում, դրանք չեն շրջանցի նաև սնանկության, փաստաբանության, հարկադիր կատարման ոլորտները: Էլեկտրոնային արդարադատության համատեքստում նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ չի լինելու հատվածային մոտեցում: «Բոլոր գործերով այն փաստաթղթերը, որոնք հնարավոր է ներկայացնել թղթային տարբերակով, ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով: Դատական համակարգից այլ պետական մարմիններ դրանք ևս դուրս են գալու էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է արդարադատության նախարարը:Անդրադառնալով անցումային արդարադատության թեմային՝ Ռուստամ Բադասյանը շեշտել է, որ նպատակը ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա կենտրոնանալն է: «Մենք պատժիչ քաղաքականություն չենք որդեգրել: Փաստահավաք հանձնաժողովի միջոցով վեր են հանվելու այն բոլոր կոռուպցիոն երևույթները, որոնք չեն նպաստել Հայաստանում տնտեսության զարգացմանը, արդարադատության ոլորտի զարգացմանը և ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք կբացառեն ապագայում նման կոռուպցիոն մեխանիզմների կիրառումը»,- հայտարարել է նախարար Բադասյանը:Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին՝ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է քաղաքական ուղղորդվածությունից զերծ մասնագիտացված խումբ: Վերջինը որոշելու է այն ուղղությունները, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է մշակել սահմանադրական բարեփոխումներ:Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Աննա Վարդապետյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:
06:10 - 30 սեպտեմբերի, 2019
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը բավարար են. Ռուստամ Բադասյան |pastinfo.am|

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը բավարար են. Ռուստամ Բադասյան |pastinfo.am|

pastinfo.am։ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը բավարար են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։«Փաստաթղթի հիմնավորումները կարդացել եմ ՝ ինչն են իրենք դիտում՝ որպես էական խախտման հիմնավորում։ Իմ կարծիքով կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են և ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ»,- ասաց Բադասյանը։Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել «Իմ Քայլը» խմբակցության կողմից մշակված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը։Նախագծի հեղինակները ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը բարձրացնելու համար մատնանշել են երկու հիմնավորում.Հրայր Թովմասյանի կողմից իր ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված գործով սեփական անձի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը չբարձրացնելը։Ինչպես նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից Հրայր Թովմասյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցի բարձրացնելու պայմաններում մինչև վերջնական որոշման կայացումն այդ հարցը չքննարկելը։Հավելենք, որ նախագծին կից ներկայացվել է նաև 24 տեսանյութ և մի շարք այլ հրապարակումներ։
07:43 - 27 սեպտեմբերի, 2019
Ռուստամ Բադասյանը հնարավոր է համարում ՍԴ-ում առաջացած ճգնաժամի լուծումը |armenpress.am|

Ռուստամ Բադասյանը հնարավոր է համարում ՍԴ-ում առաջացած ճգնաժամի լուծումը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամը հնարավոր կլինի լուծել առաջիկայում ձևավորվող մասնագիտական խմբի միջոցով: Բադասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը:«2020 թվականի փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է Սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ: Այդ կառույցը լինելու է ապաքաղաքական և ձևավորվելու է բացառապես մասնագիտական հիմքով: Կարծում եմ, հնարավոր է նաև լուծել ՍԴ-ում առաջացած ճգնաժամի հարցը, եթե ձևավորված խումբն անհրաժեշտ համարի և առաջարկի համապատասխան լուծումներ»,- նշեց Բադասյանը:Անդրադառնալով Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորմանը, ինչի արդյունքում կստեղծվի գերագույն դատարան, Արդարադատության նախարարն ասաց, որ այդ հարցը պետք է գնահատի մասնագիտական խումբը: «Մենք թողնելու ենք, որպեսզի մասնագիտական հանրույթը որոշի, արդյոք կա դրա անհրաժեշտությունը, թե ոչ»,- ընդգծեց Բադասյանը:
07:20 - 27 սեպտեմբերի, 2019
Որևէ տրամադրվածություն դատական իշխանության դեմ չկա. արդարադատության նախարարը՝ դատաիրավական սպասվող բարեփոխումների մասին |aysor.am|

Որևէ տրամադրվածություն դատական իշխանության դեմ չկա. արդարադատության նախարարը՝ դատաիրավական սպասվող բարեփոխումների մասին |aysor.am|

aysor.am։ Հայաստանի դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ գործող իշխանությունները դատական իշխանության նկատմամբ որդեգրել են բալանսավորված մոտեցում։ Այսօր ռազմավարության վերաբերյալ քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հստակեցրեց՝ ինչ է նշանակում այդ մոտեցումը։ Նրա խոսքով` այն դատավորները, ովքեր բարեխիղճ կկատարեն իրենց գործը, կիրականացնեն արդարադատություն, ունենալու են նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, աշխատակազմ ավելի ընդլայնված, քան ունեն հիմա։ Իսկ այն բոլոր դատավորները, նախարարի խոսքով, ովքեր չեն նպաստելու Հայաստանում արդարադատության իրականացմանը, կենթարկվեն կարգապահական պատժի։ Ռազմավարությամբ, ըստ պաշտոնյայի, ընդլայնված են կարգապահական վարույթների գործիքակազմերը։ Մասնավորապես, ավելացել է գույքային հիմքով կարգապահական վարույթ հարուցելու հիմքը, ինչպես նաև կհստակեցվեն գործող հիմքերը։ «Որևէ տրամադրվածություն դատական իշխանության դեմ չկա, և կարգապահական վարույթ հարուցվելու միջնորդություն Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվելու է միայն այն դեպքում, երբ համոզված կլինենք, որ դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասով բարձր շեմը հաղթահարված է», - այսօր ռազմավարության քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարարը։ Բացի այդ, նույն ռազմավարությամբ, ըստ նախարարի, բարեփոխումներ իրականացվելու են դատախազական, քննչական համակարգերում։ Պաշտոնյայի խոսքով` այդ բարեփոխումների նպատակը լինելու է այդ համակարգերի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը։ «Բարեփոխումները չեն շրջանցի սնանկության, փաստաբանության, հարկադիր կատարման ոլորտները։ Բոլոր մասերով նախատեսված է կոնկրետ գործողությունների շրջանակ», - հայտարարեց նախարարը։
06:54 - 27 սեպտեմբերի, 2019
Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել. Ռուստամ Բադասյան |tert.am|

Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել. Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ն իրավասու էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, Բադասյանն ասել է. «Իրավասության մասով գիտեք, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի առնվազն 3 անդամի մասնակցության անհնարինության մասին փաստարկներ, և այդ մասով ՍԴ-ն որևէ որոշում չի կայացրել: Եթե, ամեն դեպքում, առկա էին անհնարինության մասին տվյալներ, ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել և սահմանված ընթացակարգով պետք է որոշում կայացվեր՝ արդյոք անհնարին է իրենց մասնակցությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՝ ոչ: Այս առումով, պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել, և առնվազն պետք է պարզել անհնարինության հիմքեր եղել են, թե՝ ոչ, քննարկվել են, թե՝ ոչ, պետք է քննարկվեին, թե՝ ոչ»: Ռուստամ Բադասյանի խոսքերով՝ ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման:
11:49 - 05 սեպտեմբերի, 2019
Առաջարկվում է ստեղծել բժշկական հանձնաժողով, որը կտրամադրի եզրակացություն կալանավորված անձանց ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելուն

Առաջարկվում է ստեղծել բժշկական հանձնաժողով, որը կտրամադրի եզրակացություն կալանավորված անձանց ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելուն

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է բանտային բժշկության ոլորտում բարեփոխումներից վերաբերյալ օրենքի նախագիծ: Նախարարը նշել է, որ միջազգային չաափնիշներին համապատասխան նախատեսվել է, որ յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից, անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրովող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից: «Քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի կողմից արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կարող են տրամադրվել բժշկի կողմից՝ բժշկական փաստաթղթերով հաստատված բժշկական ցուցումների առկայության դեպքում»,- ասաց նա: Բադասյանի խոսքով՝ հիվանդությունների դասակարգման միջազգային չափանիշին է համապատասխանեցվում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը: «Առաջարկվում է այն տարածել կալանավորումը ոորպես խափանման միջոց ընտրելուն խոչընդոտող հիվանդությունների վրա՝ նշված ցանկը դարձնելով կողմնորոշիչ նախկին սպառիչ ցանկի փոխարեն: Առաջարկվում է արդարադատության նախարարությանը կից ստեղծել բժշկական հանձնաժողով, որը կտրամադրի եզրակացություն՝ կալանավորված անձանց ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարությանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ»,- ասաց նախարարը:
08:53 - 15 օգոստոսի, 2019
Կձևավորվի հատուկ խումբ՝ Սահմանադրական բարեփոխումների նպատակով. Ռուստամ Բադասյան

Կձևավորվի հատուկ խումբ՝ Սահմանադրական բարեփոխումների նպատակով. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Նախօրեին, «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում անդրադարձա նաև անցումային արդարադատության գործիքներին, և ի պատասխան այն հարցի, թե «ընդդիմությունն ասում է, որ Կառավարության պատկերացրած վեթինգը չի լինելու» նշեցի. «Մենք ոչ միայն հստակ գիտենք՝ ինչ ենք ցանկանում, այլև ունենք ռազմավարական փաստաթղթեր, որոնցից, օրինակ, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն արդեն հանրային քննարկումների փուլում են: Այդ Ռազմավարությունը դրական վերաբերմունքի ու գնահատականի է արժանացել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից: Անցումային արդարադատության որոշակի տարրերի մասին անդրադարձ կլինի նաև Դատաիրավական ռազմավարության փաստաթղթում, որն առաջիկայում կհրապարակվի: Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին: Այսինքն, բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում: Ինչ վերաբերում է դատավորների և այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ապա արդեն պատրաստ է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումների և որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման»:    
13:30 - 06 օգոստոսի, 2019
Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում քաղաքացիների կողմից կոռուպցիոն դեպքերն ազդարարելու մասով |armenpress.am|

Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում քաղաքացիների կողմից կոռուպցիոն դեպքերն ազդարարելու մասով |armenpress.am|

armenpress.am։ Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը բաղկացած է լինելու ֆինանսական գնահատական տալու, մոնիթորինգի իրականացնելու և նախատեսված գործողություններին գնահատական տալու գործիքներից: Օգոստոսի 1-ին «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով հակակոռուպցիոն նոր ռազմավարության տարբերությունը նախորդներից: «Այս ռազմավարությունը չի լինելու քարացած մի փաստաթուղթ և ենթակա է լինելու անընդհատ փոփոխման: Եթե տեսնենք, որ մեկ ամիս հետո ինչ-որ բան չենք նախատեսել, կամ, օրինակ, ֆինանսական գնահատականը չհասցնենք ամբողջ խորությամբ տալ, կարող ենք վերանայել կամ փոփոխել այն: Իհարկե, դա վերաբերում է ոչ կոնցեպտուալ հարցերին»,- ասաց նախարարը: Բադասյանը նշեց, որ կանխարգելիչ մարմինը, որը ստանալու է հայտարարագրերը և վերլուծելու է, կարիք է ունենալու որոշակի օպերատիվ տեղեկության և ազդարարման:Նախարարը այստեղ խնդիր է տեսնում, քանի որ հասարակության մի ստվար զանգված դեռ չի ազդարարում կոռուպցիոն դեպքերի մասին: «Հայտարարագիր ստացող մարմինը պետք է ունենա աջակցություն հասարակության կողմից , ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանման կողմից: Միաժամանակ, հակակոռուպցիոն կոմիտեի այդ ստորաբաժանումը կարիք ունի հասկանալու, թե կանխարգելիչ մարմինը քանի հայտարարագիր է վերլուծել և ստանա այդ վերլուծության արդյունքները, որպեսզի կարողանա պլանավորել իր աշխատանքները»,- ասաց Բադասյանը: Նա կարևորեց նաև հակակոռուպցիոն քաղաքականության և գործողության անցումը դեպի մարզեր: «Այս հատվածը ևս թերի կողմերից մեկն է, որը պետք է շտկվի: Այսինքն՝ համայնքներում բնակիչները պետք է հասկանան իրենց համայնքի կառավարման սկզբունքները և որքանով են իրենք ներկայացված կառավարման տարբեր փուլերում և ինչ իրավունքներ ունեն ու ինչպես կարող են վերահսկել կառավարումը»,- եզրափակեց Բադասյանը:
13:33 - 01 օգոստոսի, 2019
Բադասյանը հայտնել է, թե ինչու է Ստամբուլյան կոնվենցիայի հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով |armenpress.am|

Բադասյանը հայտնել է, թե ինչու է Ստամբուլյան կոնվենցիայի հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am։ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը կարող է օգտակար լինել, որպեսզի Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման ժամանակ ունենա անկախ մարմնի գնահատականը որոշակի տերմինների վերաբերյալ: Օգոստոսի 1-ին «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Մենք ցանկացել ենք ընդամենը ունենալ խորհրդատվական կարծիք և այդ հանձնաժողովին չենք դիմել սահմանադրականության հարցով: Մեր հարցադրումները Վենետիկի հանձնաժողովին այլ են: Իսկ ինչու է որոշվել դիմել, որովհետև, կարծում ենք, որ այդ խորհրդատվական կարծիքը կարող է օգտակար լինել հանրային քննարկման շրջանակում, որպես անկախ մարմնի կողմից որոշակի գնահատական տրվի այդ կոնվենցիայում օգտագործվող որոշ տերմիների վերաբերյալ»,- եզրափակեց Բադասյանը: Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար:
12:01 - 01 օգոստոսի, 2019
Կոնվենցիան չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում, չի ճանաչում երրորդ սեռ. ԱՆ |lragir.am|

Կոնվենցիան չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում, չի ճանաչում երրորդ սեռ. ԱՆ |lragir.am|

lragir.am։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու նախարարության մասնագետները Ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ եթերով պարզաբանումներ ներկայացրին «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի վերաբերյալ: Բադասյանն ասաց, որ կոնվենցիան որևէ կերպ չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում, ինչը շահարկում են դրա դեմ հանդես եկող շրջանակները: Կոնվենցիան չի ճանաչում երրորդ սեռ, որովհետև հստակ տարաջատված են սեռ և գենդեր հասկացությունները: Նա նշեց, որ գենդեր հասկացությունը նոր չէ Հայաստանի համար, 2013 թվականից գենդեր հասկանությունը հիշատակվում է ՀՀ օրենսդրությունում, որևէ աղետ տեղի չի ունեցել հայկական ընտանիքներում: Նախարարը հավելեց, որ կոնվենցիան միմիայն կանանց դեմ բռնությունների կանխարգելմանն է ուղղված: “Այս կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ իրավական համակարգ նոր տերմին չի ներմուծվում: Բնականաբար, հարց է ծագում, ովքե՞ր են այն խմբերը, ովքեր ամեն կերպ փորձում են կոնվենցիան ներկայացնել հայ հասարակության համար զգայուն թեմաների դաշտում”,- ասաց նա: Կոնվենցիայի վավերացմանը դեմ էր արտահայտվել նաև Հայ առաքելական եկեղեցին: Ռուստամ Բադասյանն ասաց, որ երկխոսությունը եկեղեցու հետ շարունակելու են, որպեսզի բոլոր մտահոգությունները վերանան: Նա նշեց, որ ուզում է հետադիմական ուժերի մեկնաբանություններին անդրադառնալ, որոնք իրականում հասարակության հետ անկեղծ չեն: “Նրանք կարծում են, որ դաստիարակչական առումով կնոջ ու երեխաների հանդեպ բռնությունն արդարացված է, նրանք դրա համար են ընդդիմանում կոնվենցիային: Բայց ընտրել են այլ տակտիկա՝ հասարակության համար զգայուն թեմաներ են շոշափում՝ փորձելով բացասական կարծիք ստեղծել կոնվեցիայի վերաբերյալ”,- ասաց նա: Ըստ նախարարի՝ այս օրակարգը որևէ կերպ պարտադրված չէ միջազգային կառույցների կողմից: Սա ՀՀ ստանձնած պարտավորությունն է իր քաղաքացիների առաջ: «Վավերացնելով կոնվենցիան՝ մենք կունենանք նոր հնարավորություններ ու միջոցներ՝ բացառելու կնոջ նկատմամբ ցանկացած բռնություն ու խտրականություն: Սա մեր հասարակությանն ամենաշատը պետք է հետաքրքրի, և բոլորս պետք է հետաքրքրված լինենք կոնվենցիայի վավերացման հարցով»,- ասաց նա:
10:10 - 29 հուլիսի, 2019
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են նախարարությունից: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է ակտիվ փոխգործակցության արդյունքում զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, անդրադարձել ՀՀ-ում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցմանը և այլ հարցերի:    
07:30 - 15 հուլիսի, 2019
Վեթինգի օրենսդրությունը կմշակվի հոկտեմբերից, կիրականացվի 1 տարում |panarmenian.net|

Վեթինգի օրենսդրությունը կմշակվի հոկտեմբերից, կիրականացվի 1 տարում |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարությունում ներկայացրել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականներին ռազմավարության հիմնական հայեցակարգային ուղղությունները: Նրա խոսքով՝ բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ կարճաժամկետ՝ 2019-ի հոկտեմբեր-2020-ի հոկտեմբեր, և երկարաժամկետ՝ 2020-ի հոկտեմբեր-2023 դեկտեմբեր: Կարճաժամկետ բարեփոխումների մեջ են մտնում դատավորների բարեվարքության գնահատման (վեթինգ) անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակումը և նախագծերի ներկայացումը ԱԺ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների կարողությունների զարգացումը և նյութատեխնիկական աջակցությունը, դատավորների կարգավիճակից բխող երաշխիքների ամրապնդումը։ Երկարաժամկետ բարեփոխումների շրջանակում են էլեկտրոնային արդարադատության (e-justice) համակարգի ստեղծումը և ներդրումը 2019-2023-ին, այդ թվում՝ վիճակագրության ինքնաշխատ հավաքագրումը և արխիվի թվայնացումը, ՀՀ քրեական oրենսդրության կատարելագործումը և այլն:
07:25 - 13 հուլիսի, 2019
Ռուստամ Բադասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Ռուստամ Բադասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և ընդգծել, որ Եվրոպական միությունը հատկապես կարևորում է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների իրապես հաջողելը: Այս համատեքստում դեսպան Սվիտալսկին հայտարարել է Եվրամիության՝ տարբեր ուղղություններով աջակցության պատրաստակամության մասին և հետաքրքրվել Նախարարության առաջնահերթություններով: Արդարադատության նախարարը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ուղղված դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակմանը, դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, ինչպես նաև նաև անդրադարձել է ստեղծվելիք հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, և Հակակոռուպցիոն դատարանի անկախության երաշխիքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև էլեկտրոնային արդարադատությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմավարությունների մշակման և որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունը:
13:19 - 08 հուլիսի, 2019
Սահմանադրական նորմերի էությունը ավելի ընկալելի է դառնում ՀՀ քաղաքացիների համար․Ռուստամ Բադասյան

Սահմանադրական նորմերի էությունը ավելի ընկալելի է դառնում ՀՀ քաղաքացիների համար․Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում շնորհավորական ուղերձ է տեղադրել ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ` նշելով․ «Սիրելի՛ քաղաքացիներ Շնորհավորում եմ Սահմանադրության օրը:Վերջին շրջանում մեր կյանքը կազմակերպելու սկզբունքների շուրջ համաձայնությունը նոր իմաստ է ստանում, քանի որ սահմանադրական նորմերի էությունը ավելի ընկալելի է դառնում ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիները ունեն ընտրելու իրավունքը և դա արձանագրվում է գործնականում:ՀՀ քաղաքացիները կատարում են հարկ վճարելու իրենց սահմանադրական պարտականությունը և գործնականում համոզվում հավաքագրված միջոցների հանրօգուտ նպատակներով ծախսման մեջ: Հանրությունը համոզվում է, որ իրենց անվտանգության, իրավունքների պաշտպանության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Ցանկը կարելի է շարունակել, իսկ առջևում սահմանադրական նորմերի էությունը ընկալելի դարձնելու նոր օրինակներ են լինել»:  
07:01 - 05 հուլիսի, 2019