Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում քաղաքացիների կողմից կոռուպցիոն դեպքերն ազդարարելու մասով |armenpress.am|
13:33 - 01 օգոստոսի, 2019

Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում քաղաքացիների կողմից կոռուպցիոն դեպքերն ազդարարելու մասով |armenpress.am|

armenpress.am։ Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը բաղկացած է լինելու ֆինանսական գնահատական տալու, մոնիթորինգի իրականացնելու և նախատեսված գործողություններին գնահատական տալու գործիքներից: Օգոստոսի 1-ին «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով հակակոռուպցիոն նոր ռազմավարության տարբերությունը նախորդներից:

«Այս ռազմավարությունը չի լինելու քարացած մի փաստաթուղթ և ենթակա է լինելու անընդհատ փոփոխման: Եթե տեսնենք, որ մեկ ամիս հետո ինչ-որ բան չենք նախատեսել, կամ, օրինակ, ֆինանսական գնահատականը չհասցնենք ամբողջ խորությամբ տալ, կարող ենք վերանայել կամ փոփոխել այն: Իհարկե, դա վերաբերում է ոչ կոնցեպտուալ հարցերին»,- ասաց նախարարը:

Բադասյանը նշեց, որ կանխարգելիչ մարմինը, որը ստանալու է հայտարարագրերը և վերլուծելու է, կարիք է ունենալու որոշակի օպերատիվ տեղեկության և ազդարարման:
Նախարարը այստեղ խնդիր է տեսնում, քանի որ հասարակության մի ստվար զանգված դեռ չի ազդարարում կոռուպցիոն դեպքերի մասին:

«Հայտարարագիր ստացող մարմինը պետք է ունենա աջակցություն հասարակության կողմից , ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանման կողմից: Միաժամանակ, հակակոռուպցիոն կոմիտեի այդ ստորաբաժանումը կարիք ունի հասկանալու, թե կանխարգելիչ մարմինը քանի հայտարարագիր է վերլուծել և ստանա այդ վերլուծության արդյունքները, որպեսզի կարողանա պլանավորել իր աշխատանքները»,- ասաց Բադասյանը:

Նա կարևորեց նաև հակակոռուպցիոն քաղաքականության և գործողության անցումը դեպի մարզեր:

«Այս հատվածը ևս թերի կողմերից մեկն է, որը պետք է շտկվի: Այսինքն՝ համայնքներում բնակիչները պետք է հասկանան իրենց համայնքի կառավարման սկզբունքները և որքանով են իրենք ներկայացված կառավարման տարբեր փուլերում և ինչ իրավունքներ ունեն ու ինչպես կարող են վերահսկել կառավարումը»,- եզրափակեց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել