Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Կոռուպցիա չկա, որոշ մարդկանց մոտիվացիան թուլացել է. Նախարարը ռիսկի դիմելու խնդիր է տեսնում |armenpress.am|

Կոռուպցիա չկա, որոշ մարդկանց մոտիվացիան թուլացել է. Նախարարը ռիսկի դիմելու խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խնդիր ունի ռիսկի դիմելու: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նիստում քննարկված նախագծին: «Նախագիծը վերաբերում էր անցած տարվա մայիսի 21-ին կայացված որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի՝ մենք փորձել ենք պետություն և ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որ ֆոնդը կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել մասնավոր սեկտորին: Կառավարությունը խնդիր ունի ռիսկի դիմելու: Դեռևս նախանցած տարվա դեկտեմբերի 12-ին վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ամբողջ պետական կառավարման համակարգը հակադրված է փոփոխություններին: Ես դա զգում եմ, բայց այդտեղ պատճառն այն չէ, որ մարդիկ չեն ուզում փոխվել, ուղղակի ամեն քայլափոխին մարդկանց ասում են՝ եթե դու սա անես, կլինի այսպիսի ռիսկ, նա անես, կլինի այնպիսի ռիսկ, ինչը կաշկանդում է բոլորին ու չի թողնում աշխատել: Դա օդի մեջ կախված է, այսինքն` ամեն տեղ կա, աշխատանքի մշակույթ է, որը պետք է փոխել»,-  ասաց նախարարը: Քերոբյանի համոզմամբ՝ նախորդ կառավարությունների մեջ կար հստակ հակակշիռ, մոտիվացիա, դա կոռուպցիան էր: «Այսինքն, դու գիտեիր, որ այս կողմից ռիսկ կա ու այդ ռիսկի գնալու «վարձը» կոռուպցիան էր: Հիմա քանի որ կոռուպցիա չկա, մարդիկ առանձնապես մոտիվացիա չունեն ռիսկի գնալու, հետևաբար ընտրում են ավելի պահպանողական աշխատաոճը, որը պետք է փոխվի»,- ասաց նա:
14:59 - 14 հունվարի, 2021
Ճանապարհների զարտուղիության պատճառով գործարարներն անում են ահռելի ծախսեր. Վահան Քերոբյան |armenpress.am|

Ճանապարհների զարտուղիության պատճառով գործարարներն անում են ահռելի ծախսեր. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Ադրբեջանի տարածքով փոխադրումներ իրականացնելու ու Մեղրիով ճանապարհներ բացելու գաղափարի վերաբերյալ գործարարների դիտարկումների մասին հարցին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ գործարարների հետ ունի ամենօրյա ու ամենժամյա հանդիպումներ, վերջին հանդիպումը երեկ է կազմակերպվել։ «Այդ հարցը ես չեմ քննարկել գործարարների հետ, եթե անկեղծ ասեմ։ Ես քննարկել եմ իրենց այսօրվա խնդիրները։ Գիտեմ, որ բազմաթիվ գործարարներ կրում են ահռելի ծախսեր, երբ իրենք ապրանքն արտահանում են, օրինակ՝ Ղազախստան։ Դա կրկնակի թանկ է, քան իրականում պետք է լիներ։ Ուղղակի ճանապարհների զարտուղիության պատճառով այդպես է ստացվել»,-ասել է նախարարը։
14:02 - 14 հունվարի, 2021
Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծն ընդունվեց կառավարությունում երեք դեմ ձայնով |tert.am|

Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծն ընդունվեց կառավարությունում երեք դեմ ձայնով |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօր երեք դեմ ձայնով ընդունեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծը: Նա նշեց, որ նախագիծը վերաբերում է մայիսի 21-ին կայացրած որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի՝ փորձելու են պետություն և ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդ ֆոնդը կարողանա ռեալ ներդրումներ կատարել ռեալ ընկերությունների մեջ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցի շուրջ բուռն քննարկում, բանավեճ է եղել, և այդ հարցով կառավարությունում չկա միասնական կարծիք, դիրքորոշում և որոշվել է բաց քվեարկությամբ հարցին լուծում տալ: Նա ասաց, որ փորձ է արվել էքսպերիմենտալ գործիք ներդնել:  «Ըստ էության, փաստարկների երկու խումբն ունեն իրենց հիմնավորումները, սակայն հիմա պետք է արձանագրենք, որ նախագիծը չունի այն արդյունքները, որոնք, հույս ունենք, կունենա և դրա պատճառ և մեղավոր համարվում են սահմանված կանոնները, թե ինչպես պետք է ներդրումները տեղի ունենան: Իմ ընկալումն այն է, որ եթե այս ճանապարհը մինչև այստեղ եկել ենք, եկեք շարունակենք և տեսնենք, թե արդյոք արդյունքներ ունենում ենք, թե չենք ունենում, մանավանդ, որ ինչ-որ բան անելն այս իրավիճակում ավելի լավ է, քան չանելը»,-ասաց նա: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ինչ-որ բան չանելու պնդումը ճիշտ չհամարեց և նշեց, որ արդեն ընտրած կանոններն արդար են: «Համաձայն չեմ նրա հետ, որ օժանդակության միջոցառումները նպատակին չեն ծառայել կամ թերի են»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր հիմնադրվող բիզնեսի պարագայում սեփական ներդրումը պետք է լինի դրամական միջոցներով, երկրորդ՝ նույն չափով բանկից վարկ վերցնելու համաձայնությունն է։ «Հիմա առաջարկվում է երկու կանոն էլ հանել։ Իսկ կարո՞ղ է լավ կոմպրոմիս լինի, որ մենք առաջին կանոնը հանենք, երկրորդը թողնենք։ Այսինքն՝ նոր ստեղծվող ընկերությունը կարող է ոչ թե դրամական միջոց է ներդնում, այլ ինտելեկտուալ, կամ շենք-շինություն»,-ասաց վարչապետը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձագանքեց՝ առաջին կանոնը հանում են ոչ թե նրա համար, որ այն չի թողնում ներդրումներ անել, այլ որովհետև իրենք ընդհանրապես չեն ուզում ներդրումներ անել նոր ընկերություններում՝ դա համարելով ռիսկային նմանատիպ ֆոնդերի համար։ «Ես ուզում եմ ասել հետևյալը՝ մենք հիմա խոսում ենք՝ անել, թե չանել մի բան, որը կարող է առաջացնել ինչ-որ ռիսկ, ես իմ նախորդ 1,5 ամսվա աշխատանքի ընթացքում անընդհատ լսում եմ՝ սա ռիսկ է առաջացնում։ Հարգելի պարոն վարչապետ, մենք այսպիսի պահպանողական մոտեցմամբ այնքան ենք կաշկանդում պետական կառավարման համակարգը, որ բոլորը մտածում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան անել, որովհետև կա ռիսկ։ Ես իմ նախարարությունում բոլորին կոչ եմ արել լինել համարձակ և չվախենալ սխալներ գործելուց»,-ասաց նա՝ նշելով, թե կառավարության գործընկերներին ևս կոչ է անում լինել համարձակ։ Այսպիսով՝ նախագիծն ընդունվեց, և դեմ քվեարկեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
13:30 - 14 հունվարի, 2021
Գյուղացիների 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ. էկոնոմիկայի նախարարը կարևորեց ոչ գյուղատնտեսական աշխատանքների ստեղծումը գյուղում

Գյուղացիների 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ. էկոնոմիկայի նախարարը կարևորեց ոչ գյուղատնտեսական աշխատանքների ստեղծումը գյուղում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ գյուղացիների ընդամենը 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ, գյուղական վայրերի բնակչության համար պետք է ստեղծեն ոչ գյուղատնտեսական աշխատանքներ, գյուղացիներն էլ իրենց փոքր հողակտորները պետք է տան այն մարդկանց, որոնք պլանավորում են խոշոր գյուղատնտեսությամբ զբաղվել:  -Պարոն Քերոբյան, դուք որպես նորանշանակ նախարար՝ տնտեսության որ ոլորտն եք համարում առաջնահերթություն, օրինակ՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և այլն: Ձեզ համար սահմանե՞լ եք արդեն գերակայությունները:   -Մի քանի գերակա ոլորտ կա: Գյուղը և գյուղատնտեսությունը տարբեր բաներ են: Գյուղատնտեսությունը գյուղի միայն մի մասը պետք է լինի: Որպեսզի մենք ունենանք արդյունավետ գյուղատնտեսություն, մեզ պետք է, որ գյուղում գյուղացիների ընդամենը 10 տոկոսը զբաղվի գյուղատնտեսությամբ, մյուս բոլորի համար մենք պետք է ստեղծենք նոր՝ ոչ գյուղատնտեսական աշխատանքներ: Դրա համար շատ լավ հնարավորություն կա, որովհետև հիմա բազմաթիվ ընկերություններ հեռավար կամ կիսահեռավար են աշխատում: Օրինակ, Call center-ի աշխատակիցները չեն գալիս, նստում մի տեղ, այլ մարդիկ տնից աշխատում են: Այս պարագայում ոչ մի նշանակություն չունի՝ այդ մարդը նստած է Երևանում, թե, օրինակ, Մարալիկում: Եվ, ընդհանրապես, գործատուի տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է, երբ այդ մարդը նստած է, օրինակ, Մարալիկում, քանի որ այն աշխատավարձը, որը Երևանում միջին աշխատողին չի գոհացնում, կարող է համարվել շատ լավ աշխատավարձ Մարալիկում մի մարդու համար, որը նոր է ավարտել ԲՈՒՀ-ը կամ նույնիսկ չի էլ ավարտել: Մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ քննարկում ենք վերապրոֆիլավորումը մարդկանց՝ դեպի IT ինդուստրիա: ԲՏԱ նախարարությունն ունի շատ մեծ նախագիծ, 5000 մարդու կրթում է, որ նրանք մտնեն IT ոլորտ: Եվ այստեղ կարևոր է, որ մենք առաջարկենք վերապրոֆիլավորման գործիքներ: Օրինակ, եթե նախարարությունում աշխատող մի մարդ, որն ուզում է վերապրոֆիլավորվել, կարողանա դուրս գալ, ունենա սովորելու ժամանակ: Այսինքն՝ մենք պետք է սովորելու ընթացքում ապահովենք նաև նրա կեցությունը: Հիմա նախագծում ենք վերապրոֆիլավորման պրոդուկտ, որի շնորհիվ մարդը, օրինակ, այսօր կարող է որոշել դուրս գալ իր աշխատատեղից, կաշկանդված չլինել իր եկամուտների անկմամբ, ունենալ բավարար ժամանակ՝ սովորելու և նոր աշխատանք գտնելու: Իսկ նոր աշխատանք գտնելը հնարավոր է, որովհետև IT ինդուստրիայում կա կադրերի քրոնիկ դեֆիցիտ: Եվ եթե ունենաս գիտելիք՝ աշխատանք կգտնես:  Այստեղ մենք նաև գյուղն ենք ընդգրկելու:  Գյուղում շատ լուրջ ուշադրություն ենք դարձնելու նաև տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը: Հիմա մեծ նախագիծ ենք խթանելու, որի շնորհիվ առաջարկելու ենք զբոսաշրջությամբ հետաքրքրվող ներդրողներին զբոսաշրջային օբյեկտ կառուցել, և այդ պարագայում պետությունը կզբաղվի տվյալ վայրում ենթակառուցվածքների զարգացմամբ: Օրինակ, եթե կա մի լավ տեղ, ջրվեժ, որի կողքին ոչինչ չկա, քանի որ ճանապարհը լավը չէ, մենք ասում ենք՝ եթե ինչ-որ մեկը կցանկանա այդտեղ տուրիստական օբյեկտ սարքել՝ հյուրանոց, ձկնորսական ավան կամ այլ բան, ապա մենք պատրաստ ենք ճանապարհը սարքել, լույսը, ջուրը քաշել: Այս առումով պետությունն իր մասնակցությամբ խթանում է զբոսաշրջային ուղղությունների ավելացումը: Օրինակ, Գեղարոտի ջրվեժ հասնելը շատ բարդ է: Մենք ճանապարհը կսարքենք, որ դա դառնա լավ վայր, ինչ-որ մեկն էլ կկառուցի հյուրանոց, ռեստորան և այլն: Այս զարգացումներով մենք տուրիզմի ոլորտում խթանելու ենք հարյուրավոր, միլիոնավոր դոլարների ներդրումներ՝ մոտ ապագայում: Չպետք է նաև մոռանալ մի շատ կարևոր բան․ Հայաստանում հիմա կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք այս կամ այն պատճառով շուկա չեն հասել, ներդրումային փուլը չի սկսվել, քանի որ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով իրենց ծրագիրն ինչ-որ մի կաբինետում մնացել է: Եվ հիմա, իմ, մեր թիմի գերխնդիրներից մեկն այն է լինելու, որպեսզի շատ արագ այս ծրագրերը հասցնենք ծնվելու պրոցեսի, հիմա դրանք սաղմնային վիճակում են: -Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախում կորցրեցինք տարածքներ, դրանցից շատերում գյուղատնտեսական մթերքներ էին աճեցվում, մասնավորապես ցորենն էր գալիս Հայաստան: Տնտեսագետները կարծում են, որ այս առումով խնդիրներ կառաջանան, շատ մթերքներից զրկվում ենք: Հակաճգնաժամային ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում, որ կոմպենսացնենք այս վնասը: -Գյուղատնտեսության առումով Արցախի ՀՆԱ-ն էական է, բայց դա շատ մեծ տոկոս չի կազմում. կոպիտ ասած՝ մենք չենք ստանա այնպիսի հարված, որը շատ ցավոտ կլինի: Հայաստանի համապատասխան ոլորտներում մեծ կշիռ ունեցող ցորենի ու նռան առումով ունենք լավ արտաքին առևտրային գործընկերներ, որոնց հետ կկարողանանք կոմպենսացումն անել: Ինչ վերաբերվում է ընդհանուր գյուղատնտեսական ծրագրերին, ապա մենք 2020-ին ունեցել ենք շատ արդյունավետ աշխատող գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, որոնք փոքր-ինչ ձևափոխված կշարունակվեն նաև 2021-ին, և իհարկե կավելացվեն նորերը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները: Օրինակ, քննարկում ենք սահմանամերձ բնակավայրերում բազմամյա մշակաբույսերի ծրագրի ստեղծման հարցը: -Կարծում եք մարդիկ կվտանգե՞ն իրենց՝ այդ տարածքներում աշխատելով: -Այս պայմաններում Տավուշը, Գեղարքունիքն ապրել են երկար տարիներ: Եվ այնտեղ կյանքը չի կանգնել, աշխատանքները եղել են: Մենք պետք է ընդունենք այն իրավիճակը, որը կա, և փորձենք այս նոր իրավիճակում ստեղծել նոր տնտեսություն: Չենք առաջարկում ստեղծել լոլիկի, վարունգի դաշտեր, որտեղ ամենօրյա գյուղատնտեսական աշխատանքների կարիք կա, այլ բազմամյա մշակաբույսեր, որոնք մեկ անգամ ցանում ես և տարվա վերջին գալիս, հնձում ես: Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։
18:42 - 29 դեկտեմբերի, 2020
Վահան Քերոբյանը մասնակցել է ժամանակակից թռչնանոցի բացման արարողության

Վահան Քերոբյանը մասնակցել է ժամանակակից թռչնանոցի բացման արարողության

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այցելել են «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերություն, որտեղ մասնակցել են ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր թռչնանոցի բացման արարողությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Ներդրված նորագույն տեխնոլոգիաները մասամբ ձեռք են բերվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում։Ընկերության գլխավոր տնօրեն Գեղամ Ջանվելյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջայց են կատարել թռչնանոցում, ծանոթացել թռչունների բուծման, խնամքի պայմաններին և առկա արտադրական հզորություններին։Գեղամ Ջանվելյանը տեղեկացրել է, որ թռչնանոցում կկիրառվեն կերակրման, ջրի մատակարարման, օդափոխության, ձվի հավաքման և այլ ավտոմատացված համակարգեր, ինչը թույլ կտա մարդկային գործոնը հասցնել նվազագույնի, ինչպես նաև ապահովել արտադրվող ձվի կեղևի ամբողջականություն ու ապրանքային տեսք։ Նրա խոսքով՝ եթե նախկինում նման թռչնանոցներում հնարավոր էր պահել ընդամենը 22 հազար գլուխ թռչուն, ապա գերմանական հայտնի Hellmann ընկերության ժամանակակից սարքավորումների ներդրման շնորհիվ այս թռչնանոցում հնարավոր է դարձել պահվող թռչնի գլխաքանակը հասցնել մինչև 70 հազարի։Ընկերության գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կընձեռի ավելացնել արտադրողականությունը, պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերը նվազեցնել հավկիթի ինքնարժեքն և սպառողներին առաջարկել առավել բարձրորակ ու միաժամանակ ավելի մատչելի գնի արտադրանք։Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է․ «Ինչպես գիտեք, Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար ամենամեծ խոչընդոտը ֆինանսական միջոցների հասանելիությունն է, և Էկոնոմիկայի նախարարության ամենակարևոր առաքելություններից մեկը պետք է լինի տարբեր խողովակներով գործարարների համար գումարը հասանելի դարձնելը։ Մեզ պետք են արդյունավետ և ժամանակակից տնտեսություններ, որոնք կկարողանան մեր տնտեսությունը դարձնել մրցունակ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի մակարդակով»։«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության թռչնաբուծարանի վերազինումը շարունակվելու է և առաջիկայում շահագործման կհանձնվեն նույն հզորությամբ ևս երկու թռչնանոցներ։
11:32 - 28 դեկտեմբերի, 2020