Հայաստան

Մարտի 24-29-ը քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից դեպի ՀՀ շարունակվել է սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով. Արցախի ոստիկանություն

Մարտի 24-29-ը քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից դեպի ՀՀ շարունակվել է սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով. Արցախի ոստիկանություն

Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: Այս մասին հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: «Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական բոլոր շրջանակներին՝ պահպանել խիստ զսպվածություն, ավելորդ և անհարկի լարվածության մթնոլորտ հրահրող հրապարակումներ կամ հայտարարություններ չանել: Ժամանակը ցույց է տվել, որ Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները և ոչինչ չի կարող զրկել մեզ հայրենի հողում խաղաղ ապրելու ու արարելու մեր ձգտումներից ու ցանկությունից»,- ասված  հաղորդագրության մեջ:  
14:54 - 29 մարտի, 2022
Բանավեճ՝ Ալեն Սիմոնյանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի միջև
 |factor.am|

Բանավեճ՝ Ալեն Սիմոնյանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի միջև |factor.am|

factor.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ալմաթիում  մասնակցում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Վեհաժողովի խորհրդի նիստում , ըստ ՌԻԱ Նովոստիի, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Ալեն Սիմոնյանը բանավիճել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Իր ելույթի ժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Իր հերթին, Գաֆարովան հանդիպման եզրափակիչ մասի իր ելույթի ժամանակ խոսք է խնդրել՝ ներկայացնելու Բաքվի դիրքորոշումը։ «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը… Անօրինական հայկական զինված կազմավորումների անդամները, որոնք ապօրինի մտել են Ադրբեջանի ինքնիշխան տարածք, փորձել են հերթական դիվերսիան իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների նկատմամբ, և մեր զինված ուժերի ձեռնարկած միջոցառումների արդյունքում նրանք ստիպված են եղել նահանջել»,-հայտարարել է Գաֆարովան։ Այս հայտարարություններին ի պատասխան՝ Սիմոնյանն ընդգծել է, որ «խախտումներ են արձանագրվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, որը երաշխավորն է այդ տարածքում»։
14:50 - 29 մարտի, 2022
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Վրաստան կատարելիք այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի, ինչպես նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկու հետ։ Ադրբեջանում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տարածաշրջանային այցի նպատակն է հարավկովկասյան տարածաշրջանում խթանելու խաղաղ համագործակցությունը, երկխոսությունը և կայունությունը:
10:08 - 29 մարտի, 2022
ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ․ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ․ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։  Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար:
22:21 - 28 մարտի, 2022
Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերի զարգացումները

Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերի զարգացումները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին։ Այդ մասին ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարտի 10-ին Եվրոպական խորհդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևին հույն պատգամավորի աջակցության համար։ Այնուհետև դեսպանը ներկայացրեց Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, ներկայացրեց ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների, ինչպես նաև Հունաստանի, արձագանքներն ու կոչերն ուղղված Ադրբեջանին, ընդգծեց Արցախի բնակչության բնականոն կյանքին սպառնացող ադրբեջանական քաղաքականության շարունականությունը և միջազգային հանրության կողմից թիրախավորված կոչերի ու քայլերի անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ։  
20:16 - 28 մարտի, 2022
ՀՀ ԱԳ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հանդիպման քննարկման առանցքում եղել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողություններ, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը։ Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։
18:57 - 28 մարտի, 2022
Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից. Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից. Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին: Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության և բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական հարթակներում: Ղրղզ գործընկերը հիշեցրել է 1994 թ. Բիշքեկում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ արձանագրությունը՝ փաստելով, որ վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և խաղաղության հաստատման հարցերին՝ երկուստեք կարևորվել է խաղաղության օրակարգի սատարումը: Ի թիվս քննարկումների լայն շրջանակի՝ մտքեր են փոխանակվել նաև ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Այս համատեքստում առանձնացվել են երկրորդ քաղաքներ Գյումրիի և Օշի, ինչպես նաև Շիրակի և Օշի համապատասխան համալսարանների միջև փոխանակման առաջիկա ծրագրերը:
15:32 - 28 մարտի, 2022
Նախարարն անդրադարձավ ՌԴ-ից դրամական փոխանցումների կանխատեսվող նվազմանը, ՀՀ-ից արտահանման հնարավոր խնդիրներին

 |armenpress.am|

Նախարարն անդրադարձավ ՌԴ-ից դրամական փոխանցումների կանխատեսվող նվազմանը, ՀՀ-ից արտահանման հնարավոր խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանից Հայաստան տարեկան իրականացվում են մոտ 850 մլն դոլարի չափով դրամական փոխանցումներ. ՌԴ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված նախատեսվում է, որ այդ հոսքերը  կնվազեն մոտ 40 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանի՝ ՀՀ տնտեսությունում հնարավոր շոկերի վերաբերյալ հարցին: Նախարարը նախ նշեց, որ շոկերը քիչ չեն՝ առանձնացնելով մի քանիսը: «Մեկը մեր համաքաղաքացիների դրամական փոխանցումներն են, որ ստացվում են ՌԴ-ից: Մեր ընտանեկան, բարեկամական կապերի ուժով վերջին տարիների ընթացքում այդ դրամական փոխանցումներն ունեցել են շատ զգալի ծավալներ: 2020-2021 թթ ընթացքում այդ փոխանցումները տարեկան մոտ 850 մլն դոլարի չափ են եղել: Կնվազեն, ենթադրում ենք, եթե այնտեղ տնտեսական պայմանները դժվարանում են, բնական է, դա կազդի նաև այդ փոխանցումների մեծության վրա»,-ասաց նախարարը: Իսկ թե Ռուսաստանից փոխանցումներն ինչ չափով կնվազեն,  նախարարն առաջարկում է հետ նայել 2014, 2015, 2016 թթ, երբ ոչ այս չափով, բայց մեծ դժվարություններ կային ՌԴ տնտեսության առջև: «Մենք կարծում ենք, որ մինչև 40 տոկոսով կարող են այդպիսի փոփոխություններ տեղի ունենալ»,-նշեց Խաչատրյանը: Խոսելով Հայաստանից Ռուսաստան արտահանումների  մասին՝ նախարարը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում հայ արտահանողներն ընդհանուր առմամբ կվերագտնեն հնարավորությունները, համանման իրավիճակ եղել է նաև 2015-ին, 2016-ին: «Իհարկե, որոշներն ունեցել են կարճաժամկետ դժվարություններ, որոշների համար նույնիսկ այդ դժվարությունները եղել են ճակատագրական: Բայց, ընդհանուր առմամբ, մեր արտահանող հատվածը որոշակի ժամանակահատվածում վերադասավորվել, վերահարմարվել և շարունակել է իրագործել իր զարգացման ծրագրերը: Մեզ մոտ կլինե՞ն այդպիսի կարճաժամկետ շոկեր այս ժամանակահատվածում. անպայման: Մենք 2021-ի արդյունքներով ունեցել ենք մոտ 860-870 մլն դոլարի արտահանում ՌԴ, քիչ չեն փոքր ու միջին արտադրողները՝ փոքր ջերմոցներ, գյուղատնտեսական ապրանք աճեցնող, արտահանող, վերամշակող կազմակերպություններ, որոշակի արդյունաբերական արտադրանք արտահանողներ, որոնք հատկապես, երբ արժույթի արժեզրկման հետ կապված շոկեր եղան և իրենց դեբիտորական պարտքերը գնանշված էին ռուբլիով, կրել են այդ ազդեցությունը, դա անխուսափելի է»,-ասաց նախարարը: Խաչատրյանը ձեռնպահ մնաց գնահատական տալուց, թե դա ինչ չափով կազդի 2022-ի տնտեսական ակտիվության վրա: Անդրադառնալով ԿԲ-ի՝ տնտեսական աճի կանխատեսում մինչև 1.6 տոկոսի հասցնելու վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ ԿԲ-ն պարտավոր է դա անել, քանի որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ իր դրամավարկային քաղաքականությունը համապատասխանեցնում է կարճաժամկետում իր կողմից սպասվող փոփոխություններին, այդ թվում՝ գնաճային ռիսկերը կառավարելու համար: «Չի բացառվում, որ 3 ամիս հետո, երբ այս անորոշությունները մեղմված լինեն, այդ 1.6 տոկոսը նորից դարձնեն 5.3: Իրենք պարտավոր են դա անել 3 ամիսը մեկ»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարությունը կարճաժամկետում նման վերանայում անելու խնդիր չունի:
14:50 - 28 մարտի, 2022
Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ

Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ անգամ բացահայտ կերպով վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը․ «Այսպես, մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը, ինչպես նաև Փառուխ գյուղի հարևանությամբ գտնվող Խրամորթ գյուղի բնակչությանը ադրբեջանական կողմից օրեր շարունակ բարձրախոսներով հնչեցրած և հայկական բնակչությանն ուղղված սպառնալիքները՝ լքելու բնակավայրը։ Այս ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը զուգահեռ աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Ադրբեջանն արդեն մի քանի շաբաթ շարունակ խափանել է կենսական նշանակություն ունեցող գազատարի աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կանգնեցնելով հումանիտար աղետի շեմին: Ավելին՝ էթնիկ զտումների իր ուղեգիծն ամբողջացնելու և արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը նոր թափով իրագործելու համար Ադրբեջանն իր հայտարարություններով պահանջում է դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ինքնապաշտպանական ուժերը։ Ադրբեջանի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների հայտարարությունները փաստում են նաև, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ ներառյալ իրենց զբաղեցրած դիրքերում կողմերի կանգ առնելու վերաբերյալ դրույթի նկատմամբ: Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաև խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպի և հրապարակի: Ակնկալում ենք նաև, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար»:
16:19 - 26 մարտի, 2022
Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչին՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ

Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչին՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ

Քիչ առաջ նամակ եմ հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենին։ Նամակում նկարագրել եմ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած սողացող պատերազմի վերջին օրերի գործողությունները և գազի մատակարարման խափանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այս մասին հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:   Միջազգային խորհրդարանական գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչդեռ միջազգային հարթակներում Ադրբեջանը հանդես է գալիս Հարավային Կովկասում իբրև թե խաղաղության հաստատման դիրքերից, գործողությունների մակարդակում Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որպես նպատակ ունենալով ամբողջությամբ հայաթափել Արցախը։   Ընդգծել եմ միջազգային հանրության կողմից ստեղծված իրավիճակին արագ արձագանքի և Ադրբեջանին անհապաղ զսպելու կարևորությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցված և վերջնական կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։
14:34 - 26 մարտի, 2022
Պեսկովը հայտնել է, որ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել նաև մարտի 24-ին

Պեսկովը հայտնել է, որ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել նաև մարտի 24-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հինգշաբթի և ուրբաթ օրերին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը խոսքով՝  «զրուցակիցները քննարկել են շփման գծի իրավիճակը Ղարաբաղում»։ Երեկ երեկոյան ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։  Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։
13:35 - 26 մարտի, 2022
Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝  կոչ անել միջազգային հանրությանն ու կառույցներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անել միջազգային հանրությանն ու կառույցներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:   2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Հայաստանի (և հետևաբար՝ նաև արտաքին աշխարհի հետ) և Լեռնային Ղարաբաղի միջև կապի և հաղորդակցության միակ ճանապարհը Լաչինի միջանցքն է:   Ռազմական գործողությունների հետևանքով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ենթարկվել են էթնիկ զտման: Գրանցվել են մեծ թվով արտադատական սպանություններ հիմնականում իրենց տներում մնացած խաղաղ բնակիչների՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ:   2020 թվականի նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրած եռակողմ հայտարարությոնից հետո, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև տարբեր մեթոդներով ահաբեկչական գործողությունները, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում, հոգեբանական ճնշմամբ և ահաբեկումներով, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմամբ, ինչպես նաև հրադադարի հայտարարության խախտմամբ և քաղաքացիական համայնքների ռմբակոծությամբ:   Հրադադարի հայտարարությունից հետո, ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք քաղաքացիական անձինք են դիտավորյալ սպանվել և ավելի քան 10 քաղաքացիներ վիրավորվել են. նրանց մեծ մասն զբաղված են եղել գյուղատնտեսական աշխատանքներով: Նշված միջադեպերից որոշ դեպքեր տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ:   Իրավիճակն ավելի է սրվել 2022 թվականի փետրվար ամսից: Ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ամեն օր բարձրախոսների միջոցով կոչ են անում բնակիչներին լքել իրենց բնակավայրերը, «քանի որ նրանք ապրում են Ադրբեջանի տարածքում և պետք է ենթարկվեն ադրբեջանական հրահանգներին»: Հայերին ուղղված իրենց տները լքելու կոչերն ուղեկցվում են այդ «հրամաններին» չենթարկվելու դեպքում ուժ կիրառելու սպառնալիքներով։ Ադրբեջանական զինված ուժերի նմանատիպ գործողություններ գրանցվել են Խրամորթ, Նախիջևանիկ, Նոր Շեն և Թաղավարդ գյուղերում: Բացի այդ, 2022 թվականի մարտի 11-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ֆեսյբուքյան պաշտոնական էջն ենթարկվել է հաքերային հարձակման, որի արդյունքում էջում տեղադրվել է Ասկերանի շրջանի բնակչությանն ուղղված՝ իրենց տները 168 ժամվա ընթացքում լքելու կոչ-պահանջ: Տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում՝ ականանետերից կանոնավոր կրակոցներ են արձանագրվել շփման գծի մոտակա գյուղերում, այդ թվում՝ Խրամորթում, Խնապատում, Նախիջևանիկում, Նոր Շենում, Կարմիր Շուկայում, Խնուշինակում և Պարուխում։   Կրակոցների արդյունքում վիրավորվել են նաև քաղաքացիական անձինք: 2022 թվականի փետրվարի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Խնապատ գյուղի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ: 2022 թվականի մարտի 10-ին, Խնապատ գյուղի բնակիչ Սուրեն Բաղդասարյանը իր այգում աշխատելիս վիրավորում է ստացել ականանետից կրակոցների արդյունքում: Ուժեղ հրետակոծության և իրական սպառնալիքի պատճառով նույն օրը Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները:   Ադրբեջանի կառավարությունը նաև կիրառում է միջոցներ՝ վնասելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապայմանների համար էական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: 2022 թվականի մարտի 8-ի գիշերը, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ գազատարը և ադրբեջանական կողմը խոչընդոտել է ռուս խաղաղապահների և աշխատողների մուտքը դեպի գազատարի վնասված հատված։ Ռուս խաղաղապահների ներգրավմամբ բանակցություններն 10 օրից ավելի որևէ արդյունք չեն արձանագրել: Գազի խողովակը վերանորոգվել է միայն 2022 թվականի մարտի 19-ին՝ վերականգնելով դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը: Երկու օր անց, սակայն, գազամատակարարումը դադարեցվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից:   Ըստ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանների, կան հավաստի փաստեր, համաձայն որոնց՝ վերակառուցման աշխատանքների ընթացքում կամ դրանց քողի ներքո Ադրբեջանի իշխանությունները գազատարի վրա փական են տեղադրել, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ցանկացած պահի դադարեցել գազամատակարարումը։   Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000 բնակիչ ամբողջությամբ զրկված է բնական գազից, ինչպես նաև ջեռուցումից և տաք ջրից ձմռան (ցուրտ)՝ առատ ձյան և զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները և այլ կենսական օբյեկտներն ու ենթակառուցվածքները մնում են առանց գազամատակարարման: Առանց գազամատակարարման նաև անհնար է հաց թխել՝ առաջացնելով նաև հացի խնդիր:   Ադրբեջանի կառավարության կողմից հայերի նկատմամբ նշված գործունեությունը հայատյացության և ատելության համակարգված պետական քաղաքականության մի մասն է, ինչը ճանաչվել և դատապարտվել է միջազգային կառույցների, այդ թվում՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ECRI), Արդարադատության միջազգային դատարանի (ICJ), Եվրախորհրդարանի և այլ մարմինների կողմից:   Ագրեսիան և ցեղասպանություններն տեղի են ունենում և տարածվում են ամբողջ աշխարհում, քանի որ ագրեսորներն ու ավտորիտար ռեժիմները գործում են բացարձակ անպատիժ և առանց պատշաճ դատապարտման միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներով կառավարվող պետությունների կողմից:   Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության մարդու իրավունքները, ապահովելու, որ Ադրբեջանը դադարեցնի մարդու իրավունքների խախտումների քաղաքականությունը և կանխի հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև նպաստելու միջազգային կազմակերպությունների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում` աջակցելու խաղաղության և Լեռնային Ղարաբաղի բնակչութան անվտանգության ապահովմանը:   Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ   Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն   Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ   Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան   Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ   Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն   Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն Հանրային լրագրության ակումբ ՀԿ   «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ   «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ   Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ   Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ   Խաղաղության երկխոսություն ՀԿ
11:41 - 26 մարտի, 2022
Մակունցը Ֆրենք Փալլոնի և Ադամ Շիֆի հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել է Փարուխ գյուղ ներխուժումը և ընդգծել է ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը

Մակունցը Ֆրենք Փալլոնի և Ադամ Շիֆի հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել է Փարուխ գյուղ ներխուժումը և ընդգծել է ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը

Մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: «Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փարուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրությունում:
11:23 - 26 մարտի, 2022