Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։ Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումը, ինչպես նաև սպայի հանդեպ պետության հոգածության շեշտադրումը, համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում այս ուղղությամբ էական քայլեր կիրականացվեն։ Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ կապված մարտական հերթապահության կրման, ընթացիկ խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի հետ։
13:45 - 27 նոյեմբերի, 2021
Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձը Սուրեն Պապիկյանին

Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձը Սուրեն Պապիկյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սուրեն Ռաֆիկի Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Ձեր ունակությունների, մասնագիտական ձեռքբերումների, խորը գիտելիքների և կուտակած գործնական փորձի գնահատման մասին։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը երկրի անվտանգության ապահովման և պետական ինքնիշխանության կարևոր գործոն է հանդիսանում, ինչպես նաև կարևոր օղակ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում։ Հարգելի Սուրեն Ռաֆիկի. Մաղթում ենք Ձեզ առողջություն և հաջողություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ամրապնդմանը և ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության զարգացմանը միտված պատասխանատու գործունեության ընթացքում»։ 
16:13 - 26 նոյեմբերի, 2021
Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել զոհված զինծառայողի մարմին․ՊՆ

Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել զոհված զինծառայողի մարմին․ՊՆ

Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։  Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:Հանդիպման ընթացքում ՀՀ պսշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ:
23:33 - 17 նոյեմբերի, 2021
Դուք վաստակել եք փառքով ու հպարտությամբ կրելու բժշկի ու զինվորականի բարձր կոչումները. ՀՀ պաշտպանության նախարարը ուղերձ է հղել բուժծառայողի օրվա կապակցությամբ

Դուք վաստակել եք փառքով ու հպարտությամբ կրելու բժշկի ու զինվորականի բարձր կոչումները. ՀՀ պաշտպանության նախարարը ուղերձ է հղել բուժծառայողի օրվա կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուղերձ է հղել բուժծառայողի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի ռազմական բժիշկներ. Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի ճանապարհ է անցել: Արցախյան առաջին պատերազմի թոհուբոհում ռազմական մկրտություն ստացած բժիշկները խիզախության, մասնագիտական բարձր պատրաստության, անսահման նվիրումի ու հայրենասիրության բազում օրինակներով կերտեցին իրենց վարքականոնը, դրեցին բուժծառայության հիմքերը, իսկ խաղաղ բանակաշինության տարիներին պատվով կատարեցին զինվորին ու սպային բարձրակարգ բուժօգնություն ցույց տալու, նրանց առողջությունը պահպանելու և շարք վերադարձնելու հույժ կարևոր առաքելությունը: Բանակի բուժծառայությունն իր կենսագրության ընթացքում զարգացման, առաջընթացի ու ձեռքերումների ճանապարհ է անցել, համալրվել է ժամանակակից բուժսարքավորումներով, զինվորական բժիշկները տարեցտարի բարձրացրել են իրենց մասնագիտական ունակությունները, ներդրվել են ժամանակակից աշխարհին հարիր բուժօգնության ձևեր ու մեթոդներ, սակայն բուժծառայության ամենամեծ ձեռքբերումը կար ու մնում է զինվորական բժշկի սերն ու հոգատարությունը զինվորի ու սպայի հանդեպ, նրանց կյանքի ու առողջության համար անձնուրաց պայքարելու պատրաստակամությունը: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ բանակի բուժծառայությունը շարունակում է ավանդույթները. զինվորական բժիշկները մարտական գործողությունների ամենաթեժ կետերում, կրակի մեջ, արկերի տարափի տակ, վտանգելով սեփական կյանքը բուժօգնություն էին ցուցաբերում Հայրենիքի ազատության համար կռվող զինվորին ու սպային, պայմանագրայինին ու կամավորականին, փրկում հազարավոր կյանքեր: Նրանք իրենց սխրանքով մեր փառքի պատմությունը հարստացրել են նորանոր ասքերով: Նրանց օրինակով է արիանալու բանակի բուժծառայության նոր հերթափոխը: Նրանց սահմանած նշաձողը երբեք չի իջնելու: Այսօր՝ Բուժծառայողի օրը, մենք խնկարկում ենք հայոց ազատագրական պայքարի ընթացքում ընկած բոլոր զինվորական բժիշկների հիշատակն ու փառաբանում նրանց սխրանքը: Շնորհավորում եմ բոլոր բուժծառայողներին մասնագիտական տոնի առթիվ: Դուք վաստակել եք փառքով ու հպարտությամբ կրելու բժշկի ու զինվորականի բարձր կոչումները: Բոլորիդ մաղթում եմ խաղաղ հայրենիք: Բարեկեցություն, արևշատություն ու երջանկություն ձեր ընտանիքներին»:
15:58 - 17 նոյեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը: ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում:
19:24 - 16 նոյեմբերի, 2021
Վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին

Վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և անդրադարձել Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը: «Ըստ էության, կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում, և երբ այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում էինք՝ մի միտք ասաց, որի հետ չեմ կարող չհամաձայնել և որը չեմ կարող չբարձրաձայնել: Նա իրավացիորեն նկատեց, որ Պաշտպանության նախարարի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում թերևս ամենախոցելի կարգավիճակն է կամ ամենախոցելիներից մեկը: Ուզում եմ պարոն Կարապետյանին շնորհակալություն հայտնել այդ խոցելի կարգավիճակը ստանձնելու պատասխանատվություն և համարձակություն ունենալու համար, միևնույն ժամանակ պարոն Պապիկյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեց իմ որոշումը և փոխվարչապետի պակաս խոցելի կարգավիճակը, ըստ էության, փոխարինում է Պաշտպանության նախարարի շատ խոցելի կարգավիճակով: Հարգելի գործընկերներ, հարգելի գեներալներ և սպաներ, մեր երկիրը գտնվում է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առաջ, և մենք ուղղակի իրավունք չունենք այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերին համապատասխան: Գիտեք, շատ գնահատականներ կարող են լինել, այդ գնահատականները կարող են լինել էմոցիոնալ, պակաս էմոցիոնալ, բայց հստակ պիտի իմանանք մի բան, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում են ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տևական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար, և մենք գնալու ենք այդ ճանապարհով: Պարոն Կարապետյանին այսօր առավոտյան ասել եմ, որ շարունակում եմ իրեն համարել թիմակից: Գիտեք, որ Սուրեն Պապիկյանն իմ վաղեմի քաղաքական դաշնակիցն է և ուղեկիցը, և ուզում եմ այս տանիքի ներքո ևս մի անգամ անել հետևյալ հայտարարությունը. 2018 թվականից հետո, իմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեն խնդիր, որը կառավարության լուծելիության տիրույթում է և այդ խնդիրը չլուծվի: Այսպես լինելու է նաև սրանից հետո, չեմ ուզում ասել առավել ևս, որովհետև սրանից առաջ էլ պակաս չի եղել, բայց մենք կանգնած ենք մի շատ կարևոր և լրջագույն մարտահրավերի առաջ, որի լուծումը պարոն Կարապետյանը սկսել էր և համոզված եմ՝ պարոն Պապիկյանը հաջողությամբ կշարունակի: Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը մեր երկրի պետական ամենամեծ օրգանիզմն է, և այդ օրգանիզմը պետք է լինի առողջ, ֆունկցիոնալ առումով արդյունավետ, և որոշումները պետք է լինեն խորը, հիմնավորված, բխեն մեր ռազմական և ռազմավարական կարիքներից: Այս առումով ուզում եմ հենց այս նրբությունն ընդգծել, որի շուրջ մենք պիտի շարունակենք աշխատել»,- նշել է վարչապետը: Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին համատեղ աշխատանքի համար: «Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը՝ ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին: Վստահ եմ, որ պարոն Պապիկյանը կարողանալու է շարունակել և իրագործել այն ծրագրերը, որ կառավարությունը հաստատել է Զինված ուժերի մասով: Ես առանձին զրույց ունեցա պարոն Պապիկյանի հետ, հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցելու: Պարոն վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար և հուսով եմ, որ հաջորդ նախարարն էլ ավելի մեծ հաջողություններ կունենա: Շնորհակալություն համատեղ ծառայության համար»,- ասել է Արշակ Կարապետյանը: Իր հերթին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Մեծարգո վարչապետ, պարոնայք գեներալներ, սպաներ, հարգելի գործընկերներ, այս պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերակատարումը: Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այս պատասխանատու դերակատարումը վստահելու համար: Պատրաստ եմ զօր ու գիշեր ծառայել Հայաստանի Հարապետությանը»:
17:06 - 15 նոյեմբերի, 2021
Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը

Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից,- նշված է հրամանագրի մեջ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Սուրեն Պապիկյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի․ Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար»,- նշված է հրամանագրում։ Նշենք, որ Կարապետյանը պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել էր  2021թ. օգոստոսի 2-ին։ Նույն օրը փոխվարչապետի պաշտոնին էր նշանակվել Պապիկյանը։
12:56 - 15 նոյեմբերի, 2021
Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է. Սուրեն Պապիկյան |armenpress.am|

Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է. Սուրեն Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: Քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում: Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացման ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: «Լիահույս եմ, որ այս քննարկման ընթացքում բարձրացվող հարցերը իրենց ուրույն լուծումներով կնպաստեն ոլորտի արդիականացման, կմոտարկեն քաղաքացիական ծառայության համակարգը Եվրամիության ուղենիշներին»,- ասաց փոխվարչապետը: Նա հավելեց, որ ՀՀ-ի կողմից միշտ բարձր են գնահատվում համագործակցությունները: Նրա խոսքով՝  համագործակցող կողմերում կա բավականին մեծ ներուժ, որի օգտագործումը ոլորտի բարեփոխումների համար կարևոր հիմնաքար է, որը նպաստում է ՀՀ-ԵՄ շարունակական  համագործակցությանը:
10:47 - 29 հոկտեմբերի, 2021