Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վաղ ուսումնառության կենտրոններ կհիմնի Սյունիքի մարզի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վաղ ուսումնառության կենտրոններ կհիմնի Սյունիքի մարզի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Գուլունցը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում վաղ ուսումնառության երկու նոր կենտրոններ հիմնելու նպատակով:«Սյունիքի երեխաներն այսօր կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարման համար աջակցություն և հանձնառություն է հարկավոր։ Մանուկ հասակում հանուն երեխաների զարգացման ներդրումներ անել՝ նշանակում է ներդրումներ անել Սյունիքի ապագայի համար, որտեղ յուրաքանչյուր երեխա կարևոր է և կարող է նպաստել այս գեղեցիկ մարզի բարգավաճմանն ու զարգացմանը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «Այլ խնդիրներին զուգահեռ, այս երկու բնակավայրերի երեխաները զրկված են վաղ ուսումնառության հնարավորությունից, ինչը խոչընդոտում է նրանց (կրթական) զարգացմանը և դպրոցական կյանքին պատշաճ պատրաստվելուն: 2022 թվականին նոր կենտրոններում զբաղվածություն կունենան համայնքի կանայք, իսկ կենտրոններ հաճախող 3-6 տարեկան երեխաները ուրախությամբ կսովորեն և կզարգանան:Առաջիկա 12 ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու բնակավայրերի հետ միասին վերանորոգման աշխատանքներ կիրականացնի՝ հոգալով կենտրոնների հիմնման ծախսերը, կկահավորի դրանք, կտրամադրի անհրաժեշտ խաղալիքներն ու ուսումնական նյութերը, ինչպես նաև վաղ ուսումնառության թեմայով վերապատրաստում կանցկացնի  բնակավայրերի մի խումբ կանանց համար: Տեղի մանկապարտեզի դաստիարակները ևս օգուտներ կքաղեն դասընթացներից՝ ծանոթանալով նաև մեթոդաբանական նյութերին: Ծրագիրը կիրականացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ կրթական ոլորտում պետական քաղաքականությանը համահունչ:ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ ուսումնառության այլընտրանքային մոդելն առաջին անգամ փորձարկվել է Սյունիքի մարզում 2016-2017 թվականներին:  
19:45 - 23 նոյեմբերի, 2021
ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր, բայց չի հրապարակվում ո՛չ թվեր, ո՛չ անուններ, սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պաշտպանական ոլորտում. Գեղամ Մանուկյան |tert.am|

ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր, բայց չի հրապարակվում ո՛չ թվեր, ո՛չ անուններ, սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պաշտպանական ոլորտում. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Արդեն տևական ժամանակ է, որ առաջնագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, և միաժամանակ աննախադեպ երևույթ է տեղի ունենում Հայաստանի պաշտպանական ոլորտում։ Այս մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Հանրությունը զրկվում է ամբողջական լրատվություն ստանալու հնարավորությունից։ Վստահ եմ՝ բոլորը գիտակցում են` ինչ վտանգներով է հղի, երբ հանրությունը տեղեկություն չստանալու պարագայում հայացքն ուղղում է թշնամական պետությունների տեղեկատվական աղբյուրներին։ Բայց այս անգամ ևս մեկ աննախադեպ բան է արձանագրվել․ ՊՆ-ն իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է հանրությանը, որ կան զոհեր, բայց  չի հրապարակվում զոհերի թիվ, չեն հրապարակվում անուններ։ Արդյունքում հանրության մեջ՝ հատկապես առաջնագծում ծառայող զինծառայողների ծնողների մեջ ստեղծվում է սարսափելի հուզական վիճակ»։
12:19 - 23 նոյեմբերի, 2021
Սյունիքում մարդիկ ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս կգան և հայրենատեր կլինեն. Սոֆյա Հովսեփյան |tert.am|

Սյունիքում մարդիկ ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս կգան և հայրենատեր կլինեն. Սոֆյա Հովսեփյան |tert.am|

tert.am: Միթե՞ որևէ մեկին չի հետաքրքրում` ինչ են անելու մեր հայրենիքի հետ, հերթական անգամ փորձում են ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել, բայց էլ տեղ չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։Վերջինս նշեց, որ իշխանություններն անվստահություն են ներշնչել ամեն ինչի և բոլորի նկատմամբ, ուստի մարդիկ վախենում են դուրս գալ փողոց։«Այսուհետ մենք վստահում ենք բոլորին և դուրս ենք գալիս փողոց, փաստաթղթի պահանջը դեռ սկիզբն է, մենք սկսում ենք անհնազանդության ակցիաներ։ Մենք վստահելու ենք այն ուժերին, որոնց համար այս պայքարը վերքաղաքական է։ Պահանջելու ենք խորհրդարանական ընդդիմությունից կատարել իրենց դերը հենց խորհրդարանում։ Այս պայքարը պարբերաբար բնույթ է կրելու, դուռ առ դուռ արթնացնելու ենք բոլորին` ուսանողությանը, մտավորականներին ե այլն»։ Ակցիայի մասնակիցներից Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ մի տեղում հավաքվել են տարբեր հայացքների տեր քաղաքացիներ և շեշտեց, որ սա վերկուսակցական գործընթաց է։«Վտանգը հասել է ՀՀ սահմաններին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ չպաշտպանեց զոհերից և կորուստներից։ Շատ կարևոր է ստորագրվելիք փաստաթղթի հրապարակումը, մենք գաղտնի փաստաթղթերի օգուտը չենք տեսել։ Երբ ժողովուրդը ոտքի կանգնի, ուզեն, թե չուզեն, հաշվի են նստելու ժողովրդի հետ, այս իշխանության հովանավորները ևս դա հասկանում են, պետք է մի կողմ դնել սևերի ու սպիտակների տարանջատումը և միավորվել»։
16:35 - 22 նոյեմբերի, 2021
Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր փողոցների փակման ակցիայի 18 մասնակցի  |armenpress.am|

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր փողոցների փակման ակցիայի 18 մասնակցի |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում տարբեր փողոցներ փակելու ակցիայի 18 մասնակցի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից: «Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից: Երևանում քաղաքացիների տարբեր խմբեր փակել էին տարբեր փողոցներ: Ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը: Փողոցը փակած ակցիայի մասնակիցներից «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ճանապարհները փակելու են 44 րոպե: Նա նշեց, որ դա միակ ձևն է, որ քաղաքացիների ուշադրությունը հրավիրեն սահմանին տիրող իրավիճակի վրա: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց, թե սկսել են ազատագրական շարժում, որը նպատակ ունի կանխել սահմանազատման և սահմանագծման հարցով փաստաթղթի ստորագրումը, որը նրանք համարում են ոչ հայանպաստ ծրագիր, և պատրաստվում են ժամը 17:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Ակցիայի մասնակիցը շեշտեց նաև, որ հավաքի նպատակն է իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին: Նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար:
10:55 - 22 նոյեմբերի, 2021
Երևանում 44 րոպեով փակվել են մի շարք փողոցներ. կան բերման ենթարկվածներ |armtimes.com|

Երևանում 44 րոպեով փակվել են մի շարք փողոցներ. կան բերման ենթարկվածներ |armtimes.com|

armtimes.com: Մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտից փակել են Երևանի մի շարք գլխավոր ճանապարհներ, կանգնեցրել երթևեկությունը և բարձրախոսներով հայտարարել, որ այսօր ժամը 17:00-ին հավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում: Նրանց շարքերում է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, որն ակցիայի ժամանակ հայտարարել է, որ որ Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, այդ թվում՝ Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, թե «տալիս են Սյունիքը» և պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա անող քաղաքացիներին մոտեցել են ոստիկանները և պահանջել ազատել փողոցը, վերականգնել երթևեկությունը: Բացասական պատասխան ստանալուց հետո իրավապահները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:  ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հայտնել էր, որ մեկնարկել է ազատագրական շարժում, որի պայքարը հայկական պետականության պահպանման համար է։
10:02 - 22 նոյեմբերի, 2021
Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Այցի նպատակն է դիտարկել հընթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։ Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև Սյունիքի ճանապահները սպասարկողների ու շինարարների հետ։   Տեղում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչպես ներկայում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների, այնպես էլ ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկման վերաբերյալ։   Այսօր արդեն նախարարը, մարզպետի ուղեկցությամբ, դիտարկել է մի շարք ճանապարհներ, այս պահին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։    
18:51 - 20 նոյեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամն սկսել է Սյունիքի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել

«Հայաստան» հիմնադրամն սկսել է Սյունիքի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով՝ առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: · Պատերազմից հետո սահմանամերձ դարձած Շուռնուխ գյուղը տնտեսապես անկում է ապրել: Գյուղը միացված չէ գազամատակարարման ցանցին, էլեկտրականությունից օգտվելու համար էլ բնակիչների գումարը չի բավարարում: Արևային ջրատաքացուցիչների շնորհիվ՝ բնակիչները ջուր տաքացնելու համար այլևս ստիպված չեն լինի փայտ վառել: Այստեղ արևային ջրատաքացուցիչներով կապահովվեն գյուղի բոլոր ընտանիքները: Էլեկտրաէներգիայի նման խնայողությունը էապես թեթևացնում է բնակիչների հոգսաշատ առօրյան: · Այսուհետ Խոզնավար գյուղը ևս կօգտվի արևային էներգիայից: Տներից 33–ում արդեն իսկ տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրել նաև համայնքային նշանակության կառույցների վրա: · Արավուս համայնքում արդեն 13 տուն ապահովված է արևային ջրատաքացուցիչով: Օգնությունը դրամական չէ, բայց գումար է խնայում. 150 բնակիչ կազատվի տաք ջրի համար պահանջվող ծախսերից՝ շուրջ 70% նվազեցնելով գազի ծախսը: · Ծրագրից անմասն չմնաց նաև Դավիթ Բեկ համայնքը: Այստեղ կտեղադրվի նաև 109 արևային ջրատաքացուցիչ: Արևի ջերմությունը պատերի ներսում պահպանելու համար, փոխվել են նաև համայնքի դպրոցի դռներն ու լուսամուտները, ամրացվում է տանիքը։ Նույն աշխատանքները կտարվեն Ճակատեն համայնքում: Այսուհետ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնակի ուշադրություն կդարձնի Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրներին: Հանրապետության նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորhրդի նախագահ Արմեն Սարգսյանն, այցելելով Սյունիքի մարզի համայնքներ և հանդիպելով համայնքապետերի հետ, նրանց առաջարկել էր ներկայացնել տեղեկություններ համայնքների առաջնային խնդիրների մասին: Նախագահը պատրաստակամություն էր հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը: Քննարկումների արդյունքում՝ մի շարք խնդիրների լուծման նպատակով կազմվել էր հատուկ ծրագիր, որն իրականացվում է փուլ առ փուլ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով: Կգործադրվեն բոլոր միջոցներն ու ջանքերը՝ մեր համայնքների ու հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար: *** ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։
16:28 - 19 նոյեմբերի, 2021
Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ ՄԻՊ փաստահավաք տվյալները

Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ ՄԻՊ փաստահավաք տվյալները

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ ՄԻՊ փաստահավաք տվյալները (մանրամասներով)․   Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողություն սահմանելուց հետո շարունակում էլ ավելի սրվել հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքների և հումանիտար վիճակը:   Ստորև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոյեմբերի 8-18-ի փաստահավաք աշխատանքների արդյունքներն են՝ կապված Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդու իրավունքների վիճակի հետ: Նախ, բոլոր 6 բնակավայրերում մարդկանց համար ստեղծված է անորոշ ու անկանխատեսելի իրավիճակ, իրավունքների իրացումն ոչ միայն էլ ավելի է դժվարացել, այլ տարբեր դեպքերում՝ դարձել է անհնար։ Սկսած այն օրից (նոյեմբերի 15), երբ Կապան-Ճակատեն ճանապարհին տեղադրվեցին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետեր, լրջորեն սահմանափակվել է առանց այն էլ մարդկանց ազատ տեղաշարժի վտանգի տակ գտնվող իրավունքը: Դեռևս նոյեմբերի 10-ին և 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղում այցերով արձանագրել է, որ Կապան-Ճակատեն ճանապարհն անցնելիս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանական զինված ու գլխավորապես դիմակավորված ծառայողներ մոտենում են ճանապարհին՝ մայթեզրի հատվածին և զենքի բացահայտ ցուցադրմամբ փորձում են ահաբեկել մարդկանց։ Սա էլ այն դեպքում, երբ ճանապարհով երթևեկում են երեխաներ, տարեցներ։ Նման հանցավոր երևույթ արձանագրել է հենց Պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաև դա արձանագրվել է հենց այցի օրը՝ նոյեմբերի 10-ին վաղ առավոտյան, երբ ճանապարհի տվյալ հատվածով անցնող մեքենայի մեջ եղել են նաև երեխաներ։ Սրան գումարած՝ առանց այն էլ նշված բնակավայրերում առկա են անվտանգության լրջագույն խնդիրներ: Օրինակ՝ Ճակատենում կան բնակելի տներ, որոնք ադրբեջանական դիրքերից մոտ 200-300 մետր հեռավորության վրա են։ Մեկ այլ դեպքում, օրինակ, Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչի ջրային անվտանգության լուրջ խնդիր է առաջ բերում: Այս մասին նշել են հենց իրենք գյուղի բնակիչները: Ստեղծված իրավիճակի պատճառով դպրոցներում դասապրոցեսն ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է հեռավար եղանակով։ Օրինակ՝ Ճակատենի դպրոցում սովորող երեխաներից 4-ը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև մանկավարժական անձնակազմը Ճակատեն գալիս են Կապան քաղաքից։ Ճանապարհի երթևեկության արգելքի, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհի անանցանելիության պատճառով վերջիններս չեն կարողանում գալ դպրոց, և մարզպետարանի ցուցումների հիման վրա՝ դասերն իրականացվել և շարունակում են իրականացվել հեռավար եղանակով։Շիկահողի (Սրաշենի) միջնակարգ դպրոցի Սրաշենում գործող մասնաշենքում աշխատում են ուսուցիչներ, որոնք Սրաշեն են գալիս Կապանից: Քանի որ ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով Կապանից դպրոց չի կարողանում հասնել Ներքին Հանդի ուսուցիչը: Ուստի, դասերը նշված բնակավայրերում հեռավար եղանակով են անցկացվում։ Ներքին Հանդի դեպքում երեխաների իրավունքներն առանց այն էլ հատկապես ոտնահարված են, քանի որ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Մի շարք բնակիչներ նշել են, որ վերջին օրերին սկսել են առաջ գալ ինտերնետ կապի որակի խնդիրներ. այս հարցում այցի ընթացքում հնարավորություն է ունեցել հավաստիանալ նաև Պաշտպանի աշխատակազմը։ Ավելին, ադրբեջանական դիրքերը գտնվում են քաղաքացիական բնակչության համար ինտերնետ կապի կայանների տեղակայման վայրից անմիջական հեռավորության վրա։ Նշված 6 բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ բարդություններ՝ ոտնահարելով մարդկանց Սահմանադրությամբ երաշխավորված առողջության պահպանման բացարձակ մարդասիրական իրավունքը: Այսպես, թեև Ճակատենում մշտական հերթապահություն է իրականացնում Մեղրիից ժամանած շտապ օգնության բրիգադը (ընդհանուր՝ մեկ մեքենա և յուրաքանչյուր բնակավայրին՝ շտապ օգնության մեկ բուժաշխատող բաշխմամբ), սակայն հրատապ հոսպիտալացման կարիք առաջանալու դեպքում, ստացվում է, մարդիկ պետք է Ճակատենից տեղափոխվեն Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բնակիչների տեղեկությունների, շտապ օգնության մեքենայով հնարավոր կլինի հասնել 2-2.5 ժամում՝ մոտ 70 կմ ճանապարհ անցնելուց հետո։ Սա այն դեպքում, երբ մինչև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհի անօրինական արգելքն անձի տեղափոխումը Կապանի բուժհաստատություն հնարավոր էր կազմակերպել մոտ 30 րոպեի ընթացքում։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև մի շարք այլ բնակավայրերի դեպքում, իսկ անհրաժեշտ դեղորայքը տեղում չլինելու դեպքում հիմնականում բերվում է Մեղրիից։ Այս դեպքում խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ բնակավայրերում ապրում են նաև տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ում առողջության պահպանումը հատկապես պահանջում է հրատապ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում և անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում։ Օրինակ՝ նշված բնակավայրերից մեկի բնակիչը (անհատական տվյալներ հատուկ չեն նշվում), ում մոտ ախտորոշված է ասթմա, թեև ստանում է դեղորայքային բուժում, սակայն հիվանդության սրման դեպքում հրատապ հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջանում: Այդ պարագայում նախկինում կազմակերպվում էր անհապաղ տեղափոխում Կապանի բուժհաստատություն, քանի որ ինքնուրույն, անգամ դեղորայքի կիրառմամբ, հնարավոր չի լինում կայունացնել մարդու ինքնազգացողությունը: Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով նախկին առավելագույն 30 րոպեի փոխարեն այժմ պահանջվում է մոտ 1,5-2 ժամ, որպեսզի հնարավոր լինի շտապ օգնության մեքենայով անձին տեղափոխել Մեղրի, ինչը հրատապ անհետաձգելի բուժօգնության տրամադրման տեսանկյունից անթույլատրելի է: Հրատապ բուժօգնության իրավունքի խաթարման օրինակներ կան մի շարք այլ բնակավայրերում ևս: Ստեղծված իրավիճակում խնդիրներ են առաջանում ոչ միայն Մեղրիի բուժհաստատություն մարդկանց հրատապ հոսպիտալացնելու պարագայում, այլ նաև այն դեպքում, երբ նշված բնակավայրերի բնակիչները պետք է դիմեն Կապանի պոլիկլինիկա, որտեղ էլ հիմնականում հաշվառված են: Նման անհրաժեշտություն կարող է առաջ գալ, օրինակ, բժշկական հետազոտությունների, բժշկասոցիալական փորձաքննությունների նպատակով առողջության պահպանման առաջնային օղակից՝ պոլիկլինիկայից ուղեգրեր կամ այլ փաստաթղթեր ստանալու նպատակով: Հատուկ պետք է ընդգծել՝ ճանապարհը, որ ներկայացվում է որպես այլընտրանքային տարբերակ, հատկապես եղանակային պայմանների, օրինակ, անձրևի պատճառով անանցանելի է դառնում։ Ակնհայտ է, որ խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհը լինելու է անանցանելի ու մարդիկ կկանգնեն լրջագույն խնդիրների առաջ: Այս ճանապարհն առանց այն էլ դժվարանցանելի է: Կապան-Ճակատեն ճանապարհն ադրբեջանական անօրինական արարքներով փակվելուց հետո ոչ միայն լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, այլ նաև առաջ են եկել մարդկանց առօրյա կյանքի կազմակերպման բարդ խնդիրներ: Ամենաէականներից է պարենային պաշարների մատակարարման խնդիրը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի ընթացքում տարբեր բնակավայրերի բնակիչներ, այդ թվում՝ երեխաները նշել են, որ պարենային ապրանքների խանութ կա Ծավում, որտեղ վաճառվող պաշարները ձեռք են բերվում հիմնականում Կապանից: Մյուս բնակավայրերում բնակիչները տեղում կարողանում են գնել բացառապես չոր, շուտ չփչացող սնունդ, իսկ հիմնական գնումները կատարում էին շաբաթական մոտ երկու անգամ՝ Կապանում: Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելուց հետո լրացուցիչ դժվարություններ են առաջացել նաև այս հարցի հետ կապված: Այս դեպքում համայնքապետերը փորձում են գյուղի բնակիչներին անհրաժեշտ պարագաներն ու ապրանքները ձեռք բերելու համար որոշակի պարբերականությամբ, օրինակ, երկու օրը մեկ, ամենագնաց մեքենաներով անցնել այլընտրանքային ճանապարհը և գնալ Կապան, որի համար կարող է պահանջվել մոտ 2 ժամ՝ կախված եղանակային պայմաններից: Մեկ այլ դեպքում՝ այլընտրանքային ճանապարհի հատվածի անանցանելիության պատճառով հնարավոր չի եղել սահմանված ժամին մահացածի դին Կապանից տեղափոխել Ճակատեն, ինչի պատճառով հուղարկավորությունը տեղի է ունեցել զգալիորեն ուշ։ Վերը նշված փաստերը, ինչպես նաև Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային և մաքսային առանց որևէ իրավական հիմքի վերահսկողության կապակցությամբ Պաշտպանի՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ի հայտարարությամբ ներկայացված փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք: Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ Զինված ուժերի և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն անձնուրաց ծառայություն են տանում մարդկանց անվտանգության ապահովման ու աջակցության հարցերում: Աջակցության ծրագրեր են իրականացնում նաև տեղական մարմինները: Այս մասին նշել են նաև բնակիչները: Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Փաստերն ակնհայտորեն հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը հանցավոր բնույթի է, այն խորացնելու է մարդու իրավունքների խախտումները և էլ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնի Հայաստանի քաղաքացիական բնակչությանը: Ակնհայտ է նաև, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց ցանկացած արարք ապօրինի է (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է: Ուստի, ադրբեջանական զինված կամ որևէ այլ ծառայող ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինի: Դա անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար: Այս փաստերը կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին՝ կապված ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, հանցավոր բնույթի արարքների և նրաց հեռացման հրատապ անհրաժեշտության հետ»:  
14:23 - 19 նոյեմբերի, 2021
Ես չեմ համարում, որ իրավիճակն ամբողջովին հանգուցալուծված է․ լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

Ես չեմ համարում, որ իրավիճակն ամբողջովին հանգուցալուծված է․ լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, որ այս իրավիճակի հետ կապված գլխավոր խնդիրը՝ ՀՀ տարածքների օկուպացիայի թեման, երկրորդ–երրորդ պլան մղի։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ես չեմ համարում՝ իրավիճակը ամբողջովին հանգուցալուծված է, լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ, և կարծում եմ, որ բացի այն, որ անելիքներ ունենք դաշնակից գործընկերների հետ, ըստ էության, ՀՀ–ն մեծ անելիքներ ունի անվտանգային իր բաղադրիչը վերականգնելու առումով»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցին, ապա Տիգրան Աբրահամյանը նշեց․ «Եթե Ադրբեջանի այս վարքագիծը շարունակվի, և միաժամանակ  շարունակվի ՀՀ իշխանությունների այս անարժանապատիվ կեցվածքը, 1–2 տարի Ադրբեջանը առհասարակ դելիմիտացիա և դեմարկացիա անելու անհրաժեշտություն չի էլ ունենալու, քանի որ այն խնդիրները, որոնք փորձում է լուծել թվացյալ բանակցությունների միջոցով, ըստ էության, ուժի կիրառման միջոցով դրանք լուծում է»։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ այդպես էլ չունեն պատասխան, թե ֆորմալ դիմումը ներկայացված է եղել Ռուսաստանին, թե ոչ։ «Իշխանական պատգամավորների հակառուսական դեմարշը կհասկանայի, եթե գրավոր դիմումը ներկայացված լիներ և հետևանքներ չունենար, բայց գրավոր դիմումը չներկայացնելու և ընթացակարգերը չիրականացնելու և նման նախահարձակ ելույթներ պառլամենտում ունենալու տրամաբանությունը ես հասկանալ չեմ կարող»,–ասաց նա։
13:01 - 19 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն այս պահի տվյալներով ունի 6 զոհ․ ՊՆ

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն այս պահի տվյալներով ունի 6 զոհ․ ՊՆ

Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։ Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ի ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
10:30 - 19 նոյեմբերի, 2021