tert.am: Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, որ այս իրավիճակի հետ կապված գլխավոր խնդիրը՝ ՀՀ տարածքների օկուպացիայի թեման, երկրորդ–երրորդ պլան մղի։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ես չեմ համարում՝ իրավիճակը ամբողջովին հանգուցալուծված է, լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ, և կարծում եմ, որ բացի այն, որ անելիքներ ունենք դաշնակից գործընկերների հետ, ըստ էության, ՀՀ–ն մեծ անելիքներ ունի անվտանգային իր բաղադրիչը վերականգնելու առումով»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցին, ապա Տիգրան Աբրահամյանը նշեց․ «Եթե Ադրբեջանի այս վարքագիծը շարունակվի, և միաժամանակ շարունակվի ՀՀ իշխանությունների այս անարժանապատիվ կեցվածքը, 1–2 տարի Ադրբեջանը առհասարակ դելիմիտացիա և դեմարկացիա անելու անհրաժեշտություն չի էլ ունենալու, քանի որ այն խնդիրները, որոնք փորձում է լուծել թվացյալ բանակցությունների միջոցով, ըստ էության, ուժի կիրառման միջոցով դրանք լուծում է»։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ այդպես էլ չունեն պատասխան, թե ֆորմալ դիմումը ներկայացված է եղել Ռուսաստանին, թե ոչ։ «Իշխանական պատգամավորների հակառուսական դեմարշը կհասկանայի, եթե գրավոր դիմումը ներկայացված լիներ և հետևանքներ չունենար, բայց գրավոր դիմումը չներկայացնելու և ընթացակարգերը չիրականացնելու և նման նախահարձակ ելույթներ պառլամենտում ունենալու տրամաբանությունը ես հասկանալ չեմ կարող»,–ասաց նա։
comment.count (0)