Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ
 |armenpress.am|

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով շարունակվող բախումների կապակցությամբ: Նա երկու առաջնորդներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի հաստատման եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ ՝ տարածաշրջանում անկայունությունը կանխելու նպատակով: Գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է, որպեսզի կողմերն աշխատեն նրանց հետ՝ առանց հապաղելու կամ նախապայմանների բանակցություններին վերադառնալու համար:
00:52 - 29 սեպտեմբերի, 2020
Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել Վրաստանի սահմանը


 |jnews.ge|

Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել Վրաստանի սահմանը |jnews.ge|

jnews.ge: Ինչպես JNEWS-ին տեղեկացրին, հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը: Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ: Վրաստանի իրավապահ մարմինների հետ արդեն մի քանի ժամ տարվող բանակցությունների արդյունքում՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն անարգել կհատեն վրաց-հայկական սահմանը, իսկ անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին: Հարկ է նշել, որ հայ-վրացական սահմանին իրարանցում էր տիրում: Վրաստանի իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ: JNEWS-ի տվյալներով, մոտավոր 3-ից 5000 մարդ է հավաքվել վրաց-հայկական սահմանային անցակետ տանող ճանապարհին:    
00:21 - 29 սեպտեմբերի, 2020
ՊԲ-ն ևս 26 զոհի անուն է հրապարակել

ՊԲ-ն ևս 26 զոհի անուն է հրապարակել

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Յուրի Կարենի, ծնվ. 2000թ. Ավանեսյան Աշոտ Մեյվայի, ծնվ. 2000թ. Ամիրյան Սամվել Սարգսի, ծնվ. 1996թ. Հարությունյան Վանուշ Վահրամի, ծնվ. 2000թ. Հովսեփյան Էրիկ Տիգրանի, ծնվ. 2002թ. Սարգսյան Նարեկ Սամվելի, ծնվ 2001թ. Գևորգյան Ժորա Կարենի, ծնվ. 2001թ. Սարգսյան Արսեն Սարգսի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Արման Արմենի, ծնվ. 2001թ. Հարությունյան Սամվել Նորայրի, ծնվ. 2000թ. Թախմազյան Վահագն Վարդանի, ծնվ. 2001թ. Չոբանյան Հովհաննես Զոհրաբի, ծնվ. 2002թ. Հակոբյան Տիգրան Մերուժանի, ծնվ. 2000թ. Մանուչարյան Գրիգոր Ռաշիդի, ծնվ. 2002թ. Զորոյան Տիգրան Մանվելի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ. Զարգարյան Հակոբ Բենիկի, ծնվ. 2002թ. Ղազարյան Սոսիկ Գարիկի, ծնվ. 2002թ. Քարամյան Աշոտ Ավետիքի, ծնվ. 2002թ. Մուսայելյան Իրինա Լավրենտի, ծնվ. 1979թ. Մելիքյան Ավագ Գրիշայի, ծնվ. 1978թ. Մովսիսյան Անդրանիկ Գևորգի, ծնվ. 1987թ. Սարգսյան Վահագն Աշոտի, ծնվ. 1975թ. Իսպիրյան Դմիտրի Սերգեյի, ծնվ. 1987թ. կամավորական Պետրոսյան Ռոբերտ Արմենի, ծնվ. 1992թ.
23:55 - 28 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ պետդեպարտամենտի կոչն ուղղված է Թուրքիային եւ այն պետք է զսպիչ դեր խաղա այս իրադարձությունների մեջ․ Մասիս Մայիլյան

ԱՄՆ պետդեպարտամենտի կոչն ուղղված է Թուրքիային եւ այն պետք է զսպիչ դեր խաղա այս իրադարձությունների մեջ․ Մասիս Մայիլյան

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ադրբեջանական ագրեսիայի, Ադրբեջանի կատարած հանցագործությունների վերաբերյալ Արցախի ԱԳՆ-ի՝ այսօր ընդունված հայտարարությունն արդեն տարածվել է ԵԱՀԿ-ում, եւ հիմա աշխատանքներ են տարվում, որ այդ փաստաթուղթը տարածվի նաեւ ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում։ «Մեր մշտական ներկայացուցիչներն արտերկրում աշխատում են արտակարգ ռեժիմով։ Աշխատանք է տարվում տարբեր գործիչների հետ, եւ տեսնում ենք, որ մի շարք հայտարարություններ են տարածվում, որտեղ միանշանակ դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի դեմ»,- ասել է նա։  Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ Նիդերլանդների Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել եւ ընդունվել են երկու բանաձեւեր, որոնցով կոչ են անում սեփական կառավարությանը, որ վերջնագիր ներկայացնի Ադրբեջանին եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ջանքեր գործադրի, որ գործընկերության եւ համագործակցության վերաբերյալ Ադրբեջան-ԵՄ բանակցությունները դադարեցվեն, խնդրում են նաեւ, որ կառավարությունը համապատասխան բոլոր հարթակներում Թուրքիային եւ այլ պետություններին կոչ անի զերծ մնալ հակամարտությանը միջամտելուց։ Փաստաթուղթը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ին։  «Վերջին 24 ժամվա մեջ ամենակարեւոր հայտարարությունը համարում ենք ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությունը, որը տարբերվում է նրանով, որ ոչ միայն կոչ է արվում դադարեցնել պատերազմական գործողությունները եւ անցնել բանակցությունների, այլ նաեւ նշվում է, որ երրորդ երկրների ներգրավվածությունն այս հակամարտության մեջ անթույլատրելի է։ Այս կոչն ուղղված է Թուրքիային եւ այն պետք է զսպիչ դեր խաղա այս իրադարձությունների մեջ»-հավելել է Մայիլյանը։  Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ և հատուկ ընդգծել, որ արտաքին ուժերի կողմից խնդրին մասնակցությունը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը:    
23:50 - 28 սեպտեմբերի, 2020
Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք հարվածում․ Արայիկ Հարությունյան

Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք հարվածում․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր երեկոյան ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Լելե Թեփե բարձունքի գրավման մասին լուրերին՝ նշելով, որ այսօր արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ։ «Մենք կարող է վաղը ունենանք նահանջ կամ հակառակը առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ։ Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք։ Ինչ անենք, Ադրբեջանը իր ամբողջ բանակի ուժերը օգտագործել է և շարունակում է օգտագործել։ Պետք չէ անդրադառնանք՝ դիրք ենք տալու, թե դիրք չենք տալու»,-նշեց Արցախի նախագահը։ Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին Արայիկ Հարությունյանն ասաց․ «Մեզ համար այսօր ամենակարևորը անվտանգությունն է։ Կճանաչեն անկախությունը, թե չեն ճանաչի, մենք պետք է հաղթենք պատերազմում։ Հաղթելուց հետ կամ հաղթելու ընթացքում արդեն քաղաքական որոշումների առումով մենք ճիշտ որոշումներ կկայացնենք»։ Արցախի նախագահը նշեց, որ երեկ մեզ հաջողվել է վերականգնել բավականին շատ դիրքեր․ «Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք հարվածում։ Դիրքերով, լոկալ հաջողություններով, սակայն, դեռ մեծ հաջողություններ չենք ապահովել։ Մեր մարտավարությունը սա է․ պետք է հակառակորդին զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչքան ունեցել են 92-94 թթ․։ Այլ տարբերակ չկա, քանի որ դեռ քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»,-մանրամասնեց Արայիկ Հարությունյանը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ ձևաչափով են նախկին բարձրաստիճան զինվորականները մասնակցում ԱԽ նիստին՝ ԱՀ նախագահն ասաց, որ պաշտպանության բնագավառում վաստակ ունեցող զինվորականները, հերոսները, որոնք ցանկություն են հայտնել աջակցելու, մասնակցել են։ «Լինելու են մարդիկ, որ հարց է առաջանալու՝ ինչու չկան․ այդ մարդիկ ցանկություն չեն հայտնել իրենց աջակցությունը ցուցաբերելու։ Եթե խոսքը գեներալ Ղահրամանյանի, գեներալ Կարապետյանի և Մնացականյանի մասին է, նրանք զանգել և առաջարկել են իրենց ծառայությունները։ Բոլոր այն անձինք՝ ոչ միայն գեներալները, ովքեր ցանկություն են հայտնել հանուն հայրենիքի համագործակցել ՊԲ-ի և իշխանությունների հետ, ներկա են եղել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը։ 
23:47 - 28 սեպտեմբերի, 2020
Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա |armenpress.am|

Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության  գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակչության շրջանում: Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարությունը տարածել է հունական «Greek city time»-ը: «Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել ռազմական գործողությունները` լարվածությունը հնարավորինս արագ նվազեցնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ: Իրադարձությունների զարգացման լույսի ներքո արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում վերջինս նրան տեղեկացրել է իրավիճակի զարգացման մասին: Իր հերթին, պարոն Քրիստոդուլիդեսը  Մնացականյանին հայտնել է Կիպրոսի կառավարության աջակցության մասին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և դատապարտել է երրորդ կողմերի ցանկացած գործողությունը եւ միջամտությունը:
23:29 - 28 սեպտեմբերի, 2020
Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան

Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացրեց իրենց դիտարկումը հակառակորդի տեխնիկայի վերաբերյալ․«Այսօր մի հետաքրքիր դիտարկում ենք արել․ երբ մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկան, այդ տեխնիկաները հարձակվողական են․ դրանք տանկեր են, անօդաչուներ են, ուղղաթիռներ են։ Իսկ նրանք տեղադրում են մեր հակաօդային պաշտպանության որոշ տեխնիկաներ, հիմնականում ՝ ՕՍԱ-ներ։ ՕՍԱ-ն հարձակվողական զենք չէ, ՕՍԱ-ով պաշտպանվում են։  Եվ նրանք մարտական տակտիկա են կիրառել՝ վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները»,-նշեց Արայիկ Հարությունյանը։ Նախագահը կրկին ընդգծեց, որ սա կենաց-մահու պատերազմ է, և մենք այս պատերազմը հաղթելու ենք։«Ամեն օր ես հիանում եմ Արցախում, Հայաստանում և սփյուռքում ապրող իմ հայրենակիցներով։ Չենք հասցնում, համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնելով, ապահովել, որ կամավորականները զբաղեցնեն մարտական դիրքեր»,-իր խոսքում նշեց Արցախի նախագահը։ Անդրադառնալով Ադրբեջանի իշխանության վարքագծին և երկխոսության հնարավորությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Նման վարքագիծ ունեցող իշխանության (խմբ․- Ադրբեջանի) հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ։ Թուրքիայի լկտիությունը դուք ամեն օր տեսնում եք, ես այսօր ևս պետք է դրա մասին ասեմ։ Այո՛, մենք մարտնչում ենք թուրք-արդեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է, խնդիրը միայն Արցախը չէ»։ Արցախի նախագահը ևս մեկ անգամ անդրադարձավ դիրքերի հարցին և նշեց, որ տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել։ «Մենք շատ կարևոր առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի զինտեխնիկայի բավականին մեծ քանակի ուժեր, և նրանք նաև մարդկային կորուստներ ունեն»,-հավելեց Արայիկ Հարությունյանը։  
23:17 - 28 սեպտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համարՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ:ՀՀ վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում: Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար:Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
23:12 - 28 սեպտեմբերի, 2020
Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները․ Արայիկ Հարությունյան

Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղի ունեցած ճեպացրույցի ժամանակ նշեց, որ շատ բան չի փոխվել առաջնագծում դիրքային առումով։ «Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի ուղղությունը, և Թալիշ, Մատաղիս, Եղնիկներ հատվածը՝ այսինքն՝ հյուսիս-արևելյան ուղղությունը։ Այսօր՝ կեսօրից հետո, նաև լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել, բայց ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողություններն արդեն Օմարի ուղղությամբ»,-մանրամասնեց Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հարավային ուղղությամբ Կարախամբելի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։«Երևի հնարավորություն ունեցել եք տեսնելու հատվածներ՝ ինչպես են տեղի ունենում մարտական գործողությունները։ Հարավային ուղղությամբ Կարախամբելի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։  Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ երեկ արդեն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են, բայց այդպիսի բան չի եղել։ Իրենց բացը լրացնելու համար այսօր երևի հաշվարկով ավելի քան 50, եթե ոչ ավելի, տանկ և զրահատեխնիկա են օգտագործել»,-մասնավորապես նշեց ԱՀ նախագահը։  Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ ՊԲ ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկաներ։«Մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկաներ։ Ադրեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։ Ես այսօր կարող եմ նաև փակագծեր բացել՝ ինչ է կատարվել մեր կապի բնագավառում։ Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները։ Մասնագետներն ասում են՝ դա օրերի խնդիր չէ։ Եվ այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, թե իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և նրանք անցել են հակահարձակման, ընդամենը հերթական անգամ ապացուցում է՝ ում հետ գործ ունենք։ Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է»,-իր խոսքում նշեց ԱՀ նախագահը։
22:52 - 28 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը արցախցիների տարհանման մասին որևէ հայտարարություն չի արել |infocheck.am|

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը արցախցիների տարհանման մասին որևէ հայտարարություն չի արել |infocheck.am|

infocheck.am: Ռուսական լրատվակայքերից մեկը, մեջբերելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի՝ «Эхо Москвы»-ի տված հարցազրույցից մի հատված, հայտնել էր, թե Հայաստանը մշակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը։ Հղում անելով լրատվականին՝ «politik.am»-ը «Հայաստանը մշակում է Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը» վերտառությամբ նյութ էր հրապարակել՝ նշելով.   «Հայաստանի իշխանությունները քննարկում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տարհանելու հնարավորությունը՝ կապված Ադրբեջանի հետ տարածաշրջանում բախումների հետ»:   Ուսումնասիրելով ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի՝ «Эхо Москвы»-ին տված հարցազրույցը, հայտնում ենք, որ դեսպանը չի խոսել բնակչության տարհանման որևէ պլանի մասին։ Ինչպես «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նշեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից՝ Վ. Տողանյանի խոսքերը ներկայացվել են կոնտեքստից կտրված։ Հարցազրույցի ժամանակ դեսպանը, խոսելով մոբիլիզացման գործընթացի մասին, շեշտում է՝ Ստեփանակերտում հայտարարվում է «օդային տագնապ», մարդիկ թաքնվում են նկուղներում և ռմբապաստարաններում, սակայն որևէ խոսք չկա տարհանման կազմակերպման մասին։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արցախի Հանրապետությունում չկա մասսայական տեղահանում։ Ավելին՝ ՀՀ ԱԱԾ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անել քաղաքացիներին մարդասիրական և հայրենասիրական մղումներից ելնելով անգամ Արցախի բնակչությանը ապաստարաններ տրամադրելու մասին գրառումներ չկատարել։
22:15 - 28 սեպտեմբերի, 2020