Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Գուցե Վրաստանը միջնորդի դեր ստանձնի. Դոլիձեն Ղարաբաղի հարցով վարչապետին է դիմել
 |aliq.ge|

Գուցե Վրաստանը միջնորդի դեր ստանձնի. Դոլիձեն Ղարաբաղի հարցով վարչապետին է դիմել |aliq.ge|

aliq.ge: Դիդուբե-Չուղուրեթիից մեծամասնական ընտրակարգի անկախ թեկնածու, «Ժողովրդի համար» շարժման առաջնորդ Աննա Դոլիձեն կոչ է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային անհապաղ Ազգային անվտանգության խորհուրդ գումարել՝ քննարկելու Վրաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարված հարաբերություններում: Ըստ Աննա Դոլիձեի՝  երկու ռազմավարական նշանակություն ունեցող հարևան երկրներում լարվածությունը էական ազդեցություն կունենա Վրաստանի և ամբողջ Կովկասի վրա, ուստի Վրաստանի կառավարությունը և երկրի գերագույն գլխավոր հրամանատար նախագահը պետք է շտապ  գործողությունների ծրագիր մշակեն: Դոլիձեի պնդմամբ՝ լարվածությունը երկու հարևան երկրների միջև կանդրադառնա նաև տարածաշրջանի առևտրատնտեսական իրավիճակի վրա, որն առանց այն էլ խոցելի է դարձել կորոնավիրուսի պատճառով։ «Միևնույն ժամանակ, միգուցե Վրաստանն միջնորդի դեր ստանձնի՝ այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելու համար», — ասել է Անա Դոլիձեն:
10:09 - 28 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան
 |tert.am|

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Ադամ Շիֆը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների հետ՝ խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ: «Այս գիշերվա ընթացքում Ադրբեջանը անցել է Արցախի վրա վերջին տարիների ամենամեծ գրոհին, և ըստ նախնական տեղեկությունների, զգալի զոհեր են եղել: Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի Մինսկի Խմբի մյուս անդամների հետ խաղաղությունը վերականգնելու և հետագա սրացումները կանխելու համար, որոնք ավելի շատ կյանքեր կվտանգեն: Ես ներկայացրել եմ օրենսդրական նախաձեռնություն, որը ԱՄՆ Հետախուզական մարմիններից պահանջում է գնահատել, թե ով է նախաձեռնել այս և այլ փոխհրաձգությունները, ինչն անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Շիֆը:  
09:39 - 28 սեպտեմբերի, 2020
Բայդենն արձագանքեց Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին
 |amerikayidzayn.com|

Բայդենն արձագանքեց Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը ''Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկման առիթով և կոչ եմ անում անհապաղ նվազեցնել լարվածությունը, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Միացյալ Նահանգները պետք է շփման գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավի և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկաբար զենքի տրամադրումը երկու կողմերին, միաժամանակ վերանայի անվտանգությանն ուղղված մեր սեփական ծրագրերը՝ վստահ լինելու համար, որ տրամադրվող որևէ ռազմական միջոց չի կիրառվի հարձակման համար: Թրամփի վարչակազմը նաև պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու և վստահության ամրապնդման միջոցներն աջակցելու համար: Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում սպառնում է աճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, և այդ պատճառով տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան այս հակամարտությանը ներգրավվելուց, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է նվազեցնեն լարվածությունը և վերադառնան բանակցություններին'':
09:34 - 28 սեպտեմբերի, 2020
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք. Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ժողովրդին

Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք. Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ժողովրդին

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցողասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը, մեր տոկունությունը և մեր սերն առ հայրենիք: Նրանք բախվելու են ողջ հայության, ողջ հայկական աշխարհի համառ դիմադրությանը և արդար ցասմանը: Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը: Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին: Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը: Սիրելի՛ներ, կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվոր կողքին և հաղթենք միասին: Մեր դատն արդար է, միասին մենք հզոր ենք, Աստված մե՛ր կողմից է, և ոչինչ, ոչ ոք՝ ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ սիրիացի վարձկանները չեն կարողանա Ադրբեջանին և Ալիևին փրկել մեր կոշտ և անկասելի պատժից: Փառք մեր բանակին, փառք մեր պետությանը, փառք Հայաստանին և փառք հայ ժողովրդին:
09:30 - 28 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին։ Ֆրանս 24. Պարոն Մնացականյան, շնորհակալ ենք այսօր «Ֆրանս 24»-ի հետ զրույցի համար: Ադրբեջանն ասում է, որ այս կիրակի նրանք պատասխանել են Հայաստանի կողմից սանձազերծված հրետակոծությանը: Ես կցանկանայի սկսել սրա վերաբերյալ Ձեր արձագանքով: Զոհրաբ Մնացականյան. Թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական զորքերը, թե Հայաստանի Հանրապետությունն ու իր զինված ուժերը բացարձակապես որևէ մտադրություն չունեին իրավիճակն առավել սրելու: Ադրբեջանի կողմից ագրեսիա է սանձազերծվել 2016թ.-ին, 2020թ.-ի հուլիսին, և այժմ վերսկսվեց զանգվածային էսկալացիան Ադրբեջանի հետ Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Եվ սա նախապես պլանավորված, հետևողականորեն պլանավորված լայնածավալ հարձակում է շփման գծի ողջ երկայնքով: Մեղադրանքների խաղը, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել մեզ, արդարացված չէ: Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ եղել են բազում առաջարկներ՝ ձևավորելու ռիսկերի նվազեցման, հրադադարի խախտումների հետաքննության և զինադադարի ռեժիմի ամրապնդման շատ հստակ մեխանիզմներ, որոնք կտրականապես մերժվել են Ադրբեջանի կողմից, քանի որ ուժի կիրառումը հենց Ադրբեջանի գործիքն են:  Ֆրանս 24. Երկու կողմերում եղել են ռազմական և քաղաքացիական կորուստներ: Հայաստանի պարագայում Դուք կարո՞ղ եք հաստատել երկու կողմերից ռազմական և քաղաքացիական կորուստների մասին տեղեկությունները: Զոհրաբ Մնացականյան. Ինչպես ես նշեցի՝ զանգվածային հարձակում է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի վրա՝ հյուսիսից հարավ ամբողջ երկայնքով: Հարձակումներ են տեղի ունենում Մարտակերտի շրջանի խաղաղ բնակավայրերի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Կիրառվել են ծանր հրետանի, ավիացիա, տանկեր, ԱԹՍ-ներ: Եվ ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում, քանի որ այն ներկա է իր ռազմական ուժով և ավիացիայով: Եվ սա շատ մտահոգիչ է:  Ֆրանս 24: Մենք տեղեկություններ էինք ստանում այստեղ, որ Ադրբեջանն, ի վերջո, ռազմական դրություն է հայտարարել, ինչը Հայաստանն, իհարկե, արդեն արել է: Ինչպիսի՞ն է այժմ տեղում իրավիճակը: Զոհրաբ Մնացականյան. Արցախի բնակչությունն ու Արցախի զինված ուժերը եղել և մնում են լիովին վճռական պաշտպանելու իրենց հողերը և պաշտպանելու իրենց ազատությունը: Հայ ժողովուրդը, Հայաստանի զինված ուժերը, հայկական պետությունը եղել և մնում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Մենք միանգամայն վստահ ենք և վճռական՝ հետ մղելու այս ագրեսիան և ամուր կանգնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության համար: Ֆրանս 24. Դուք մտավախություն ունե՞ք, որ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել:  Զոհրաբ Մնացականյան. Մենք շատ մտահոգված ենք այս ագրեսիվ, լայնածավալ հարձակումով. Ադրբեջանը մտադրություն չունի գործել լարվածության թուլացման ուղղությամբ: Եվ իհարկե, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր զարգացմանը, որը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար, բայց ինչպես ես ասացի, մենք պատրաստ ենք պաշտպանվել ամենավճռական կերպով: Ֆրանս 24. Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես եղանք, որ ևս մեկ անգամ, ինչպես ասում են, գլուխ է բարձրացնում Լեռնային Ղարաբաղի չլուծված համակարտությունը: Դուք տեսնու՞մ եք դրա լուծումը: Զոհրաբ Մնացականյան. Իհարկե, մենք եղել և մնում ենք լիովին հավատարիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչի համար կա միջազգայնորեն ընդունված, միջազգային մանդատ ունեցող ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում ընդգրկված են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը: Մենք լիովին հավատարիմ ենք այս գործընթացին՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և գտնելու այնպիսի լուծում, այնպիսի կարգավորում, որը բացառապես հիմնված է փոխզիջման վրա, այնպիսի մի լուծում, որն ընդունելի է, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի և նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի և մտահոգությունների որևէ դիտարկում: Առավելապաշտական մոտեցումը եղել և մնում է մերժված: Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել:
09:21 - 28 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ հրապարակվել են անունները

Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ հրապարակվել են անունները

Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Ստորեւ ներկայացնում ենք զոհված զինծառայողների անունները։ Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ. Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ. Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ. Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ. Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ. Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ. Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ. Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ. Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ. Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ. Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ. Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ. Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ. 
08:13 - 28 սեպտեմբերի, 2020
Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը
 |azatutyun.am|

Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները: «Միացյալ Նահանգները մտահոգված է լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդումներով, որոնց հետևանքով արձանագրվել են էական կորուստներ», - հայտարարել է Պետդեպարտամենտը` ցավակցություն հայտնելով զոհերի ու վիրավորների հարազատներին: Պետդեպի խոսնակը նաև տեղեկացրել է, որ այսօր փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ` կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել, օգտագործել ուղիղ կապը` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, ինչպես նաև զերծ մնալ անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը տեղում: Պետդեպարտամենտը հատուկ անդրադարձ է արել նաև երրորդ կողմերին, ընդգծելով` Միացյալ Նահանգները համոզված է, որ արտաքին ուժերի կողմից խնդրին մասնակցությունը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը: «Մենք կոչ ենք անում կողմերին աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ` որքան հնարավոր է արագ բովանդակային բանակցությունների վերադառնալու համար», - հայտարարել է Պետդեպարտամենտը, հավելելով, - «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ ու տևական կարգավորմանը հասնելու հարցում կողմերին աջակցելու իր հանձնառությանը»:
01:19 - 28 սեպտեմբերի, 2020
ԱՏՁՄ-ն ու միության անդամ ընկերությունները սատար են կանգնում մեր ռազմական ուժերին, քաղաքացիական ու ռազմական ղեկավարությանը

ԱՏՁՄ-ն ու միության անդամ ընկերությունները սատար են կանգնում մեր ռազմական ուժերին, քաղաքացիական ու ռազմական ղեկավարությանը

ԱՏՁՄ վարչության հայտարարությունը՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից դրսևորված ագրեսիայի վերաբերյալ․ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին` թիրախավորելով ինչպես ռազմական դիրքերը, այնպես էլ քաղաքացիական բնակչությունը։ Այս անգամ ևս հայկական պաշտպանական ուժերը նախաձեռնեցին այս անհիմն հարձակումը ետ մղելու օպերացիաներ, և չնայած շարունակվող մարտերին, քայլեր ձեռնարկեցին` հսկողության տակ պահելու իրավիճակն ամբողջ սահմանի երկայնքով։ Զուգահեռաբար, Ադրբեջանը, իր մտերիմ դաշնակից Թուրքիայի հետ, իրականացնում է ապատեղեկատվության ու քարոզչական լայնածավալ արշավ` թաքցնելու իրենց կողմից միջազգային իրավունքի ու հումանիտար նորմերի կանխամտածված խախտումները՝ Հայաստանի ագրեսիային «հակահարված տալու» անվան տակ։ Թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության կառավարությունները հստակ կերպով հայտարարել են, որ իրենք չեն սկսել ագրեսիան, դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած ռազմական լուծում, բայց կանեն ամեն անհրաժեշտ բան՝ պաշտպանելու Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությունը։ Իրավիճակը Հայաստանում՝ ինչպես Երևանում, այնպես էլ երկրով մեկ, կայուն է ու գտնվում է հսկողության տակ։ Մեր անդամ ընկերությունները, տեխնոլոգիական ոլորտի մնացյալ հատվածի հետ, շարունակելու են գործել բնականոն կերպով, ինչպես բազմիցս արել են ադրբեջանական ագրեսիայի դրսևորման այլ դեպքերի ժամանակ` բալանսավորելով իրենց գործարար առաջնահերթություններն ու հասարակության, Հայաստանի անվտանգության և բնակչության նկատմամբ ունեցած կոլեկտիվ պատասխանատվությունը։ Մեր քաղաքացիական, տնտեսական, տրանսպորտային ու կապի ենթակառուցվածքների աշխատանքն անխափան է և գտնվում է մշտական վերահսկվողության տակ։ Կոչ ենք անում բոլորին, ովքեր մտահոգ են իրավիճակով, հետևել պաշտոնական աղբյուրներին ու հայտարարություններին, որոնք մենք նույնպես կհեռարձակենք կապի մեր հարթակներով։ ԱՏՁՄ-ն ու միության անդամ ընկերությունները սատար են կանգնում մեր ռազմական ուժերին, քաղաքացիական ու ռազմական ղեկավարությանն ու հայաստանյան հասարակության մյուս բոլոր անդամներին՝ հավուր պատշաճի դիմակայելու Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի այս չհրահրված ագրեսիային, և ապահովելու խաղաղ ու կայուն միջավայր ՏՏ ոլորտի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության աճի ու զարգացման համար»։
01:08 - 28 սեպտեմբերի, 2020