Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրենք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանն է տրամադրել Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք) շրջանում 200 հա հողամաս և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Հողատարածքը տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ: Այնուհետև, ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է անշարժ գույքի նկատմամբ ընկերության իրավունքը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի որոշմամբ մինչև 2039 թվականի մայիս ամիսը ընկերությանը տրամադրել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Դրանից բացի, Սոթք գյուղում գտնող նշված մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակությամբ հողամասի նկատմամբ գրանցված ընկերության վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2048թ. ապրիլ ամիսը: Կարևոր է արձանագրել, որ 200 հա հողատարածքի հատկացմանը «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի այն դրույթը, որը վերաբերում է ՀՀ պետական սահմանային գոտուն և որն էլ սկսվում է ՀՀ պետական սահմանագծից ծավալվել դեպի ՀՀ տարածքի խորքը: 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինված ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք: Արդյունքում՝ ինչպես նշվել է Պաշտպանին հասցեագրած բողոքում, գործարար ընկերությունը զրկվել է իրենց հատկացված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի 200 հա հողատարածքն օգտագործելու, 75 հա տարածքի վրա կառուցված հողմային էլեկտրակայանից՝ 2 հողմակից ու դրանով ընկերությանը պատճառվել է մոտ 5,000,000 ԱՄՆ դոլարի չափով վնաս: Ընկերությունը հաստատված ծրագրով նախատեսել է ընդհանուր առմամբ ունենալ 23 հողմակ մնացած ողջ 200 հա տարածքի վրա, որի ուսումնասիրություններն արդեն արված են եղել: Այսինքն՝ ընկերությունը զրկվել է նաև առանձնապես խոշոր չափի բաց թողնված օգուտներից, ինչպես նաև տնտեսական գործունեությունը զարգացնելու հնարավորությունից: Ստացվում է՝ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ արարքներով, զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ քաղաքացի գործարարներին զրկել են միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից այն տարածքում, որը նրանց հատկացվել է  ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաստատվել Կառավարությունից անկախ ՀՀ մարմինների որոշումներով: Նշվածից բացի, այս ամենի արդյունքում իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների համար: Հարցն այն է, որ այդ տարածքները օգտագործվել են նաև արոտավայրերի և խոտհարքի համար, իսկ ներկայում արդեն դա դարձել է անհնար ադրբեջանի զինված ուժերի նշանառության տակ լինելու պատճառով, ինչը բնակիչների համար լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության ու մասնավորապես՝ անասնապահության հարցերով: Գործարարներն օրինական գործունեությունն իրականացնելու համար իրենց հատկացված տարածքին առհասարակ մոտենալ չեն կարող: Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են Գեղամասար համայնքի բնակիչները և համայնքային մարմինները, դա հաստատվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավորած պատվիրակության այցի ու Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից տեղում շարունակական ուսումնասիրությունների ընթացքում: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերի այս գործողությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով, խախտվել են ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, ինչպես նաև արոտավայրերից ու խոտհարքներից օգտվելու և այլ իրավունքներ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են նշված հարցերը, դրանք կներկայացվեն միջազգային մարմինների ուշադրությանը,ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին՝ կապված Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հետ»,- գրել է նա:
16:47 - 05 փետրվարի, 2021
ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը, տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

ՄԻՊ-ն առաջարկում է գրքերի վաճառքը, տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  «Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։ Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։ Առաջարկվող փոփոխությունը կարևոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման և տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը: Ազգային ժողով եւ Կառավարություն, մասնավորապես, ուղարկվել են նախագծերը, դրանց ընդունման հիմնավորումները եւ ամփոփաթերթերը՝ սահմանված կարգով ընթացք տալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:58 - 04 փետրվարի, 2021
Մեղրիի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը խախտվում է ադրբեջանական ԶՈՒ դիտավորյալ արարքներով․ ՀՀ ՄԻՊ

Մեղրիի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը խախտվում է ադրբեջանական ԶՈՒ դիտավորյալ արարքներով․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի շրջան): Արդյունքում, ստացվել է այնպես, որ Սյունքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Այս բնակավայրերում Մեղրի համայնքի բնակչության մեծամասնությունն է: Պաշտպանին խնդրի առնչությամբ անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաև Մեղրի համայնքի ղեկավարը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությունն այդ ահազանգերը ստացել է Մեղրի համայնք 2021թ. հունվար ամսին կատարած այցի ընթացքում: Հարցն այն է, որ Մեղրի համայնքի բնակավայրերի խմելու և ոռոգման ջուրը մշտապես ապահովվել է «Մեղրի» գետի հաշվին: «Զվարագետ» կամ «Այրիջուր» վտակը սկիզբ է առնում ծովի մակերևույթից մոտ 3,500մ. բարձրությունից՝ Զանգեզուրի լեռների հարավարևելյան լանջերից ու հետո միանում է «Մեղրի» մայր գետին: Ձնհալների շնորիվ յուրաքանչյուր տարվա մոտ օգոստոս ամսից սկսած Զվարագետը դառնում է ջրառատ, որի շնորհիվ էլ մշտապես ապահովվել է խմելու և ոռոգման ջրի լիարժեք մատակարարումը Մեղրի համայնքի նշված բնակավայրերի համար: Առանց դրա «Մեղրի» գետն ապահովում է միայն յուրաքանչյուր տարվա սկզբից մինչև հունիս-հուլիս ամիսների ջրամատակարարումը ու հետո «Մեղրի» դառնում է խիստ սակավաջուր, իսկ Մեղրի քաղաքի հատվածում գետն առհասարակ ցամաքում է: Այս կերպ նաև լուրջ վնասներ են պատճառվել արդեն Մեղրի համայնքի շրջակա միջավայրին: Բնակիչները և Մեղրի համայնքի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ ադրբեջանական զինվորականները յուրաքանչյուր ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով փոխում են վտակի հունը դեպի Նախիջևան: Այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերի այս դիտավորյալ գործողությունների արդյունքում լուրջ խնդիրներ են առաջ գալիս յուրաքանչյուր տարի օգոստոս ամսից սկսած Մեղրի և Ագարակ քաղաքների, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերի բնակիչների համար՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Ընդ որում, այս ամենն արվում է մարդկանց կյանքի համար իրական վտանգավոր ուժի սպառնալիքով, քանի որ «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ ու հսկվում է նրանց կողմից: Ադրբեջանական զինված ուժերի ու որ նույնն է՝ իշխանության մարմինների այս արարքներով կոպտորեն խախտվում է միջազգային բացարձակ արգելքներով երաշխավորված Հայաստանի Մեղրի համայնքի բնակիչների համար կենսական կարևորություն ունեցող, այն է՝ ջրի իրավունքը: Ջրի իրավունքը երաշխավորված է միջազգայնորեն: Այս իրավունքը ներառում է մարդու իրավունքն ունենալու բավարար և շարունակական ջուր թե՛ խմելու, թե՛ կենցաղային նպատակների (ոռոգման, հիգիենայի և այլն) համար: Ընդ որում, պետք է լինի ջրից օգտվելու անվտանգ հնարավորություն ու լիարժեք հասանելիություն: Այս իրավունքն ունի բացառիկ արժեք ու ընկած է մարդու կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության ու մասնավոր կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների հիմքում: Այս իրավունքն այնքան հիմնարար է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ջրի և սանիտացիայի իրավունքը հռչակել է համաշխարհային կայուն զարգացման նպատակ՝ հաշվի առնելով ջրի հիմնարար, անփոխարինելի նշանակությունը մարդու զարգացման ու կյանքի կազմակերպման համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս իրավունքը բնորոշել է՝ որպես հազարամյակի զարգացման նպատակ: Ադրբեջանի զինված ուժերի նկարագրված արարքները կոպտորեն խախտում են նաև «Անդրսահմանային ջրաահոսքերի և միջազգային լճերի օգտագործման և պահպանության» մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ընդունված կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթեր: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են Հայաստանի բնակիչների միջազգայնորեն բացարձակ երաշխավորված խմելու և ոռոգման ջրի իրավունքը ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար լրջորեն խախտելու առնչությամբ վերլուծություններն ու գնահատականները, որոնք կուղարկվեն միջազգային ու առաջին հերթին մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև ՀՀ իրավասու մարմիններին»:
09:57 - 04 փետրվարի, 2021
Արման Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը

Արման Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար: Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները՝ ներկայացնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ՌԴ-ում կազմակերպված համատեղ ընդունելությունը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված է եղել ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը։ Համատեղ աշխատանքի այդ օրինակը դարձել է միջազգային լավագույն փորձ, որը պետք է նշվի միջազգային հարթակներում: ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:
21:35 - 01 փետրվարի, 2021
Սահմանների որոշման գործընթացում ՀՀ բնակիչների իրավունքները պետք է դրվեն որոշումների հիմքում․ ՄԻՊ

Սահմանների որոշման գործընթացում ՀՀ բնակիչների իրավունքները պետք է դրվեն որոշումների հիմքում․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Երբ Հայաստանն Արցախից արհեստականորեն անջատելու համար 1923թ. ձևավորվեց (Կարմիր) Քուրդիստանը, ՀՍԽՀ Զանգեզուրի հետ սահմանային վեճերը հատկապես սրվեցին: Այդ ժամանակ զանգեզուրցիների բարձրացրած արդարացի գլխավոր մտահոգություններից են մշտապես եղել հողերի, ձմեռային ու ամառային արոտատեղերի և այգիների նկատմամբ գյուղացիների իրավունքների հարցերը:Օրինակ՝ 1925թ. հոկտեմբերին ՀՍԽՀ հողժողկոմ Ա. Երզնկյանի տեղեկանքում նշվում էր, որ Մեղրիի և Կարյագինոյի (Ջաբրայիլ) հետ կապված՝ սահմանից արևմուտք ընկնող տարածքները հիմնականում ձմեռային արոտատեղեր էին, որոնք փաստացի օգտագործում էին Կապանի և Մեղրիի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Գլխավոր պատճառներից էր բերվում այն, որ առանց այդ արոտատեղերի նշված շրջանների գյուղերի անասնապահությունը կաթվածահար կլիներ: Մեկ այլ դեպքում՝ Զանգեզուրի և Քուրդիստանի գավառների միջև սահմանների գծման տեղական հանձնաժողովի ղեկավար Յա. Կոչետկովն, օրինակ, Թղութ գյուղին վերաբերող ադրբեջանական առաջարկների չհամաձայնելու հիմքում էր դրել այն, որ դա Շվանիձորի թաղամասերից մեկն է և այդտեղի հողերը (այգիներն ու արոտավայրերը) իրար այնպես են կցված, որ այդ գյուղերը մեկը մյուսից բաժանելն անհնար է լինելու: Գյուղացիների իրավունքների մասով նույն վեճերը եղել են նաև Կապանի ու Զանգելանի, Խոզնավարի ու ադրբեջանական գյուղերի միջև: Սահմանային վեճերը լուծող ՀՍԽՀ տեղական ու հատկապես Անդրդաշնության կենտրոնական հանձնաժողովային 1924թ., 1926թ., 1929թ., 1935թ. և մյուս տարիների աշխատանքների նյութերից երևում է, որ ՀՍԽՀ գյուղացիների իրավունքները մշտապես թերի են քննարկվել. օրինակ՝ անտեսվել են Զանգեզուրի սակավահողությունը և գյուղերի միջև կապերը (վարչական, տնտեսական և այլն), հաշվի չի առնվել այն, թե ինչ դժվարություններ կարող էին առաջ գալ գյուղերի բնակիչների իրավունքների համար: Լիարժեք ուշադրություն չի դարձվել գյուղերի անվտանգության հարցերին (Քուրդիստանի տարածքից հայկական գյուղերի վրա տարբեր ավազակախմբերի հարձակումներին, գողություններին և այլն), որն էլ ուղիղ ազդել է գյուղացիների կողմից արոտատեղերի և մյուս հողերի օգտագործման վրա (օրինակ՝ երբ Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929թ. փետրվարի որոշմամբ Կապանի շրջակայքի` Ողջի և Բասուտ գետերի ավազանի 21 գյուղերը հանձնվեցին Ադրբեջանի Ջաբրայիլ գավառին): Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն որոշումների հիմքում, անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ իրավունքների ոտնահարում կամ անտեսում»:
10:08 - 01 փետրվարի, 2021
Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը, այնքան առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. ՄԻՊ

Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը, այնքան առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. ՄԻՊ

Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «1923թ. [Ի.Ստալինի 1921թ. նախաձեռնությունից հետո] արհետականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու համար: Այդ բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս: Ընդ որում, հենց այդ տարածքները Խորհրդային Հայաստանի սահմանների մի մասի հետ բռնակցվեցին Ադրբեջանին (այս հարցին այլ՝ առանձին անդրադարձ է պետք): Այդ ժամանաշրջանի՝ սահմանների որոշմանը վերաբերող արխիվային փաստաթղթերը հիմնարար նշանակություն ունեն ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության համար: Օրինակ`Կարմիր Քուրդիստանի և ՀՍԽՀ Զանգեզուրի գավառի միջև սահմանային վեճերը լուծելու համար Անդրդաշնության կենտրոնական գործկոմի (ԿԳԿ) որոշմամբ 1923թ. հոկտեմբերին ձևավորվեց հանձնաժողով(գործել են տարբեր հանձնաժողովներ): Այդ ժամանակ էին դեռ Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքներն ընթանում լուրջ բարդություններով: Մասնավորապես, Քուրդիստանի տարածքից Սյունիքի սահմանային հայկական գյուղերի վրա կատարվում էին տարբեր ավազակախմբերի հարձակումներ ու թալան, անընդհատ տեղի էին ունենում ընդհարումներ, հայ գյուղացիների խոշոր եղջերավոր կենդանիների գողություններ, հրահրվող ձերբակալություններ և այլն: ՀՍԽՀ կենտրոնական գործկոմի 1924 թվականի մարտ ամսվա նյութերը հենց այս սահմանախախտումների մասին են վկայում, որոնք կազմվել էին Զանգեզուրի գավառի գործկոմի դիմումների հիման վրա: Այդ ժամանակ էլ լուրջ վեճեր էին առկա՝ կապված վարելահողերի, արոտավայրերի, անտառների ու անգամ լեռնագագաթների սահմանագծման հետ: 1926 թվականին ձևավորվել էր տեղական հանձնաժողով, որի կազմի մեջ էր նաև Ակսել Բակունցը, ով մասնագիտությամբ հողաշինարար էր ու նա հատուկ ուշադրության կենտրոնում էր պահում այս հարցերը: Հենց նրա զեկուցումներից է նաև պարզ դառնում հայ գյուղացիներն են հիմնականում ոտւժող կողմը եղել, նրանց իրավունքների հաշվի չեն առնվել: Ա.Բակունցի 1926թ. հոկտեմբերի 18-ի զեկուցումները այն մասին են, որ Զանգեզուրի սահմանները որոշելիս պետք է հաշվի առնել գյուղերի միջև կապերը, մարդկանց համար դժվարություններն ու տնտեսական կապերի (ասենք, կապը Կապանի հետ. այդ ժամանակ գյուղացիների մոտ 50%-ը աշխատում էր Կապանի պղնձի հանքերում և այլն) կարևորությունը, առանց այն էլ սակավահողությունը: Օրինակ՝ Մեղրու և Զանգելանի միջև սահմանների հարցով ՀՍԽՀ ԿԳԿ-ն 1925թ. հոկտեմբերի 9-ին հատուկ է արձանագրել դեպի արևմուտք ընկնող ձմեռային արոտատեղերի կարևորությունը հայ գյուղացիների համար, որոնք այդ ժամանակ փաստացի օգտագործում էին Մեղրու և Կապանի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Ընդ որում, հատուկ էր նշում արվում, որ առանց այդ արոտատեղերի շրջակա գյուղերի անասնապահությունն ուղղակի կաթվածահար էր լինելու (այս վիճակն նույնությամբ առաջ է եկել նաև հիմա): Այս պատմական փաստերը ցույց են տալիս, որ ներկայում սահմանների որոշման հարցերը Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Կապան խոշորացված ու այլ համայնքների սահմանային բնակիչների իրավունքների համար ունեն հիմնարար նշանակություն թե՛ նրանց կյանքի իրավունքի ու անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից: Դրանք կարևոր են ոչ միայն գյուղացիների կողմից իրենց առօրյա ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական իրավունքների տեսանկյունից: Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. առավել ևս պետք է հաշվի առնել, որ հիմա Հայաստանի խաղաղ բնակավայրերում, խաղաղ բնակիչների անմիջական [բառացիորեն մետրերի] հարևանությամբ ադրբեջանական զինվորականներ են, զինված մարդիկ: Պետք է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ ՀՀ բնակիչների որևէ իրավունքի խախտում»:
09:50 - 26 հունվարի, 2021
ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հայատյացության ապացույցներ

ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հայատյացության ապացույցներ

Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝ 1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», - Ադրբեջանի փաստաբանների միության անդամ. 2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է. 3)Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ. 4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել. 5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն. 6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն. 7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես. 8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում. 9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում. - Ո՞վ է մեր թշնամին - Հայաստանը - Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ - Ատելություն - Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշեն Ղարաբաղից շների պես - Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես. 10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ. 11) և թշնամանքի այլ դրսևորումներ: Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են: Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում: Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներվ,- գրել է Թաթոյանը:
09:43 - 25 հունվարի, 2021
Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և խախտումներով ուղեկցվելու հարցերով ՄԻՊ-ը դիմել է միջազգային մի շարք կառույցների

Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և խախտումներով ուղեկցվելու հարցերով ՄԻՊ-ը դիմել է միջազգային մի շարք կառույցների

Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցերով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցերով համազեկուցողներին, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ մի շարք օմբուդսմանների ու նրանց միավորումների:   Նամակներում նշված է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո: Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է նաև Թուրքիայի նախագահը։ Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելության հիմքով թշնամանք (կցված են կոնկրետ ապացույցներ)։   Այս ամենի արդյունքում Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի կոնկրետ բնակավայրերում սահմանների որոշման գործընթացն արդեն հանգեցրել է մարդու միջազգայնորեն ճանաչված սոցիալ-տնտեսական [սեփականության և այլն] իրավունքների կոպիտ խախտումների ու լրջորեն վտանգել է մարդկանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և մյուս իրավունքները: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխաների լավագույն շահը։ Վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը։   Այսինքն՝ գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության պահանջների խախտումներով և չունի լեգիտիմություն: Հետևաբար, այն պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման:   Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նամակներում շեշտված է, որ սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն միջազգայնորեն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Հաշվի չի առնվում միջազգայնորեն հաստատված որևէ չափանիշ:   Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։ Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:   2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացի վերաբերյալ հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց: Այս ամենի պատճառով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներին անմիջականորեն առնչվող պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմնավորում չունեցող աննախատեսելի իրավիճակների: Մարդու իրավունքների պաշտպանի նամակներում արձանագրված է, որ ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է:   Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրված ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով:   Միջազգային կառույցներից ու գործընկերներից յուրաքանչյուրին ուղարկված են անհատական ստորագրությամբ նամակներ՝ ըստ յուրաքանչյուրի իրավասության ու մանրամասն վերլուծությամբ:  
20:49 - 22 հունվարի, 2021
ՀՀ սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների ներքո և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին

ՀՀ սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների ներքո և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին

Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցրերով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ օմբուդսմանների ու նրանց միավորումների: Նամակներում նշված է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո: Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է նաև Թուրքիայի նախագահը։ Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք (կցված են կոնկրետ ապացույցներ)։ Այս ամենի արդյունքում Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի կոնկրետ բնակավայրերում սահմանների որոշման գործընթացն արդեն հանգեցրել է մարդու միջազգայնորեն ճանաչված սոցիալ-տնտեսական [սեփականության և այլն] իրավունքների կոպիտ խախտումների ու լրջորեն վտանգել է մարդկանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և մյուս իրավունքները: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխաների լավագույն շահը։ Վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը։ Այսինքն՝ գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության պահանջների բացարձակ և չունի լեգիտիմություն: Հետևաբար, այն պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նամակներում շեշտված է, որ սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն միջազգայնորեն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Հաշվի չի առնվում միջազգայնորեն հաստատված որևէ չափանիշ:  Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։ Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացի վերաբերյալ հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց: Այս ամենի պատճառով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներին անմիջականորեն առնչվող պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմնավորում չունեցող աննախատեսելի իրավիճակների: Մարդու իրավունքների պաշտպանի նամակներում արձանագրված է, որ ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է: Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրված ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով: Միջազգային կառույցներից ու գործընկերներից յուրաքանչյուրին ուղարկված են անհատական ստորագրությամբ նամակներ՝ ըստ յուրաքանչյուրի իրավասության ու մանրամասն վերլուծությամբ:
13:27 - 22 հունվարի, 2021
ՄԻՊ-ի արձանագրած ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ. Թաթոյան

ՄԻՊ-ի արձանագրած ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների կողմից հայերի մասին ասված խոսքերը՝ ընդգծելով, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային աջակցություն: «Սրանք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքեր են հայերի մասին.  1) «Ղարաբաղը կմաքրվի հայկական ֆաշիզմի սատանայական տականքից: Այդ հայ ֆաշիստները զուրկ են պատվից և տեղին են ոչնչացվում»,- Ադրբեջանի ժողովրդական արտիստ:  2) «Հայերը ցեղ են, էթնոս, որն ոչնչացնում է ինքն իրեն: Շատ ողորմելի և անշնորհակալ արարածներ են: Հայերն այն աստիճան ստախոս, վախկոտ, լպիրշ և երկերեսանի ժողովուրդ են, որ բառերով փոխանցել հնարավոր չէ», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ:  3) «Այս ղարաբաղյան պատերազմն աշխարհի հայության վերջի սկիզբն է, որ ստեղծվել են ստի, երկերեսանիության և ստորության վրա»,- Ադրբեջանի ժողովրդական արտիստ:  4) «Մեր թշնամին պատվազուրկ, խաբեբա և անարժան է: Նրանք բարբարոս են, ահաբեկիչներ են, տարված են սեփական առավելության մասին ֆաշիստական գաղափարներով»,- Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի: 5) «Հայերը ոչնչություն են և մարդ չեն, որոնք առնետների նման թաքնվել են իրենց բներում»,- Ադրբեջանի վաստակավոր արտիստ:  6) «Պոռնիկի զավակը պոռնիկ էլ կդառնա: Նրանք բոլորն աղվես են: Երբ ճիշտ ժամանակը գա, նրանք ցույց կտան իրենց»,- Ադրբեջանի գրողների միության անդամների մեկը՝ հայ տարեց կնոջ մասին:  7) Հայ ժողովուրդն իրական հիվանդ է: Բժշկությունն անհույս է, սա բուժման ենթակա չէ: Քրոնիկ հայկական փորլուծություն»,- «Թուրքիայի ձայնը» երգի մցույթի հաղթող:  8 ) «Հայերին պոռնիկ մի անվանեք: Պոռնիկն ինքն իրեն է վաճառում, հայն ուրիշին է ձեռք գցում»,- Մշակույթի և արվեստի Ադրբեջանի պետական համալսարանի դասախոս:  9) «Մենք պետք է սպանենք հայերին՝ անկախ նրանից՝ կին է, երեխա է, թե տարեց»,- «Քարաբաք» ֆուտբոլային ակումբի մեդիա ղեկավար:  10) «Եթե մարդկային ռասան իրոք ստեղծվել է Աստծո կողմից, ապա հայերը չարիքի ծնունդ են»,- Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի մեդիա և հանրային հաղորդակցության ղեկավար և այլն:Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրված այս ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային աջակցություն:  Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ և արվում էր միայն այն բանի համար, որ տեղի էր ունենում էթնիկ պատկանելիությամբ հայերի նկատմամբ:  Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով»,- գրել է Թաթոյանը:    
22:37 - 21 հունվարի, 2021
Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել գերիների վերադարձի հարցը և սահմանների որոշման գործընթացի խնդիրները

Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել գերիների վերադարձի հարցը և սահմանների որոշման գործընթացի խնդիրները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Ըստ ՄԻՊ գրասենյակի, Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։ Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի գործընթացը: Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացին՝ նշելով, որ այն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Ըստ Թաթոյանի, գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով, ինչպես նաև ցեղասպանության հռետորաբանությամբ։ Բայց այդ, Պաշտպանի համոզմամբ, ոչ միայն չի դադարում, այլ նաև նոր զարգացումներ է ստանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող այլ հարցեր ևս։
16:29 - 21 հունվարի, 2021
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է  տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: «Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնված է հետևյալ առանցքային գործոնների վրա. 1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո, 2) Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը (օրինակ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Բաքվում դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ երկու նախագահների ելույթները լի են եղել համեմատություններով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի կազմակերպիչներին ու կատարողների փառաբանումով, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելով, նրանց հետ համեմատություններով, Հայաստանն արժեք չունեցող արհեստական պետություն հայտարարելը, իսկ հայերին հրապարակայնորեն շներ անվանելը և այլն), 3) Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով (հայերին շների հետ համեմատելը, հայերին կենդանիների հետ համեմատելը և մարդ չհամարելը, հայերին չարիք համարելը, հայ երեխաներին, կանանց ու տարեցներին սպանելու կոչերը և այլն), 4) սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Ի սպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր, 5) տեղի ունեցածի արդյունքում կոպտորեն խախտվել են Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, այդ թվում՝ զրկվել են հողատարածքներից ու տներից, որոնց նկատմամբ նրանց իրավունքները [նաև սեփականության իրավունքը] պետական գրանցման են ենթարկվել Խոհրհրդային կամ անկախ Հայաստանի պետական մարմինների կողմից: Լրջորեն վտանգվել են մարդկանց կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքներ: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխայի լավագույն շահը, 6) Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ: Այդ նույն վայրերում Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար արդարացիորեն տեղակայվել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայողներ, այսինքն՝ դարձյալ առկա են զինված մարդիկ: Այս ամենի արդյունքում առաջացած իրավիճակը հայաստանյան խաղաղ բնակավայրերում խաթարել է մարդկանց կյանքն ու ապրուստը կազմակերպելու անվտանգ կազմակերպումը և լրջորեն վտանգել է մարդկանց անվտանգությունը. 7) Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչները զրկվել են արոտավայրերից ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներից, որոնք նրանց համար ունեին կենսական նշանակություն, տարիներ շարունակ եղել են նրանց ընտանիքների եկամտի միակ աղբյուրը: Դրանից բացի, մարդիկ ոչ իրավաչափ արարքների արդյունքում զրկվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, այդ թվում՝ Հայաստանի պետական իրավասու մարմինների ակտերով հատկացված կամ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքից. 8)վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը. 9) 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց: Դրա հետևանքով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչներին անմիջականորեն առնչվող՝ իրենց կենսական իրավունքների (կյանքի, սեփականության և այլ իրավունքներ) ու այդ իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմավորում չունեցող անկախատեսելի իրավիճակների: Այսինքն՝ սահմանների որոշումը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մեր երկրի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի ու ցեղասպանության բացահայտ սպառանալիքների ներքո, հետևաբար՝ հակասում է իրավունքի գերակայության հիմքերին ու չունի որևէ լեգիտիմություն: Ընդ որում, խոսքը գնում է ինչպես սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների անմիջական, այնպես էլ անուղղակի ազդեցությամբ Հայաստանի ողջ բնակչության իրավունքների խախտումների կամ դրանց լրջագույն վտանգման մասին: Նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար: Ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժովովրդավարության հիմնարար սկզբունք է: Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրվածը ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով»:
17:01 - 20 հունվարի, 2021
ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընդունելի չէ ՀՀ կառավարության մոտեցումը, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ թվական տվյալներ չեն հրապարակվում, քանի որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: ՄԻՊ հայտարարությունում ասվում է․  «Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված:Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ:Իրականում, Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն՝ 1) հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, 2) առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր, 3) կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը, 4) հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, 5) հրապարակայնորեն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ,6) վերջապես, պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ:Հետևաբար, ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ»:
22:38 - 19 հունվարի, 2021
Արման Թաթոյանը Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր

Արման Թաթոյանը Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները: Հանդիպմանը կողմերը քննարկվել են նաև նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև գործող ռազմական դրության համատեքստում մարդու իրավունքներին առնչվող հարցերը: Կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև լրագրողների կարողությունների զարգացման ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր, մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է, որ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսդրության զարգացումների հիմքում ընկած են նաև գերմանական իրավական համակարգի հայեցակարգային մոտեցումները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցության ուղղությունները։
17:19 - 19 հունվարի, 2021
Ամերիկահայ փաստաբանները ողջ պատերազմի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կատարել են բացառիկ կարևորության դեր. ՄԻՊ

Ամերիկահայ փաստաբանները ողջ պատերազմի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կատարել են բացառիկ կարևորության դեր. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ այս պատերազմի առաջին պահից, 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր ու ժամ իրենց հետ են եղել Հայերի իրավունքների պաշտպանության համանախագահներ, ԱՄՆ ազդեցիկ հայ փաստաբաններ Կարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը:   «Պարոն Ղազարեանը գործում է Լոս Անջելեսում, իսկ պարոն Քերքոնեանը՝ Չիկագոյում: Նրանք ողջ պատերազմի ընթացքում Արցախում ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կատարել են բացառիկ կարևորության դեր. աջակցել են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանններին մշտադիտարկումներում ու զեկույցներ կազմելիս, արձանագրել ու փոխանցել են ադրբեջանական պատերազմական հանցագործությունները, ապահովել են ամուր կապեր ԱՄՆ-ում ու այլ երկրներում, միջազգային կառույցների ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Նրանց շնորհիվ ապահովվել է համագործակցություն Սփյուռքի հայկական այլ կազմակերպությունների հետ՝ լինելով կամուրջ Հայկական սփյուռքի և Հայաստանի ու Արցախի միջև:   Պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը, շնորհիվ իրենց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի, ԱՄՆ հայ փաստաբանների միության միջոցով հանրային լայն իրազեկման աշխատանքներ են տարել ու մինչ օրս շարունակում են տանել պատերազմական գործողությունների, ադրբեջանական իշխանությունների իրական նպատակների ու Արցախում և Հայաստանում նրանց գործած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ:   Ընդ որում, նրանք լայն հանրային քննարկումներ են կազմակերպել ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական ու ռազմական ամենազգայուն հարցերով: Շնորհիվ նրանց նվիրված հասարակական գործունեության՝ պատերազմի մասին ճշգրիտ իրազեկվել են ոչ միայն Հայկական սփյուռքը, այլ նաև միջազգային հանրությունը: Այս աշխատանքներն ուղղակի անգնահատելի են: Թե՛ ես, թե՛ Արցախի իմ գործընկեր Արտակ Բեգլարյանը , որպես Մարդու իրավունքների պաշտպաններ, երբեք նրանցից անգամ ակնարկ չեն լսել, որ անհրաժեշտ աջակցության ծավալն ահռելի է՝ սկսած մասնագիտական ամենաբարդ վերլուծություններից մինչև անգլերենով զեկույցների ու հայտարարությունների թարգմանություններով աջակցություն:   Չնայած ԱՄՆ-ում իրենց հիմնական գործում հսկայական ծանրաբեռնվածությանը, պատասխանատու աշխատանքին ու ահռելի ժամային տարբերությանը ԱՄՆ Կալիֆորնիա և Չիկագո նահանգների հետ՝ մեր խնդրանքներին նրանց արձագանքը հետևել է րոպեների ու անգամ վայրկյանների ընթացքում:   Կարօ Ղազարեանն ու Գառնիկ Քերքոնեանն այսօր էլ մեզ շուրջօրյա աջակցություն են ցուցաբերում բոլոր հարցերում (պաշտոնական նամակներ ու հետևողական աջակցություն գերիների վերադարձի, ադրբեջանական պատերազմական հանցանքների արձանագրման ու այլ խնդիրներով):   Հատկապես կարևոր է, որ նրանք, լինելով ԱՄՆ-ում գործող պրակտիկ փաստաբաններ, իրենց պրակտիկ գիտելիքներն ու փորձն են օգտագործում՝ մեզ աջակցելու համար: Մեր գործընկերները բացարձակ նույնն են արել 2016թ. ապրիլյան, 2020թ. հուլիսյան ու մյուս բոլոր պատերազմական գործողությունների ժամանակ:   Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի համանախագահների դերն անգնահատելի է նաև Հայաստանում մարդու իրավունքների համակարգի կատարելագործման հարցում: Մասնավորապես, տեղի ունեցող յուրաքանչյուր հավաք, ոստիկանական գործողություններ, երեխաների ու կանանց, զինծառայողների իրավունքներ կամ մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած այլ հարց մշտապես նրանց անմիջական ուշադրության կենտրոնում է:   Յուրաքանչյուր անգամ հրապարակային արձագանքներով ու մասնագիտական վերլուծություններով նրանք միայն օգնել են թե՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ Կառավարությանն այդ խնդիրների ճիշտ լուծումներ գտնելու, այդ լուծումները միջազգային լավագույն փորձին համապատասխան կարգավորելու հարցում: Իսկ Հայաստան ու Արցախ նրանց ավանդական այցերը գլխավորապես օգտագործվում են հենց այս խնդիրները քննարկելու, դրանց լուծումները գտնելու նպատակով:   Ընդ որում, այս բոլոր միջոցները պարոն Կարօ Ղազաեանն ու Գառնիկ Քերքոնեանը շարունակաբար ձեռնարկում են նաև աշխարհի այլ երկրներում հայերի իրավունքների պաշտպանության նպատակով՝ Միջին Արևելքից մինչև Եվրոպա և Հարավային Ամերիկայից մինչև ԱՄՆ ու այլ երկրներ:   Մեր ամերիկահայ գործընկերներն իրականացնում են նաև ակտիվ դասախոսական ու վերապատրաստման աշխատանքներ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում և Արցախում: Օրինակ՝ Կարօ Ղազարեանը 22 տարի եղել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող համալսարանի իրավունքի դպրոցի դեկան, իրավունքի պրոֆեսոր ու նաև քրեական գործերի քննության հարցեր է դասավանդել ԱՄՆ Քննությունների դաշնային ծառայության (FBI) համար: Գառնիկ Քերքոնեանն այս պատերազմի ընթացքում Արցախի անունից դատական հայց է հարուցել ԱՄՆ դաշնային դատարանում Վաշինգտոնում:   Բայց ամենակարևորն այն է, որ պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը վերապատրաստում են իրականացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար՝ հատկապես կապված քրեական գործերի քննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկ խնդիրների, միջազգային փորձի հետ:   Նրանք մեծ դեր են ունեցել 2017թ. նոյեմբերին Արցախի պետական համալսարանում իրավաբանական կլինիկայի ստեղծման ու այդ կլինիկայում ժամանակակից պայմաններում մասնագետների պատրաստման հարցում: Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր հարգարժան գործընկերներին, ովքեր շարունակում են ջանք ու եռանդ չխնայել հատկապես արդեն հետպատերազմական այս բարդ ժամանակահատվածում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերում:   Նրանց տարիների աջակցությունն իրական օրինակ է՝ ինչպես պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի ու Արցախի միջև համագործակցությունը»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունում:
11:30 - 19 հունվարի, 2021