Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի Ռիկսդագի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի Ռիկսդագի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեդական հարաբերություններում առկա դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան այցելությունները և հանդիպումները, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ևս մեկ վկայություն են այն կարևորության, որ երկու երկրները տալիս են երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը և հարստացմանը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց խորհրդարանական դիվանագիտության դերը և վերջինիս ներուժի լիարժեք կիրառումը հայ-շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նախարար Մնացականյանը շվեդական պատվիրակության անդամներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ որպես կառավարության գերակայություն ընդգծելով դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաև անկախության և անկողմնակալության ապահովմանը։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև բարձր գնահատեց Շվեդիայի գործուն աջակցությունը՝ Հայաստանի ազգային գերակայությունների խթանման և առաջմղման գործում:Անդրադառնալով ԵՄ և Հայաստանի միջև հաստատված արժեքահեն հարաբերություններին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ կարևորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք:Զրուցակիցների խնդրանքով՝ նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերություններին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը:
05:30 - 28 օգոստոսի, 2019
Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը. Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը. Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են:Այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:«Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները, և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը, և, ըստ այդմ, չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը: Խաղաղությունն այլընտրանք չունի, և ՀՀ-ն ու Արցախն ունեն բավարար ուժ՝ խաղաղության ապահովման համար»,- նշեց Մնացականյանը:
07:44 - 27 օգոստոսի, 2019
Անդրադարձ Թուրքիայի՝ Ադրբեջանին բացահայտ աջակցությանը ԼՂ-ի հետ հակամարտության շրջանակում

Անդրադարձ Թուրքիայի՝ Ադրբեջանին բացահայտ աջակցությանը ԼՂ-ի հետ հակամարտության շրջանակում

Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում:Այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:Նախարարն իր ելույթում անդրադարձավ նաև Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգության խաթարմանն ուղղված մի շարք այլ քայլերի:«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք, որին շարունակաբար դիմակայելու անհրաժեշտությունը պայմանավորում է տարածաշրջանային անվտանգության պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը՝ այդ թվում արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով»,- ասաց Մնացականյանը:
07:40 - 27 օգոստոսի, 2019
Ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն. ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքները

Ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն. ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքները

Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքներն են ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունը: Այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում: «Այս համաժողովի ընթացքում մենք այսօր հստակ ամրագրում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները. Ինքնիշխանություն. այս սկզբունքի առանցքը հայաստանակենտրոնությունն է, առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելիության ՀՀ բոլոր քաղաքացիների պաշտպանությունը: Անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար հիմնարար պայմանն է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը: Հայաստանի դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը պետք է հենց այս տեսանկյունից դիտարկել: Հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միմիայն ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա: Համահայկականություն. Սա և սկզբունք է, և միջոց: Առաջին հայացքից հավակնոտ թվացող այս սկզբունքն արտացոլում է ոչ միայն Հայաստանի, որպես հայության կենտրոն և գործողությունների առանցք լինելու հանգամանքը, այլև հայկական դիվանագիտության կողմից Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը, որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը, դրանից բխող միասնական ազգային օրակարգով: Վստահ եմ, որ այսպիսի գործնական փոխադարձ համագործակցության մթնոլորտի ստեղծումը Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև կարող է նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար: Փոխգործակցություն. Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ գործակցության ցանկացած պետության հետ: Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցել բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկերների հետ»,- ասաց Մնացականյանը: Նախարարը նշեց, որ այս սկզբունքները կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը:
07:12 - 27 օգոստոսի, 2019
Վստահ եմ, որ այդ պահը կգա. Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավորության մասին |tert.am|

Վստահ եմ, որ այդ պահը կգա. Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավորության մասին |tert.am|

tert.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի շտապում մեկնաբանել Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայողի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված լուսանկարները, ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանն ասաց, որ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, ապա նշեց. «Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ կսահմանափակվեմ այս հայտարարության շրջանակներում»: Հարցին՝ ի՞նչ հանդիպումներ են լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում սպասվող ԱՄՆ այցի շրջանակներում, արդյո՞ք սպասվում է հանդիպում Դոնալդ Թրամփի հետ, Զոհրապ Մնացականյանը պատասխանեց. «Ուշադրություն դարձրեք, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը ԱՄՆ-ի ու ՀՀ միջև այս շրջանում: Այս տարի այդ շարունակայնությունն ու մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար է: Հանդիպումը բարձր մակարդակով եղել ու մնում է մեր օրակարգում: Վստահ եմ, որ այդ պահը կգա»:
08:59 - 14 օգոստոսի, 2019
«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

tert.am։ Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի զոհաբերի երկրի հետ հարաբերություններն Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման պատճառով: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիայի անվտանգությունը նաև ՆԱՏՕ-ի և ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն է հանդիսանում: Չկա ոչ մի ապացույց, որ С-400-ները սպառնալիք են ներկայացնում (ամերիկյան F-35 կործանիչների համար): Հուսով եմ, որ Թրամփը, ճիշտ մոտեցում ցուցաբերելով С-400-ների հարցում, չի զոհաբերի մեր հարաբերությունները»,- ասել է Էրդողանն Անկարայում թուրք դեսպանների հետ հանդիպման ժամանակ:Նրա խոսքով՝ С-400-ների գնումը ոչ թե ռազմավարական, այլ առևտրային հարց է: «Մենք առաջարկել ենք ԱՄՆ-ին քննարկումներ բոլոր մակարդակներում, սակայն պատասխան չենք ստացել»,- հավելել է Էրդողանը:
12:47 - 06 օգոստոսի, 2019
Հայաստանը պատրաստ է իր ավանդը բերել կայունության մեջ.Զոհրաբ Մնացականյան |news.am|

Հայաստանը պատրաստ է իր ավանդը բերել կայունության մեջ.Զոհրաբ Մնացականյան |news.am|

news.am։ Հայաստանը շահագրգռված է հետագա կայունության եւ լարվածության թուլացման մեջ, ինչպես նաեւ կարող է իր ավանդը բերել տարածաշրջանային կայունության մեջ: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի հետ հարցազրույցում: «Երբ դուք ունեք կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա բոլորի համար է լավ գործում: Մենք պատրաստ ենք կայունության մեջ մեր ավանդը բերել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանը կարող է իր ավանդը բերել՝ մերժելով առճակատումը եւ ոլորտներ գտնելով, որոնցում շահերը կարող են միավորվել հանուն կայունության: Մնացականյանը հիշեցրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակը, որոնք միասին աշխատում են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Նրա խոսքով՝ երկրները, որոնք պարտադիր չէ, որ համաձայնվեն միջազգային օրակարգի շատ հարցերում, տվյալ կոնկրետ դեպքում ցուցադրում են համագործակցության համակարգված եւ համաձայնեցված ձեւ, որն անչափ լավ է գործում իրենց առջեւ դրված կոնկրետ նպատակի համար, իսկ հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:
13:07 - 30 հուլիսի, 2019
ՀՀ ԱԳ-ն ուշադրությամբ հետևում է վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհի բանակցություններին |armenpress.am|

ՀՀ ԱԳ-ն ուշադրությամբ հետևում է վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհի բանակցություններին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող բանակցություններին:Այս մասին հուլիսի 24-ին, Վրաստանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:«Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք, բնականաբար, դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուցումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»,- ասել է Մնացականյանը:Հարցին` արդյոք դա մոտ ապագայի՞ խնդիր է, Մնացականյանը նշել է, հույս է հայտնել, որ նման իրավիճակ կլինի, որովհետև բանակցությունները նոր փուլ են մտնում:«Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետև բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա և ինչ առաջխաղացում կարող է լինել... իհարկե հարցին հետևելով և խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավելի չեմ կարող ասել»,- նշել է ԱԳ նախարարը:
09:03 - 25 հուլիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Երեկ՝ հուլիսի 24-ին, Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Վարչապետ Մամուկա Բախտաձեն և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել են հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Հաղորագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ այդ կապերի փոխշահավետ դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ, այդ թվում տարածաշրջանային նոր ծրագրերի խթանման միջոցով: Զոհրաբ Մնացականյանը և Մամուկա Բախտաձեն դրական են գնահատել միջազգային կառույցներում և բազմակողմ այլ հարթակներում Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Կողմերը ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանի համատեքստում մտքեր են փոխանակել այդ նախաձեռնության ապագա տեսլականի և այդ ձևաչափում համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի շուրջ։Այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծվել է երիտասարդության շրջանում կապերի խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, ինչն առավել կամրապնդի ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների հիման վրա գործող հասարակությունների հետագա մերձեցումը:Վրաստանի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը բարձր են գնահատել վիրահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների առավել մերձեցման և հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հայաստանի ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:Վրաստանի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության և կայունության անհրաժեշտությունը և այս ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի հետագա համագործակցության կարևորությունը:
07:34 - 25 հուլիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը մամուլի համար՝ Վրաստանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներով

Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը մամուլի համար՝ Վրաստանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի իր պաշտոնակցի՝ Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարություն է արել մամուլի համար, որը ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը. «Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ լավ բարեկամին և գործընկերոջը՝ Դավիթ Զալկալիանիին: Մենք այս մեկ տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ առիթներ միմյանց հետ շփվելու և քննարկելու մեր օրակարգի բազմաթիվ հարցեր: Շփումների և անմիջապես միմյանց հասանելի լինելու խնդիր երբևէ չենք ունեցել, և շատ շնորհակալ եմ Դավիթին այս աշխատելաոճի համար: Եվ այժմ տեղի է ունենում իմ պաշտոնական այցը Վրաստան, որը շատ լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք ամփոփ և համապարփակ ձևով անդրադառնալ մեր երկկողմ օրակարգին: Ցանկանում եմ ընդգծել մեր բավարարվածությունը այն բավականին բարձր դինամիկայի առնչությամբ, որն առկա է մեր հարաբերություններում, շփումներում, մեր համագործակցության մեջ: Մեր վարչապետները շատ ակտիվ երկխոսության մեջ են միմյանց հետ: Մի քանի փոխայցելություններ են տեղի ունեցել: Մեր նախագահները շատ ակտիվ շփվում են միմյանց հետ: Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ Հայաստան - Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը բավական բովանդակալից էր և ծավալուն: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի և ծրագրվել են բոլոր ոլորտներում համագործակցության աշխատանքները: Որպես կառավարություններ՝ մենք նաև փորձում ենք խթանել բոլոր շփումները բիզնես ոլորտի, քաղհասարակության շրջանակներում: Շատ էական է համագործակցության միջխորհրդարանական հարթակը: Մենք մեր կողմից փորձում ենք մեր ներդրումն ունենալ, արտաքին ոլորտի պատասխանատուների, արտաքին ոլորտի գերատեսչությունների մակարդակով ակտիվ պահել այդ երկխոսությունը և համագործակցությունը: Սպասում եմ իմ գործընկերոջը Հայաստանում պատասխան այցով: Այս ամենն իր ամբողջության մեջ արտահայտում է մեր մտադրությունների լրջությունը և պատասխատավությունը՝ որպես երկու հարևան պետություն, երկու ժողովուրդ, որոնք բազմադարյա պատմական արժեքային հիմքերի վրա կառուցած հարաբերություններ ունեն, առաջ տանելու այս հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների, մեր երկրների, բայց նաև ամենակարևորը՝ ի ամրապնդումն մեր տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, որը մեզ համար շատ կարևոր խնդիր է: Մենք նաև փոխանակեցինք մեր մոտեցումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը: Ցավոք, մենք դեռևս տարածաշրջանում ունենք չկարգավորված հակամարտություններ: Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձևավորված շրջանակներում և ձևավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին։ Մենք ունենք շատ լավ համագործակցություն միջազգային բազմաթիվ հարթակներում և ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունը համատեղ աշխատանքով էլ ավելի խորացնել նման համագործակցությունը։ Մենք բավական երկար խոսեցինք օրակարգային այլ հարցերի շուրջ և շարունակելու ենք քննարկումներն օրվա ընթացքում։ Արդեն տեսաք՝ որքան ժամանակ պահանջվեց արտահայտելու, թե ինչ ենք քննարկել, որը կրկին ցույց է տալիս, թե որքան լայն է հարցերի շրջանակը, որը միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին։ Եվս մեկ անգամ խորապես շնորհակալ եմ, Դավի՛թ, շատ ջերմ հյուրընկալության համար»։
14:57 - 24 հուլիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Լուիս Ալմագրոյի հետ

Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Լուիս Ալմագրոյի հետ

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 19-ին հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։ Ըստ նախարարության հաղորդագրության՝ անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորվեց կրոնական ազատության սահմանափակման և կրոնի և հավատքի հիման վրա բռնության կամ խտրականության դրսևորումների դեմ միջազգային հանրության կողմից միասնական ջանքերի գործադրումը:Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու և խորացնելու համագործակցությունը Ամերիկյան պետությունների կազմակերպության և նրա անդամ երկրների հետ՝ այս համատեքստում ընդգծելով կառույցի՝ որպես կապող օղակի դերը։ Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպությունների բազմակողմ հարթակների ներդրումը համաշխարհային հնչեղություն ունեցող խնդիրների՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության, զարգացման օրակարգի առաջմղման և միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։Կողմերը անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական խնդիրներին և զարգացումներին՝ առանձնահատուկ կարևորելով բացառապես խաղաղ միջոցներով առկա հակամարտությունների կարգավորումը։
06:37 - 20 հուլիսի, 2019