Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Հայաստանի ԱԽ քարտուղարը Տաջիկստանի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

Հայաստանի ԱԽ քարտուղարը Տաջիկստանի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

Կայացել է Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ խոսակցության սկզբում Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ: «Այնուհետև Արմեն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը: Արմեն Գրիգորյանը, կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի կարևորել է Տաջիկստանի, որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակն ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույցի համար: Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, շեշտել է, որ Հայաստանը իրադրությունը ընկալում է, որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք: Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը: Նասրուլլո Մախմուդզոդան իր հերթին կարևորել է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատել հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը: Նասրուլլո Մախմուդզոդան, կարևորելով հարցի արագ լուծման համար հնարավոր բոլոր մեխանիզմների գործարկումը, պատրաստակամություն է հայտնել ՀԱՊԿ շրջանակներում, որպես նախագահող երկրի ներկայացուցիչ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը: Ստեղծված իրավիճակի համատեքստում կողմերը կարևորել են մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը»,- նշված է ԱԽ հաղորդագրության մեջ։
18:28 - 15 մայիսի, 2021
Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Կայացել է ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը, հայտնում են ԱԽ գրասենյակից: Հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Կողմերը փոխանակեցին մտքեր և քննարկեցին խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Հեռախոսազրույցի սկզբում Արմեն Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծեց, որ Հայաստանը  սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր: Իր խոսքում քարտուղար Գրիգորյանը նաև ընդգծեց, որ ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը: Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ Արմեն Գրիգորյանը կարևորեց նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով: Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր գնահատեց հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույտ լուծման համար:
12:52 - 14 մայիսի, 2021
Հոդվածների մեջ խորանալ պետք չէ. ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով ենք դիմել, քանի որ ստեղծված իրողությունները համապատասխանում են այդ հոդվածին. ԱԽ քարտուղար
 |tert.am|

Հոդվածների մեջ խորանալ պետք չէ. ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով ենք դիմել, քանի որ ստեղծված իրողությունները համապատասխանում են այդ հոդվածին. ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Առաջին ալիքի եթերում խոսելով այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ է դիմել պայմանագրի 2-րդ կետով, ոչ թե 4-րդ, նշեց՝ քննարկումներից հետո եկել են այն եզրակացությանը, որ ճիշտ է երկրորդ հոդվածով դիմելը, քանի որ իրավիճակի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս՝ ստեղծված իրողությունները համապատասխանում են երկրորդ հոդվածին: «Հոդվածների մեջ խորանալ պետք չէ, հանրությունը ծանոթ է երկրորդ հոդվածին: Սպառնալիք է ստեղծվել անվտանգության, և այն չեզոքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»,-ասաց նա և հավելեց, որ խորհրդատվություններից, քննակումներից հետո հույս ունեն, որ մոտ օրերս արձագանք կլինի:
22:06 - 13 մայիսի, 2021
Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին․ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ

Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին․ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ

Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է․ պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը եւ Սեւ լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ ՀՀ ԶՈՒ-երը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Այս մասին այսօր ԱԽ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ընդգծեց, որ ո՛չ ՀՀ, ո՛չ էլ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։  Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրադրության խոր եւ համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ․ «Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը, հնարավոր է, հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով։ Սրա մասին են վկայում հետեւյալ փաստերը․ առաջին, տվյալ տեղանքում իրենց գտնվելը Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է։ Ինչպես արդեն նշել եմ՝ Խորհրդային միության ժամանակ հաստատվված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որեւէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները։  Երկրորդ՝ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին։ Երրորդ՝ դեռեւս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հանդես եկավ բացահայտ սպառնալիքներով՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջնացք կբացի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ ինչպես ինքն է հորջորջում՝ Զանգեզուրի միջանցքի տեսքով»,- հավելեց Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ տեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։ «Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Երկրորդ՝ միջոցներ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության՝ 2010-ի դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված որոշումներ ընդունելու մեխանիզմը։ Չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության եւ փոխհրաձգության դեպքեր չունենք, ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը, կայունությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար, եւ այս միջոցները մենք ձեռնարկում ենք որպես ՀԱՊԿ անդամ։»,- եզրափակեց Փաշինյանը։
19:15 - 13 մայիսի, 2021
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են, դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում

Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են, դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը: Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է: Պետք է նաև արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Բայց հարկ է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է: Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ որևէ կերպ չենք կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և այսօր մենք Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկենք այս պահին առկա իրավիճակն ու մեր հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները: Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին անգամ կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա: Կրկին ուզում եմ արձանագրել, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: Եվ եթե այդպես չլիներ, մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առիթ չէինք ունենա: Բայց ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»:
00:16 - 13 մայիսի, 2021
Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը. Արմեն Գրիգորյան

Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին և դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից: Խոսելով անվտանգային մարտահրավերների և սպառնալիքների մասին՝ Արմեն Գրիգորյանն այդ համատեքստում կարևորել է իրավիճակը Հարավային Կովկասում՝ ընդգծելով, որ այն շարունակում է մնալ լարված և պայմանավորված է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի գործոնով: ԱԽ քարտուղարը նաև կարևոր է համարել արձանագրել, որ Արցախյան երկրորդ պատերազմը ակնհայտ դարձրեց այն, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում : Արմեն Գրիգորյանը իր ելույթում նաև անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին, ինչպես նաև այսպես կոչված «ավարի պուրակին», որպես ֆաշիզմի դրսևորում: Արմեն Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը գերիների վերադարձի ուղղությամբ: Արմեն Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ. «Հարգելի նախագահող, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ բոլորիդ և արդյունավետ աշխատանք եմ մեզ մաղթում: Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել հյուրընկալող կողմին՝ մեր տաջիկ ընկերներին, այսօրվա հանդիպման և ջերմ ընդունելության համար: Ընդհանրապես, նեղ կազմի ձևաչափով քննարկմանը, մենք ավանդաբար դիտարկում ենք ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները և խոսում դրանց չեզոքացման միջոցառումների մասին: Այս առումով կուզենայի անրադառնալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Թուրք-ադրբեջանական տանդեմը, որը սանձազերծեց հազարավոր կյանքեր խլած վերջին Ղարաբաղյան պատերազմը, նպատակ ուներ արցախահայության լիակատար ֆիզիկական ոչնչացումը: Զուր չէ, որ ես այս տանդեմը կոչեցի թուրք-ադրբեջանական, և ոչ ադրբեջանաթուրքական, առաջին տեղում նշելով Թուրքիային, քանի որ այս պատերազմում ամենալայն մասնակցությունն ունեին թուրքական ռազմական հրահանգիչները, թուրքական հատուկ նշանակության ջոկատները, Թուրքիայի կողմից հավաքագրված ահաբեկիչ-վարձկանները, որոնք մինչ այժմ էլ շարունակում են մնալ տարածաշրջանում: Թուրքիայի կողմից միջազգային հարթակում նաև քաղաքական աջակցություն է ցուցաբերվել Ադրբեջանին: Մեր մշտական ուշադրության կենտրոնում է նաև գերեվարված հայ զինծառայողների և Ադրբեջանի կողմից պահվող այլ անձանց վերադարձի հարցը: Այսօր այս հարցը մեզ համար առաջնակարգ նշանակություն ունի: Ցավոք, ադրբեջանական կողմը շարունակում է շահարկումներ անել այս խնդրի շուրջ և ամեն կերպ խոչընդոտում է նրանց ազատ արձակմանը՝ բերելով անհիմն փաստարկներ և գործընթացը տանելով փակուղի: Պետք է կիրառել հնարավոր բոլոր ջանքերն այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար և այս առումով ես ակնկալում եմ ձեր օժանդակությունը և աջակցությունը:   Հարգելի գործընկերներ, Ինչպես գիտեք, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելը և զինադադար հաստատելը հնարավոր եղավ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ: Այս գործընթացում անձնական մեծ ջանք է գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մենք կարծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հիմունքներով պետք է ապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը: Սա է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և հայ բնակչության անվտանգության ապահովման երաշխիքը:  Նախորդ տարվա պատերազմը ակներևաբար ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը փաստացի հանդիսանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորում և թույլ է տալիս առանձին էթնիկ խմբերին ոչ միայն առանձնանալ որևէ պետությունից, երբ առկա են խտրականության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման կամ ցեղասպանության ռիսկեր, այլ նաև բացառում է միացումը նման պետության հետ: «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում, որը չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը: Նախագահ Ալիևը շարունակում է ցինիկաբար (լկտիաբար) հայտարարել, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին համարում է իր երկրի քաղաքացի: Այս խոսքերի կեղծիքն ակնհայտ է՝ ոչ մի պետություն խաղաղ բնակիչներին չի ոչնչացնի, ռմբակոծի և հրթիռակոծի, եթե նրանց սեփական քաղաքացիներ համարի: Եվս մեկ աղաղակող փաստ՝ այս տարվա ապրիլի 12-ին, Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, Բաքվում բացվեց Արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակ», որտեղ հայկական ռազմական տեխնիկային զուգընթաց, ցուցադրված էին հայկական զիված ուժերի զինվորների մանեկենները, զոհված հայ զինծառայողների անձնական իրերն ու սաղավարտները: Այսպես կոչված, «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթը այդ արարողության ժամանակ, ևս մեկ անգամ հստակ ցուցադրում են, որ վերոնշյալ քայլն ուղղված է պատերազմում զոհվածների, անհայտ կորածների և գերիների հիշատակի հանրային նվաստացմանը: Կարծում եմ, որ այս զազրելի, առողջ հոգեկառուցվածքի հետ անհամատեղելի, խեղված միջոցառման հրապարակված կադրերը, ծանր հոգենստվածք կթողնեն ցանկացած նորմալ մարդու մոտ: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա այդպիսի չակերտավոր «պուրակ» ստեղծելու բուն գաղափարը իրական ֆաշիզմի դրսևորում է:   Հարգելի գործընկերներ, 75 տարի առաջ մեր հայրերն ու պապերը հաղթեցին ֆաշիզմը: Կարծում եմ, որ մենք՝ որպես նրանց գործի հետնորդներ, պետք է կանխենք վերոնշյալ ֆաշիստական դրսևորումների վերածնունդը: Ակնհայտ է, որ այդպիսի կեղծ հայրենասիրական արարքները ուղղված են ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ, ի դեմս ամբողջ հայության, երդվյալ թշնամու կերպարի երկարատև ամրապնդմանը, ինչը որևիցե ձև չի կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է պատշաճ գնահատական հնչի այսպես կոչված չակերտավոր «պուրակի» վերաբերյալ:   Հարգելի գործընկերներ, Ի լրումն այս ամենի, անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահն հայտարարեց, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջեւան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք, և այդպիսի դեմարշները չպետք է անտեսվեն, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ նկրտումները: Կարծում եմ, որ մեր Կազմակերպությունը միանշանակ դիրքորոշում պետք է հայտնի ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջաաականության դեմ ցանկացած ոտնձգությանը:   Հարգելի գործընկերներ, Այսօրվա մեր նիստը տեղի է ունենում բարդ պայմաններում, երբ համաշխարհային մասշտաբով մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, ընդարձակվում են անկայունության օջախներ, ընդլայնվում են տարաձայնությունների գոտիներ, նոր թափով են բռնկվում հակամարտությունները, իսկ համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում: Այս ամենը անխուսափելիորեն ազդում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու վրա, և առկա մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու նպատակով մենք պետք է ցուցաբերենք միասնական, համակարգված մոտեցում, նրբանկատ, ուշադիր վերաբերմունք միմյանց խնդիրներին։ Սա կլինի մեր ընդհանուր հաջողության և մեր պետությունների անվտանգության ապահովման նպատակների իրագործման գրավականը»:
12:46 - 29 ապրիլի, 2021
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի ԱԽ քարտուղարի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի ԱԽ քարտուղարի հետ

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ղազախստանի նախագահի օգնական-անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշևը:   Հանդիպման ընթացքում կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ղազախական հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկար, հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև ջերմ կապերը, որոնք ունեն տասնամյակների պատմություն:   Քարտուղար Գրիգորյանը իր հերթին ընդգծեց, որ և՛ Հայաստանը և՛ Ղազախստանը անդամակցում են  ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը և այս հանգամանքը չափազանց կարևոր է երկկողմ համագործակցության հնարավորությունների առումով: Ասետ Իսեկեշևը ընդգծեց, որ Ղազախստանի ավելի քան 11 քաղաքներում գոյություն ունեն հայկական կրթամշակութային կենտրոններ և հայ համայնքը Ղազախստանում ունի ակտիվ դերակատարություն երկրի կյանքում:   Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում օդատիեզերական արդյունաբերության և ռազմարդյունաբերության ոլորտների զարգացմանը, ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այն փորձը, որ Ղազախստանը կուտակել է այս ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում:   Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին փոխադարձ այցելությունների մասին:
20:45 - 28 ապրիլի, 2021
Գրիգորյանը և Պատրուշևը հաստատել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021-2022-ի համագործակցության պլանը

Գրիգորյանը և Պատրուշևը հաստատել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021-2022-ի համագործակցության պլանը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 28-ին հանդիպել է  ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:  Տեղեկացում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները և ինտենսիվ շփումները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը: «Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը: Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծեց տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում հաստատվել է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև  2021-2022 թթ. համագործակցության պլանը: Հանդիպման  ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:
18:32 - 28 ապրիլի, 2021
Ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան հարկային արտոնություններ. ԱԽ

Ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան հարկային արտոնություններ. ԱԽ

Մոսկվա և Դուշանբե այցի շրջանակում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է պարոն Ռոգոզինին Տիեզերագնացության միջազգային օրվա առթիվ, որի 60-ամյակն էր ապրիլի 12-ին: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ԱԽ գրասենյակը, որում, մասնավորապես, ասված է. «Քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Ռուսաստանը առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք ուղղություններում, և այս առումով կարևորեց հայ-ռուսական համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում առաջնային կարևորություն են տալիս Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությանը: Խոսելով Հայաստանում տիեզերական գործունեության զարգացման հեռանկարների և այս ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին՝ քարտուղար Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենք, որի արդյունքում ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան մի շարք հարկային արտոնություններ: Դմիտրի Ռոգոզինը իր կողմից բարձր գնահատեց հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական մոնիթորինգի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասով: Առաջարկեց ընդլայնել Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների նախագծման և մշակման շրջանակներում: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծելու աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տիեզերական գործունեության ոլորտում ուղղությունները հստակեցնելու և անելիքները որոշակիացնելու նպատակով: Հանդիպման ավարտին Դմիտրի Ռոգոզինը հրավիրեց հայկական կողմին սույն տարվա հունիսի 14-18 Սանկտ Պետերբուրգում կայանալիք Տիեզերական տարածության հետազոտում (Global Space Exploration Conference — GLEX-2021) խորագիրը կրող միջազգային համաժողովին: Պարոն Ռոգոզինը ընդգծեց, որ նման հարթակներում Հայաստանի ներկայացվածությունը հնարավորություն կտա ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ այս ոլորտում: Կողմերը պայմանավորվեցին ամառվա ընթացքում Դմիտրի Ռոգոզինի Հայաստան այցի ընթացքում ամփոփել աշխատանքային խմբի գործունեության արդյունքները»:
19:12 - 27 ապրիլի, 2021
Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ. ԱԽ քարտուղար

Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Հարգելի հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին, մենք գլուխ ենք խոնարհում մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակի առաջ՝ վերհիշելով այն տառապանքներն ու հայրենազրկումը, որի միջով անցավ մեր ժողովուրդը:  Այս օրերին  ցեղասպանության իրողությամբ պայմանավորված հարյուր հազարավոր հայեր, որոնք հայտնվեցին աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանի ու Արցախի հայությունը առավել քան երբևէ միասնական են իրենց հավաքական հիշողությամբ: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք համոզված ենք` ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է միակ լուծումը ներկայում և ապագայում նման ողբերգություններից մարդկությանը զերծ պահելու համար: Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ՝ մնալով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Եվս մեկ անգամ իմ խոնարհումն եմ բերում մեր անմեղ զոհերի հիշատակին: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին»,-ասված է ուղերձում:
14:30 - 24 ապրիլի, 2021
Ամեն ինչ կանենք, որ դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի զավթված տարածքները. Արմեն Գրիգորյան
 |1lurer.am|

Ամեն ինչ կանենք, որ դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի զավթված տարածքները. Արմեն Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմին: Եվ հարցին՝ հայկական կողմն արդյոք կանխատեսո՞ւմ է երբևէ հետ բերել կորսված դիրքերը, նա ասել է. «Իմ սկզբունքային դիրքորոշումն է պատերազմը դիտարկել ոչ թե որպես սպրինտերային մրցավազք, այլ՝ մարաթոն։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ «44-օրյա» անվանումը ստացած պատերազմը տասնամյակների նախապատմություն ունի, և  այդ առումով, արդյունքները գնահատելու նպատակով, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրություն կատարել։ Ինչ վերաբերում է տարածքներին, ենթադրում եմ, ձեզ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքը հստակ սահմաններով ընդունված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի զավթված տարածքները»։  Հարցին՝ որոշ մասնագետներ Արցախում դեպքերի նման զարգացումը կապում էին Ռուսաստանի հետ Հայաստանի ոչ բավարար համագործակցության հետ, Գրիգորյանն արձագանքել է. ««Որոշ փորձագետներ» արտահայտությունը շատ նկարագրական է։ Եթե դուք դիտարկեք վերջին 3 տարվա հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, ապա կտեսնեք, որ այդ  փորձագետները սխալվում են։  Մի կողմ դնելով կեղծ լուրերն ու էմոցիաները և օբյեկտիվորեն վերլուծելով հայ-ռուսական հարաբերությունները՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի  արտաքին քաղաքական որոշումները համապատասխանել են ՌԴ հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ոգուն և բնույթին։ Բավարար է միայն նշել Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության պահպանման առումով Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանի մասնակցությունը: Ի դեպ, Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը (ՌՏՎԿ-ЦАСТ) անցյալ տարի համապարփակ և խոր ուսումնասիրություն էր հրապարակել, որում գնահատվում էր Ռուսաստանի դաշնակիցների վարքագիծը։ Հայաստանը  Ռուսաստանի հետ  դաշնակցային հարաբերությունների առումով ամենասկզբունքային և վստահելի երկրներից մեկն է։ Այսպիսով, եթե նույնիսկ մեր հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն առաջանա, ապա միայն՝ խորացման և զարգացման ուղղությամբ»։
20:45 - 23 ապրիլի, 2021