Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

«Միջանցքի» թեմա բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է գործընթացի վրա․ Արմեն Գրիգորյան |amerikayidzayn.com|

«Միջանցքի» թեմա բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է գործընթացի վրա․ Արմեն Գրիգորյան |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ-ի Սպիտակ տան մամլո ծառայությունը հաղորդում է, որ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջեւ դեկտեմբերի 15-ին անցկացված հանդիպման ժամանակ Սալիվանը փոխանցել է Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում Միացյալ Նահանգների հանձնառությունը: Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը ‘’անպատասխանատու և սադրիչ’’ քայլեր են։ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասում է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը: «Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարեւոր անվտանգային գործոն է»,- ասում է նա ու ավելացնում. «Այդ օրակարգում շատ կարեւոր դեր եւ նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանում անվտանգային միջավայրին վ, ինչպես նաեւ` տարածաշրջանում համագործակցության եւ տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»: Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ, ասում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցք»-ի մասին հաճախ հնչող խոսքերին, Ադրբեջանի կողմից պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ նման հարց իրականության մեջ չկա: «Հայաստանը որեւէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որեւէ հարց: «Միջանցք»-ի հարցը Բրյուսելում որոշակի չափով եւս մեկ անգամ հաստատեց, որ այդպիսի թեմա չկա: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»: Արմեն Գրիգորյանը վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաեւ կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ, մասնակցել Atlantic Council վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումներին: «Atlantic Councel»-ը կազմակերպել էր հանդիպում փորձագիտական համայնքի հետ, որտեղ ներկայացրել եմ մեր ընկալումները տարածաշրջանային կայունացման եւ տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու վերաբերյալ»,- ասում է նա: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունները կարեւոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը: Հարց. Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, եւ որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին: «Հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք»։ Հարց. Ո՞ւմ կողմից: «Այդ քաղաքական կամքը մենք ունենք, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանում եւս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատեւ լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է ե՛ւ մեր ե՛ւ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»:
12:15 - 18 դեկտեմբերի, 2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Հոգանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։ Քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստանալու համար և հաստատել Հայաստանի վճռականությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների գործում։ Հանդիպմանը նաև քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը։    
11:26 - 17 դեկտեմբերի, 2021
Չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ են․ Սալիվանը՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը

Չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ են․ Սալիվանը՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ դեկտեմբերի 15-ին հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուար Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Սպիտակ տունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պարոն Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում: «Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ են։ Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակական շփումը և ընդգծել ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու աջակցել վստահության ամրապնդման միջոցառումներին և տարածաշրջանային հաշտեցմանը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ: Սալիվանը ողջունել է հայտարարությունը, որ Թուրքիան և Հայաստանը կնշանակեն հատուկ բանագնացներ՝ քննարկելու կարգավորման գործընթացը։ Նա բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին և ընդգծել ամուր համագործակցությունը Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տնտեսական զարգացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:16 - 16 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. քննարկվել է ՀՀ-ի շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ. քննարկվել է ՀՀ-ի շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը: Հանդիպման սկզբում կողմերը միմյանց են փոխանցել իրենց երկրների առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Բայդենի ողջույնի խոսքերը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։ Կողմերը արձանագրել են ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք առանձնահատուկ դերակատարություն ունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում։ Այս առնչությամբ, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության գագաթաժողով»-ին Հայաստանին հրավիրելու կապակցությամբ, ինչը նաև այդ հաջողությունների փաստացի արձանագրումն է։ Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը հրավիրել է Ջեյք Սալիվանին այցելել Հայաստան։
09:52 - 16 դեկտեմբերի, 2021
«Մայիսի մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ»․ Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին նոյեմբերից հետո պաշտոնապես դիմելու մասին

«Մայիսի մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ»․ Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին նոյեմբերից հետո պաշտոնապես դիմելու մասին

«Ի վերջո Մոսկվային, ՀԱՊԿ-ին գրավոր պաշտոնական դիմում եղե՞լ է նոյեմբերի 16-ից հետո»․ Ազատություն ՌԿ-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ մայիսի 12-ից հետո արդեն դիմել էին, եւ որ դիմելու գործընթացը պրոցեսի մեջ է․ «Մենք ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներից ակնկալում ենք այս հարցի լուծման գործընթացում աջակցություն։ Ինչպես գիտեք՝ բազմիցս հայտարարել ենք, որ դիվանագիտական ճանապարհով պատրաստ ենք հարցը լուծել, բայց եթե դիվանագիտական ճանապարհով չի լուծվում, մենք պետք է մտածենք լուծման այլ տարբերակներ, եւ մենք մեր գործընկերներից աջակցություն ենք ակնկալում»։ Ճշտող հարցին՝ այսինքն՝ երբ նոյեմբերին ասում էին, որ դիմում են ՌԴ-ին, նկատի ունեին մայիսի դիմո՞ւմը, Գրիգորյանը պատասխանեց․ «Նաեւ մայիսի դիմումը․ դա շարունակում է ուժի մեջ մնալ, մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, որովհետեւ մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է սա, հարցը չի լուծվել»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի հետ շարունակում են քննարկել, եւ ընդհանուր մոտեցում կա, որ դա ուղղակի սահմանային միջադեպ չէ․ «Մենք շարունակում ենք ակնկալել, որ աջակցություն կցուցաբերեն, որպեսզի կարողանանք հարցը լուծել, որովհետեւ նաեւ ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունները ենթադրում են, որ նման իրավիճակներում մենք պետք է ստանանք համապատասխան աջակցություն, որպեսզի կարողանանք հարցեր լուծել»։  
14:51 - 02 դեկտեմբերի, 2021
Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի․ Արմեն Գրիգորյան

Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի․ Արմեն Գրիգորյան

Վերջերս մենք ե՛ւ ՌԴ-ին, ե՛ւ Ադրբեջանին առաջարկներ ենք փոխանցել։ Դրանց իմաստը հիմնականում այն է, որ զորքերը հայելային հետ են քաշում, այդտեղ տեղակայվում են կողմերի սահմանապահ զորքեր․ մենք նույնիսկ առաջարկում ենք, որ սահմանապահ զորքերի քանակը սահմանափակ լինի, նույնիսկ նրանց զենքը սահմանափակում ունենա, եւ կարողանանք սահմանում հնարավորինս հանդարտություն ապահովել։ Այս մասին Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այս առաջարկները հնչեցրել ենք, մենք պատրաստ ենք այս գործընթացին։ Մայիսից մինչեւ հիմա որեւէ դրական ազդակ չենք ստացել, բայց սպասում ենք։ Կարծում ենք, որ նաեւ միջազգային հանրությունը պետք է ակտիվ դերակատարում ունենա, որովհետեւ տեսնում ենք, որ սահմանին միջազգային հանրության բացակայությունը պարբերաբար բերում է էսկալացիայի։ Մեր այդ առաջարկները հենց անվտանգության երաշխիքներ ստեղծելու մասին են, ինչը հնարավորություն կտա նաեւ սահմանազատման եւ սահամանագծման գործընթացին անցնել։ Մեր առաջարկը միջազգային հանրությանը եւ ՌԴ-ին շարունակում է բաց մնալ»,- նշեց նա։ Հարցին՝ Երեւանը պատրա՞ստ է անկլավների փոխանակման հարց քննարկել, այս հարցը կա՞ օրակարգում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ նախ պետք է պարզել՝ անկալվներ կա՞ն, թե՞ ոչ․ «Որովհետեւ մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով անկլավների հարցով որեւէ իրավական հիմք չկա»,- ասաց ԱԽ քրատուղարը՝ նշելով, որ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք 1920-ականներից մինչեւ 70-ականներ են եղել, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հարց չկա։  
14:28 - 02 դեկտեմբերի, 2021
Եթե ապաշրջափակում լինի, ապա միայն ու միայն սուվերեն ենթակառուցվածքների վերահսկողության տրամաբանության շրջանակներում․ Արմեն Գրիգորյան

Եթե ապաշրջափակում լինի, ապա միայն ու միայն սուվերեն ենթակառուցվածքների վերահսկողության տրամաբանության շրջանակներում․ Արմեն Գրիգորյան

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու են, բայց, ընդհանուր առմամբ, մեր օրակարգը շարունակում է մնալ այն, որ միջազգային տրամաբանությամբ որեւէ քննարկում չի կարող լինել։ Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը, պատրաստ ենք քննարկել վերականգնելու այն ենթակառուցվածքները, որ գոյություն են ունեցել խորհրդային շրջանում։ Այս մասին Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Պատրաստ ենք նաեւ քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել, այսինքն՝ ճանապարհային այն ուղիները, որ Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որ օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, եւ այն ճանապարհները, որոնցով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Նախիջեւանի հետ կապի համար։ Դեռեւս չի հաջողվում համընդհանուր համաձայնություններ ձեւակերպել, բայց կարծում ենք, որ աշխատանքները շարունակվելու են։ Պլանավորվում է մոտ ժամանակներում եւս հանդիպում կազմակերպել, եւ ավելի հստակեցնելու դեպքում, եթե լինեն առաջընթացներ, կտեղեկացվի հանրությանը»,- նշեց նա։ Հարցին՝ չի հաջողվում, որովհետեւ Բաքուն պնդում է, որ միջա՞նցք է ուզում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանը որեւէ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկել եւ չի քննարկելու․ «Շարունակում ենք պնդել, որ մեր քննարկումները ամբողջովին պետք է մնան նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի հայտարարությունների տրամաբանության մեջ, որտեղ միջանցքի մասին խոսք չկա եւ չի էլ կարող լինել»։ Հայաստանն այս առումով, Գրիգորյանի խոսքով, կոնստրուկտիվ է եւ պատրաստ է առաջ տանել քննարկումները։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի կարողանում դրսեւորել քաղաքական այնպիսի կամք, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք բխում են հայտարարություններից, առաջ տանել։ «Եթե ապաշրջափակում լինի, ապա այն լինելու է միայն ու միայն սուվերեն ենթակառուցվածքների վերահսկողության տրամաբանության շրջանակներում, ինչպես նաեւ սահմանային այլ ծառայությունների տրամաբանության շրջանակներում։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը ցանկանա անցում կատարել դեպի ՀՀ տարածք, ապա սահմանային անցակետի բոլոր օրենսդրական պահանջներն անցնելու է, նոր անցնի ՀՀ տարածք, նույնը, կարծում  եմ, մենք ենք կատարելու, երբ անցնենք Ադրբեջանի տարածք։ Սա Հայաստանի մոտեցումն է ընդհանուր ապաշրջափակմանը»,- ասաց Գրիգորյանը։
14:03 - 02 դեկտեմբերի, 2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը: Զրույցի ընթացքում Ա. Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նշել է, որ ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում և ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը: Նիկոլայ Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար:
17:23 - 17 նոյեմբերի, 2021
Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը |armenpress.am|

Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները մասնակցում են Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: «Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը...»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
11:40 - 17 նոյեմբերի, 2021
Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը

Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և կարևորել դրանց հետագա զարգացումը: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:
16:50 - 16 նոյեմբերի, 2021
Եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա ՀՀ-ն ստիպված է լինելու դիմել միջազգային գործընկերներին․ Արմեն Գրիգորյան

Եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա ՀՀ-ն ստիպված է լինելու դիմել միջազգային գործընկերներին․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քիչ առաջ «Լուրերին« տված հարցազրույցում ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ ՀԱՊԿ-ին դիմելու համար․ «Իհարկե, մենք մայիսին ստեղծված իրավիճակով դիմել էինք ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամը լուծել, բավարար ջանքեր չեն գործադրվել խնդիրը լուծելու համար, բայց մենք շարունակելու ենք աշխատել։ Քանի որ այժմ ՀՀ-ն ՀԱԿՊ նախագահողն է, ապա մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ակտիվացնենք նաեւ  ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում նախատեսված այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս որեւէ անդամ երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ որեւէ ոտնձգության դեպքում քայլեր ձեռնարկել»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Հարցին, թե Հայաստանը դիտարկում է այլ միջազգային կառույցների դիմելու հարցը, Գրիգորյանն ասաց․ «Հայաստանը կարծում է, որ առաջնահերթ ՌԴ եւ ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմելու, այսինքն՝ միջազգային այլ գործընկերների։ Բայց մենք առաջնային ենք համարում առաջնային գործարկել պայմանագրային պարտավորություններով օժտված մեխանիզմները»։ Գրիգորյանը նաև ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ռազմական գործողությունները դադարել են, բայց չենք կարող պնդել, որ սահմանի երկայնքով կայունություն է եղել, սահմանային լարումները շարունակվել են․ «Վերջին շրջանում Ադրբեջանը, չստանալով իր ցանկությունը՝ միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը՝ նույնիսկ այլ ուղղությամբ, նույնիսկ ապաշրջափակման ուղղությամբ։ Գիտեք, որ երբ ՌԴ-ն հրապարակեց այն փաստը, որ միջանցքի տրամաբանությամբ որեւէ գործողություն չի լինելու, դրան հետեւեցին սկզբից Գորիս-Կապան ճանապարհի հատվածների փակումը, մաքսակետեր տեղադրելը, դրան հետեւցին սահմանային լարումները։ Ադրբեջանը փորձում է խաղաղության կամ կայունության այն գործընթացը, որն ընթանում էր, ամբողջովին ապակայունացնել, տարածաշրջանում ստեղծել անկայուն իրավիճակ»։ Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է հետաձգել դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, այլեւ խափանել ողջ գործընթացը, որովհետեւ ապաշրջափակման ու սահմանագծման, սահմանազատման գործընթացին Հայաաստանը ամբողջովին պատրաստ էր․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել այդ գործընթացը Խորհրդային Միության ժամանակաշրջանից գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի հիման վրա։ Այս առումով բազմիցս եւ բարձր, եւ բարձրագույն մակարդակում ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անցնել այս գործընթացը, բայց Ադրբեջանը պարբերաբար տորպեդահարել է, եւ այսօր էլ, գտնվելով ՀՀ սուվերեն տարածքում, խախտում է այն միջավայրը ստեղծելու հնարավորությունը, որով հնարավոր է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել»։ 
15:43 - 16 նոյեմբերի, 2021
Դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով․ Արմեն Գրիգորյան

Դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով․ Արմեն Գրիգորյան

Այսօր ժամը 13:00-ի դրությամբ ադրբեջանական ԶՈՒ-երը ռազմական գործողություններ են սկսել ՀՀ սահմանի արեւելյան ուղղությամբ եւ փորձել են իրադրությունը սրել սահմանի ամբողջ երկայնքով։ Այս պահին շարունակում են մարտական գործողություններ ընթանալ, ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Հանրային հ/ը եթերում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մայիսի 12-ից սկսած ՀՀ սուվերեն տարածքում են Ադրբեջանի ԶՈՒ-երը, եւ գտնվում են՝ ՀՀ սուվերեն տարածքի խախտումով։ Այսօրվա սրացումը կապված է նաեւ Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա եւ զինված ուժեր կիրառելու հետ, բայց նրանք նաեւ փորձել են օգտագործել ՀՀ տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-երը։ Կարեւոր ենք համարում ընդգծել, որ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով եւ համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում։ Ճշտող հարցին՝ սա բանավո՞ր դիմում է, թե՞ համապատասխան ընթացակարգով է գնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ սա բանավոր դիմում է, որը նաեւ գրավոր ընթացակարգ է ունենալու․ «Բայց մենք ուզում ենք հանրությանն ու մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում։ Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, եւ մենք հնարավորություն կունենանք Հայստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու։ Բազմիցս խոսվել է, որ ՀՀ պետական սահմանը ՌԴ-ի համար կարմիր գիծ է, եւ մայիսի 12-ից ադրբեջանցիները խախտել են այդ գիծը։ Այս առումով մենք դիմում ենք մեր դաշնակցին, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ այս օգնությունը ենթադրում է, որ եթե հնարավոր լինի այս իրավիճակը, ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա լուծել այդպես, եթե բանակցային ճանապարհով լուծել հնարավոր չի լինում, ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որպեսզի ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել։  
15:32 - 16 նոյեմբերի, 2021