Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները |armenpress.am|

ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են այդ մասին արված հարցմանը: -Մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե նոյեմբերի 14-ին, ՀՀ սահմանագոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող էր գերեվարել, այնուհետև, հանրությունից գաղտնի, վերադարձրել նրանց։ Որքանո՞վ է լուրը համապատասխանում իրականությանը։ -Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ։
13:42 - 18 նոյեմբերի, 2021
Կա մեկ սկզբունք՝ սեփական իշխանությունը փրկելու համար զոհաբերել ամեն ինչ․ Տիգրոն Աբրահամյանը՝ «չկրակելու հրամանի» վերաբերյալ

Կա մեկ սկզբունք՝ սեփական իշխանությունը փրկելու համար զոհաբերել ամեն ինչ․ Տիգրոն Աբրահամյանը՝ «չկրակելու հրամանի» վերաբերյալ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Չկրակելու հրամանի մասին. Առաջին անգամ դրա հետ առևերեսվել ենք 2018 թվականի Դուշանբեում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, երբ Ալիևը հայտարարվեց կիրթ ու կառուցողական, իսկ կողմերին հրաման իջեցվեց չկրակել։ Դրան հետևեց չհիմնավորված լավատեսական ուղերձները, սահմանին աննախադեպ հանգիստ է քարոզչական արշավներ, իսկ Ադրբեջան օգտագործելով այս աննախադեպ հնարավորությունը, ահռելի ծավալի աշխատանքներ սկսեց շփման գծի այն հատվածներում, որտեղ մեկ այլ պայմաններում ուղղակի աշխատել հնարավոր չէր։ Արդյունքում էականորեն բարելավեց հարձակվողական գործողություններ ծավալելու իր հնարավորությունները, ինչն ի դեպ, կիրառեց 2020-ի 44-օրյա պատերազմում։ 2-րդ խոշոր հանգրվանը չկրակել հրամանի ներքո 2021 թվականի մայիսի 12, մինչ ադրբեջանական զորքերն անարգել մուտք էին գործում Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի տարբեր տեղամասեր, իշխող ուժն ու ՊՆ, ԳՇ որոշ պաշտոնյաներ հրատապ կարգով տեղեկացնում էին, որ կրակահերթեր, փոխհրաձգություն չի եղել։ Այսինքն՝ նույնիսկ այն հատվածներում, որտեղ դիրքեր էին տեղակայվել մոտեցող թշնամու վրա կրակ չէր արձակվել։ Դրան հետևած մի քանի շաբաթների ընթացքում, տարբեր տեսանյութերից պարզ դարձավ, որ չկրակելու հրամանի պայմաններում սահմանագծին ձեռնամարտեր էին ընթանում։ Տարբեր խողովակներից շփման գծից եկող տեղեկությունները հաստատում էին, որ կա հրաման՝ չկրակել։ Եթե չկար նման հրաման, ապա պատկերացրեք, թե ինչ ծավալի քրեական գործեր կհարուցվեր։ Դրանից հետո պաշտպանության նախարար է նշանակվում Արշակ Կարապետյանը, ում առաջին հայտարարություններից էր՝ անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Հարց էր առաջանում՝ իսկ մինչև այդ այլ հրաման է՞ր գործել, ստացվում է, որ այո։ ՀԳ. Ոչ միայն մարտական հերթապահության, այլ նույնիսկ խաղաղ պայմաններում Երևանի կենտրոնում ՊՆ պահպանության տակ գտնվող տարածքներում ծառայություն իրականացվող անձինք գիտեն, թե որ իրավիճակում ինչպես պետք է գործել՝ դրանք բխում են համապատասխան կանոնագրքերից, այլ բան է, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, թուրքերի հետ բարեկամություն սկսած իշխանության համար օրենքներ, կանոնագրքեր, սահմանադրություն գոյություն չունի։ Կա մեկ սկզբունք՝ սեփական իշխանությունը փրկելու համար զոհաբերել ամեն ինչ»։
12:28 - 18 նոյեմբերի, 2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների վիճակը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների վիճակը

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ ինչ իրավիճակ է Սյունիքում այլընտրանքային ճանապարհների աշխատանքների մասով։ Նախարարը ներկայացրեց, որ Սյունիքի այն ճանապարհները, որոնց մասին պարբերաբախ խոսվում է, փաստացի յոթն են։ Դրանցից Տաթեւ-Աղվանին համարում են ավարտված․ «Տաթեւ-Աղվանին բավական ժամանակ է՝ երթեւեկելի է, նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված, գարնանը երրորդը կտեղադրվի։ Մյուս վեց հատվածներում հիմա ընթացիկ աշխատանքներ կան։ Այդ վեցից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է, դրա մի մասը՝ մոտ 3,5-4 կմ արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման աշխատանքներ։ Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, դրա մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան, անտառի հատված կա, որտեղով ճանապարհն անցնում է, այնտեղ նույնպես աշխատանքները շարունակվում են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի․ մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխն է, որը, Սանոսյանի պնդմամբ, գործում է, նորմալ երթեւեկելի է, մյուսը Շուռնուխ-Բարձրավան եւ նշած՝ կառուցվող ճանապարհը, որը, նախարարի խոսքով, անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար․ «Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5-ն ամբողջովին պատրաստ է, այսինքն՝ հիմքը պատրաստ է, ոչ թե ասֆալտապատ, մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Մյուս հատվածն ունենք Կապան-Ճակատեն եւ Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածը։ Օրեր առաջ սկսվել էին Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները, մի քանի օրվա ընթացքում կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի։ Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ եւ ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելու համար։ Շարունակվում է Տաթեւ-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները, այս պահին մոտ 6,5 կմ աշխատանք է իրականացվել, երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են, ինչն ավելի է հեշտացնում աշխատանքի արագ կազմակերպումը»,- ներկայացրեց նախարարը։ Փաշինյանը ճշտեց՝ մենք արձանագրո՞ւմ ենք, որ չկա բնակավայր, որն ընդհանրապես կտրված լինի կամ շրջափակման մեջ լինի։ Սանոսյանը հաստատեց, որ չկա․ «Այո, չկա, եւ Որոտանը, եւ Շուռնուխը, եւ Բարձրավանը, բոլորը ճանապարհներ ունեն։ Մեր գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որն առաջիկա օրերին, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնա»։ Փաշինյանն ասաց, որ այդ գյուղերը նաեւ դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն, այսինքն՝ կենսապահովման խնդիր չկա, ուղղակի խոսքը ենթակառուցվածքի հարմարության մասին է։ Նախարարը վստահեցրեց, որ համայնքների հետ աշխատում են, կարիքների գնահատում են անում։
11:45 - 18 նոյեմբերի, 2021
Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից․ «Հայաստան» դաշինք

Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ ««Հայաստան» դաշինքը իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես է եկել հստակ հայտարարությամբ: Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը: Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը: Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից: Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը: Մեր որոշումն այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է»:
17:53 - 17 նոյեմբերի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են մայիսի 12-ից ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են մայիսի 12-ից ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա ծանր ռազմական գործողություններով, որոնք հաջորդել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին լարվածության աճին։ Ադրբեջանի կողմից՝ ենթադրյալ սադրանքների ի պատասխան սկսված ռազմական գործողությունները պատճառ դարձան նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության՝ մինչ օրս տեղի ունեցած ամենակոպիտ խախտման՝ թողնելով դեռևս չհաստատված թվով զոհեր, վիրավորներ ու գերիներ: Կոչ ենք անում անհապաղ դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը ու տեղեկությունները ռուսական միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ: Վերահաստատում ենք, որ ցանկացած հնարավոր անհամաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցային գործընթացի միջոցով, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների: Դատապարտում ենք «սահմանագծման» յուրաքանչյուր փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո: Աջակցում ենք և կոչ ենք անում բացել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը խիստ շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար: Սա ներառում է կապն Ադրբեջանի արևմտյան հատվածների ու Նախիջևանի Ինքնավար հանրապետության միջև: Հաջողելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնության տեքստին ու խուսափեն դրա չափազանց ծավալուն մեկնաբանությունից: Ավելին, մենք մտահոգ ենք այն տեղեկությունների առնչությամբ, համաձայն որոնց երթևեկությունը դժվարանցանելի է դարձել այն ճանապարհներով, որոնք Ադրբեջանի տարածքով կապում են հայկական քաղաքներն ու գյուղերը, և հավատացած ենք, որ նման վարքագիծը հակասում է այս համաձայնության ոգուն ու դժվարացնում է տեղացի բնակիչների կյանքը: Ցավում ենք, որ ի հեճուկս միջազգային հանրության մեծաթիվ կոչերի, այդ թվում և Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևի, հակամարտության պատճառով գերեվարված շատ հայեր  դեռևս ազատության մեջ չեն, և մենք այս հարցով նորից ենք դիմում Ադրբեջանի իշխանություններին: Մենք նաև վերահաստատում ենք մեր կոչը փոխանակելու ականապատ տարածքների վերջին քարտեզները՝ թույլ տալով քաղաքացիական անձանց վերադառնալու նախկին հակամարտության շրջաններ: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և լուծելու ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ, մասնավորապես վերսկսելով բանակցությունները հակամարտության տևական կարգավորման և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակի վերաբերյալ՝ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
17:42 - 17 նոյեմբերի, 2021
Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Կապան-Տաթև ճանապարհին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ. ԱԻՆ

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Կապան-Տաթև ճանապարհին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ. ԱԻՆ

Հաշվի առնելով եղանակային պայմանները, դրանց հետևանքով հնարավոր պատահարներն ու արտակարգ դեպքերը՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Կապան-Տաթև ճանապարհի 39կմ-ին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ: Ճանապարհին մնացած, տուժած քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերվի կահավորված և հարմարեցված այս կետում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:  Շարունակում է գործել Շուռնուխում բացազատված կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան–Գորիս ճանապարհի Տաթև տանող խաչմերուկում: Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ տաքացման նոր կետերի տեղորոշմանը և կահավորմանն առնչվող խնդիրների լուծման նպատակով տեղում աշխատել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը: Տեղեկացնենք նաև, որ անբարենպաստ եղանակի հետևանքով դժվարանցանելի ճանապարհներին հայտնված, կամ այլ պատճառներով օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են զանգել 911 հեռախոսահամարին:
16:52 - 17 նոյեմբերի, 2021
Կապան խոշորացված համայնքի բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն

Կապան խոշորացված համայնքի բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն

Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի  Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշեկնիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ սանիտարական տրանսպորտով: Փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Սյունիքի մարզ, տեղում գնահատել իրավիճակը, ծանոթացել գյուղերի բուժակ-մանկաբարձական կետերի շենքային պայմաններին, ինչպես նաև նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցներին»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
16:40 - 17 նոյեմբերի, 2021
Ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից․ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից․ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է․ «Բարև ձեզ: Շնորհակալ եմ, որ ընդունել եք այս հրատապ հանդիպման իմ հրավերը:Մեր այս հանդիպման նպատակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները ձեզ ներկայացնելն է: Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցում: Դրան նախորդել էր երկու օր առաջ` նոյեմբերի 14-ին, հերթական ներթափանցման փորձ: Կեսօրին, ավելի ճշգրիտ՝ նոյեմբերի 14-ին՝ 13:00-ին, ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Հայաստանի Հանրապետության տարածք, որի հետևանքով չորս հայկական հենակետեր հայտնվել էին շրջափակման մեջ: Բանակցությունների արդյունքում ադրբեջանական այդ զինվորականները և տեխնիկան դուրս էին բերվել ՀՀ տարածքից: Բայց լարվածությունը դրանով չէր թուլացել, և երեկ՝ կրկին նույն ժամին, մոտավորապես նույն հատվածում տեղի է ունեցել հերթական, նոր ներթափանցում, որն ուղեկցվել է նաև զրահատեխնիկայի, հրետանու, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, և, ըստ էության, կարող եմ ասել՝ ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Եվ պետք է նկատենք, որ մենք չենք կարող սա անվանել այլ կերպ, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Երեկ երեկոյան ժամը 18:30-ի դրությամբ ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ։ Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մեր խոր համոզմամբ՝ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է նրա, որ մեր միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ժամանակ, և այնուհետ նաև այս ամիսների ընթացքում՝ իմ նշած հայտարարությունների, վարքագծի կապակցությամբ: Մեր համոզմամբ, նշածս բոլոր սադրիչ, ագրեսիվ հայտարարություններին և գործողություններին միջազգային հանրության արձագանքը չի եղել հասցեական և պատշաճ: Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա: Ուզում եմ խոսել նաև մեկ այլ քաղաքական նրբերանգի մասին: Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»: Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։
13:58 - 17 նոյեմբերի, 2021
ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը |armenpress.am|

ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը:  «Ես մտահոգ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող և մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն: Ավելի քան 20 տարի առաջ միանալով մեր կազմակերպությանը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն ստանձնեցին կարգավորելու հակամարտությունը խաղաղ միջոցներով: Այս հանձնառությունը անփոփոխ է մնում և պետք է խստորեն հետևել  դրան»,- ասվում է Բուրիչի հայտարարության մեջ: Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝  Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու իրենց շարունակական ջանքերում՝ հանուն խաղաղ կարգավորման: «Մենք պատրաստ ենք նպաստել երկու անդամ պետությունների միջև երկխոսությանը՝ կառուցելու վստահություն ու նպաստելու հաշտեցմանը»,- եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը:  
13:09 - 17 նոյեմբերի, 2021
Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Արյան պաշարների հետ կապված՝ Հայաստանում խնդիր չկա, դրանք համալրված են, համալրվում են։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ արյան դոնորների հավաքագրումն ընթացիկ գործընթաց է, և արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում։  «Առողջապահության նախարարության մեր թիմն իմ տեղակալի գլխավորությամբ երեկ եղել է Սյունիքում և Վայոց ձորում։ Ե՛վ Կապանի, և՛ Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Տվյալ համայնքների բնակիչների առողջական խնդիրների լուծման ապահովումը կկազմակերպվի»,- ասել է նա՝ հավելելով, որ երեկվա ադրբեջանական սադրանքների հետևանքով վիրավորների մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է հետևել ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։
12:58 - 17 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնում է, որ ունի 7 զոհ և 10 վիրավոր

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնում է, որ ունի 7 զոհ և 10 վիրավոր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրոթյուն է տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի իրադրության արդյունքում ադրբեջանական կողմը ունի 7 զոհ և 10 վիրավոր։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, հայկական կողմն ունի մեկ զոհ, 13 գերեվարված անձ։ 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։    
12:03 - 17 նոյեմբերի, 2021
24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում․ ՊՆ

24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում․ ՊՆ

Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ) Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և  գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
10:35 - 17 նոյեմբերի, 2021
Կանադայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի կոչ է անում

Կանադայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի կոչ է անում

Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախմամբ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանիե Ժոլին՝ անդրադառնալով երեկ՝ նոյեմբերի 16-ի կեսօրից ադրբեջանի ագրեսիային ՀՀ արևելյանի սահմանագոտու ուղղությամբ։ Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախմամբ, ինչի հետևանքով հայկական զինված ուժերը կորուստներ ունի։ Մեր մտքերը զոհերի ընտանիքների և նրանց մտերիմների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հակամարտությանը խաղաղ լուծում գտնվի»,- գրել է Կանադայի ԱԳ նախարարը։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, ճշտված տվյալներ են․ մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:52 - 17 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն |amerikayidzayn.com|

ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին, և պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմանի արևելյան սահմանագոտում։  «Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին և ավելին կարող ենք ասել ավելի ուշ: Բայց պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին ու պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել՝ համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ու դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում եղած էսկալացիայից»,- ասել է Անտոնիու Գուտերիշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին հայտնի տվյալներ են․ մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:29 - 17 նոյեմբերի, 2021
Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար․ ԱՄՆ պետքարտուղար

Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար․ ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտական գործողությունների մասին լուրերով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Մենք կողմերին նաև կոչ ենք անում ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ունենալ բոլոր կարևոր հարցերը, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի հարցը լուծելու գործում։«Ինչպես նշված է Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին հայտնի տվյալներ են․ հայկական կողմից մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի Ադրբեջանում, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:03 - 17 նոյեմբերի, 2021