Ինֆոքոմ

Ովքե՞ր են Լոռու մարզում հանք շահագործել ցանկացող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը

Ովքե՞ր են Լոռու մարզում հանք շահագործել ցանկացող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը

Երեկ հայտնի դարձավ, որ «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» անունով մի կազմակերպություն ցանկանում է Լոռու մարզում հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ՝ ոսկու հանք բացելու նպատակով։ Մարզի այն գյուղերի բնակիչները, որոնց տարածքում ընկերությունը ցանկանում է հանք բացել, համայնքապետարանների կայքերից են տեղեկացել այդ մասին։ Այդ գյուղերի բնակիչները, ինչպես նաև բնապահպանները մտահոգություններ ունեն այս անհայտ ծագմամբ ընկերության գործունեության առնչությամբ։ ՀՀ իրավաբանական անձնանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ  «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2018-ին, ընկերության հասցեն Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում է։ ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատեր է չեխական «Mineral Ventures Invest» ընկերությունը։ «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը Յիրժի Վոյտեխովսկին է (Jiří Vojtěchovský)։ Չեխիայի Հանրապետության առևտրային ռեգիստրի կայքից տեղեկանում ենք, որ «Mineral Ventures Invest» ընկերությունը ևս հիմնվել է 2018-ին։ Ընկերության գործադիր տնօրեններն են Մարտինա Կորժինկովան (Martina Kořínková) և Դավիդ Մարաշեկը (David Marášek)։ Ընկերության հետ փոխկապակցված անձ է Յիրժի Վոյտեխովսկին («Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն): Համաձայն Չեխիայի Հանրապետության առևրային ռեգիստրի տվյալների` Յիրժի Վոյտեխովսկին գործունեություն է ծավալել չեխական տարբեր կազմակերպություններում։ Օրինակ, 2017 թվականից նա Չեխ-ղրղզական առևտրի պալատի (Česko-kyrgyzská obchodní komora) նախագահն է։ Չեխ-ղրղզական առևտրի պալատի փոխնախագահը Միխայել Սմելիկն է (Michael Smelík)։ Առևտրի պալատը հիմնվել է 2017-ին։ Միխայել Սմելիկը «Liglass Trading» ընկերության գործադիր տնօրենն է։ Այս չեխական ընկերությունը հիմնադրվել է 2003-ին։ «Liglass Trading»-ի կայքից տեղեկանում ենք, որ 2013-ից ընկերության թիմին է միացել Յիրժի Վոյտեխովսկին՝ որպես գործընկեր ու Ասիաեվրոպական շուկայի տնօրեն։ Խոսելով Վոյտեխովսկուն ընկերությունում ներգրավելու պատճառների մասին՝ նշվում է, որ նա աշխատել է «ESI Eastern Investment» ընկերությունում, որտեղ նրա աշխատանքը կենտրոնացած է եղել Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ տարածքում (այդ թվում՝ Հայաստանում) ծրագրերի իրականացման վրա։ «Liglass Trading» ընկերության շուրջ Ղրղզստանում աղմուկ էր բարձրացել 2017-ին։ Պատճառն այն էր, որ այս ներդրումային ընկերությունը ցանկանում էր Ղրղզստանում հիդրոէլեկտրակայաններ կառուցել, սակայն այդ գործընթացն ի վերջո ձախողվեց։ Փորձենք կարճ ներկայացնել եղելությունը․ Ղրղզստանի կառավարությանը «Liglass Trading»-ի գործունեության համար երաշխավորել է Չեխիայի նախագահի կանցլեր Վրատիսլավ Մինարժը (Vratislav Minarj)։ Չնայած Ղրզղզստանում մտահոգություններ են հնչել այն առիթով, որ Մինարժը զբաղվել է «Liglass Trading»-ի լոբբինգով, կանցլերը նշել է՝ քանի որ «Liglass Trading»-ը չեխական է, ինքը ստուգել է ընկերության տվյալները Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունում, այնուհետև նամակ գրել Ղրղզստանի նախագահին։ Արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչն էլ չեխական լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան հայտնել է, որ նախարարությունը «Liglass Trading»-ի համար Միրանժին երաշխավորություն չի ներկայացրել։ «Liglass Trading»-ի գործադիր տնօրեն Միխայել Սմելիկն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ինքն անձամբ չի ճանաչում Վրատիսլավ Մինարժին, և այն, որ Մինարժը երաշխավորել է «Liglass Trading»-ի համար, նշանակություն չունի, ընկերությունը Ղրղզստանում մասնակցել է բաց մրցույթի և հաղթել։  «Liglass Trading»-ը պարտավորվել է վճարել Ղրղզստանի կառավարության պարտքը «Русгидро» ընկերությանը: «Русгидро»-ի հետ Ղրղզստանը 2012-ին պայմանագիր է կնքել այդ երկրում հէկեր կառուցելու համար, սակայն հետագայում Ղրղզստանի կառավարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը։ Հէկերի կառուցման համար «Liglass Trading»-ի հետ պայմանագիրը կնքվել է 2017-ին, սակայն «Liglass Trading»-ն այդպես էլ չի կարողացել վճարել ռուսական «Русгидро» ընկերության պարտքը։ Ղրղզստանի կառավարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը «Liglass Trading»-ի հետ, վերջինս էլ իր հերթին մեղադրանքներ է հնչեցրել երկրի կառավարության հասցեին։ Դժվար է այս փոխադարձ մեղադրանքների մեջ հասկանալ, թե ով է եղել մեղավորը, սակայն փաստացի «Liglass Trading»-ին չի հաջողվել Ղրղզստանի կառավարության պարտքը մարել և հէկերի կառուցումն իրականացնել։ Ե՛վ «Liglass Trading»-ի կայքում, և՛ չեխական առևտրային ռեգիստրի կայքում ընկերության գործունեության վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2017-ին։ Հենց նույն Յիրժի Վոյտեխովսկին, որը «Liglass Trading» ընկերությունում և Չեխ-ղրղզական առևտրի պալատում եղել է Միխայել Սմելիկի գործընկերը, ՀՀ Լոռու մարզում հանք բացելու մտադրություն ունեցող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ «Mineral Ventures Invest»-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը մտադիր է Արևելյան Եվրոպայում և Արևմտյան Ասիայում հանքարդյունաբերական գործունեություն ծավալել, մասնավորապես՝ թանկարժեք և գունավոր մետաղներ փնտրել։ «Mineral Ventures Invest»-ի գործադիր տնօրեններից Դավիդ Մարաշեկը եղել է 2015-ին հիմնադրված «Zlato as» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ «Zlato as»-ը հիմա համագործակցում է «Mineral Ventures Invest»-ի հետ: «Zlato as»-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը զբաղվում է ոսկու առևտրով։ Մինչև այս տարվա փետրվարը Յիրժի Վոյտեխովսկին եղել է «Mineral Ventures Invest»-ի կանոնադրական մարմնի անդամ և գործադիր տնօրեն, սակայն փետրվարից նա այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնները։ Այս պահին նա, ինչպես արդեն նշել ենք, «Mineral Ventures Invest»-ի դուստր կազմակերպության՝  «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ Վոյտեխովսկին նաև շարունակում է զբաղեցնել Չեխ-ղրղզական առևտրի պալատի նախագահի պաշտոնը։ «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ»-ը կշահագործի՞ Լոռում ոսկու հանք, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ։ Համաձայն «Հայկական բնապահպանական ճակատ»-ի հրապարակած վերջին տեղեկությունների՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի գյուղերում, որոնց տարածքում ընկերությունը մտադիր է հանք շահագործել, բնակիչներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել, և չեն կայացել հանքի շահագործման թեմայով նախատեսված հանրային լսումները։ Աննա Սահակյան  
22:20 - 16 ապրիլի, 2021
Ձորագետի վրա նախատեսվում է 2 հէկ կառուցել․ գյուղում մտահոգվում են, որ ձորի բուսականությունն ամբողջությամբ կվերանա

Ձորագետի վրա նախատեսվում է 2 հէկ կառուցել․ գյուղում մտահոգվում են, որ ձորի բուսականությունն ամբողջությամբ կվերանա

Կուրթան համայնքի բնակիչ Սերգեյ Դարբինյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ 2021 թվականի ապրիլի 19-ին Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է լսումներ՝ Լոռու մարզի Ագարակ և Ձորագետ համայնքների վարչական տարածքներում՝ Ձորագետ գետի վրա, համապատասխանաբար «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» հէկերի նոր ջրօգտագործման թույլտվության նախագծերի վերաբերյալ։  Infocom.am-ի հետ զրույցում Կուրթանի բնակիչը հայտնեց, որ լսումների մասին ծանուցում ստացել է Շրջակա միջավայրի նախարարությունից՝ էլեկտրոնային փոստի միջոցով։  «Անցած տարի նույնպես նման իրավիճակ էր ստեղծվել։ Խնդիրն այն է, որ ուզում են 10 կիլոմետրից ավելի խողովակաշար անցկացնել, ինչի արդյունքում ձորի բուսականությունն ամբողջությամբ կվերանա։ Մոտ 15 տարի առաջ Գարգառ գետի վրա նույնպես կառուցվեց հէկ, եթե այցելեք Կուրթան, կտեսնեք, թե ինչ աղետալի վիճակում է այդ հատվածի բուսականությունը։ Գետի 80 տոկոսը անցնելու է խողովակաշարի միջով։ Նախագծում կան արդեն բացեր, որոնց պատճառով կարող են մերժել, բայց ամեն տարի մեզ գցում են նման վիճակի մեջ։ 2003 թվականից փորձ են անում hէկ կառուցել։ Անցյալ տարի դեմ էին Գյուլագարակ համայնքի գյուղապետը և ավագանին, կարծում եմ և հույս ունեմ, որ այս տարի էլ դեմ կլինեն, բայց որ գյուղը դեմ է, փաստ է»,- պատմեց Դարբինյանը։  Դեռ 2020 թվականի փետրվարին «Հայկական բնապահպանական ճակատը» հայտնել էր, որ «Լոռվա Ամրոց» ՍՊ ընկերությունը  հայտ էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն՝ Ձորագետ գետի վրա երկու հէկերի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություններ ստանալու նպատակով։  Infocom.am-ի հետ զրույցում ՀԲՃ անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը պատմեց, որ ջրօգտագործման թույլտվության  հայտի քննարկման ժամանակ իրենք իրենց  առարկությունները ներկայացրել են, և նախարարությունն այդ ժամանակ մերժել էր նախագիծը։ Մի քանի օր առաջ ընկերությունը նորից  հայտ է ներկայացրել՝ ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ «Ես գնացի և ծանոթացա փաստաթղթերի հետ, քանի որ կարգն այդպիսին է, պետք է գնաս ու ծանոթանաս, առարկություն ներկայացնես, որպեսզի քննարկում լինի, եթե չես ներկայացնում, ընդունում են, որ առարկություն չկա, և նախարարությունն է միանգամից որոշում՝ ինչ անել։ Ես հարցրի՝ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե էլի անցյալ տարվա նույն հայտն է, իրենք ասեցին, որ, ըստ էության, նույն հայտն է։ Միայն մի բան էր փոփոխվել․ գրել են, որ, իբր, եթե իրենք այդ գործունեությունը ծավալեն, հէկերը սարքեն և այլն, այդ տարածքում կա բնապահպանական հուշարձան, այնպես կկառուցեն, որ այդ հատվածին վնաս չհասցվի, մնացած պարամետրերը նույնն են։ Մենք առարկությունները ներկայացնելու ենք, և երկուշաբթի օրվա հանրային քննարկումից հետո նախարարությունը կորոշի՝ տալի՞ս  է ջրօգտագործման թույլտվություն, թե՞ ոչ»,- մանրամասնեց Գալստյանը։ Վերջինս նաև ընդգծեց, որ արդեն կան նման վատ օրինակներ, մեկը՝ Եղեգիսի դեպքում․ գետը, ըստ աշխարհագրագետի, որպես ջրային համակարգ վերանում է։ Գալստյանի խոսքով՝ գետը դառնում է խողովակաշարերի ինչ-որ համակարգ, որը տեղ-տեղ ընդմիջվում է գետի փոքր հատվածներով։ «Ինչով կավարտվի այս պատմությունը՝ չգիտեմ։ Վերջերս հրապարակվեցին Հատուկ քննչական ծառայության տվյալները՝ Ձորահենքի առնչությամբ քրեական գործի վերաբերյալ, թե ինչպես է այդ հէկը սեփականաշնորհվել։ Հիմա, ի վերջո, այդ քրեական գործն ուղարկվել է դատարան, բայց նորից կիսատ-պռատ հիմնավորումներով։ Այն ժամանակ մենք գրում էինք և ասում, որ հատուկ այդ հէկի համար փոխվել է որոշում․ կառավարությունը որոշել էր, որ փոքր հէկերի հզորության վերին շեմը 15-ից դառնում է 30 մեգավատտ՝ հատուկ այն պատճառով, որպեսզի այդ Ձորահէկն ընկնի բարձր սակագնի տակ, որովհետև փոքր հէկերին խրախուսական, բարձր սակագին է տրվում, ավելի մեծ շահույթ են ստանում»,- ասաց ՀԲՃ անդամը։  Գալստյանը նշեց, որ, ըստ իրենց հաշվարկների, մոտավորապես 1․5 միլիարդ դրամ ավելի եկամուտ են  ստացել միայն այդ որոշումը փոխելու արդյունքում։ Այս երկու հէկերը, որոնք պատրաստվում են կառուցել, նույնպես լինելու են այդ սակագնի մեջ։ Մեր զրուցակցի տվյալներով՝ կառավարության այդ որոշումը վերջին երեք տարում չի փոխվել, չնայած՝ քրեական գործում ասվում է, որ կառավարությունը հակաօրինական որոշում է կայացրել։ «Մենք նամակ ենք գրել 2018 թվականի օգոստոսին, որ կառավարության այդ որոշումը չեղարկեն, ներկայացրել ենք, որ որոշումը հակաօրինական է, քանի որ փոքր հէկերի դեպքում ամբողջ աշխարհում հզորության վերին շեմը 10 մեգավատ է, իսկ մեզ մոտ 30 է։ Մեզ պատասխանեցին, որ նպատակահարմար չեն համարում փոփոխություն կատարել։ Մի կողմից քրեական գործ է հարուցվում, որտեղ այդ որոշումը համարվում է հակաօրինական, մյուս կողմից՝ կառավարությունը չի փոխում այդ որշումը»,- եզրափակեց Գալստյանը։ Infocom.am-ը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից տեղեկացավ, որ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին։ Ներկայումս ընկերության  բաժնետերերն են «Էներգո հէկ Շին» ՍՊԸ-ն (80%) և Սամվել Հունանյանը (20%): 2011 թվականից մինչև 2020 թվականի մարտ ամիսը, ընկերության 25% բաժնեմասը պատկանել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։  Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի Ասպրամ Փարսադանյան
19:50 - 16 ապրիլի, 2021
Լոռիում հանք բացելու ծրագիրը մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու․ Վանաձորի բնակիչ Գեւորգ Վարդանյան

Լոռիում հանք բացելու ծրագիրը մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու․ Վանաձորի բնակիչ Գեւորգ Վարդանյան

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հրապարակել էր տեղեկություն, ըստ որի՝ Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերեւակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ։ Ըստ հրապարակման՝ Հանքը նախատեսում են բացել Լոռու մարզի Եղեգնուտ, Դեբեդ, Վահագնի, Վահագնաձոր, Մարգահովիտ, Քարաբերդ բնակավայրերում։  ՀԲՃ տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ վերոնշյալ ընկերության անունը «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ է, որը գրանցված է Հայաստանում եւ պատկանում է Չեխիայում գրանցված «Միներալ Վենչրզ Ինվեստ» ընկերությանը։ Իրական սեփականատերերի մասին, սակայն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այս պահին տեղեկություն չկա: Վանաձոր քաղաքի բնակիչ, «Լոռու տուրիզմի կենտրոն»-ի համակարգող եւ «Ռաֆտինգը Հայաստանում» ընկերության տնօրեն Գեւորգ Վարդանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վաղը` ապրիլի 16-ին, ժամը 9։00-ին, բողոքի ակցիաներ են իրականացնելու Մարգահովիտի գյուղապետարանի դիմաց, ապա Վահագնաձորում՝ ժամը 11։00-ին, Վահագնիում՝ ժամը 12։30-ին, Դեբեդում՝ ժամը 14։00-ին, Եղեգնուտում՝ ժամը 15։30-ին։ Թեմայի վերաբերյալ Infocom-ի հետ զրույցում Գեւորգ Վարդանյանը հայտնեց, որ լսումների վերաբերյալ իրազեկվել են գյուղապետարանների կայքերից, որտեղ տեղադրված են եղել լսումների վերաբերյալ հայտարարությունը եւ այն թղթաբանությունը, որն ընկերությունը տվել է գյուղապետարաններին։ Բնակիչները այդ հրապարակումներից են տեղեկացել, որ մի քանի համայնքում նախատեսվում է ոսկու հանք բացվել։ «Ամեն ինչ սկսվեց Քարաբերդ համայնքից, ես տեսա, որ Քարաբերդ համայնքի մոտ գտնվող սարը շատ արագ եւ տարօրինակ ձեւով քանդվում է, սկսեցինք ուսումնասիրել եւ տեսանք, որ այդ քանդվածը հումք է, որը հանում-տանում են Վանաձոր քաղաք եւ հենց կենտրոնական հատվածում, որտեղ ավտոկայանն է, հումքը աղում են եւ տեղափոխում այլ վայր։ Պարզվեց, որ նախատեսված է այս մի քանի համայնքում էլ հանք բացել»,- պատմեց Վարդանյանը։  Վերջինիս խոսքով՝ իրենց նախաձեռնությունը ինքնաբուխ է, եւ մարզի մտահոգ երիտասարդները նախապատրաստվում են բողոքի ձայն բարձրացնել։ Վարդանյանը նշեց, որ Լոռին եզակի մարզ է, որ պահպանվել է եւ Թեղուտի հանքից հետո այս մարզում պետք է որ ուրիշ հանք չբացվեր, որովհետեւ Թեղուտը վառ ապացույց է, որ հանք շահագործող ընկերություների տված խոստումները չեն կատարվում։ Քաղաքացու կարծիքով՝ այս ծրագիրը ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ պետք է ներառի 5-6 համայնք։ «Այս ծրագիրը Լոռու մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու։ Եթե պետությունը հույսը դրել է այն բանի վրա, որ հանք բացելով տնտեսական աճ է ապահովելու, մենք այդ տնտեսական աճը չենք ուզում հանք բացելով, որովհետեւ մենք այդ փորձը ունենք եւ լավ տեսել ենք ինչ էր կատարվում, երբ Ալավերդի քաղաքում գործում էր պղնձամոլիբդենային գործարանը, ինչպիսի հիվանդություններով էին ծնվում երեխաները եւ ինչ վատ վիճակ էր Ալավերդիում։ Նույն իրավիճակը հիմա նաեւ Վանաձորում է լինելու, որովհետեւ եթե այդ հանքերը բացվեն, այդ գյուղական համայնքներում ապագա չի լինելու, իսկ մարզկենտրոն Վանաձորը նմանվելու է Ալավերդի քաղաքին, որովհետեւ այդ գործարանը, որը կառուցելու են, մոտ է լինելու մարզկենտրոն Վանաձորին»,- հավելեց Վարդանյանը։ Նրա խոսքով՝ խնդրահարույց է նաեւ այն հարցը, որ հանքի շահագործման արդյունքում առաջացած թափոնները թափվելու են գետերի մեջ, մասնավորապես Դեբետի, որը մարզի ամենախոշոր գետն է, այսինքն՝ բնակիչները մեծ աղետի առջեւ են կանգնելու։ Վարդանյանը վստահ է, որ ո՛չ Շրջակա միջավայրի նախարարությունը, ո՛չ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը այդ վտանգները չեն տեսնում, այս պահին տեսնում են միայն ենթադրվող տնտեսական աճը։  «Մինչ այսօր որեւէ հարկ մեր պետությանը ոչ մի աճ չի տվել, եթե դիտարկենք նրանց հասցրած վնասները, ապա հարկերը կոպեկներ են հասցրած վնասի համեմատ։ Հիմա մենք բոյկոտելու ենք, որ չսկսեն։ Հանք չի բացվելու, ես ուղղակի վստահ եմ։ Այս պահին իրավիճակն այսպիսին է․ բացի նրանից, որ իրենք սկսել են լսումներ կազմակերպել, ինչպես մենք հասկացանք, Քարաբերդում եւ Սիսի Բերդի տարածքում սկսել են աշխատանքները։ Մենք նաեւ ցանկանում ենք պարզել, թե ինչն է պատճառը, որ լսումները նոր են սկսում, բայց աշխատանքները ավելի շուտ են սկսվել»,- ասաց Վարդանյանը։ Խոսելով վաղը նախատեսվող ակցիաների մասին՝ Վարդանյանն ընդգծեց, որ ամեն ինչ վաղվա ակցիաներով չի ավարտվելու, հնարավոր է՝ լինեն համայնքապետեր, որոնք կողմ կլինեն նախագծին, քաղաքացիների բոյկոտը շարունակվելու է այնքան, որ ծրագիրը չեղարկվի։ Մեր զրուցակիցն ասաց․ «Դեբետ գյուղը սմարթ գյուղ է դառնում, Վահագնաձորում մարդիկ ներդրում են անում՝ հյուրատներ, հյուրանոցներ են սարքում, տուրիստական նախագծեր են մշակում ու այստեղ հանք են ուզում բացել, մենք դեմ ենք դրան, որ հանք բացեն՝ մի քանի մասնավոր ընկերություններ հարստանան, իսկ պետությունը եւ ժողովուրդը կանգնեն կոտրած տաշտակի առաջ։ Մենք ասել ենք, որ այն գյուղապետերը, որոնք կողմ կքվեարկեն այս նախագծին, պետք է օր առաջ գյուղից հեռանան։ Կոչ եմ անում Լոռու մարզից ընտրված պատգամավորներին, նորանշանակ մարզպետին, ում կողմից նույնպես որեւէ արձագանք չկա, հայտնվեն՝ տեսնենք՝ այդ ծրագրին ծանո՞թ են եւ ինչո՞ւ հանդես չեն գալիս եւ չեն ներկայացնում նախագիծը։ Այսինքն՝ իրենք ծրագիրը իրականացնեն եւ ոչ ոք չհայտնվի՞ ժողովդրի կողքին։ Պատգամավորները կամ մարզպետը չկան, ինչը սխալ է․․․ առջեւում էլ ընտրություններ են, այդ ժամանակ կհայտնվեն»,- եզրափակեց Վարդանյանը։ Լուսանկարները՝ ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջից։  Ասպրամ Փարսադանյան 
21:05 - 15 ապրիլի, 2021
ՊՆ-ն տեղեկություն չունի՝ Տավուշում 102-րդ ռազմաբազայի զորավարժություններին քանի ռուս զինծառայող է մասնակցել

ՊՆ-ն տեղեկություն չունի՝ Տավուշում 102-րդ ռազմաբազայի զորավարժություններին քանի ռուս զինծառայող է մասնակցել

2021 թվականի մարտի 7-ին սոցիալական հարթակներում եւ տարբեր ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերում մոտ 500 ռուս խաղաղապահներ չափագրումներ են իրականացնում։  Այս առնչությամբ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում»: Նույն օրը ՊՆ-ն հերքեց շրջանառվող տեղեկությունները՝ նշելով, թե լուրը բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը, սակայն հավելյալ մանրամասներ չհայտնեց։ Մեր հարցերին ի պատասխան՝ նախարարության տեղեկատվության բաժնից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման հինգերորդ օրը ՊՆ-ն տեղեկություն տրամադրելու համար երեսուն օր պահանջեց։ Ապրիլի 2-ին պատասխանեցին, որ ՀՀ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ԶՈՒ գլխավոր շտաբից։ Աշխատանքները կատարվում են Սյունիքի մարզում։ Տավուշի մարզում աշխատանքներ չեն կատարվում։  Մեր հարցին, թե արդյոք սույն թվականի մարտի 5-ից իրենց ծառայության շրջանակներում ռուս զինվորականներ այցելե՞լ են Տավուշի մարզ, եթե այո, ապա քանի՞ ծառայող, նախարարությունից պատասխանել են, թե ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք զորավարժությունների շրջանակներում ռուս զինծառայողները այցելել են Տավուշի մարզ, իսկ քանակի վերաբերյալ ՊՆ-ն տեղեկություններ չունի։  «Համաձայն 102-րդ ռազմաբազայի 2021 թվականի մարտական պատրաստության պլանի՝ նախատեսված է եղել զորավարժություն, որի շրջանակներում անցկացվել են տեղզննման (ուսումանկան) աշխատանքներ նշված ուղղություններով»,- ասված է պատասխանում։  Infocom.am-ի մյուս հարցերին, թե արդյոք ռուս խաղաղապահներ կամ սահմանապահներ պե՞տք է տեղակայվեն Տավուշի մարզի հայ-ադրբեջանական դիրքերում, եթե այո, ապա ո՞ր հատվածներում է նախատեսվում նրանց տեղակայումը, եթե տեղակայում նախատեսվում է, ապա իրավական ի՞նչ ակտերի հիմքով, նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան նշել են, որ ռուս խաղաղապահների կամ սահմանապահների՝ Տավուշի մարզի հայ- ադրբեջանական սահմանում տեղակայման վերաբերյալ հարց չի քննարկվել։  Այսպիսով, ՊՆ-ն, արձագանքելով ռուս խաղաղապահների՝ Տավուշում ինչ-որ գործողությունների վերաբերյալ տարածվող լուրերին, նախ միայն հերքեց դրանք՝ ասելով, թե լուրը բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը, եւ որեւէ այլ մեկնաբանություն չտվեց։ Միայն գրավոր հարցումից հետո գերատեսչությունից պատասխանեցին, որ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք զորավարժությունների շրջանակներում ռուս զինծառայողները այցելել են Տավուշի մարզ։ Իսկ թե քանի զինծառայող է մասնակցել այդ զորավարժություններին, ՊՆ-ն, փաստորեն, տեղեկություն չունի։ Ի դեպ, նախարարությունը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկություն տրամադրելու համար դարձյալ երեսնօրյա ժամկետ պահանջեց․ նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Ասպրամ Փարսադանյան
11:46 - 15 ապրիլի, 2021
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է

Տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, այդ թվում՝ որոշ լրատվական կայքերում, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր բարեկամին պաշտոնի է նշանակել։ Խոսքը 2018-19թթ․ դեռեւս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնական, «Կոտայք» ՋՕԸ նախկին տնօրեն Պավել Ցուգունյանի մասին է, որն այժմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ցուգունյանը նախկին մարզպետ-ներկա նախարարի կնոջ ազգականն է։ Infocom-ը դեռեւս պատերազմից առաջ էր հավաքագրել այն տեղեկությունները, որոնք փաստացի ցույց են տալիս, որ Ցուգունյանն իրապես բարեկամական կապ ունի Պետրոսյանի հետ, սակայն, պայմանավորված ռազմական դրությամբ ու հետպատերազմական իրավիճակով՝ հրապարակումը որոշ ժամանակով հետաձգեցինք։  Այսպես, մեր ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ՝ Արմինե Պետրոսյանի քեռորդին է։ Թեեւ այս փաստը հնարավոր է եղել թաքցնել, սակայն սոցիալական ցանցերն ու պետական կառույցների պաշտոնական կայքերը հնարավորություն են տալիս գտնել պաշտոնյաների եւ այլ մարդկանց ազգակցական կապերը։ Արմինե Պետրոսյանի եւ Պավել Ցուգունյանի ազգակցական կապը Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ Կոտայք ՋՕԸ-ում միջադեպ էր տեղի ունեցել, ըստ հրապարակման՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին էր ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել էին, ծեծկռտուք էր սկսվել։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՋՕԸ-ի նոր պետը՝ Գուրգեն Օսիպյանը, Ռոմանոս Պետրոսյանի ազգակիցն է, իսկ այդ պաշտոնում նրա նշանակմանը օգնել է Պետրոսյանի մեկ այլ բարեկամ՝ Պավել Ցուգունյանը։ Ռոմանոս Պետրոսյանն այս հրապարակման վերաբերյալ հերքման պահանջով էր հանդես եկել՝ հատ-հատ հերքելով դրանում տեղ գտած տեղեկությունները, սակայն Պավել Ցուգունյանի ու իր կապի մասին ոչինչ չէր գրել։ Իսկ Ցուգունյանի ու Պետրոսյանի կապն, ինչպես արդեն նշեցինք, անցնում է վերջինիս կնոջ բարեկամական օղակով։ Հայտարարատու պաշտոնատար անձնանց հայտարարագրերի ռեեստերից եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցից տեղեկանում ենք, որ Ռոմանոս Պետրոսյանի կինը Արմինե Ռոբերտի Պետրոսյանն է։ Արմինե Պետրոսյանի ու Պավել Ցուգունյանի կապը թեեւ առաջին հայացքից անհնար է նկատել, սակայն սոցցանցերը իրենց գործն անում են։ Արմինե Պետրոսյանն, օրինակ, կա Պավել Ցուգունյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում, նա նաեւ հավանել է վերջինիս լուսանկրաներից մեկը, օրինակ։ Լուսանկարը հավանել է նաեւ Արմինե եւ Ռոմանոս Պետրոսյանների որդի Վանիկ Պետրոսյանը։ ՀՀ ընտրողների ռեգիստրից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Պավել Ցուգունյան անունով միայն մեկ քաղաքացի կա, որի հայրը, ըստ նույն տվյալների, Վլադիմիր Ցուգունյանն է: Վլադիմիր Ցուգունյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում են Ռոմանոս Պետրոսյանը, նրա կինը, նրանց որդին, եւ, իհարկե, Պավել Ցուգունյանը։ Եթե Պետրոսյանի՝ Վլադիմիր Ցուգունյանի ընկերներում լինելու հանգամանքը կարող է պայմանավորված լինել նախարարի՝ հանրային դեմք լինելու փաստով, ապա տիկնոջ եւ որդու պարագայում որոշակի կասկած կարող է առաջանալ։ Հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք, որ Արմինե Պետրոսյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 10-ին։ ՀՀ ընտրողների ռեգիստրում Արմինե Պետրոսյան անուն-ազգանունով այս թվականին ծնված միայն մեկ քաղաքացի կա։ Ըստ այս համակարգի՝ նրա հետ համատեղ գրանցված այլ անձինք չեն բնակվում․ տիկին Պետրոսյանը գրանցված է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի 6/2 236 հասցեում՝ միայնակ: Այն, որ նախարարի կինը ներկայանում է ամուսնու ազգանվամբ, դժվարացնում է Արմինե Պետրոսյանի ընտանիքի անդամների մասին տեղեկություն գտնելը։ Սակայն, ինչպես նշեցինք, նրա հայրանունը Ռոբերտ է։ Տիկին Պետրոսյանի եւ նրա որդու ֆեյսբուքյան ընկերների ցանկում կա Հայկ Ռոբերտի Հակոբյան անունով օգտատեր։ Վերջինիս քույրը՝ Անի Հակոբյանը, ֆեյսբուքում դարձյալ ընկեր է Վլադիմիր Ցուգունյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի որդու հետ։ Անի Հակոբյանը ֆեյսբուքում ընկեր է նաեւ Արմինե եւ Ռոմանոս Պետրոսյանների հետ։ Բացի դրանից՝ Հայկ Ռոբերտի Հակոբյանի ֆեյսբուքյան էջում ամիսներ առաջ կային լուսանկարներ, որտեղ Հակոբյան քույր եւ եղբայրն ու Արմինե Պետրոսյանը միասին էին։ Այժմ, սակայն, Հայկ Պետրոսյանի էջից այդ նկարները կամ հեռացված են կամ միայն ընկերների համար են հասանելի։ Այդ նկարներից մեկում, որը ֆեյսբուք ներբեռնել էր Հայկ Ռոբերտի Հակոբյանը, պատկերված են Արմինե Պետրոսյանը, Անի Հակոբյանը եւ հենց ինքը` Հայկ Հակոբյանը: Սակայն եթե Հայկ Հակոբյանի էջի նկարն այս պահին անհասանելի է, ապա Անի Հակոբյանի էջում կա մեկ այլ լուսանկար՝ Արմինե Պետրոսյանի եւ Հայկ Հակոբյանի մասնակցությամբ, որը վերնագրված է «ընտանիք»։ Վերոնշյալից արդեն իսկ կարելի է փաստել, որ Արմինե Պետրոսյանը փոխել է իր ազգանունը եւ գոնե սոցցանցերում փորձել է հնարավորինս ստվերում պահել իր կապը՝ հարազատների հետ։ Սակայն փաստերի համադրությամբ ակնհայտ է, որ Արմինե Պետրոսյանի հայրը Ռոբերտ Հակոբյանն է։ Ընտրողների ռեգիստրում փնտրելով Հայկ Ռոբերտի Հակոբյանին՝ հնարավոր եղավ պարզել, որ նրանց ընտանիքի գրանցման հասցեն Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն է: Նույն հասցեում Հայկ Հակոբյանի հետ համատեղ գրանցված է 3 քաղաքացի` Անի Ռոբերտի Հակոբյանը, Ռոբերտ Հայկազի Հակոբյանը եւ Սոնյա Ազատի Հակոբյանը։ Արդեն պարզ է, որ Արմինե Պետրոսյանի հայրը Ռոբերտ Հայկազի Հակոբյանն է, իսկ Անի եւ Հայկ Հակոբյանները նրա քույր եւ եղբայրն են, իսկ ահա Սոնյա Ազատի Հակոբյանը Արմինե Պետրոսյանի մայրն է: Ի՞նչ է հայտնի Պավել Ցուգունյանի մասին Պավել Ցուգունյանը բնակվում է Աբովյան քաղաքում: Ինչպես արդեն նշել էինք՝ նրա հայրը Վլադիմիր Ցուգունյանն է: Ընտրողների ռեգիստրի միջոցով տեղեկանում ենք, որ Վլադիմիր Ցուգունյանի հոր անունը նույնպես Ազատ է, ինչպես Հակոբյան Սոնյայի հոր անունը: Հետեւաբար Հակոբյան Սոնյան եւ Ցուգունյան Վլադիմիրը քույր եւ եղբայր են: Ստացվում է, որ Վլադիմիր Ազատի Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ` Արմինե Պետրոսյանի մորեղբայրն է՝ քեռին, հետեւաբար Պավել Ցուգունյանը Արմինե Պետրոսյանի մորեղբոր որդին է: Ինչպես է Պավել Ցուգունյանը դարձել Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար «Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի» պաշտոնական կայքէջում տեղադրված կենսագրականից տեղեկանում ենք, որ Պավել Ցուգունյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 16-ին։  Սրանից հետո՝ արդեն 2021 թվականի փետրվարի 17-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարվել է մրցույթ, որը պետք է կայանար 2021 թվականի ապրիլի 6-ին։ Սակայն մարտի 3-ին մրցույթի գործընթացը դադարեցվել է։ Հայտարարության մեջ նշված է, որ նախատեսված մրցույթի գործընթացը դադարեցվել է՝ հիմք ընդունելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ «Հոդված 16. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելը եւ ազատելը․ 1. Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:»։ Մրցույթի դադարեցման վերաբերյալ «Հրապարակ» լրատվականին տված մեկնաբանությունում Պավել Ցուգունյանը նշել էր, որ կառավարությունը մրցույթի նոր կարգ է հաստատել, որով էլ պետք է անցկացվի մրցույթը։ Ցուգունյանի մեկնաբանությամբ՝ քանի որ այդ նոր կարգն ուժի մեջ չի մտել, մրցույթը դադարեցվել է։ Հետաքրքրական է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի պաշտոնակատարի՝ պաշտոնից ազատման եւ տնօրեն նշանակելու մասին փաստաթուղթը հրապարակված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքի էջում, իսկ ահա Պավել Ցուգունյանին տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որեւէ փաստաթուղթ չկար։ Անտառային կոմիտեից Infocom-ը տեղեկացավ, որ Ցուգունյանին նշանակելու փաստաթուղթը հրապարակված չէ տեխնիկական պատճառներով, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին արդեն տեղադրված կլինի կայքում։ Այսօր արդեն Ցուգունյանի նշանակման որոշումը հրապարակված է՝ հետին ամսաթվով։ Այսպիսով, չնայած Ռոմանոս Պետրոսյանն ու Պավել Ցուգունյանը անարձագանք են թողել կամ հերքել են շրջանառվող տեղեկությունները, որ իրենք բարեկամական կապ ունեն, այդուհանդերձ պաշտոնական եւ ոչ պաշտոնական բաց աղբյուրներից ստացած փաստերն այլ բան են խոսում։ Պավել Ցուգունյանը, որը կարճ ժամանակ առաջ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնականն էր, հիմա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին է։ Ընդ որում՝ ե՛ւ Ցուգունյանը, ե՛ւ Պետրոսյանն ու իր կինը այս փաստը փորձել են ծածուկ պահել հանրությունից։ Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
22:08 - 14 ապրիլի, 2021
Կդիտարկենք ԱԽ նիստի ձայնագրության՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Կդիտարկենք ԱԽ նիստի ձայնագրության՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Օնիկ Գասպարյանը ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին։ Ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանը ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից։ Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանի՝ պետական հեղաշրաջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումը եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո, Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ի պատասխան «Լուսավոր Հայասատան» խմբակցության ղերկավար Էդմոն Մարուքյանի  հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Մարուքյանը հիշեցրեց, որ մարտի մեկի հանրահավաքի ժամանակ վարչապետը  ասել է, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել և ստորագրել։ Մարուքյանը պահանջել է ապացույցներ ներկայացնել, քանի որ հայտարարությունը եղել է հրապարակային, ապա ապացույցներ նույնպես պետք է լինեն։  «Ապացույցներ չհրապարակվեցին, նշանակում է, որ մարդուն հանիրավի մեղադրանքներ ներկայացվեցին։ Այսօր Աժ ամբիոնից հղում կատարեցիք Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությանը և ասացիք, որ նման հայտարարություն չի արել, ընդհակառակը՝ հակառակ հայտարարութուն է արել, դրանից հետո Օնիկ Գասպարյանն էլ հայտնեց, որ իրականությանը չի համապատասխանում Ձեր ասածները և դուք կեղծում եք Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները։ Հիմա ինչպե՞ս հասկանանք, ով է ճիշտ և սխալ, և ինչքան է շարունակվելու առանց ապացույցների մարդկանց մեղադրելու գործընացը։ Կա ապացույց, ուրեմն հրապարակեք ԱԽ նիստի այդ հատվածի ձայնագրությունը։ Նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ նման հայտարարություն է արել, 2021 թվականի ապրիլի 15-ին Դուք ասում եք չի արել,այսքան ամիսների ընթացքում ինչո՞ւ չէիք հերքում»։  Վարչապետը պատասխանեց, նշելով, որ Մարուքյանի առաջ քաշած տարբերակը լավ առաջարկ է և իրենք կդիտարկեն ԱԽ նիստի ձայնագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը։ «Այն ինչ ես մեջբերեցի կարող եք համարել գրեթե բառացի մեջբերում ՝ ԱԽ երկու նիստերում տեղի ունեցած Օնիկ Գասպարյանի ելույթներից։ Դրանք գաղտնի, փաստաթղթերով ավելի մանրամասն արձանագրված են և իմ այսօրվա ասվածները ապացուցելի են։ Ես կհանձնարարեմ, որ վաղը Ձեզ հրավիրեն կառավարություն, որպեսզի ծանոթանաք բոլոր փաստաթղթերի հետ»,- պատասխանեց վարչապետը։ Մարուքյանը հակադարձեց, թե իր տեղեկություններով Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել Օնիկ Գասպարյանին՝ հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր գալիս են դեպի կառավարության, ԱԺ շենքերի վրա, նաև քաղաքական ուժերի հետ։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը հանդիպել էր նաև Մարուքյանի հետ։   «Ես գիտեմ, թե ում հետ հանդիպելու թույլտվություն է ստացել Օնիկ Գասպարյանը, ում դեպքում չի ստացել։ Բոլոր բարձրաստիճան զինվորական իրավունք ունեն քաղաքական շփումներ ունենալ միայն իմ թույլտվության պարագայում։ Ես այդ ամենը տարբերում եմ», -եզրափակեց վարչապետը։  
17:46 - 14 ապրիլի, 2021
Պատերազմ հրահրող գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է՝ ՀՀ-ն դառնում է որակապես այլ կարգի պետություն․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմ հրահրող գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է՝ ՀՀ-ն դառնում է որակապես այլ կարգի պետություն․ Նիկոլ Փաշինյան

Շատ է խոսվում այն մասին, որ բանակի մատակարարումները ուղեկցվել են կոռուպցիայով՝ ոչ միայն հեղափոխությունից առաջ, այլև հետո։ Ես ձեզ անկեղծ ասեմ՝ կան հարուցված քրեական գործեր, բայց  մի բան կարող եմ ասել, որ դա համակարգային կոռուպցիա չի եղել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորը հարց ուղղեց Փաշինյանին, թե նախորդ մեկ տարվա ընթացքում կառավարությունը ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկել, ի՞նչ քայլեր է արել այս ուղղությամբ և մասնավորապես պատերազմի ընթացքում ռազմական նշանակության արտադրանքի մատակարումը, ծավալները և ուղիները ինչպե՞ս են իրականացվել։  «Երբ 2016 թվականին  ապրիլյան պատերազմի ժամանակ ես կամավոր էի և նաև ԱԺ պատգամավոր, ես  շփվել եմ զինված ուժերի հետ՝ ամենաբարձր մակարդակում, նկատի ունեմ պաշտպանության նախարարի հետ, նա ասել է, որ ամենամեծ պրոբլեմը սպայական աշխատանքի գրավչության հարցն է, քանի որ ստանում են ցածր աշխատավարձեր։ Մենք եկել ենք և մի  տարվա ընթացքում բանակի աշխատավարձերը էականորեն ավելացրել ենք, սպայական շերտ կա, որի աշխատավարձը՝ մեկ ամսվա կտրվածքով ավելացել է 50-60 հազար դրամով։ Սպառազինությունների հետ կապված այնպիսի ծախս չի եղել, որը ընկալելի տրամաբանության մեջ է եղել, մենք բանակին մատակարել ենք ամեն ինչ՝սնունդ, հագուստ, արկեր և այլն»,- հավելեց Փաշինյանը։ Վերջինս նաև հայտնեց, որ երեկ ԱԽ նիստում կար քննարկում և աղյուսակ, թե 2018 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ինչ ձեռքբերումներ են եղել Զինված ուժերում։ Վարչապետի խոսքով՝  ԶՈՒ ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելացվել է 28 տոկոսով։ Վարչապետը նաև շեշտեց, որ իրենք  բազմաթիվ երևույթների հետ են գործ ունեցել և պայքարել, սկսած հրազենային զենքի ձեռքբերման խնդիրներից, վերջացրած ժամանակակից զենքերի ձեռքբերումներով։ «Իմիջիայլոց շատ է խոսվում այն մասին, թե ինչն է հրահրել պատերազմ։ Պատերազմ հրահրող գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է որակապես այլ կարգի պետություն։ Չէ որ իրենք էլ են տեսել, թե  2019 թվականին ինչ է կատարվում Հայաստանում։ Պատերազմի ամենամեծ հրձիգը՝  Հայաստանում խորը և բովանդակային փոփոխություննեն են է եղել։ 2019 թվականին Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանը ամենաբարձր տնտեսական աճն է ունեցել։ Երկու տարի անընդմեջ Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր։ Մեկ անգամ տնտեսական առումով, մեկ անգամ քաղաքական առումով»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի պարզաբանմամբ, եթե հակառակորդը տեսներ, որ Հայաստանի անկումը շարունակվում է էլի կսպասեր, պատերազմ չէր անի, որովհետև ինչքան անկումը շարունակվեչ, այնքան ավելի հեշտ կլիներ, հակառակը՝ թռիչքի պահին է պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ռեսուրսներ  կուտակելու։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե վարչապետի՝  «Արցախը Հայաստան է» արտահայտությունն է եղել պատերազմի դրադապատճառը։ Փաշինյանը հավելեց․ «Այո՛, դուք ասել եք «Արցախն Ադրբեջան է», մենք ասել ենք Հայաստան է։ Դուք ասել եք ՝ «Արցախն Ադրբեջան է և պետք չէ, որ բանակցություններին մասնակցի», սահման եք գծել, օրենք եք ընդունել, որ Արցախը Ադրբեջան է»։  Վարչապետը շարունակեց, շեշտելով, որ բարեփոխումները շարունակական են լինելու, բայց դրանց շրջանակը ավելի է ընդլայնվելու։ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ  ՌԴ-ի  գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակի բարեփոխումների հարցում ՀՀ- ՌԴ համագործակցությունը առավել սերտ լինի։ Այդ թվում նաև ռազմական կադրերի ուսումնառության գործընթացում ՌԴ  գործընկերները պատրաստակամություն են հայտնել ավելի մեծ թվով կուրսանտների ՝ իրենց ռազմաուսումնական հաստատություններում կրթությունն ապահովելու։
15:44 - 14 ապրիլի, 2021
2018թ․ հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»․ Նիկոլ Փաշինյան

2018թ․ հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ առաջին նախագահն ունի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտի է 1997թ․ «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ 1996թ․ նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ, և այդ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին։ Հետո այդ օրակարգը ձևակերպվել է որպես 1996թ․-ի նախագահական ձախողված ընտրությունների «էքզիթ սթրաթեջի»,- նշեց նա։ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018թ․ ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում է տեղի ունեցել։ «Կարող եմ ասել, որ այո, առաջին նախագահը, դեռևս 2016թ․ հուլիսին եմ այս մասին հայտարարել Խորենացի փողոցում տեղի ունեցած իմ ելույթում, առնվազն 2016թ․ Սերժ Սարգսյանին ուղեկցել է բանակցային գործընթացում, և դա կարող եք տեսնել նաև՝ դիտելով 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքոմ առաջին նախագահի տված հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը։ Հիմա գաղտնիք բացեմ․ ինչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ՝ 2018թ․ հուլիսին։ Մեջբերում․ «Հողերը արդեն պետք է տաս», մեջբերման ավարտը։ Իսկ ինչի՞ դիմաց։ Առաջին նախագահի պատկերացումը՝ այդ օրը ձևակերպված պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել։ Մնացածը արդեն գնահատման հարց է»,- հայտնեց վարչապետը։
13:22 - 14 ապրիլի, 2021
Մենք չենք քննարկում ՝ թշնամի ենք, թե ոչ, այլ՝ այդ թշնամանքի հետ ի՞նչ պետք է անել․ Նիկոլ Փաշինյան

Մենք չենք քննարկում ՝ թշնամի ենք, թե ոչ, այլ՝ այդ թշնամանքի հետ ի՞նչ պետք է անել․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնայանը Ազգային ժողովում հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք թուրքերը  մեր թշնամիններն են։ Փաշինյանը պատասխանեց․ «Հարգելի գործընկերներ, ես անկեղծ ասած այս բանավեճը չեմ հասկանում։ Այսինքն, մե՞նք պետք է պատասխանենք այս հարցին։ Պատմությունը, վերջին պատերազմը, վերջին իրադարձությունները թույլ չեն տալիս նույնիսկ քննարկել այդ հարցը։ Այո՛, թուրքերը մեր թշնամիներն են, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, իրենք էլ մեզ են թշնամի համարում, բայց հարցը ուրիշ տեղ է՝ այս թշնամությունը ի՞նչ ենք անելու։ Ես մարզերում ասում եմ հետևյալ բանաձը՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան շատ են իրանք մեզ համարում թշամի, այնքան մենք ավելի շատ ենք իրենց համարում թշնամի, բայց հարցը այն է, թե մենք ի՞նչ պետք է անենք այս իրավիճակում։ Այն, որ մենք փոխադարձաբար թշանամի ենք և իրար թշնամի ենք համարում, դա ընդհանրապես քննարկելի չէ, մեր իրականության մեջ հարցեր են քննարկվում, որոնք տարօրինակ են թվում։ Հարցը ուրիշ տեղ է՝ մենք ինչքան ենք էսկալացնելու այդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու, այս կոնտեքստում մենք պետք է պատասխանենք  հարցին՝ իրենք և մենք խնդիր ենք դնում ոչնչացնե՞լ միմյանց, սա է խնդիրը, ես կարծում եմ, որ մենք  այպիսի խնդիր պետք է չձևակերպենք»։Նա նշեց, որ թշնամի լինելով հանդերձ՝ պետք է ստեղծենք դիվանագիտական հարաբերություններ, առևտուր անենք և դրսում թշնամի տեսնելուց պետք չէ թուր ու թվանք հանել և սպանել: Փաշինյանը նշեց, որ ոչ մի կողմը չի կարող որոշել, որ թշնամի չենք, որովհետև պատմականորեն թշնամի ենք, խնդիրը այն է, թե այդ թշնամությունը ինչպես պետք է կառավարվի։ Փաշինյանը հավելեց, թե այստեղ պետք է պատասխանել մի հարցի, արդյո՞ք մեր տարածաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է։ «Պետություններ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն: Մարդիկ թշնամի են, բայց առևտուր են անում, զբոսաշրջիկներ են գալիս-գնում, պաշտոնական մակարդակում այցեր են լինում դիվանագիտական հարաբերություններ ունեն և այլն, բայց մարդկանց գիտակցության մեջ նստած է, որ իրենք թշնամի են: Նշանակում է փողոցում, երբ թշնամուն հանդիպում ես, թուր ու թվանքը հանում եք իրար սպանո՞ւմ, կամ 3-րդ երկրում հանդիպելիս իրար տալիս սպանո՞ւմ եք, ոչ։ Քննարկման թեման այն չէ, մենք թշնամի ենք, թե ոչ, քննարկամն թեման այն է, մենք կառավարելու ենք այդ թշնամանքը, թե դա դառնալու է անկառավարելի»,- նշեց Փաշինյանը: Փաշինյանի կարծիքով այդ թշնամանքը պետք է կառավարվի շատ նուրբ ու զգույշ և ոչինչ միայն մեկ կողմի որոշմամաբ չի կարող լինել։ 
13:10 - 14 ապրիլի, 2021
Պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որ իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա․ Նիկոլ Փաշինյան

Պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որ իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որնամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս առումով ՀՀ անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերի ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը ՀՀ վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը հայտնեց նաև, որ մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա նաև բովանդակային բարեփոխումներ։ «Ռազմավարական հեռանկարում պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը պետք է մենք կարողանանք փոփոխել։ Բացի դա՝ մենք հույս ունենք և քննարկում ենք ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ՝  Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ։ Նաև Սյունիքի մարզի մի շարք հատվածներում ՀՀ պետական սահմանի պահպանությանը մասկանցում են նաև ռուս սահմանապահները։  Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որ իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով։ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել ՊԲ-ն՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ»,- ասաց Փաշինյանը։
11:47 - 14 ապրիլի, 2021
Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի ոչ թե 5+2 բանաձևով, այլ 7 տարածքների վերադարձ․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի ոչ թե 5+2 բանաձևով, այլ 7 տարածքների վերադարձ․ Նիկոլ Փաշինյան

Շատ է շահարկվել, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո։ Վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով ԱՀ նախագահի և ԳՇ-ի հետ՝ որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի, և այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հետո ես զանգել եմ ՌԴ նախագահին և ասել եմ, որ ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով։ Այս խոսակցության համատեքստում է, որ մանրամասն քննարկում ենք ունեցել ՌԴ նախագահի հետ։ Մենք արձանագրել ենք, որ ՌԴ նախագահի հետ մենք նույն կերպ ենք ձևակերպում իրադրության հաղթահարումը։ Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել, Ադրբեջանի նախկին տեղահանվածների վերադարձի հարց է եղել։ Ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե մենք հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ, որից հետո ՌԴ նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը ասել է, որ կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, երկրորդը՝ պահանջում է, որ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը, այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ, և նաև ակնարկել է այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ։ Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև էս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը։ «Այսինքն՝ Ադրբեջանը մի իքս պահից կտրականապես հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը․ և սա եղել է 2016թ․ քառօրյա և 2020թ․ 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը։ Եվ հենց սա եմ նկատի ունեցել 2020թ․ սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ պատերազմի առաջին օրը այս ամբիոնից հայտարարությունն անելիս»։
10:59 - 14 ապրիլի, 2021