Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել

Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել

Մարտական գործողությունները շարունակվում են, այս պահին որոշ հատվածներում ընթանում են գիշերային մարտեր։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։ «Հակառակորդն ունի նոր կորուստներ։ Ըստ ճշգրտված տվյալների՝ նրա կորուստների թվին ավելացել է՝ ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ, 2 ինժեներական զրահամեքենա և 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Ընդհանուր հաշվով այս պահի դրությամբ հակառակորդն ունի 4 ուղղաթիռի կորուստ, 33 տանկի և հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ) կորուստ, 27 ԱԹՍ-ների և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ։ Ադրբեջանն ունի նաև բարձրաստիճան զինվորականների կորուստ»,- տեղեկացրեց Սուրեն Սարումյանը։ Ըստ նրա՝ hակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն, փորձը հետ է մղվել, լեռը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ։ Այն տեղեկությունը, թե իբր Ադրբեջանը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը նույնպես չի համապատասխանում:
21:55 - 27 սեպտեմբերի, 2020
Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ

 |armenpress.am|

Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am:  Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուն խոսել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ հայտնելով, որ երկիրը նախատեսում է  տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խորհրդակցություններ նախաձեռնել: Այս մասին Ռեինսալուն գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է: Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր միջոցները` իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար: Տարաձայնությունները լուծելու համար բռնության օգտագործումը դատապարտելի է: Կարևոր է, որ կողմերն անմիջապես դադարեցնեն ռազմական գործողությունները և սկսեն տարաձայնությունների խաղաղ կարգավորման գործընթաց: Էստոնիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար», - գրել է Ռեինսալուն:
21:28 - 27 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի խորհրդարանի կուսակցությունները ևս Հայաստանին մեղադրող հայտարարություններ են արել՝ բացի ԺԴԿ-ից
 |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանի կուսակցությունները ևս Հայաստանին մեղադրող հայտարարություններ են արել՝ բացի ԺԴԿ-ից |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները ևս հայտարարություններ են արել արցախյան շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ: Իշխանական կոալիցիայում գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին պաշտոնական Երևանին մեղադրել է «Հարավային Կովկասում անկայունություն ստեղծող, զավթողական քաղաքականություն վարելու մեջ՝ հայտարարելով, թե ռազմական գործողությունների վերսկումը սպառնալիք է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ազգային անվտանգությանը»: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչը միացել է իշխանական վերնախավի՝ Ադրբեջանին սատարող հայտարարություններին: Կուսակցության թվիթերյան էջում ևս Հայաստանին դատապարտող հրապարակումներ են արվել: Խորհրդարանական ուժերից միայն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է կոչ արել թուրքական իշխանություններին զերծ մնալ լարվածությունը թեժացնող գործողություններից: «Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի: Թուրքիան պետք է միջնորդական ջանքեր գործադրի ոչ թե պատերազմի ծավալների մեծացման, այլ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասված է կուսակցության հայտարարության մեջ:
21:14 - 27 սեպտեմբերի, 2020
Արցախի ազատությունը եւ առավել եւս ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում եւ չեն սակարկվելու․ Արարատ Միրզոյան

Արցախի ազատությունը եւ առավել եւս ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում եւ չեն սակարկվելու․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում․ «Մեծարգո պարոն գերագույն հրամանատար, ՀՀ խորհրդարան, սիրելի հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում եւ Սփյուռքում, մեր կողքին ապրող եւ մաքառող ազգային փոքրամասնությունների մեր սիրելի քույրեր եւ եղբայրներ, մեզ պատերազմ է հայտարարված, լայնածավալ եւ դաժան պատերազմ, որտեղ թշնամին չի ուզում հաղթել մեզ, թշնամին ուզում է մեզ ոչնչացնել: Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին զանազան միջազգային հարթակներում, չի ուզում ընդգրկել Արցախի հայությանը Ադրբեջանի Հանրապետության կազմում եւ տալ քաղաքացիություն՝ դրանից բխող իրավունքներով եւ պարտականություններով: Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց արցախահայության: Սա աներկբա է: Հակառակ դեպքում չէր լինի հայատյացության այն տոտալ քարոզը, որ տարիներ շարունակ ծավալվել է Ադրբեջանում՝ մանկապարտեզի բանաստեղծություններից, դպրոցական դասագրքերով մինչեւ բուհ, բակ, հեռուստատեսություն, մեդիա, որտեղ հայությունն է հայտարարվում թշնամի: Ադրբեջանը չէր սպառնա ոչնչացնել ատոմակայանը, գրավել Երեւանը, չէր սպանի քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, չէր կտրի մահացած ծերունու ականջները Թալիշում:Մեզ հայտարարված է պատերազմ, որտեղ թշնամու նպատակը յուրաքանչյուրիս մահն է, մեր  ֆիզիկական ոչնչացումը, չգոյությունը. սա պետք է արձանագրել, որովհետեւ սրանից պետք է բխեն մեր գործողությունները: Ուրեմն, տրված է հայ ժողովրդի գոյության հարցը, եւ մենք չունենք ընտրություն՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, որեւէ տարբերակ չկա, այլընտրանք չկա, մենք պետք է կռվենք հրով, սրով, հնարավոր կամ անհնար ձեւերով: Մենք պետք է կռվենք, որպեսզի ապրենք, որպեսզի ապրեն մեր երեխաները, որպեսզի հայ ժողովուրդը շարունակի մոլորակի վրա իր գոյության իրավունքը եւ գոյությունը, այնպես ինչպես արել է հազարամյակներ շարունակ: Այս իրավիճակը մեզ համար նոր չէ, կրկնում եմ՝ հազարամյակներ շարունակ մենք ունեցել ենք սարդարապատեր: Եւ, այո՛, Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս, դաշտ  է տեղը եւ չկա քար-քարի վրա, Ասորիքն է եղել մեր թշնամին, տե՛ս... Կարող եք վերաձեւակերպել եւ անվերջ շարունակել շարքը:Ես ուզում եմ մեկ անգամ էլ, եւ բոլորս միասին հավաստենք՝ երբ երկիր մոլորակի վրա ազգերը բաժանվեցին, հայ ազգը առաջին ազգերից մեկն էր՝ որպես առանձին էթնիկ միավոր եւ եթե երբեւէ այս մոլորակի մայրամուտը տեղի ունենա, ապա մենք՝ որպես առանձին եւ անկախ էթնիկ միավոր, լինելու ենք այդ մայրամուտը դիմավորողներից մեկը: Մենք եղել ենք եւ շարունակելու ենք ապրել, բայց դրա համար պետք է կռվենք, որովհետեւ, կրկնում եմ, այլ տարբերակ չկա: Մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը եւ երկարատեւ խաղաղություն ենք պարտադրելու թշնամուն: Ես ուզում եմ մեկ անգամ եւս այս ամբիոնից հավաստել՝ Արցախի ազատությունը եւ առավել եւս ֆիզիկական անվտանգությունը, ՀՀ ազատությունը, անկախությունը, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում եւ չեն սակարկվելու: Եւ ուրեմն մենք հաղթելու ենք, որովհետեւ այլ տարբերակ չկա: Մեծարգո պարոն գերագույն հրամանատար, ես ԱԺ խմբակցությունների անունից (նաեւ աչքովս ընկավ այլ քաղաքական արտախորհրդարանական ուժերի հայտարարություններ) ուզում եմ քաղաքական դաշտի միասնությունը եւ սատարումը հայտնել ՀՀ զինված ուժերին եւ նրա գերագույն գլխավոր հրամանատարին: Կեցցե՛ հայ ժողովուրդը, Աստծո աջը մեր զինվորի, մեր ժողովրդի եւ մեր պետության գլխին: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը»: 
20:42 - 27 սեպտեմբերի, 2020
Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը․ «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում Ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիան պատերազմ է ողջ հայ ժողովրդի դեմ: Այդ պատերազմն ուղղված է Արցախում մարդու ազատ ապրելու իրավունքի, արժանապատիվ և խաղաղ կյանք ու ապագա ունենալու դեմ: Խորը ցավ եմ ապրում ադրբեջանական ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների համար, որոնց թվում՝ երեխա և կին: Արցախի պաշտպանության բանակն իր առաջին իսկ պատասխանով վերստին ապացուցեց, որ պատրաստ է արագորեն արձագանքել ցանկացած ռազմական գործողության: Ցանկացած ագրեսիային մեր պատասխանը եղել է, կա և լինելու է խաղաղության վերահաստատումը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության ամրապնդումը: Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, պետությունների, միջազգային կառույցների, անհատների կողմից համարժեք և գործնական արձագանք կտրվի Ադրբեջանի պատերազմական գործողություններին: Ադրբեջանն իր այդ գործողություններով միջազգային միջնորդներին և միջազգային հանրությանը անթաքույց ցույց է տալիս, որ չի ցանկանում Արցախի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով և նպաստել խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, շարունակում է ոտնահարել համամարդկային արժեքները, թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, բուժհաստատությունները և հաղորդակցության ուղիները: Մենք հուսով ենք, որ միջազգային հանրության կողմից հրատապ քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է մարդկային հետագա զոհերից խուսափելու և տարածաշրջանում ստեղծված առանց այն էլ փխրուն իրավիճակն ավելի չապակայունացնելու համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան գոյամարտում ձեռք բերված հաղթանակը մեր միասնության ու համախմբման արդյունք է, այսօր այդ հաղթանակի պահպանումը մեզանից յուրաքանչյուրի նվիրական պարտքն է։ Մեր Հայրենիքի ճակատագիրը կախված է մեզնից, մեր միասնությունից, համերաշխությունից և կարգապահությունից։ Պետք է համախմբվել: Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է: Այս պահին պիտի մի կողմ դնենք բոլոր քաղաքական տարաձայնություններն ու անձնական հակառակությունները և դառնանք ամուր թիկունքը մեր զինված ուժերի: Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքը և պատկերացումները։ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում յուրաքանչյուրիս կարողությունն ու ներուժը պետք է օգտագործվեն Հայրենիքի համար:Աստված պահապան մեր բանակին: Աստված պահապան բոլորիս»:
20:20 - 27 սեպտեմբերի, 2020
Առաջարկում եմ համարել մեկնարկած Արցախի ճանաչման գործընթացը․ Նաիրա Զոհրաբյան

Առաջարկում եմ համարել մեկնարկած Արցախի ճանաչման գործընթացը․ Նաիրա Զոհրաբյան

Սա պատերազմ է։ Ադրբեջանն օգտագործում է իր զինուժում եղած բոլոր կայանքները։ Համաձայն եմ՝ մենք հետքայլի տեղ չունենք։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Բոլորս ենք պատրաստ զոհվել հանուն Արցախի և հանուն Հայաստանի, բայց ես կարծում եմ՝ բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և Արցախի, ու ամեն մեկս մեր տեղում պետք է մեր գործն անենք»,- ասաց նա։ Զոհրաբյանը նշեց, որ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ արդեն դիմել է եվրոպական բոլոր կառույցներին՝ հստակ ներկայացնելով իրավիճակը և Թուրքիայի անթույլատրելի մասնակցությունը։ «Ինձ չեն բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները և կողմերի միջև հավասաության նշան դնելու գործելաոճը։ Մենք պիտի միջազգային հանրությանը ներկայացնենք, որ դիվանագիտական բալանսը մշտապես պահող այդպիսի  հայտարարություններով շատ դեպքերում հանցակից են դառնում նրան, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ բացահայտ պատրաստվում է պատերազմի»,- ընդգծեղ պատգամավորը։ Նրա խոսքով՝ անիմաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական էլիտայի ադեկվատության խնդիրը․ նրանք այնպես են թունավորել իրենց հասարակություններին ատելությամբ, այնպես են մանկապարտեզներում սնում իրենց երեխաներին ատելությամբ, որ մտածել, թե առաջիկա տարիներին ունենալու ենք քաղաքական էլիտա, որի հետ հնարավոր է նստել խաղաղ բանակցությունների և գնալ ադեկվատ քննարկումների, փոխզիջումենրի, միֆ է, և տարիներ շարունակ մենք մեզ խաբել ենք։ «13 տարի մենք մեզ ասել ենք՝ եկեք չքննարկենք Արցախի ճանաչման հարցը Հայաստանի կողմից, եկեք Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի հարցը հետաձգենք, որովհետեև դա կարող է առավել սրել իրավիճակը։ Այսօր՝ այս պահին, հենց հիմա, պատերազմ է։ Մենք չգիտենք՝ ինչ է լինելու մեկ ժամ հետո, վաղը։ Ադրբեջանը խախտել է, թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա, իր ստորագրած կոնվենցիաների վրա՝ չհարձակվելու քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- ասաց Զոհրաբյանը։ Պատգամավորը հարց հնչեցրեց, թե էլ ինչ պիտի անի Ադրբեջանը, որ մենք ասենք՝ հարգենք միջազգային հանրության տեսակետը, ինչ կարող էր՝ արել է և շարունակում է անել։ «Առաջարկում եմ համարել մեկնարկած, սկսված Արցախի ճանաչման գործընթացը։ Սա միջազգային հանրության դեմ ուղղված չէ, խաղաղ բանակցային գործընթացին ուղղված չէ։ Այսօր ուժեղ աշխարհի դար է, հոգնել ենք դավթարները գրկած՝ եվրոպացի պատգամավոր գտնենք, ասենք՝ խղճա մեզ։ Գործ ունենք մի թշմնամու հետո, որի հետ խաղաղության լեզվով խոսել, իմ կարծիքով, հնարավոր չէ»,- ընդգծեց նա։ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի վերջում կարևորեց նաև միասնականությունը։ «Եթե մենք փորձեցինք մեր ներսում խրամատներ բաժանել, եթե փորձեցինք ներքաղաքական օրակարգեր բերել, ջուր ենք լցնելու հակառակորդի ջրաղացին։ Այսօր մենք ունենք մեկ թշնամի՝ միացյալ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ»,- եզրափակեց պատգամավորը։
19:57 - 27 սեպտեմբերի, 2020
Թուրքիան և նրա հովանու ներքո Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության համար դարձել են լրջագույն սպառնալիք.Քաղաքացու որոշում ՍԴԿ

Թուրքիան և նրա հովանու ներքո Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության համար դարձել են լրջագույն սպառնալիք.Քաղաքացու որոշում ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Միջազգային ապակայունարար Թուրքիայի աջակցությունը ստանալով Ադրբեջանը թույլ է տվել միջազգային մարդասիրական իրավունքի և խաղաղ կարգավորման գործընթացի դեմ ծանրագույն հանցագործություն։ Լայնածավալ ագրեսիայի թիրախ են դարձել քաղաքացիական բնակավայրերը, անձիք և ընդհուպ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Թուրքիան և նրա հովանու ներքո Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության համար դարձել են լրջագույն սպառնալիք, որոնք շանտաժով փորձում են իրենց հարևաններից զիջումներ կորզել կենսականորեն կարևոր շահերի և իրավունքների հարցում։ Դա տեղի է ունենում ամենուր ուր ներգրավված է Թուրքիան, և հիմա հերթը հասել է մեր տարածաշրջանին։ Սա հստակ ահաբեկչական վարքագիծ է, որը պետք է արժանանա կոշտ հակազդեցության՝ հանուն ողջ մարդկության անվտանգության։ Այս կոնֆլիկտը ծագել է, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով։ Այս համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է քան խրախուսման մեխանիզմ՝ նորանոր ագրեսիաների համար ինչպես մեր տարածաշրջանում այնպես էլ աշխարհի այլ կետերում։ Եվ այս արձանագրումը միջազգային հանրության կողմից երաշխիք կդառնա աշխարհի տարբեր կետերում արկածախնդիր ագրեսորներին զսպելու հարցում։ Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ այս ագրեսիան հնարավոր կլիներ կանխել, եթե միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը հետևողական լինեին Վիեննաի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը և հրադադարի հաստատման պայմանագրով նախատեսված եռակողմ ձևաչափի պահպանմանը։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում պետական ինստիտուտներին՝ հայությանը սպառնացող վտանգին դիմակայելու հարցում և միանում համաժողովդական համերաշխության գործընթացին։ Ժամանակն է, որ հաշվի առնելով ներկայի իրողությունները և անցյալի որոշումները Հայաստանը հստակություն մտցնի Արցախի կարգավիճակի հարցում իր դիրքորոշման մեջ»։
19:47 - 27 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանցիները սկսել են այս պատերազմը ու մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել․ Սասուն Միքայելյան

Ադրբեջանցիները սկսել են այս պատերազմը ու մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել․ Սասուն Միքայելյան

Հրետակոծությունը, ինչպես գիտենք, չի եղել միայն դիրքերում, այլեւ խաղաղ բնակչության վրա․ սա այն ձեռագիրն է, որ ադրբեջանցիները արեցին 1990-ականներին։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նրա խոսքով՝ այսօր նույն ձեռագրով Ադրբեջանն ուզում է Արցախն ազատել Արցախցիներից, բայց դա չի լինի․ «Այսօրվա պարտադրված պատերազմն էլ, նախորդ պարտադրված պատերազմն էլ եղել են անհավասար՝ թե մարդկային թվաքանակով, թե զինտեխնիկայով։ Ուզում եմ դիմել Ադրբեջանի բնակչությանը, ղեկավարությանը՝ երբեք չսպասեք, որ ՀՀ-ն կպարտվի։ Սա մեր վերջին կռիվն է, որ փառքո՛վ ենք տալու։ Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք եւ հաղթելու ենք։ Ուզում եմ՝ բոլորս գիտակցենք ու հասկանանք, սա լուրջ պատերազմ է, որ մենք պետք է դիմակայենք համախմբված ու հաղթենք։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, ՀՀ բնակչությանը, իմ մարտական ընկերներին՝ համախմբվել՝ մեր ազգի գոյատեւման, մեր հաղթանակի շուրջ»։ Միքայելյանը նկատեց՝ հարձակվող կողմը միշտ ուժեղ է եղել, ու եթե մենք դիրքային զիջումներ ենք ունեցել, թող այդ հանգամանքը մեզ երբեք չընկճի ու երբեք խուճապի չմատնի․ «Այսօր, իմ գնահատմամբ, մենք ամուր ենք կանգնած սահմանին, բայց գուցե լայնածավալ հարձակման ընթացքում լինեն դիրքային զիջումներ։ Մենք Մարտակերտն էլ էինք տվել, բայց հինգ տարի հետո վերցրել ենք։Մենք օրեր ենք ապրել դաժան ու ծանր, բայց մարդիկ գիտակցել են, որ գնում են զոհաբերության։ Այսօր ես ու իմ պես շատերը կանգնած են իրենց թոռների, իրենք երեխաների ազատ հայրենիք ունենալու համար։ Ես այսօր կանգնած եմ իմ թոռների համար, ինչպես շատ մարդիկ՝ իրենց թոռների համար։ Այս պատերազմը ադրբեջանցիները սկսել են եւ մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել։ Մենք վերջնական կհաղթենք, եւ այդ բոլոր հարցերի լուծումները կտա այս պատերազմը»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը։ 
19:40 - 27 սեպտեմբերի, 2020
Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց |armenpress.am|

Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:  «Քննարկվել է իրավիճակի կտրուկ սրացումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանում: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսկման առնչությամբ: Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հակամարտության հետագա էսկալացիան թույլ չտալու համար, և կարևորը՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները», - ասված է հաղորդագրությունում:   ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից փոխանցում են, որ  Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը:
19:28 - 27 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը |lragir.am|

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը |lragir.am|

lragir.am: ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազյանը փոխանցում է, որ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը․ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը Արցախում։ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է 2020թ. Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ուժերի կողմից գործադրված ռազմական ագրեսիան: ԽՍՀՄ փլուզումից հետո, պատմականորեն հայերով բնակեցված Կովկասի այս շրջանը ժողովրդական հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը 1991թ. Սեպտեմբերի 2-ին: Այս անկախությունը մշտապես վիճարկվում է Ադրբեջանի կողմից եւ այդ ժամանակից ի վեր, 150,000 բնակչություն ունեցող այս փոքր հանրապետությունը դիմակայում է 10 միլիոն բնակչություն ունեցող իր ադրբեջանցի հարևանի 130 հազարանոց բանակի կրկնվող հարձակումներին: Սեպտեմբերի 27-ի առավոտ կանուխ ադրբեջանական բանակը գրոհ ձեռնարկեց Արցախի Հանրապետության սահմանամերձ քաղաքների վրա եւ ռմբակոծող անօդաչու սարքեր ուղարկեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ բազմաթիվ զոհեր պատճառելով խաղաղ բնակչության շրջանում: Այս հարձակումը տեղի է ունենում արդեն իսկ լարված իրավիճակում, երբ 2016-ին Արցախի սահմանամերձ գոտում ադրբեջանցիների կողմից ձենարկվեց բռնի հարձակումներ եւ 2020-ի հուլիսի վերջին Հայաստանի Տավուշի շրջանում տեղի ունեցան կատաղի մարտեր։ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը ցավում է, որ Թուրքիան, իր անվերապահ քաղաքական և ռազմական աջակցությունը հայտնելով Ադրբեջանին՝ ներգրավվել է այս հակամարտության մեջ: Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում Ֆրանսիային և Եվրամիությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել բախումները դադարեցնելու և պահպանելու 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը: Ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը պահանջում է Մինսկի խմբի անհապաղ հանդիպում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ արձագանք՝ խաղաղ լուծում գտնելու եւ վերահաստատելու Արցախի անկախությունն ու նրա ճանաչումը միջազգային հանրության կողմից:
19:20 - 27 սեպտեմբերի, 2020
Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի համարժեք պատասխանին․ Լիլիթ Մակունց

Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի համարժեք պատասխանին․ Լիլիթ Մակունց

Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, լայնամասշտաբ զորավարժությունները, ԵԱՀԿ-ի առաջարկած մշտադիտարկման մեխանիզմներից հրաժարվելը ոչ այլ ինչ են, քան ակնհայտ վկայություն այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրավորված հսկայածավալ սադրանք է, ինչն ուղղակիորեն վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ հուլիսյան մարտերն արձանագրում էին, որ այս գործողությունները ոչ միայն Իլհամ Ալիեւի բռնապետական իշխանությունը պահելու աղիողորմ ճիգեր են, այլեւ հայ ժողովրդի նկատմամբ ատելության հիմքով մահաբեր ագրեսիայի կիարռում՝ էթնիկ բնաջնջման փորձ, որին մեր արձագանքը միանշանակ է․ Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի համարժեք պատասխանին։ «Հարգելի կանայք եւ մայրեր, դիմում եմ ձեզ խիզախության կոչով։ Անհրաժեշտության դեպքում լինելու ենք մեր զինվորների կողքին՝ առաջնագծում։ Մի անգամ չէ, որ պատմության ընթացքում ցույց ենք տվել, որ տոկուն ենք մեր հայրենիքն անառիկ պահելու եւ հաղթանակներ գրանցելու հարցում»,- իր ելույթում ասաց Մակունցը։ 
19:12 - 27 սեպտեմբերի, 2020
Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Պետք է հասկանանք, որ սա պարզ իրավիճակ չէ, սա ֆիլմ չէ, որտեղ երջանիկ ավարտ է լինում։ Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիինյանը։ «Երջանիկ ավարտը մենք պետք է ապահովենք՝ քայլելով նաև հրի միջով, սրի միջով, կրակի միջով, անհնարինության, հուսահատության միջով, որովհետև դա է հաղթանակի ճանապարհը։ Պետք է մի անգամ կանգնենք և պաշտպանենք ինքներս մեզ ու մեր իրավունքները՝ չլինելով դեստրուկտիվ, մոլագար, չկորցնելով միջազգային հանրության անդամի պարտականությունների և իրավունքների մասին մեր պատասխանատվությունը»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ «Չկա հաղթանակ, որը նախ քո հոգում և մտքում չի ծնվում, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի և մեր հավաքական մտքի ու գիտակցության մեջ։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում, և ինչ էլ լինի, մենք չենք դադարի քայլել, ընթանալ, պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի, Արցախի, հանուն մեր ժողովրդի հաղթանակի, հանուն Մոնթեի հաղթանակի, հանուն Վազգեն Սարգսյանի հաղթանակի, հանուն Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, հանուն Ռուբեն Սանամյանի հաղթանակի, հանուն Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ տղերքի հաղթանակի»,- նշեց վարչապետը։ Նա կոչ արեց, որ եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և մենք երբեք չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ՝ հանուն ճշմարտության, ապագայի, արդարության և հանուն օրինականության հաղթանակ։ «Եվ եթե մենք այսպես վարվենք, մենք կհաղթենք․ ես դա բոլորիդ երաշխավորում եմ»,- եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
19:07 - 27 սեպտեմբերի, 2020