Հայաստան

Արման Թաթոյանը պատերազմական հանցանքների ապացույցներ է ուղարկել այլ պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ

Արման Թաթոյանը պատերազմական հանցանքների ապացույցներ է ուղարկել այլ պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ այսօր ավարտել են 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ նոր ապացույցների հետազոտությունը և հաղորդումները՝ ուղարկելու համար այն պետությունների Դատախազության ու Ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction): Կուղարկվեն նաև նրանց Արտաքին գործերի նախարարությունների մարմիններին: «Աշխատանքի ծավալը պատկերացնելու համար ուղղակի ասեմ, որ միայն օբյեկտիվ ապացույցներից խոսքը խոշտանգման, սպանությունների ու դաժանությունների 245 տեսանյութի և 120 լուսանկարի մասին է, ընդհանուր՝ 365 միավոր: Հաղորդումներն ամրապնդված են փաստերով և վերաբերում են հետևյալ հիմնական հարցերի. 1) ռազմագերիների, քաղաքացիական անձանց կանխամտածված սպանություն, 2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք, այդ թվում` գլխատումներ, մարմնի մասերը կտրել և այլն, 3) սպանված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինների անարգանք, 4) արգելված կասետային զինատեսակներով քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական բնակավայրերի ավերում, 5) ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում, 6) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում, 7) պատերազմ սանձազերծելը COVID-19 համավարակի պայմաններում՝ Արցախի ու Հայաստանի առողջապահական համակարգերը կաթվածահար անելն ու մահվան դեպքերի շեշտակի աճին նպաստելը, 8)կրոնական պատկանելիության հիմքով զինծառայող և քաղաքացիական անձ գերիների խոշտանգումների փաստեր, եկեղեցիների ոչնչացում ու պղծում, դրանց պատկանելիության վերացմանն ուղղված քաղաքականություն, 9) պատերազմի ընթացքում հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից և ազգամիջյան թշնամանքի հրահրում և խրախուսում երկու ժողովուրդների միջև, 10) գերիների հայրենադարձման արհեստական ձգձում քաղաքական հաշվարկների համար (փաստացի մարդկանց առևտուր) ու դրանով հոգեկան տառապանքների պատճառում նրանց ընտանիքներին: Տեսանյութերն ադրբեջաներենից կամ ռուսերենից (որոշ տեսանյութերում ադրբեջանական զինվորականները խոսում են ռուսերեն) թարգմանվել են, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով ամրագրվել են տեսանյութերին` ենթագրերի (subtitles) տեսքով, համակարգված վերլուծվել են, և այդ ամենին կցվել են մի քանի հարյուր էջ հասնող իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի 2016-2022թթ. անգլերեն զեկույցները: Կցել ենք նաև ՀԿ-ների զեկույցներ: Ընդ որում, բոլոր հնարավոր դեպքերում հատուկ գրել ենք, թե մեր համոզմամբ՝ որ մարմիններն են կատարել հանցանքները, որ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Նշել ենք նաև կոնկրետ պաշտոնյաների: Ցույց ենք տվել, որ այս հանցանքները ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի շարունակվող քաղաքականության հետևանքներն են, էթնիկ զտումների արդյունք, և այս սպառնալիքն այսօր էլ վերացած չէ: Տեսանյութերն ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության: Սա իմ երկրորդ հաղորդումն է պատերազմից հետո: Այս անգամ մի փոքր այլ ճանապարհով ենք գնացել: Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Ամեն դեպքում, պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներ կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության՝ ի նպատակ դրանց կանխարգելման: Բոլոր նյութերը կուղարկվեն նաև միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն): Այս աշխատանքները կատարվել են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի ու փորձագետների, մեր գործընկերների ջանքերով՝ բոլորս միասին»,- նշված է հայտարարության մեջ:
22:58 - 21 փետրվարի, 2022
Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը

Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը

Երևանում այսօր տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը, որին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները: Նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների պատգամավորները ներկայացրել են իրենց երկրներում ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկվել են նաև Եվրոպական միությունում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային և քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը:
18:02 - 21 փետրվարի, 2022
Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը Բաքվի կողմից հետախուզվելու հայտարարությանը

Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը Բաքվի կողմից հետախուզվելու հայտարարությանը

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանում Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում սկսելու հայտարարությանը։ Հաղորդագրության մեջ ասվում է․   «Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ:   Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու:   Ալիևը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը և ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ: Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ ևս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:   Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը:   Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:   Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը»:
16:13 - 21 փետրվարի, 2022
Վարչապետը «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահին է ներկայացրել ՀՀ-ի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ

Վարչապետը «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահին է ներկայացրել ՀՀ-ի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը հանդիսանում է մեր երկրի կարևոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում առկա փոխգործակցությունը: Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարության զարգացման օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և այդ ուղղությամբ քայլերը շարունակելու են կրել հետևողական ու շարունակական բնույթ: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը շեշտել է Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ բարեփոխումների փաստը և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու խորանալ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Կառավարության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:
15:56 - 21 փետրվարի, 2022
Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ

Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ

Փետրվարի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Նախարար Ժոլին վերահաստատել է Կանադայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական քայլեր ձեռնարկելու հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկան ամրապնդելու ուղղությամբ: Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր:
20:07 - 19 փետրվարի, 2022
Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման և ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման անհրաժեշտությունը:
17:17 - 19 փետրվարի, 2022
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև

Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 9-րդ նիստը։ Հայկական կողմից նիստը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, հնդկական կողմից՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Ռինաթ Սանդհուն։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բարձրաստիճան շփումների ընթացքն ու օրակարգը, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերը, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարների միջև 2021 թ․ հոկտեմբերին կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերը քաղաքական, առևտրատնտեսական, կրթության և մշակույթի, պաշտպանական, հաղորդակցությունների և զարգացման գործընկերության ոլորտներում: Երկուստեք անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցությանը և դրա հետագա խորացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։
18:33 - 18 փետրվարի, 2022
Փորձագետները կարևորում են, որ Երևանն ու Անկարան հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները, ՀՀ-ն սահմանի «կարմիր գծերը» |azatutyun.am|

Փորձագետները կարևորում են, որ Երևանն ու Անկարան հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները, ՀՀ-ն սահմանի «կարմիր գծերը» |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի և Անկարայի բանագնացների երկրորդ հանդիպումից առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Երեկվա հանդիպմանը մասնակցած Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կոռեկտ չհամարեց հանդիպումից մանրամասներ փոխանցել, միայն նկատեց՝ շատ կարևոր է, որ այս գործընթացի հենց սկզբում կողմերը հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները: «Այստեղ խոսքը երկու երկրների ուղիղ փոխգործակցության մասին է։ Կողմերը գործընթացը սկսել են առանց նախապայմանների, բայց ակնհայտ է, որ ընթացքում կսկսվեն խոսակցությունները կարելիների և չի կարելիների մասին։ Այս ամենը պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ մասնավորապես, Ադրբեջան, սահմանային հարցեր, Լեռնային Ղարաբաղ, «միջանցք», այս ամենը պետք է միասին դիտարկել։ Տարբերակներից մեկը կարող է սա լինել՝ մտնել գործընթացի մեջ և հետո հասկանալ, թե Հայաստանը ինչպես կարող է գոյատևել։ Մոտավորապես նույնը Թուրքիայի պարագայում է։ Պետք է հստակ ռազմավարություն ունենալ և հասկանալ` ինչ ես ուզում, որովհետև նպատակները կարող են շատ տարբեր լինել», - ասաց նա։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, որը ևս մասնակցել է քննարկմանը, ողջունում է իշխանությունների այս նախաձեռնությունը։ Վստահ չէ, որ այն շարունակական բնույթ է կրելու, բայց ասում է՝ կարևոր է գործընթացում մասնագետների ներգրավումը։ Սաֆրաստյանը քննարկմանը հայ-թուրքական կարգավորման մասին իր պատկերացումներն է ներկայացրել, մասնավորապես, որ հայկական կողմը պետք է «կարմիր գծեր» սահմանի։ Դա, ըստ ակադեմիկոսի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է: «Կարևորն այն է, որ բանակցային գործընթացում պետք է մենք այնպիսի զիջումներ չանենք, որոնք կլինեն մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրներ, պետք է «կարմիր գծեր» դնել, որոնք բանակցությունների ընթացքում ուղղակի անցնել չի կարելի, ինչպես Կանտն էր ասում, կատեգորիկ իմպերատիվ են դրանք, մասնավորապես Ցեղասպանության հետ կապված խնդիրը: Չեմ կարող ասել` շարունակություն կունենա այս նախաձեռնությունը, թե չէ, որովհետև դա մենք չենք որոշում, Արտգործնախարարությունն է որոշում, և ինչ ձևաչափ կլինի` դա էլ չեմ կարող ասել», - հավելեց նա:
16:43 - 17 փետրվարի, 2022
Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ,  Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 17-ին: Հայաստանը գործընկերային և կառուցողական հարաբերություններ ունի Բրազիլիայի հետ, որն իր ՀՆԱ-ով, ըստ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տվյալների, աշխարհի առաջին 10 պետությունների թվում է: Հայաստանից առաջին բարձր մակարդակի այցը Բրազիլիա տեղի է ունեցել դեռ 1991 թ. դեկտեմբերին, երբ աշխատանքային այցով այդ երկիր է մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ արդեն հաջորդ տարի՝ 1992 թ. հունիսին, պաշտոնական այցով Բրազիլիա է այցելել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բրազիլիայից ամենաբարձր մակարդակի այցը եղել է 2017 նոյեմբերին, երբ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեյրայի գլխավորած պատվիրակությունը: 1998 թ. մարտից բրազիլական ամենամեծ քաղաքում՝ Սան Պաուլոյում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2011 թվականին Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում հիմնադրվել է ՀՀ դեսպանությունը: Բրազիլիայի դեսպանությունը Հայաստանում գործում է 2006 թ. օգոստոսից: 30 տարվա ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է 8 համաձայնագիր, որոնցից առաջինը 2002 թ. մայիսի 7-ին ստորագրված համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին: Նույն օրը Հայաստանի և Բրազիլիայի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Բրազիլիայի միջև կազմել է մոտ 55 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Բրազիլիա է արտահանվում քլորոպրենային կաուչուկ, քիմիական տարբեր ապրանքներ և նյութեր, մետաղյա խողովակներ, իսկ ներմուծվում է միս և մսամթերք, սուրճ, թութուն, քաղցրավենիք և այլ ապրանքատեսակներ: Բրազիլիայում կա հայ համայնք: Հայերն այս երկրում հաստատվել են դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից: 1895 թվականին Բրազիլիայում ապրում էր շուրջ 100 հայ: 1948 թվականին, ըստ Եզնիկ քահանա Վարդանյանի «Հայերը Բրազիլիայում» գրքի, բրազիլահայերի թիվն արդեն հասնում էր 20 հազարի: Ընդունված է համարել, որ ներկայում Բրազիլիայում ապրում է 20-25 հազար հայ: Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
11:17 - 17 փետրվարի, 2022
Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |armenpress.am|

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Փետրվարի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ: «Հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում իրավիճակին, նախ և առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթների պարտադիր կատարման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ նախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև անվտանգության ամուր իրավական երաշխիքների ապահովման ուղիների վերաբերյալ ռուսական նախաձեռնությունները:  
21:34 - 16 փետրվարի, 2022
Բաքվում ԱՄՆ դեսպանը պարզաբանել է, թե որ երկրներն են հրավիրվում «Հանուն ժողովրդավարության» համաժողովին

 |aravot.am|

Բաքվում ԱՄՆ դեսպանը պարզաբանել է, թե որ երկրներն են հրավիրվում «Հանուն ժողովրդավարության» համաժողովին |aravot.am|

aravot.am: ԱՄՆ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցության հրավերն ուղարկվում է՝ հաշվի առնելով այս կամ այն երկրում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը: Այս մասին այսօր տեղի ունեցած կլոր սեղան քննարկմանը հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը: «Մենք հույս ունենք, որ ապագայում Ադրբեջանն էլ կլինի մասնակիցների թվում, բայց դրա համար անհրաժեշտ է որոշակի առաջընթաց այնպիսի հարցերում, ինչպիսիք են հիմնարար ազատությունները, քաղաքացիական հասարակության հնարավորությունները, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»,- ասել է նա: Հարցին, թե ինչու է համաժողովին հրավիրվել Հայաստանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ, Լիտցենբերգերն ասել է, որ հրավերն արվում է՝ կախված որոշակի ժողովրդավարական բարեփոխումների առկայությունից, և ոչ թե այս կամ այն քաղաքական կամ ռազմական կազմակերպությանն անդամակցությունից:
18:59 - 16 փետրվարի, 2022
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ թրաֆիքինգի դեմ պայքարի 2020- 2022թթ. ծրագրի ղեկավարին

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ թրաֆիքինգի դեմ պայքարի 2020- 2022թթ. ծրագրի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն փետրվարի 16-ին հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022թթ. ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոյին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասն ներկայացրել է վերջին տարիների ընթացքում հանրապետությունում թրաֆիքինգի դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, Քննչական կոմիտեի համապատասխան վարչության կողմից կատարված աշխատանքները: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը ներկայացրել է մինչդատական վարույթի վերաբերյալ տարեկան ցուցանիշների հավաքագրման և ամփոփման տվյալները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար` հույս հայտնելով, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:  
18:48 - 16 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն սկզբունքորեն կողմերին մահաբեր զենք չի վաճառում. Լի Լիտցենբերգեր |aravot.am|

ԱՄՆ-ն սկզբունքորեն կողմերին մահաբեր զենք չի վաճառում. Լի Լիտցենբերգեր |aravot.am|

aravot.am: ԱՄՆ-ը փորձում է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար, այդ պատճառով էլ կողմերին զենք չի վաճառում: Այս մասին այսօր տեղի ունեցած կլոր սեղան քննարկմանը հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:«Գլխավորն այն է, որ օգնենք Հայաստանին ու Ադրբեջանին հասնել խաղաղության: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մահաբեր զենք չմատակարարենք կողմերից ոչ մեկին: Մենք նաև պատասխանատվություն ենք կրում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Ընդգծեմ, որ Ռուսաստանը նույնպես Մինսկի խմբի անդամ է, բայց միանգամայն այլ կերպ է վերաբերվում իր պարտավորություններին և զենք է մատակարարում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Մենք չենք կարծում, որ դա ընդունելի ճանապարհ է խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասել է դեսպանը: Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին տրամադրում է միջոցներ և սարքավորումներ անվտանգային հարցերը լուծելու համար: Վերջին տարում այդպիսի մատակարարումների ծավալը կազմել է 100 մլն դոլար: Նրա խոսքով՝ դա ոչ թե սպառազինություն է, այլ սարքավորումներ և միջոցներ՝ սահմանների պաշտպանության, մաքսանենգության կանխման համար, հատկապես երկրի հարավային սահմաններում: Դեսպանը նշել է, որ «այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերադարձրեց վերահսկողությունը հարավային սահմանների մեծ մասի նկատմամբ», ԱՄՆ-ը զգալի օգնություն է տրամադրել սարքավորումների մատակարարման տեսքով: Եվ հաշվի առնելով վերջին երկու տարում առգրավված թմրանյութերի քանակը, դեսպանի խոսքով, դրանք ծառայել են նպատակին:
18:39 - 16 փետրվարի, 2022