Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը

Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը: Որոշման մեջ ասված է. «Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը. հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու. ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից. և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն: Սահմանել ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի: Սահմանել, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:
16:25 - 27 սեպտեմբերի, 2020
Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի ուղղությամբ

Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի ուղղությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանն իր աջակցությունը ցուցաբերել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում:  «Այսօր առավոտյան տեղեկացա Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Ադրբեջանի բանակի լայնածավալ հարձակման մասին, որի հետևանքով թիրախավորվել է խաղաղ բնակչությունը Ստեփանակերտում և այլ բնակավայրերում: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողություններն՝  ընդդեմ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության: Մենք ունենք մեր Հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք: Մեր երեխաներն ունեն խաղաղ ապրելու իրավունք, քան թաքնվելու ապաստարաններում: Ես միշտ կանգնած եմ իմ ազգի կողքին»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
15:57 - 27 սեպտեմբերի, 2020
Հռոմի պապն ու Գարեգին Բ-ն աղոթք են բարձրացրել խաղաղության վերականգնման համար

Հռոմի պապն ու Գարեգին Բ-ն աղոթք են բարձրացրել խաղաղության վերականգնման համար

Վատիկանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված գործողություններին: Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Սեպտեմբերի 27-ին Վատիկանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ հարաբերություններին և տարբեր ոլորտներում առկա գործակցությանը։ Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված գործողություններին, որոնք հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության մեջ»,-հայտնել է  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Գարեգին Բ Կաթողիկոսը հաստատել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակմամբ միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը։ «Երկու հովվապետերը աղոթք բարձրացրեցին խաղաղության վերականգնման համար։ Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա գտնվեց Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրեց վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար»,-նշել է  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
15:42 - 27 սեպտեմբերի, 2020
ԵԽ հայտարարությունը՝ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ |factor.am|

ԵԽ հայտարարությունը՝ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ |factor.am|

factor.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ «Խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով: Կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել ՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն հարգել: Այս դժվարին ժամանակներում իմ մտքերը խաղաղ բնակիչների հետ են՝ ներառյալ երեխաների, կանանց և ծերերի, որոնք ստեղծված իրավիճակում ամենախոցելին են։ Եվրոպայի խորհրդի անունից կոչ եմ անում անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը՝ մարդկային կյանքերը պաշտպանելու և ռազմական բախումներից զերծ պահելու համար: Ջանք չպետք է խնայել իրավիճակի սրումը կասեցնելու համար: Վերահաստատում ենք մեր աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` օգնել մեր անդամ պետություններին՝ այս հակամարտության խաղաղ հանգուցալուծումը գտնելու համար»,- հայտարարության մեջ նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
15:09 - 27 սեպտեմբերի, 2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետանակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծվել է ինչպես Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ բնակավայրերը։ Գնդակոծությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։ Ադրբեջանական կողմի գործողությունները Արցախի Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի ակտ են։ Արցախի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրության դրույթների համաձայն՝  իրականացնում է իր  ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ագրեսիան ետ մղելու և տարածաշրջանում խաղաղություն վերականգնելու համար։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկվել են Ադրբեջանի կողմից զինված հարձակման մասին: Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով։ Զինված հարձակմանը նախորդել են Ադրբեջանի իշխանությունների կողմից  հայկական կողմերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հրապարակային թիրախավորումը, Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները, ինչպես նաև զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-ին նախատեսված ԵԱՀԿ դիտարկման անցկացման մերժումը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամբողջական պատասխանատվություն է կրում ագրեսիայի հանցագործության համար՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:  Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ  հակամարտությունն ուժի միջոցով  լուծելու Ադրբեջանի փորձերին միջազգային հանրության կողմից ամենաարդյունավետ պատասխանը Արցախի Հանրապետության ճանաչումն է:
15:04 - 27 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանական հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ. կան էլեկտրամատակարարման խափանումներ

Ադրբեջանական հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ. կան էլեկտրամատակարարման խափանումներ

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն այսօր կայացած ասուլիսում վերահաստատել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո, պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը և արժանի հակահարված տալիս հակառակորդին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ  տեղեկատվական շտաբը: ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը ներկայացրել է առողջապահական համակարգի անելիքները, նշելով, որ բուժհիմնարկները բերվել են առաջին պատրաստության: Ցավոք, ունենք վիրավորներ և զոհեր: ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանի խոսքով, ադրբեջանական զինուժի հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ: Կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ, որոնց կարգավորման առումով արդեն մեկնարկել են անհրաժեշտ աշխատանքները: Ջրամատակարարման, կապի և ճանապարհների անցանելության առումով այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ և խափանումներ չունենք:
14:58 - 27 սեպտեմբերի, 2020
Մենք պարտավոր ենք լինել մեր բանակի կողքին,  նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից․ ՀՀԿ Գործադիր մարմին

Մենք պարտավոր ենք լինել մեր բանակի կողքին, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից․ ՀՀԿ Գործադիր մարմին

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարությւոն է տարածել, որում ասվում է․ ՀՀԿ Գործադիր մարմինը ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ,Այս առավոտ ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կրակ բացելով նաեւ խաղաղ բնակչության վրա: Ապրիլյան պատերազմից 4 տարի անց՝ հերթական անգամ արձանագրելով սեփական ապակառուցողական եւ ագրեսոր էությունը, Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին: Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն: Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության եւ միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին: Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից: Քանի որ հայրենիքն ամենաթանկն է եւ նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից: ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին: Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին եւ արդար պայքարին: ՀՀԿ Գործադիր մարմին»:
14:41 - 27 սեպտեմբերի, 2020
Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը |armenpress.am|

Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: «Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասված է հայտարարությունում:
14:31 - 27 սեպտեմբերի, 2020
Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերերը կարող են զանգահարել ՀՀ ԱՆ

Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերերը կարող են զանգահարել ՀՀ ԱՆ

Կոչով դիմում ենք բժշկական կազմակերպությունների տնօրեններին, մարզային առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարներին, անհատներին, բոլոր նրանց ովքեր ինքնակամ, առանց առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու, որոշում են կայացնում Արցախին բժշկական օգնություն ցուցաբերելու համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:Տեղեկացնում ենք, որ Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը, անում է իրենից կախված ամեն ինչ` Արցախի մեր եղբայրներին ու քույրերին որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:Ուստի, ոլորտին վերաբերող բոլոր առաջարկներն ու մտահղացումները պետք է համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ:Միաժամանակ, աշխատանքները համակարգված և արդյունավետ կազմակերպելու համար կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերին, ոլորտի աշխատակիցներին առաջարկում ենք զանգահարել ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչություն գրանցվելու նպատակով` 060 80 80 03 ներքիններ` 1502, 1503, 1504 հետևյալ հեռախոսահամարներով:Անհրաժեշտության դեպքում կապ կհաստատենք ձեզ հետ։Կոչ ենք անում հետևել պաշտոնական տեղեկատվությանը։
14:09 - 27 սեպտեմբերի, 2020
Հայ դատի հանձնախումբը ավստրալացի գործիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա

 |armenpress.am|

Հայ դատի հանձնախումբը ավստրալացի գործիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա |armenpress.am|

armenpress.am: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբն Ավստրալիայում նշանակալի քաղաքական գործիչների, լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրել և հրավիրում Ադրբեջանի հերթական սադրանքի, ագրեսիայի վրա,  տեղեկացրել, որ այս անգամ խառն է նաև Թուրքիայի «մատը»՝ Ավստրալիայում խեղդելով ադրբեջանական հակաքարոզչությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ատենապետ Հայկ Կայսերյանը: «Պաշտպանության նախարարությունից լուրը ստանալուց անմիջապես հետ մենք սկսեցինք մեր պահանջատիրական, ջատագովական աշխատանքները քաղաքական միջավայրում, պատրաստեցինք տեղեկատվական բնույթի գրություններ, հեռախոսով խոսեցինք Ավստրալիայի տարբեր քաղաքական գործիչների հետ, իրենց տեղեկացրինք, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, բայց այս անգամ կարծես ավելի մեծ մասշտաբով, հարձակում է գործել Արցախի հայկական հողերի վրա, և Արցախի խաղաղ բնակչությունն է իր թիրախը: Այս հարձակումը հակասում է Ժնևյան կոնվենցիային, որովհետև հարձակում է գործում խաղաղ ժողովրդի: Եվ իրենցից պահանջեցինք, որ շարունակեն մեր տեղեկություններին հետևել, որպեսզի երբ ավելի հստականա ներկա իրավիճակը, կարողանան արձագանքել»,-ասաց Կայսերյանն ու հավելեց, որ այդ գործիչները պատրաստ են արձագանքելու՝ իրենց քաղաքական տարբեր բեմերից: Ավստրալիայում գործում է Ավստրալիա-Հայաստան բարեկամական խումբը, որն ունի 40-ից ավելի անդամներ Ավստրալիայի խորհրդարանում: «Նահանգային մակարդակով ունենք մոտավորապես խորհրդարանի 45 անդամներ, որոնք Հայաստանին օժանդակող բարեկամական խմբում են: Ավստրալիայում նաև ունենք 60 հոգանոց Արցախի ավստրալացի բարեկամների խումբ, որը կազմված է քաղաքական գործիչներից, մամուլի ներկայացուցիչներից, ակադեմիկոսներից, շատ ուրիշ հանրաճանաչ ավստրալացիներից»,-ասաց Կայսերյանն ու հավելեց, որ այդ բոլորին՝ ներառյալ  նախարարների, ընդդիմադիր գործիչների, խորհրդարանականների, սենատորների և այլն, տեղեկացրել են իրավիճակի մասին: Հայ դատի հանձնախումբը ակտիվ աշխատանքներ է տարել նաև ավստրալական մամուլի, Ավստրալիայում գործող միջազգային լրատվամիջոցների հետ՝ տեղեկացնելով, որ այս անգամ ոչ միայն Ադրբեջանն է հարձակվել հայկական հողերի վրա, այլ նաև խառն է Թուրքիայի «մատը»: Կայսերյանը նկատեց, որ լրատվամիջոցները, նաև քաղաքական դեմքերը Ադրբեջանի դեսպանատնից տարբեր տեսակի տեղեկություններ կստանան, և ուրեմն կարևոր է, որ Հայ դատի հանձնախմբի, հայկական համայնքի կողմից այս  տեղեկություններն արագ ձևով տեղ հասնեն:   Նա շեշտեց, որ Ադրբեջանի հարձակման դեպքում շատ կարևոր է միջազգային մամուլին հասցնել, որ կա շատ հստակ թիրախ, և այդ թիրախն է հայ ժողովուրդը, իսկ հանցագործը՝ Ադրբեջանը:  Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունենալու նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելու, որ պետք է պատրաստ լինեն լուրջ աշխատանք տանել, որպեսզի Ադրբեջանի հակաքարոզչությունը կասեցնեն:
13:59 - 27 սեպտեմբերի, 2020