Հայաստան

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից

 |armenpress.am|

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այդ մասին հայտնում ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական սադրանքն ու հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմը երկու զոհ ունի։ «Մենք ուշադրությամբ մշտադիտարկում ենք իրադրությունը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - նշել է  ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը։
09:37 - 12 հունվարի, 2022
Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է․ ՄԻՊ

Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է․ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու համար։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրառւմ է կատարել ՄԻՊ Արման Թաթոյանը։    Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է:   Այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից:   Ասօրվա ադրբեջանական հարձակումները, ինչպես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեղի են ունեցել հրետանի և անօդաչու սարքեր կիրառելով:   Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով: Ուստի, ՀՀ զինված ուժերը անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը:   Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար:
22:26 - 11 հունվարի, 2022
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ ․ԱԳՆ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ ․ԱԳՆ

Հունվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ (Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ-խմբ․)Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։Զրուցակիցները շնորհավորել են միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա:Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, և այս ձևաչափում աշխատանքների լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին: Նախարար Միրզոյանը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը:Արարատ Միրզոյանը տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը:Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:Կողմերն անդրադաձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերի:
18:47 - 11 հունվարի, 2022
Տոկաևը Սարգսյանին տեղեկացրել է Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին

Տոկաևը Սարգսյանին տեղեկացրել է Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Զրույցի ընթացքում նախագահ Տոկաևը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ «Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում երկրում վերջնականապես կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը, իսկ հետևանքների հաղթահարումը ապագայի նոր ճանապարհ կբացի Ղազախստանի և նրա ժողովրդի համար։ Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է Ղազախստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման Հայաստանի պատրաստակամությունը:
18:43 - 11 հունվարի, 2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության համագործակցությամբ Միացյալ Նահանգներին է հանձնվել փախուստի մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության համագործակցությամբ Միացյալ Նահանգներին է հանձնվել փախուստի մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի

ԱՄՆ և ՀՀ իրավապահների, դատախազների շարունակական համագործակցության և ամուր գործընկերության արդյունքում 2022թ․ հունվարի 10-ին  Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներին է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ մի քաղաքացի։  Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նշվում է, որ Ինտերպոլի կողմից «կարմիր» միջազգային հետախուզում հայտարարելուց հետո հիշյալ ԱՄՆ քաղաքացին 2021թ․ օգոստոսին ձերբակալվել էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կողմից։ Սա  հնարավոր էր դարձել Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության քննչական գործողությունների շնորհիվ։ Հիշյալ անձը հետախուզվում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից երեխայի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։ Հետախուզման մեջ գտնվողի հանձնումը հնարավոր եղավ ՀՀ Գլխավոր դատախազության եռանդուն ջանքերի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային գործերի գրասենյակի, ԱՄՆ դատական կատարածուների ծառայության Միջազգային հետաքննությունների բաժանմունքի, ՀԴԲ իրավական կցորդի (նստավայրը՝ Թբիլիսի) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համագործակցության շնորհիվ։ «Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում առանցքային նշանակություն ունի և մենք բարձր ենք գնահատում ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահների հետ մեր համագործակցությունը, որը թույլ տվեց ձերբակալել և ԱՄՆ-ին փոխանցել հիշյալ անձին։ Սա արդեն 5-րդ անգամն է, երբ աշխատելով մեր հայ գործընկերների հետ հետախուզման մեջ գտնվող անձինք վերադարձվում են Միացյալ Նահանգներ՝ պատասխանատվության ենթարկվելու իրենց գործած հանցանքների համար», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին։ Հետախուզվողն ԱՄՆ-ում կկանգնի դատարանի առաջ։ Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՄՆ դատարանի կողմից։
18:20 - 11 հունվարի, 2022
Արցախում խաղաղապահ առաքելության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա․ Տիգրան Աբրահամյան

Արցախում խաղաղապահ առաքելության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա․ Տիգրան Աբրահամյան

Արցախում մեկ օրվա մեջ ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենա, որը պայթել է, Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ ինտենսիվ կրակ վարվել։ Երրորդ միջադեպը վերաբերվում է Շուշիի հարակից հատվածող անցնող ճանապարհին, որտեղ թշնամին քարերով խոցել է հայ խաղաղ բնակչի մեքենան։ Այս երեք միջադեպերը արձանագրվել են երեկ՝ հունվարի 10-ին և 3-ի դեպքում էլ գլխավոր ընդհանրությունն այն է, որ ադրբեջանցի զինծառայողները հայկական բնակավայրերի, բնակիչների ուղղությամբ նպատակային կրակ են վարել՝ խոցելու գյուղատնտեսական տեխնիկա, քաղաքացիական մեքենա և խաղաղ բնակիչների։ Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության տեսանկյունից, ճիշտ կլիներ, որպեսզի ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանվեին այն մարտական դիրքերը, որոնք հայկական բնակավայրերի մերձակա հատվածում են և տարբեր իրավիճակներում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։ Հետպատերազմյան փուլում, ռուս խաղաղապահների միջամտությամբ, տարբեր ուղղություններում դիրքեր հանվել են և կարծում եմ, որ այս դեպքում ևս, ադրբեջանական լկտիությունները հաշվի առնելով, Ադրբեջանին ստիպելու և կրակ վարող դիրքերը առհասարակ հանելու հնարավորություն կա»,- գրել է Աբրահամյանը։
11:41 - 11 հունվարի, 2022
Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել

Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել

Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր  չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:   Ավելի վաղ Flyone Armenia ավիաընկերության խորհրդից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Flyone Armenia ընկերությունը դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով, իսկ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Իսկ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան:
22:38 - 10 հունվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Լեհաստանի՝ ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Հայաստանը հնարավորինս կաջակցի ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են իրավիճակը Ղազախստանում: Նախարար Միրզոյանը ներկայացրել է այս հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը՝ արտացոլված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հունվարի 6-ի հայտարարությունում:ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ղազախստանի պաշտոնական դիմումի համաձայն՝ հիմնվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև՝ ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի վրա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար:Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ընդգծել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի աջակցությունը համանախագահության ջանքերին՝ ուղղված հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հրատապ հումանիտար հարցերի լուծմանը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
20:22 - 10 հունվարի, 2022
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին ՀԱՊԿ հանդիպմանը

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին ՀԱՊԿ հանդիպմանը

Հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ «Միջոցառման ընթացքում կքննարկվեն Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումները։ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ հանդիպմանը։ ՀԱՊԿ հանդիպմանը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 10-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը։ Իսկ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Երևանը՝ որպես կազմակերպության նախագահ, հրավիրում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ 
17:50 - 09 հունվարի, 2022