Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

Հայաստանն ու Արցախը ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ անձնակազմին

Հայաստանն ու Արցախը ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ անձնակազմին

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց նման բաց ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը լավ հնարավորություն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու և հետագա քայլերն ուղենշելու համար: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության համար: Նախարար Մնացականյանն Արցախի ԱԳՆ անձնակազմին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները, և այդ գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախը՝ որպես հակամարտության կողմ, որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա կարգավորման գործընթացում: Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց հանդիպման մասնակիցների տարածաշրջանային և միջզգային օրակարգի վերաբերյալ բազմաթիվ հարցերի, ներկայացրեց դրանց առնչությամբ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը:
15:34 - 05 հուլիսի, 2019
Հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել. սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու․ Զոհրաբ Մնացականյան

Հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել. սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու․ Զոհրաբ Մնացականյան

news.am: Մենք ունենք երեք հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, եւ Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Այս մասին, Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով արցախյան բանակցություններին: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, սա մեզ համար շատ կարեւոր, պրակտիկ, պրագմատիկ հարցերից մեկն է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է այս գործընթացի սուբյեկտ: Խաղաղ կարգավորման գործընթացում արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ մենք չունենք լիարժեք մասնակցության հարց, երբ մենք չունենք այս գործընթացի հանդեպ Լեռնային Ղարաբաղի մոտ սեփականության զգացումը: Սա է մեր մոտեցումն այս հարցում:Երկրորդը, ինչ վերաբերում է միջավայրին, մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, եւ սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն եւ ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում:
13:14 - 05 հուլիսի, 2019
Եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կիներ. ԱԳ նախարարը՝ Արցախը բանակցային կողմ դարձնելու մտադրության մասին |armtimes.com|

Եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կիներ. ԱԳ նախարարը՝ Արցախը բանակցային կողմ դարձնելու մտադրության մասին |armtimes.com|

armtimes.com։ Երեկ Արցախում  Արցախի նախագահ Բակո Սահակյանօ ու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումից հետո։ Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է արցախցի լրագրողների հարցերին: Հարց է հնչել վաշինգտոնյան հանդիպումներից հետո ՀՀ-ի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ Դավիթ Բաբայանի հայտարարության մասին:Հիշեցնենք, նա ասել էր․ «Շնորհակալ ենք Երևանին, որ տեղեկացնում է մանրամասների մասին, բայց տեղեկացնելը քաղաքական և իրավական կատեգորիա չէ»։ Լրագրողները հետաքրքրվել են, թե բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգու՞մ է մնում։ «Դուք շատ լավ հասկանում եք, որ մեզ համար այս հարցն օրակարգային հարց է, և մենք ենք առաջ բերել այս հարցը, այս իշխանությունն է առաջ բերել այս հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա լիարժեք ներգրավվածություն, որովհետև այն այս գործընթացի սուբյեկտ է։ Հասկանում եք, որ եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ: Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետևողականորեն հետապնդվում է, որովհետև մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ եթե մենք լիարժեք և արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում և մտածում հաշվի չառնել այս կարևորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը և այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին։ Դուք հիշում եք նաև, որ մենք Ստեփանակերտում ունեցել ենք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին և արտահայտել, որ մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է»,-պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարը։
06:53 - 05 հուլիսի, 2019
Արցախի խնդիրն ու վիզաների ազատականացման հարցը Զոհրաբ Մնացականյանը քննարկել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարարի հետ |factor.am|

Արցախի խնդիրն ու վիզաների ազատականացման հարցը Զոհրաբ Մնացականյանը քննարկել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարարի հետ |factor.am|

factor.am։ Հայաստանն ու Մալթան փոքր երկրներ են և միասին ձգտում են խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը։ Թեև Եվրամիության հետ մեր առևտրային շրջանառությունն այդքան մեծ չէ, սակայն ԵՄ անդամ Մալթայի հետ մեր հարաբերություններում կարողացել ենք ի հայտ բերել նոր և այնպիսի ոլորտներ, որտեղ կարող ենք իրականացնել հետաքրքիր ծրագրեր, որոնցից է, օրինակ, մեր ունեցած բարձր տեխնոլոգիաների, խելացի ինովացիոն ծրագրերի զարգացման փորձը, ինչը շատ լավ հիմք է Մալթայի հետ աշխատելու համար։ Այս մասին այսօր Հայաստան ժամանած Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք քննարկեցինք խելացի գյուղատնտեսության և այլ ոլորտներում աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր և հույս ունենք, որ կկարողանանք ելքեր գտնել մեր երկրներն իրար կապելու համար։ Արդեն իսկ առկա է շատ լավ ձևավորված հիմք՝ կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության համար։ Մեր հարաբերությունները հիմնված են համաեվրոպական արժեքների վրա, ունենք քաղաքակրթական մեծ պատմություն, պատմականորեն էլ մենք միմյանց ծանոթ ենք դեռ միջնադարից, իսկ դա բավականին լավ հիմք է, որպեսզի մեր երկու երկրների հարաբերությունները զարգանան»,-ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ նշելով, որ քննարկել են նաև վիզաների ազատականացման և Հայաստանի անվտանգության օրակարգի ամենակարևոր խնդիրները։ «Մենք անդրադարձանք նաև մեր անվտանգության օրակարգի ամենագերակա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցին, և ես առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները։ Այլ հարցերի շուրջ ևս քննարկումներ ենք ունեցել, և այս ամենը ցույց է տալիս, որ մենք օրակարգային հարցերի պակաս չունենք, մեր հանդիպումների շարունակականությունը պահպանելու ենք ՝ ցույց տալով, թե որքան լուրջ են մեր մտադրությունները երկու ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունները խորացնելու առումով»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելային։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:41 - 27 հունիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-ին Ժնևում հանդիպեց ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը, ուղենշեցին այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները նշեցին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:Ներկայացնելով Հայաստանում ընթացող բարեփոխումները և դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը որպես կառավարության գերակայություն ընդգծեց դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված վերջինիս անկախության և անկողմնակալության ապահովմանը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց այս գործընթացում միջազգային և տարածաշրջանայի գործընկերների աջակցության համակարգումը և վերջիններիս փորձագիտության արդյունավետ օգտագործումը։Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորեցին ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ կանխարգելման օրակարգն ավելի քան քսան տարի հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, և այս հարցում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը։Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի իրականացման Ազգային գործողությունների առաջին ծրագիրը:
11:44 - 25 հունիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանը և Ջոն Բոլթոնը պատրաստակամ են ընդլայնել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգը

Զոհրաբ Մնացականյանը և Ջոն Բոլթոնը պատրաստակամ են ընդլայնել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգը

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը և այս ուղղությամբ ԱՄՆ և մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց հրադադարի ամրապնդման և ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտութունը: ԱՄՆ նախագահի խորհրդականը և Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին: Զրուցակիցները հանդես եկան հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամությամբ:
17:59 - 20 հունիսի, 2019
Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Հունիսի 19-ին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ ընդլայնելու և առավել հարստացնելու բազմաոլորտ համագործակցության օրակարգը: Անդրադառնալով այս տարվա մայիսին Երևանում կայացած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց նման ձևաչափի և ներկայացուցչական մակարդակով հանդիպման անցկացումը և վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը կյանքի կոչելու վերջինիս արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարի խոսքով՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գիտակրթական, էներգետիկ, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և նորարարության, զբոսաշրջության և այլ ասպարեզներում, նաև նպաստում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի առաջմղմանը՝ այդ թվում նաև թիրախային ծրագրերի իրականացման միջոցով: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական և ոստիկանության ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն առանձնահատուկ արժևորեց բարեփոխումների կայունության և արդյունավետության ապահովման նպատակով տարբեր միջազգային գործընկերների աջակցության համադրման և համակարգման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցերի շուրջ: Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին:
17:11 - 19 հունիսի, 2019
ԱԳ նախարարի բացման խոսքը Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը

ԱԳ նախարարի բացման խոսքը Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը

Արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է նախարարի բացման խոսքը Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը: «Հարգելի տիկին Գլխավոր քարտուղարի տեղակալ,Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ,Հարգելի խորհրդարանականներ,Հարգելի Մարդու իրավունքների պաշտպան,Ձերդ գերազանցություն դեսպաններ,Տեսնում եմ դիվանագիտական կորպուսի շատ անդամների, և, իրապես, շատ շնորհակալ եմ, որ դուք նույնպես այստեղ եք: Այստեղ են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Շնորհակալ եմ բոլոր ներկաներին:Տիկնայք և պարոնայք, Հարգելի ընկերներ,Մեծապես ուրախ եմ ազդարարել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ քառամյա գործողությունների ծրագրի մեկնարկը։ Սա մեր համագործակցության կարևոր գործիք է: Արդեն իսկ լավ ավանդույթ է դարձել, որ գործողությունների ծրագրի մեկնարկը տրվում է Գլխավոր քարտուղարի տեղակալ Տիկին Բատաինի-Դրագոնիի ներկայությամբ և մասնակցությամբ։ Երրորդ անգամ է, որ Դուք այստեղ եք ծրագրի մեկնարկը ազդադարելու համար։ Եվ անձամբ եմ հիշում, երբ միասին տվեցինք նախորդ ծրագրի մեկնարկը 2012 թվականին։Մեր գործողությունների ծրագրի դրական գնահատականն այն է, որ այն եղել և մնում է կարևոր գործիք Հայաստանում քրեական արդարադատության, քրեակատարողական հիմնարկների, տեղական ժողովրդավարության, կոռուպցիայի, բարձրագույն կրթության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների խթանման համար: Այս տարի մեր առաքելությունն ավելի լայն է: Այս տարվա բյուջեն շատ ավելի հավակնոտ է. այն կազմում է 18,9 միլիոն եվրո և ունի հատուկ կենտրոնացում այն ոլորտներում կատարվող բարեփոխումների վրա, որոնք մեր կառավարության գերակայություններն են: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ մենք ունենք շատ լավ արձագանք գործողությունների ծրագիրը ֆինանսավորող դոնոր համայնքից: Մեր հաշվարկների համաձայն՝ այս պահի դրությամբ ապահովվել է 2019-2022թթ. գործողությունների ծրագրի բյուջեի մոտ 57 տոկոսի երաշխավորումը: Եվ դա գերազանց արդյունք է:Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, ովքեր իրենց ամուր աջակցությունն են հայտնել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրին: Ինչպես ասացի, սա բարեփոխումների գործիք է: րանք մեր բարեփոխումներն են. դրանք Եվրոպայի Խորհրդի բարեփոխումները չեն, դրանք դոնորական համայնքի բարեփոխումներ չեն: Սա այն է, ինչի կարիքը Հայաստանն ունի: Եվ սա այն է, ինչ Հայաստանը ցույց տվեց, առ այն, որ բացարձակապես լուրջ է այն հարցում, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել: Երկիր, որը նախագծված է եվրոպական չափանիշների համաձայն, երկիր, որը խորապես հիմնված էժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա: Սա այն երկիրն է, որը մեր հասարակությունն է ցանկանում ունենալ: Եվ դրա դրսևորման ականատեսը եղանք 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին՝ Թավշյա հեղափոխության ընթացքում: Այն արտացոլում է մեր ժողովրդի ցանկությունները և մեր կառավարության վճռականությունն ու հանձնառությունը: Ուստի, ես լիովին վստահ եմ, որ մենք գործնականորեն հնարավորություն ունենք մեր կարիքներին համահունչ օգտագործելու այս կարևոր Գործողությունների ծրագիրը, բարեփոխումների կարևոր այս գործիքը: Եվ երբ 2022թ. ամփոփելիս լինենք, ասենք, որ արձագանագրել ենք շոշափելի արդյունքներ, որ բարեփոխումների այս գործընթացում ունենք անհրաժեշտ հանրային վստահություն: Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել բարեփոխման մեկ կարևոր ոլորտ, որն առնչվում է արդարադատությանը, իրապես անկախ, անկողմնակալ դատական համակարգին Հայաստանում։ Անդրադառնալով այս թեմային՝ նշեմ, որ կառավարության կողմից իր լիազորությունները ստանձնելուց հետո հստակ ընդգծվեց, որ կառավարությունը կանի ամեն ինչ՝ անկախությունը և անկողմնակալությունն ապահովելու համար, կանի ամեն ինչ՝ բացառելու դատական համակարգի վրա որևէ ճնշում: Եվ, մեղմ ասած, կառավարությունը չի հանդուրժի արդարադատության վրա որևէ ճնշումը, , և դա պատճառ դարձավ երեք-ժամյա քաղաքական ակցիայի համար։ Բայց առավել կարևոր է, որ այն ընդգծեց առանց հապաղելու բարեփոխումների առաջմղման վճռականությունը։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդին, նրա արագ արձագանքի համար։ Նա հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի վարչապետի հետ և ասաց․ «Մենք այդտեղ ենք և ցանկանում ենք օգնել»։ Սա է մեր համագործակցության բնույթը, սա է Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության էությունը: Մեկ շաբաթվա ընթացքում ընդունել ենք փորձագետների, բարձր մակարդակի փորձագետների՝ լավ բարեկամ պարոն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ, ովքեր սկսեցին աշխատել բարեփոխումների բովանդակության և արդարադատության ոլորտում բարեփոխումների ֆինանսավորման վրա։ Հունիսի 12-ին, գլխավոր քարտուղարը պատասխան նամակ գրեց վարչապետ Փաշինյանին, որում վերահաստատեց բոլոր պայմանավորվածությունները, և այժմ մենք սկսել են աշխատանքները։Ներկայումս Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրում կատարում ենք բոլոր անհրաժեշտ կարգավորումները, որպեսզի հնարավոր լինի առանց որևէ հապաղման առաջ շարժվել բարեփոխումների հարցում ։ Ցանկանում էի ընդգծել այս հստակ դրույթը՝ այս համագործակցության արժեքավոր նշանակությունը, Եվրոպայի խորհրդում մեր անդամության նպատակը ցույց տալու համար։Ցանկանում եմ նորից շնորհակալություն հայտնել Ձեզ արագ արձագանքի համար։ Դատական բարեփոխումների, իրապես անկախ և անկողմնակալ դատական բարեփոխումների իրականացումը մեզ համար ամբողջական է դարձնում հեղափոխության փիլիսոփայությունը։ Այժմ մենք այդ փուլում ենք գտնվում։Իմ մյուս կարևոր դրույթը վերաբերում է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին: Սա մեզ համար շատ կարևոր ընտանիք է, ազգերի ընտանիք, որոնք կանգնած են կողք կողքի ընդհանուր արժեքների համատեքստում: Սա համաեվրոպական կառույց է: Սա կառույց է, որին մենք անդամակցում ենք 2001թ.-ից և տեսել ենք այդ անդամակցության օգուտները ինչպես լավ, այնպես էլ՝ վատ ժամանակներում: Եվ այսօր մենք մեր գործընկերների հետ միասին տոնում ենք Եվրոպայի խորհրդի 70-ամյակը: Ցանկանում եմ նաև առանձնահատուկ ընդգծել Եվրամիության և ԵԽ անդամ երկրների հետ մեր համագործակցության կարևորությունը, որոնք եղել են բարեփոխումներին ուղղված մեր փոխգործակցության եռանդուն աջակիցները՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Ինչպես գիտեք, նոր եմ վերադարձել անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի երկրորդ նիստից: Բրյուսելում ինձ հետ գտնվող գործընկերներից ոմանք այժմ այստեղ են: Եվ Եվրամիության հետ մեր համագործակցության շրջանակում կրկին Եվրոպայի խորհրդի հզոր փորձագիտական աջակցությունն է ցուցաբերվել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին : Մենք շարունակական երկխոսություն ենք վարում և´ Եվրոպայի խորհրդի, և´ Եվրոպական միության անդամ երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում, և այս առումով ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Հայաստանի խորը գնահատանքը:Այսօր մեկ այլ կարևոր առաքելություն ունենք կատարելու. մենք մարելու ենք Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված հոբելյանական փոստային բացիկ, որը թողարկվել է «ՀայՓոստ»-ի կողմից և արտահայտում է կազմակերպության և այս կարևոր հոբելյանի նկատմամբ մեր գնահատականը: Ցանկանում եմ խոսքս եզրափակել մեկ այլ դրույթով: Եվրոպայի խորհուրդն արտացոլում է մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան: Եվրոպայի խորհուրդը 47 անդամ պետություններն են, և մենք միասին ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր արժեքներն առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների Եվրոպայի տարբեր հատվածներում: Կարծում եմ, սա իրապես շատ ուժեղ կոչ է՝ հավաստիացնելու, որ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունն այն ամենին, ինչն անվանում ենք ընդհանուր արժեքներ: Մեր աշխատանքը պայմանավորված է Եվրոպայի խորհրդի հզորությամբ, որը հանդիսանում է մեր համատեղ աշխատանքի հենակետը ինչպես կազմակերպությունն ամրապնդելու, այնպես էլ՝ Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ՝ հանուն համընդհանուր արժեքների երաշխավորման։ : Քանի որ խոսքը մեր իրավունքների , մեր ազատությունների, մեր Եվրոպայի խորհրդի մասին է:Անչափ շնորհակալություն և բարի գալուստ»:
12:18 - 18 հունիսի, 2019
Դատական բարփոխումներն ավարտելը լիարժեք կդարձնի հեղափոխության ողջ փիլիսոփայությունը. ԱԳ նախարար |aysor.am|

Դատական բարփոխումներն ավարտելը լիարժեք կդարձնի հեղափոխության ողջ փիլիսոփայությունը. ԱԳ նախարար |aysor.am|

aysor.am։ Կառավարությունը հայտարարել է, որ կանի ամեն ինչ՝ դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելու, դատական իշխանության վրա որևէ ճնշում չգործարդրելու համար, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Լծվելու ենք աշխատանքի՝ առանց ձգձգումների առաջ տանելու բարեփոխումները։ Այս համագործակցությունը շատ արժեքավոր է։ Մեզ համար դատական բարփոխումներն ավարտելը լիարժեք կդարձնի հեղափոխության ողջ փիլիսոփայությունը», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։ ՀՀ արտգործնախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր կայանալու է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական բացիկի պաշտոնական մարման արարողությունը։ «Սա ի նշանավորումն այն բանի է, թե որքան բարձր ենք գնահատում այս կազմակաերպության դերը։ Եվրոպայի խորհուրդն աշխատում է իրավունքների և ազատությունների համար», - նկատեց Զոհրաբ Մնացականյանը։
10:29 - 17 հունիսի, 2019
Ուզում ենք կառուցել եվրոպական ստանդարտներով մոդելավորված երկիր. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Ուզում ենք կառուցել եվրոպական ստանդարտներով մոդելավորված երկիր. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

aysor.am։ Ինձ համար մեծ բավականություն է Հայաստան-ԵԽ գործողությունների նոր քառամյա ծրագրի մեկնարկը։ Դա մեր համագործակցության մեջ կարևոր գործիք է, 2019-2022թ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Հիշում եմ, երբ 2012թ.-ին ներկայացրեցինք առաջին ծրագիրը։ Դրական արձագանքն այն էր, որ դա կարևոր գործիք է եղել Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար՝ քրեական արդարադատությունից մինչև տեղական ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար և բազմաթիվ այլ ոլորտներ։ Այս տարի մեր հավակնություններն ավելի բարձր են, բյուջեն՝ բավական հավակնոտ՝ 18.9 միլիոն դոլար, և կենտրոնացած է բարեփոխումների այն ուղղությունների վրա, որոնք կառավարության համար գերակա են», - ասաց ՀՀ արտգործնախարարը։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ այս պահին շատ դրական արձագանքներ են ստանում դոնորական հանրույթից։ «Հաշվարկել ենք, որ մոտ 57 տոկոսը խոստացված է՝ 2019-2021 թվականների գործողությունների կատարման համար։ Դա գերազանց արդյունք է։ Սրանք մեր բարեփոխումներն են, Եվրոպայի խորհրդինը կամ դոնորական կազմակերպություններինը չեն։ Հայաստանը ցույց է տվել, որ լուրջ է տրամադրված, և ուզում ենք կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտներով, ամուր կանգնած է ժողովրդավարության և մարդու իրավունքների միասնական արժեքների վրա։ Ես ամբողջովին վստահ եմ, որ մենք լավագույն նախապայմաններն ունենք, որպեսզի այս կարևոր ծրագիրը լավագույնս ծառայեցնենք մեր երկրի կարիքներին», - ասսաց Զոհրաբ Մանացականյանը։
09:48 - 17 հունիսի, 2019
Հայաստանն առավել շատ ուշադրություն է դարձնում ոչ թե ձևին, այլ բովանդակությանը․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանն առավել շատ ուշադրություն է դարձնում ոչ թե ձևին, այլ բովանդակությանը․ Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսին. «Բարձր ներկայացուցիչ Մոգերինի,Հարգելի՛ Ֆեդերիկա,Մեկ անգամ ևս շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Մենք այսօր շատ արդյունավետ քննարկում ունեցանք Հայաստան-ԵՄ գործընկերային խորհրդի երկրորդ հանդիպման շրջանակներում: Մենք մտքեր փոխանակեցինք հարցերի լայն շրջանակի շուրջ՝ քաղաքական հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ոլորտային համագործակցություն, զարգացում եվրոպական գործընկերության շրջանակներում:Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք, որ մեր համապարփակ համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և դրանք պահպանելու ամուր հանձնառության վրա: Հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, կայուն ինստիտուտներ և տոկուն հասարակություն ունեցող ամուր ժողովրդավարություններ կառուցելու համատեղ ձգտումների վրա:Մենք նաև քննարկել ենք վերջին տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, և ես ներկայացրեցի կառավարության կողմից ձեռնարկված տարբեր միջոցաեումները, տարբեր քաղաքականությունները, որոնք առնչվում են կոռուպցիայի խնդրին, սոցիալ-տնտեսական ոլորտում բոլորի համար հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծման կարևոր առաջնահերթությանը, ինչպես նաև այս ուղությամբ համապատասխան քաղաքականության իրականացմանը:Մենք նաև Եվրոպական միության մեր գործընկերներին ենք ներկայացրել որոշ վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչ ձևով է մեր քաղաքականությունն անդրադարձել տնտեսության վրա, ինչպես նաև ընդգծել ենք մեր խորը հանձնառությունը՝ իրականացելու այդ բարեփոխումները, որոնք բխում են 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության ոգուց և էությունից: Ես նաև անդրադարձա Հայաստանում իրավական բարեփոխումների էական առաջնահերթությանը, որը շատ մեծ տեղ է զբաղեցնում մեր ներքին օրակարգում՝ ընդգծելով մեր համագործակցության կարևորությունն այդ նպատակին հասնելու համար:Մենք արժևորեցինք առաջին Գործընկերության խորհրդից հետո արձանագրված զարգացումը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխադարձ այցելությունների համատեքստում: Կցանկանայի նշել, որ մենք շատ կարևոր երկկողմ այց ունեցանք մարտին. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Բրյուսել: Ցանկանում եմ նորից շեշտել ինչպես այս այցի, այնպես էլ դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, այդ թվում այն պայմանավորվածությունների, որոնք վերաբերում են մեր հարաբերությունների խորացմանը որոշակի ոլորտներում և Հայաստանի զարգացմանն ուղղված հստակ ծրագրերին, որոնք մենք համաձայնել ենք միասին առաջ մղել: Ես նաև ցանկանում եմ անդրադառնալ 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին, որոնք միանգամայն վճռական նշանակություն ունեին: Դրանք իրապես ազատ և արդար գնահատվեցին միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Եվ ինչն ամենակարևորն է, դրանք այդպիսին ընդունվեցին մեր հանրության կողմից: Եվս մեկ անգամ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին այս ընտրությունների բարեհաջող կազմակերպման հարցում մեզ տրամադրած աջակցության համար:Մենք նաև այսօր հանգամանալից քննարկեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Այս համաձայնագիրը, ըստ էության, մեր հարաբերությունների սահմանադրությունն է, որի շրջանակներում մենք մշակել ենքմեր համագործակցությունը քաղաքական, արդարադատության, առևտրի, անվտանգության, մարդու իրավունքների, զարգացման ոլորտներում, ինչպես նաև այնպիսի ոլորտային ուղություններով, ինչպիսիք են տրանսպորտը, հաղորդակցությունը, շրջակա միջավայրը և այլն:Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից` իմ երախտագիտությունը հայտնելու ԵՄ անդամ այն երկրներին, որոնք, այս պահի դրությամբ, արդեն իսկ վավերացրել են ՀԸԳՀ-ն, և կցանկանայի նաև կոչ անել անդամ մյուս երկրներին քայլեր ձեռնարկել իրենց ներքին վավերացման գործընթացներն արագացնելու ուղղությամբ, որպեսզի ՀԸԳՀ-ն վերջնականապես ուժի մեջ մտնի:Այսօրվա հանդիպման ամենակարևոր արդյունքներից մեկն այն էր, որ մենք նաև քննարկեցինք և համաձայնեցինք ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ: Այն մեզ համար ուշադիր կերպով մշակված ծրագրային փաստաթուղթ է, որը համաձայնագրի կիրարկումը և մշտադիտարկումը դարձնում է լավ կառուցված և թիրախավորված: Մենք նաև գնահատեցինք Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթություններն՝ ուղղված մեր հարաբերությունների հետագա խորացման խթանմանը:Մենք լայնորեն քննարկեցինք երկկողմ և բազմակող օրակարգին վերաբերող մի շարք կարևոր հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, որոնց, մասնավորապես, Տիկին Մոգերինին արդեն իսկ անդրադարձավ, և որոնք ես լիովին կիսում եմ:Մենք նաև կարծիքներ փոխանակեցինք Հայաստան-Եվրամիություն վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարների շուրջ, ինչը կարևոր փոխադարձ հանձնառություն է՝ արտահայտված տարբեր երկկողմ և բազմակողմ համաձայնագրերում:Մենք մեր կողմից հետևողական քայլեր ենք ձեռնարկում վիզայի դյուրացման և հետընդունման պայմանագրերի արդյունավետ կիրարկման ուղղությամբ: Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի ակտիվ խթանման նպատակով մենք ներգրավված ենք եղել անդամ պետությունների հետ ուղիղ երկխոսության մեջ՝ իհարկե ԵՄ կառույցների հետ ներգրավվածությանը զուգահեռ:Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ այս հարցին անդրադարձել ենք մեր հանդիպման ժամանակ. այն կարևոր հարց է, որը կոնսոլիդացնում և ամրապնդում է մեր հարաբերությունների բնույթը՝ մարդկանց միավորելու ճանապարհով: Մարդկանց միջև շփումների դրյուրացումն ամրապնդում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորությունը, և այդ գործընթացքում ես տեսնում եմ մեր ժողովուրդների ազատ տեղաշարժի և կապերի ամրապնդմանը միտված քայլերի արագացման կարևոր քաղաքական գործառույթը: Փոխկապակցվածությունը և շարժունակությունն այդ առումով կարևոր քաղաքական նշանակություն ունեն:Մենք նաև ակնկալում ենք, որ մեզ կգնահատեն ըստ մեր գործողությունների` այլ համատեքստերի հետ կապելու փոխարեն: Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի նախագահ պարոն Յունկերին այն ամուր աջակցության համար, որը նա հայտնել է վարչապետ Փաշինյանի այցի և վարչապետի հետ հանդիպման, ինչպես նաև մարտին կայացած նրանց համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:Այսօրվա մեր քննարկման մյուս թեման Արևելյան գործընկերության տասնամյակն էր: Արևելյան գործընկերության կարևոր նվաճումներից է ընդհանուր արժեքների գնահատումը, ինչպես նաև մեր տարածաշրջանում և մեր երկրում կայուն զարգացման գործում ունեցած կարևոր ներդրումը: Ցանկանում եմ նաև հայտարարել, որ մենք մեր սեփական ներդրումը կունենանք ազգային մակարդակով՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկելով երիտասարդության հզորացմանը և նորարությանը նվիրված միջոցառում: Իհարկե, հրավեր ենք հղում ԵՄ անդամ երկրների մեր բոլոր գործընկերներին և, իհարկե, ԱլԳ անդամ երկրներին և ակնկալում ենք հյուրընկալել նրանց Հայաստանում:Այսօր մենք նաև քննարկել ենք «20 արդյունք մինչև 2020թ»-ի իրականացումը:Իհարկե, մենք նաև քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և ես վերահաստատել եմ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային միջնորդության ձևաչափի շրջանակներում: Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են բանակցային գործընթացում: Մեզ համար մյուս կարևոր առաջնահերթությունը վերաբերում է նրան, որ ուշադրության կենտրոնում պահենք խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և խթանումը: Հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, լարվածության աճի վտանգների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը շարունակում են մնալ շատ կարևոր առաջնահերթություններ: Ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարումը խիստ կարևոր պայմաններ են բանակցություններում առաջընթացի համար:Մենք ողջունում և ընդգծում ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ԵՄ-ի աջակցության կարևորությունը: Մենք նաև գնահատում ենք Եվրամիության դերը՝ տարբեր ծրագրերի իրականացմամբ աջակցելու բանակցային գործընթացում առաջընթացին նպաստող միջավայրի ձևավորմանը: Եվ մենք նաև ընդգծել ենք, որ նման ծրագրերը պետք է լինեն շատ զգուշորեն թիրախավորված, որպեսզի իրապես ծառայեն մարդկանց միջև շփումների նպատակին:Կցանկանայինք վերահաստատել, որ մենք խորապես գնահատում ենք Եվրամիության հետևողական դիրքորոշումը՝ աջակցելու գործընթացին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչպես նաև աջակցելու այն առաջարկություններին ու գաղափարներին, որոնք ներկայացվում են այս ձևաչափի, այս բանակցությունների շրջանակներում։Եվ, իհարկե, մենք խորապես վստահ ենք Եվրոպական միության նմանօրինակ համակարգված աջակցության հետևողականության վրա: Մենք նաև դա ենք քննարկել։ Ուստի ևս մեկ անգամ շնորհակալություն դրա համար։Ցանկանում եմ խոսքս եզրափակել կրկին նշելով, թե որքան բարձր ենք գնահատում այն լայն համագործակցությունը, որը մենք ունենք Բարձր ներկայացուցչի և Հայաստանի նվիրյալ բարեկամներ հանդիսացող իր թիմի հետ, ովքեր լավ են ճանաչում Հայաստանը, և ովքեր եղել են ակտիվ դերակատարներ այն ամենում, ինչը մենք կոչում ենք Հայաստան-Եվրամիություն ամուր հարաբերություններ։ Ես ցանկանում եմ առիթն օգտագործել շնորհակալություն հայտնելու նաև մեր թիմին՝ բաղկացած Հայաստանի կառավարության տարբեր անդամներից՝ փոխնախարարների և այլ մակարդակներով, ովքեր տարվա ընթացքում ջանասիրաբար աշխատել են մեր հարաբերություններն առարկայական դարձնելու համար։Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Ֆեդերիկա՛, բարեկամական ոգու, աջակցության, պրագմատիզմի և կայուն հանձնառության համար՝ ուղղված Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման կարևորագույն առաջնահերթությանը։Deutsche Welle. Պարոն նախարար, գիտեմ, որ Գործընկերության խորհրդում Հայաստանն ավանդաբար ներկայացաված է արտգործնախարարի մակարդակով: Այդուհանդերձ, արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նախատեսում գլխավորել Խորհրդում Հայաստանի պատվիրակությունը։ Նկատի ունեմ, խորհրդանշական կլիներ ցույց տալ, թե որոնք են Ձեր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Շնորհակալ եմ։Զոհրաբ Մնացականյան․ Շատ շնորհակալ եմ։ Նշեմ, որ Հայաստանն առավել շատ ուշադրություն է դարձնում ոչ թե ձևին, այլ բովանդակությանը։ Եվ կրկնեմ, որ վարչապետի անմիջական մասնակցությամբ ունեցել ենք բոլոր մակարդակներով փոխանակումների, քննարկումների և հանդիպումների դինամիկ տարի։ Այս տեսանկյունից բավականին հագեցած տարի էր, և մենք դրանով կանգ չենք առնելու:Ես հենց նոր բացման խոսքում նշեցի վարչապետի երեք 3 այց: Երկկողմ այցը տեղի է ունեցել այս տարվա մարտին, նախկինում եղել է մեծ ներգրավվածությամբ հանդիպում Բրյուսելում 2018թ.-ին, երբ մենք ունեցանք ներգրավվածություն ԵՄ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ նախագահ Տուսկի, նախագահ Յունկերի և բարձր հանձնակատար Մոգերինիի հետ: Ուստի կարծում եմ, որ վարչապետը անձամբ շատ լավ ճանաչում է Եվրոպական միության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին այսքան ծավալուն և դինամիկ երկխոսության և ներգրավվածության շնորհիվ: Ուստի այդ առումով որևէ կասկած չկա: Ցանկանում եմ նաև ընդգծել վարչապետի ներգրավվածությունն Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիված մջոցառումներին այս տարվա մայիսին: Այսքանը վարչապետի առչությամբ:Ինչ վերաբերում է բովանդակությանը, ես նաև ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ինչպես ենք մենք կազմակերպել մեր աշխատանքը՝ կիրարկելու այն, ինչ ես անվանում եմ մեր հարաբերությունների սահմանադրական շրջանակ, այն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվ այդ նպատակով մենք Հայաստանում ունենք շատ կարևոր համակարգող մեխանիզմ, որը նախագահում է Հայաստանի փոխվարչապետը, և որը շատ լայն և համընդգրկուն աշխատանքում ներգրավվում է բոլոր պետական գերատեսչություններին և նախարարություններին: Դրա արդյունքն այն ճանապարհային քարտեզն է, որը ես արդեն իսկ անվանեցի թիրախային, համակարգային փաստաթուղթ ՀԸԳՀ-ի թիրախային և կառուցվածքային կիրարկման համար: Մենք այսօր ներկայացված ենք ի դեմս մի շարք նախարարություններում մեր գործընկերների։ Սա է մեր աշխատելաոճը՝ նման համախմբված ձևով միս ու արյուն հաղորդելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի վրա։Այսպիսով, կարծում եմ միմյանց լավ ճանաչելու և մեր կարևոր օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ մարտավարական աշխատանք իրականացնելու առումով խնդիր չունենք»:
09:46 - 14 հունիսի, 2019
Մնացականյանը Մոգերինիին պատմել է ԼՂ կարգավորման վերջին զարգացումներից

Մնացականյանը Մոգերինիին պատմել է ԼՂ կարգավորման վերջին զարգացումներից

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։Նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը և այս տեսակետից կարևորել հրադադարի անվերապահ պահպանումը և ամրապնդումը: Երկուստեք արժևորել է վստահության ամրապնդման միջոցառումների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմանավորվածությունների իրականացումը:Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստը լավ առիթ է՝ ամփոփելու և գնահատելու խորհրդի առաջին նիստից հետո կատարված աշխատանքները և ուրվագծելու գործընկերության շրջանակներում ձեռնարկվելիք հետագա քայլերը:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորել է կառավարության որդեգրած բարեփոխումների և զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականությունը: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում, հայտնում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
13:40 - 13 հունիսի, 2019