Հայաստան

CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն պահանջել Ադրբեջանից |armenpress.am|

CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն պահանջել Ադրբեջանից |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին։ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը տեղյակ չի եղել Վալերի Պեկրեսի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին, սակայն, իմանալու դեպքում ակնհայտ է, որ թույլ չէր տա նրան լքել Լեռնային Ղարաբաղը։ CCAF-ը, մասնավորապես, կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանից բացատրություն և ներողություն պահանջել նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին այսպիսի ահաբեկող հայտարարության վերաբերյալ, և, դրանք չստանալու դեպքում, ետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին։ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն ինքը մամուլի հետ զրույցում նշել է նախագահական ընտրություններում թեկնածուի հասցեին նման սպառնալիք հնչեցնելու լրջության մասին, նշելով, որ թեկնածուն պետք է լինի ազատ՝ գնալու այնտեղ, որտեղ ցանկանում է։ Վալերի Պեկրեսը նշել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն վախեցնում, սակայն ցնցված է սպառնալիքների վերաբերյալ ֆրանսիական կառավարության լռությունից։ Պեկրեսը նշել է, որ կցանկանար, որպեսզի ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես պատասխաներ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին օտարերկրյա պետության նախագահի կողմից հնչեցված այսպիսի սպառնալիքին։ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան և Արցախ է այցելել 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը։ Այցի ընթացքում նրան ուղեկցել են Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար և նախկին եվրոպական հանձնակատար Միշել Բարնիեն, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի հանրապետական խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն։
10:52 - 15 հունվարի, 2022
ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ․ ԵՄ-ն կոչ է անում ջանքեր գործադրել այդ ուղղությամբ

 |armenpress.am|

ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ․ ԵՄ-ն կոչ է անում ջանքեր գործադրել այդ ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am:  ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր դեպի  առաջ, և Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա ցանկացած կոնկրետ քայլ լավ նորություն կլիներ տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,- նշել է Ստանոն: Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ նրա փոխգործակցության առումով: «2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 մլն եվրո է հատկացրել այն նախագծերի համար, որոնք ուղղված են հող նախապատրաստելուն մի շարք ոլորտներում հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը եւ տեղեկատվության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն, հնարավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- եզրափակել է Ստանոն:
22:18 - 14 հունվարի, 2022
Երկաթուղու՝  Երասխի և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի իրականացման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

Երկաթուղու՝ Երասխի և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի իրականացման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: «Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝ 1. Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ - Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»,- ասված է որոշման մեջ: Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, որը 2015-2021 թթ. եղել Իրանում ՀՀ դեսպանը։  Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արտաշես Թումանյանը հունվարի 14-17-ը գործուղվել է Սյունիքի մարզ: հավելված
20:48 - 14 հունվարի, 2022
ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները պատրաստակամ են երկխոսության մեջ մտնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով․ՌԴ ԱԳՆ  |tert.am|

ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները պատրաստակամ են երկխոսության մեջ մտնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով․ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված ձևով՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:«Կողմերը դրսևորել են իրենց պատրաստակամությունը երկխոսության մեջ մտնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց ոգով և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» հեշտից շարժվելով դեպի բարդը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր հատման կետերի որոնումները, որոնք կաշխատեն ի շահ երկու երկրների ժողովուրդների՝ ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», - ասված է գերատեսչության հայտարարությունում։
19:05 - 14 հունվարի, 2022
Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է՝ պատրաստ են շարունակել շփումները Հայաստանի հետ առանց նախապայմանների |armenpress.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է՝ պատրաստ են շարունակել շփումները Հայաստանի հետ առանց նախապայմանների |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ: Հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը ևս որակվել է դրական և կառուցողական: «Իրենց առաջին հանդիպման ընթացքում, որն անցավ դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ:  Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման նպատակով բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ կողմերի միջև երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ: «Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ՝ դիվանագիտական խողովակներով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություն ավելի վաղ տարածել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
17:38 - 14 հունվարի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
16:19 - 14 հունվարի, 2022
Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը չի վերաբերում ԼՂ կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է․ Լավրով |civilnet.am|

Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը չի վերաբերում ԼՂ կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է․ Լավրով |civilnet.am|

civilnet.am: Մենք ուզում ենք արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաանզատման գործընթացը։ Դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։ Այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021-ի գործունեությունն ամփոփող մեծ ասուլիսի ժամանակ։ Հայկական «Վերելք» լրատվականը հարց ուղղեց Լավրովին, թե արդյոք հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը որևէ կապ ունի ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում հայաստանյան ստորաբաժանման մասնակցության հետ։ «Ես Բաքվում կամ Անկարայում պաշտոնյաների կողմից չեմ տեսել նյարդային արձագանք։ Պաշտոնատար անձինք բացասական մեկնաբանություններ չեն արել»,- ասաց Լավրովը։ Նա հավելեց, որ Ռուսաստանը ուզում է արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաանզատման գործընթացը, որը, դիվանագետի խոսքով, չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։ «Առաջարկում ենք մեզ որպես խորհրդատու սահմանազատման այդ հանձնաժողովում, քանի որ Ռուսաստանի Գլխավոր շտաբն ունի ԽՍՀՄ քարտեզներ»,- ընգծեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ «Երեկ այդ թեմայով շփվել եմ հայ պաշտոնակցիս հետ, առկա են առաջարկներ։ Մեր դիրքորոշումն է՝ նստել ու հանձնաժողովի շրջանակում լուծել բոլոր հարցերը, որոնք համաձայնեցված չեն»,- նշեց Լավրովը։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ սահմանազատման մասին հարցին, Լավրովը հայտարարեց, որ այդ գործընթացում առաջընթացը բավարար չէ, բայց առաջարկների քննարկումները շարունակվում են։
14:50 - 14 հունվարի, 2022
Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ նախագահությանն Ադրբեջանի սադրանքների դադարեցման գործուն միջոցներ ձեռնարկելու կոչ է արել

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ նախագահությանն Ադրբեջանի սադրանքների դադարեցման գործուն միջոցներ ձեռնարկելու կոչ է արել

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հունվարի 13-ին տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ներկայացրել է լեհական նախագահության առաջնահերթությունները: Հաջորդած մտքերի փոխանակման ընթացքում ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակ կազմակերպվող սադրանքներին և ռազմական բախումներին, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: «Մասնավորապես, անդրադարձ եղավ ՀՀ ինքնիշխան տարածք 2021թ. մայիսի 12-ից ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ս.թ. հունվարի 11-ին հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ կազմակերպած սադրիչ գործողությանը, ինչի արդյունքում զոհվել են ՀՀ զինծառայողներ Արթուր Մխիթարյանը, Ռուդիկ Ղարիբյանը և Վահան Բաբայանը: Ընդգծվեց, որ վերջին օրերին Բաքվից հնչող հայատյաց և, միևնույն ժամանակ, «ինքնախոստովանական» հայտարարությունները հաստատում են, որ այդ բախումները նախաձեռնել է Ադրբեջանը»,,- ասվում է հաղորդագրության մեջ: ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունը կրկին հրավիրվեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների խնդիրներին, որոնք մինչ օրս չեն հանգուցալուծվել՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների ոտնահարման հետևանքով: Նշվում է, որ դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները, և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը: «ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ ընդգծեց, որ ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը չի կարող «լուծել» որևէ հակամարտություն և ադրբեջանական կողմից ուժի կիրառումը, որպես հակամարտության կարգավորման լեգիտիմ գործիքի ներկայացումը վտանգում է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգությունը և վարկաբեկում հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպությունները՝ այդ թվում ԵԱՀԿ-ն: Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը կոչ արեց ԵԱՀԿ լեհական նախագահությանը ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը, և հույս հայտնեց, որ Լեհաստանի նախագահությունը միջազգային այլ գործընկերների հետ միասին կօգտագործի առկա գործիքակազմը՝ Ադրբեջանին հստակ և միանշանակ ուղերձ հղելու համար, որ ուժի շարունակական կիրառումը չի կարող հանդուրժվել և անհետևանք մնալ»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր սադրանքները, դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, դադարեցնի լարվածության սրումը թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի հետ շփման գծում և կատարի իր ստանձնած պարտավորությունները։
21:07 - 13 հունվարի, 2022
Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝  Հայաստանը հիմնական դերը խաղաց բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում. Շոյգուն՝ Պուտինին

 |armenpress.am|

Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝ Հայաստանը հիմնական դերը խաղաց բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում. Շոյգուն՝ Պուտինին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, Շոյգուն շեշտել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է խաղար հիմնական դերը բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում, և այդ ամենն արվել է: Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում, հսկողության տակ վերցրել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ: «Դրանք կապի, էներգետիկայի, պետության կենսագործունեության ու գործունակության ապահովման համար պատասխանատու օբյեկտներ են: Այդ թվում, Ղազախստանի ղեկավարության խնդրանքով ու Ձեր հանձնարարականով հսկողության տակ են վերցվել մի շարք օբյեկտներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ահաբեկիչների վերահսկողության տակ անցնելու դեպքում»,- նշել է Շոյգուն: ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ այս պահին կառավարումը կայուն է, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն աշխատում են լիարժեք փոխգործակցության պայմաններում: «Հաստատել ենք զորքի փուլային դուրսբերման ու օբյեկտները Ղազախստանի հսկողությանը հանձնելու որոշումը: Դուրսբերումը սկսվում է այսօր: Վաղը 14 ինքնաթիռներով դուրս ենք հանում մեր գործընկերների՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի խաղաղապահ ուժերը: Պլանավորվում է ամբողջ աշխատանքն ավարտել հունվարի 19-ին»,- հավելել է նա: Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը շատ կարևոր դեր են խաղացել Ղազախստանում իրավիճակի կայունացման հարցում: «Շատ կարևոր է, որ իրավիճակը կարգավորվեց ՀԱՊԿ օգնությամբ: Սա, ըստ էության, ՀԱՊԿ ուժերի առաջին նման օպերացիան էր: Միացյալ ջանքերով մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք: Կարողացանք արագ կենտրոնացնել բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները, ռեսուրսները: Ամեն ինչ աշխատեց ժամացույցի նման. արագ, կազմակերպված ու արդյունավետ»,- հավելել է ՌԴ նախագահը:
20:18 - 13 հունվարի, 2022
Ադրբեջանի 4 զինծառայող գերեվարել են Տեղ համայնքի բնակչին, ինչպես նաև 400-450 ոչխար․ ՄԻՊ Արման Թաթոյան

Ադրբեջանի 4 զինծառայող գերեվարել են Տեղ համայնքի բնակչին, ինչպես նաև 400-450 ոչխար․ ՄԻՊ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։    «Ըստ ահազանգի տվյալների՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: Ահազանգը ճշգրտվել է. այս հանգամանքները ականատեսի տվյալներ են:    Ըստ լրացուցիչ ճշտման՝ միջադեպի մասին տեղեկացված են ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ:   Այս ահազանգը վկայում է ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով ՀՀ խաղաղ բնակչի կյանքի, անձնական ազատության և սեփականության իրավունքների նկատմամբ հանցավոր ոտնձգության մասին:   ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ Ադրբեջանական զինված ծառայողների չդադարող հանցանքները, որոնք գրեթե ամեն օր են, անհնարին են դարձնում մարդկանց նորմալ կյանքը, զրկում են ընտանիքի եկամուտը վաստակելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, պատճառում են սոցիալական խնդիրներ:   Այս միջադեպն ապացուցում է, որ ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի:   Այս հարցի լուծումը հրատապ է. դա անհրաժեշտ է մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգությունն ու բնականոն կյանքը վերականգնելու համար. պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:   Այս միջադեպի փաստը կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հաղորդումներում: Նույնը պետք է անի Կառավարությունը. այս փաստը պետք է օգտագործվի մարդկանց իրավունքները հիմնարար պաշտպանելու նպատակի համար»,-ասված է գրառման մեջ։ 
19:45 - 13 հունվարի, 2022
Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:
19:07 - 13 հունվարի, 2022