Հայաստան

Հայ-հունական բարեկամությունը թեև ամուր է, բայց զարգացնելու ներուժ կա․ Թունյանն ընդունել է Հունաստանի պատվիրակությանը

Հայ-հունական բարեկամությունը թեև ամուր է, բայց զարգացնելու ներուժ կա․ Թունյանն ընդունել է Հունաստանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-հունական դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ դրանք թեեւ ամուր են, այնուամենայնիվ զարգացնելու ներուժ կա: Անդրադարձ է կատարվել երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին: Բաբկեն Թունյանը նշել է, որ Կառավարությունն Ազգային ժողովի հետ միասին մեծածավալ աշխատանք է կատարել եւ այժմ էլ շարունակում է աշխատանքներ կատարել ներդրումային դաշտի բարելավման, հարկային համակարգի կատարելագործման եւ գործարար միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ:  Առաջիկա տարիներին տնտեսության մի շարք ոլորտներում շոշափելի արդյունքներ արձանագրելու տեսանկյունից նա կարեւորել է Եվրամիությունից ստացվելիք 2,5 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
19:10 - 30 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը: Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Քննարկվել են այս տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:
15:36 - 30 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև ռազմագերիների ու պատանդների վերադարձին. ԱԳՆ խոսնակ

Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև ռազմագերիների ու պատանդների վերադարձին. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, նշել է, որ նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում: Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։ Երկրորդ՝ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը: Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։ «Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»,-նշել է Հունանյանը։
09:31 - 30 նոյեմբերի, 2021
Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում |factor.am|

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում |factor.am|

factor.am: Տաջիկստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող ECO գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է իրանական TASNIM գործակալությունը։ Նշվում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը տարածաշրջանում։ Ռայիսին զրույցի ընթացքում ընդգծել է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սերտ համագործակցության մասին։ Իրանի նախագահն անդրադարձել է նաև տարածաշրջանային իրավիճակին և նշել, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն դրա երկրների կողմից։ Իր հերթին՝ Էրդողանն ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը խորացնել հարաբերություններն Իրանի հետ։ Նա նաև կարևորել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 10 անդամներն են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:23 - 28 նոյեմբերի, 2021
Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը |armtimes.com|

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը |armtimes.com|

armtimes.com: Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը: Պաշտոնյան հանդիպումը անվանել է կարևոր, արդյունավետ ու կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, հաղորդում է Mehr-ը: Նա այդ մասին հայտնել է Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո աֆղանցի փախստականների վիճակն ու իրադարձությունները Վիեննայում բանակցությունների կապակցությամբ: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում ընթացիկ վիճակը՝ ներառյալ Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի առաջնորդների հանդիպումը ու դրա արդյունքում ստորագրված հռչակագիրը, ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարությունները կատարելու հարցերը, ինչպես նաեւ "3+3" ձեւաչափում համագործակցությունը:
17:15 - 28 նոյեմբերի, 2021
Ալիևն Աշխաբադում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում» |tert.am|

Ալիևն Աշխաբադում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում» |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովում, անդրադարձել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտնում է haqqin.az-ը:«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ երկրները կօգտվեն այս միջանցքից»,-ասել է նա։Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովում, ասել է, որ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը նպաստում են տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը:
17:06 - 28 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Սոչիում կայացած եռակողմ բանակացությունները |factor.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Սոչիում կայացած եռակողմ բանակացությունները |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Այս մասին կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի հայտարարությունը տեղադրվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումը։ Նա ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ուղիղ կապի վերականգնումն ամենաբարձր մակարդակով և նրանց պատրաստակամույունը կատարել Նոյեմբերի 9-ի և Հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորվածությունները։ Նա վերահաստատել է ՄԱԿ-ի մոտեցումներն առ այն, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն կառուցողական երկխոսության արդյունքում, նաև՝ հնարավոր բոլոր ֆորմատների օգտագործմամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ։ Գուտերեշը գոհունակությամբ է նշում Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու գործում», – ասված է հայտարարության մեջ։
11:10 - 28 նոյեմբերի, 2021
Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Lվիվի հայկական փողոցում (вул. Вірменська, 13) Պատվո հյուպատոսության գրասենյակի բացման նպատակով նոյեմբերի 26-ին Լվիվ էր ժամանել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ․ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։   Հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսք ասացին Լվիվի մարզպետ Մաքսիմ Կոզիցկին, Լվիվի քաղաքապես Անդրեյ Սադովին, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։   Բացման խոսքում դեսպան Կարապետյանը խոսեց Լվիվում hայերի ավանդի, հայկական ժառանգության մասինմ, հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմամն գործում։    Դեսպան Կարապետյանը ընդգծեց, որ Լվիվը Ուկրաինայում առանձնահատուկ քաղաք է հայերի համար, քանզի Լվիվում հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։ Այսօր էլ հայ համայնքը համախմբված է Լվիվի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է։   Նույն օրը տեղի ունեցան դեսպան Կարապետյանի առանձին հանդիպումները Լվիվի մարզի նահանգապետ Մ․ Կոզիցկիի և Լվիվի քաղաքապետ Ա․ Սադովիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Ուկրաինայի նշված տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
15:47 - 27 նոյեմբերի, 2021
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցում ընդհանուր պատկերացում ունենք. Փաշինյանը՝ եռակողմ հանդիպման մասին |armenpress.am|

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցում ընդհանուր պատկերացում ունենք. Փաշինյանը՝ եռակողմ հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում առկա է ընդհանուր պատկերացում, թե ինչպես են դրանք աշխատելու: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության ժամանակ: «Ուզում եմ հաստատել, որ մենք ունեցանք շատ դրական հանդիպում, զրույց, մենք փաստացի քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը: Սա հանդիպում էր՝ ոչ թե խնդիրները թաքցնելու համար, այլ սա հանդիպում էր, որտեղ մենք բաց քննարկեցինք բոլոր հարցերը: Եվ ուզում եմ նշել, որ շատ դրական է, որ շատ հարցերի շուրջ մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, պարզվեց, որ որոշ հարցերում մենք տարընթերցումներ չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ: Ես ուզում եմ ասել, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում մենք արձանագրեցինք, որ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են աշխատելու այդ կոմունիկացիաները»,- ընդգծեց Փաշինյանը: Կողմերը քննարկել են նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսելու թեման, նաև ընդունել եռակողմ հայտարարություն: «Դրանցում ֆիքսել ենք, որ մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծել անվտանգության և կայունության մեխանիզմներ»,- նշեց ՀՀ վարչապետը: Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
22:05 - 26 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը,  Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:   Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։ Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։   Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։   Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։   Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:
21:48 - 26 նոյեմբերի, 2021