Հայաստան

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը |armenpress.am|

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքը կշարունակվի այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք արդեն իսկ համաձայնեցված են: «Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր: Ենթադրվում էր, որ մոտ օրերը մենք կշարունակենք աշխատանքային խմբի աշխատանքը: Հուսով եմ, որ իրադրությունը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատանքն այն հիմնարար սկզբունքների շրջանակում, որոնք արդեն իսկ համաձայնեցված են»,- ասել է Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ «աշխատանքային խմբի բոլոր նիստերը մինչև հիմա անցել են կառուցողական երկխոսության ձևաչափով»: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի շրջանակում կողմերը «փոխըմբռնում են ունեցել երկաթգծային ենթակառուցվածքի վերականգնման ու ապաշրջափակման հարցերով»: «Նաև կար ընկալում, որ ճանապարհների ինքնիշխանությունը պատկանելու է այն երկրներին, որոնց տարածքով դրանք անցնելու են, և այդ ճանապարհները, իրենց հերթին, լինելու են այն երկրի իրավասության ներքո, որտեղով դրանք անցնելու են: Այլ հարցերով դեռևս մնում են նրբերանգներ»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Մոսկվայում:
11:27 - 08 դեկտեմբերի, 2021
Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը․ Եղիշե Կիրակոսյան |hetq.am|

Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը․ Եղիշե Կիրակոսյան |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել է Ադրբեջանի պահանջների մեծ մասը։ Հայաստանը ողջունում է Դատարանի որոշումը և անհամբեր սպասում է գործնականում դրա իրականացմանը Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»։ Նշենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դեկտեմբերի 7-ին հրապարակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցի կիրառման որոշումը։ Այն  հեռարձակվել է ուղիղ եթերով։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջների մեծ մասը, այդուհանդերձ չի բավարարել գլխավորը. Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել հայ ռազմագերիներին։ Փոխարենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այդ երկրին պարտավորեցրել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունն ու երաշխավորել նրանց հավասարությունն օրենքի առաջ։ Դատարանի հրապարակած որոշման մեջ, որն ընթերցել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն, նշվում է, որ Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, պետք է միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու ուղղությամբ՝ ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից։ Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ Միջազգային դատարանը ամրագրել է, որ պետական մակարդակով Ադրբեջանում հակահայկական ու հայատյացության քարոզչություն և քաղաքականություն է իրականացվում։ Արդարադատության դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, այդ թվում՝ եկեղեցիների, պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, գերեզմանների նկատմամբ։ Իր գանգատում հայկական կողմը նշել էր նաև Բաքվի զինավարի չարաբաստիկ այգու փակման ու Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտության հարցը, որը սակայն չի բավարարվել։ Զուգահեռաբար, Դատարանը հրապարակել է նաև Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը, որն ի տարբերություն հայկական դիմումի, բավարարվել է միայն մի փոքր մասով։ Այսպես, Հայաստանը պարտավորվել է կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ծագումով ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը։ Ադրբեջանն իր գանգատում նշել էր նաև ականապատ դաշտերի քարտեզների հարցը, որը, դատարանի որոշումից պարզ է դառնում, որ չի բավարարվել։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու կողմին էլ պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: Դոնոհյուն հիշեցրել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ միջոցների մասին որոշումները, որոնք սահմանվում են, որպեսզի կանխվեն դատաքննության ընթացքում իրավիճակի հնարավոր սրումը, ըստ էության, պարտադիր են կատարման համար:
10:28 - 08 դեկտեմբերի, 2021
Տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

Տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանում կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, համաձայն որի պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել քայլեր հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դրա հետագա դեմարկացիայի վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: Սակայն այս հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,- նշել է նա: Մհեր Գրիգորյանը հավելել է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ։ «Այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում դեռևս չի եղել»,- ասել է նա։
10:27 - 08 դեկտեմբերի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը |azatutyun.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը աջակցություն են հայտնում ուղիղ երկխոսության վերսկսմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասված է Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երեկ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում: Համանախագահները կոչ են անում շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարների մակարդակով՝ տարածաշրջանում տևական կայուն խաղաղություն ապահովելու նպատակով: Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները, որոնք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են 2021 թվականի նոյեմբերի 26-ի իրենց հայտարարությունում։ «Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու մարդասիրական հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական հուշարձանների վերաբերյալ», - ասված է հայտարարությունում: Համանախագահ երկրները նաև «մտահոգությամբ են նշում վերջին միջադեպերը Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին և վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ սպառնալիքն անընդունելի է»։ Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին ու Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտությունից տուժած տարածքներ և բնակչության մոտ մուտք գործելու բոլոր սահմանափակումները միջազգային մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ։ Համանախագահ երկրները կոչ են անում կողմերին որքան հնարավոր է շուտ հնարավորություն տալ համանախագահներին աշխատելու տարածաշրջանում ՝ թույլ տալով նրանց «առաջին ձեռքից» գնահատել իրավիճակը տեղում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի համար, իրենց մանդատի համաձայն՝ ապահովելու անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագա Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում խոսել էր ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մասին, որը փաստորեն հրապարակվեց մոտ մեկ շաբաթ անց:
09:59 - 08 դեկտեմբերի, 2021
Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու

Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-10-ը պատվիրակություն կգործուղի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է e-gov.am կայքը: Հայկական պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ վարչապետի  1391 – Ա որոշման՝ պատվիրակության անդամները գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարություն պետք է ներկայացնեն հաշվետվություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ, իսկ ԱԳ նախարարը 5-օրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
23:21 - 07 դեկտեմբերի, 2021
Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
 |1lurer.am|

Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը: Ըստ որոշման առաջին կետի՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև: Միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: Ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտերի: Դատարանը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կդժվարացնեն դատարանի աշխատանքը:
20:00 - 07 դեկտեմբերի, 2021
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է  ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովը։ Ի թիվս կազմակերպության շրջանակներում միջազգային կարևոր թեմաների, երկու տասնյակի հասնող արտաքին գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Կարող ենք արձանագրել, որ հակառակ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ավարտված է, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից արված  հայտարարությունները գալիս են փաստելու, որ միջազգային հանրության համար հակամարտության կարգավորման հարցն արդիական է, ինչպես նաև վերահաստատելու, որ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենն իր ելույթում  շեշտել է. «Չլուծված խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս ռազմական գործողությունների վերսկսմամբ: ԵԱՀԿ-ն տարածաշրջանում կենսական դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ այս նախարարական համաժողովի ընթացքում և դրանից հետո»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր հերթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը․ «Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ պատանդների ու պահվող անձանց, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննության հարցերում, որի արդյունքում ոճրագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հուսով եմ, որ այս հարցերի վերաբերյալ մենք բոլորս միասին կկարողանանք աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առաջընթացի հասնելու համար։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լուծել մյուս կարևոր խնդիրները, մասնավորապես՝ սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև խաղաղ կարգավորման համար», - թեմայի շուրջ մանրամասնել է Բլինկենը։ Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հակամարտության կարգավորման հարցում բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը։ Համաժողովին Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Ռիսթերը նույնպես ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը։ «Կոչ ենք անում կողմերին Մինսկի խմբի հովանու ներքո համաձայնության գալ այնպիսի միջոցառումների իրականացման շուրջ, որն ի շահ ժողովուրդների կնվազեցնի լարվածությունը և կնպաստի այլ ոլորտներում առաջընթացի համար համապատասխան միջավայր ստեղծելուն։ Մենք վերահաստատում ենք մեր վստահությունը կողմերի հետ համանախագահության տարվելիք աշխատանքի նկատմամբ։ Կոչ ենք անում նաև հավատարիմ մնալ նոյեմբորի 9-ի հայտարարության շրջանակներում  ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Ռիսթերը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆերտը իր ելույթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու կոչով է հանդես եկել։ «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային բախումները վերսկվեցնին աղետալի պատերազմից մեկ տարի անց։ Խնդրում եմ կողմերին համախմբել և համաձայնության գալ երկարատև խաղաղության հասնելու շուրջ»,- ընդգծել է Սեդերֆերտը։ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին անդրադարձ են կատարել նաև ԵՄ-ում նախագահող Սլովենիայի, Կանադայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի,  Խորվաթիայի, Իսլանդիայի և այլ պատվիրակությունների ղեկավարները՝ աջակցություն հայտնելով հակամարտության տևական լուծմանն ուղղված ջանքերին։  Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապեն հայտնել է, որ հարկավոր է շուտափույթ լուծում տալ բոլոր գերիների վերադարձի խնդրին։ Հատկանշական է, որ  ԼՂ հակամարտությանն անդարդարձ կատարած պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններում, որպես հումանիտար հրատապ լուծման ենթակա հարց առաջնայինը դիտարկվել է ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը։ Եվրոպական միության եզրափակիչ հայտարարությունում նաև անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությանը։ «Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման գործում և պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ գործում»,- ասված է հայտարարության մեջ։ Հրադադարի պահպանման խնդրին հայտարարությամբ անդրադարձել է նաև ԵԱՀԿ «Քառյակը»՝ Ալբանիան, Շվեդիան,  Լեհաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Երկրները կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի և առարկայական բանակցություններ վերսկսելու ուղղությամբ: «Հրատապ անհրաժեշտություն կա առաջընթաց գրանցելու այնպիսի հումանիտար հարցերի կարգավորման ուղղությամբ ինչպիսիք են գերիների ու պահվող անձանց վերադարձը,  ականազերծմումը, անհետ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը, պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը, ինչպես նաև ապահովել միջազգային մարդասիրական  կազմակերպությունների  անխոչընդոտ մուտքը տարածաշրջան: Այդ նպատակով մենք լիակատար աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո գործադրվող ջանքերին։»,- ասված է «Քառյակի» հայտարարության մեջ: Փաստորեն՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը ի ցույց դրեց, որ առկա է ԼՂ հակամարտության  վերաբերյալ երկու, կարելի է ասել, հակադիր մոտեցում․ մի կողմից՝  Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները, որոնք մեծապես համընկնում և համահունչ են, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրողությունները որպես իրավիճակի լուծման հիմք ներկայացնելու փորձերը, մտացածին պատկերացումներն ու քարոզչությունը, որոնք, խոշոր հաշվով, որևէ «խրախուսական» արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից։  Թերևս, հենց այս պատճառով է, որ ադրբեջանական կողմը մտացածին պատճառաբանությամբ խուսափեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութայն հովանու ներքո Ստոկհոլմում նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից։ Իրապես, թե՛ համանախագահ երկրների ներկայացուցիչների, թե՛ ԵԱՀԿ անդամ մյուս երկրների վերոնշյալ հայտարարություններից հետո, այս հանդիպումն ամենուրեք ընկալվելու էր որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համատեքստում, այլ ոչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված “հետկոնֆլիկտային” խնդիրների լուծման, ինչպես ադրբեջանական կողմը փորձում էր իր հանրությանը ներկայացնել Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումները։ Հատկանշական է, որ համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ թեև  համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն չի հաջողվել իրենց հովանու ներքո անցկացնել համատեղ հանդիպում։ «Հանգամանքները թույլ տալուն պես նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում  և նոյեմբերին՝ Փարիզում»,- ասված է հայտարարության մեջ։
17:12 - 07 դեկտեմբերի, 2021
Մեզ հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ԱՄՆ դեսպանատունը՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Մեզ հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ԱՄՆ դեսպանատունը՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Դեսպանությունը բարձր է գնահատել հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու՝ հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը։ «Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։ Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և եղել են լավ կազմակերպված: Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը և տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը։ Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։ Մինչ մենք աշխատում ենք կատարելագործելու մեր իսկ ժողովրդավարությունը, մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին և ակնկալում ենք ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»,- նշված է հայտարարության մեջ։
12:45 - 07 դեկտեմբերի, 2021
Թող ասեն օրը՝ երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այդ ժամանակ խնդիր չի լինի. Ալիև |civilnet.am|

Թող ասեն օրը՝ երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այդ ժամանակ խնդիր չի լինի. Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ «Թող մեզ ասեն օրը՝ երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այդ ժամանակ ոչ մի խնդիր չի լինի։ Կարծում եմ՝ և Հայաստանի ղեկավարությունը, և հասարակությունը, և Հայաստանի բնակչությունը պետք է հասկանան դա։ Մենք հասանք, հասնում ենք և կհասնենք մեր ուզածին։ Լավ կլիներ, որ այդ հարցը կարգավորվեր կառուցողական բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ամբողջ աշխարհին ցույց տվեց մեր ժողովրդի կամքը, ուժը և միասնականությունը»,- դեկտեմբերի 6-ին Քոնաղքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Ադրբեջանի նախագահը, փոխանցում է ԱՊԱ-ն։ Ալիևը նշել է նաև, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «բավական ազդեցիկ շրջանակներ» փորձել են կանգնեցնել Ադրբեջանին, սակայն դա նրանց չի հաջողվել․ «Եվ Հայաստանը տեսավ, և ամբողջ աշխարհը տեսավ, ոչ ոք չկարողացավ մեզ պահել։ Պատերազմի ժամանակ կային այնպիսիք, որոնք ուզում էին մեզ պահել, բավական ազդեցիկ շրջանակներ կային, բայց մեզ չկարողացան կանգնեցնել։ Ես ասել եմ, թող մեզ ասեն այն օրը, թե երբ կլքեն մեր հողերը, և մենք պատրաստ ենք կանգ առնել նույն պահին։ Այսօր ես նույնն եմ ասում։ Թող մեզ ասեն այն օրը՝ երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
10:36 - 07 դեկտեմբերի, 2021
Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման և բարձրաստիճան այցեր պարբերաբար կազմակերպելու կարևորությունը: Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձել են նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակել ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ: Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին։ Ֆիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այդ համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին: Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությանն ընդունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Կողմերն անդրադարձել են բազմակողմ հարթակներում հայ-ֆիննական արդյունավետ համագործակցությունը։ Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությունը ծաղկեպսակ է զետեղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
19:25 - 06 դեկտեմբերի, 2021
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ ՀՀ ՄԻՊ

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ ՀՀ ՄԻՊ

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Դիտավորությամբ զրկանքներ են պատճառում մարդկանց: Պետք է ճիշտ ախտորոշել խնդիր առաջացնող պատճառը, որպեսզի արդյունավետ պայքարենք խնդիրների դեմ: Ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր պահվածքով ամեն օր ոտնահարվում են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող պարզ, սովորական մարդկանց իրավունքները: Ուստի, նրանք պետք է հեռանան մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհերից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ դելիմատացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես պետք է հրատապ վերականգնենք մարդկանց բնականոն, նորմալ կյանքը՝ առանց այդ կյանքը խաթարող տեխնիկայի ու զինված ծառայողների, որ թույլ չտանք ադրբեջանական հիմքեր չունեցող արարքների պատճառով մարդիկ շարունակեն զրկանքներ կրել: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Առավել ևս՝ սա ամբողջությամբ բխում է միջազգային (ԵԱՀԿ, ՄԱԿ և այլն) պահանջներից: Հարկ ենք համարում հատուկ նշել, որ Պաշտպանի աշխատակազմն անձամբ է տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, Ոստիկանության ծառայողները կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհներն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար: Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է: Հ.Գ. Արձանագրված ամեն անհատական գործով կաշխատենք պետական մարմինների հետ ու նաև միջազգային կառույցներին ուղղված հատուկ զեկույցներով կշարունակենք հիմնավորել՝ ապառազմականացված գոտու անհրաժեշտությունը»,- գրել է Թաթոյանը:
09:30 - 05 դեկտեմբերի, 2021