Ինֆոքոմ

Թուրքիայի դեմ պատերազմելով՝ մենք արդեն իսկ մենակ չենք․ Սարո Սարոյան

Թուրքիայի դեմ պատերազմելով՝ մենք արդեն իսկ մենակ չենք․ Սարո Սարոյան

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով արդեն երրորդ օրն է՝ լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են նաեւ խաղաղ բնակավայրերը, եւ այս ողջ ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, այս պետությանն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի Հանրապետությունը։ Միջազգային կառույցներ, տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ արդեն անդրադարձել են Ադրբեջանի հրահրած ագրեսիային՝ որոշ դեպքերում անդրադառնալով նաեւ Թուրքիայի գործոնին։ Այսօր երեկոյան էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 27 տարի անց դարձյալ անդրադառնում է Արցախի հարցին՝ արտակարգ եւ դռնփակ նիստում։ Այս քննարկումը նախաձեռնել է ՄԱԿ-ի ոչ մշտական անդամ Էստոնիան: Արցախի եւ Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների, միջազգային հանրության արձագանքի ու հայկական երկու պետությունների անհրաժեշտ քայլերի մասին զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ - Պարո՛ն Սարոյան, 27 տարի անց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր դարձյալ անդրադառնալու է Արցախի հարցին․ ի՞նչ կարող ենք սպասել այսօրվա նիստից, մենք ինչ-որ բանաձեւ կամ փաստաթուղթ կարո՞ղ ենք ակնկալել։ - Ինչ-որ հայտարարության տեքստ գուցե լինի, բայց ես կցանկանայի, որ մեր հանրությունը դրան այդքան չնայեր։ Մեր խնդիրը մենք ինքերս պիտի լուծենք ու առաջին հերթին պիտի լուծենք ռազմի դաշտում, եւ դա լուծվում է ու շատ լավ է լուծվում։ Ամբողջ աշխարհն էլ տեսնում է՝ ինչ է կատարվում, մեզ միայն կարող է թվալ, թե չի տեսնում, բայց դա այդպես չէ։ Եւ, ըստ էության, արձագանքը խաղաղասիրական նոտաներով է լինելու. պահանջելու են դադարեցնել ռազմական գործողությունները եւ այլն, բայց բոլորս էլ գիտենք՝ մեր թշնամին ով է եւ ինչպիսի մտածողությամբ է այս ամենին մոտենում։ Մենք հնացած այդ շրջանակներից պիտի դուրս գանք՝ աշխարհից ինչ-որ բան մուրալ եւ սպասել՝ ինչ կասի, ոնց կասի, կպատժի՞, թե՞ ոչ եւ այլն։ Վաղուց արդեն անցել ենք այդ շրջափուլը եւ մեր խնդիրներն ինքներս ենք լուծում․ ով ինչ կասի՝ արդեն երկրորդական է։ - Այսինքն՝ կարծում եք՝ անկախ միջազգային կառույցների արձագանքից կամ նրանց հայտարարությունների բովանդակությունից՝ մենք պետք է հասկանանք, որ այս պատերազմում մենա՞կ ենք եւ մենա՞կ ենք լուծելու այս հարցը։ - Նախ պետք է արձանգրել, որ մենք պատերազմում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ՝ երկու պետության դեմ։ Պետք է հասկանանք, որ տվյալ դեպքում Թուրքիայի դեմ պատերազմելով՝ մենք արդեն իսկ մենակ չենք․ Թուրքիան շրջապատված է թշնամիներով, այնպիսի երկրներով, որոնք կցանկանային եւ ամեն ինչ կանեն, որ Հայաստանն այս պատերազմում հաղթանակած դուրս գա։ Դա արդեն իսկ փաստում է, որ մենք մենակ չենք, դիվանագիտական, քաղաքական աջակցություն լինելու է, մենք պիտի հասկանանք, որ այս խնդիրը մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու, եթե որեւէ մեկը գա ու լուծի, ապա դա կանի իր շահերի համար։ Դրա կարիքը չկա, այստեղ այն գիտակցումն է, որ դա քո խնդիրն է եւ դու էլ պիտի լուծես եւ վերջ։Եւ եթե լուծում ես քո խնդիրը, մենակ չես, կգտնվեն այնպիսի ուժեր, որոնք ամեն ինչ կանեն քեզ աջակցելու համար եւ որը արվում է հիմա։ Այսինքն՝ այնպես չէ, որ մենք անելանելի իրավիճակում ենք հայտնվել, որ աշխարհը մեր դեմ է եւ այլն։ Ո՛չ, խնդիր ունի Ադրբեջանը, խնդիր ունի Թուրքիան։ Բայց մենք մեր գործը պիտի շարունակենք անել եւ աջակցությունները ինքնաբերաբար կլինեն։ - Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում մեր գերատեսչությունների կոմունիկացիան միջազգային հանրության հետ։ - Աշխարհի հետ հարաբերվելու տեսակետից թերացումներ շատ կան։ Ի տարբերություն բանակի, որը կայացած ինստիտուտ է եւ իր առջեւ դրված խնդիրները կատարյալ լուծում է, մնացած ինստիտուտները թերանում են, ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ տեղեկատվական պատերազում, ե՛ւ արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս։ - Ի՞նչ պիտի արվի, որ չի արվում։ - Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ բանակը հիմա անում է, պատերազմը ավարտելու համար քիչ է։ Պատերազմը կավարտվի, երբ Ադրբեջանը հոգեբանորեն կպարտվի։ Այդ պարտության համար բանակի գործողությունները գործի կեսն են։ Իսկ հանրությունը խնդիր ունի տեղեկատվական դաշտը լցնելու, սոցիալական ցանցերում քո բանակի կերպարը ձեւավորելու։ Այսպիսի խնդիրների դեպքում հատուկ ծառայությունները պիտի գործեն եւ անեն այնպիսի քայլեր, որոնք կխորացնեն ընկճվածությունը ադրբեջանական հանրության մեջ, եւ հաղթանակը արագացված տեմպերով կմոտեցնեն։ Սա է որ պետք է արվի՝ տարբեր ինստիտուտների ներգրավմամբ տարբեր գործիքակազմերով։ Այստեղ մենք թերանում ենք։ - Պարո՛ն Սարոյան, Reuters գործակալությունն ու The Guardian-ը փաստում են, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան։ Սա, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, քանակական առավելություն է տալիս թշնամուն։ Չնայած Դուք նշեցիք, որ բանակը կատարյալ է իրականացնում իր առջեւ դրված առաջադրանքը, սակայն այս հանգամանքը կարո՞ղ է հավելյալ բարդացնել իրավիճակը, թե՞ կարեւորը ոգին է, որի ամրությունը մենք այսօր տեսնում ենք։ - Նախ ասեմ, որ իրենք այսպես թե այնպես բանակի մարդուժի քանակով առավելություններ ունեն եւ նախկինում էլ ունեցել են, բայց դա վճռորոշ հանգամանք չէ, վճռորոշ հանգամանքը զինվորի հոգեբանական կառուցվածքն է։ Զինվորը կռվում է՝ հասկանալով՝ ինչի համար է կռվում, հոգեբանական ինչ տրամադրվածությամբ է կռվում։ Վարձկանների հանգամանքը միայն թվում է առավելություն, վարձու բանակը շատ վտանգավոր է՝ նույնիսկ օգտագործողի համար․ մի քանի անհաջողություն, եւ վարձու բանակն արդեն գլխացավանք է դառնալու օգտագործողի համար։ Մենք պիտի հասկանանք սա ու այս եղանակով հաղթանակը մոտեցնենք։ Վարձու բանակը, որի նպատակը ոչ թե հայրենիքի պաշտպանությունն է, գոյաբանական, այս էքզիստենցիալ խնդիրը լուծելը, այլ փող աշխատելը։ Այդ բանակը, դեմ գալով ուժեղ եւ իրապես կռվող բանակի, միանգամից փոշիանում է։ - Այս պատերազմի առաջին օրվանից Ազգային ժողովում պատգամավորները կոնսենսուսով եկան մի ընդհանուր հայտարարի, որ պետք է հանրային լայն քննարկման դրվի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը։ Հայաստանն այս ճանապարհո՞վ պիտի գնա, եւ եթե այո, ի՞նչ հետագա զարգացումներ կարող են լինել։ - Ձեր նշած խնդիրը Ղարաբաղյան խնդրի մաս է կազմում։ Այն խնդրի, որի էությունն է միանալ Հայաստանին։ Միացում կարգախոսի տակ է սկսվել այս ամենը, եւ բոլորի մտքում կա սա։ Այս խնդիրը ժամանակին չի լուծվել մեր կառավարության վախկոտության պատճառով, չի լուծվել շահային ներգործությունների պատճառով, շատ այլ տարբեր պատճառներով։ Հիմա մենք երեսուն տարի հետո նորից լայնածավալ պատերազմի մեջ ենք ներգրավվել։ Իհարկե, բուն էությունը լուծելու խնդիր կա, այլ հարց է՝ մենք միացման խնդիրը ինչպե՞ս ենք լուծում։ Կա բանավեճ. միանա՞լ, թե՞ ԼՂՀ ճանաչում տալ։ Եթե միայն ԼՂՀ ճանաչում պիտի տրվի՝ առանց միացման խնդիրը լուծելու, ապա դա կարող է ավելի խճճել իրավիճակը։ Միայն ինքնանպատակ ճանաչումը ոչինչ է։ Եթե մենք հիմա գնում ենք ճանաչման ճանապարհով, պիտի հասկանանք, որ պետք է մինչեւ վերջ գնալ, հասկանալ՝ ի՞նչ ընթացակարգով ենք լուծելու միացման խնդիրը։ Այստեղ արդեն բավական մեծ խնդիրներ կա ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ իրավական տեսանկյունից։ - Երկարաժամկե՞տ գործընթաց է ենթադրելու ճանաչում-միացում ճանապարհը, եթե, իհարկե, այդ ուղղությամբ գնանք։ - Կարող է կարճաժամկետ լինել։ Օրինակ՝ Ռուսաստանն իր կազմի մեջ մտցրեց Ղրիմը ընդամենը մեկ օրում՝ հանրաքվե անելով։ Կարեւոր է խելամիտ ծրագիր կազմելը, հանրությանը նախապատրաստելը, ինստիտուտները նախապատրաստելը, ինչը բավական աշխատատար է։ Այս աշխատանքները կատարելու համար պետք է մինչեւ վերջ մշակվի ամբողջ գործընթացը։ Եվ այս ամենին մի ամբողջ կոնցեպտուալ մոտեցում է պետք ցուցաբերել։ - Պարոն Սարոյան, այսօր Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մի գրառում էր կատարել, որով չէր բացառում Հայաստան-Արցախ ռազմական պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Սա Արցախը ճանաչելու պրոցեսի մա՞ս կարող է լինել, առաջին քա՞յլը, թե՞ ընդհանրապես կարող է հետաձգել ճանաչման-միացման հարցը։ - Չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, որ առանց երկրի անկախությունը ճանաչելու այդպիսի պայմանագիր կնքես այդ երկրի հետ։ Ես կարող եմ հասկանալ, որ այդ գործընթացը շղթայի մի մաս է, մի օղակ․ դու ճանաչում ես պետությանը, հետո կնքում ես պայմանագիր, դաշինք եւ այլն, մնացած առումով դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, կիսաքայլ է։ Այդպես չի կարելի, պիտի կոնցեպտուալ լինի մոտեցումը, ծրագրային պիտի լինի, հասկանալի լինի, իրավունքը չի կարելի ոտնահարել։ Հիմա այդ իրավական փաստաթղթի արժեքը ո՞րն է, եթե պետությունը չես ճանաչում, բայց հետը պայմանագիր ես կնքում։ Եթե ճանաչում ես, դրանից հետո պայմանագրի հարցը հասկանալի է, բայց սայլը ձիուց առաջ չեն դնում։ Փաստորեն, վախենում են ճանաչել, բայց չեն բացառում, որ կգնան պայմանագիր կնքելու ճանապարհով։ Իրենք վախենում են ճանաչել, որովհետեւ դա միջազգային իրավունքի հետ կապված խնդիր է եւ իրանց անորոշությունը թույլ չի տալիս իրավական գնահատական տալ, քաղաքական պատասխանատվություն վերցնել եւ այդ քայլն անել։ Եթե մենք ԼՂՀ ճանաչման ճանապարհով ենք գնում, պիտի հստակ լինի՝ միացման խնդիրը ոնց ենք լուծում, քայլերի հաջորդականությունը պիտի հստակ լինի, օդում կախված չի կարելի թողել։ Պիտի հստակեցվի ժամանակահատվածը, գործիքակազմը, հանրությունը պիտի իմանա այդ պատասխանատվության մասին։ - Իսկ ի՞նչ հետեւանքններ կարող են լինել Արցախի ճանաչման ու Հայաստանին միանալու դեպքում՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական առումով։ Կարծիքներ կան, որ Թուրքիան այդ պարագայում արդեն կոնկրետ Հայաստանի հետ կսկսի լայնածավալ ռազմական գործողություններ։  - Թուրքիան արդեն պատերազմում է Հայաստանի դեմ՝ ղարաբաղյան ճակատում, եւ արդեն չկա փաստարկը, որ եթե մենք գնանք այդ ճանապարհով, Թուրքիան պատերազմ կսկսի։ Սկսել է արդեն, վերջ, լայնածավալ պատերազմ է։ Միջուկային զենք էլ չունեն, որ վախեցնեն, թե օգտագործելու են մեր դեմ, մնացածն արդեն հեքիաթ է։ Ճանաչման արդյունքում ոչինչ էլ չի լինի։ Եթե Թուրքիան պիտի Հայաստանի վրա հարձակվի, նա ճանաչման պատրվակին չի սպասելու։ Մենք արդեն լայնածավալ պատերազմի մեջ ենք, այլ բան չի կարող լինել։ Հայաստանին սպասում է քաղաքական լուրջ գործընթաց միայն, որից գլուխ չեն հանում եւ որից վախենում են, բայց անհիմն ձեւով։ Եթե ուզում են լայն քննարկումներ իրականացնել, թող իրականացնեն, տեսնենք՝ ի վերջո այդ կամքը կձեւավորվի՞ իրանց մոտ, թե՞ չէ, թե՞ կմնան նույն հին 30 տարվա կամքի շրջանակում, այդ ՀՀՇ-իզմի կամքի շրջանակում։  - Փաստորեն, ըստ Ձեզ, սա այն վճռորոշ կետն է, որից հետ, այսպես ասած, ՀՀՇ-իզմն է, մյուս կողմում․․․ - Քաղաքական առումով․ ռազմական առումով մենք հետ գնալու բան չունենք, ռազմական առումով առաջ ենք գնում ու գնալու ենք, դա՝ անխոս, բայց քաղաքական առումով խնդիր ունենք աճելու, քաղաքական աճ ապահովելու։ Եւ բանակը մեզ այդ հնարավորությունը տալիս է, բանակը տալիս է, քաղաքական ղեկավարությունը 30 տարի հետ է ընկած, 30 տարի առաջվա մտածողությամբ է շարժվում։ Աշխարհը փոխվել է, քո բանակը Թուրքիային է ընկճում արդեն, բայց քաղաքական մտածողությունը նույնն է մնացել։ Այս խնդիրը պիտի լուծվի։ Իսկ բանակն իր խնդիրը լուծում է, կրկնում եմ, հանրությունն էլ համախմբված է, պառակտում չի լինելու պատերազմի ժամանակ, անխոս, մեր հանրությունը խելամիտ է, ես քաղաքական մտքի աճի մասին եմ խոսում եւ կառավարողների։ Բայց իրենք էլ կաճեն, իրենք էլ կհասկանան, որ նոր ժամանակները բոլորովին այլ պահանջներ են դնում մեր առջեւ։ Հայարփի Բաղդասարյան 
00:55 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ասյօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ հակառակորդը, հերթական անգամ անհաջողություն կրելով մարտի դաշտում, փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակչությանը։ «Դրա վառ օրինակն են Վարդենիսի ուղղությամբ հրթիռային հարվածները, որոնց ընթացքում տուժել է նաև խաղաղ ազգաբնակչությունը»,- նշեց նա։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք թուրքական F-16-եր նկատվել են նաև Արցախի տարածքում, Արթուր Սարգսյանը նշեց․ «Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում»։ Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյո՞ք ռազմական գործողությունների ինտենսիվության նվազում նկատվում է, Արթուր Սարգսյանը հայտնեց․ «Ո՛չ։ Այսօր այն ուղղություններում, որտեղ մենք ունեցել ենք հաջողություններ, հակառակորդը ջանքերը, կարելի է ասել, կրկնապատկել է։ Առավել ևս Ստեփանակերտում՝ կենտրոնական ուղղությամբ, Ասկերանի շրջանում դուք տեսել եք հրթիռային հրետակոծության հետևանքները»։  ՊԲ հրամանատարի տեղակալը, խոսելով շփման գծի մասին, նկատեց․ «Արդեն իսկ չի կարելի անվանել առաջնագիծ, կարելի է անվանել ամբողջությամբ ռազմաճատային գիծ․ ամբողջ ընթացքում ամբողջ ճատակով ընթանում են մարտեր։ Առանագիծ նշանակում է որոշակի գիծ, որը հաստատված է, և երկու կողմերի ստորաբաժանումների կողմից իրականացվում է պահպանություն։ Հիմա պահպանություն չի իրականացվում․ այս վայրկյանին էլ ընթանում են մարտեր, այդ առաջնագիծ կոչվածը կարող է և՛ խորանալ դեպի մեր կողմ, և՛ խորանալ դեպի հակառակորդի կողմ»։
22:40 - 29 սեպտեմբերի, 2020
Վերականգնել է էլեկտրամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում․ գազամատակարարման խնդիրների լուծումը ընթացքի մեջ է․ Գրիգորի Մարտիրոսյան

Վերականգնել է էլեկտրամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում․ գազամատակարարման խնդիրների լուծումը ընթացքի մեջ է․ Գրիգորի Մարտիրոսյան

Ե՛վ պատսպարված, և՛ տարհանված քաղաքացիները կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում են, նրանց բոլոր խնդիրները լուծվում են։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ «Տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով և սննդամթերքով։ Տարհանված բնակչությունը տեղավորվել է ԱՀ այլ շրջաններում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը։ Այս պահին 1500 բնակչի հաշվով պարենային փաթեթ է պատրաստված»,-մասնավորապես նշեց Արցախի պետական նախարարը։ Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծեց, որ Արցախի Հանրապետությունում պարենային առումով ապահովված ենք բոլոր անհրաժեշտ ապրանքներով․ «Պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք այս պահին։ Ռազմական գործողությունների մեկնարկը վնասներ է հասցրել ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ տնտեսությունը․ այս պահին իրականացնում ենք վնասների գանահատում»։ ԱՀ պետական նախարարն ասաց, որ Արցախի ամբողջ տարածքում վերականգնել է էլեկտրամատակարարումը։ «Գազամատակարարման խնդիրների լուծումը ընթացքի մեջ է։ Առավել մեծ վնաս է հասցվել կապի ոլորտին, բայց մեր, ինչպես նաև հրավիրված մասնագետների համատեղ ջանքերով կապի ոլորտը վերականգնվում է, և արդեն իսկ բջջային կապը հիմնականում աշխատում է, ինտերնետի հասանելիությունը նույնպես վերականգնվում է։ Հեռուստատեսությունը և Հանրային ռադիոն հասանելի են ԱՀ ամբողջ տարածքում, և բնակչությունը տեղեկացված է իրադրությունից»,-մանսավորապես նշեց Գրիգորի Մարտիրոսյանը։ Արցախի պետական նախարարը ընդգծեց և խնդրեց, որ  աջակցություն ցուցաբերեն բացառապես ստեղծված օպերատիվ խմբի հետ համաձայնեցնելով, որովհետև դա շատ կարևոր է բնակչության կարիքների գնահատման տեսանկյունից
22:32 - 29 սեպտեմբերի, 2020
Հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ․ Արթուր Սարգսյան

Հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ․ Արթուր Սարգսյան

Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է, ավելին՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած որոշ դիրքեր հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ Արթուր Սարգսյանն ասաց, որ ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում  ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում՝ բոլոր ուղղություններով։ «Հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները։ Նախորդ օրերին կրած անհաջողությունների հետ չհամակերպվելով՝ հակառակորդն այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը․ և՛ գիշերվա, և՛ ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային ԱԹՍ-ներ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը։ Բազմիցս օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումներ՝ փորձել է գրոհել մեր մարտակարգերը, սակայն այս անգամ ևս, ունենալով անհաջողություններ, վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ նախկին դիրքերում»,-մանրամասնեց ՊԲ հրամանատարի տեղակալը։ Անդրադառնալով այսօրվա մարտերում հակառակորդի ունեցած կորուստներին՝ Արթուր Սարգսյանը նշեց․ «Այսօրվա մարտերում հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները․ 17 տանկ, 13 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա»։ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալը խոսեց նաև հակառակորդի գրոհների ուղղությունների մասին՝ նշելով, որ դրանք  հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ: «Իհարկե, այս անգամ ևս, կրելով պարտություն, որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը։  ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա առաջխաղացումները բոլոր ուղղություններով»,-հավելեց Արթուր Սարգսյանը։
22:02 - 29 սեպտեմբերի, 2020
Միջազգային հանրության արձագանքը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ Միքայել Զոլյան

Միջազգային հանրության արձագանքը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ Միքայել Զոլյան

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով արդեն երրորդ օրն է՝ լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են նաեւ խաղաղ բնակավայրերը, եւ այս ողջ ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, այս պետությանն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի Հանրապետությունը՝ ոչ միայն դիվանագիտական հարթակում․ այսօր երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն, ցավոք, զոհվել է։ Այս էսկալացիան, սակայն, անսպասելի չէր, ինչի մասին խոսել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, եւ ինչի մասին վկայում են մի շարք փաստեր։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի կարծիքով՝ նաեւ երկու կարեւոր պատճառ կա, թե ինչու Ադրբեջանը հենց այս շրջանում սկսեց ռազմական գործողությունները։ Առաջինն այն հանգամանքն է, որ Իլհամ Ալիեւի վարչակարգը վերջին տարիներին, այսպես ասած, իր լավագույն ժամանակները չէր ապրում, ճգնաժամային երեւույթներն էլ կուտակվում էին։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, պատգամավորի խոսքով, պարզ դարձավ, որ Ալիեւի վարչակարգի փրկության վերջին շանսը, իրենց պատկերացմամբ, փոքրիկ հաղթական պատերազմն է․ «Տարածված այսպիսի արտահայտություն կա, ըստ որի՝ բռնապետերը փորձում են իրենց ժողովրդի ուշադրությունը շեղել եւ պատերազմի միջոցով ներքին կոնսոլիդացիա ապահովել։ Եւ այս գործընթացը Ադրբեջանում շատ ակնհայտ էր վերջին ամսիներին։ Բավական է ուղղակի վերհիշել հուլիսյան դեպքերից հետո Բաքվում տեղի ունեցած ցույցը, որից եւ պարզ դարձավ, որ Ադրբեջանում կուտակված ատելությունը վաղ թե ուշ կարող էր ուղղվել հենց այդ իշխանությունների դեմ։ Ալիեւի վարչակարգն այսպիսով որոշեց, որ այդ ատելությունն, այնուամենայնիվ, պետք է ուղղել հայերի, Հայաստանի եւ Արցախի դեմ, ու մենք ունենք այն, ինչ ունենք»,- մեր զրույցում ասաց Զոլյանը։  Մյուս գործոնը, որը Թուրքիային է վերաբերում, ըստ պատգամավորի՝ վերջին տարիներին այս պետության ագրեսիվ քաղաքականության նոր փուլն է։ Զոլյանի խոսքով՝ թեեւ Էրդողանը երբեք էլ շատ խաղաղասեր չի եղել, բայց վերջին տարիներին եւ հատկապես վերջին ամիսներին տեսում ենք աննախադեպ ակտիվացում, իր գրեթե բոլոր հարեւանների հետ կոնֆլիկտների սրում՝ Սիրիա, Իրաք, Կիպրոս, եւ այլն։ «Հիմա էլ տեսնում ենք, որ, փաստորեն, Հարավային Կովկասում էլ Էրդողանը ունի որոշակի նկրտումներ, բայց Թուրքիան 90-ականներից ի վեր չի ունեցել այսպիսի ագրեսիվ քաղաքականություն՝ Հարավային Կովկասում եւ կոնկրետ Հայաստանի հանդեպ։ Թուրքիան, փաստորեն, փորձում է ըստ էության հաստատավել Հարավային Կովկասում եւ ինչ-որ չափով դուրս մղել Ռուսաստանին եւ Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցությունը ինչ-որ չափով փոխարինել իր ազդեցությամբ»։  Թե այս պահին որն է զսպող գործոնը, որ Թուրքիան չի հարձակվում Հայաստանի վրա, եւ որ պարագայում ռազմական գործողություններ կսկսի մեր սահմանին, պատգամավորը պատասխանեց՝ Թուրքիան այս պահին էլ ակտիվ օգնում է Ադրբեջանին, եւ, ըստ էության, արդեն կարելի է կոնֆլիկտի մի կողմ համարել նրան։ Սակայն ինչ վերաբերում է բուն Հայաստանի տարածքին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ կլինեն ոչ միայն Արցախում, այլեւ այստեղ, ապա, ինչպես Զոլյանը նկատեց, ուժի մեջ կմտնի ՀԱՊԿ պայմանագիրը, եւ ՀԱՊԿ դաշնակիցները պարտավոր կլինեն աջակցություն տրամադրել Հայաստանին։  «Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել, թե դա ինչպիսի անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ ընդհանրապես համաշխարհային խաղաղության համար։ Իհարկե, կան որոշակի սահմանափակումներ, եւ ինչքան էլ Էրդողանը ագրեսիվ լինի եւ ինչքան էլ ադեկվատ, միեւնույն է՝ այդ սահմանափակումները օբյեկտիվ են եւ դրանք ոչ ոք չի կարող հաշվի չառնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով՝ եթե Թուրքիայի ղեկավարները հոգեկան հիվանդությամբ չեն տառապում եւ ադեկվատ են ընկալում իրականությունը, ապա դժվար թե Հայաստանի վրա հարձակվելու փորձ անեն։  Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեցին Արցախը ճանաչելու հարցը հանրային լայն քննարկման դնելու անհրաժեշտությունը։ Միքայել Զոլյանի դիտարկմամբ՝ Արցախի ճանաչման հարցը նոր չի առաջանում, եւ այսօր տեղի ունեցողն արդեն վաղուց կանխատեսելի էր․ «Եւ, ընդհանրապես, Հայաստանի քաղաքականության մեջ Արցախի ճանաչման հարցի բոլոր տարբերակները վաղուց քննարկվում են եւ քննարկվել են, սակայն այդ քննարկումը վերջին իրադարձությունների բերումով նոր ծավալ եւ ուժ է ստանում։ Մենք որեւէ տարբերակ չենք բացառում, պետք է առաջնորդվենք զուտ պրագմատիկ հաշվարկով, պետք է հասկանանք այս պահին Արցախի ֆորմալ ճանաչումը մեզ օգնելո՞ւ է, թե՞ ոչ, կամ ավելի հեռանկարում մեզ համար նպաստավո՞ր է լինելու, թե՞ ոչ։ Մենք զուտ այդ տեսակետից պետք է որոշում ընդունենք, կամ ճանաչենք, կամ, օրինակ, ռազմաքաղաքական դաշինք կնքենք, կամ կարող ենք այս պահին այդ ուղղությամբ ինչ-որ բան չձեռնարկել։ Այդ ամենը հաշվարկ է. պետք է իրադրությունը գնահատենք, տարբեր կողմերի մոտեցումները, դիվանագիտական իրավիճակը, ռազմական իրավիճակը եւ այդ բոլոր գործոնների հիման վրա ընդունենք որոշում»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ պետք է առաջնորդվենք չվնասելու սկզբունքով։ Պատգամավորը հայտարարեց՝ թեեւ շատ կարեւոր է նաեւ միջազգային հանրության հետ աշխատանքն ու նրանց արձագանքը, սակայն, ի վերջո, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ «Այս փորձությունից պետք է դուրս գանք մեր քաղաքացիների ուժերով։ Միջազգային հանրությունը, իհարհե, շատ կարեւոր է, եւ մենք աշխատում ենք, որպեսզի նրանք դատապարտեն Արդրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները, բայց հիմնական կոչը մենք պետք է ուղղենք մեզ»։  Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին, ապա, Զոլյանի խոսքով, քանի որ ռազմական գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Արցախի շփման գծում, այստեղ ՀԱՊԿ-ն անմիջական անելիք չունի, բայց մենք աշխատում ենք նաեւ ՀԱՊԿ-ի հետ, տեղյակ ենք պահում զարգացումների մասին, եւ կդիմենք միայն անհրաժեշտության դեպքում՝ սահմանված կարգով։  «Մինսկի խմբի համանախագահներն էլ, պարզ է, որպես միջնորդ պետք է որոշակի միջնորդական կեցվածք ցուցաբերեն, բայց, միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք մեր գործընկերների հնարավորինս հստակ գնահատականներն ու գործողությունները։ Սակայն, նորից եմ կրկնում, վճռական նշանակություն ունեն Հայաստանի եւ Արցախի զինվորները, մեր բանակը եւ Հայաստանի ու Արցախի քաղաքացիները։ Իսկ Հայաստանի զինված ուժերը իրենց խնդիրները կատարում են փայլուն, եւ մենք անհանգստանալու կարիք չունենք»,- եզրափակեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։ Հայարփի Բաղդասարյան
21:20 - 29 սեպտեմբերի, 2020
Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կորուստներին՝ նշելով, որ դրանք չափազանց մեծ են։ «Իրենք կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց եւ մեր կորուստները, դրա համար փորձելու են էդպիսի՝ իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել՝ զորամասերի ոչնչացման մասին, եւ այլն։ Խնդրում եմ ուշադիր եղեք»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։ Խոսելով Նախիջևանի կողմից իրավիճակի մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այնտեղ իրավիճակը համեմատաբար հանդարտ է։ «Զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը։ Պատասխանելով պահեստազորայինների՝ պատերազմում ներգրավվելու հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նրանք դեռևս ներգրավված չեն։ «Այնպես չէ, որ նրանք տարվում եւ անմիջապես մարտի են նետվում։ ԶՈՒ-ն այս պահին այդպիսի խնդիր չունի, պահեստազորի ներգրավումն ունի հատուկ ընթացակարգ՝ որոշակի ժամանակ հետո, որոշակի խնդիրներով»,-եզրափակեց Հովհաննիսյանը։ 
12:10 - 29 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանը որեւէ տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչության եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանը որեւէ տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչության եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Ուսումնասիրությունները վստահ ապացուցում են, որ Ադրբեջանը որեւէ տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչության եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ դրանով վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը, առողջությունը։ Այդ հարվածներն ակնհայտ նպատակային են եւ թիրախավորված են՝ հենց քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կա չորս զոհ, ընդ որում՝ վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը։ Մահացածների ու տասնյակ վիրավորների թվում էլ կան կանայք, երեխաներ ու տարեցներ։ Այս գործողություններն ուղեկցվում են քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ դրանք պարալիզացնելու ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է կենսական նշանակության ճանապարհներին, կապի միջոցներին։ Այդ հարվածները կրում են համակարգված բնույթ»,- ասաց ՄԻՊ-ը։  Արման Թաթոյանի խոսքով՝  այս բոլոր հարձակումներն, առաջին պահից սկսած, ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ խոսքով, և չնայած միշտ էլ եղել է էթնիկ հայերի նկատմամբ արմենոֆոբիայի բարձր մակարդակ, բայց հիմա ատելության մակարդակը դարձել է համակարգված, ուժեղացված։ «Տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր, որոնք նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել վախ, տագնապ, նաեւ բռնության ու սպանության կոչեր են լինում։ Առավել վտանգավոր հարթակը Tik-Tok կոչվող ցանցն է, որովհետեւ այդ տիրույթում նյութերի կոնտենտը հնարավոր չէ վերահսկել։ Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրներից եկող ատելության այս խոսքը թիրախավորում է նաեւ երեխաներին»,- հայտնեց նա։ ՄԻՊ-ը Նաեւ տեղեկացրեց, որ հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր են տարածում կեղծ հաղորդագրություններ։ Տարբեր տեսանյութերում օգտագործվում են դրվագներ, որոնք կամ առհասարակ Հայաստանի ու Արցախի հետ կապ չունեն, կամ ապրիլյան պատերազմին են վերաբերում։  «Մենք ամենօրյա ու ամենժամյա կապի մեջ ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Արցախի ՄԻՊ-ը նախաձեռնել է բարձր որակի փաստահավաք աշխատանքներ, մենք անընդհատ տեղեկություններ ենք փոխանակում, կապի մեջ ենք քաղաքացիական բնակչության հետ, մեր աշխատանքները բերվել են հատուկ ռեժիմի, կան մասնագիտացած աշխատակիցներ։ Մենք կապի մեջ ենք նաեւ ՀՀ ՊՆ-ի հետ, այնքանով, որքանով հարցն առնչվում է ՊՆ-ի գործողություններին, զինվորների իրավունքներին»,- հայտնեց Արման Թաթոյանը։  ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ իրենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային կառույցներին են ներկայացնում հաղորդումներ, երկրորդը կներկայացվի այսօր․ այն վերաբերելու է ատելության խոսքին ու բռնության կոչերին։
11:51 - 29 սեպտեմբերի, 2020
Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք․ մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք․ մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ «Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Կրելով մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հետ է շպրտվել։ Այս պահին մարտերը շարունակվում են»,-նշեց Հովհաննիսյանը։  ՊՆ ներկայացուցիչն անդրադառնալով ՀՀ տարածքի իրավիճակին ասաց, որ դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին, եւ հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները եւ օդուժը հարված են հասցրել՝ նաեւ խաղաղ բնակիչներին։ «Օդուժ է կիրառվել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են։ Եւ ինչպես նշեց ՊՆ-ն՝ սպասեք հուժկու պատասխանի»,-մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ  այս ճակատն (խմբ․-Վարդենիսի) օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ «Առաջին օրը եւս, երբ Ադրբեջանը հասցրեց հրթիռահրետանային հարված, թիրախավորվել էր Վարդենիսի ուղղությունը։ Այս ճակատն օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ Ուժերի կուտակման գործողությունները ընթացիկ են, նորություն չեն, բայց մեր ԶՈՒ-երը լիովին կազմ ու պատրաստ ու մարտունակ են»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։ 
11:44 - 29 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ-ն իր ռազմական ավիաբազան Թուրքիայից տեղափոխելու շուրջ բանակցություններ է սկսում |The Times|

ԱՄՆ-ն իր ռազմական ավիաբազան Թուրքիայից տեղափոխելու շուրջ բանակցություններ է սկսում |The Times|

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ Հունաստան կատարելիք այցն օգտագործելու է, որ ուսումնասիրի Թուրքիայում տեղակայված Ինջիրլիք ռազմական ավիաբազայից ամերիկյան առկա հիմնական սարքավորումներն ու գույքը Կրետե տեղափոխելու հնարավորությունը, քանի որ ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Միջերկրականում։ Այս մասին հայտնում է The Times բրիտանական պարբերականը։ ԱՄՆ պետքարտուղարի այցը դիտարկվում է որպես Վաշինգտոնի հատզհետե սպառվող համբերության արտահայտություն՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաարևմտյան հռետորաբանության, ինչպես նաև այն փաստի, որ Էրդողանն անցած տարի որոշեց ձեռք բերել ռուսական հակաօդային համակարգեր՝ հակառակ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների խիստ առարկությունների։  «Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Վաշինգտոնը կարող է Ինջիրլիքից տեղափոխել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զինանոցը, սակայն միայն այն փաստը, որ Պոմպեոն գալիս է այստեղ՝ հաստաելու այն ուղերձը, որ ԱՄՆ-ն ակտիվորեն այլընտանքային տարբերակներ է փնտրում, խայթող հարված է Էրդողանի ուղղությամբ»,-ասել է Աթենքից պաշտպանության հարցերով փորձագետ Աթանասիոս Դրուգոսը։ Ինջիրլիքի ռազմական ավիաբազան, որը ստեղծվել է Սառը պատերազմի ամենասկզբնական փուլում թուրք-սիրիական սահմանի մոտ, երկար ժամանակ կենսական կարևորություն է ունեցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի առումով։ Ավիաբազան ամենաշատն օգտագործվել է  որպես կայան, որտեղից ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում և Իրաքում տեղակայված զորքերին։  ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Ռոն Ջոնսոնը այս ամիս ենթադրություն է հայտնել, որ ԱՄՆ կարող է դիտարկած լինել այլընտրանք ունենալու հարցը․ խոսքը Սուդայի ծոցի՝ Կրետեի հյուսիսարևմտյան ափին գտնվող ամերիկյան ռազմածովային օբյեկտի մասին է, որտեղ էլ վաղը այցելելու է  Մայք Փոմփեոն։ Սա քարտուղար Փոմփեոյի երկրորդ տարածաշրջանային այցն է երկու շաբաթվա ընթացքում։  «ԱՄՆ հետաքրքրություններն ու ներկայությունը տարածաշրջանում չափազանց կարևոր են։ Սակայն եթե գումարենք Ռուսաստանի և Չինաստանի՝ Արևելյան Միջերկրականում ազդեցություն հաստատելու ջանքերը, Լիբիայում Թուրքիայի առաջխաղացումը և տարածաշրջանում  ապօրինի հորատումները, Փոմփեոյի ժամանումը  չափազանց կարևոր է դառնում»,- նշել է Դրուգոսը։ Նա հավելել է․ «ԱՄՆ ռազմածովային բազան Սուդայի ծոցում այժմ ձեռք է բերում շատ ավելի մեծ և  ռազմավարական առումով կարևոր նշանակություն»։  ՆԱՏՕ անդամ, սակայն դարավոր թշնամիներ Հունաստանի և Թուրքիայի փախհարաբերությունները կտրուկ վատթարացել էին վերջերս, երբ թուրքերը հետախուզական  ​​նավ էին ուղարկել՝ Կրետեի մերձակայքում գազ և նավթ որոնելու համար: Փոմփեոն միջամտել էր ճգնաժամին, ինչը Թուրքիային ստիպել էր հետ քաշել իր հետախուզական ​​նավը, իսկ Հունաստանը համաձայնել էր հաջորդ ամիս բանակցել հետազոտություններ իրականացնելու շուրջ: Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Հունաստանն արդեն հաստատել է, որ  կքննարկի միայն ծովային տարաձայնությունները։ Թուրքիան էլ ցանկանում է բաց բանակցություններ։ «Փոքր է հավանականությունը, որ այս բանակցություններում առաջընթաց կգրանցվի, սակայն այս պահին առնվազն լարվածությունը նվազել է»,- ասել է Դրուգոսը Մայք Փոմփեոն այցելելու է Հունաստանի հյուսիսում գտնվող Թեսալոնիկ քաղաք, որտեղ կստորագրի երկկողմ տեխնոլոգիական համաձայնագիր էներգետիկ կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են Բալկաններում ենթակառուցվածքներ ստեղծելու նախագծեր իրականացնել։   Լուսանկարում՝ Ինջիրլիք ռազմական ավիաբազան  
00:50 - 29 սեպտեմբերի, 2020
Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք հարվածում․ Արայիկ Հարությունյան

Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք հարվածում․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր երեկոյան ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Լելե Թեփե բարձունքի գրավման մասին լուրերին՝ նշելով, որ այսօր արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ։ «Մենք կարող է վաղը ունենանք նահանջ կամ հակառակը առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ։ Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք։ Ինչ անենք, Ադրբեջանը իր ամբողջ բանակի ուժերը օգտագործել է և շարունակում է օգտագործել։ Պետք չէ անդրադառնանք՝ դիրք ենք տալու, թե դիրք չենք տալու»,-նշեց Արցախի նախագահը։ Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին Արայիկ Հարությունյանն ասաց․ «Մեզ համար այսօր ամենակարևորը անվտանգությունն է։ Կճանաչեն անկախությունը, թե չեն ճանաչի, մենք պետք է հաղթենք պատերազմում։ Հաղթելուց հետ կամ հաղթելու ընթացքում արդեն քաղաքական որոշումների առումով մենք ճիշտ որոշումներ կկայացնենք»։ Արցախի նախագահը նշեց, որ երեկ մեզ հաջողվել է վերականգնել բավականին շատ դիրքեր․ «Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք հարվածում։ Դիրքերով, լոկալ հաջողություններով, սակայն, դեռ մեծ հաջողություններ չենք ապահովել։ Մեր մարտավարությունը սա է․ պետք է հակառակորդին զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչքան ունեցել են 92-94 թթ․։ Այլ տարբերակ չկա, քանի որ դեռ քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»,-մանրամասնեց Արայիկ Հարությունյանը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ ձևաչափով են նախկին բարձրաստիճան զինվորականները մասնակցում ԱԽ նիստին՝ ԱՀ նախագահն ասաց, որ պաշտպանության բնագավառում վաստակ ունեցող զինվորականները, հերոսները, որոնք ցանկություն են հայտնել աջակցելու, մասնակցել են։ «Լինելու են մարդիկ, որ հարց է առաջանալու՝ ինչու չկան․ այդ մարդիկ ցանկություն չեն հայտնել իրենց աջակցությունը ցուցաբերելու։ Եթե խոսքը գեներալ Ղահրամանյանի, գեներալ Կարապետյանի և Մնացականյանի մասին է, նրանք զանգել և առաջարկել են իրենց ծառայությունները։ Բոլոր այն անձինք՝ ոչ միայն գեներալները, ովքեր ցանկություն են հայտնել հանուն հայրենիքի համագործակցել ՊԲ-ի և իշխանությունների հետ, ներկա են եղել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը։ 
23:47 - 28 սեպտեմբերի, 2020
Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան

Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացրեց իրենց դիտարկումը հակառակորդի տեխնիկայի վերաբերյալ․«Այսօր մի հետաքրքիր դիտարկում ենք արել․ երբ մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկան, այդ տեխնիկաները հարձակվողական են․ դրանք տանկեր են, անօդաչուներ են, ուղղաթիռներ են։ Իսկ նրանք տեղադրում են մեր հակաօդային պաշտպանության որոշ տեխնիկաներ, հիմնականում ՝ ՕՍԱ-ներ։ ՕՍԱ-ն հարձակվողական զենք չէ, ՕՍԱ-ով պաշտպանվում են։  Եվ նրանք մարտական տակտիկա են կիրառել՝ վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները»,-նշեց Արայիկ Հարությունյանը։ Նախագահը կրկին ընդգծեց, որ սա կենաց-մահու պատերազմ է, և մենք այս պատերազմը հաղթելու ենք։«Ամեն օր ես հիանում եմ Արցախում, Հայաստանում և սփյուռքում ապրող իմ հայրենակիցներով։ Չենք հասցնում, համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնելով, ապահովել, որ կամավորականները զբաղեցնեն մարտական դիրքեր»,-իր խոսքում նշեց Արցախի նախագահը։ Անդրադառնալով Ադրբեջանի իշխանության վարքագծին և երկխոսության հնարավորությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Նման վարքագիծ ունեցող իշխանության (խմբ․- Ադրբեջանի) հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ։ Թուրքիայի լկտիությունը դուք ամեն օր տեսնում եք, ես այսօր ևս պետք է դրա մասին ասեմ։ Այո՛, մենք մարտնչում ենք թուրք-արդեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է, խնդիրը միայն Արցախը չէ»։ Արցախի նախագահը ևս մեկ անգամ անդրադարձավ դիրքերի հարցին և նշեց, որ տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել։ «Մենք շատ կարևոր առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի զինտեխնիկայի բավականին մեծ քանակի ուժեր, և նրանք նաև մարդկային կորուստներ ունեն»,-հավելեց Արայիկ Հարությունյանը։  
23:17 - 28 սեպտեմբերի, 2020
Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները․ Արայիկ Հարությունյան

Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղի ունեցած ճեպացրույցի ժամանակ նշեց, որ շատ բան չի փոխվել առաջնագծում դիրքային առումով։ «Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի ուղղությունը, և Թալիշ, Մատաղիս, Եղնիկներ հատվածը՝ այսինքն՝ հյուսիս-արևելյան ուղղությունը։ Այսօր՝ կեսօրից հետո, նաև լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել, բայց ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողություններն արդեն Օմարի ուղղությամբ»,-մանրամասնեց Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հարավային ուղղությամբ Կարախամբելի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։«Երևի հնարավորություն ունեցել եք տեսնելու հատվածներ՝ ինչպես են տեղի ունենում մարտական գործողությունները։ Հարավային ուղղությամբ Կարախամբելի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։  Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ երեկ արդեն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են, բայց այդպիսի բան չի եղել։ Իրենց բացը լրացնելու համար այսօր երևի հաշվարկով ավելի քան 50, եթե ոչ ավելի, տանկ և զրահատեխնիկա են օգտագործել»,-մասնավորապես նշեց ԱՀ նախագահը։  Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ ՊԲ ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկաներ։«Մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկաներ։ Ադրեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։ Ես այսօր կարող եմ նաև փակագծեր բացել՝ ինչ է կատարվել մեր կապի բնագավառում։ Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները։ Մասնագետներն ասում են՝ դա օրերի խնդիր չէ։ Եվ այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, թե իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և նրանք անցել են հակահարձակման, ընդամենը հերթական անգամ ապացուցում է՝ ում հետ գործ ունենք։ Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է»,-իր խոսքում նշեց ԱՀ նախագահը։
22:52 - 28 սեպտեմբերի, 2020
Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ բանակցային գործընթացին․ ՀԱՊԿ հայտարարությունը

Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ բանակցային գործընթացին․ ՀԱՊԿ հայտարարությունը

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև։ «ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտահայտում է իր խիստ անհանգստությունն ու մտահոգությունը ս․թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապացությամբ, որի ընթացքում երկու կողմերն էլ ունեցել են զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Խախտված է հրադադարի ռեժիմը, կիրառվում է ծանր զինատեխնիկա՝ ներառյալ հրետանի, տանկեր ու ավիացիա, ինչպես նաև՝ հարվածային ԱԹՍ-ներ։  Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ․ հրադադարի մասին համաձայնագրի իրականացմանն ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժի չկիրառման երկկողմանի պարտավորություններին։ Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։   Հավաքական անվտանգության խոհուրդը, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին ընդհարումների ժամանակ հասնել կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով ու զերծ մնալ սադրանքներից, որպեսզի թույլ չտրվի լարվածության ուժեղացում»։
19:50 - 28 սեպտեմբերի, 2020
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին․ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին․ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել

Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ Հայաստանը չի կարող դիմել ՀԱՊԿ անդամ պետություններին՝ արցախա-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողություններում աջակցություն ստանալու համար։  Մասնավորապես, կայքերից մեկը հղում է տալիս ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շեւչենկոյին, որը յութուբյան իր վիդեոբլոգում ասել է, թե, իր տեղեկությունների համաձայն, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով դիմել է Ռուսաստանին՝ օգնություն տրամադրելու համար։ Սակայն Մոսկվան հրաժարվել է տրամադրել աջակցություն, քանի որ մարտերն ընթանում են ոչ թե Հայաստանի, այլ Արցախի սահմանին։ Հոդվածի հեղինակը խոսել է նաեւ վրացի, ռուս եւ բելառուս փորձագետների հետ, որոնք նույնպես փաստել են, որ Հայաստանը չի կարող դիմել ՀԱՊԿ անդամ պետությունների օգնությանը։ Հայաստանը կարո՞ղ է դիմել ՀԱՊԿ օգնությանը  Համաձայն ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի՝ եթե մասնակից պետություններից մեկը (այս դեպքում Հայաստանը) ենթարկվի հարձակման (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող), ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։ Ցանկացած մասնակից պետության վրա հարձակում կատարելու դեպքում (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) մյուս բոլոր մասնակից պետությունները այդ մասնակից պետության խնդրանքով անհապաղ կտրամադրեն նրան անհրաժեշտ օգնությունը, ներառյալ ռազմական, ինչպես նաև իրենց տրամադրության տակ եղած միջոցներով կաջակցեն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն խմբակային պաշտպանություն իրագործելու հարցում։ Գործող հոդվածի հիման վրա ձեռնարկված միջոցառումների մասին մասնակից պետությունները անհապաղ կհայտնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։  Այդ միջոցառումների իրագործման պայմաններում մասնակից պետությունները հավատարիմ կմնան ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան դրույթներին։ Այս պարագայում քանի որ մարտական գործողությունները ծավալվում են Արցախյան սահմանի երկայնքով, իսկ Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետություն չէ, չի կարող դիմել ՀԱՊԿ-ին։ Սակայն Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, բացի այդ՝ հարձակումներ եւ ռմբակոծություններ եղել են ոչ միայն Արցախի սահմանին եւ խաղաղ բնակչության ուղղությամբ, այլ նաեւ Հայաստանի տարածքում, ինչի ապացույցն է Վարդենիսի շրջանում՝ ավելի կոնկրետ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի հարակից տարածքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն, ինչպես նաեւ Վարդենիսի դիրքերի ուղղությամբ պարբերաբար արձակված կրակոցները։ Բացի այս, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին՝ ռուսական զենքի նոր մատակարարումների հարցով, սակայն այդ մասին խոսակցություն առայժմ չկա․ «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումն ընթանում է նորմալ ռեժիմով: Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, մենք այս պահին երրորդ կողմ ունենք՝ Թուրքիան: Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք և կլուծենք հարցերը` (զենքի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ,-հեղ.) առաջին հերթին Ռուսաստանին»,- ասել է Տողանյանը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ կառույցին դիմելուն, ապա Տողանյանն ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին․ «Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը»,- ասել է նա։  Ավելի վաղ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն էր հայտնել միջամտելու իրավիճակի կարգավորմանը, սակայն Հայաստանը չի դիմել միջամտության խնդրանքով։ Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանը չի դիմել եւ չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ օգնությանը՝ Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ, իսկ անմիջապես Ռուսաստանին, ինչպես հայտարարել է Տողանյանը, կդիմենք՝ ըստ անհրաժեշտության։ Ըստ այդմ՝ տարածվող լուրերը, թե Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, չի համապատասխանում իրականությանը։ Նարեկ Մարտիրոսյան
18:21 - 28 սեպտեմբերի, 2020
Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ ինքը՝ ինձ․ Փաշինյանը մանրամասնում է, թե Ալիեւն ինչ է խնդրել Դուշանբեում

Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ ինքը՝ ինձ․ Փաշինյանը մանրամասնում է, թե Ալիեւն ինչ է խնդրել Դուշանբեում

Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով։ Այս մասին լրագրող Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե Իլհամ Ալիեւն ինչ է խնդրել իրենից։ Մինչ երկու տարի առաջ Դուշանբեում Ալիեւի հետ ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադառնալը՝ Փաշինյանը նախ եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն այսօրվա կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ՝ մեկը՝ Արտաքին գործերի նախարարը, մյուսը՝ ինքը․ «Որեւէ երրորդ անձ որեւէ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել, եւ դա կատարյալ անհեթեթություն է։ Ընդգծեմ, որ եւս մի պաշտոնյա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում՝ իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Բայց դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, այսինքն՝ նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու»։ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքն իր անունից խոսել է կոնֆիդենցիալ տեղեկության մասին՝ ելնելով կոռեկտությունից ելնելով, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, այսօր կարծում է՝ այդ մասին խոսելու ճիշտ ժամանակն է։ Վարչապետը նկատեց՝ Ալիեւն ասում է, թե ինքը Դուշանբեում եւ, ընդհանրապես, 2018 թվականի հեղափոխությունից հետո ժամանակ է խնդրել։ Փաշինյանը նկատեց՝ պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադարարի ռեժիմը պահպանվի, ապա հարց հնչեցրեց՝ բա Ադրբեջանը եւ Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էին շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա․ «Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով, եւ այդ խնդրանքի իմաստը եղել է հետեւյալը․ եթե հիշում եք՝ այդ ժամանակաշրջանում Երեւանի քաղաքապետի ընտրություններն էին, եւ գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում։ Այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով դրանից առաջ էլ ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին եւ փորձում էի, այսպես ասած, խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ եւ որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եւ Իլհամ Ալիեւի շահագրգռությունը, որ էնտեղ ինչ-որ համաձայնություն տեղի ունենա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ»,- մանրամասնեց Փաշինյանն ու հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ, շատ պարզ պատճառով։ Վարչապետի խոսքով այդ շրջանում՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, աշխարհը եւ տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգեւորված էին, Ադրբեջանի սոցիալական ցանցերում քննարկվում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում․ «Ալիեւն անձամբ է խնդրել, եւ Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ ձեռագրով գրել բլոկնոտի վրա, եւ մենք այդ կետերը քննարկել ենք ու արձանագրել, որ եկանք համաձայնության։ Ես գոհ եմ, որ էդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, որովհետեւ նախ Ադրբեջանի ներքին հարցերն ամենեւին էլ իմ օրակարգի հարցերը չեն, եւ երկրորդը՝ դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, եւ ես դրա համար գոհ եմ»։ Բայց այստեղ, Փաշինյանի համոզմամբ, ամբողջ կոնտեքստն այն բանի մեջ է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է՝ ինքն այն ժամանակ չօգտվեց առիթից, մեծահոգաբար հնարավորություն տվեց Հայաստանին, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա։ Իրականում, ՀՀ վարչապետի վստահեցմամբ, հակառակն է։ Այդ ժամանակ Ալիեւի իշխանությունը ոչ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ էլ ուրիշ բաներով, նա մտահոգված էր մի բանով, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի․ «Ե՛ւ այս փաստը, ե՛ւ հետագա փաստերն ի վերջո գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը եւ բռնատիարական համակարգը պահպանելու միջոց, եւ մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»,- եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
15:00 - 28 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան

ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան

Հայաստանի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն է։  Նիստը սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակը, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընթերցեց հայտարարության նախագիծը՝ ընգծելով, որ ներկայացվելիք հայտարարությունը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․ «ՀՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան՝ Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը։ Քաղաքացիական բնակչության՝ ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելլով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին։ Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել․ հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կոմղը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում,  միեւնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը եւ ինքնորոշման կամարտահայտությունը»։
13:35 - 28 սեպտեմբերի, 2020