Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը․ Արսեն Թորոսյան
 |armeniasputnik.am|

«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը․ Արսեն Թորոսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։«Որոշված է, որ նախընտրական շտաբը համակարգելու են չորս հոգի` ես, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը, կարելի է ասել` շտաբի պետը»,- ասաց Թորոսյանը։ Նրա խոսքով` Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20-ից մայիսի 5 ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանից հետո էլ նա լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունն էլ շարունակելու է իր աշխատանքները մինչև նոր կառավարության ձևավորումը։ «Այժմ ընտրությունները լավագույնս բխում են երկրի շահերից, քաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց են»,- շեշտեց նա։ Հարցին` արդյոք Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չե՞ն, Թորոսյանը պատասխանեց` վարչապետը ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ։ «Մեկ տարի նման հանդիպումներ չենք արել` պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով»,- բացատրեց նա։
23:12 - 30 մարտի, 2021
Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար. վարչապետը ծանոթացել է ՏԿԵՆ ծրագրերին

Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար. վարչապետը ծանոթացել է ՏԿԵՆ ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկման մեկնարկին վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է ՏԿԵՆ գործունեությանը՝ նշելով. «Մեր կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի առյուծի բաժինն իրականացվում է հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով, ինչը չափազանց կարևոր ուղղություն է: Որպես կապիտալ ծախսերի հատված ուզում եմ ընդգծել նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվում են համայնքների հետ համագործակցության միջոցով, և պետք է արձանագրել, որ մեր կառավարության պատկերացմամբ՝ սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացումը ապահովելու համար: Այսօր մենք կքննարկենք նաև ենթակառուցվածքների հետ կապված հարցեր, էներգետիկայի, բնական պաշարների ոլորտին վերաբերող արդյունքները, անելիքները, խնդիրները և որոշումներ կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նախարարի խոսքով՝ սուբվենցիաների ոլորտում՝ 2020 թ. իրականացվել է 580 սուբվենցիոն ծրագիր՝ 26.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որտեղ պետբյուջեի մասնաբաժինը կազմել է 14.3 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ 2018-2020 թթ. իրականացվել է 1192 սուբվենցիոն ծրագիր՝ 47.5 մլրդ դրամ արժեքով, որից 25.5 մլրդ դրամը՝ պետբյուջեի հաշվին, 21.5 մլրդ դրամը՝ համայնքների համաֆինանսավորմամբ, 500 մլն դրամը՝ ներդրողների ներգրավմամբ: 1192-ից 368 ծրագրով իրականացվել է 270 կմ ներհամայնքային փողոցների բարեկարգում, 134-ով՝ խմելու ջրագծերի նորոգում, 78-ով՝ ոռոգման համակարգի կառուցում, 161-ով՝ փողոցային լուսավորություն և այլ ծրագրեր: 2021թ. համար ստացվել է 800 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնք վերլուծության փուլում են: Նախարարն արդյունավետ է գնահատել սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ ընդգծելով նաև այն հանգամանքը, որ պետության համաֆինանսավորումը թույլ է տալիս վերահսկողություն ունենալ ծախսի և շինարարության որակի նկատմամբ: Ճանապարհաշինության բնագավառում՝ 2019 թ. իրականացվել է 350 կմ ճանապարհի, 2020 թ.՝ շուրջ 400կմ ճանապարհի հիմնանորոգում և միջին նորոգում, ևս 150 կմ ներհամայնքային ճանապարհն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են՝ պետական բյուջեից մինչև դրամաշնորհներ և վարկային ծրագրեր: 2020 թ. իրականացվել և այժմ ընթացքի մեջ են «Կենսական ճանապարհների բարելավում» և Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ծրագրերը: Եղանակային պայմանների բարելավման պես կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի շուրջ 42-50 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում՝ ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ներդրման շրջանակում մշակվել և քարտեզավորվել են բոլոր երթուղիները: 2021թ. մարտի սկզբին հայտարարվել է Արմավիրի մարզի միասնական երթուղու մրցույթը, որի արդյունքները կամփոփվեն ապրիլի կեսերին: Հաջող արդյունքներ արձանագրելու պարագայում նախատեսվում է նման մրցույթներ անցկացնել նաև մյուս մարզերում՝ տրանսպորտային հաղորդակցության խնդիրները լուծելու նպատակով: Էներգետիկայի ոլորտում՝ այս տարի ավարտին կհասցվի 250 ՄՎտ դրվածքային հզորության ջերմակայանի կառուցումը, կշարունակվեն նաև Մասրիկ-1 55 ՄՎտ դրվածքային հզորության արևային կայանի կառուցման աշխատանքները: 2021թ. փետրվարի 1-ին փորձարկվել է էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայի կառավարման ծրագիրը: Շարունակվել են ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները, ներդրվել է 65 մլն դոլար։ 2021-2023 թթ. նախատեսվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում ներդնել շուրջ 100 մլն դոլար։ Շարունակվել են Իրան–Հայաստան Էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի շինարարական աշխատանքները, ներդրվել է 27 մլն եվրո: Ընդհանուր առմամբ գումարային տեսանկյունից 2019-2020թթ. ընթացքում կատարվել է այնքան աշխատանք, որքան կատարվել էր 2006-2019 թթ.: Վերամեկնարկել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիրը, որի արժեքը 188 մլն եվրո է։ Ավարտվել են Հաղթանակ, Աշնակ ենթակայանների վերակառուցման և Լալվար–Նոյեմբերյան օդային նոր գծի կառուցման աշխատանքները՝ 28 մլն դոլար ներդրմամբ։ Վերակառուցման փուլում են Վանաձոր 1, Չարենցավան, Լիճք, Ագարակ և Շինուհայր ենթակայանները։ Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարն առանձնացրել է Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը, որի շրջանակում 12 կմ երկարությամբ 9 փողոցի և 2 հրապարակի հիմնանորոգումն արդեն ավարտվել է, 2021թ. կհիմնանորոգվի 11 կմ երկարությամբ ևս 23 փողոց: Արդյունքում ակնկալվում է Գյումրիում ունենալ ընդհանուր 25 երկարությամբ հիմնանորոգված փողոցներ, ինչը դրական ազդեցություն կունենա աղետի գոտու կրճատման և Գյումրիում կյանքի աշխուժացման վրա: Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Ս. Պապիկյանն անդրադարձել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին, որի մեկնարկը տրվել է 2020-ին և շարունակվելու է նաև այս տարի: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է ունենալ 37.4 կմ մեխանիկական ոռոգման և 265.9 կմ ներտնտեսային ցանցերի արդիականացում, ինչն էապես կփոխի Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերի ոռոգման համակարգերը: Բացի այս, ընթացքի մեջ է Վեդիի ջրամբարի շինարարությունը, մեկնարկում է նաև Կապսի ջրամբարի կառուցումը: Կարևորվել է նաև «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով իրականացվող դպրոցաշինությունը, որի շրջանակում կառուցվելու/ամրացվելու է առնվազն 46 դպրոց: Ծրագրի սկզբից մինչ այժմ ակտիվ շինարարության փուլ է մտել 19 դպրոց: Ավարտվել է 6-ի շինարարությունը, 2-ի շինարարությունը կավարտվի 2021 թ., իսկ 11-ինը՝ 2022 թ. ընթացքում: Ներկայում նախագծվում է 15 դպրոցական շենք, որից 11-ն ավարտվել է և գտնվում է տարբեր փորձաքննությունների փուլերում: Աղբահանության բնագավառում՝ 2020 թ. դեկտեմբերին մեկնարկել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի շինարարությունը (11 մլն եվրո), որն առաջիկայում եղանակային պայմանների բարելավման պես կշարունակվի: Աղբավայրը շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում: Տեղական ինքնակառավարման ոլորտում՝ համայնքների միավորման գործընթացը շարունակվում է, նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտել 2022 թ.: Ներկայում միավորված համայնքների թիվը 54-ն է, միջազգային գործընկերների հետ համատեղ այդ 54-ում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 2021-2022 թթ.. կհիմնվեն ևս 19-ը։ 2021 թ. հունվարից գործարկվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման միասնական էլեկտրոնային համակարգը: Միգրացիոն քաղաքականության բնագավառում՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվել է 183 ԲԳՎ՝ 2.4 մլրդ դրամ արժեքով: Այս պահին շահառուների կողմից կնքվել է առուվաճառքի 64 պայմանագիր, որոնց հիման վրա կատարվել են համապատասխան փոխանցումները: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի. այն ամբողջությամբ կավարտվի Երևանում, հաջորդիվ՝ նաև մարզերում: Ընդերքօգտագործման ոլորտում՝ 2020 թ. ընդունվել է «Ընդերքի մասին» օրենքը, որն էական կարգավորումներ է բերել ոլորտ, ինչը, նախարարի խոսքով, կարևոր, բայց բավարար չէ, և օրենսդրական բարեփոխումների գործընթացը շարունակական է լինելու: 2018-2021 թթ. ընթացքում ընդերքօգտագործող ընկերությունների կողմից պետբյուջե վճարված ապառքների գումարը կազմել է 857 675 775 դրամ: Որոշ ընկերություններ զրկվել են ընդերքօգտագործման լիցենզիայից՝ իրենց պարտավորություները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Մշակվել է սեփականատերերի հայտարարագրման համակարգը, ներդրվել է պաշարների ընդերքաբանական փորձաքննության կարգը: Հաջորդիվ քննարկում է ծավալվել ՏԿԵՆ գործունեության տիրույթում գտնվող ոլորտներում ընթացիկ խնդիրների լուծման և հետագա անելիքների շուրջ: Այս առնչությամբ ՏԿԵ նախարարի տեղակալները, ՏԿԵՆ ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարները պարզաբանումներ են ներկայացրել վարչապետ Փաշինյանին, հանդես եկել ոլորտային գործընթացների բարելավումների վերաբերյալ առաջարկներով: Վարչապետն ընդգծել է, որ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտային ճյուղերում ստանդարտների բարձրացման, բարելավման խնդիր է պետք դնել և հետևողական առաջ շարժվել այդ ճանապարհով: Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինության ոլորտում առկա բոլոր ծրագրերի ներդաշնակեցումը թե՛ շինարարական աշխատանքների, թե ֆինանսավորման մեխանիզմների առումով, որպեսզի գործընթացն իրականացվի ամբողջական և փոխլրացված կերպով: Հանքարդյունաբերության առնչությամբ՝ վարչապետն առաջնահերթություն է համարել այս հանրային ռեսուրսի պատասխանատու օգտագործման ապահովումը և այդ ուղղությամբ առկա համակարգի շարունակական բարելավումը: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության համար սա կարևոր առաջնահերթություն է, և այդ նպատակին պետք է ծառայեն տարբեր աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցները՝ պետական, համայնքային, վարկային, մասնավոր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակել քննարկումը՝ անդրադառնալով նաև ավիացիայի, միգրացիայի և մյուս ոլորտներին:
20:20 - 26 մարտի, 2021
Սուրեն Պապիկյանն այցելել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր, ծանոթացել ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքներին

Սուրեն Պապիկյանն այցելել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր, ծանոթացել ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքներին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՏԿԵՆ ՀՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի և ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի մարզ և Արմավիրի մարզեր, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Այցի նպատակն էր ծանոթանալ  մայր և երկրորդային ջրանցքների նորոգման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականցվում են ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակում։ Արագածոտնի մարզում նախարարը շրջել է Աշտարակի մայր առվի, Օշականի մայր ջրանցքի, Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, Ուջան 1 ակվեդուկի՝ կամուրջ–ջրատարի, Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, Ուջան 2 ակվեդուկի՝ կամուրջ–ջրատարի շինհրապարակներում։ Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ վերակառուցման աշխատանքներն  ակտիվ ընթացքի մեջ են։ Ծրագրի հաջող ավարտից հետո Արագածոտնի մարզում էականորեն կավելանան ոռոգվող հողատարածքները, ինչը մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Նախարարի խոսքով ,մասնավորապես,  Օշականի մայր ջրանցքի շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 200 հա հողատարածք, որոնք չեն ոռոգվել ավելի քան 20 տարի։ Արմավիրի մարզում մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանն այցելել է Ստորին Հրազդան ջրանցքի, Թալինի մայր ջրանցքի բաժանարարի և Թալինի մայր ջրանցքի վերակառուցման շինհրապարակներ։ Պատասխանատուները նախարարին տեղեկացրին, որ Արմավիրի մարզում ևս ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, ոռոգվող հողատարածքների ավելացմանը զուգահեռ` մարզում ստեղծվում է ներդրումային ակտիվ միջավայր, ինչը հատկապես կարևորվում է գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։ Շրջայցի ընթացքում նախարարը պատասխանատուների հետ խոսել է շինարարության  ընթացքի մասին, տվել մի շարք հանձնարարականներ։ Նախարարին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների մեծ մասը իրականացվել է ընթացիկ տարում և նախքան ոռոգման շրջանի մեկնարկը հնարավոր կլինի ավարտին հասցնել վերոնշյալ ենթակառույցների վերանորոգման աշխատանքները։  Նախարար Պապիկյանն իր գոհունակությունն է հայտնել շինարարության ընթացիկ տեմպից և նշել․ «Սա մեր շինարարական աշխատանքների և, մասնավորապես, ջրային ոլորտին վերաբերող աշխատանքների մի փոքրիկ մասն է։ Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում  մենք ցույց կտանք մեր ամբողջական աշխատանքը։ Պետք է նշեմ, որ  այս տարի ջրային ցանցի արդիականացման ուղղությամբ աննախադեպ քանակի աշխատանք պետք է կատարենք, այն կազմում է շուրջ 14 մլրդ դրամ»։ Պապիկյանը հետաքրքրվել է համայնքներում ներտնտեսային ցանցերի վիճակից, հորդորել դիտարկել և հնարավորության դեպքում ավելացնել սուբվենցիոն փաթեթներով ներհամայնքային ջրամատակարարման ենթակառույցները բարեկարգելու ծրագրերը։ Ի թիվս պատասխանատուներին տրված հանձնարարականների՝ նախարարը խիստ անհրաժեշտ է համարել  նաև համայնքի բնակչության հետ ամենօրյա աշխատանքը,   որպեսզի նորակառույց ջրամբարներում և ջրանցքներում բացառվեն աղբի կուտակումները։ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է: 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Ծրագրի հաջող ավարտից հետո ակնկալվում է, որ Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
20:20 - 23 մարտի, 2021
Շինարարների փողոցում 18 հարկանի 2 շենք կկառուցվի․ վթարային շենքի բնակիչները կվերաբնակեցվեն |hetq.am|

Շինարարների փողոցում 18 հարկանի 2 շենք կկառուցվի․ վթարային շենքի բնակիչները կվերաբնակեցվեն |hetq.am|

hetq.am: Կառավարությունը մարտի 11-ի նիստում հավանություն տվեց «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող 0.020193 հա մակերեսով հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին։ Ընկերության իրականացնելիք ծրագրի արդյունքում կլուծվի 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների 23 հասցեի բնակիչների վերաբնակեցման հարցը, ինչպես նաև կբարեկարգվի և կկանաչապատվի 750 քմ մակերեսով տարածք:   Ծարգրով առաջարկվում է 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող շենքի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով: Առաջին փուլում ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Շինարարների փողոցի 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել մոտ 2000 ք/մ մակերեսով բնակելի տարածք՝ Շինարարների փողոցի 23 հասցեում բնակվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով: «Այս փուլում նախատեսվում է կառուցել 11556 ք/մ ընդհանուր մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք, որն ունենալու է 94 բնակարան և 22 ստորգետնյա ավտոկայանատեղի»,- հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Ըստ Սուրեն Պապիկյանի՝ երկրորդ փուլում կապամոնտաժվի Շինարարների փողոցի 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքը, տեղում կկառուցվի 16408 քմ մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք: Նոր կառուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ, և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն էլ հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Հանրապետությունում առկա են 600-ից ավելի 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքեր, որից մոտ 95-ը 4-րդ կարգի է։ Դրանց զգալի մասը գտնվում է Երևանում, Շիրակում և Լոռիում։
14:14 - 11 մարտի, 2021
Սուրեն Պապիկյանը տեսակապով հանդիպում է ունեցել KfW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հետ

Սուրեն Պապիկյանը տեսակապով հանդիպում է ունեցել KfW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ:Զրուցակիցները քննարկել են Գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ընթացքը: Ծրագրի շրջանակում ներկայումս աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկական փորձաքննության և մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ։ «Կապսի ջրամբարի կառուցումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող կենսական ծրագրերից է , որն ունի բնապահպանական, տնտեսական, սոցիալական համալիր ազդեցություն: ՀՀ շահերից է բխում, որ ջրամբարի կառուցման ծրագիրը փոխադրվի ակտիվ շինարարական աշխատանքների փուլ։ Հարկ եմ համարում ընդգծել, որ մենք կենտրոնացրել ենք առկա թիմային և մասնագիտական ողջ ներուժն այն կյանքի կոչելու նպատակով»,- նշել է Սուրեն Պապիկյանը: Նախարարի խոսքով՝ Կապսի ջրամբարի կառուցումը կարևորվում է նաև տարածաշրջանի ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու, տեղի բնակչության կենսամակարդակի բարելավման, գյուղատնտեսական արդյունավետության և պարենային ապահովման տեսանկյունից:  Նախարարը հավելել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է՝ լուծելու նախորդ տարիներին կուտակված խնդիրները և հաղթահարելու ծրագրում ի հայտ եկող այն խոչընդոտները, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմական դժվարություններով։ Օլաֆ Զիմելկան նույնպես վերահաստատել է բանկի պատրաստակամությունը շարունակելու ջրամբարի կառուցման ծրագիրը և վստահություն հայտնել, որ գերատեսչության և բանկի միջև ստեղծված գործընկերային միջավայրը թույլ կտա առաջիկայում լուծել ֆինանսական և շինարարական աշխատանքների ժամկետներին առնչվող խնդիրները :  Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի շարունակականությունն ապահովելու և առկա խոչընդոտները կարգավորելու ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում գործողությունների հետագա պլանը հստակեցնելու և աշխատանքներին ինտենսիվություն հաղորդելու նպատակով կստեղծվի ղեկավար կոմիտե, որը հայկական կողմից կղեկավարի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
19:12 - 04 մարտի, 2021
ՏԿԵ նախարարությունը հերքում է Սուրեն Պապիկյանի ընտանիքի վերաբերյալ սուտ տեղեկությունները

ՏԿԵ նախարարությունը հերքում է Սուրեն Պապիկյանի ընտանիքի վերաբերյալ սուտ տեղեկությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն, իբրև թե՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայրը պարտքի դիմաց ստիպում է մարդկանց մասնակցել հանրահավաքին, ինչն անհեթեթ հերյուրանք է և արատավորում է մարդու ընտանիքի անդամի արժանապատվությունն ու բարի համբավը: Բարոյականության սահմաններն են հատում նաև բոլոր այն լրատվամիջոցները, որոնք առանց պարզաբանման պահանջի արտատպում են հակահայկական, հակապետական անհայտ ալիքի փաստազուրկ ինֆորմացիան՝ զրպարտելով ու վիրավորանք հասցնելով ոչ միայն նախարար Պապիկյանին, այլև նրա ընտանիքի անդամներին»: Նախարարությունից հորդորում են զերծ մնալ անհայտ աղբյուրի ապատեղեկատվությունը տարածելուց, «այլապես ստիպված կլինենք բարոյական վնասի փոխհատուցման պահանջով խոսել դատարանում»:
13:15 - 01 մարտի, 2021
Վ․ Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Պապիկյան

Վ․ Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Երևանի Վ․ Պետրոսյանի անվան 51-րդ դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքը վերականգնվում և ամրացվում է առաջին անգամ դպրոցների սեյսմանվտանգության բարելավման ծրագրով։   «Այսօր այցելել եմ սեյսմանվտանգության ծրագրով վերակառուցվող դպրոցներ՝ տեղում հետևելու շինարարության ընթացքին։ Դպրոցի երկու մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է 583 միլիոն դրամ։   Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մինչև 9 բալ երկրաշարժի նկատմամբ դիմակայուն դպրոց։ Բացի շենքի ամրացումից ապահովվել է նաև հարմարավետությունը, առանձնացվել են մասնագիտացված դասասենյակներ, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:      
19:47 - 19 փետրվարի, 2021
Ոռոգման համակարգերի արդիականացմամբ կբարձրացվի ոռոգման և ջրօգտագործման արդյունավետությունը

Ոռոգման համակարգերի արդիականացմամբ կբարձրացվի ոռոգման և ջրօգտագործման արդյունավետությունը

Ոռոգման համակարգերի արդիականացմամբ կբարձրացվի ոռոգման և ջրօգտագործման արդյունավետությունը Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում՝ տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրի ազդեցությունը՝ • ջրանցքների վերականգնում. • ոռոգելի հողատարածքների ավելացում. • էլեկտրաէներգիայի խնայում և շահագործման ծախսերի կրճատում. • ներտնտեսային ոռոգման ցանցերի վթարային հատվածների վերանորոգում»,- տեղեկացրել է նախարար Պապիկյանը։        
19:08 - 18 փետրվարի, 2021
Մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, մինչև հիմա արված չի. վարչապետ
 |1lurer.am|

Մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, մինչև հիմա արված չի. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցման աշխատանքները, մասնավորապես՝ անշարժ գույքի ձեռքբերման ու օտարման հարցերը լուծվա՞ծ են, թե՞ ոչ: «Ներքին Կարմիրաղբյուրում որոշակի խնդիրներ առաջացան գույքի գրանցման հետ, և մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որ կարողանանք աշխատանքները սկսել: Սեփականատերերի հետ կապված դատական պրոցեսներ են, ժառանգության ճանաչման խնդիրներ կան»,- նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Ի վերջո, լուծվելո՞ւ է այդ հարցը, թե՞ չէ՝ հարցրեց վարչապետը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էլ պարզաբանեց, թե հարցն իրենց իրավասության շրջանակում չէ: Մարզն ու համայնքը պետք է լուծեին այդ հարցերը:  «Բայց գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունը ձեռք ենք բերել, պարզվում է՝ մինչև հիմա արված չի: Օգոստոս-սեպտեմբերն է եղել, գնացել նայել ենք, ասել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է մինչև հիմա գրանցման հարց կա՞»,- նշեց վարչապետ Փաշինյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կպարզի ու կզեկուցի, թե ինչ խնդիր է առաջացել:  
12:03 - 18 փետրվարի, 2021
Սուրեն Պապիկյանը կարևորել է տեղահանված քաղաքացիների խնդիրները. հանդիպում Շոմբի Շարփի հետ

Սուրեն Պապիկյանը կարևորել է տեղահանված քաղաքացիների խնդիրները. հանդիպում Շոմբի Շարփի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։   Նախարարը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության հետ համագործակցության օրակարգի ընդլայնումը հատկապես հետպատերազմյան շրջանում և հույս հայտնել, որ գրասենյակի գործուն աջակցությամբ հնարավոր կլինի մեղմել համավարակի և պատերազմի հետևանքները Հայաստանի մարզերում։   Շոմբի Շարփն իր հերթին վստահեցրել է Հայաստանին տարբեր ուղղություններով աջակցելու պատրաստակամության մասին և ընդգծել, որ նախարարությունը մեծ դերակատարություն է ունեցել COVID-19-ի և պատերազմի հետևանքների մեղմման համատեղ աշխատանքներում:   ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ վերոնշյալ խնդիրների լուծմանն աջակցելու հարցերը գտնվում են ՄԱԿ-ի ուշադրության ներքո և այս առումով պատրաստ են համագործակցությունն ուղղել Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններով։ Շոմբի Շարփը մանրամասնել է «2021-2025թթ․ համար Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթի շրջանակում նախանշված առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդկանց բարօրության ամրապնդման և կարողությունների զարգացման, կանաչ և հարատևելի տնտեսական աճի, պատասխանատու և արդյունավետ պետական կառավարման ուղղությամբ գերակա նպատակները։   Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ–ի աջակցությամբ Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում իրականացված բարեփոխումները և հույս հայտնել, որ համատեղ ծրագրերը առաջիկայում հասանելի կլինեն Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։   Նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության համար առաջնահերթ է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանված և սահմանային մարզերում ապաստանած քաղաքացիների համար բնակապահովման, աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման և կենսապահովմանն ուղղված այլ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով յուրաքանյուր աջակցության հասցեականության ու երկարաժամկետության կարևորությունը։   Այս համատեքստում զրուցակիցները անդրադարձել են ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակի ուղղություններին, ինչպես նաև դրա համապատասխանեցման հնարավորություններին երկրի ռազմավարական խնդիրների լուծմանը։
19:04 - 12 փետրվարի, 2021
«Արմենիա Վայն»-ը Երևանում տարածք ստացավ ՏՏ կենտրոնի կառուցման համար․ ընկերությունը խոստացել է 1 միլիարդ դրամի ներդրում և 5000 աշխատատեղի ստեղծում |tert.am|

«Արմենիա Վայն»-ը Երևանում տարածք ստացավ ՏՏ կենտրոնի կառուցման համար․ ընկերությունը խոստացել է 1 միլիարդ դրամի ներդրում և 5000 աշխատատեղի ստեղծում |tert.am|

tert.am: «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն Երևանում տարածք ստացավ 1 միլիարդ դրամի ներդրման և 5000 աշխատատեղ ստեղծելու խոստման դիմաց: Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն Իսակովի 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է բարձրահարկ  նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, որի իրականացման նպատակով նախնական գնահատականներով կներդրվի 40 մլն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ։ «Ընկերությունը խնդրել է հարևանությամբ գտնվող Երևանի Իսակով պողոտայի 13 հասցեից Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի տարածքում առկա 9053 քմ մակերեսով հողատարածքի և կիսաքանդ կաթսայատունը ևս օտարել ընկերությանը՝ ծրագրի ընդլայնման համար»,-ասաց Պապիկյանը՝ նշելով, որ նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջնիս պատկանող մարզադաշտից։
11:34 - 11 փետրվարի, 2021
Կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին ի պատասխան |tert.am|

Կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին ի պատասխան |tert.am|

tert.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ամուլսարի վերաբերյալ։«Որպես քաղաքացի՝ կո՞ղմ եք հանքի շահագործմանը, և որպես երկրի վարչապետ՝ ի՞նչ որոշումներ եք կայացնելու, Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ»,- դիմելով Փաշինյանին՝ հարցրեց պատգամավորը։ Հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, թե որոշումը շատ պարզ ու հստակ է՝ ստեղծել հնարավորություններ, որ երկրում լինեն հավելյալ ներդրումներ։«Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հանքարդյունաբերությանը, և կարող է վերաբերել տարբեր հանքերի։ Մենք պետք է ուսումնասիրենք առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և ընդունենք որոշումներ։ Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ուրեմն՝ այդ որոշումները կունենան նաև Ամուլսարի մասով շահագործում իրականացնելու հետևանքներ»,-ասաց նա։Պատգամավորն արձագանքեց, թե կարծում է՝ կկայացվի այնպիսի որոշում, որ բնության հաշվին տարբեր մարդկանց գրպաններ և տնտեսություն գումարներ չեն գնա, կգերակայի նաև բնության պահպանման խնդիրը։ Ի պատասխան՝ Պապիկյանն արձագանքեց․ «Ինչպես նախկինում նշել ենք, կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից»,-ասաց Պապիկյանը։
18:16 - 10 փետրվարի, 2021
Պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել հայ–շվեդական համագործակցությունը. ՏԿԵ նախարարն ընդունել է Պատրիկ Սվենսոնին

Պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել հայ–շվեդական համագործակցությունը. ՏԿԵ նախարարն ընդունել է Պատրիկ Սվենսոնին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրա պաշտոնավարման ընթացում։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: «Մենք պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել տարբեր ոլորտներում հայ–շվեդական համագործակցությունը։ Մեր գերատեսչության համակարգման ներքո գտնվող բազմապրոֆիլ ուղղությունները փոխգործակցության նոր եզրեր ու հնարավորություններ կարող են նախանշել հայ–շվեդական գործընկերային հարաբերությունների օրակարգում», – նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարի խոսքով հայ–շվեդական փոխգործակցության հաջողված փորձը հատկապես դրսևորվել է քաղաքացիական ավիացիայի, միգրացիոն ծառայության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության  բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակման աշխատանքներում։ Պապիկյանը բարձր է գնահատել նաև ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն նախադեպային կլինի նաև երկու երկների այլ վարչատարածքային միավորների համար։ Դեսպան Սվենսոնը վերահաստատել է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի նախարարության հետ առկա գործընկերային հարաբերությունների խորացմանը։Կարևորելով ընթացիկ ծրագրերի շարունակականությունը՝ դեսպանը հաղորդել է, որ  շվեդական կողմը հետաքրքրված է նաև տեղական ժողովրդավարության ամրապնդման և վարչատարածքային բարեփոխումների շրջանակում փորձի փոխանակմամբ։ Նախարար Պապիկյանը հայտնել է, որ համայնքների միավորման գործընթացին մեծապես մասնակցություն են ունեցել եվրոպական մի շարք գործընկեր կառույցներ։ Այդ համատեքստում նախարարը ողջունելի է և հեռանկարային է համարել ՀՀ վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու շվեդական կողմի հետաքրքրվածությունը և մանրամասներ հաղորդել համայնքերի միավորման՝ աշնանը սպասվող ծրագրերի մասին։
19:51 - 09 փետրվարի, 2021
Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահ Գարիկ Սարգսյանին։   Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախագահ Նարեկ Բաբայանին՝ դժվարին փուլում պետական կառավարման այս կարևոր օղակում զգալի դերակատարում ունենալու համար և հաջողություն մաղթել նրան հետագա իր գործունեության ընթացքում։   Նախարարի գնահատմամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել համակարգը բարեփոխելու ուղղությամբ, և առաջիկայում ևս անելիքները շատ են այդ բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, հատկապես քաղաքացիների համար ոլորտի թափանցիկությունն ու գույքի հասանելիության մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։   Շնորհավորելով Գարիկ Սարգսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ վերջինս աշխատակազմի հետ համատեղ, կկարողանա նախկինում արված դրական փոփոխությունների հիման վրա նոր մոտեցումներով ոլորտի կառավարման նոր սկիզբ դնել։   Կոմիտեի նորանշանակ նախագահը, շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը վստահության համար, հավաստիացրել, որ աշխատակազմի հետ համատեղ աշխատանքով արվելու է առավելագույնը՝ նախանշված նպատակներին հասնելու համար։
18:28 - 02 փետրվարի, 2021
ՏԿԵ նախարարը և ԶՖԳ փոխտնօրենը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հարցեր

ՏԿԵ նախարարը և ԶՖԳ փոխտնօրենը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 27-ին ընդունել է  Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի և ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև հաստատված գործընկերության բարձր մակարդակը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և Զարգացման ֆրանսիական գործակալությանը մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումների համար։ Մեր գործընկերության արդյունավետության մասին են վկայում Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքում վերջերս արձանագրված հաջողությունները»,–ընդգծել  է նախարար Պապիկյանը։ Զրուցակիցները քննարկել են փոխգործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող հարցեր։ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նախարարության մի շարք առաջնահերթ ծրագրերին և կարևորել գործընկերների հնարավոր աջակցությունը ճանապարհաշինության, ջրամբարաշինության,  համայնքներում ոռոգման համակարգի արդիականացման, վարչատարածքային բարեփոխումների շրջանակում համայնքների կարողությունների զարգացման և այլ հարցերում։ Բերտրան Վալկենարը նույնպես ընդգծել է Վեդիի  ջրամբարի շինարարության կարևորությունը ֆրանսիական կողմի համար և այն բնութագրել որպես խորհրդանշական ծրագիր հայ–ֆրանսիական պատմական կապերի վրա հիմնված գործընկերության մեջ։ Իր խոսքում Բերտրան Վալկենարը մանրամասնել է  ԶՖԳ ներդրումային գերակա ուղղությունները և վերահաստատել ֆրանսիական կողմի պատրաստակամությունը  շարունակել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
18:50 - 27 հունվարի, 2021
Իր հրաժարականի մասին կխոսի Տիգրան Պետրոսյանն անձամբ. Սուրեն Պապիկյան |armtimes.com|

Իր հրաժարականի մասին կխոսի Տիգրան Պետրոսյանն անձամբ. Սուրեն Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: Ճի՞շտ են արդյոք տեղեկությունենրը, թե ում առաջարկել եք դառնալ Շիրակի մարզպետ՝ հրաժարվել են: Գյումրիում այսօր իրեն ուղղված հարցին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ ոչ:  Եղել է մեկ առաջարկ, արվել է Հովհաննես Հարությունյանին, նա էլ համաձայնվել է: Ըստ Պապիկյանի՝ իրականությանը չեն համապատասխանում նաև տեղեկությունները, համաձայն որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած համայնքապետերի հետ ինքն ունեցել է փակ հանդիպում: Բոլոր հանդիպումները եղել են բաց, ասելիքը՝ հրապարակային: «Ընդ որում, դրանք եղել են մարզպետների նշանակման կապակցությամբ, այլ առիթով համայնքապետերի հետ չեմ հանդիպել, այլ կոչ քան հրապարակայինները, չեմ հնչեցրել: Բնականաբար, յուրաքանչյուր մարմնի, յուրաքանչյուր ինստիտուտի վերապահված են լիազորություններ, և իրավասություններ, և բնականաբար նրանց գործողությունները պետք է ելնեն այդ իրավասություններից: Իմ խոսքը կառուցված է եղել միայն ՀՀ Սահմանադրության և օրենքների վրա»,-ասաց Պապիկյանը: Լրագրողի հարցին՝ ընկել են արդյո՞ք այս համայնքապետերը սև ցուցակ, Պապիկյանն ասաց, չունեն նման ցուցակ հանրությունն է որոշողը, թե որ համայնքապետը որ ցուցակում կհայտնվի, և հանրությանն այդ հնարավորությունը կընձեռվի: «Սա վերաբերում է նաև ԱԺ-ին, բոլորիս: Որոշողը ՀՀ քաղաքացին է: Այդ կարևոր սկզբունքը որևէ մեկը չի կարող խախտել և թույլ էլ չենք տա, որ խախտի»: 2.5 տարում 3 մարզպետի փոփոխությունը Շիրակի մարզում: Պապիկյանն ասաց, խնդիր չի տեսնում: Փոփոխությունները պայմանավորված են տարբեր հանգամանքներով: «Մի դեպքում մեր գործընկերը տեղափոխվել է ԱԺ: Հիմա բնական է, փոփոխություն է թիմում, բայց պետք չի կարծել, որ մարզը տուժելու է: Անձերով ոչինչ չպայմանավորենք, մենք խնդիր ունենք ինստիտուտների ձևավորման և յուրաքանչյուր մարզպետի խնդիրն է իր հետևից թողնել կայուն համակարգ, կայացած թիմ, որը կկարողանա լուծել մարզի առաջ ծառացած խնդիրները»,-ասաց նախարարը: Ինչո՞ւ զբաղեցրած պաշտոնից հրաժարվեց Տիգրան Պետրոսյանը: Պապիկյանն ասաց չի կարող պատասխանել հարցին: Քանի որ Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոստացել է ասուլիս, կթողնեն, որ հենց նա էլ այդ հարցին պատասխանի: «Բայց կարող եմ ասել, որ նրա հետ բավական ջերմ աշխատանքային հարաբերություններ ենք ունեցել, և ունենք, նաև բարեկամական, ընկերական, այլ մեկնաբանություններ չունեմ»: Ինչ վերաբերում է մարզպետարանների վերակառուցմանը, ապա ըստ Պապիկյանի, փաթեթը պատրաստ էր, դեռևս 2020 թվականի գարնանից, սակայն համավարակի, հետո արդեն պատերազմի պատճառով, չիրականացվեց: «Այդ փոփոխությունը նշանակում է նաև կրճատումներ: Ես ինքս ճիշտ չեմ համարում հիմա գնալ այդ քայլին: Որ գնալու ենք այդ քայլին, միանշանակ է, բայց ժամանակը պիտի պատեհ լինի: Հիմա պատեհ չէ»,-տեղեկացրեց Պապիկյանը: Պատրաստվո՞ւմ է արդյոք «Իմ քայլ»-ը արտարհերթ ընտրությունների: Պապիկյանն ասաց հայտարարել են, որ պատրաստվում են քննարկել այդ օրակարգը: «Եղել են արձագանքողներ, եղել են նաև մերժողներ: Հիմա բաց է օրակարգը: Համենան՝ քննարկենք»: 2021 թվականին կշարունակվի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը: Նախարարն ասաց տեսակապով հանդիպել է չին գործընկերների հետ, նրանք տեղում են, մնում է եղանակը թույլ տա, որ աշխատանքը սկսեն: Շիրակի մարզում և Գյումրիում կիսատ մնացած աշխատանքերը շարունակելուն զուգահեռ կմեկնարկեն նորերը: Գյումրու պատմական միջուկի կարևոր փողոցներից մեկն է այս տարի վերականգնվելու: Աշխատանքներ են նախատեսվում Սլաբոտկա թաղամասում: Սա նաև կարևոր ձեռնարկ է զբոսաշրջության տեսանկյունից: Միայն Գյումրիում 21 փողոցի շինաշխատանք կմեկնարկի: Այս տարի ավարտին կհասնի նաև Գյումրու վերջին տնակային մանկապարտեզի շինարարությունը: Քաղաքն այլևս նման պայմաններում գործող մանկապարտեզ չի ունենա: 2020-ին Շիրակի մարզում 2.8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել: Միջհամայնքային և գյուղական ճանապարհներ են նորոգվել: Հանրապետությունում նախորդ տարի 150 կմ  ներհամայնքային  ճանապարհ է կառուցվել, գյուղամիջյան և քաղաքային ճանապարհի մասին է խոսքը: Դրանց զգալի մասը բաժին են հասել հենց Շիրակի մարզին: «Նախկինում 80-ից 100 կմ ճանապարհ են կառուցել ամբողջ հանրապետությունում»,-ասաց Պապիկյանը: Անիին սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղի ծրագիրը ևս ավարտված է: Հայ-թուրքական սահմանում գտնվող նախկին Խարկով, ներկայիս Նորշեն մտնելու համար շատ շուտով այլեւս անցաթուղթ պետք չի լինի: Ըստ Պապիկյանի, պատկան մարմինների համաձայնությունը կա, մնում է ֆինանսական հատկացումը:  «Կաշխատենք այդ ուղղությամբ»,-ասաց նախարարը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:55 - 26 հունվարի, 2021